Print this page
ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ

ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆ

(0 votes)

Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: 
«Նաիրի» բժշկական կենտրոնի (ԲԿ) քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ծառայության շրջանակում բժշկական օգնություն են ստանում մեծահասակները եւ երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդների կիրառումն օպտիկական սարքերի, տեսագրահսկողության կիրառմամբ եւ տվյալների արխիվացմամբ թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում: Նյարդավիրաբույժների հետ համագործակցության շնորհիվ բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ: Աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են նաեւ ուռուցքաբաններ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ եւ այլ նեղ մասնագիտացված վիրաբույժներ: Զուտ մասնագիտական տեսանկյունից` հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, եւ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարեւորվում է բժշկի հետ շփումը: Ու, եթե բժիշկն իսկապես կարեկից է, ուշադիր եւ զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի. հիվանդը կվստահի նրան, եւ բուժումն էլ ավելի արդյունավետ կլինի: http://bestgroup.am/   չափազանց հետաքրքիր զրուցակիցն է  «Նաիրի» եւ «Դիլիջան» ԲԿ-ների քիթ-կոկորդ ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ, «Դիլիջան» ԲԿ առանձնացված վերապրոֆիլավորված բաժանմունքի Քովիդ կենտրոնի բուժական գծով ղեկավար ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ:  
-Պարոն Թորոսյա՛ն, ի՞նչ է քնի ապնոէն, ինչո՞ւ է առաջանում, եւ ի՞նչ է տեղի ունենում նոպայի ժամանակ։
-Քնի տարբեր փուլերում ուղեղը տարբեր խորության վրա է, այսինքն՝ փուլ կա, որի ժամանակ մարդը պետք է լիարժեք խորը քնած լինի, որ հանգստանա: Առանձնացված են քնի չորս փուլեր, ընդ որում, վերջին փուլը ամենախորն է ու տեւում է ընդամենը քսան րոպե, բայց մարդ լիարժեք հանգստանում է այդ փուլի ժամանակ: Երրորդ փուլը նույնպես հանգիստ փուլ է, ու, երբ մարդն արթնանում է, էլի հանգիստ վիճակում է լինում: Բայց լինում են պահեր, երբ ուղեղը չի վերահսկում շնչառական կենտրոնը, այն սկսում է հսկողությունից դուրս գալ, ու առաջանում է շնչառական կենտրոնի կանգ: Կանգ կարող է առաջանալ ի սկզբանե մեխանիկական խոչընդոտներից, որոնցից թիվ մեկը ինչ-ինչ պատճառներով օդը քթով շնչելու դժվարացումն է: Դրա պատճառ կարող են լինել միջնապատի ծռվածությունը, մեծ խեցիների, պոլիտների առկայությունը, այսինքն՝ ինչ-որ խոչընդոտ, որը թույլ չի տալիս, որպեսզի օդը քթով անցնի: Որպես ճիշտ ֆիզիոլոգիա մարդը պետք է շնչի քթով, որ, նախ, օդը քթով անցնելիս տաքանա, խոնավանա ու նոր իջնի ստորին շնչուղիներ: Բացի դրանից, քիմքի կառուցվածքն այնպիսին է, որ ներշնչման պահին փափուկ քիմքը, լեզվակը առաջ է գալիս, որպեսզի քթով օդը հեշտ գնա, բայց, եթե կա ինչ-որ խոչընդոտ, օդը առաջ չի գնում, քիմքը առաջ է գալիս: Մենք ստիպված փորձում ենք բերանով շնչել, որովհետեւ օդը չի գնում, եւ քիմքն էլ է դառնում խանգարող խոչընդոտ շնչառության համար ու սկսում է թրթռալ: 
- Երեւի հենց դրա պատճառո՞վ է մարդը քնած ժամանակ սկսում խռմփացնել:
-Խռմփոցը ձայնային շնչառությունն է, որը դրսեւորվում է, երբ օդի հոսքի ժամանակ տատանվում է մարդու փափուկ քիմքը։ Եթե այն երկար է տեւում, ուրեմն  քիմքի մկանները երկար ժամանակ են այդպես տատանվում, ինչի հետեւանքով թուլանում է քմային վարագույրը, կախվում եւ իջնում է, շնչառական ճանապարհին դառնում երկրորդ խոչընդոտը: Մենք ուզում ենք քթով շնչել, բայց քիթը փակ է, իսկ քիմքն արդեն սկսել է խանգարել: Անկախ այն հանգամանքից՝ քնած ժամանակ մարդիկ քթով են շնչում, թե բերանով, մեկ է, շնչառության ժամանակ հիմնականում տատանվում է փափուկ քիմքը, որի արդյունքում էլ առաջանում է խռմփոցը։ Սա շատ տարածված երեւույթ է, ու բոլորս էլ երբեւէ մեր հարազատների կամ բարեկամների մոտ նկատել ենք այն։ Եթե հետազոտության արդյունքում այլ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, խռմփոցը համարում ենք ֆիզոլոգիական, ինչը հիմնականում դիտարկվում է մանուկների՝ քիմքի մկանների ոչ լիարժեք ձեւավորման, իսկ տարեցների մոտ՝ քիմքի մկանների թուլացման պատճառներով: 

Երրորդ խոչընդոտն արդեն մի քիչ գեր մարդկանց մոտ լեզվարմատն է, որովհետեւ հատկապես մեջքին պառկած դիրքում լեզուն կարող է հետ գնալ ու մեխանիկորեն փակել կոկորդի մուտքը: Չորրորդ խոչընդոտը կորճոսկրի հետ տեղակայումն է, որը կարող է բերել էլի շնչառության դժվարացման: Ժամանակի ընթացքում նորից քաշի ավելացումը կարող է բերել նրան, որ հերթական խոչընդոտներն արդեն կարող են կապված լինել շնչափողի ճանապարհին որեւէ արգելքների, օրինակ, շնչափողի աճառներից որեւէ մեկի թուլացման հետ, երբ շունչ քաշելու ժամանակ աճառը հետ է գնում, եւ օդի ճանապարհը փակվում է կա՛մ ավելի ներքեւ գտնվող հատվածներում, կա՛մ թոքերի ներծծման հետ կապված: Ու մեկ էլ արդեն վերջնական, երբ թոքային զարկերակից արյունը դուրս է գալիս ու գնում դեպի սիրտ, այդ ճանապարհին ինչ-որ խնդիրների ժամանակ, երբ կանգ է առաջանում փոքր արյան շրջանառության մեջ, ու թթվածինը լիարժեք չի հասնում սիրտ: Այս բոլոր թվարկվածները կարող են բերել մեխանիկական շնչառական դժվարացման, որի հետեւանքով կարող է կենտրոնական շնչառության վերահսկման կենտրոնը խոչընդոտվել, այսինքն՝ եթե երկար ժամանակ մարդն ունենում է մեխանիկական խնդիրներ, շնչառական կենտրոնն արդեն այդքան էլ չի պայքարում, քիչ-քիչ հանձնվում է: Այսինքն՝ ամեն անգամ, երբ որ, օրինակ, քնի մեջ մարդը կարող է քնի ոչ վերահսկվող, ասենք, երկրորդ փուլում շունչ պահել իմ թվարկած պատճառներից մեկով, իսկ շնչառական կենտրոնը, կիսաավտոնոմ լինելով, տեսնում է, որ օդ չի գալիս, ու պետք է շունչ քաշել, բայց մեխանիկորեն խանգարվելով՝ պաուզա է լինում: Սակայն մնացած բոլոր օրգանները, հատկապես սիրտը, որ էլի ավտոնոմ է համարվում, չստանալով բավարար թթվածին, սկսում է ավելի ինտենսիվ արյունը մղել անոթներով, եւ ավելի բարձր ճնշումով ու բարձր ճնշման ազդեցության տակ սրտի հաճախ աշխատանքի պայմաններում մենք արթնանում ենք, սիրտը ինքն էլ է մեզ արթնացնում, ստիպում, որ վեր թռչենք: Եվ մենք հաճախ վեր ենք թռչում սրտի ուժեղ աշխատանքով, բարձր ճնշումով ու, իհարկե, շունչ ենք քաշում, որովհետեւ շնչառական կենտրոնը կուտակել է CO 2-ը ու արդեն պատրաստ էր շունչ քաշելուն: Որպես «սլեպատնոյի» (խոսակցական) ամենամեծ բարդություն մահն է քնի մեջ, որն առաջ է գալիս այն պատճառով, որ, երբ CO-2-ի քանակը բավականին շատ է կուտակվում ուղեղում, ուղեղի համար ավելի հաճելի է չշնչելը, քան շնչելը… Եվ մեխանիկական «սլեպատնոյը» կանխելու համար անհրաժեշտ է իմ նշած պատճառների հետեւանքով առաջացած խոչընդոտները վերացնել վիրահատական կամ դեղորայքային բուժումով… Օրինակ, անհրաժեշտ է իրականացնել քիմքի պլաստիկաներ, լեզվակի կարճացում կամ լեզվակի ու փափուկ քիմքի պլաստիկա, որը ներառում է քիմային մկանների հավաքելն ու մի քիչ առաջ բերելը, որ ներշնչման ժամանակ չխանգարեն: Կա վիրահատություն, որի միջոցով լեզվարմատի կորճոսկրը առաջ է բերվում, այսինքն՝ կորճոսկր կզակային մկանը անջատվում է կզակի ոսկորի հետ, բերվում մի քիչ առաջ ու ավելի վերեւ է ամրացվում: Ու այդ դեպքում ոսկորը ինքը իրենով առաջ է գալիս, տարածքը մեծանում է; Կատարվում է նաեւ վիրահատություն, որի ժամանակ լեզվարմատից որոշակի հատված հեռացվում է, լեզվի արմատի չափսերը մեխանիկորեն փոքրացվում են, տարածք է առաջանում, որ օդը, թթվածինը այդտեղով անցնի: Լինում են տրանսպլանտային աճառների, թոքերի ներծծման, սրտի, արյան փոքր շրջանառության կանգի խնդիրներ, որոնք կարող են ենթարկվել դեղորայքային բուժման: Երեխաների մոտ «սլեպատնոյը» շատ հաճախ լինում է ադենոիդ հյուսվածքի գերաճի պատճառով, որը, երկար ժամանակ խոչընդոտելով, երեխաների շնչառական կենտրոնը արգելափակում է որոշ չափով, ու, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նրանք առօրյայում սկսում են ավելի հազվադեպ շնչել, քան պետք է շնչեն, նրանց շնչառությունը սկսում է նմանվել մեծի շնչառության:

-Ի՞նչ կասեք COVID-19-ի մասին:  
-COVID-19-ը աշխարհի գլոբալ մասշտաբով ներկայացվում է որպես սովորական հերթական վիրուս, որը, ուղղակի լինելով նոր ու անծանոթ մեզ համար, հանդես է գալիս ավելի ագրեսիվ ձեւով: Եթե նայենք, պատմության մեջ միշտ տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ են եկել ինչ-որ հարուցիչներ, վիրուսներ, բակտերիալ ինֆեկցիաներ կամ զանգվածային մահվան ուրիշ պատճառներ: Երեւի թե երկրագունդն ինքն էլ է կարգավորում մարդկանց պապուլյացիայի թիվը, օրինակ, ոչ շատ շուտ՝ 1900-ականների սկզբին, բոլորին հայտնի «իսպանկա» վիրուսը  երեսուն միլիոն մարդու կյանք է խլել, որն այդ ժամանակ կազմում էր աշխարհի բնակչության մեկ երրորդը: Ու պետք չէ այսօր զարմանալ, որ COVID-19-ը կյանքեր է խլում: Չեմ կարող ասել դրա՝ արհեստական կամ բնական լինելու մասին, բայց այն էլի բերում է որոշակի հավասարակշռության, որպես РНК մշտապես փոփոխվող վիրուս ինքն իր դերը վիրուսոլոգիայի տեսանկյունից նորմալ կատարում է. զարգանում է, փոփոխվում ու հնարավորինս փորձում գոյատեւել՝ ենթարկվելով մուտացիայի, շարունակելով խլել մարդկանց կյանքեր: Էլի չեմ կարող ասել՝ պատահական թե մտադրված, բայց ավելի շատ վնասվում են երկրագնդի բնակչության տարեց հատվածը եւ քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի դժվար են դիմակայում վիրուսի թողած հետեւանքներին ու պապուլյացիայի կարգավորմանը: Բայց բժիշկներիս համար նշանակություն չունի մարդու տարիքը. բոլորի կյանքն էլ թանկ է մեզ համար, ու մենք պայքարում ենք բոլորի կյանքի համար: Չնայած ասում են, որ քովիդի այս նոր ձեւը սկսել է ընդգրկել ավելի երիտասարդ տարիքի մարդկանց, բայց ամեն դեպքում, երբ մի քիչ մանրամասն նայում ենք, նրանք հիմնականում ունենում են ինչ-որ քրոնիկական հիվանդություն: Ինչքան էլ դժգոհենք, ժամանակակից բժշկությունը պայքարի շատ միջոցներ է ստեղծել, որ մենք ինչ-որ ձեւով հասկանանք՝ ինչ է այդ վիրուսը ու դրա դեմ պայքարենք, եւ որոշակի հաջողություններ, իհարկե, կան: Ինչքան էլ կարող ենք դժգոհել, նեղվել, որ շատ մարդ է մահանում, բայց կարող ենք նաեւ հպարտանալ, որ ծանր ախտահարված եւ կյանքի հետ անհամատեղելի վիճակներում հայտնված շատ մարդիկ էլ չեն մահանում, որոնց թվում կան նույնիսկ քրոնիկական հիվանդություններով տառապողներ, ասենք, ճնշումով, շաքարային դիաբետով մարդիկ: 
Իսկ ընդհանրապես քովիդի հետեւանքները որոշ չափով անկանխատեսելի են մեզ համար, որովհետեւ դեռ լրիվ, խորությամբ չենք ուսումնասիրել՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այն: Ամենահայտնի հետեւանքն այսօր թոքի վիբրոզ հյուսվածքի առաջացումն է, ախտահարվում են բոլոր գեղձային հյուսվածքները, երիկամները, ուղեղը, լյարդը, մի շարք՝ մեր կյանքի որակի համար պատասխանատու օրգաններ, եւ, որպես հետեւանք, առողջացումից հետո շատ հանդիպում են դիաբետի որոշակի մնացորդային երեւույթներ: Երբ որ հենց նույն ենթաստամոքսի գեղձի բջիջները վնասվում են, լավանալուց հետո էլի վիբրոզի են ենթարկվում, էլի սպիական հատվածներ են առաջանում, եւ դրանք արդեն չեն գործում: Օրինակ, եթե լյարդի երկու երրորդը չլինի, այն կկատարի իր գործառույթը, բայց երիկամների ախտահարումը կարող է մահվան պատճառ դառնալ: Իսկ ուղեղն ախտահարվելու դեպքում մարդը կարող է չգիտակցված բաներ անել: Իհարկե, ոչ բոլորի մոտ է այդպես, առողջացածների մեծ մասի մոտ այն հետեւանք չի թողնում:  
-Քովիդը կարո՞ղ է հանգեցնել թոքի քաղցկեղի:
-Գրեթե բոլոր վիրուսային բջիջները կարող են հանգեցնել թոքի քաղցկեղի, բայց չունենք մի այդպիսի հետազոտություն, որ մի հիվանդի մոտ քովիդից հետո քաղցկեղ է առաջացել: Մի քիչ հետաքրքիր վիրուս է, ավելի սերտ է համագործակցում մեր իմունային համակարգի հետ, քան մյուս վիրուսները, ավելի պատրաստված է: Մեզ համար լինելով անծանոթ՝ մեր օրգանիզմը ավելի դժվարությամբ է նրա դեմ հակամարմիններ սինթեզում, ու շատ անգամ այդ ընթացքում, մինչեւ ինքը սինթեզում է հակամարմիններ, մեր պաշտպանական մյուս մեխանիզմները, փորձելով պաշտպանվել այդ վիրուսից, որոշում են վերացնել ախտահարված բջիջները, այսինքն՝ ճիշտ չաշխատող բջիջների կենսաբանական մահվան ժամկետը արագացնում են, ու այդ բջիջները վերածվում են արդեն սպիական բջիջների: Այդ պահին տեղի է ունենում բջիջների այտուց՝ պատրաստվելով կենսաբանական մահվան, ու, եթե դա, ասենք, թոքային հյուսվածքում է, խանգարում է շնչառությանը, ներշնչմանը, իսկ եթե դա ուրիշ օրգաններում է, բերում է տվյալ օրգանի ֆունկցիայի խախտմանը: 
-Ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան նշաբորբի բուժման համար:
-Երեւի թե նշաբորբի բուժման մեթոդները շատ չեն փոխվել վերջին տարիների ընթացքում, հիմնականում, եթե քրոնիկական նշաբորբի մասին է խոսքը, դրա բուժման եղանակը վիրահատականն է, եւ տարբեր մեթոդներ են առաջարկվում: Իմ մեթոդը, որը նշիկների հեռացում է իրենից ներկայացնում, շատ անգամ հետ է մնում. արդեն նոր մեթոդներ են կիրառվում՝ ռադիոալիքային, գերձայնային, լազերային, էլեկտրակոագուլյատորային, որը, ճիշտ է, արդեն երկար տարիներ կա, բայց էլի ակտուալ է: Կիրառվում է նոր՝ կոագուլյատոր-2 սարքը, որը իրենից հեղուկ պլազմային կարգուլյատոր է ներկայացնում, որը 40 աստիճանի տակ է նշիկը հեռացնում, այրվածքները շատ խորը չեն լինում, ավելի անցավ է վերքը լավանում, ավելի հեշտ, ավելի քիչ հետեւանքներով: Այսօր ժամանակակից դեղերի ստեղծման շնորհիվ նշաբորբի բուժումն ավելի հեշտացվում է, չնայած միշտ պետք է տարբերակել նշաբորբի տեսակները, որոնք կարող են բազմազան լինել, կարող են առաջանալ տարբեր բակտերիաների արդյունքում: Պետք է տարբերակել ու համապատասխան ճիշտ մոտեցում ցուցաբերել, ինչու չէ, կարող են օգնության գալ նաեւ տարբեր լաբորատոր հետազոտման մեթոդները՝ քսուկ, արյան անալիզ, որը օգնում է ճիշտ մոտենալ այդ հարցին:
-Լսողական ապարատները ո՞ր դեպքերում են կիրառվում:
-Ապարատների կիրառումը լինում է այն դեպքերում, երբ մարդու կյանքի որակն այնքան է ընկնում, որ նա սովորական առօրյայում սկսում է չլսել շրջապատի ձայները, բայց ներլսողական նյարդը դեռ նրան հնարավորություն է տալիս ձայնի հզորացման սարքի օգնությամբ իրեն լիարժեք մարդ զգալ շրջապատում ու չնեղվել ոչ մի հարցում: Եթե չկա վիրահատական, դեղորայքային բուժման տարբերակ, մնում է դիմել սարքի օգնությանը, եւ պետք չէ դրանից ամաչել, որովհետեւ լսողական խնդիր ունեցող մարդը կարող է հայտնվել շատ վատ իրավիճակներում, ասենք, չլսելով ավտոմեքենայի ազդանշանի ձայնը:  
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:
Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է:

Image Gallery