Աշոտ Սիրունյան

(0 votes)

Բժիշկը վստահ է՝ ՀՀ-ին բազմազավակ ընտանիքներ են պետք

 

Կանանց խնդիրների մասին իրենցից էլ լավ գիտեն երևի թե միայն գինեկոլոգները: Հենց նրանք են, որ քաջատեղյակ են թե՛ դեռահաս աղջնակի, թե հասուն կնոջ խնդիրներին, իսկ երբ խոսքը հղիության մասին է, ապա այս դեպքում վստահելի գինեկոլոգն ուղղակի, կարելի է ասել, ընտանիքի բարեկամն է:

Հղիության ընթացքում, բնականաբար, գերխնդիր է այն ճիշտ ու գրագետ վարելը, իսկ այդ հարցում կնոջը հսկող բժիշկը պարզապես անփոխարինելի է. շատ դեպքերում նրա աշխատանքից կախված է նույնիսկ կնոջ տրամադրությունը, իսկ այն նման կարևոր շրջանում, անշուշտ, երկրորդական չէ:

Աշոտ Սիրունյան՝ այս անունն արդեն տարիներ շարունակ ծանոթ ու հարազատ է բազմաթիվ կանանց, որոնց բերկրանքն ու երջանկությունն ապահովվել են բժիշկ Սիրունյանի հոգատարության, ճշտապահության և աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ:

 http://bestgroup.am այս անգամ զրուցել է հենց նրա՝ իր գործի իսկական գիտակ, անգամ մանրուքներում բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորող բժշկի՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանի հետ:

-Պարոն Սիրունյան, այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ սեռավարակներին: Ինչպե՞ս են դրանք ազդում հղիության վրա:

-Մի քիչ ավելի լայն մոտենանք այս հարցին. կա սեռավարակների մի շարք, ինչպես, օրինակ, տրիխոմոնադան, գոնորեան, որոնք այնքան էլ հաճախ չեն հանդիպում, գոնորեան ավելի քիչ է հանդիպում, քան տրիխոմոնադան: Կա նաև սիֆիլիս ինֆեկցիան, բայց, անկեղծ ասած, վաղուցվանից չեմ հանդիպել: Դրանք, ինչպես բոլոր վարակները, կարող են փոխել հեշտոցի միջավայրը և ներարգանդային ինֆեկցիայի համար առաջացնել նպաստավոր պայմաններ, ինչի հետևանքով կարող են առաջանալ երեխայի զարգացման խնդիրներ, չափերի, ջրերի քանակի փոփոխություններ և այլն: Դրանք, որպես բորբոքային պրոցեսներ, կարող են բերել անգամ վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաև՝ վիժման:

Այդ ինֆեկցաների հետ մեկտեղ կան պայմանական ինֆեկցիաներ, որոնք ապրում են սեռական ուղիներում և, տարբեր պատճառներով միջավայրը փոխվելու ժամանակ, կարող են գլուխ բարձրացնել, օրինակ՝ գարդներելան, ուրեապլազման, միկոպլազման և այլ ինֆեկցիաներ: Դրանք իրենց հերթին կարող են բերել վերոնշյալ խնդիրներին:

Խոսքը ավելի հաճախ հանդիպող վարակների մասին է, որոնք ստանդարտով հետազոտվում են, սակայն անպայման չէ, որ լինեն սեռավարակներ: Այդպիսին է, օրինակ, ցիտոմեգալովիրուսը: Եվ շատ հաճախ գալիս են կանայք, որոնք ցանկանում են բուժել պապիլոմա վիրուսը:

Եթե նշածս նախորդ վիրուսները բուժման կարիք ունեն, ապա, օրինակ, ցիտոմեգալովիրուսը բուժման կարիք չունի, ուղղակի պետք է պատշաճ ձևով ստուգել, հետազոտություններ անցկացնել՝ պարզելու համար՝ այն կա՞, թե՞ ոչ: Նույնիսկ առկայության դեպքում բուժել հնարավոր չէ, դա այն վիրուսն է, որը դիմադրողականության բարձր շեմին դառնում է քրոնիկ:

-Իսկ պապիոմա վիրու՞սը:

-Ինչ վերաբերում է պապիլոմա վիրուսին, այն ոչ մի ազդեցություն պտղի վրա չի թողնում, անպտղության պատճառ չի հանդիսանում, և միակ վտանգն այն է, որ եթե պապիլոմա վիրուսն առկա է ծննդաբերության ժամանակ, ցանկալի չէ, որ պտուղը մոր ուղիներով դուրս գա, ուստի կեսարյան հատում են անում, որովհետև երեխայի մոտ դիմադրողականություն չկա, պապիլոմա վիրուսն անմիջապես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

-Իսկ կնո՞ջ համար ինչով է վտանգավոր պապիլոմա վիրուսը:

-Պապիլոմա վիրուսը վտանգավոր է նրանով, որ կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ, պետք է ուղղակի հաճախ հետազոտվել՝ տեսնելու համար, թե ինչ վիճակ է:

-Նշված մյուս վարակները կարո՞ղ են անպտղության հանգեցնել:

Վերը նշված վարակներն ավելի շատ կրելախախտ են առաջացնում, քան անպտղություն, հղիությունը չի շարունակվում, ինչ-որ էտապում կարող է ընդհատվել:

-Իսկ լինու՞մ է անպտղություն՝ անհայտ պատճառներով:

Միանշանակ. լինում է անբացատրելի պատճառներով անպտղություն, որը միջազգային տվյալներով բավականին մեծ տոկոս է կազմում՝ 17-18 տոկոս, սակայն անպտղությունը կարող է արտահայտված լինել նաև, օրինակ, կնոջ օրգանիզմի, այսպես ասած, սխալ դասավորմամբ:

-Պարոն Սիրունյան, անդրադառնանք կորոնավիրուսին՝ հղիության ժամանակ:

-Ցանկացած վիրուս, իսկ կորոնավիրուսը՝ հատկապես, կարող է առաջացնել խնդիրներ՝ կապված հղիության հետ՝ ընդհուպ մինչև ներարգանդային պտղի մահ: Հղիության դեպքում ամենավտանգավոր գործոնն այն է, որ կորոնավիրուսը կարող է բարձրացնել արյան մակարդելիությունը. եթե բարձրացավ, կարող է լինել ցանկացած խնդիր՝ թրոմբոզներ և այլն… Վտանգավոր վիրուս է…

Հետկորոնավիրուսային շրջանում հղիների մոտ շատ անգամ պտղի աճի հապաղում է նկատվում, ջրերի քանակն է քիչ լինում, բայց սա անպայման չէ, մեծ մասը նորմալ է անցկացնում հղիությունը:

-Նշված երեք վարակները՝ միկոպլազմա, գարդներելա, ուրեապլազմա, բուժման առումով միմյանցից շա՞տ են տարբերվում, նաև հղիության վրա իրենց ազդեցությամբ որքանո՞վ են տարբեր:

-Ազդեցությունը նույնն է, բուժումն էլ գրեթե նույնն է:

-Իսկ ոչ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների մասին ի՞նչ կասեք:

-Դրանք տարբեր են, սեռավարակները փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ պայմանական միկրոֆլորայի խախտումը անպայման չէ, որ փոխանցվի սեռական ճանապարհով: Դրան կարող է հանգեցնել նույն կորոնավիրուսը. երբ դիմադրողականությունն ընկնում է, կարող են գլուխ բարձրացնել և՛ սունկը, և՛ գարդներելան, և՛ ուրեապլազման:

-Բժի՛շկ, իսկ ճի՞շտ է, որ հանրային լողավազաններից օգտվելիս այդպիսի վարակներ կարող են անցնել, թե՞ դա պարզապես մարդկանց շրջանում տարածված հերթական առասպելն է:

-Չեմ կարծում, ճիշտ է՝ ժողովուրդը խոսում է, բայց չկա այդպիսի բան, սակայն եթե ջուրը ֆիլտրացիա չի անցնում, ոչ միայն սեռավարակներ, այլև ուրիշ վարակներ կարող են անցնել:

-Քանի որ անդրադարձանք այսպես կոչված առասպելներին, հերքեք կամ հաստատեք, խնդրում եմ, թե ճի՞շտ է արդյոք, որ կեսարյան հատման ժամանակ մեջքից սրսկումը վտանգավոր է, հետագայում ցավեր է առաջացնում և այլն:

-Բացարձակ վտանգավոր չէ, պատկերացրեք՝ միայն մեր ծննդատանը տարեկան կեսարյանների քանակը հազարից ավելի է, դա նշանակում է, որ մենք տասնյակ տարիներ հաշմանդամնե՞ր ենք այստեղից թողնում. դա աբսուրդ է:

Բազմաթիվ կանայք բողոքում են մեջքի ցավերից, դա կապում են սրսկման հետ, որովհետև սրսկումը կատարվում է գոտկամասում, բայց կանայք մոռանում են, որ անմիջապես ծննդաբերելուց կամ կեսարյանից հետո իրենք սկսում են գրկել բալիկին, ինչու չէ՝ 1-2-3 բալիկի, ու ամբողջ օրը երեխան ձեռքի վրա է, դիրքային խնդիրներ են առաջանում, ողնաշարի խնդիրներ են առաջանում, որոնք կանայք կապում են դրա հետ:

-Որպես մեր զրույցի վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք հայ կնոջը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության այսօրվա ծանր վիճակը, ու այն, թե ի՛նչ ճանապարհով է անցնում հիմա մեր երկիրը՝ մեզ նոր մարդիկ են պետք, հնարավոր դեպքում՝ շատ երեխաներ…

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր