Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...

Բոլորս բավականին լավ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը

Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը` ՈՒՁՀ, սոնոգրաֆիան, ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը,  հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակը չի վնասում  մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:  Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և  կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: Մեր զրուցակիցը «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ  ԱՆՆԱ  ՓԻՐՈՒԶՅԱՆՆ է,  ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները:

- Բժշկուհի Փիրուզյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

- Ինստիտուտ ընդունվել եմ Ռուսաստանի Դաշնությունում,  այնուհետև ուսումս շարունակել՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո անցել եմ  ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության, այնուհետև աշխատանքի եմ անցել «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնում որպես բժշկուհի-թերապևտ: Միաժամանակ դասավանդել եմ «Դեղաբանություն» առարկան «Էրեբունի» բժշկական քոլեջում: Ի դեպ, թերապիայի իմացությունն ինձ շատ է օգնում սոնոգրաֆիկ ախտորոշման մեջ: Մի քանի տարի հետո, թողնելով դասախոսական աշխատանքը, ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա՝ ռադիոլոգիայի ճյուղով, որից հետո անցել աշխատանքի որպես պրակտիկ սոնոգրաֆիստ: Ցանկացած բժիշկ պարտադիր այդ ուղին պետք է անցնի: Վերապատրաստումներ անցել եմ բավականին շատ, ընթացքում էլ արդեն ձեռք եմ բերել պրակտիկա, մասնագիտական փորձ: Պրակտիկան ձեռք է բերվում այն ժամանակ, երբ բժիշկն աշխատում է հիվանդի հետ, և միայն այդ ժամանակ բժիշկը բժիշկ է դառնում: Ամեն հիվանդ տարբերվում է մյուսներից, և ճիշտ է ասված, որ բժիշկը պետք է բուժի հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը: Գիտելիքները, որ ձեռք ես բերել տեսականորեն, պրակտիկայում կիառվում է բազմաթիվ հիվանդների ախտորոշելուց հետո:

- Կարողանո՞ւմ եք  արդյոք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Իհարկե, եթե քեզ անհրաժեշտ է տվյալ վերապատրաստումը, ուրեմն պետք է որոշ ժամանակով կտրվես աշխատանքից, պարտադիր ժամանակդ տրամադրես նաև վերապատրաստումների:

- Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ մեթոդներ, կխնդրեինք նկարագրել սոնոգրաֆիա ախտորոշումը:

-Սոնոգրաֆիան բժշկության մեջ կարող ենք համեմատել ռենտգենի հետ, քանի որ դա ճառագայթային ախտորոշում է: Ասեմ, որ 20-րդ դարում բժշկության մեջ եղել են մի քանի հեղափոխություններ։ Դրանից մեկը ռենտգեն ճառագայթային մեծ գյուտի հայտնաբերումն է, որը մինչ օրս մեզ թույլ է տալիս ախտորոշում կատարել, իսկ  20 դարի սկզբում «Պինիցիլին» դեղամիջոցի հայտնաբերումն է: Ավելի ուշ զարգացում է ապրել ռադիոլոգիայի մյուս ճյուղը` ուլտրաձայնային հետազոտությունը, իսկ այս տարիներին՝ արդի «МRТ» և համակարգչային տոմոգրաֆիան: Սոնոգրաֆիայի դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ չկա ճառագայթային ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, գնային առումով այն ավելի մատչելի է, եթե համեմատում ենք մյուս հետազոտությունների հետ: Սոնոգրաֆիան այդ պահին մեզ շատ ինֆորմացիա է տալիս, բազմաթիվ օրգաններ կարող ենք հետազոտել. և՛ որովայնային խոռոչում խորը տեղակայված, և՛ մակերեսային օրգաններ: Կարելի է նշել վահանաձև գեղձի, կրծքագեղձի հետազոտությունները, որոնք այսօր շատ հրատապ են։ Կարող եմ առանձնացնել տղամարդկանց մոտ սեռական օրգանների հետազոտությունը, ինչպես նաև սրտի, պտղի ուլտրաձայնային հետազոտությունը, որը շատ կարևոր է պտղի զարգացման արատները կանխարգելելու համար: Մի խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությունն այսօր բժշկության մեջ շատ կարևոր դեր ունի, իսկ ես էլ այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր ունեն նոր դարաշրջանի տեխնիկա, որը թույլ է տալիս շատ ճշգրիտ ախտորոշում կատարել: Այսօր ախտորոշումը բժշկության մեջ շատ-շատ է զարգացել, որն էլ իր հերթին բերում է հիվանդության՝ ժամանակին կանխարգելմանը: Մեր հասարակության գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն մտածելակերպը, որ անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել, որովհետև հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը հիվանդի փրկությունն է: Մինչդեռ մեզ այցելում են խորը ստադիաներում, երբ արդեն հնարավոր չէ ոչինչ անել: Լավագույն տեխնիկան օգնում է բժշկին, լրացնում է նրա աշխատանքը, փոխում բժիշկների կյանքի որակը, աշխատանքը որոշ չափով հեշտացնում։  

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ  չարորակ ուռուցք հայտնաբերելու դեպքում հայտնում եք նրան իր հիվանդության մասին։

-Այդ հարցը մինչ օրս մնում է ինձ համար շատ-շատ ցավոտ: Շատ դժվար է հիվանդին ասել այդ լուրը, բայց դա բժշկի պարտականություն է, և պետք է անել այն առավելագույն զգուշությամբ ու հիվանդի համար հասկանալի լեզվով բացատրել հիվանդության լրջության աստիճանը, բուժման անհետաձգելիությունը: Եվ եկեք չմոռանանք, որ ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ախտորոշման առաջին օղակը, և որևէ գոյացություն հայտնաբերելիս մենք միշտ առաջարկում ենք ախտորոշման այլ տարբերակներ` «КТ», «МRТ» կամ գոյացության բիոպսիա: Պետք է յուրաքանչյուր հիվանդին յուրովի մոտեցում ցուցաբերել: Բժիշկը առաջնահերթ պետք է հոգեբան լինի: Կշեռքի  մի նժարին դրված է պատասխանատվությունը, մյուսին` այն գիտակցությունը, որ դու կարող ես հիվանդին օգտակար լինել, շատ դեպքերում էլ, ինչու ոչ, նաև կյանքը փրկել:

-Ներքին օրգանների հետազոտման նպատակով կատարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ հիվանդի կողմից:

-Այո: Հիվանդը պետք է սոնոգրաֆայի գա սոված վիճակում, բնականաբար, դատարկ աղիներով, որպեսզի բժիշկն էլ կարողանա ճշգրիտ ախտորոշում կատարել: Իսկ միզապարկը պետք է լիքը լինի, քանի որ միզապարկը մեզ համար հանդիսանում է, այսպես ասած, հեղուկով լցված պատուհան, քանի որ ճառագայթը հեղուկի միջոցով շատ լավ է անցնում։

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել և մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

-  Այդ առումով ես ինձ շատ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնց էլ միշտ շնորհակալ եմ իմ մասնագիտական ուղու ու հասած արդյունքների համար: Իմ մասնագիտական գործունեության կայացման մեջ կարևորագույն դերակատարություն է ունեցել իմ ամենակարևոր ուսուցիչը՝ <<էրեբունի>> բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Շատ տարիներ առաջ, նա մեզ` երիտասարդ ուսանողներիս, իր հետ տանում էր վիրահատարան, և իմ կյանքի առաջին վիրահատությունը ես տեսա նրա կատարմամբ, որն էլ շատ ցնցող ու տպավորիչ ազդեցություն թողեց: Եվ այդ պահից սկսած՝ ես վստահ և հստակ որոշեցի, որ պետք է միանշանակ լավ բժիշկ դառնամ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:

 -Կոչ եմ անում բոլորին հետազոտվել ժամանակին՝ տարին գոնե երկու անգամ: Ընդ որում, պետք է կատարվի ընդհանուր ստանդարտ փաթեթ հետազոտություն: Իսկ  եթե մարդը ունենում է թեկուզ աննշան գանգատ, թող  անհապաղ դիմի բժշկի: Բժիշկներին էլ կցանկանամ կուռ առողջություն, սթրեսակայունություն, ամուր նյարդեր, և բժիշկ թող աշխատի այն մարդը, ով իր մեջ ունի այդ ներքին ուժը, այդ կոչումը, ով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ունի յուրովի մոտեցում, ինչը բուժման համար շատ կարևոր նախապայման է. բժշկի ասած մի խոսքը կարող ճակատագրական լինել:

Սիրելիներս, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի և առողջության նկատմամբ, գնահատեք կյանքը,  քանի որ այն Աստծո կողմից մեկ անգամ է մեզ ընձեռվում: Սիրեք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: 

Մաղթում եմ, որ բոլոր երեխաները ծնվեն, մեծանան ու ապրեն առողջ

Մանկական վիրաբուժությունն առողջապահության բնագավառի չափազանց կարեւոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Ընդհանրապես բժիշկ դառնալու ամենակարեւոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, ինչպես նաեւ՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները եւ փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան, եւ անընդհատ պետք է սովորել, ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք տանել: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ գրանցվեն լավ արդյունքներ...http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկական եւ նորածնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը:

-Իրենցից ի՞նչ են ներկայացնում բնածին արատները եւ ի՞նչ նախատրամադրվածություն ունեն:

-Ընդհանրապես արատը պտղի մոտ ներարգանդային կյանքում որեւէ օրգանի սաղմնադրման եւ ձեւավորման ընթացքում տեղի ունեցած շեղման արդյունքում դիտվող հիվանդություն է: Այսինքն՝ ներարգանդային կյանքում որեւէ գործոնի ազդեցությամբ տվյալ օրգանի կամ օրգան-համակարգի կողմից ձեւավորումը լիարժեք եւ բնականոն հունով չի ընթանում, ու երեխան ծնվում է որեւէ օրգանի անատոմիական դեֆեկտով: Նախատրամադրող գործոնները շատ են՝ սկսած էկոլոգիական գործոններից, որոնք ներկայումս բավականին ակտուալ են: Կան նաեւ գենետիկ նախատրամադրվածության գործոններ, հորմոնալ շեղումներ, իսկ հղիի վրա հղիության ընթացքում ազդող բացասական գործոններից են ծխելը, թունավորումները, հիվանդությունները, այդ թվում՝ վիրուսային, դեղորայքը…

-Իսկ կորոնավիրո՞ւսը:

-Կորոնավիրուսի դեպքում էլ արդեն որոշակի վիճակագրություն կա, ըստ որի կորոնավիրուս տարած հղիների մոտ երեխաները հիմնականում ծնվում են թոքերի պաթոլոգիաներով: Մի օրինակ կարող եմ բերել: Մեզ մոտ նորածնային ռեանիմացիայում պնեւմոթորաքսով (թոքերի պատռվածքով) ծնված երեխաների թիվը հիմա մեկ ամսվա ընթացքում այնքան է, որքան նախկինում դիտվում էր մեկ տարվա ընթացքում: Այսինքն, եթե նախկինում իքս թվով դեպքեր էինք ունենում ամբողջ տարվա համար, ապա հիմա այդ ամբողջ քանակը լինում է մոտավորապես մեկ ամսվա ընթացքում: Դա նշանակում է, որ հղիության ընթացքում ազդող գործոնները շատ են, եւ ցանկացած բացասական գործոն կարող է հանգեցնել այս կամ այն արատի ձեւավորմանը: Ընդ որում, դրանք մուլտիֆակտորիալ են, այսինքն՝ կոնկրետ մի գործոնը ինդենտիֆիկացված չէ կոնկրետ մի արատի ձեւավորման համար, բազմապատճառային են, եւ նույն ախտածին գործոնը կարող է մեկի մոտ մի արատ առաջացնել, մյուսի մոտ՝ մեկ այլ: Դա ավելի շատ կախված է նրանից, թե հղիության որ ժամանակահատվածում այն կազդի, եւ տվյալ պահին որ օրգան-համակարգի զարգացումն է ընթանում:

-Ուրոլոգիական արատների դեպքում ինչպիսի՞ պատկեր է լինում:

-Ուրոլոգիական արատներից որոշները պահանջում են միջամտություն անմիջապես ծնվելուց հետո, կան արատներ էլ, որոնց վիրահատական կորեկցիաներն անում ենք ավելի ուշ տարիքներում: Օրինակ, միզապարկի էքստրոֆիաների ժամանակ անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Այդ արատի դեպքում միզապարկը որովայնի առաջային պատից բաց մակերես է ներկայացնում իրենից, այսինքն՝ հենց նորածնային շրջանում պետք է ձեւավորել, ստեղծել միզապարկ, որովհետեւ, այդպես բաց մնալով, այդ միզապարկի հատվածը՝ լորձաթաղանթը, ախտահարվում է, եւ հնարավոր չէ այդպես պահել երեխային: Իսկ, օրինակ, հիպոսպադիաներ, էպիսպադիաներ, առնանդամի ծռվածություններ եւ զարգացման այլ արատներ հնարավոր է շտկել ավելի ուշ տարիքում:

-Ձեր պրակտիկայում ո՞ր դեպքերն են ավելի շատ հանդիպում:

-Ոչ միայն մեր պրակտիկայում, այլ ընդհանրապես մանկական վիրաբուժության մեջ կան ավելի շատ հանդիպող տրիվիալ դեպքեր, հիվանդություններ եւ ավելի քիչ հանդիպող արատներ ու հիվանդություններ: Ավելի շատ հանդիպողներից կարող ենք նշել ճողվածքները, հիդրեցելեները (ժողովրդի լեզվով ասած՝ ջրգողությունները), ամորձիների չիջած լինելը՝ կրիպտորխիզմը, ֆիմոզը եւ այլն:

-Փոքր տարիքում ճողվածքը ինչի՞ց կարող է առաջանալ:

-Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ ճողվածքի առաջացման մեխանիզմը եւ վիրահատական բուժման տեխնիկան լրիվ այլ են: Մեծահասակների մոտ դա երկրորդային առաջացած վիճակ է իրենից ներկայացնում, այսինքն՝ որովայնի թույլ հատվածներում ճնշման բարձրացման, որ կարող է առաջանալ հիվանդության կամ ծանր բան վերցնելու եւ այլնի պատճառով: Որովայնում ճնշումը բարձրանալու հետեւանքով այդ թույլ հատվածներում դիտվում է ճողվածքի առաջացում: Երեխաների մոտ բնածին է. երբ երեխաների ամորձիները սաղմնադրվում են, դրանք սկզբից լինում են երեխայի որովայնում, հետո արդեն իջնում են դեպի փոշտ, բայց իջնելու պրոցեսը ինքնուրույն պրոցես չէ: Որովայնը ներսից ծածկող թաղանթ կա (որովայնամիզ է կոչվում), որը երկու աճուկային շրջաններում արտափքումներ է առաջացնում, թունելիզացիա է անում, եւ այդ ստեղծված տարածության միջոցով որովայնից ամորձիները աճուկային շրջանից իջնում են դեպի փոշտ: Հետո, երբ արդեն այդ տարածությունն անհրաժեշտ չէ, այն խցանվում, վերանում է նորմայում, ու, երբ որ այդ խցանման պրոցեսը խախտվում է ինչ-ինչ պատճառներով, հաղորդակցությունը որովայնի խոռոչի հետ պահպանվում է: Եվ, եթե այդ հաղորդակցությունը լայն է, այն արտահայտվում է ճողվածքի ձեւով, այսինքն՝ դրա մեջ կարող է օրգան կամ օրգանի ինչ-որ հատված մտնել՝ աղեգալար, ճարպոն եւ այլն, աղջիկների մոտ՝ արգանդափող, ձվարան: Իսկ եթե չի խցանվել, բայց շատ նեղ տարածություն է, օրգան չի կարող տեղավորվել, հեղուկն է որովայնից քամվում դեպի փոշտ: Դա արդեն դրսեւորվում է ջրգողության տեսքով, իսկ եթե երկու ծայրերում խցանվում է, միջային հատվածում է բաց մնում, դիտվում է սերմնալարի կիստայի տեսքով, այսինքն՝ նույն ստրուկտուրայի չխցանվելու կամ մասնակի խցանվելու պատճառով ունենում ենք երեք տարբեր հիվանդություններ, ու այս դեպքում վիրահատության նպատակը այդ հաղորդակցությունը վերացնելն է: Ի տարբերություն մեծահասակների, որտեղ որովայնի պատը պետք է ամրացնել, ցանցեր են տեղադրվում եւ այլն, երեխաների մոտ այդպիսի պլաստիկայի կարիք հիմնականում չի լինում:

-Ճողվածքը կրկնվելու հակում ունի՞:

-Շատ հազվադեպ: Գրականության մեջ նկարագրված դեպքեր կան իհարկե, բայց մեր պրակտիկայում ես չեմ հիշում դեպք, որ որեւէ երեխանյի մոտ կրկնություն եղած լինի:

-Հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:

-Ցանկացած բժշկական մանիպուլյացիայի, առավել եւս՝ վիրահատության ընթացքում հնարավոր են ե՛ւ ներվիրահատական, ե՛ւ հետվիրահատական բարդություններ, բայց այս փոքր ծավալի վիրահատությունների դեպքում մեծամասամբ որեւէ բարդություն չենք ունենում, մի օր է հիվանդը հոսպիտալիզացվում, այսինքն՝ միայն վիրահատության օրն է մնում հիվանդանոցում, հաջորդ օրը նրան տուն ենք ուղարկում:

-Վիրահատությունները ժամանակատա՞ր են լինում:

-Դա կախված է վիրահատության ծավալներից: Քիչ առաջ նշածս փոքր ծավալի վիրահատական միջամտությունները սովորաբար տեւում են մինչեւ կես ժամ, բայց ունենում ենք նաեւ ավելի երկարատեւ, ծանր, նույնիսկ վեց-յոթ ժամ տեւող վիրահատություններ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հիպոսպադիան:

-Հիպոսպադիան իրենից ներկայացնում է առնանդամի եւ միզուկի բնածին արատ, արտահայտվում է երեք հիմնական կոմպոնենտների համակցությամբ: Առաջինը թլիպի ճեղքվածությունն է, թլիպը ներքեւի հատվածում բաց է լինում եւ գլխարկի նման ծածկում է առնանդամի միայն մեջքային հատվածը: Երկրորդը միզուկի արտաքին բացվածքի ստորադիր տեղակայությունն է, այսինքն՝ միզուկը բացվում է ոչ թե առնանդամի գագաթին, այլ ավելի ներքեւ, ու, որքան այն ներքեւ է տեղակայված, այնքան ավելի խորն է արատը, եւ բարդ է այն կորեկցիայի ենթարկելը: Եվ երրորդը առնանդամի ծռվածությունն է, որը հիմնականում լինում է վենտրալ, այսինքն՝ փորային ծռվածության տեսքով: Այս երեք կոմպոնենտներից յուրաքանչյուրը կարող է լինել այս կամ այն չափ արտահայտված, եւ, նրանց համակցության արտահայտվածությամբ պայմանավորված, դասակարգում ենք դիստալ, միջին եւ խորը ձեւեր: Դիստալ եւ միջին ձեւերը համեմատաբար ավելի հեշտ են կորեկցիայի ենթարկվում, իսկ խորը ձեւերի դեպքում նույնիսկ կարիք է լինում երկու կամ երեք վիրահատությամբ արատը շտկել: Վիրահատական կորեկցիան իրականացնում ենք հիմնականում մեկ-երկու տարեկան հասակում: Ավելի շուտ չենք անում, որովհետեւ դեռ հյուսվածքները ձեւավորվելու, դիֆերենցվելու կարիք ունեն, իսկ ավելի ուշ խորհուրդ չի տրվում անել, որովհետեւ, նախ, բարդություններն են ավելի շատ լինում, եւ, երկրորդը, մեկուկես-երկու տարեկանից արդեն սկսվում են երեխաների սոցիալիզացիայի գործընթացները: Նրանք արդեն սկսում են հաճախել մանկապարտեզներ, կոլեկտիվներ, եւ, մյուս երեխաների մոտ տարբերություններ նկատելով, նրանց մեջ արդեն աստիճանաբար փսիխոսեքսուալ բարդույթներ են առաջանում հետագայում: Որպեսզի այդպիսի խնդիրներից նույնպես խուսափենք, կորեկցիա անելու ոսկե շրջանը մեկ-երկու տարեկան հասակն է: Վիրահատության ժամանակ հիմնականում օգտագործվում են տեղային հյուսվածքները, այդ թվում՝ նաեւ թլիպը, թլիպի ներքին թերթիկը, որոնցից ձեւավորվում է միզուկի չզարգացած հատվածը, վերականգնվում է առնանդամի ուղղությունը եւ միզուկը, ու տեսքով նման է լինում թլպատած առնանդամի: Այսինքն՝ թլիպն օգտագործվում է միզուկի պլաստիկայի համար որպես հյուսվածք: Խորը ձեւերի դեպքում անհրաժեշտություն է լինում նաեւ սեռի տարբերակման հարցերը պարզել հատկապես այն դեպքում, եթե այն զուգակցված է լինում կրիպտորիզմի հետ, եւ ամորձիները չեն երեւում կամ չեն շոշափվում: Այդ դեպքում անհրաժեշտ է լինում հստակ որոշել սեռը, որպեսզի հետագայում այդ առումով նույնպես խնդիրներ չունենանք: Եթե ուղղակի տեսքով մենք դա գնահատենք որպես հիպոսպադիա, բայց սեռով լինի աղջիկ, ու վիրահատությունը տանենք մասկուլինիզացնող վիրահատության տիպի, այսինքն՝  հիպոսպադիան վիրահատենք, որպեսզի տղա դարձնենք, հետագայում այդ անհատը լուրջ խնդիրներ կունենա ամբողջ կյանքում: Այդ հարցերը նույնպես մեծ ուշադրության արժանի են:

-Ի՞նչ է գաստրուշիզիսը:

-Դա էլի բնածին անոմալիա է, որի ժամանակ  որովայնի առաջային պատը լիարժեք չի ձեւավորվում, որովայնի  առաջային պատի վրա՝ պորտի շրջանում, մնում է դեֆեկտ, եւ ծնվելիս նորածնի աղիքները, որովայնի ներքին օրգանները դուրս թափված են լինում: Սա, իհարկե, շտապ վիրահատություն պահանջող վիճակ է, արատ, եւ ծնվելուց անմիջապես հետո, եթե ծննդատունը գտնվում է հենց բազմապրոֆիլ հիվանդանոցում, տեղում արվում է վիրահատությունը: Եթե բազմապրոֆիլ հիվանդանոց չէ, ուրեմն համապատասխան ռեանոմոբիլով նորածինն արագ տեղափոխվում է մասնագիտացված կլինիկա, որպեսզի այնտեղ արդեն անմիջապես իրականացվի վիրահատություն: Եթե մեծ դեֆեկտ է, հնարավոր չէ միանգամից օրգանները տեղավորել որովայնի խոռոչում, դեֆեկտը փակել, իրականացվում է փուլային բուժում, այսինքն՝ այդ դեֆեկտի վրա տեղադրվում է հատուկ սիլաստիկ կոչվող նյութից պարկ, օրգանները տեղավորվում են այդ պարկի մեջ: Հետո,  աստիճանաբար պարկը փոքրացնելով՝ օրգանները ժամանակի ընթացքում տեղափոխվում են որովայնի խոռոչ, ու, եթե համոզված ենք, որ որովայնի խոռոչը բավարար չափով մեծացել է եւ արդեն իր մեջ կտեղավորի այդ օրգանները, նոր միայն ռադիկալ վիրահատություն ենք իրականացնում ու փակում, վերացնում ենք դեֆեկտը:  

-Այդ ամենն արվում է պետպատվերի՞ շրջանակում:

-0-18 տարեկանների ցանկացած մանիպուլյացիա, վիրահատություն, բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակում:

-Բժի՛շկ, ներկայումս շատ է խոսվում լապարոսկոպիայի մասին: Դա ի՞նչ մեթոդ է, երեխաները վիրահատվո՞ւմ են այս մեթոդով:

- Լապարոսկոպիան ժամանակակից քիչ ինվազիվ տեխնոլոգիաներից է, եւ վիրաբուժության զարգացումը գնում է հենց այդ ուղղությամբ: Մեթոդի էությունը հետեւյալն է. կտրվածքների փոխարեն արվում են մի քանի 3-5մմ անցքեր, որոնց միջով որովայնի մեջ տեղադրվում են վիդեոէնդոսկոպը (լապարոսկոպը) եւ գործիքները: Վիրահատությունը իրականացվում է մոնիտորի վրա վիզուալ հսկողությամբ, որովայնի խոռոչում տեղադրված գործիքներով: Մեթոդը լայն հնարավորություններ է տալիս վիրաբույժին. նախ, որովայնի բոլոր հատվածները, բոլոր օրգանները հնարավոր է զննել, նրանց վրա իրականացնել գործողություններ: Օրգանները, հյուսվածքները կարելի է զննել մեծ խոշորացմամբ: Կտրվածքների բացակայությունը զգալիորեն իջեցնում է տրավմատիզացիան եւ ապահովում հիվանդների արագ ապաքինում, ու բարդությունները բավականին պակասում են: Մանկական վիրաբուժական պրակտիկայում նույնպես լայնորեն ներդրված է լապարոսկոպիան: Ներկայումս որովայնի խոռոչի պաթոլոգիաների վիրահատման մեծ մասը իրականացնում ենք լապարոսկոպիկ եղանակով: Որպես օրինակ կարող ենք նշել ապենդիցիտները, աղիների զանազան վիրաբուժական պաթոլոգիաները, խոլեցիստիտները, դեռահասների վիրաբուժական գինեկոլոգիական խնդիրները, երիկամների եւ  միզածորանների մի շարք պաթոլոգիաները, տղաների մոտ շատ հանդիպող վարիկոցելե հիվանդությունը եւ այլն:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Մաղթում եմ, որ բոլոր երեխաները ծնվեն, մեծանան ու ապրեն առողջ, մենք էլ, դուք էլ լինենք անգործ:      

Բժշկի աշխատանքային ճանապարհը հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ  Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարեւոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից: Բժիշկները պետք է մշտապես աչալուրջ լինեն ակնային բարդությունների նկատմամբ:

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքը վաղուց արդեն կորցրել է անվան էությունը, որովհետեւ հաստատություն դիմում են աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Այնտեղ իրականացվում են բոլոր տեսակի կատարակտայի, վիտրեորետինալ, օկուլոպլաստիկ, առաջային հատվածի եւ ակնահատակի լազերային վիրահատություններ: Բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, մեծ դերակատարություն է ունեցել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո ակնաբույժների աշխատանքը բազմապատկվել է: Մեր զրուցակիցն է բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Լինելով ճանաչված եւ  հարգված բժիշկ, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Բժշկի աշխատանքային ճանապարհը հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է: Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջեւ դրված նպատակի իրականացում:                                                      

-Պարո՛ն Գրիգորյան, պատերազմից տուժած զինծառայողների բուժումը ի՞նչ հիմունքներով է իրականցվում ձեր բաժանմունքում:

-Նախ ասեմ, որ զինվորների բուժումն իրականացվում է բացարձակապես անվճար, եւ մենք արդեն հաջորդ շաբաթվա վնասվածք ստացած զինվորների  ծրագիրն էլ ունենք: 44 օրվա ընթացքում ընդունել ենք 160-ից ավելի աչքի խնդիր ունեցող զինվորականի, 43 օտար, ոչ մագնիսային մարմին ենք հեռացրել աչքերից, չգիտեմ՝ նման վիճակագրություն կա՞ աշխարհում որեւէ տեղ, թե ոչ: Ընդ որում, եթե առաջին պատերազմի ժամանակ հանդիպում էինք երկաթյա մարմինների («Գրադ» եւ այլ մագնիսային զինատեսակներ էին գործում), ապա այս դեպքում առնչվում ենք ավելի շատ ոչ մագնիսայինների հետ, այն էլ՝ շատ անգամ նույն աչքի մեջ ոչ թե մեկ, այլ երկու-երեք օտար մարմին էր լինում:

-Աչքի պրոթեզավորում արվո՞ւմ է ձեզ մոտ:

-Ես արդեն քառասուն տարի նման վիրահատություն անում եմ: Պահպանվում են աչքի չափերը, գույնը՝ ապակյա կամ պլաստիկ տարբերակով:

-Շաքարային դիաբետի դեպքում աչքի ախտահարումը լիարժեք բուժում ունենո՞ւմ է:

-Լիարժեք բուժում լինում է այն դեպքում, երբ հիվանդն այնքան գիտակից է, որ շատ արագ է դիմում բժշկի, բուժում հիվանդությունը, թույլ չի տալիս այն զարգանա: Ցավոք, շատ անգամ մենք հանդիպում ենք այն փուլերում, երբ հիվանդն արդեն զգում է տեսողության նվազումը: Գալիս է մեզ մոտ, տեսնում ենք, որ գործ ունենք արդեն բարդացած վիճակի հետ եւ սկսում ենք իրականացնել ոչ թե իրոք բուժական պրոցեդուրաներ, այլ պահպանող, այսինքն՝ բուժում ենք ընդամենը եղած տեսողությունը պահպանելու համար: Ընդ որում, դա կատարվում է փոփոխական հաջողությամբ՝ նայած ինչ աստիճանի ախտահարում է, եւ ինչպիսի հետեւանքներ դա կունենա հետագայում:

-Կորոնավիրուսի դեպքում ախտահարումն ինչպե՞ս է արտահայտվում:

-Ախտահարումն արտահայտվում է բորբոքումների ձեւով: Կորոնավիրուսը նաեւ վիրուսային կոնյուկտիվիտների առաջացման պատճառ կարող է դառնալ, որն արտահայտվում է հիպերեմիայով՝ աչքերի կարմրությամբ եւ իրեն բնորոշ այլ նշաններով։ Կան նաեւ հետազոտություններ, որ աչքերի ակնահատակում, ցանցաթաղանթում են որոշակի փոփոխություններ առաջանում, տեսողության անկումներ են լինում, կորոնայից հետո ակնոցային փոփոխություններ են լինում: Մի՛ մոռացեք, որ կորոնան, բացի վիրուսային հիվանդություն լինելը, նաեւ հիվանդի վրա հոգեբանական ազդեցություն է թողնում: Անհասկանալի հիվանդություն է, եւ չեմ կարող ասել, որ արհեստածին է, բայց, համենայնդեպս, այնքան երիտասարդ մարդ է մահանում այդ հիվանդությունից: Երկու ծայրահեղություն է. կամ շատ թեթեւ են տանում, կամ՝ շատ ծանր:

-Ուղեկցող հիվանդություն ունենալու դեպքո՞ւմ են ծանր տանում:

-Եթե ուղեկցող հիվանդությունների դեպքում խաթարվում է օքսիգենացիան, թոքերը սկսում են վատ գործել, որի հետեւանքով այլ հիվանդությունները գլուխ են բարձրացնում՝ սկսած սրտամկանից, վերջացրած ինսուլտները եւ այլն: Դրա համար ես, ամեն դեպքում, խիստ կողմնակից եմ պատվաստումներին:

-Բայց բացասական բաներ էլ կան այդ առումով:

-Մենք ունեցե՞լ ենք մինչեւ հիմա վիճակագրություն, թե որքան երեխա է մահացել, ասենք, հասարակ կարմրուկի կամ այլ հիվանդությունների պատվաստումներից: Իմ կարծիքով՝ չենք ունեցել: Ամեն դեպքում ալերգիկ ռեակցիան ալերգիկ ռեակցիա է, եւ այն անմիջապես է սկսվում: Կան բազմաթիվ դեպքեր, երբ ալերգիկ ռեակցիայի պատճառով մահանում են մեղվի խայթոցից:

-Պետպատվերի շրջանակներում վիրահատություններ իրականացվո՞ւմ են:

