Lusine

Lusine

Շաքարային դիաբետով հիվանդները սուր վիճակների ժամանակ չպե՛տքէ վախենան ինսուլինաթերապիայից.Շաքարային դիբետից մինչ վահանաձև գեղձի դիսֆունկցիա՝ զրույց էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանի հետ

Աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեց տարի ավելանում է։ Հայաստանը ևս բացառություն չէ։ Հայտնի է, որ շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառներից մեկը ճարպակալումն է։

Այս և էնդոկրին այլ խնդիրիներ մասին http://bestgroup.am/ զրուցել է «ԱՍՏՂԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ Էդոկրինոլոգ, իր գործի գիտակ Նարինե Բեգլարյանի հետ։Ավելորդ չենք համարի նշել՝  բժշկուհին իր մասնագիտական գիտելիքներն հարստացրել է՝ մասնակցելով մի շարք միջազգային գիտժողովների, աշխատաժողովների, ստացել մասնագիտական որակավորում եվրոպական առաջատար կլինիկաներում։

-Բժշկուհի՛, շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու և մեր  հարցերին պատասխանելու համար։ Ինչպե՞ս  անցավ Ձեր օրը։

- Այս կովիդի դարաշրջանում տպավորություն է, որ այլևս էնդոկրին հիվանդություններ չկան (ծիծաղում է, խմբ․)։ Բոլորը կովիդով են վարակվում։ Երբ արդեն նեղ մասնագիտական, օրինակ՝ շաքարային դիաբետով  հիվանդ եմ տեսնում, ուրախանում եմ։ Տպավորություն է, որ աշխարհը փոխվել է։

-Բժշկուհի՛,  Ձեր կենսագրությունն էինք  ուսումնասիրում ու ակնառու է փաստը՝ չնայած լուրջ մասնագիտական հաջողություններ ունեք, բայց շարունակում եք կատարելագործվել։

-Այո՛, 2008թ-ին Զալզբուրգ քաղաքում մասնակցել եմ բշժկական սեմինարի՝ ներքին հիվանդություններ թեմայով: Իմ առաջին այցն էր արտերկիր (ժպտում է, խմբ․)։

2015-ին  Մոսկվայի Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնում անցել եմ  «Էնդոկրին գինեկոլոգիայի ոլորտում հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով վերապատրաստման կուրս:  2016-ին մասնակցել եմ Սանկտ Պետերուրգի ՕՏՏԱ-ի անվան Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում վերապատրաստման դասընթացին՝ գեստացիոն դիաբետ և շաքարային դիաբետով հղիների վարումը թեմայով: 2018-ին Վիեննայի գլխավոր հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքում անցել եմ մեկամսյա օրդինատուրա,  2019թ-ին՝ Բուդապեշտում Եվրոպական Թիրոիդ Ասոցացիայի 42-րդ տարեկան հանդիպում - սեմինար:

Եվ դրանից հետո փակվեց մեր կոնֆերանսների դարաշրջանը։ 2020թվականի հետ շատ մեծ պլաններ ունեի, որոնք, ցավոք, չիրականացան։  Այս տարի առցանց կոնֆերանսներ կային, բայց այդ դեպքում ցավալիորեն արդյունավետությունն ավելի ցածր է լինում, և աշխատանքի հետ համատեղելն էլ՝ բարդ։

- Ըստ Ձեզ՝ ամենահաճախ հանդիպող էնդոկրին խնդիրը ո՞րն է մեր հասարակությունում։

-Թերևս ճարպակալումը, որովհետև այն սահուն կերպով բերում է շաքարային դիաբետի։ Մենք չենք սիրում առողջ ապրել, սիրում ենք ուտել, հատկապես հացակեր ժողովուրդ ենք, շատ չենք շարժվում։ Դա ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային աղետ է՝ նստակյաց կյանք, սխալ սնունդ, կալորիաների չարաշահում։ Երկրորդ տեղում վահանաձև գեղձի խնդիրներն են։ Մեր տարածաշրջանում ավելի շատ թերֆունկցիան է տարածված, որոշակի՝ նաև գերֆունկցիան, ժողովրդի լեզվով ասած՝ «թունավոր զոբ»։ Նվազման կարգով կան նաև այլ հիվանդություններ։

-Հայաստանում դիաբետի ո՞ր տիպն է ավելի շատ տարածված։

- Հայաստանում ամենաշատը տարածված է տիպ 2-ը։

-Ո՞ր տարիքում է առաջանում և ովքեր են ռիսկի խմբում։

-Ռիսկի խմբում են գտնվում  ճարպակալումով տառապող, քիչ շարժվող և գենետիկական նախատրամադրություն ունեցող անձինք։ Տարիքի աումով ավելի շատ 40-անց տարիքի մարդիկ են, սակայն,  ցավոք սրտի, ճարպակալումը երիտասարդացել է։ Հետևաբար երիտասարդացել է նաև շաքարային դիաբետը, ուստի այսօր 15-20 տարեկանից սկսած նկատում ենք դիաբետի մանիֆեստացիա։

- Ե՞րբ պետք է երկրորդ տիպի դիաբետով հիվանդը ստանա ինսուլին։

- Շաքարային դիաբետով հիվանդները , երբ հոսպիատալացվում են և գտնվում են սուր վիճակներում՝ սրտամանի ինֆարկտ, ինսուլտ, սուր բորբոքային հիվանդություններ, ինստուլինաթերապիա ստանալը հաճախ դառնում է պարտադիր և անխուսափելի, ինչպես նաև ինսուլիոթերապիա պետք է ստանան այն 2-րդ տիպի դիաբետիկները, ում գլիկեմիան չի վերահսկվում միայն դեղորայքով՝ արդեն մշտապես ։

- Շատերի մոտ մտավախություն կա, որ դրա հետևանքով կարող են ինսուլին-կախյալ դառնալ։ Արդյո՞ք դա այդպես է։

-Ո՛չ, դա ժամանակավոր է։ Սուր վիճակը անցնելուց հետո, որպես կանոն, հիվադը վերադառնում է իր դեղորայքային ռեժիմին, պայմանով, որ այն արդյունավետ է։ Այդ պատճառով պետք չէ վախենալ սուր վիճակներում ինսուլինաթերապիայից, որովհետև այդ ընթացքում առաջացող հիպերգլիկեմիան՝շաքարի բարձրացումը, ավելի շատ կվնասի պացիենտին, քան ինսուլինը։

-Շաքարային դիաբետը դատավճի՞ռ է թե՞ կենսակերպ։

- Միանշանակ կենսակերպ է։ Մարդիկ պետք է սկսեն  վարել  առողջ կենսակերպ դեռ այն շրջանում, երբ ավելորդ քաշ են հավաքում՝ մարզվեն, սահմանափակեն կալորիաները։ Պետք է հիշել, որ  ամեն ավելորդ կիլոգրամը հիվանդություն է, որից հնարավոր է խուսափել։

-Ինչպե՞ս կարելի է կանխել հիվանդության զարգացումը։

-Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը կանխել կարելի է հիմնականում քաշ չհավաքելով՝ հետևելով մարմնի զանգվածին, առողջ սնվելով, շատ շարժվելով։ Իհարկե, ստրեսներին չենթարկվել էլ կարևոր է, բայց, ցավոք, ոչ ոք չի կարող կանխատեսել ինչ սթրեսի կենթարկվի։

- Բժշկուհի՛, տարածված հիվանդությունների մասին խոսելիս առանձնացրեցիք նաև վահանաձև գեղձի խանգարումները՝ գերֆունկցիան և թերֆունկցիան, դրանց պատճառը յոդի ավելցու՞կն է թե՞ պակասը։

-Տեսեք,  նախկինում համարվում էր, որ վահանաձև գեղձի գերֆունկցիայի ժամանակ օրգանիզմում յոդը շատ է, թերֆունկցիայի ժամանակ՝ քիչ։ Հիմա հետազությունները հակառակի մասին են վկայում։ Այսինքն՝ գերֆունկցիայի ժամանակ քիչ է, թերֆունկցիայի ժամանակ՝ շատ։ Մենք էնդեմիկ յոդի դիֆիցիտային գոտում ենք գտնվում, բայց մեր աղը այսօր բավականին հագեցված է յոդով։ Այսինքն՝ իրականում մենք յոդի դիֆիցիտ գրեթե չունենք։ Աղով մենք դա կարողացել ենք  հաղթահարել։

- Դուք նշեցիք, որ աղի միջոցով յոդի պակասը կարողացել ենք հաղթահարել։ Այդ դեպքում ի՞նչ պատճառով է առաջանում վահանաձև գեղձի դիսֆունկցիաները։

- Սթրեսները,  բնականաբար՝գենետիկան, դեռևս չբացահայտված պատճառներ, թեև չեմ կարծում, թե  Հայաստանում  տարածվածությունն ավելի մեծ է քան աշխարհում։ Ըստ իս համասեռ ամեն տեղ կա, ուղղակի տարբերությունը գեր- և թերֆունկցիաների մեջ է։  Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ յոդի բնական դեֆիցիտ չկա, ավելի շատ գերֆունկցիաները կարող են դիտվել։

- Բժշկուհի ի՞նչ է ենթասուր թիրեոտիդը, ինչպե՞ս է արտահայտվում։

- Ենթասուր թիրեոտիդը վահանաձև գեղձի բորբոքում է։ Ցավոք սրտի, ոչ-նեղ մասնագետները՝ ոչ-էնդոկրինոլոգները, կարող են բաց թողնել այս հիվանդությունը, քանի որ գանգատ առաջանալու դեպքում հիվանդը  դիմում է  կա՛մ տեղամասային թերապևտին, կա՛մ սրտաբանին, կա՛մ քիթ-կոկորդ բժշկին։ Մինչևդեռ կարևոր է նախ և առաջ այցելել էնդոկրինոլոգին։

Իրականում սա վիրուսային բորքում է՝վահանաձև գեղձն է բորբոքվում։  Այն դառնում է խիստ ցավոտ։ Առաջին նշանը վահանաձև գեղձի շրջանում ցավն է, որը հաճախ կարող է  ունենալ ճառագայթող բնույթ՝ճառագայթում է դեպի ստորին ծնոտ, դեպի ականջ, դեպի վերին ուսագլուխ։ Երկրորդ գանգատը՝ ջերմությունն է։ Լինում են նաև թիրեոտոքսկիոզին բնորոշ երևույթներ, այսինքն՝ սրտխփոց, քաշի անկում, նյարդային լարվածություն, ընդհանուր մկանային թուլություն։ Ընդհանուր ինտոքսկիացիայի նշաններից բնորոշ է շատ ուժեղ գլխացավը, ոսկրերի կոտրտվածության զգացողությունը։ Քանի որ հիվանդության ընթացքում քայքայվում է գեղձը, իսկ այն հոմոնների պահեստ է, հորմոնների քանակն օրգանիզում ավելանում է։

-Ե՞րբ է այս հիվանդությունը գլուխ բարձրացնում։

-Դեպքերը հատկապես վիրուսիային հիվանդություների բռնկումներից հետո կարող են ավելանալ, այսինքն՝դեպի գարուն կամ դեպի աշուն անցումային սեզոնին։  Ուղղակի բուժառուները պետք է տեղյակ լինեն այս հիվանդության մասին, առաջին նշանների ի հայտ գալու դեպքում դիմեն նախ և առաջ էնդոկրինոլոգին։

- Իսկ բուժումն ինչպե՞ս է կազմակերպվում։

- Բուժումը բավականին պարզ է, բայց ոչ հեշտ։ Թեթև դեպքերը բուժվում են ոչ-ստերոիդ հակաբորբուքային միջոցներով՝ իբուպրոֆենով և այդ շարքի պրեպարատներով։ Բայց հիվանդության միջին և ծանր դեպքերի ժամանակ բուժումը կազմակերպվում է հորմոնով՝ գլուկոկորտիկոիդներով՝մեդիպրեդով, դեքսամետազոնով, պրեդնիզոլոնով։ Ես հաճախ զուգահեռներ եմ անցկացնում կովիդային թոքաբորբի և ենթասուր թիրեոիդիտի միջև, երկուսն էլ վիրուսային բորբոքումներ են, երկու դեպքում էլ բուժումը իրականացվում է գլյուկոկորտիկոիդներով։

- Հիվանդությունը քրոնիկ բնու՞յթ է կրում։

- Ո՛չ:   Բուժումը ճիշտ կազմակերպելու դեպքում սովորաբար հիվանդությունը 2-3 ամիս հետո անցնում է, և անհետևանք վերանում։ Սակայն պրակտիկայում տեսնում ենք կրկնվող դեպքեր։ Այսինքն՝ դեղորայքի դոզան պակասեցնելուց հետո նորից վերադառնում են ախտանշանները՝ ցավ գեղձում, ջերմություն։ Այդ դեպքում դեղորայքի դոզան ավելացնում ենք և բուժումը շարունակում։ Պրակտիկայում ունեցել ենք դեպքեր, երբ հիվանդությունը տևել է  շուրջ  6 ամիս, հենց որ իջեցնում էինք դեղորայքի դոզան, հիվանդությունը կրկնվում էր։ Սրա պատճառը կարող է լինել ինչ-որ տեղ թաքնված ինֆեկցիան ՝  նշիկների բորբոքում, փչացած ատամ, քրոնիկ հայմորիտ, անգամ երիկամների բորոքում կամ անընդհատ տան մեջ շրջանառվող վիրուսները, ասենք տանը կան երեխաներ, որոնք դպրոցից, մանապարտեզից այդ վիրուսը բերում են և անգամ, եթե վիրուսի դրսևորում բուժառուի մոտ չի դիտվում, այն կարող է արտահայտվել հիվանդության նոր ալիքի բռնկմամբ։  Այս առումով միանշանակ ասել, որ դա հեշտ բուժվող հիվանդություն է և անցնում է երկու-երեք ամսում՝ չի կարելի։ Կարող է երկարել, բայց, ի վերջո, բուժվում է։ Իմ պրակտիկայում ամենաերկար դեպքը տևել է մոտ 8 ամիս։ Ճիշտ բուժումով, մի քիչ օրգանիզմի ուժերով, ուղեկցող ինֆեկցիոն հիվանդությունները բուժելով, ապրելակերպով հիվանդությունը  հաղթահարել ստացվում է։ Հազվադեպ հիվանդությունից հետո կարող է մնալ վահանաձև գեղձի թերֆունկիա և հիվանդը ստիպված լինի ամբողջ կյանքում ստանալ փոխարինող թերապիա՝  Լ-թիրոքսին։

- Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում  ենթասուր թիրեոտիդով։

 - Թերևս ավելի հաճա դիտվում է երիտասարդների և միջին տարիքի մարդկանց։ Թեև հատուկ տարիքային շեմ չկա։

- Բժշկուհի՛, քանի որ խոսում եք վահանաձև գեղձի խանգարումների մասին, խնդրում եմ պարզաբանեք՝ դա կարո՞ղ է մենստրուալ ցիկլի խանգարման պատճառ լինել։

- Միանշանակ, և առաջին գանգատը, որ կարող է առաջանալ երիտասարդ կնոջ մոտ վահանաձև գեղձի թերֆունկցիայի ժամանակ կամ դաշտանային ցիկլի խանգարումն է, կամ անպտղությունը: Տեսե՛ք, ռեգուլյար մենստրուալ ցիկլը ինդիվիդուալ է, ամեն 21-ից  36-րդ օրը նորմալ է։  Բայց երբ լինում է ցիկլի ուշացում, կամ դաշտանը ավելի շուտ է սկսվում՝ 10-15 օրը մեկ, կամ մեկ ամիս չի լինում և դա ռեգուլյար բնույթ է կրում, այդ դեպքում համարում ենք, որ կա խանգարում։  Պատճառը հայտնաբերելու համար հետազոտում ենք բոլոր հորմոնները, առաջի հերթին՝ վահանաձև գեղձի հորմոնները, ժխտում շաքարային դիաբետի առկայությունը, ստուգում ենք պրոլակտինի մակարդակը, մակերիկամների գործունեությունը։ ճարպակալումը ևս կարող է պատճառ լինել։ Եթե այս  օղակներից մեկում կա շեղում, կարգավորում է էնդոկրինոլոգը և արդյունքում դաշտանային ցիկլը կարգավորվում է, իսկ եթե շեղում չկա՝ պատճառը միգուցե ձվարանների սխալ աշխատանքն է, այդ դեպքում խնդրով զբաղվում է գինեկոլոգը: Գինեկոլոգների հետ համագործակցում ենք, ու, ցավոք սրտի, երբեմն տեսնում վաղաժամ կլիմաքս 20-25 տարեկան աղջիկների մոտ: Նախկինում նման խնդիրը խիստ հազվադեպ էր, այսօր՝ ավելի հաճախ։ Պատճառը միգուցե վերջին տասնամյակներին մեր ժողովրդի ավելի դժվարացած կենսակերպն է՝ պատերազմները, սթրեսները, սխալ սնունդը, ինչն էլ կարող է բերել ձվարանների վաղաժամ մարմանը:  Պետք է հատուկ  նշեմ, որ դաշտանային ցիկլի խանգարման դեպքում առաջին հերթին ճիշտ է դիմել էնդոկրինոլոգին։ Շատ հաճախ էնդոկրին դիսֆունկցիան շտկում ենք ու խնդիրը վերանում է։

- Հղիների մոտ դիտվու՞մ են էնդոկրին խանգարումներ։

- Մենք աշխատում ենք նաև հղիների պաթոլոգիայի բաժանմունքի հետ և մեր գինեկոլոգները բավականին զգոն են ու անպայման անհրաժեշտության դեպքում հղիին ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ։ Ու ստացվում է, որ իրենք չենք սխալվում։ Այնքան հաճախ է հայտնաբերվում վահանաձև գեղձի դիսֆունկցիա, որ կարծում եմ հղիների մոտ պետք է սքրինինգ արվի և որոշվի  ոչ միայն  ТSH-ը, այլև T4 ազատը՝ ազատ ֆրակցիան, ինչպես արվում է գլիկեմիայի սքրինինգ: Պարզվում է մեր հղիների մոտ 20%-ն ունի վահանաձև գեղձի դիսֆունկցիա և միգուցե այդ չբացահայտված դիսֆունկցիան է նաև նպաստում ուշ գեստոզների զարգացմանը։ Հատկապես բնորոշ է հիպոթերոքսինեմիան, երբ ТSH-ը նորմալ է, իսկ  ազատ թիրոքսինը իջնում է։ Մենք կորեկցում ենք, և, բնականաբար, հղիի գանգատներն անցնում են։

 Հաճախ է հայտնաբերվում հղիների մոտ նաև գեստացիոն շաքարային դիաբետը, երբ հղին չի ունեցել նախկինում շաքարային դիաբետ, սակայն հղիության ընթացքում ի հայտ է գալիս գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Սա կարող է ազդել պտղի զարգացման վրա, մասնավորապես պտուղը լինի խոշոր, հղին ունենա գերջրություն: Այս խնդրի շտկումը նույպես դրական ազդեցություն է ունենում հղիության ընթացքի և պտղի վրա և ամենակարևորը հուշում է հղիին, որ նա ռիսկի խմբում է և հետագայում կարող է ունենալ արդեն իսկական շաքարային դիաբետ։

- Հնարավոր է պրոբլեմի կրկնությու՞ն լինի հաջարդ հղիության ժամանակ։

- Հնարավոր է, բայց ոչ միշտ է միևնույն կնոջ մոտ բոլոր հղիությունների ժամանակ միևնույն էնդոկրին խնդիրն ի հայտ գալիս։ Պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ երբ առաջին հղիության ընթացքում ունենք վահանաձև գեղձի թերֆունկցիա, կամ գեստացիոն շաքարային դիաբետ, հաջորդ հղիության ընացքում կարող է լինել նույն խնդիրը, կարող է՝ոչ։ Պատահում է՝  երկու, երեք հղիություների ընթացքում էլ լինում է նույն խնդիրը։

Առհասարակ հղիությունը մի վիճակ է, որի ժամանակ կնոջ  բոլոր օրգանները, այդ թվում և էնդոկրին գեղձերը, պետք է գերլարված աշխատեն, ինչի արդյունքում բացահայտվում են թաքնված առողջական խնդիրները, այդ թվում  նաև վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի թաքնված թերֆունկցիաները, ինչը նորմալ պայմաններում՝ քիչ  հորմոն արտադրելու պահանջարկի պայմանններում, չի դրսևորվում։  Ուստի, երբ հղիության ընթացքում ինչ որ խնդիր է ի հայտ գալիս, կինը պետք է իմանա, որ դա իր <<թույլ տեղն է>> և մշտապես ուշադիր լինի։

- Բժշկուհի՛, ի՞նչ խնդիրների են բախվում էնդոկրինոլոգները աշխատանքյանին պրակտիկայում։

- Մենք շատ  լուրջ խնդիր ունենք։ Խոսքը, մասնավորապես,  առաջնակի դիմելության մասին է։ Հնարավոր է հիվանդն ունենա սրտխփոց, գլխապտույտ, դաշտանային ցիկլի խանգարում, ընդհանուր թուլություն և իր մտքով անգամ չանցնի, որ էնդոկրին խնդիր ունի, և էնդոկրինոլոգին դիմելու փոխարեն դիմում է սրտաբանին, նյարդաբանին, թերապևտին։ Բնակաբար, եթե բժիշկը  զգոն է հետազոտությունների միջոցով կհայտնաբերի խնդիրը։  Սակայն կարող են լինել դեպքեր, երբ հիվանդը երկար ժամանակ կարող է տառապել հիվանդությունից՝ չիմանալով դրա առկայության մասին։

Վերջերս մենք սրտաբանների հետ որոշեցինք ավելի  ուշադիր լինել և սկսեցինք վահանաձև գեղձի հորմոնների «սքրինինգ» անել սրտաբանական ստացիոնարում բուժում ստացող հիվանդների շրջանում։ Ու շատ հետաքրքիր բացահայտում եղավ։ Պարզվում է՝ վահանաձև գեղձի դիսֆունկցիա ունեն սրտաբանական բաժանմունքում ստացիոնար բուժում անցնող 10 հիվանդներից 1-2-ը, ընդ որում որոշների մոտ՝ խիստ արտահայտված հորմոնալ շեղումներով՝ վահանաձև գեղձը գրեթե չէր աշխատում կամ  ունեինք արտահայտված թիրեոտոքսիկոզ։

Խոսքս ուղղում եմ բուժառուներին՝ մի փոքր սրտխփոց, թեկուզ գլխապտույտ,  թուլություն ունենալու դեպքում ամպայման հետազոտել վահանաձև գեղձը։  Նույն վիճակն է նյարդաբանական ոլորտում՝ հիվանդն ունի կրկնվող թուլություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ,  բուժում է ստանում նյարդաբանի մոտ, բայց անգամ տեղյակ չէ, որ ունի վահանաձև գեղձի դիսֆունցիա։ 

-Այս պարագայում ո՞րն է ձեր ուղերձը թե՛ բժիշկներին, թե՛ բուժառուներին։

- Երբ նկատում են քաշի փոփոխություն, սրտխփոց, ալարկոտություն, գլխապտույտ, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ ճիշտ կլինի  ստուգել թիրեոտրոպ հորմոնը՝ TSH-ն: Ֆինանսաական տեսանկյունից ծախսը մեծ չէ, բայց հիվանդի համար բավականին հարցեր է լուծում։

- Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել էնդոկրինոլոգին՝ նկատի ունեմ պրոֆիլակտիկ տեսանկյունից։

- Տեսեք,  պրոֆիլակտիկի համար՝ եթե ունենք անպտղություն, դաշտանային ցիկլի խանգարում,  առաջին անալիզներից մեկը, որ պետք է անել  TSH-ն է։ Եթե մարդը պրակտիկ առողջ է, խնդիր չունի, բնականաբար իմաստ չկա էնդոկրինոլոգին դիմել։Եթե հիվանդի մոտ կա սրտխփոց, գլխապտույտ, թուլություն, կարելի է գոնե ժխտել վահանաձև գեղձի դիսֆունկցիան, այսինքն՝ մեկ անգամ գոնե դիմել։ Իսկ եթե արդեն հայտնաբերած է պաթոլոգիան, դիմելու հաճախականությունը  բժիշկն է որոշում։

-Իսկ ի՞նչ կասեք ավելորդ մազակալման մասին, այս խնդրով նույնպե՞ս էնդոկրինոլոգն է զբաղվում։

-Այո՛, մազակալումը նույպես էնդոկրին դիսֆունկցիայի հետևանք է։  Մազակալումը կարող է պատճառ լինել որոշակի գենետիկ առանձնահատկությունների, հատկապես մեր տարածաշրջանում, սակայն մի քիչ շատ արտահայտված մազակալման հետևում հաճախ թաքնված է լինում որևէ էնդոկրին խանգարում։ Այս դեպքում պետք է ստուգվի թե՛ պրոլակտինի մակարդակը թե՛ մակերիկամների գործունեությունը թե՛ վահանաձև գեղձը թե՛ ձվարանների գործունեությունը։ Մազակալման հաճախակի հանդիպող պատճառ է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը։ Եթե հայտնաբերվում է էնդոկրին համակարգի շեղումը և շտկվում է, ավելորդ մազերը կամ  ինքնուրույն թափվում են, կամ ավելի հաճախ՝ մազահեռացման կոսմետիկ միջոցները արդյունավետ են դառնում։

-Եվ վերջում մեր ավանդական հարցը՝  ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։

- Մաղթում եմ՝  առողջ լինեն, առողջ ապրեն, չչարաշահեն օրգանիզմի ռեզերվները, ժամանակիին քնեն, սթրեսի չենթարկվեն:

 էնդոկրինոլոգ

Կրթություն

 

1998-2004

Մխիթար հերացու անվան  Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ

2004-2006

Մխիթար հերացու անվան  Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա էնդոկրիլոլոգիա մասնագիտությամբ 

2016- մինչ այժմ

Մխիթար հերացու անվան  Երևանի պետական բժշկական համալսարան, ասպիրանտուրա(որպես հայցորդ)

Աշխատանքային փորձ

2007-2014  «Արմենիա» Բժշկական կենտրոն, էնդոկրինոլոգիայի բաժանմունք, որպես բժիշկ էնդոկրինոլոգ

2011-2014 համատեղության կարգով «Նորմեդ» ԲԿ, որպես բժիշկ էնդոկրինոլոգ

 2014- ից մինչ այսօր՝ «Աստղիկ» ԲԿ, որպես բժիշկ էնդոկրինոլոգ

(կոնսուլտանտ բաժանմունքներում, ծառայություն ամբուլատոր մասում)

Վերապատրաստումներ

2008թ.՝ Զալզբուրգ քաղաքում բշժկական սեմինար ներքին հիվանդություններից-

2015թ.՝ Մասկվայի Էնդոկրինոլոգիական Գիտական Կենտրոնում վերապատրաստման կուրս էնդոկրին գինեկոլոգիա առարկայից

2016թ.՝ Սանկտ Պետերուրգի ՕՏՏԱյի անվան Մանկաբարձության և Գինեկոլոգիայի ինստիտուտում վերապատրաստման դասընթաց գեստացիոն դիաբետ և շաքարային դիաբետով հղիների վարումը թեմայով:

2018թ. հունիսի 4-28 Վիեննայի գլխավոր հիվանդանոցի էնդոկրին բաժանմունքում օրդինատուրա:

2019թ.՝ Բուդապեշտում Եվրոպական Թիրոիդ Ասոցացիայի 42-րդ տարեկան հանդիպում, սեմինար

Լեզուների իմացություն

Կոմպյուտերային գիտելիքներ 

Մայրենի- հայերեն, Ռոսերեն, Անգլերեն

MS Windows , MS Word, MS Excel,  Internet

 

 
 

Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի. Զավեն Մելիքյան

Գաղտնիք չէ, որ ոսկրա-մկանային համակարգի հիվանդությունները զգալիորեն նվազեցնում են շարժողականությունն ու աշխատունակությունը։ Առողջապահության համաշխարհային կամզակերպության տվյալներով այս համակարգի հիվանդություններով աշխարհում տառապում է մոտ 1,71 մլրդ մարդ։  

Հայաստանի ազգաբնակչության շրջանում ևս այս հիվանդությունները մեծ տարածում ունեն՝ անկախ տարիքային շեմից։ Հենց այստեղ էլ օգնության է հասնում վնասվածքաբանը։

 Նաիրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար  Զավեն Մելիքյանը  http://bestgroup.am/ հետ զրույցում նշում է, որ հենաշարժական համակարգի հետ կապված շատ խնդիրներով են իրեն դիմում՝ մենիսկի ախտաբանություն, ոսկրա-մկանային վնասվածքներ, ներհոդային կոտրվածքներ, ազդրի վզիկի կոտրվածք, հոդերի դիսպլազիա, ոսկրային կամ փափուկ հյուսվածքային նորագոյացություններ, կիստաներ և այլն։ Սակայն  բազմափորձ բժիշկը փաստում է՝ ամենաշատը դիմում են արթրոզներով և կոտրվածքներով։

Իր աշխատանքին նվիրված բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին շատ բան կարող են պատմել իր բուժառուները: Մասնագիտական բարձր կարողություններով երիտասարդ,  եռանդուն ու բանիմաց բժիշկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝  կիրառելով ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորություննեը, պատրաստ է ամեն ջանք գործադրել՝ իր օգնությանն ապավինած բուժառուներին լիարժեք ապրելու և կյանքը լիաթոք վայելելու հնարավորություն ստեղծելու համար։

Իսկ խոսելով բժիշկ-բուժառու հարաբերությունների մասին՝ բժիշկ Մելիքյանը մատնանշում է․ «Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին»։

-Բժի՛շկ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։ Որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ձեր աշխատանքով։

-2006 թվականին ավատել եմ ԵՊԲՀ-ն, որից հետո Էրեբունի հիվանդանոցում անցել եմ կլինիկական օրդինատուրան՝ վնասվածքաբանության և օրթոպետիայի բաժանմունքում՝ 3 տարի, դրանից հետո էլ սկսել եմ աշխատել։ Օրդիանատուրայի ընթացում էլ բավականին աշխատել եմ իմ մասնագիտությամբ,  բայց ինքնուրույն սկսել եմ 2010 թվականից՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում,  որից հետո տեղափոխվել եմ Նաիրի ԲԿ։

- Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց այս մասնագիտությունը։

- Չեմ կարող ասել, չգիտեմ (ժպտում է, խմբ․)։ Տրավմատոլոգիան միշտ սիրել եմ, եթե հիմա հարց տայիք, թե տրավմատոլոգ չդառնայի՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեի բժշկության մեջ, երևի կդժվարանամ ասել։

- Բժի՛շկ, ովքե՞ր են Ձեր հիվանդները։

- Շատ բուժառուներ են դիմում, ամենաբազմազան խնդրներով։ Բայց զուտ մասնագիտական մասով եթե առանձնացնենք՝ հիմնականում արթրոզներով՝ հոդերի մաշվածության խնդիրներով, և կոտրվածքներով՝ ամենատարբեր, ամենաբազմաբնույթ ամենապարզից մինչև ամենաբարդ։ Հենաշարժական համակարգի հետ կապված շատ հարցերով են դիմում։

- Ինչո՞վ է բացատրվում արթրոզներով դիմելության բարձր լինել։

-Դժվար է ասել։ Ես չեմ կարող ասել՝  նախկինում դիմելությունն ինչքան է եղել, կամ ավելացե՞լ է թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նախկինում ավելի քիչ է եղել, բայց դա  նաև դիագնոստիկայով կարող է պայմանավորված լինել։ Համենայն դեպս բնակչության հիվանդությունների  մեջ քիչ մաս չի կազմում։  Բուն արթրոզի պատճառներ չեմ կարող առանձնացնել,  որովհետև դրանք շատ-շատ են՝ սննդակարգից սկսած կենսակերպով վերջացրած։ Համարվում է ենթաաճարային մակարդակում նյութափոխանակության խանգարում, որի հետևանքով սկսվում է աճառի սնուցումը տուժել, նաև  սինովիալ հեղուկը պակասում է, որն էլ բերում է աճառների սնուցման վատացման։

- Հնարավո՞ր է լինովին բուժել արթրոզը։

- Արթրոզը բուժում չունի։ Միակ վերջնական ռադիկալ բուժումը էնդոպրոթեզավորումն է։ Լինում են դեպքեր, երբ դեռ էնդոպրոթեզավորում անելու ենթակա չէ հոդը։ Այդ դեպքում փորձում ենք հիվանդին ուղղորդել ոչ վիրահատական  բուժումներին, որը հիվանդին հնարավորություն է տալիս ավելի հարմարավետ զգալ, ցավեր չունենալ,  շարժողականության ու աշխատունակության վրա  հնարավորինս չազդի։ Դա կարող է լինել դեղորայքային բուժում, ֆիզիոթերապևտիկ բուժում՝ նայած՝ որ մոտեցումը ավելի օգտակար կլինի։

 -Ավելի հաճախ ո՞ր  փուլում են դիմում։

- Ամենատարբեր՝ սկզբնական շրջանից մինչև ամենածանր վիճակը։ Մարդիկ տարբեր բնավորություն ունեն։  Մարդու բնավորությունից է կախված՝ թե իր հետ ինչպես  կաշխատենք։ Դրական աուրայով բուժառուների հետ բնականաբար հեշտ է աշխատել, բուժման ընթացքն էլ շատ ավելի լավ է ընթանում։ Իսկ մարդիկ կան՝ավելի նեգատիվ տրամադրվածություն ունեն և իրենց մոտ, որպես կանոն, բուժման պրոցեսը բարդ է ընթանում։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի (ժպտում է, խմբ․)։  Բուժառուն առաջին հերթին պետք է վստահի բժշկին, որ բժիշկն էլ անկաշկանդ բուժի։ Եվ դա  պետք է փոխադարձ լինի՝ բժիշկն էլ պետք է բուժառուին վստահի։ Փոխադարձ վստահության հիման վրա աշխատանքի արդյունքն ավելի լավ է լինում։

-Եվ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

-Ամենակարևորը՝ առողջություն և հաջողություն։ Թող հաջողակ լինեն ամե՛ն գործի մեջ։

44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք

Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր  տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց ու վերածվում է ապրելակերպի:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ, ընտրել է բժշկի մասնագիտությունը եւ երբեք չի զղջացել, առաջնորդվել է իր եւ այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Նման մասնագետը, բնականաբար, չի կարող սիրված չլինել պացիենտների, հասարակության կողմից:

 -Ի՞նչն եք համարում ամենաէականը բժշկի մասնագիտության մեջ:

 -Առաջնահերթը համարում եմ գիտելիքները եւ աշխատանքային փորձը, այնուհետեւ՝ սերը մասնագիտության ու մարդու հանդեպ եւ, ի վերջո, համբերատարությունը։

 -Ի՞նչ կասեք Ձեր՝ մարդ-բժիշկ էության  մասին:

 -Սեփական անձի մասին, առհասարակ, խոսել չեմ սիրում եւ կարծում եմ՝ կերպարս ինձ ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Երեւի ամենահատկանշականն այն է, որ միշտ ձգտում եմ լավագույնին, եւ ինձ համար ամենաանընդունելի կարգավիճակը ցանկացած պարագայում միջակությունն է: Ուստի պահանջկոտ եմ թե՛ ինքս իմ, թե՛ դիմացինի, բոլորի   նկատմամբ, ովքեր իմ՝ լավագույն արդյունքի հասնելու գործում նույնիսկ չնչին մասնակցություն ունեն։ Օրվա ամենասիրելի ժամանակահատվածն ինձ համար պացիենտներին լսելն ու նրանց հետ զրուցելն է, որն իմ աշխատանքի շարունակությունն է: Յուրաքանչյուրից այնքան բան կարելի է սովորել: Եվ, ի վերջո, երբ լսում ես նրանց պատմությունները կամ գուցե նաեւ՝ խնդիրները, զգում ես, որ արդեն իսկ աջակցում ես թեկուզ միայն լսելով կամ խորհուրդներ տալով։ 

-Ձեր արմատներոմ կա՞ն բժիշկներ:

-Ոչ, իմ արմատներում չկան բժիշկներ, ու նաեւ դա ինձ դրդեց ընտրել բժշկության ոլորտը, որ կարողանամ իմ հարազատներին օգնել առողջական խնդիրների դեպքում: 

 -Ունենո՞ւմ եք հիասթափություններ կյանքում, աշխատանքային միջավայրում եւ ինչպե՞ս եք դուրս գալիս դժվարին, բարդ իրավիճակներից:

 -Երիտասարդ տարիքում հիասթափություններ հաճախ էին լինում: Սակայն տարիների փորձառությունը, իմացությունը օգնում են նաեւ կյանքին, դժվարություններին այլ կերպ վերաբերվել եւ դիմանալ: Բացի այդ, մասնագիտական դժվարին պահերին խորհրդակցում եմ ավագ գործընկերներիս հետ, իսկ կյանքում խորհրդատու են ընտանիքիս անդամները։  Այնպես որ, հիմա հիասթափությունները, անկումային պահերը հազվադեպ են։

- Ձեր երեխաները բժշկի մասնագիտությո՞ւն են ընտրել:

-Անկեղծորեն ասեմ, որ ես եմ աղջկաս հետ կանգնեցրել բժշկությունից: Ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը, ու, եթե ինձ կրկին մասնագիտություն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, միանշանակ կընտրեի բժշկության ոլորտը: Բայց, նաեւ տեսնելով դրա հետ կապված ահռելի դժվարությունները, չեմ ցանկանա՝ իմ աղջիկն էլ անցնի այդ նույն ճանապարհով, որը ընտանիքի հետ դժվար համատեղելի է:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում համակարգչային շերտագրումը:

-Համակարգչային շերտագրումն (ՀՇ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է՝ հիմնված ռենտգենյան ճառագայթների վրա: Ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա համակարգչային մշակումներ,  տալիս է օրգան-համակարգերի ամբողջական պատկերը՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիական փոփոխությունները:

Համակարգչային շերտագրման միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղում, կրծքավանդակի եւ որովայնի խոռոչների օրգաններում, հետորովայնամզային տարածությունում եւ փոքր կոնքում, անոթներում, քիթ-կոկորդ-ականջ օրգաններում, ոսկրերում ու հոդերում, ինչպես նաեւ ողնաշարում առկա ախտաբանական շատ փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ: Այն բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ եւ չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, դրանց բնույթը, տարածվածության աստիճանը եւ անոթավորումը  որոշելու համար:

Համակարգչային շերտագրում իրականացնելու բացարձակ հակացուցումներ չկան, իսկ հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են` ալերգիկ հիվանդություններ (հատկապես՝ բրոնխիալ ասթմա), յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա, երիկամային անբավարարություն, հղիություն, վահանաձեւ գեղձի հիպերթիրեոզ: Համակարգչային շերտագրումը բավականին ինֆորմատիվություն ունի, սակայն չենք կարող այն համարել մեզ ամբողջական ինֆորմացիա տվող հետազոտման մեթոդ: Այդ առումով առաջինը բժշկի ուղեղն է, ապա նոր միայն՝ այդ մեթոդները: Իսկ ընդհանրապես ուռուցքը հայտնաբերելու առումով բազմաթիվ նրբություններ կան:

Ասեմ, որ COVID-19-ի համար համակարգչային շերտագրման ժամանակ կոնտրաստ նյութ կիրառել անհրաժեշտ չէ, քանի որ առանց դրա էլ համակարգչային շերտագրությունը տալիս է հստակ պատկեր: Այն շատ ինֆորմատիվ է թոքերի ախտահարման աստիճանը եւ բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Իհարկե, ես կողմնակից եմ պատվաստմանը, քանի որ մեզ փորձը ցույց տվեց, որ պատվաստված մարդկանց մոտ մահացության տոկոսը բավականին ցածր է:

Մեր բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով, այստեղ իրականացվում են եվրոպական ստանդարտներին բացարձակապես չզիջող հետազոտություններ: Եվ ես կցանկանայի, որ հանրությունը ավելի լուրջ վերաբերվի հետազոտություններին, վստահի բժիշկներին եւ հետազոտվի միայն բժշկի ցուցումով:

-Որքա՞ն ժամանակը մեկ կարող է իրականացվել համակարգչային շերտագրումը:

-Ամեն դեպքում մենք գործ ունենք բարձր դոզայով ճառագայթման հետ, եւ ՀՇ-ն պետք է պարտադիր լինի բժշկի ցուցումով: Տարեկան ճառագայթման դոզա գոյությունի ունի, որի սահմանը պետք չէ անցնել: Իհարկե, լինում են ծանր դեպքեր, երբ շերտագրման անհրաժեշտությունը ավելի կարեւոր է, քան այդ դոզայի չափը: Մենք կիրառում ենք ծրագրեր, որոնք առավելագույն չափով պակասեցնում են ճառագայթման  չափը:

-Երբ հիվանդի մոտ ախտորոշվում է  չարորակ գոյացություն, Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է նրան հայտնել այդ մասին:

-Իհարկե, արգելելու կամ հայտնելու առումով գործող օրենք գոյություն չունի մեր հանրապետությունում, եւ դա արվում է զուտ  մարդկայնորեն: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում ասել պացիենտին այդ մասին՝ աշխատելով հոգեբանորեն չազդել նրա վրա:

-Ըստ Ձեզ, մեր երկրում ռադիոլոգիան ի՞նչ մակարդակ ունի:

-Վստահ կարող եմ ասել, որ մեր ռադիոլոգիան առաջատար դիրքերում է գտնվում, եւ ես բարձր եմ գնահատում մեր խոշորագույն կլինիկանների մասնագետների անձնվեր, անմնացորդ նվիրված աշխատանքը, քանի որ միանշանակ ճշգրիտ ախտորոշումից է կախված բուժման հետագա ընթացքը:

-Ի՞նչ կասեք ձեր կլինիկայի երիտասարդ կադրերի մասին:

-Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են թե՛ թերացողներ, թե՛ ձգտող-պրպտողներ: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ հենց այդ ձգտող-պրպտողներն ապագայում իրենց մասնագիտության մեջ կլինեն առաջատար դիրքերում, քանի որ նաեւ նրանց հնարավորություններն են ավելի շատ, քան մեր ժամանակներում էր: Նկատի ունեմ թե՛ հարուստ գրականությունը, թե՛ ինտերնետ պորտալը: Այժմ՝ COVID 19-ի շրջանում, առցանց շփումներն են շատացել, եւ մասնագետներին հնարավորություն է ընձեռվում առցանց մասնակցել միջազգային կոնֆերանսների: Իսկ նախկինում միայն վերապատրաստումներն էին արտերկրում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք եւ կհորդորեք հասարակությանը:

-Մենք այս մեկ տարվա ընցացքում ունեցանք բավականին մեծ մարդկային ու նաեւ հոգեբանական կորուստներ պատերազմի ու համավարակի հետեւանքով, եւ ես շատ եմ խնդրում  մեր հասարակությանը ավելի շատ հետեւել առողջությանը. ամեն անհատ պետք է հայ ազգի գոյատեւման մասնիկը լինի: Կցանկանամ, որ մեր առողջապահական ոլորտը ավելի շատ ֆինանսավորվի, որպեսզի հիվանդը սոցիալական ծանր վիճակի պատճառով չխուսափի գոնե տարին մեկ անգամ հետազոտվելուց, որպեսզի մեզ չդիմեն հիվանդության բարդացած փուլում, երբ արդեն ուշ է լինում ինչ-որ բան անել բուժման լավագույն ընթացքի համար: Հայ կանանց, մայրերին հորդորում եմ ծնելիության մակարդակը բարձրացնել, որպեսզի նաեւ այդպես մեր հայ ազգին օգնենք վերականգնվել: Ես Արցախի ծնունդ եմ, տարա հոգեբանական սարսափելի սթրես ու չեմ կարող բառերով արտահայտել ցավս եւ ցասումս: 44-օրյա պատերազմն իր դառնագին հետքը թողեց մեր կյանքում, հնչեցրեց ահազանգ, որ միմյանց նկատմամբ ավելի ներողամիտ լինենք: Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող հաղթահարվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Բայց պատերազմի մասին հիշողությունը միայն վիշտ չէ: Դա հիշողություն է թեժ մարտերի, մեր զինվորների խիզախության ու սխրանքների մասին, իրենց որդիներին առաջնագիծ ճանապարհած մայրերի անքուն գիշերների եւ նրանց տոկունության մասին…

 Համբերություն ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս:

Բացառիկ վիրահատություն Հայաստանում. Արման Կարապետյանը կատարում է փոքր կոնքի օրգանների պրոլապսի ուղղում

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես բժշկությունը զարգանում է մեծ հաջողությամբ՝ օրըստօրե կատարելագործելով տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներն ու եղանակները:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր երկրում արդեն կատարվում են փոքր կոնքի օրգանների պրոլապսի ուղղման բացառիկ վիրահատություններ:

Այսպես՝ արգանդի և հեշտոցի պատերի իջեցման վերականգնման նպատակով «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Կարապետյանն էնդոսկոպիկ եղանակով իրականացնում է այնպիսի միջամտություն, ինչպիսիք են պեկտոպեքսիան, սակրովագինոպեքսիան պոլիպրոպիլենային ցանցի կիրառմամբ:

Այս վիրահատությունները համարվում են ամենաարդյունավետը նման պաթոլոգիաների դեպքում:

Սրանք փակ վիրահատություններ են, որոնց ընթացքը, ի տարբերություն բաց վիրահատությունների, շատ ավելի կարճ է, իսկ հետվիրահատական շրջանում հիվանդը ցավային համախտանիշ չի ունենում, ինչը բերում է նրա կյանքի որակի բարձրացմանը:

Եթե ունեք համապատասխան գանգատներ, համարձակ դիմեք Հայաստանում նման վիրահատություններն իրականություն դարձնող և դրանց շնորհիվ բազմաթիվ կանանց կյանքի որակը դեպի լավը փոխելուն ուղղված հստակ քայլեր կատարող բանիմաց ու գրագետ բժիշկ Արման Կարապետյանին:

Բժշկին կարող եք այցելել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ +374 91-47-56-01

Եթե մարդ կոմպլեքսավորվում է իր արտաքին տեսքի պատճառով, պետք է պարտադիր դիմի բժշկի. Մեսրոպ Մանասյան

Անշուշտ, առողջությունն ամենաթանկն է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև արտաքին գեղեցկությունը, իսկ առողջության ու գեղեցկության համադրությունը կարող է երկնել երջանկություն:

Արդեն վաղուց տարօրինակ կամ արտասովոր ոչինչ չկա այն բանում, որ մարդը դիմում է բժշկի ոչ միայն և ոչ թե բուժման, այլ զուտ արտաքին գեղեցկության ապահովման նպատակով: Այս պարագայում ահռելի գործ են կատարում հատկապես դիմածնոտային վիրաբույժները: Չէ՞ որ հենց նրանք են կատարում ռինոպլաստիկա՝ քթի վիրահատություն, որն այնքան տարածված է այսօր թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում՝ առհասարակ:

Ոմանց չի գոհացնում սեփական արտաքին տեսքը, ոմանք էլ պարզապես ցանկանում են նմանվել այս կամ այն երգչին, դերասանին, և այս նպատակով նրանց քայլերն ուղղվում են դեպի համապատասխան մասնագետը, որն էլ պարգևում է նրանց ինքնավստահ զգալու բերկրանքը:

Դիմածնոտային վիրաբույժ, օրթոդոնտ, «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ, Օրթոպեդիկ հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ, Մասիսի և Աբովյանի բժշկական կենտրոնների դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Օրթոդոնտների ասոցիացիայի անդամ Մեսրոպ Մանասյանը երիտասարդ, սակայն արդեն բավականին հմուտ բժիշկ է, որն այսօր մեծ հաջողությամբ ու ամենայն պատասխանատվությամբ աշխատում է  թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների հետ՝ կատարելով ոչ միայն էսթետիկ շտկումներ, այլև վիրահատություններ՝ բուժման նպատակով՝ կիրառելով ժամանակակից սարքավորումների ամենավերջին նորությունները:

Ինչպես մեր ընթերցողներն արդեն կռահեցին՝ http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Մեսրոպ Մանասյանը:

-Պարոն Մանասյան, Ձեր գործունեության շրջանակն այնքան լայն է, հետաքրքիր է, Ձեզ առավելապես ի՞նչ խնդիրներով են դիմում:

-Շատ տարբեր խնդիրներով՝ դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ՝ աբսցես, ֆլեգմոնա, կիստաներ, շատ հաճախ ուռուցքներ ենք հեռացնում, թքագեղձերի խնդիրներ, ծնոտի անոմալիաներ, բայց ամենից հաճախ, իհարկե, դիմում են ռինոպլաստիկայի համար, ինչպես նաև՝ ատամնային իմպլանտացիայի:

-Ատամի իմպլանտացիան ի՞նչ նպատակներով է արվում՝ բուժմա՞ն, թե՞ էսթետիկ շտկման:

-Ատամի բացակայության դեպքում է կատարվում, սովորական պրոթեզավորման հետ համեմատած՝ սրա առավելությունն այն է, որ առանց կողքի ատամները վնասելու՝ իմպլանտը դրվում է ծնոտի ոսկրի մեջ, որի վրա հետագայում ստոմատոլոգը հավաքում է ատամ… Ես «Մանասյան» դենտալ կլինիկայի տնօրենն եմ, մենք ունենք շատ լավ ստոմատոլոգներ, նեղ մասնագիտացված օրթոպեդներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգներ, և վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվում են «Մանասյան» դենտալ կլինիկայում:

-Դուք երեխաների հետ աշխատու՞մ եք:

-Իհարկե, երեխաներին վիրահատում ենք շնչառական գանգատների, տարբեր նորագոյացությունների և շատ այլ խնդիրների դեպքում: Այս պահին պացիենտ ունենք՝ 14 տարեկան, ծնոտի չորրորդ սեգմենտում մեծ կիստա կա՝ 3 սմ երկարությամբ, 2 սմ բարձրությամբ, պետք է հեռացնենք այն:

-Երեխաների խնդիրները բնածի՞ն են լինում, թե՞ ձեռքբերովի:

-Տվյալ դեպքում՝ ատամնածին ծագում ունի այդ կիստան, կապված է սխալ բուժված ատամի հետ, բայց բնածին էլ են լինում, ձեռքբերովի էլ, ծնոտների հետ կապված խնդիրներ, տարբեր կիստաներ, բորբոքային հիվանդություններ, անոմալիաներ, նապաստակի շրթունք՝ երեխաների մոտ…

-Իսկ Ձեզ համար ավելի հեշտ է երեխաների՞ հետ աշխատել, թե՞ մեծահասակների:

-Ինձ ավելի հեշտ է իմ մասնագիտությամբ աշխատել (ծիծաղում է-խմբ.), նշանակություն չունի՝ երեխա, թե մեծ:

-Անդրադառնանք քթի պլաստիկ վիրահատություններին: Ամենից հաճախ ո՞ր դեպքերում են դիմում՝ խնդիրների առկայությա՞ն, թե՞ էսթետիկ շտկման:

-Հիմնականում էսթետիկ շտկման համար են դիմում, բայց ուղիղ, իդեալական քթի միջնապատ չի լինում՝ որպես այդպիսին: Շատ դեպքերում, երբ քիթը փոքրացնում ենք, սկսում են արտահայտվել շնչառական գանգատները, այդ պատճառով մենք նաև միջնապատի խնդիրն ենք լուծում՝ ուղղում ենք, այսինքն՝ նաև ֆունկցիոնալ խնդիրներն ենք վերացնում, որպեսզի հետագայում՝ քթի պլաստիկայից հետո, պացիենտները չունենան շնչառական գանգատներ: Երևի շատ եք լսել, որ պացիենտները բողոքում են, որ պլաստիկայից հետո շնչառական խնդիրներ են ունենում: Մեզ մոտ դա չի լինում, որովհետև նաև ֆունկցիան ենք շտկում: Բայց նաև շատ են դիմում միայն ֆունկցիոնալ խնդիրը շտկելու համար՝ քթի կոտրվածք, ծուռ միջնապատ, այտուցված հիպերտրոֆիկ խեցիների, հայմորյան ծոցերի բորբոքման դեպքերում և այլն, և շատ մեծ հաջողությամբ նաև այս խնդիրներն ենք լուծում:

-Պարոն Մանասյան, ճի՞շտ է, որ մեր օրերում տղամարդիկ սկսել են հաճախ դիմել քթի վիրահատության՝ զուտ էսթետիկ նկատառումներով:

-Հենց այսօր մի տղամարդու եմ վիրահատել:

-Իսկ պատահու՞մ է, որ պացիենտը ցանկանում է որևէ կոնկրետ տիպի քիթ:

-Այո, իհարկե, կոնկրետ այսօրվա պացիենտը Բրեդ Փիթի քիթն է ուզել, 17 տարեկան տղա է: Հիմնականում, սակայն, բարենպաստ տարիքը 18-35 տարեկանն է, բայց խիստ ցուցման դեպքում նաև ավելի շուտ ենք վիրահատում: Այս տղայի քիթը լիովին փակ էր, բերանով էր շնչում, դա արդեն խիստ ցուցում է, որի դեպքում նաև 16 տարեկանից հետո ենք վիրահատում:

-Բացի Բրեդ Փիթից՝ է՞լ ում քիթն են «պատվիրում» պացիենտները:

-Անահիտ Սիմոնյանի քիթն են շատ ուզում, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ աստղերի՝ երգիչ-երգչուհիների ու դերասանների, բայց հիմնականում ֆոտոմոդելավորում ենք, առաջարկում ենք տարբերակներ, սակայն վերջում, իհարկե, պացիենտի ցանկությամբ ենք առաջնորդվում:

-Իսկ հիմնականում ո՞ր տարիքի կանայք են դիմում այս հարցով:

-Տարբեր տարիքների, նույնիսկ 63 տարեկան կնոջ եմ վիրահատել:

-Նկատի ունեմ ոչ թե խնդրի դեպքում, այլ զուտ էսթետիկ:

-Այո, հենց էսթետիկ շտկման համար:

-Խնդրում եմ, անդրադարձեք նաև հետվիրահատական վերականգնողական շրջանին:

-Վիրահատությունից հետո քթի մեջ սիլիկոնային տամպոններ ենք տեղադրում, որոնք առաջվա մեծ տամպոնները չեն, փոքր են, քթի վրա ոչ թե գիպս ենք տեղադրում, այլ թերմոպլաստ, որը ժամանակակից մեթոդ է: Սիլիկոնային տամպոնները հեռացնում ենք հիմնականում երկու օր հետո, իսկ թերմոպլաստը՝ ինն օր հետո: Միջնապատի շտկումների դեպքում նաև հատուկ սպլինտներ ենք տեղադրում, որոնք երկու շաբաթ մնում են, որպեսզի քթի միջնապատն ուղիղ ձևավորվի: Հիմնական այտուցները երկու ամսվա ընթացքում նստում են, բայց քթի վերջնական ձևը ստանում ենք մեկ տարի հետո, քանի որ քիթը խիտ անոթավորված օրգան է, և իր այտուցները փոքր-ինչ դանդաղ են նստում:

-Բժի՛շկ, պատահու՞մ է, որ պացիենտը դժգոհ է մնում և արդեն իսկ վիրահատած քիթը երկրորդ անգամ է վիրահատում:

-Շատ հազվադեպ է լինում, բայց լինում է. ոչ թե դժգոհ են մնում, այլ իրենց սպասումներն արդարացած չեն լինում: Օրինակ՝ շատ մեծ քիթը չենք կարող միանգամից շատ փոքրացնել, որովհետև քթի աճառները, ոսկրերը փոքրացնում ենք, բայց մաշկը չենք հատում, մաշկն ինքնըստինքյան պետք է կրճատվի, իսկ եթե շատ մեծ քիթը շատ փոքրացնում ես, մաշկը լավ չի հասցնում կրճատվել և գեղեցիկ չի լինում, դրա համար շատ դեպքերում շատ փոքր քիթ են ցանկանում, որը միանգամից շատ չենք կարող փոքրացնել: Իհարկե, պացիենտներին այս ամենը բացատրում ենք, բայց լինում են դեպքեր, երբ երկրորդ անգամ են գալիս վիրահատվելու, որ ավելի փոքրացնեն: Ի դեպ՝ հաստ ու յուղոտ մաշկն ավելի դժվար է կրճատվում…

-Անդրադառնանք նաև ատամների հետ կապված խնդիրներին: «Մանասյան» դենտալ կլինիկայում ի՞նչ նորույթներ են կիրառվում այս բնագավառում:

-Մեզ մոտ ամենաժամանակակից տեխնոլոգիաներն են կիրառվում, ունենք իմպլանտացիայի համար սարքավորումներ, լուսային սպիտակեցման սարքավորումներ, ատամի արմատների բուժման համար էնդոմատոր, ապեքսլոկատոր, ունենք նաև ռադիովիզիոգրաֆ և պորտատիվ ռենտգեն սարք, որը հարմար է այնքանով, որ հիվանդը տեղից չի վեր կենում, ճառագայթումը հավասար է զրոյի, ցուցված է նաև երեխաներին ու հղիներին: Ունենք նաև տեխնիկական լաբորատորիա, կլինիկայում կատարվում են ամենաժամանակակից բուժումները՝ պրես կերամիկա, վինիրներ, իմպալնտացիա, տարբեր կոնստրուկցիաներ, կատարվում են նաև օրթոդոնտիկ բուժում, ատամների անոմալիաների շտկում՝ ցանկացած բարդության…

-Պարոն Մանասյան, ցավից բացի՝ մարդու մոտ ի՞նչ խնդիր պիտի լինի, որ դիմի բժշկի:

-Ճիշտ է, Հայաստանում դա ընդունված չէ, բայց ընդհանրապես՝ վեց ամիսը մեկ մարդը պետք է գա ստուգման, ատամնաքարերը մաքրի, հիմնականում դրա պատճառով են խնդիրներ առաջանում մարդկանց մոտ՝ լինդն է բորբոքվում, իջնում է ոսկրային հյուսվածքը, ատամներն են թուլանում…

-Դա միայն մեծահասակների՞ն է վերաբերում:

-Բոլորին, նաև երեխաներին, տեսած կլինեք երեխաների՝ սևացած ատամներով, դա հենց այն պատճառով է, որ ժամանակին չեն դիմում: Ցանկացած սոմատիկ համակարգային հիվանդություն անդրադառնում է ատամների և բերանի խոռոչի վրա:

-Իսկ կա՞ կոնկրետ հիվանդություն, որի ցուցիչը ատամների կամ բերանի խոռոչի այս կամ այն խնդիրն է:

-Այո, իհարկե, ՁԻԱՀ-ի դեպքում է արտահայտվում բերանի խոռոչում, տուբերկուլյոզի, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների:

-Բժի՛շկ, Ձեր սենյակում բազաթիվ վկայագրեր, վկայականներ կան… Վերապատրաստումների վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Փորձում ենք հետ չմնալ, մասնակցում ենք կոնֆերանսների, սեմինարների:

-Իսկ նորությունները մեր երկիր ճիշտ ժամանակի՞ն են հասնում:

-Մենք նաև արտասահմանյան մասնագետներին ենք հետևում, գրքեր ենք ընթերցում, օնլայն վեբինարներ ենք դիտում:

-Նկատի ունեմ ոչ միայն Ձեր կլինիկան, այլև՝ առհասարակ. Հայաստանը Ձեր ոլորտի առումով հետ չի՞ մնում:

-Կոնկրետ մեր ոլորտի մասնագետները Եվրոպական դիմածնոտային վիրաբույժների միության հետ կապված են, և երբ Եվրոպայում կամ աշխարհում նորություններ են լինում, մենք անպայման դրանց մասին իմանում ենք ու հետ չենք մնում: Շատ դեպքում նույնիսկ մեր պացիենտներն են արտասահմանից գալիս, հատկապես ռինոպլաստիկայի համար են շատ դիմում:

-Դա, ինչպես ենթադրում եմ, ոչ միայն որակի հետ է կապված, այլև՝ մատչելիությա՞ն:

-Այո, մատչելիության համար էլ, բայց Հայաստանում ավելի որակով է, որովհետև քթի վիրահատություն շատ ենք անում, ու մեզ մոտ դա լավ է ստացվում:

-Ինչն է Ձեր մասնագիտության մեջ Ձեզ համար ամենաբարդը, հատկապես՝ պացիենտների հետ շփման առումով:

-Բարդ բան չկա (ժպտում է-խմբ.): Ճիշտն ասած՝ ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ բոլորի հետ էլ լեզու եմ գտնում, խնդիրներ չեն առաջանում, պացիենտներն էլ գոհ են: Ինչ վերաբերում է երեխաների հետ շփմանը, ես, որպես օրթոդոնտ, նրանց հետ շատ եմ աշխատում, դրա համար համապատասխան պրակտիկան, մարտավարությունը գիտեմ: Ցանկացած բժիշկ պիտի նաև հոգեբան լինի:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

-Առողջությունն ամենաթանկ բանն է, ինչպես նաև շատ կարևոր է գեղեցկությունը: Եթե մարդ կոմպլեքսավորվում է իր արտաքին տեսքի պատճառով, պետք է պարտադիր դիմի բժշկի և չամաչի դրանից՝ ավելի ինքնավստահ ու երջանիկ լինելու համար:

Ճարպակալում կամ նախադիաբետի շրջան

Բժիշկները նշում են, որ հավելյալ յուրաքանչյուր մեկ կիլոգրամը դիաբետի առաջանալու հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով: Եվ իսկապես՝ ճարպակալումը կարելի է համարել մերօրյա չարիքներից մեկը: Դրա պատճառները տարբեր են, սակայն հիմնական խնդիրն այն է, որ ճարպակալումը մեծապես ազդում է կյանքի որակի վրա՝ առաջացնելով սովորական անհարմարավետությունից ընդհուպ մինչև հիվանդություններ:

Իսկ այն մասին, թե ինչ կարող է լինել ճարպակալման հետևանքով, Bestgroup.am-ը զրուցել է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:

-Տիկին Աղաբաբյան, ի՞նչ է մետաբոլիկ համախտանիշը, և ի՞նչ դեր ունի ճարպակալումը:

-Մետաբոլիկ համախտանիշը մի քանի անվանում ունի, որոնցից մեկը «մահացու քառյակն» է՝ ճարպակալում, ինսուլինի քանակի ավելացում, որը հետագայում բերում է շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշում, նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումներ: Այս չորս գործոնները միասին համարվում են մետաբոլիկ համախտանիշ։

Ըստ ԱՀԿ-ի՝ ինսուլինոռեզիստենտականություն ունեցողները կազմում են 50-60 մլն, աշխարհում սա, իհարկե, համարվում է նախադիաբետի փուլ, այսինքն՝ եթե այս փուլում չկանխվի, հաջորդ քայլին այն վերածվելու է դիաբետի:

Ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունը համարվում է ճարպակալման, 2-րդ տիպի դիաբետի, ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառներից մեկը։ Ինչպես և երկրորդ տիպի շաքարային դիաբետը և քովիդը, ճարպակալումը նույնպես համարվում է 21-րդ դարի պանդեմիա: Ի դեպ՝ ինչպես կյանքը ցույց տվեց՝ կորոնավիրուսն ավելի ծանր տարան երկրորդ տիպի դիաբետ ու ճարպակալում ունեցող մարդիկ:

Ապացուցվել է, որ այն կանայք, որոնք ունեն ճարպակալում, ավելի դժվար են հղիանում: Ճարպակալում ունեցող կանանց, աղջիկների մեծամասնության մոտ հայտնաբերվում է ձվարանների պոլիկիստոզ, այսինքն՝ առկա է ձվարանների ֆունկցիայի խանգարում, մազակալում և այլն։

Ճարպակալման հիմքում ինսուլինի ֆունկցիայի խախտումն է, ինսուլինի հանդեպ ռեզիստենտականությունն է և քանակի ավելացումը, որը իր հերթին բերում է հիպերանդրոգենիայի, այսինքն՝ տղամարդու հորմոնի ավելացմանն օրգանիզմում, որն էլ խանգարում է ձվազատմանը և հետագայում՝ հղիանալուն:

Նմանատիպ մեխանիզմով նաև տղամարդկանց մոտ է խախտվում ռեպրոդուկտիվ ֆունկցիան: Ճարպակալում ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են դիմում պոտենցիայի խնդիրներով։

Ապացուցված է նաև, որ ճարպակալումը և փսիխիկայի խանգարումները բավականին հաճախ զուգահեռ են ընթանում. ճարպակալումով հիվանդների մոտ մոխրագույն զանգվածի մոտավորապես 11 տոկոսը տարեկան պակասում է, ուղեղի ծերացումն ավելի արագ է ընթանում …

Ապացուցված է նաև, որ ճարպակալումը ռիսկի գործոն է հանդիսանում ուռուցքային հիվանդությունների առաջացման մեջ։

-Այսքան բացասական կողմերով հանդերձ, սակայն, ճարպային հյուսվածքները նաև էներգիայի աղբյուր են, ճի՞շտ է:

-Համարվում է, որ ճարպային հյուսվածքները մեզ տալիս են էներգետիկ պաշար, բայց եթե ճարպային հյուսվածքը հավելյալ է լինում, սկսում է կուտակվել լյարդի մեջ, ենթաստամոքսային գեղձի մեջ։ Չմոռանանք, որ ճարպային հյուսվածքն ինքն էլ է համարվում էնդոկրին օրգան, որովհետև մոտավորապես 600 բիոակտիվ նյութ է սինթեզում հենց ինքը՝ ճարպը, դրա համար առանց գրագետ մասնագետի նիհարել չի կարելի, դա կարող է հանգեցնել նյութափոխանակության լուրջ խանգարումների՝ ընդհուպ մինչև անպտղություն:

-Ի՞նչն է մետաբոլիկ համախտանիշի պատճառը :

-Պատճառներից են և՛ ժառանգականությունը, և՛ արտաքին գործոնները, օրինակ՝ քրոնիկ սթրեսները, նստակյանց կյանք վարելը, անկանոն սնվելը, այսինքն՝ ոչ միայն գենետիկան է աշխատում, այլև՝ արտաքին գործոնները զուգահեռաբար:

Հիպերինսուլինեմիան՝ ինսուլինի հավելյալ քանակը, հանգեցնում է ինսուլինի որակի վատացման, գլյուկոզայի բարձրացման, այսինքն՝ դիաբետի, մյուս կողմից՝ հիպերտենզիայի, այսինքն՝ ճնշման բարձրացման, մյուս կողմից՝ աթերոսկլերոզի և նյութափոխանակութան բոլոր տեսակի խանգարումների, այսպիսով՝ սա այն «մահացու քառյակն» է, որի մասին ասում էինք՝ աթերոսկլերոզ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ճարպային նյութափոխանակության խանգարում և հիպերտենզիա՝ զարկերակային ճնշման բարձրացում:

Ճարպակալման պատճառներն են՝ ժառանգականություն, էնդոկրին հիվանդություններ, հորմոնալ խախտումներ, որոշակի դեղամիջոցների օգտագործում՝ հակաբեղմնավորիչներ, նեյրոլեպտիկներ, հակադեպրեսանտներ և այլն:

Բացի դրանից, ճարպակալումը ունի նաև հոգեբանական պատճառներ, որոնցից են ինքնագնահատականի իջեցումը,  արտաքին աշխարհից պաշտպանված լինելու ցանկությունը, ուշադրության պակասը և այլն։

-Ի՞նչ կցանկանաք հավելել:

Հավելեմ, որ դեռահաս տարիքում աղջիկները շատ հաճախ դիմում են մազակալման և  դաշտանային ցիկլի խանգարման պատճառներով, ինչի հիմքում, ինչպես ասվեց, հավելյալ քաշն է և ինսուլինի հանդեպ զգայունության իջեցումը: Մենք շատ հաճախ խորհուրդ ենք տալիս ընդամենը քաշի նվազեցում, բալանսավորված սննդակարգ, որի շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, և վերականգնվում ձվարանների ֆունկցիան, այսինքն՝ առանց հավելյալ հորմոնալ պրեպարատների  հնարավորություն ենք ունենում օգնել։

Ուզում եմ նշել նաև, որ շատ են գովազդում «նիհարեցնող» միջոցներ, որոնք իրենցից հիմնականում ԲԱՀ են ներկայացնում՝ չունենալով որևէ ապացուցողական բազա և կարող են նաև վտանգավոր լինել։

Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան հետագայում բուժել։ Դիմեք մասնագետի, ստացեք համապատասխան խորհուրդներ և ապրեք ԱՌՈՂՋ։

Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: 
«Նաիրի» բժշկական կենտրոնի (ԲԿ) քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) ծառայության շրջանակում բժշկական օգնություն են ստանում մեծահասակները եւ երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդների կիրառումն օպտիկական սարքերի, տեսագրահսկողության կիրառմամբ եւ տվյալների արխիվացմամբ թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում: Նյարդավիրաբույժների հետ համագործակցության շնորհիվ բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ: Աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են նաեւ ուռուցքաբաններ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ եւ այլ նեղ մասնագիտացված վիրաբույժներ: Զուտ մասնագիտական տեսանկյունից` հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, եւ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարեւորվում է բժշկի հետ շփումը: Ու, եթե բժիշկն իսկապես կարեկից է, ուշադիր եւ զգայուն, ապա առանձնակի մեթոդների կիրառման կարիք չի լինի. հիվանդը կվստահի նրան, եւ բուժումն էլ ավելի արդյունավետ կլինի: http://bestgroup.am/   չափազանց հետաքրքիր զրուցակիցն է  «Նաիրի» եւ «Դիլիջան» ԲԿ-ների քիթ-կոկորդ ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ, «Դիլիջան» ԲԿ առանձնացված վերապրոֆիլավորված բաժանմունքի Քովիդ կենտրոնի բուժական գծով ղեկավար ԼԵՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ:  
-Պարոն Թորոսյա՛ն, ի՞նչ է քնի ապնոէն, ինչո՞ւ է առաջանում, եւ ի՞նչ է տեղի ունենում նոպայի ժամանակ։
-Քնի տարբեր փուլերում ուղեղը տարբեր խորության վրա է, այսինքն՝ փուլ կա, որի ժամանակ մարդը պետք է լիարժեք խորը քնած լինի, որ հանգստանա: Առանձնացված են քնի չորս փուլեր, ընդ որում, վերջին փուլը ամենախորն է ու տեւում է ընդամենը քսան րոպե, բայց մարդ լիարժեք հանգստանում է այդ փուլի ժամանակ: Երրորդ փուլը նույնպես հանգիստ փուլ է, ու, երբ մարդն արթնանում է, էլի հանգիստ վիճակում է լինում: Բայց լինում են պահեր, երբ ուղեղը չի վերահսկում շնչառական կենտրոնը, այն սկսում է հսկողությունից դուրս գալ, ու առաջանում է շնչառական կենտրոնի կանգ: Կանգ կարող է առաջանալ ի սկզբանե մեխանիկական խոչընդոտներից, որոնցից թիվ մեկը ինչ-ինչ պատճառներով օդը քթով շնչելու դժվարացումն է: Դրա պատճառ կարող են լինել միջնապատի ծռվածությունը, մեծ խեցիների, պոլիտների առկայությունը, այսինքն՝ ինչ-որ խոչընդոտ, որը թույլ չի տալիս, որպեսզի օդը քթով անցնի: Որպես ճիշտ ֆիզիոլոգիա մարդը պետք է շնչի քթով, որ, նախ, օդը քթով անցնելիս տաքանա, խոնավանա ու նոր իջնի ստորին շնչուղիներ: Բացի դրանից, քիմքի կառուցվածքն այնպիսին է, որ ներշնչման պահին փափուկ քիմքը, լեզվակը առաջ է գալիս, որպեսզի քթով օդը հեշտ գնա, բայց, եթե կա ինչ-որ խոչընդոտ, օդը առաջ չի գնում, քիմքը առաջ է գալիս: Մենք ստիպված փորձում ենք բերանով շնչել, որովհետեւ օդը չի գնում, եւ քիմքն էլ է դառնում խանգարող խոչընդոտ շնչառության համար ու սկսում է թրթռալ: 
- Երեւի հենց դրա պատճառո՞վ է մարդը քնած ժամանակ սկսում խռմփացնել:
-Խռմփոցը ձայնային շնչառությունն է, որը դրսեւորվում է, երբ օդի հոսքի ժամանակ տատանվում է մարդու փափուկ քիմքը։ Եթե այն երկար է տեւում, ուրեմն  քիմքի մկանները երկար ժամանակ են այդպես տատանվում, ինչի հետեւանքով թուլանում է քմային վարագույրը, կախվում եւ իջնում է, շնչառական ճանապարհին դառնում երկրորդ խոչընդոտը: Մենք ուզում ենք քթով շնչել, բայց քիթը փակ է, իսկ քիմքն արդեն սկսել է խանգարել: Անկախ այն հանգամանքից՝ քնած ժամանակ մարդիկ քթով են շնչում, թե բերանով, մեկ է, շնչառության ժամանակ հիմնականում տատանվում է փափուկ քիմքը, որի արդյունքում էլ առաջանում է խռմփոցը։ Սա շատ տարածված երեւույթ է, ու բոլորս էլ երբեւէ մեր հարազատների կամ բարեկամների մոտ նկատել ենք այն։ Եթե հետազոտության արդյունքում այլ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, խռմփոցը համարում ենք ֆիզոլոգիական, ինչը հիմնականում դիտարկվում է մանուկների՝ քիմքի մկանների ոչ լիարժեք ձեւավորման, իսկ տարեցների մոտ՝ քիմքի մկանների թուլացման պատճառներով: 

Երրորդ խոչընդոտն արդեն մի քիչ գեր մարդկանց մոտ լեզվարմատն է, որովհետեւ հատկապես մեջքին պառկած դիրքում լեզուն կարող է հետ գնալ ու մեխանիկորեն փակել կոկորդի մուտքը: Չորրորդ խոչընդոտը կորճոսկրի հետ տեղակայումն է, որը կարող է բերել էլի շնչառության դժվարացման: Ժամանակի ընթացքում նորից քաշի ավելացումը կարող է բերել նրան, որ հերթական խոչընդոտներն արդեն կարող են կապված լինել շնչափողի ճանապարհին որեւէ արգելքների, օրինակ, շնչափողի աճառներից որեւէ մեկի թուլացման հետ, երբ շունչ քաշելու ժամանակ աճառը հետ է գնում, եւ օդի ճանապարհը փակվում է կա՛մ ավելի ներքեւ գտնվող հատվածներում, կա՛մ թոքերի ներծծման հետ կապված: Ու մեկ էլ արդեն վերջնական, երբ թոքային զարկերակից արյունը դուրս է գալիս ու գնում դեպի սիրտ, այդ ճանապարհին ինչ-որ խնդիրների ժամանակ, երբ կանգ է առաջանում փոքր արյան շրջանառության մեջ, ու թթվածինը լիարժեք չի հասնում սիրտ: Այս բոլոր թվարկվածները կարող են բերել մեխանիկական շնչառական դժվարացման, որի հետեւանքով կարող է կենտրոնական շնչառության վերահսկման կենտրոնը խոչընդոտվել, այսինքն՝ եթե երկար ժամանակ մարդն ունենում է մեխանիկական խնդիրներ, շնչառական կենտրոնն արդեն այդքան էլ չի պայքարում, քիչ-քիչ հանձնվում է: Այսինքն՝ ամեն անգամ, երբ որ, օրինակ, քնի մեջ մարդը կարող է քնի ոչ վերահսկվող, ասենք, երկրորդ փուլում շունչ պահել իմ թվարկած պատճառներից մեկով, իսկ շնչառական կենտրոնը, կիսաավտոնոմ լինելով, տեսնում է, որ օդ չի գալիս, ու պետք է շունչ քաշել, բայց մեխանիկորեն խանգարվելով՝ պաուզա է լինում: Սակայն մնացած բոլոր օրգանները, հատկապես սիրտը, որ էլի ավտոնոմ է համարվում, չստանալով բավարար թթվածին, սկսում է ավելի ինտենսիվ արյունը մղել անոթներով, եւ ավելի բարձր ճնշումով ու բարձր ճնշման ազդեցության տակ սրտի հաճախ աշխատանքի պայմաններում մենք արթնանում ենք, սիրտը ինքն էլ է մեզ արթնացնում, ստիպում, որ վեր թռչենք: Եվ մենք հաճախ վեր ենք թռչում սրտի ուժեղ աշխատանքով, բարձր ճնշումով ու, իհարկե, շունչ ենք քաշում, որովհետեւ շնչառական կենտրոնը կուտակել է CO 2-ը ու արդեն պատրաստ էր շունչ քաշելուն: Որպես «սլեպատնոյի» (խոսակցական) ամենամեծ բարդություն մահն է քնի մեջ, որն առաջ է գալիս այն պատճառով, որ, երբ CO-2-ի քանակը բավականին շատ է կուտակվում ուղեղում, ուղեղի համար ավելի հաճելի է չշնչելը, քան շնչելը… Եվ մեխանիկական «սլեպատնոյը» կանխելու համար անհրաժեշտ է իմ նշած պատճառների հետեւանքով առաջացած խոչընդոտները վերացնել վիրահատական կամ դեղորայքային բուժումով… Օրինակ, անհրաժեշտ է իրականացնել քիմքի պլաստիկաներ, լեզվակի կարճացում կամ լեզվակի ու փափուկ քիմքի պլաստիկա, որը ներառում է քիմային մկանների հավաքելն ու մի քիչ առաջ բերելը, որ ներշնչման ժամանակ չխանգարեն: Կա վիրահատություն, որի միջոցով լեզվարմատի կորճոսկրը առաջ է բերվում, այսինքն՝ կորճոսկր կզակային մկանը անջատվում է կզակի ոսկորի հետ, բերվում մի քիչ առաջ ու ավելի վերեւ է ամրացվում: Ու այդ դեպքում ոսկորը ինքը իրենով առաջ է գալիս, տարածքը մեծանում է; Կատարվում է նաեւ վիրահատություն, որի ժամանակ լեզվարմատից որոշակի հատված հեռացվում է, լեզվի արմատի չափսերը մեխանիկորեն փոքրացվում են, տարածք է առաջանում, որ օդը, թթվածինը այդտեղով անցնի: Լինում են տրանսպլանտային աճառների, թոքերի ներծծման, սրտի, արյան փոքր շրջանառության կանգի խնդիրներ, որոնք կարող են ենթարկվել դեղորայքային բուժման: Երեխաների մոտ «սլեպատնոյը» շատ հաճախ լինում է ադենոիդ հյուսվածքի գերաճի պատճառով, որը, երկար ժամանակ խոչընդոտելով, երեխաների շնչառական կենտրոնը արգելափակում է որոշ չափով, ու, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նրանք առօրյայում սկսում են ավելի հազվադեպ շնչել, քան պետք է շնչեն, նրանց շնչառությունը սկսում է նմանվել մեծի շնչառության:

-Ի՞նչ կասեք COVID-19-ի մասին:  
-COVID-19-ը աշխարհի գլոբալ մասշտաբով ներկայացվում է որպես սովորական հերթական վիրուս, որը, ուղղակի լինելով նոր ու անծանոթ մեզ համար, հանդես է գալիս ավելի ագրեսիվ ձեւով: Եթե նայենք, պատմության մեջ միշտ տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ են եկել ինչ-որ հարուցիչներ, վիրուսներ, բակտերիալ ինֆեկցիաներ կամ զանգվածային մահվան ուրիշ պատճառներ: Երեւի թե երկրագունդն ինքն էլ է կարգավորում մարդկանց պապուլյացիայի թիվը, օրինակ, ոչ շատ շուտ՝ 1900-ականների սկզբին, բոլորին հայտնի «իսպանկա» վիրուսը  երեսուն միլիոն մարդու կյանք է խլել, որն այդ ժամանակ կազմում էր աշխարհի բնակչության մեկ երրորդը: Ու պետք չէ այսօր զարմանալ, որ COVID-19-ը կյանքեր է խլում: Չեմ կարող ասել դրա՝ արհեստական կամ բնական լինելու մասին, բայց այն էլի բերում է որոշակի հավասարակշռության, որպես РНК մշտապես փոփոխվող վիրուս ինքն իր դերը վիրուսոլոգիայի տեսանկյունից նորմալ կատարում է. զարգանում է, փոփոխվում ու հնարավորինս փորձում գոյատեւել՝ ենթարկվելով մուտացիայի, շարունակելով խլել մարդկանց կյանքեր: Էլի չեմ կարող ասել՝ պատահական թե մտադրված, բայց ավելի շատ վնասվում են երկրագնդի բնակչության տարեց հատվածը եւ քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի դժվար են դիմակայում վիրուսի թողած հետեւանքներին ու պապուլյացիայի կարգավորմանը: Բայց բժիշկներիս համար նշանակություն չունի մարդու տարիքը. բոլորի կյանքն էլ թանկ է մեզ համար, ու մենք պայքարում ենք բոլորի կյանքի համար: Չնայած ասում են, որ քովիդի այս նոր ձեւը սկսել է ընդգրկել ավելի երիտասարդ տարիքի մարդկանց, բայց ամեն դեպքում, երբ մի քիչ մանրամասն նայում ենք, նրանք հիմնականում ունենում են ինչ-որ քրոնիկական հիվանդություն: Ինչքան էլ դժգոհենք, ժամանակակից բժշկությունը պայքարի շատ միջոցներ է ստեղծել, որ մենք ինչ-որ ձեւով հասկանանք՝ ինչ է այդ վիրուսը ու դրա դեմ պայքարենք, եւ որոշակի հաջողություններ, իհարկե, կան: Ինչքան էլ կարող ենք դժգոհել, նեղվել, որ շատ մարդ է մահանում, բայց կարող ենք նաեւ հպարտանալ, որ ծանր ախտահարված եւ կյանքի հետ անհամատեղելի վիճակներում հայտնված շատ մարդիկ էլ չեն մահանում, որոնց թվում կան նույնիսկ քրոնիկական հիվանդություններով տառապողներ, ասենք, ճնշումով, շաքարային դիաբետով մարդիկ: 
Իսկ ընդհանրապես քովիդի հետեւանքները որոշ չափով անկանխատեսելի են մեզ համար, որովհետեւ դեռ լրիվ, խորությամբ չենք ուսումնասիրել՝ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այն: Ամենահայտնի հետեւանքն այսօր թոքի վիբրոզ հյուսվածքի առաջացումն է, ախտահարվում են բոլոր գեղձային հյուսվածքները, երիկամները, ուղեղը, լյարդը, մի շարք՝ մեր կյանքի որակի համար պատասխանատու օրգաններ, եւ, որպես հետեւանք, առողջացումից հետո շատ հանդիպում են դիաբետի որոշակի մնացորդային երեւույթներ: Երբ որ հենց նույն ենթաստամոքսի գեղձի բջիջները վնասվում են, լավանալուց հետո էլի վիբրոզի են ենթարկվում, էլի սպիական հատվածներ են առաջանում, եւ դրանք արդեն չեն գործում: Օրինակ, եթե լյարդի երկու երրորդը չլինի, այն կկատարի իր գործառույթը, բայց երիկամների ախտահարումը կարող է մահվան պատճառ դառնալ: Իսկ ուղեղն ախտահարվելու դեպքում մարդը կարող է չգիտակցված բաներ անել: Իհարկե, ոչ բոլորի մոտ է այդպես, առողջացածների մեծ մասի մոտ այն հետեւանք չի թողնում:  
-Քովիդը կարո՞ղ է հանգեցնել թոքի քաղցկեղի:
-Գրեթե բոլոր վիրուսային բջիջները կարող են հանգեցնել թոքի քաղցկեղի, բայց չունենք մի այդպիսի հետազոտություն, որ մի հիվանդի մոտ քովիդից հետո քաղցկեղ է առաջացել: Մի քիչ հետաքրքիր վիրուս է, ավելի սերտ է համագործակցում մեր իմունային համակարգի հետ, քան մյուս վիրուսները, ավելի պատրաստված է: Մեզ համար լինելով անծանոթ՝ մեր օրգանիզմը ավելի դժվարությամբ է նրա դեմ հակամարմիններ սինթեզում, ու շատ անգամ այդ ընթացքում, մինչեւ ինքը սինթեզում է հակամարմիններ, մեր պաշտպանական մյուս մեխանիզմները, փորձելով պաշտպանվել այդ վիրուսից, որոշում են վերացնել ախտահարված բջիջները, այսինքն՝ ճիշտ չաշխատող բջիջների կենսաբանական մահվան ժամկետը արագացնում են, ու այդ բջիջները վերածվում են արդեն սպիական բջիջների: Այդ պահին տեղի է ունենում բջիջների այտուց՝ պատրաստվելով կենսաբանական մահվան, ու, եթե դա, ասենք, թոքային հյուսվածքում է, խանգարում է շնչառությանը, ներշնչմանը, իսկ եթե դա ուրիշ օրգաններում է, բերում է տվյալ օրգանի ֆունկցիայի խախտմանը: 
-Ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան նշաբորբի բուժման համար:
-Երեւի թե նշաբորբի բուժման մեթոդները շատ չեն փոխվել վերջին տարիների ընթացքում, հիմնականում, եթե քրոնիկական նշաբորբի մասին է խոսքը, դրա բուժման եղանակը վիրահատականն է, եւ տարբեր մեթոդներ են առաջարկվում: Իմ մեթոդը, որը նշիկների հեռացում է իրենից ներկայացնում, շատ անգամ հետ է մնում. արդեն նոր մեթոդներ են կիրառվում՝ ռադիոալիքային, գերձայնային, լազերային, էլեկտրակոագուլյատորային, որը, ճիշտ է, արդեն երկար տարիներ կա, բայց էլի ակտուալ է: Կիրառվում է նոր՝ կոագուլյատոր-2 սարքը, որը իրենից հեղուկ պլազմային կարգուլյատոր է ներկայացնում, որը 40 աստիճանի տակ է նշիկը հեռացնում, այրվածքները շատ խորը չեն լինում, ավելի անցավ է վերքը լավանում, ավելի հեշտ, ավելի քիչ հետեւանքներով: Այսօր ժամանակակից դեղերի ստեղծման շնորհիվ նշաբորբի բուժումն ավելի հեշտացվում է, չնայած միշտ պետք է տարբերակել նշաբորբի տեսակները, որոնք կարող են բազմազան լինել, կարող են առաջանալ տարբեր բակտերիաների արդյունքում: Պետք է տարբերակել ու համապատասխան ճիշտ մոտեցում ցուցաբերել, ինչու չէ, կարող են օգնության գալ նաեւ տարբեր լաբորատոր հետազոտման մեթոդները՝ քսուկ, արյան անալիզ, որը օգնում է ճիշտ մոտենալ այդ հարցին:
-Լսողական ապարատները ո՞ր դեպքերում են կիրառվում:
-Ապարատների կիրառումը լինում է այն դեպքերում, երբ մարդու կյանքի որակն այնքան է ընկնում, որ նա սովորական առօրյայում սկսում է չլսել շրջապատի ձայները, բայց ներլսողական նյարդը դեռ նրան հնարավորություն է տալիս ձայնի հզորացման սարքի օգնությամբ իրեն լիարժեք մարդ զգալ շրջապատում ու չնեղվել ոչ մի հարցում: Եթե չկա վիրահատական, դեղորայքային բուժման տարբերակ, մնում է դիմել սարքի օգնությանը, եւ պետք չէ դրանից ամաչել, որովհետեւ լսողական խնդիր ունեցող մարդը կարող է հայտնվել շատ վատ իրավիճակներում, ասենք, չլսելով ավտոմեքենայի ազդանշանի ձայնը:  
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:
Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է:

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)

Կրթություն

1999-2005
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2005-2008
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ ԼՕՌ
2020-ից
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Հանրային առողջության կազմակերպման և կառավարման ամբիոն, կլինիկական օրդինատոր
2021-ից
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատոր, մանկական օտոլարինգոլոգիա

Վերապատրաստումներ

 
«Քթի հարակից խոռոչների ներդիտակային վիրաբուժություն», Գրացի կենտրոնական հոսպիտալ, Գրաց, Ավստրիա
 
«ԼՕՌ հիվանդություններ, ներքին և միջին ականջի վիրաբուժության տեխնիկա», Ռոստովի տարածքային հիվանդանոց, Ռոստով, ՌԴ
 
Թյուբինգենի համալսարանական կլինիկա, Գերմանիա

Գիտական աշխատանքներ

Համահեղինակ է 6 տպագիր աշխատանքներ

Վիրաբույժ (ընդհանուր)

Կրթություն

1976-1986  Երևանի N139 անգլիական թեքումով միջն. դպրոց

1991-1997  Երևանի Մ. Հերացու անվան  ՊԲՀ  բուժական ֆակուլտետ (գերազանցությամբ)

1997-2000 կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն (գերազանցությամբ)

Վերապատրաստումներ

2008 թ. Ազգային առողջապահության ինստիտուտում վերապատրաստում-Լապարոսկոպիկ վիրաբուժությունՙ մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

2008-ից <Արմենիա> ՀԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ

2014-ից ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ

2000-2008 <Արմենիա>ՀԲԿ-ի  վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ

Գիտական աշխատություններ

Ավելի քան 30 տպագիր գիտական աշխատանքներ որովայնային վիրաբուժության բնագավառում  և 1 ռացիոնալիզատորական առաջարկություն

Զինվորական ծառայություն

1987-1989 ծառայել է խորհրդային բանակում

Հասարակական աշխատանք

2009-ից ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցեր իհանձնաժողովի անդամ      

2011-ից Կանադայի ընդհանուր վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Եվրոպական երկրների Էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների գաստրոինտեստինալ և էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2011-ից Մեծ Բրիտանիայի Թագավորության և Իռլանդիայի վիրաբույժների միության անդամ

2000-ից Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ

2017-ից Եվրոպական երկրների վիրաբույժների միության անդամ

Պարգևատրումներ

ՀՀ ՊՆ նախարարի կողմից ՀՀ Զինված ուժեր 20 տարի <հոբելյանական> մեդալով

Վիրաբույժ (ընդհանուր)

Լեզուների իմացություն                                                                

Հայերեն (մայրենի), ռուսերեն(գերազանց), անգլերեն(գերազանց):

Ընտանեկան դրություն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր