Print this page
Վիկտորյա Օհանյան

Վիկտորյա Օհանյան

(0 votes)

 Ակնաբույժը հավատացնում է ՝ հիվանդները լիովին կարող են վստահել մեր բժիշկներին

 Երբ որևէ բան մարդու համար շատ թանկ է, նա դա պահում-պահպանում է աչքի լույսի պես: Այս արտահայտությունը պատահական չէ, քանի որ հենց աչքն է, որ թերևս ամենանուրբ օրգանն է, որը միևնույն ժամանակ մեզ թույլ է տալիս ճանաչել շրջապատող աշխարհը, ընդ որում՝ մարդն ինֆորմացիայի մեծ մասը աչքերի միջոցով է ստանում:

Գերզարգացած տեղեկատվական տեխնոլոգաների այս ժամանակաշրջանում գնալով ավելի ու ավելի է դժվարանում հետևել տեսողությանը: Լավ է, թե վատ, սակայն այսօր անգամ փոքր երեխաների ձեռքին կարող ենք հեռախոս տեսնել, իսկ թե դա ի՛նչ վնասներ է հասցնում, ընդ որում՝ ոչ միայն աչքերին, նույնիսկ ավելորդ է ասել, դա բոլորս գիտենք: Եվ, այնուամենայնիվ, իմանալով հանդերձ՝ մեզնից շատերը հաճախ չեն պահպանում տեսողութան հիգիենայի կանոնները, ինչն էլ իր հերթին առաջացնում է բազմաթիվ խնդիրներ:

Սակայն յուրաքանչյուր խնդիր լուծելի է, եթե դուք ճիշտ ժամանակին դիմում եք ճիշտ մասնագետի:

Վիկտորյա Օհանյան՝ անչափ դրական աուրայով և ժպտադեմ այս բժշկուհին պնդում է. «Հիվանդներն աչքերը փակ կարող են վստահել հայ ակնաբույժներին»: Այս պնդումը հենց ի՛ր վերաբերյալ հաստատում են իր իսկ պացիենտները: Բժշկուհի Օհանյանն իր անմիջականության շնորհիվ կարողանում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչուր հիվանդի, և բոլորը նրա մոտից հեռանում են միմիայն գոհունակությամբ:

http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ակնաբույժ Վիկտորյա Օհանյանը, որի հետ զրուցել ենք աչքի հիվանդությունների, բժշկին դիմելու կուլտուրայի և կյանքում ամենաթանկը աչքի լույսի պես պահել-պահպանելու մասին:

-Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե մարդն ինֆորմացիայի քանի՛ տոկոսն է ստանում տեսողության միջոցով:

-Ամբողջ ինֆորմացիայի ծավալի մեծ մասը մարդը ստանում է աչքերի միջոցով: Հիմնվելով տարբեր աղբյուրների վրա՝ դա կազմում է մոտավորապես 70-80 տոկոս, բայց ուզում եմ նաև նշել, որ այդ ինֆորմացիայի միայն 25-30 տոկոսն ենք կարողանում հիշել, իսկ օրինակ՝ լսողության և տեսողության զգայարանների համատեղ աշխատանքի արդյունքում  մենք ընկալում ենք, ֆիքսում և հիշում ինֆորմացիայի մոտավորապես 60 տոկոսը:

-Ի՞նչ է տեսողության հիգիենան:

-Տեսողության հիգիենայի մասին կարելի է շատ երկար խոսել: Այն օգնում է մեզ հնարավորինս երկար պահպանել լավ տեսողությունը…

-Եթե մարդը որևէ խնդիր չունի, սակայն երկար աշխատում է համակարգչով, նա ինչպե՞ս պիտի պահպանի տեսողության հիգիենան:

-Առաջնային, երևի ամենակարևոր կանոնը աշխատատեղի լուսավորությունն է։ Սենյակը պետք է լինի լուսավոր, լույսի աղբյուրը պետք է լինի ճիշտ կողմից՝ աջլիկների համար լույսը պետք է ընկնի ձախ կողմից, իսկ ձախլիկների համար՝ աջից: Ցանկալի է, որ աշխատատեղը մոտ լինի պատուհանին, իսկ երեկոյան ժամերին լույսի աղբյուրի երանգը լինի բնական լույսին մոտ ՝ դեղնավուն։

-LED լույսերի մասին ի՞նչ կասեք:

-LED լամպերը, հատկապես ցածր որակի, այդքան էլ ցանկալի չէ կիրառել, որովհետև  նրանց սպիտակ, շլացնող լույսի տակ աշխատելը շատ արագ հոգնեցնում է։ Այդ լույսը անբնական է աչքի համար, և երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Ցանկալի է ընդմիջումներով աշխատել: Ամեն տարիք իր համապատասխան ժամանակն ունի, որն ակնաբույժները խորհուրդ են տալիս անցկացնել համակարգչի դիմաց, կամ կարդալ, գրել, նկարել և այլն: Միջինում դա 40-60 րոպե է, որից հետո խորհուրդ է տրվում 5-7 րոպե ընդմիջում անել: Ցանկալի է անել աչքի վարժություններ՝ աչքի մկանների լարվածությունը թուլացնելու, հոգնածությունը մեղմելու նպատակով…

-Իսկ երբ մարդը խնդիր ունի, այդ դեպքում ի՞նչ է պետք անել:

-Խնդիրների առկայության դեպքում մարդը պետք է ավելի խիստ պահպանի այդ կաննոները, պետք է հաշվի առնել նաև մարմնի դիրքը, աշխատել նստած դիրքում, մեջքն ուղիղ պահել, նաև շատ կարևոր է հեռավորությունը: Եթե մենք գիրք ենք կարդում կամ գրում ենք, հեռավորությունը պետք է լինի մոտավորապես 30 սմ, գիրքը դրված լինի 20-30 աստիճան անկյան տակ, իսկ համակարգիչը՝ մոտավորապես 50-60 սմ հեռավորության վրա:

-Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:

-Շատ փոքրիկների հետ՝ ոչ, որովհետև դա ակնաբուժության լրիվ առանձին ուղղություն է, բայց ավելի մեծ հասակի երեխաների հետ աշխատում եմ, կախված է, իհարկե, նաև այն բանից, թե ինչ խնդիր է երեխայի մոտ։

-Իսկ Ձեզ ամենից շատ ի՞նչ խնդիրներով են դիմում:

-Ավելի հաճախ ռեֆրակցիոն խանգարումներ՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, պրեսբիոպիա (տարիքային հեռատեսություն) ունեցող պացիենտներ են, նաև շատ են դիմում աչքի ալերգիկ, բորբոքային հիվանդությունների, «չոր աչքի» համախտանիշի դեպքում և այլն:

-Աչքի հիվանդությունների մեջ առավել շատ են ձեռքբերովի՞, թե՞ բնածին պաթոլոգիաները:

-Ներկայումս հայտնի է մոտ 2000 աչքի հիվանդություն, և շատ պաթոլոգիաներ լինում են և՛ բնածին, և՛ ձեռքբերովի։ Ձեռքբերովիները, ըստ իս, ավելի շատ են:

-Դա աշխարհի՞ մասշտաբով:

-Այո, ինչպես ամբողջ աշխարհում, մոտավոր նույն պատկերն է Հայաստանում։ Կան նաև պաթոլոգիաներ, որոնք ավելի բնորոշ են այս կամ այն ազգին, տարածաշրջանին, աշխարհագրական դիրքին, սեռին։ Առանձին խումբ են կազմում աչքի ժառանգական հիվանդությունները։ Օրինակ՝ կերատոկոնուսը բնորոշ է ավելի հարավային ռեգիոնների բնակիչներին, այդ թվում՝ նաև հայերին, կամ դալտոնիզմը (գունային կուրությունը) հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ և այլն։

-Կերատոկոնուսն ինչպե՞ս է արտահայտվում:

-Եղջերաթաղանթը բարակում է և կոնաձև դառնում։ Այն դեգեներատիվ, պրոգրեսիվող հիվանդություն է, սակայն հիմա տարբեր միջոցներով հնարավոր է կանգնեցնել հիվանդության զարգացումը, իսկ եթե գործ ունենք հիվանդության վերջին ստադիաների հետ, կատարում են կերատոպլաստիկա՝ դոնորական եղջերաթաղանթի փոխպատվաստում:

-Կա՞ն աչքի հիվանդություններ, որոնք չեն բուժվում, սակայն գոնե կարելի է մեղմել հիվանդի վիճակը:

-Իհարկե, կան, կարող եմ օրինակ բերել պիգմենտային ռետինիտները, որոնք նույնպես ժառանգական հիվանդություններ են: Դրանք, ի վերջո, բերում են կուրության, մինչ այժմ բուժում չունեն, բայց հիմա տարբեր երկրներում տարբեր հետազոտություններ են արվում, խորհուրդ է տրվում վիտամինային թերապիան, հատկապես՝ վիտամին A-ի օգտագործումը, որն ինչ-որ չափով դանդաղեցնում է ընթացքը։ Կլինկան կարող է արտահայտվել և՛ փոքր հասակում, և՛ ավելի մեծ հասակում, և ինչքան ավելի ուշ է արտահայտվում, այնքան հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

Այն կարող է բավականին ուշ հայտնաբերվել, հետո կամաց-կամաց տեսողությունն է վատանում, հատկապես երեկոյան, գիշերային ժամերին տեսադաշտն է փոփոխությունների ենթարկվում, փոփոխվում է գույների ընկալումը:

-Ժառանգական հիվանդությունների մասին ի՞նչ կասեք:

Գենետիկայի կենտրոնի իմ կոլեգաներին դիմում են տարբեր ժառանգական խնդիրներով։ Այդ պաթոլոգիաները հաճախ արտահայտվում են տարբեր օրգանների ախտահարումներով, այդ թվում և աչքի։ Օրինակ՝ Մարֆանի հիվանդությանը բնորոշ է ոսպնյակի տեղախախտ, կարճատեսություն, որը, բնականաբար, կարող է և առաջինը ակնաբույժը նկատել և ըստ դրա կասկածել տվյալ հիվանդությունը:

-Հնարավո՞ր է, որ աչքի հիվանդություններն այլ հիվանդության առաջացման պատճառ դառնան:

-Ես ուղղակի կապ չեմ կարող նշել, որ հենց աչքի խնդիրը հանդիսանա այլ օրգանների ախտահարման պատճառ, բայց աչքի ախտահարումը կարող է լինել հիվանդության առաջին արտահայտումներից մեկը, որով մենք կարող ենք հետագայում ախտորոշել այս կամ այն հիվանդությունը:

-Իսկ հակառակը կարո՞ղ է լինել, որ այլ հիվանդության պատճառով ախտահարվեն աչքերը:

-Այո, իհարկե, շատ հայտնի շաքարային դիաբետը, որի բարդություններից մեկը ռետինոպաթիան է, եթե չհետևել, չհսկել, կարող է բերել կուրության, արտերիալ հիպերտենզիայի ժամանակ ակնահատակում կարող են լինել բարդություններ, աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, նևրոլոգիկ հիվանդությունների, օրինակ՝ ինսուլտի ժամանակ, ինֆեկցիոն և այլն…

-Ձեզ ամենից շատ ո՞ր տարիքի մարդիկ են դիմում, և կանա՞յք են գերակշռում, թե՞ տղամարդիկ:

-Չեմ կարող հստակ առանձնացնել՝ ով է ավելի շատ դիմում: Դեռահասներն են շատ դիմում (ավելի ճիշտ՝ իրենց ծնողները)՝ հիմնականում ռեֆրակցիոն խնդիրներով, նրանց մայրիկները  հաճախ համոզելով են բերում բժշկի մոտ, և շատ կարևոր է այդ հասակի պացիենտների հետ ինչ-որ չափով ընկերական մթնոլորտ ստեղծելը, վստահություն ներշնչելը, որովհետև նրանք տարիքից ելնելով մի քիչ դյուրագրգիռ են, բռնկվող, չեն ուզում, որ իրենց ստուգեն, նկատողություններ անեն, արգելեն իրենց համակարգչի մոտ երկար նստել և այլն։ Այդ պատճառով, եթե կա բժիշկ-պացիենտ կապը, արդյունքը հաստատ լավ կլինի;

Կանայք, ինձ թվում է, մի փոքր ավելի շատ են հաճախում, քանի որ տղամարդիկ մի քիչ վախ ունեն բժիշկների նկատմամբ,  դժվարությամբ են գալիս, իմ կարծիքով այդպես է:

-Իսկ տատիկ-պապիկները շա՞տ են դիմում:

-Այո, լինում են, բայց շատ չէ, որովհետև մեզ մոտ ստացիոնար չէ, իսկ մեծերի մոտ հիմնականում խնդիրներն ավելի լուրջ են լինում, համակցված են լինում ուրիշ պաթոլոգիաների հետ, կամ կարող են ունենալ աչքի մի քանի խնդիր և միանգամից ստացիոնար դիմել:

-Տարիքի գործոնից բացի՝ ծերերի տեսողության խիստ վատթարացման պատճառն ի՞նչն է:

-Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Նախ՝ պետք է գնահատել ընդհանուր առողջական վիճակը։ Իհարկե, այս մոտեցումը բոլոր հիվանդներին է վերաբերում, բայց մեծահասակներին՝ հատկապես։ Հնարավոր է՝ կատարակտա լինի, գլաուկոմա, տարիքային մակուլոդիստրոֆիաներ և այլ շատ խնդիրներ, կամ միաժամանակ մի քանի խնդիր։ Սակայն նույնիսկ եթե չես կարող զգալիորեն լավացնել հիվանդի վիճակը, միայն հանգիստ ու համբերատար լսելն ու բարի խոսքեր ասելն էլ է օգնում։

-Հայաստանյան կլինկաները սարքավորումների առումով ի՞նչ վիճակում են:

-Մեր կլինիկաները բավականին հագեցած են սարքավորումներով, և մեր մասնագետներն էլ լավ պատրաստված են, հստակ կարող եմ ասել, որ մասնագետներն անպայման վերապատրաստվում են և սովորում այդ սարքերի հետ աշխատել: Ակնաբուժությունն աշխարհում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է թե՛ սարքավորումների առումով, թե՛ վիրաբուժական ասպարեզում։  Մեր կլինիկաները ևս աշխատում են հետ չմնալ և ապահովել համապատասխան որակ:

-Բժշկուհի՛, ի՞նչն է պետք աչքի լույսի պես պահել-պահպանել:

-Միանշանակ՝ ընտանիքը: Ընտանիքը, ինձ թվում է, հատկապես կնոջ համար (չնայած չեմ ուզում տղամարդկանց առանձնացնել) այն հիմքն է, որը մեզ թույլ է տալիս ապրել, պայքարել, հավատալ մեր ապագային…

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Մեր ընթերցողներին առողջություն կմաղթեմ, դա առաջինն է, ինչ կարող է բժիշկը մաղթել։ Ուզում եմ նաև ասել, որ հիմա շատ բարդ ու տագնապալից ժամանակաշրջանում ենք ապրում, և այն ջերմ, հավատարիմ, անկեղծ հարաբերությունները, որ մարդիկ ունեն, պետք է փորձել չկորցնել, հնարավորինս ամուր պահել՝ լինի դա ընտանիքում, թե ընկերական շրջապատում կամ աշխատավայրում, որովհետև, ցավոք սրտի, հիմա նկատվում է, որ մարդիկ հեռանում են միմյանցից, խնդիրները շատ-շատ են, բայց այդ կապը եթե փորձենք պահել, ինձ թվում է՝ հավատ կա, որ լավ կլինի…

Image Gallery