-Պետպատվերը գործում է, եւ, օրինակ, Արցախի բնակչությունը բացարձակապես օգտվում է պետպատվերից, դա վերաբերում է նույնիսկ լազերային կորեկցիայի ճշտումներին՝ կարճատեսություն, հեռատեսություն եւ այլն:

-Աչքի ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Գործնականում՝ բոլորը: Եթե մենք առաջ ասում էինք, որ կատարակտան նկատվում է հիմնականում վաթսուն տարեկանից բարձր տարիք ունեցողների մոտ, ապա հիմա հանդիպում ենք նաեւ երիտասարդների մոտ: Ընդհանրապես հիվանդությունները  երիտասարդացում են ապրել, չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, գուցե օդի՞, սննդի՞, ինչ-որ հոգեբանական պահերի՞:

-Կատարակտան իրենից ի՞նչ է ներկայացնում:

-Կատարակտան ոսպնյակի պղտորումներն են: Այն, որպես հիվանդություն, մեր ակնաբուժության մարգարիտն է: Բացարձակապես կույր հիվանդը գալիս է մեզ մոտ եւ այստեղից իր ոտքով հեռանում: Շատ արդյունավետ վիրահատություն է. եթե այլ վիրահատություններ մեծ վտանգներ են պարունակում, ապա բոլորովին այլ է դրությունը կատարակտայի դեպքում:

-Իսկ գլաուկոմայի մասին ի՞նչ կասեք:

-Գլաուկոման սարսափելի, ընդ որում, շատ անգամ՝ անհասկանալի հիվանդություն է: Մի ժամանակ ամեն ինչ կապում էին, այսպես կոչված, անկյան հետ, ասում էին՝ գլաուկոմային անկյուն են քշել: Փոխվել են բուժման մեթոդները, հիմա, այսպես ասած, ավելի խնայող ռեժիմով է արվում ամեն ինչ: 

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Կուզենայի, որպեսզի մեր ազգի տեսած այն մսաղացը, որի հետեւանքով մի գենոֆոնդ կորցրեցինք, այլեւս երբեւէ չկրկնվի: Պատերազմը մարդկանց մոտ մեծ հոգեբանական ճեղքվածք է առաջացրել, եւ կուզենայի, որպեսզի երբեք պարտված վիճակում չլինենք: Ամեն դեպքում փառք մեր զինվորներին, փառք բժիշկներին, որոնք արեցին առավելագույնը: Կցանկանամ, որպեսզի պետությունն ավելի հանդուրժողական, ուշադիր լինի պատերազմի մասնակիցների, խեղում ստացածների նկատմամբ, ժամանակին կարգավորի նրանց սոցիալական վիճակը, թոշակավորման խնդիրը:

 Շնորհակալությո՛ւն, համբերություն իրենց եւ, իհարկե, զոհվածների ընտանիքներին, հարազատներին: Կցանկանայի, որպեսզի երբեք պարտված վիճակում չլինենք:

 

Ամեն ոք պետք է օգտվի կյանքի բարիքներից՝ չունենալով ալերգիկ ռեակցիա

 

 Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, եւ այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից եւ խոչընդոտում օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում: Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանական վիճակի վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակելի տարածքներում:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Երեւան քաղաքի գլխավոր ալերգոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Ջամալյանն է: Բժշկուհին իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:                                                                                                 

-Ինչպե՞ս կբնութագրեք ալերգիկ հիվանդությունները:

-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները վերջին դարաշրջանում որակավորվում են որպես համաճարակ: Իհարկե, հասկանալի է, որ դրանք վարակիչ հիվանդություններ չեն, սակայն տարածվածության աստիճանը (աշխարհի ամեն երկրորդ-երրորդ մարդը տառապում է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ) թույլ է տալիս այդպես արտահայտվել: Ավելի շատ տարածված են ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, սննդային եւ դեղորայքային ալերգիան, նաեւ, ինչու ոչ, մաշկաբորբը: Պատճառները բազմազան են, եւ ես առաջին հերթին հակված եմ մտածելու, որ կարեւոր դեր է խաղում նյարդային սթրեսը, որը նպաստում է ալերգիկ հիվանդությունների տարածմանը: Իհարկե, պատճառներից են սննդամթերքը եւ սննդամթերքի մեջ օգտագործվող շատ հավելումները: Ի դեպ, ես շատ մեծ նշանակություն եմ տալիս սննդամթերքի որակին եւ օդի աղտոտվածությանը: Առանց բժշկի նշանակման դեղորայքի լայնածավալ ընդունումը, կոսմետիկ եւ բուժիչ նպատակներով տարբեր միջոցների լայնածավալ օգտագործումը նույնպես շատ մեծ դեր են խաղում ալերգիկ հիվանդությունների տարածման հարցում:

-Ի՞նչ կասեք հղիների շրջանում հիվանդության տարածվածության մասին:

-Այսօր, ցավոք սրտի, ալերգիկ հիվանդությունները բավականին տարածված են հղիների մոտ, իսկ, քանի որ դրանք կրում են ժառանգական բնույթ, պատկերացրեք, թե ապագայում ինչպիսի տարածվածություն ենք ունենալու: Արդեն քսան տարի ղեկավարում եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայությունը, հղիներին ընդունում եմ ե՛ւ «Էրեբունի» հիվանդանոցից, ե՛ւ տարբեր այլ ծննդատներից: Հղիներին վերաբերվում եմ շատ նուրբ եւ զգույշ, հորդորում եմ գինեկոլոգներին ալերգիկ հիվանդությունների կասկածի դեպքում վաղ շրջանում կազմակերպել ալերգոլոգի զննում, քանի որ ժամանակին կանխարգելումը բերում է բավականին լավ արդյունքների: Երբեմն կարծրատիպ կա. ապագա մայրերը մտածում են՝ արդյոք իրենք կարո՞ղ են տանել հղիությունը մինչեւ վերջ, եթե տառապում են ասթմայով, քրոնիկական եղնջացանով, ռինիտով, արդյոք իրենց ցուցվա՞ծ է հղիանալը  եւ երեխա ունենալը: Ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ հակացուցում չկա, պարզապես պետք է վաղ շրջանում ախտորոշել ալերգիկ հիվանդությունը, կատարել դինամիկ հսկողություն ամբողջ հղիության ընթացքում:

-Այսինքն՝ գոյություն ունի ժառանգական նախատրամադրվածությո՞ւն:

-Ալերգիան երբեւիցե ձեռքբերովի չի լինում, միշտ այդ հիվանդներն ունենում են բնածին ատոպիայի հակում: Երբ բացատրում եմ, որ դա եկել է ժառանգաբար, պարզապես հիմա է արտահայտվել, նրանց համար դա անակնկալ է  լինում: Ալերգիան, ցավոք սրտի, կարող է թաքնված լինել, ոչ մի կերպ չարտահայտվել, մեկ էլ ինչ-ինչ պատճառներից կարող է ի հայտ գալ: Պատճառները բազմազան են. մի հիվանդ նշում է սննդային ինչ-որ խանգարում, մյուսը՝ դեղորայքային բուժումից հետո, երրորդը՝ կլիմայական փոփոխությունները, նյարդային սթրեսը, կոսմետիկ միջոցները, ինֆեկցիոն կամ այլ հիվանդությունից հետո ի հայտ գալը…

-Մազերը ներկելուց հետո նույնպե՞ս կարող է ի հայտ գալ ալերգիկ ռեակցիա:

-Այո՛, հատկապես մազերի գունաթափման ընթացքում ծանր դեպքեր են լինում:

-Ալերգիաները հիմնական բուժում ունենո՞ւմ են, թե՞ իրենց հետքը թողնում են:

-Ես շատ ցավոտ եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ հիվանդները ասում են՝ ես ալերգիկ եմ, ես անբուժելի եմ: Որոշ հիվանդություններ, այդ թվում՝ ալերգիաները քրոնիկ ընթացքով հիվանդություններ են, եւ զարմանալի է, թե ինչու են հենց ալերգիային այդպես ցավոտ վերաբերվում՝ մտածելով, որ իրենք անբուժելի են: Եթե մարդ ծնվել է այդ հակումով, այն վերացնել, իհարկե, անհնար է, սակայն վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխարգելել հետագա սրացումները եւ խուսափել բարդություններից: Կա շտկում, որը պահանջելու է մշտապես դեղորայքի ընդունում, կա շտկում, որը ժամանակավոր բուժման ընթացք է ունենալու:

-Շատերն ինքնաբուժությամբ են զբաղվում հարեւանի խորհրդով:

-Այո՛, ցավոք, մեր ազգին դա շատ բնորոշ է: Չնայած վերջին տարիներին մեծ նվաճում ունենք այն առումով, որ շատ իրազեկված, պարտաճանաչ են դարձել, ժամանակին այցելում են բժշկի, հետազոտվում եւ կատարում բժշկի ցուցումները:

-Որոշ մետաղներ ալերգիկ երեւույթներ առաջացնո՞ւմ են:

-Ոսկին ու արծաթը նման բան չեն առաջացնում, այլ մետաղները կարող են շատ խիստ արտահայտված ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչեւ բշտիկների առաջացում, երկրորդային բորբոքային պրոցես, սնկային երեւույթներ:

-Մի քիչ մանրամասն կխոսե՞ք կոսմետիկ միջոցներից ալերգիայի առաջացման մասին:

-Կոսմետիկ միջոցները նույնպես առաջացնում են խիստ ալերգիկ ռեակցիաներ: Կան հիվանդներ, որոնք մշտապես ունեն այդ խնդիրը, այսինքն՝ չեն կարողանում օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, օծանելիք եւ այլն: Փառք Աստծո, այժմ կան համապատասխան հիպոալերգիկ խնամքի միջոցներ եւ դեկորատիվ կոսմետիկա: Մեր նպատակը ոչ միայն հիվանդությունը շտկելն է, այլ կյանքի որակը ապահովելը. ամեն ոք պետք է օգտվի կյանքի բարիքներից՝ չունենալով  ալերգիկ ռեակցիա:

-Դուք դասավանդում եք բուհում, ի՞նչ կասեք երիտասարդների մասին:

-Ես դասավանդում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ մեծ ուրախություն,  ոգեւորություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի մեծ ձգտումով, եռանդով շնորհալի ուսանողներ ունենք: Եվ համոզված եմ, որ ապագա բժշկությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Մենք, ցավոք, ապրում ենք շատ վատ, մեր փոքր ազգի համար՝ ողբերգական ժամանակահատված՝ պատերազմ, կորոնավիրուսային վարակ: Հետպատերազմյան շրջանում մարդիկ շատ են հուսահատված, ինչը կարող է կործանարար լինել: Մենք պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով,  նվիրվածությամբ եւ անշահախնդրությամբ աշխատենք ամենքս մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ:

Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն եւ համբերություն:

Քանի որ գործ ունենք երեխայի հետ, ամեն ինչ պետք է լիարժեք, կատարյալ արված լինի

Տեսողական օրգանի ախտահարումները մանկական տարիքի երեխաների մոտ, ըստ հանդիպման հաճախականության, զբաղեցնում են չորրորդ տեղը:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վաղահաս երեխաների ռետինոպաթիայի կանխարգելման հայկական խմբի անդամ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, լազերային վիրաբույժ Լեւոն Գրիգորյանը, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բարեհամբույր և հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:

-Անհասության ռետինոպաթիան բավականին ծանր հիվանդություն է, որն ի հայտ է գալիս անհաս՝ մինչեւ երեսունչորս շաբաթական ծնված եւ մեկուկես կիլոգրամից ցածր քաշով երեխաների մոտ: Հիշեցնենք, որ մոր արգանդում աչքի ձեւավորումն ավարտվում է երեսունվեց շաբաթականում, իսկ եթե, օրինակ, երեխան ծնվել է քսանութ շաբաթականում ու մեկ կիլոգրամ քաշով, բնականաբար, նրա ցանցաթաղանթը լիարժեք ձեւավորված, անոթավորված չէ: Ելնելով դրանից, ինչպես նաեւ համապատասխան ֆիզիոլոգիական ֆակտորներից՝ այս երեխաներից բոլորի մոտ չի առաջանում այդ հիվանդությունը, եւ նման դեպքերում շատ կարեւոր է թթվածնի սատուրացիայի քանակությունը: Այդ իսկ պատճառով մենք շատ սերտ համագործակցում ենք նեոնատոլոգիական ծառայության հետ: Ծնված10 անհաս երեխայից 2-ի մոտ է զարգանալու անհասության ռետինոպաթիան, 8-ը դուրս է գալու այդ վիճակից, այսինքն՝ համարվում է, որ քսան տոկոսի մոտ է այն զարգանում, այդ քսան տոկոսից էլ քսան տոկոսն է բուժվում: Եթե հիվանդությունը պրոգրեսիվում է, երեխայի վիճակն ինքնուրույն չի լավանում, ապա պիտի կատարվի համապատասխան միջամտություն:

-Որո՞նք են հիմնական միջամտությունները:

-Միջամտություններից հիմնականը լազերային գործողությունն է, եւ արդեն տասը տարի կատարվում են նաեւ ներակնային ներարկումներ: Բայց մինչ կոնկրետ քայլ անելը պետք է տարանջատել հիվանդության ձեւերը եւ հասկանալ, թե որ ձեւի ժամանակ որ բուժումն է պետք անել: Լինելով անհասության ռետինոպաթիայի վիրաբույժ՝ իմ խնդիրն է թե՛ լազերային բուժմամբ, թե՛ ներարկումներով հասնել նրան, որ հիվանդությունը չհասնի չորրորդ ստադիայի, այսինքն՝ չխորանա, բանը չհասնի խոռոչային վիրահատության: Իսկ եթե հիվանդությունն արդեն հինգերորդ ստադիայում է, ու բժշկին հաջողվի այնպես անել, որ երեխան լույսն ու մութը՝ գիշերն ու ցերեկը, տարբերակի, դա արդեն կհամարվի հաջողություն: Բավականին բարդ ու ծանր հետեւանք ունեցող անկանխատեսելի հիվանդություն է, այսինքն՝ կարող է լավ լինել, լավ լինել, բայց հետո շեշտակի վատանալ, կարող է քո կատարած բուժումը նպատակին չծառայել: Կարեւոր է թթվածնային գործոնը ու այն հանգամանքը, թե երեխան ինչ համակցված հիվանդություններ ունի: Իսկ այդ երեխաները հիմնականում ունենում են նաեւ հեմոգլոբինի ցածր քանակություն, որի պատճառով կատարվում է արյան փոխներարկում, ինչի հետեւանքով անհասության ռետինոպաթիան ագրեսիվանում, գրգռվում է, եւ դեպքեր են լինում, երբ  հիվանդությունը շարունակվում եւ լավ ընթացք չի ստանում: Այդ հիվանդությունը վտանգավոր է նաեւ այն առումով, որ չտեսնելը ազդում է երեխաների աճի, կյանքի որակի վրա ընդհանրապես: Որպես վիրաբույժ իմ նպատակն է այնպես անել, որ իմ արած գործով սահմանափակվեն, երեխան մեծանա, տեսնի, ապրի լիարժեք կյանքով:

-Գիտական հոդվածների հեղինակ եք, ի՞նչ է այնտեղ ներկայացվում:

-Արդեն տասներեք տարի գործում է ծրագիր, որի նպատակը ոչ միայն մասնագետների վերապատրաստումն է, այլեւ համապատասխան սարքավորումներ, գործիքներ ձեռք բերելը, որպեսզի ե՛ւ ախտորոշումը կատարես, ե՛ւ, հետագայում, բուժումը: Երբ նախկինում ծագում էին նման խնդիրներ, մեր ակնաբույժները, պեդիատորները միայն ախտորոշումն էին կատարում եւ հիվանդներին բուժման նպատակով ուղարկում այլ երկրներ: Այսօր հիվանդների թիվը շատ մեծ է, եւ ամեն ինչ իրականացվում է մեզ մոտ: Ես, օրինակ, հաշվել եմ, որ մոտ հազար հիվանդի լազերային ու նաեւ ներարկման միջոցով մատուցել եմ ծառայություն: Դրանից կարող ենք ենթադրել, որ ունենք հայաստանյան փորձ հասկացողություն, եւ մեր գիտական հոդվածներում հիմնականում ներկայացվում են բուժման վիճակագրությունն ու արդյունավետությունը:   

-Ձեր կարծիքով, վերապատրաստումներն ի՞նչ են տալիս:

-Ես, օրինակ, վերապատրաստվել եմ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի «Չիլդրենս հոսպիտալում», որը համարվում է Կալիֆոռնիայի ամենամեծ մանկական բազմապրոֆիլ հիվանդանոցը, որտեղ կա նաեւ  մանկական ակնաբուժության բաժանմունք: Իմ ղեկավարը Թոմաս Լին է, որն ինձ սովորեցրել է այդ գործը: Ընդհանրապես առանց վերապատրաստվելու անիմաստ է փորձել ինչ-որ բան անել, որովհետեւ այս գործն ունի շատ նրբերանգներ, եւ այդ ամեն ինչը տեղ հասցնելու համար դու պետք է ամեն ինչ անես, պատրաստ լինես դրան, ճիշտ մատուցես: Քանի որ գործ ունենք երեխայի հետ, ամեն ինչ պետք է լիարժեք, կատարյալ արված լինի, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի: Եվ այդ պատճառով էլ մշտապես եմ վերապատրաստվում, եղել եմ ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Հնդկաստանում եւ արդեն ծրագրում եմ վերապատրաստվել խոռոչային վիրահատությունների գծով:

-Դիմելիության կուլտուրան ի՞նչ վիճակում է Հայաստանում:

-Ծրագիրը գործում է այսպես. համագործակցում ենք բոլոր նեոնատոլոգիական ծառայությունների հետ, ստանում ենք անհաս ծնված բոլոր երեխաների մասին տեղեկատվություն եւ համապատասխան կենտրոններից ունենք սքրինինգի բժիշկներ, որոնք շաբաթական կտրվածքով գնում, ամեն հիվանդանոցում նկարահանումներն անում, բերում են: Այստեղ դիմելիության, ուշացման  խնդիր չկա, այսինքն՝ ախտորոշումն անում ենք մենք: Ճիշտ է, երբեմն մի քանի տարին մեկ կարող են լինել տեխնիկական ինչ-որ խնդիրներով պայմանավորված բարձիթողի դեպքեր, երբ որեւէ երեխա կարող է ծրագրից դուրս մնալ, կամ նրա անունը չներկայացնեն: Բայց դրանք եզակի դեպքեր են, որոնք լինում են հիմնականում ոչ մայրաքաղաքային հիվանդանոցներում: Այնպես որ՝ գործնականում բոլոր անհաս երեխաների տվյալներն ունենք:

Մի շատռ կարեւոր գործոն էլ նշեմ. մենք կարողացել ենք քսան տարվա մեջ այնպես անել, որպեսզի անհաս երեխաներով զբաղվող նեոնատոլոգները հասկանան, որ սա շատ կարեւոր խնդիր է, եւ իրենք պետք է համագործակցեն մեզ հետ: Այդ դեպքում դիմելիության խնդիրը վերանում է, որովհետեւ մենք ենք ծնողներին ասում՝ երեխայի մոտ կա խնդիր, որը պահանջում է բուժում կամ հսկողություն եւ այլն: Ունենք նաեւ խնդիրներ: Ղազախստանում, Վրաստանում մենք համարվում ենք տարածաշրջանային բուժող կենտրոն, որտեղ կարող ենք բոլոր ծառայությունները մատուցել, եւ այդ երկրներից գալիս են մեզ մոտ բուժումը շարունակելու կամ սկզբից սկսելու, սակայն COVID-19-ի հետ կապված՝ նրանց հոսքը դադարել է:

-Ինքներդ լինելով երիտասարդ՝ ի՞նչ կասեք երիտասարդ սերնդի մասին:     

-Ես ավելի կողմ եմ թե՛ փորձը, թե՛ երիտասարդների էներգիան, նորի ձգտումը հաշվի առնելուն: Իհարկե, մեր ավագ գործընկերներն ավելի մեծ փորձ ունեն, եւ դա կարեւոր հանգամանք է, բայց մենք՝ երիտասարդ բժիշկներս, ավելի ամբիցիոզ ենք, ավելի կարդացած եւ ավելի նորարարական մեթոդներով ենք առաջնորդվում: Եվ իմ նշած երկու գործոնը՝ մեծերի փորձը, մեր գիտելիքների քանակությունը, պետք է համատեղել, միասին աշխատել, միմյանցից սովորել:

-Այստեղ ուսանողների հետ շփումներ ունենո՞ւմ եք:

-Անձամբ ամբիոնի աշխատակից չեմ, բայց մեր բաժնի վարիչը ամբիոնի աշխատող է: Ճիշտն ասած, արդեն երկու տարի ուսանող չեմ տեսել կորոնավիրուսի պատճառով. դասերն ընթանում են օնլայն տարբերակով: Բայց ընդհանրապես զբաղվում ենք ուսանողներով, հնարավորինս մատուցում ենք, մեկը ընդունում-վերցնում է մեր ասածը, մյուսը՝ ոչ:  

-Առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Հիմա այնպիսի միտում կա, որ երբ երիտասարդ բժիշկները գնում, պոլիկլինիկաներում են աշխատում, դա շատ լավ է: Եթե օրդինատուրան ավարտած լինեն, ավելի հմուտ են լինում եւ ավելի մոդեռն մոտեցումներով են առաջ ընթանում: Ես նաեւ մեծահասակների ակնաբույժ եմ, եւ ցավալի է արձանագրել, որ մինչեւ հիմա գալիս են հիվանդներ, որոնց պոլիկլինիկայում ասել են՝ կատարակտան թող հասունանա, նոր կգնաս բժշկի: Դա մեր թվարկությունից առաջվա մոտեցում է եւ խոսում է առաջին օղակի մակարդակի մասին:

-Կուրությունը բուժվո՞ղ հիվանդություն է, թե՞ ամբողջ կյանքի համար դատավճիռ է:

-Պետք է նախ հասկանալ, թե կուրությունն ինչից է առաջացել: Օրինակ, նախորդ դարի վաթսունական թվականներին կային հիվանդություններ, որոնք իրոք կուրացնում էին, սակայն ներկա պահին նույն հիվանդությամբ տառապողները մեր մոտից հեռանում են, այսպես ասած, իրենց ձեռքով, ոտքով, այսինքն՝ չենք թողնում, որ այդ մարդիկ կուրանան:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Ուզում եմ մարդիկ առողջ լինեն, մեր կարիքը չունենան: Իսկ այս պատերազմում ինչ տեսել ենք մեր բաժնով, չեմ ուզում այլեւս տեսնել, ուզում եմ խաղաղություն լինի:     

Ծնող դառնալու բերկրանքը Աստծո կողմից տրված լավագույն պարգեւն է

Բժիշկն իր աշխատանքով գրում է սեփական կենսագրությունը, ստեղծում  այն պատմությունը, որը դառնում է հանրության սեփականությունը, որտեղ հստակ երեւում է նրա արհեստավարժությունն ու նվիրվածությունը աշխատանքին ու մարդկանց։ Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են համարվում ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից: «Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից»։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին` «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ: Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն ուժ ու եռանդ են հաղորդում  բժշկուհուն, եւ նա  յուրաքանչյուր նոր ծնված երեխայի հետ նոր զգացողություն է ապրում ու զարմանում այդ հրաշքով, իսկ մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է իր պացիենտների վստահությունը։

-Բժշկուհի՛, ե՞րբ է ախտորոշվում անպտղություն:                                 

-Անպտղություն ախտորոշվում է այն ժամանակ, երբ կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ հակաբեղմնավորիչ միջոցներ չկիրառելու դեպքում մինչեւ 35 տարեկան կանանց մոտ հղիություն չի գրանցվում առաջին տարվա, իսկ 35 տարեկանից մեծ կանանց մոտ՝ առաջին 6 ամսվա ընթացքում: Կնոջ տարիքը ռեպրոդուկտիվ համակարգի գնահատման հարցում վճռորոշ դեր է կատարում: Տարիքի հետ կնոջ ձվարաններոմ նվազում է ֆոլիկուլների քանակը, փոխվում՝ ձվաբջիջների որակը: Ձվարանների «ծերացման» գործընթացը սկսվում է 27 տարեկանից, 37 տարեկանից հետո գործընթացը կտրուկ արագանում է, եւ 45-50 տարեկանում կնոջ ձվարաններում ֆոլիկուլներ չեն հայտնաբերվում:

-Որո՞նք են անպտղության պատճառները:

-Նախ ասեմ, որ անպտղություն լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղություն ախտորոշվում է, երբ կնոջ մոտ երբեւէ հղիություն չի գրանցվել: Երկրորդային անպտղություն ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ կյանքում գրանցվել է հղիություն անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է առաջացել հղիությունը եւ անկախ հղիության ելքից: Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ օվուլյացիայի բացակայությունը, անպտղությունը կարող է լինել արգանդափողային, արգանդային ծագման, արական գործոնով պայմանավորված, ինչպես նաեւ անհայտ ծագման անպտղություն: Անհայտ ծագման ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ ախտորոշման արդի մեթոդները թույլ չեն տալիս հայտնաբերել անպտղության պատճառը:

Անպտղության կարող են հանգեցնել մի շարք գործոններ, որոնք մինչեւ նշածս ժամկետների լրանալը նվազեցնում են հղիանալու հավանականությունը, օրինակ, կնոջ անամնեզում արգանդափողային հղիությունը, ձվարանի ռեզեկցիան, որովայնի կամ կոնքի խոռոչի օրգանների վրա կատարված վիրահատությունները, դաշտանային ցիկլի խանգարումները, քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը, տղամարդու անամնեզում տարած վիրահատությունները, սեռական դիսֆունկցիան:

Որեւէ խնդրի դեպքում պետք չէ կորցնել թանկագին ժամանակը, անհապաղ պետք է դիմել համապատասխան մասնագետի: 

-Ի՞նչ փուլերով է ընթանում բուժումը:

-Ամուսնական զույգի անպտղության պատճառի արագ եւ ճշգրիտ հայտնաբերումը բուժման հաջողության առաջին փուլն է: Նշեմ, որ ամուսնական զույգի ներկայությունը պարտադիր է, եւ նպատակահարմար է սկսել հենց ամուսնու հետազոտությունից, որը կարեւոր դեր ունի այն հարցում, թե ինչ ճանապարհով պետք է պլանավորել հղիությունը: Զույգի լիարժեք հետազոտությունից եւ անպտղության պատճառը սահմանելուց հետո որոշվում է, թե որն է զույգի համար հղիության հասնելու ամենաճշգրիտ տարբերակը. որոշակի բուժումներից եւ հորմոնալ շեղումների կարգավորումից հետո բնակա՞ն ճանապարհը, ներարգանդային սերմնավորմա՞ն, թե արտամարմնային բեղմնավորման ճանապարհը: 

-Ե՞րբ պետք է դիմել ներարգանդային սերմնավորման:

-Ներարգանդային սերմնավորումը մշակված հոմոլոգիկ կամ դոնորական սերմի ներարկումն է արգանդի խոռոչ: Այն անցավ եւ համեմատաբար ավելի մատչելի մեթոդ է: Ներարգանդային սերմնավորման ցուցումներն են՝

1.Անհայտ ծագման անպտղություն: Ներարգանդային սերմնավորումը համարվում է անհայտ ծագման անպտղության բուժման էմպիրիկ մեթոդ, եթե կնոջ տարիքը չի գերազանցում 35-ը:

2.Արական գործոնով պայմանավորված անպտղություն, երբ սպերմատոգենեզում առկա շեղումները թույլ են տալիս կատարել ներարգանդային սերմնավորում:

3.Դոնորական սերմի կիրառումը, որն իրականացվում է միայնակ կանանց շրջանում եւ այն դեպքում, երբ ամուսնու մոտ առկա են խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բեղմնավորումը սեփական բջիջներով:

Ներարգանդային սերմնավորման պարտադիր պայման է արգանդափողերից գոնե մեկի անցանելիությունը:

-Ի՞նչ կասեք դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման մասին:

-Դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորում կատարվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ ստանալ կնոջ սեփական ձվաբջիջները, կամ ստացված ձվաբջիջներն անորակ են, ունակ չեն բեղմնավորվել եւ լիարժեք հղիության առաջացնել: Դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորումն անպտղության բուժման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հղիանալ եւ երեխա ունենալ այն կանանց, ովքեր չունեն ձվարաններ, կամ էլ ձվարանները չեն գործում: Այս մեթոդը կարելի է կիրառել զույգի լիարժեք տեղեկացվածության եւ համաձայնության դեպքում: Ձվաբջջի դոնոր կարող է հանդիսանալ ակտիվ ռեպրոդուկտիվ շրջանում գտնվող 19-35 տարեկան լիարժեք առողջ կինը, ով ունի գոնե մեկ առողջ երեխա, ով չունի սոմատիկ, հոգեկան որեւէ խանգարում, ժառանգական հիվանդություններ, վնասակար սովորություններ: Մինչեւ ծրագրին մասնակցելը դոնոր հանդիսացող կինը ենթարկվում է ծրագրով սահմանված ստանդարտ հետազոտությունների: Դոնորից ստացված ձվաբջիջը բեղմնավորվում է ռեցիպիենտ կնոջ ամուսնու բիոլոգիական մատերիալով, եւ ստացված սաղմերը տեղադրվում են ռեցիպիենտ կնոջ արգանդում: Նա է կրում ողջ հղիությունը, ծննդաբերում: Այդ ընթացքում ստեղծվում է հոգեբանական կապ բալիկի հետ, եւ, հավատացեք, հետագայում որեւէ հոգեբանական խնդիր չի առաջանում:

-Ո՞րն է փոխնակ մայրության ծրագիրը: Ովքե՞ր կարող են լինել փոխնակ մայր:

-Փոխնակ մայրության ծրագրին դիմում են այն ժամանակ, երբ կնոջ մոտ բնածին բացակայում է արգանդը, կամ այն հեռացվել է վիրահատական ճանապարհով, երբ կինն ունի արգանդի բնածին կամ ձեռքբերովի պաթոլոգիաներ, նրա մոտ առկա են սոմատիկ հիվանդություններ, որոնք խոչընդոտում են հղիությունը կրելուն եւ ծննդաբերությանը, արգանդին կամ արգանդի լորձաթաղանթին հասցված է  չվերականգնվող վնասում, որը թույլ չի տալիս սաղմի իմպլանտացիան եւ հղիության կրումը:

Փոխնակ մայր կարող են լինել մինչեւ 35 տարեկան ծննդաբերած կանայք, ովքեր պետք է պարտադիր ունենան գոնե մեկ առողջ երեխա, ովքեր չունեն սոմատիկ, հոգեկան, գինեկոլոգիական հիվանդություններ, լիարժեք տեղեկացված են հնարավոր բարդությունների մասին: Եթե կնոջ ամուսնությունը պաշտոնապես գրանցված է, նրա ամուսինը պետք է գրավոր համաձայնություն տա այդ գործընթացը սկսելու համար:

-Բժշկուհի՛, ինչի՞ց է կախված հաջողությունը:

-Շատ կարեւոր է բժշկական տեսանկյունից ճիշտ մոտեցումը, ժամանակին անպտղության  պատճառը պարզելը, հղիության հասնելու ճշգրիտ ճանապարհը որոշելը, հղիությունը ճիշտ վարելը, բուժական ցանկացած գործառույթ ճշգրիտ կատարելը: Բայց, իհարկե, շատ կարեւոր է, որ ամուսնական զույգը վստահի բժշկին, որպեսզի այդ դժվարին ճանապարհը բժշկի օգնությամբ անցնի հավատով լցված եւ ճիշտ կատարի բժշկի կողմից տրված ցուցումները: Իհարկե, լինում են դեպքեր, որ առաջին փորձից հղիանալ չի հաջողվում, բայց չպետք է հիասթափվել, մեղավորներ փնտրել, պետք է շարունակել գործընթացը: Ծնող դառնալու բերկրանքը Աստծո կողմից տրված լավագույն պարգեւն է, եւ բոլորիս նպատակը մեկն է՝ պարգեւել զույգին առողջ բալիկ:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրան բավականին դրական փոփոխություններ է կրել, բժշկին այցելում է ամուսնական զույգը, ինչը շատ գրագետ մոտեցում է եւ կարեւոր հանգամանք: Եվ զույգերը հիմնականում լավ են տրամադրված, համերաշխ են: Աննկարագրելի հաճելի զգացողություն է, երբ նկատում ենք զույգերի շնորհակալական հայացքներն արդեն բալիկի հետ մեզ մոտ այցելության ժամանակ: Անբացատրելի ապրումներ եմ ունենում այդ պահերին, եւ դա բժիշկներիս ուժ է տալիս, քանի որ մեր աշխատանքը բավականին դժվար է, լարված, էմոցիոնալ:  

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Հաջողությանը բավականին օգնում են դրական մթնոլորտը, միջավայրը, լավատեսական վերաբեմունքը, իմ ու պացիենտների հավատը, հույսը: Ի վերջո, բժշկությունը մաթեմատիկա չէ, բժշկագիտության մեջ դեռ չպարզված, չբացահայտված շատ հարցեր կան:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը, ընթերցողներին:

-Շատ եմ ցանկանում, որ բոլորը լինեն երջանիկ, զգան ծնող դառնալու բերկրանքը: Ծնող դառնալը կյանքում առաջնային է, ուրեմն զույգը պիտի հույսով, հավատով եւ համբերությամբ լցվի, որ Աստծո կամոք հասնի իր նվիրական երազանքին:

Պետք չէ խնայել առողջության հաշվին

Սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում մահացության  հիմնական պատճառն են, սակայն, եթե նրանց նախանշանները հայտնաբերվեն ավելի վաղ, ապա հնարավոր կլինի խուսափել դժբախտությունից: Սրտի հիվանդություններն ունեն տարատեսակ նախանշաններ, որոնցից շատերը մարդկանց հայտնի են, սակայն գոյություն ունեն նաեւ այլ ազդանշաններ, որոնք նույնպես պետք չէ անտեսել: Ու պատահական չէ, որ սրտային հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է: Հայտ­նի բան է.  առանց հո­գին բու­ժե­լու դժ­վար է մար­մի­նը բու­ժել: Ցան­կա­ցած գրա­գետ բժիշկ գիտի դա, նաեւ լավ գի­տակ­ցում է, թե որքան կարեւոր նշա­նա­կու­թյուն ու­նի ան­հա­տա­կան վերաբեր­մուն­քը, որը հի­վան­դի մոտ բժշկի հանդեպ վս­տա­հու­թյուն առա­ջաց­նե­լու հիմնական նախապայմանն է:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող եւ սրտաբան, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, խոհեմ, պատասխանատու ե՛ւ արածների, ե՛ւ չարածների համար, նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը։ Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, ինչի համար էլ վայելում է ինչպես հիվանդների, այնպես էլ ընդհանրապես հանրության սերն ու վստահությունը:

-Պարո՛ն Չիլինգարյան, կներկայացնե՞ք սրտի ռիթմի խանգարումների տեսակները:

-Սրտի ռիթմի խանգարումները տարատեսակ են, դրսեւորվում են տարբեր ձեւերով: Մեծամասամբ դրանք լինում են անվտանգ, բայց կան նաեւ ռիթմի խանգարման տեսակներ, որոնք վտանգ են ներկայացնում կյանքի համար: Չնայած դրանք քիչ տոկոս են կազմում, սակայն, ամեն դեպքում, պետք է հետազոտվել հասկանալու համար, թե  որն է խնդիրը:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում սրտի իշեմիկ հիվանդոթյունը:

-Նախ ասեմ, որ իշեմիա նշանակում է դեպի օրգան արյան պակաս զգալ, իշեմիա կարող է լինել ամեն տեղ կա՛մ անոթի նեղացման պատճառով, կա՛մ օրգանի մեջ արյան շատ պահանջի դեպքում, երբ անոթը չի հասցնում սնուցել օրգանը: Սովորաբար ավելի հաճախ ու  ամենավտանգավորը լինում է հենց սրտի իշեմիան, որի դեպքում մահացության ցուցանիշն ամենաբարձրն է: Իհարկե, երբեմն կարող են ի հայտ գալ ինչ-որ էպիդեմիաներ, որոնք լայնամասշտաբ տարածում կստանան եւ կփորձեն մահացության տեսանկյունից հավասարվել իշեմիկ հիվանդության հետ: Ի դեպ, զարգացած երկրներում նույնպես այն համարվում է վտանգավոր հիվանդություն:

Իշեմիայի դեպքում ի հայտ են գալիս ցավ, սրտի սնուցման խանգարում, ու, եթե անոթների մեջ խցանումը երկարատեւ է լինում, զարգանում է ինֆարկտ, հիվանդություն, որը հանգեցնում է սրտամկանի որոշ մասի մահանալուն, եւ մենք ունենում ենք, այսպես ասած, խաղից դուրս վիճակում գտնվող որոշակի հատված: Իշեմիկ հիվանդությունը կարող է արտահայտվել «բազմադիմակային» տեսքով, իսկ ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության ծայրահեղ ձեւն է, հիվանդություն, որի դեմ ամբողջ աշխարհում պայքար է ընթանում: Չեմ ասի, որ պայքարը շատ հաջողված է, սակայն, ամեն դեպքում, մեծ հաջողություններ են գրանցվել զարգացած երկրներում, մասնավորապես, մեղմացվել են հիվանդության հետեւանքերը:

-Ինչպե՞ս մարդը հասկանա, որ իր մոտ զարգանում է սրտի իշեմիկ հիվանդություն:

-Մարդը կարող է քայլելու ժամանակ ցավ զգալ կրծքավանդակում, կարող են լինել սրտի ռիթմի խանգարումներ, շնչահեղձություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ… Եվ նա հետագա բարդացումներից խուսափելու համար պետք է անպայման հետազոտվի, քանի որ դրանք հիվանդության նախանշաններից են: Ուզում եմ նշել, որ իրականում հիվանդության վերջնական բուժում չկա, եւ էական չէ՝ անոթը կբացվի, թե ոչ, ամեն դեպքում սիրտն արդեն համարվում է հիվանդ օրգան: Շատ քիչ դեպքերում սրտի ռիթմի խանգարումներ կարող է առաջանալ վահանաձեւ գեղձի հիվանդության դեպքում: Մեր գերնպատակը ռիսկի գործոններն ամբողջությամբ վերացնելն է:

-Բժի՛շկ, սրտանոթային հիվանդությունները կրո՞ւմ են ժառանգական բնույթ:

-Իհարկե այո, եթե գենետիկայում տղամարդիկ հիվանդացել են մինչև 55 տարեկանի, իսկ  կանայք` 65 տարեկանի շեմը: Չնայած այդ տարիքային շեմն այսօր երիտասարդացում է ապրել, քանի որ մարդն իր առողջության մասին քիչ է մտածում, չի հետեւում սննդի որակին, տարբեր քիմիական հավելումներով սննդամթերք է օգտագործում, եւ խոլեստերինի մակարդակի բարձացումն արյան մեջ բերում է սրտային հիվանդության զարգացման: Այսօր, կարծես թե, նաեւ ծխախոտի որակն է վատացել, բայց ես ընդհանրապես երբեք չեմ ողջունել ծխախոտի օգտագործումը: Սթրեսային լարվածությունն ինքնին չի կարող առաջացնել սրտանոթային հիվանդություններ, ու պետք է գտնել տարիների ընթացքում ձեռք բերած հիվանդության սկզբնաղբյուրը: Հիվանդության համար գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք հիվանդը պետք է վերացնի, դրանք են` ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, նստակյաց կյանքը եւ ավելորդ քաշը: Եթե դուք ունեք դրանցից մեկ կամ մի քանիսը եւ  քայլեր չեք ձեռնարկում դրանք հաղթահարելու ուղղությամբ, դուք արդեն պոտենցիալ հիվանդ եք, բարձր ռիսկի տակ եք: Եթե մենք վարենք առողջ ապրելակերպ, մեր ժառանգական գեները «կքնեն», իսկ ռիսկի գործոնների կիրառելիության դեպքում մենք  «արթնացնում ենք» այդ գեները:

-Եղանակային փոփոխությունները նպաստո՞ւմ են սրտային հիվանդության սրացումներին:

-Միանշանակ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ եղանակային փոփոխությունները օրգանիզմում ցիկլի փոփոխությունների են հանգեցնում, դրանք կարող են բարձրացնել զարկերակային ճնշումը, որը հիվանդությանը նպաստող գլխավոր գործոններից է: Հիպերտոնիայի 95 տոկոսի դեպքում մենք չգիտենք դրա առաջացման պատճառը, եւ միայն 5 տոկոսի դեպքում, երբ հիվանդությունը երիտասարդ է, կարող  է հայտնաբերվել պատճառը, օրինակ, զարկերակի նեղացում, երիկամային խնդիր, գլխուղեղում հորմոնային պրոցեսների խանգարում: Պատճառը չգտնելով՝ մենք հիվանդության, այսպես ասած, սերմը թողնում ենք, որը պետք է միշտ իր պտուղները տա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձր ճնշումը վտանգավոր է եւ կարող է բերել սրտանոթային հիվանդությունների զարգացման, գիտությունը ստեղծել է դեղամիջոցներ, որպեսզի կարողանանք ճնշումը պահել կայուն վիճակում: Բարձր ճշումը «քերում է» անոթերի պատերը, այսպես ասած, «ճաքեր» է առաջացնում, իսկ դա իր հերթին կարող է առաջացնել տրոմբ, իսկ եթե լինի նաեւ խոլեստերինի խնդիր, ապա դրանք միախառնվելով կարող են բերել հիվանդության սրացումների: Կարող է խնդիր առաջանալ, այն զարգանալ գլխուղեղում, սրտում, երիկամերում, ուստի բարձր ճնշման խնդիր ունեցողները պարտադիր պետք է պարբերաբար օգտագործեն համապատասխան դեղամիջոցներ: Մենք, այսպես ասած, հսկում ենք հիվանդությունը, բայց, ցավոք, չենք բուժում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը, մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ, իհարկե, քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, կուլտուրան բարձրանա մեր երկրում, քանի որ բժշկությունը շատ արդյունավետ կարողանում է բուժել եւ պայքարել հիվանդությունների դեմ միայն այն դեպքերում, երբ դրանք վաղ փուլերում են ախտորոշվում: Խորհուրդ կտամ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, տարեկան գոնե մեկ անգամ դիմել իրենց բժշկին: Թող հետեւեն իրենց, կանխեն զարգացող հիվանդություններն առողջ ապրելակերպով: Իհարկե այսօր բավականին մեծ է փոփոխությունը դիմելիության կուլտուրայի մեջ. սկսել են ավելի վաղ տարիքում հետեւել իրենց առողջությանը, ինչը ողջունելի քայլ է: Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց եւ բժշկի դիմեն նույնիսկ փոքր բողոքի, այլ ոչ թե հիվանդության՝ արդեն բավականին բարդացած վիճակում: Վերջին դեպքում ոչ միայն բուժումն ավելի ծախսատար է, այլ նաեւ դրա  արդյունավետությունն է շատ ցածր: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետեւանքներ, որոնք կազդեն նաեւ մարդկանց հոգեկան ներաշխարհի վրա:

Բժշկի մի խոսքը կարող է ճակատագրական լինել

Ապացուցված է, որ ճառագայթաբանության արդի զարգացվածության աստիճանը նկատելիորեն իջեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ շրջանում: Հետազոտությունները թույլ են տալիս արագ եւ ճշգրիտ ախտորոշել պացիենտին եւ ժամանակին սկսել բուժման ընթացքը։ Բժշկագիտության ոլորտում այս ուղղությունը համարվում է երիտասարդ, բայց ուրախացնում է այն հանգամանքը, որ երիտասարդ բժիշկները բավականին արագ են տիրապետում այս մասնագիտության նրբություններին: Արդի բժշկության ու հատկապես ճառագայթաբանության ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-սոնոգրաֆիստի հետ: Երիտասարդ բժշկուհին անչափ ուշադիր, հոգատար է հիվանդների նկատմամբ, հանգիստ է ընդունում հաջողությունները, բարեհամբույր է, սկզբունքային, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է բժիշկ կոչվելու պատվին:

-Բժշկուհի՛, խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին:

-Անկեղծ ասած, ինձ այլ մասնագիտության մեջ չէի պատերացնում եւ, դպրոցական տարիներից սկսած, մանկաբարձ-գինեկոլոգ դառնալու հստակ որոշում էի կայացրել: Ու  դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի պետական բժշկական համալսարան՝ ինձ համար իդեալ ունենալով իմ կնքահորը` Գեորգի Գրիգորիի Օկոեւին: Ընդհանուր բժշկական ֆակուլտետը ավարտելուց հետո ընտրեցի հենց մանկաբարձություն եւ գինեկոլոգիա մասնագիտացումը, չորս տարի օրդինատուրայում ուսանելով՝ հասկացա, որ ավելի լավ կլինի, եթե ուլտրաձայնային հետազոտությունն էլ ուսումնասիրեմ, որպեսզի ավելի լիարժեք կատարեմ ախտորոշումը, ճշգրիտ հասկանամ, թե որ պացիենտին ինչպիսի մոտեցում, բուժում է անհրաժեշտ: Վերապատրաստվեցի ընդհանուր ուլտրաձայնային հետազոտության ոլորտում, որից հետո արդեն նեղ մասնագիտացա մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ հենց սոնոգրաֆիայի գծով: Իմ ուսուցիչ համարում եմ Գայանե Մուսայելյանին, ով իմ մեջ սերմանեց մեծ սեր դեպի այս մասնագիտությունը: Ես հետո, այսպես ասած, հրաժարվեցի գինեկոլոգի մասնագիտությունից եւ խորացա սոնոգրաֆիայի մեջ, քանի որ ցանկությունս մեկն էր՝ աշխատել արդեն միայն սոնոգրաֆիստ: Արտերկրում բավականին շատ վերապատրաստումներ անցա, որոնց ընդհանրապես սկիզբ ու վերջ չկա, քանի որ միշտ պետք է շոշափենք, զգանք բժշկության զարկերակը, չպետք է դոփենք տեղում: Բժշկությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, նոր շունչ… Եվ սկսեցի աշխատել սոնոգրաֆիստ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում ու արդեն քանի տարի «Աստղիկ» բժշկական կենտրոնում եմ:

-Որպես ախտորոշման մեթոդ սոնոգրաֆիան ի՞նչ է իրենից ներկայացնում:

-Սոնոգրաֆիան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ առաջին ու կարեւորագույն օղակն է, քանի որ արդի բժշկությունն առանց ճշգրիտ ախտորոշման գրեթե անհնար է պատկերացնել: Այն անցավ, անվնաս, առանց ճառագայթման հետազոտության մեթոդ է, հակացուցումներ չունի, տարիքային շեմ գոյություն չունի, պացիենտը կարող է դեմել, հետազոտվել բժշկի ցուցումով կամ կանխարգելիչ նպատակներով: Առանց սոնոգրաֆիկ հետազոտության ոչ մի բժիշկ չի կարող իրականացնել իր բուժական քայլերը: Հղիները, օրինակ, ամբողջ հղիության ընթացքում հսկվում են սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով, քանի որ այդպիսով հայտնաբերվում են թե՛ արատները, թե՛ չզարգացող հղիությունները, ընդհանրապես՝ չբերության հետ կապված  բոլոր խնդիրները: Մի խոսքով, կանանց առողջության, գինեկոլոգիայի հարցերում թիվ մեկ հետազոտությունը սոնոգրաֆիան է, որի համար հատուկ նախապատրաստական աշխատանքներ պետք չեն: Եթե պացիենտն արդեն ապրում է սեռական կյանքով, պարտադիր պետք է անցնի ներհեշտոցային սոնոգրաֆիա, եւ սխալ է այն կարծիքը, որ հետազոտման ժամանակ միզապարկը պետք է պարտադիր լիքը լինի, հակառակը, աղինեըը եւ միզապարկը պետք է դատարկ լինեն: Հղիության դեպքում առաջին 12 շաբաթվա ընթացքում ցուցված է ներհեշտոցային սոնոգրաֆիան, եւ իրականությանը չի համապատասխանում այն թյուր կարծիքը, թե այն կարող է վիժման կամ արնահոսության պատճառ դառնալ, վնասել պտուղը:  

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Առաջնահերթ ամեն ինչը անում եմ մեծ սիրով ու նվիրումով, քանի որ ստիպողաբար կատարված ցանկացած աշխատանք չի կարող հաջողություն բերել, դրական արդյունք ապահովել:  

-Կանխարգելիչ նպատակներով ե՞րբ պետք է դիմել սոնոգրաֆիական հետազոտության:

-Եթե չկա որեւէ առողջական խնդիր, հետագա հնարավոր բարդություներից ու խնդիրներից խուսափելու համար կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ պետք է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն: Բայց, ցավոք, Հայաստանում այդ առումով հիմնականում բարձիթողի վիճակ է, եւ մեզ մոտ գալիս են արդեն գանգատներով կամ բժշկի ուղղորդմամբ: Մեր մտածելակերպում դեռ բացակայում է այն մակարդակը, որ պարզապես գնան հետազոտման, եւ նման դեպքերը շատ հազվադեպ են: Նրանք մտածում են այսպես. «Քանի դեռ գանգատ չկա, չարժե դիմել մասնագետի»: Կամ էլ վախենում են, որ իրենց մոտ կարող է ինչ-որ հիվանդություն հայտնաբերվել: Ընդ որում, նման մտածելակերպը գործում է ոչ միայն հղիության, գինեկոլոգիական հնարավոր խնդիրների հայտնաբերման ու կանխարգելման դեպքում, այլ ընդհանրապես: Եթե նախապես մեզ չեն զգուշացնում, մենք պացիենտին տեղեկացնում ենք իր մոտ առկա ցանկացած խնդրի մասին, իսկ հետագա քայլերն արդեն անում է գինեկոլոգը:

-Ձեր կարծիքով բժիշկը գնահատվա՞ծ է:

-Դա, կարծում եմ, արդեն անձի խնդիր է, կախված է աշխատանքային միջավայրից նաեւ, իրեն շրջապատող մարդկանցից: Ամեն դեպքում, թող ամպագոռգոռ չհնչի, ես ինձ կարող եմ համարել գնահատված: Ընդհանրապես բժիշկը պետք է միշտ ճիշտ տեղում լինի, բարձր արժեքներ դավանի: Քանի որ այսօր հատկապես լրատվամիջոցներում բավականին շատ են բժիշկներին ուղղված անհիմն մեղադրանքները, պացիենտներն էլ երբեմն արդեն մեր նկատմամբ վատ տրամադրված են այցելում:

-Կարո՞ղ եք վերհիշել Ձեր առաջին պացիենտին:

-Առաջին պացիենտին այս պահին չեմ կարող հիշել, քանի որ ուսումնական տարիների, վերապատրաստումների ընթացքում ակտիվ պրակտիկ գործունեությամբ եմ զբաղվել, շատ պացիենտների հետ եմ գործ ունեցել, հետազոտել: Ընդհանրապես շատ դժվար, անչափ պատասխանատու է սկիզբը, այն պահը, երբ արդեն մենակ ես մնում պացիենտի հետ, բայց դա հաղթահարելի է, եթե սիրում ես մասնագիտությունդ: Եվ ես մասնագիտության ընտրության համար երբեք չեմ փոշմանել, քանի որ այն շատ եմ սիրում:

-Որպես վերջաբան Ձեր խորհուրդը մեր հասարակությանը:  

-Խորհուրդ եմ տալիս տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմել բժշկի, հետազոտվել, որպեսզի հիվանդությունները  վաղաժամ հայտնաբերվեն, ու նրանց բուժումն էլ ավելի հեշտ լինի: Ընդ որում, պետք է կատարվի ընդհանուր ստանդարտ փաթեթ հետազոտություն: Խորհուրդ կտամ ապրել խաղաղ, սիրել մեզ եւ շրջակա միջավայրը, միմյանց նկատմամբ թշնամանքը նվազեցնել, ամեն հարցում լավատես լինել: Կցանկանամ, որ հայ կանայք առավել ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ ու թեկուզ աննշան գանգատի դեպքում անհապաղ դիմեն բժշկի: Բժիշկներին էլ կցանկանամ ամուր առողջություն, պինդ նյարդեր, սթրեսակայունություն, եւ բժիշկ թող աշխատի այն մարդը, ով իր մեջ ունի այդ ներքին ուժը, այդ կոչումը, ով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ունի յուրովի մոտեցում: Իսկ դա բուժման համար շատ կարեւոր նախապայման է. բժշկի մի խոսքը կարող է ճակատագրական լինել:

Սիրելինե՛րս, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի եւ առողջության նկատմամբ, գնահատեք կյանքը,  քանի որ այն Աստծո կողմից մեկ անգամ է մեզ տրվում: Սիրե՛ք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: Առողջություն ու երջանկություն բոլորիդ:                                                       

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր