Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...

Ես չափից շատ եմ սիրում մանկավարժությունը, ապրում եմ նրանով, առանց որի էլ չեմ պատկերացում իմ կյանքը

Դպրոցը մշտապես կրթում է ապագա սերնդին: Դպրոցում են դրվում նոր հասարակության սաղմերը: Մեր ապագան դպրոցի ձեռքերում է, որտեղ կրթվում ու դաստիարակվում է վաղվա սերունդը: Հայաստանի առաջընթացի ու զարգացման կարեւորագույն ազդակներից մեկն էլ հայկական դպրոցների բարեկարգ լինելն է: Մենք պետք է հասկանանք, որ ազգանվեր դպրոցը մեր ազգի եւ հայրենիքի հիմքն է, մանկավարժները այն մարդիկ են, ովքեր մեր երեխաներին կրթում եւ դաստիարակում են, ովքեր երկրորդ ծնողն են մեր երեխաների, ծնողի պես ջանք եւ եռանդ չեն խնայում ազգասիրություն  եւ հայրենասիրություն սերմանելու մեջ, ովքեր օգնում են նրանց` իրենց ընտրած կյանքի ճանապարհը անարգել անցնել:

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական  դպրոցը մշտապես արժանապատվորեն է կրել սերունդ կրթելու ու դաստիարակելու շնորհակալ գործի առաքելությունը: Մինչ օրս այս կրթօջախը բազում սերունդներ է կյանք ճանապարհել, սահմանագիծ ուղարկել` զինված անհրաժեշտ գիտելիքներով: Հարյուրամյակների պատմություն ունեցող այս դպրատունը, չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին, միշտ հաղթանակած է դուրս եկել ցանկացած անհարթ ճանապարհից: Հաճախ իր լուսափայլ պատմությունը կերտելու ճանապարհին խոչընդոտներ է ունեցել: Բացի նյութական արժեքներից, շատ մեծ կարեւորություն ունի նաեւ հոգեւոր կողմը, որն այս դպրոցում ապահովված է: Բազմաթիվ սերունդներ` կայացած մտածելակերպով ու կյանքի շիտակ գիտակցությամբ են դուրս եկել այս դպրատանից: Այստեղ տիրում է հայեցի դաստիարակություն:
Գիտելիքների այս ամրոցը դեռ դարեր կմնա հաստատ ու կայուն, աներեր` ցանկացած չարաբեր փոթորկի դեմ, քանզի այն կրում է մեծն Գարեգին Նժդեհի անունը:
Դպրոցի  տնօրեն ԵՍՏԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ, չնայած լինելով բավականին զգացմունքային կին, տիրապետում է առաջնորդի իսկական որակներին` միեւնույն ժամանակ պահպանելով կնոջ բնորոշ հատկությունները: Երբ կինը գործում է հասարակության կողմից իրեն վերագրված սահմանների շրջանակներում՝ շատ հաճախ` <<զոհաբերում>> իր սեփական եսը հանուն վաղվա սերնդի դաստիարակման, հասարակության կողմից նա արժանանում է ամենամեծ հարգանքի: 

- Տիկին Գալստյան, խոսեք դպրոցի անցած ճանապարհի մասին, ի՞նչ ճանապարհ է անցել դպրոցը մինչ օրս:

- Ասեմ, որ դպրոցում աշխատում եմ 2003-2004 ուսումնական տարվանից սկսած, երբ դպրոցը միջնակարգ կրթություն էր ապահովում: Դպրոցում սովորում էր գրեթե 700 աշակերտ, ունեինք բարձր առաջադիմությամբ շատ աշակերտներ, կրթությունը մշտապես ճիշտ հունով զարգացում էր ապրում, բայց շենքային պայմաններն էին սարսափելի, չունեինք անգամ տանիք, երբ արդեն ամառ էր, բայց դպրոցում դեռ կաթոցներ կային: Արեցինք ամեն ինչ, որպեսզի սոցծրագրերով տանիք եւ ջեռուցում ապահովվի դպրոցին, ջեռուցման համակարգը համալրվեց: Դպրոցում այժմ գործում է նախակրթարան, ներառական կրթություն ենք իրականացնում, ուսուցչական կազմը լիովին վերապատրաստված է, գրագետ իրենց գործունեությունն են ծավալում, բնականոն, նորմալ հունով են ընթանում մեր աշխատանքները:

- Տեղյակ ենք, որ մանկավարժ եք մասնագիտությամբ, իրականում իրենից դժվարությո՞ւն չէր ներկայացնում այդ անցումը` ստանձնել տնօրենի պաշտոնը:

- Ես մինչ մեր դպրոցում աշխատելը, աշխատել եմ նաեւ քիմիական տեխնիկումում, ամուսնությունից հետո տեղափոխվեցի Էջմիածին քաղաք, բնականաբար, փոխելով  նաեւ աշխատանքիս վայրը: Դժվարությունը նրանում էր, որ տեխնիկումում աշխատում էի չափահաս մարդկանց հետ, իսկ գալով դպրոց, աշխատելով դասվար, հասկացա, որը ինձ համար բավականին հետաքրքիր եւ հեքիաթային աշխարհ  էր, որտեղ արդեն պետք էր երեխաների հետ մոտեցման կարգը փոխվեր: Որոշակի դժվարություններ կային միայն այդ պահին, մոտեցման կարգը փոքրիկների հետ միանգամայն այլ էր, բայց նրանք բոլորը լրացնում էին իմ ներաշխարհը, յուրաքանչյուրի մեջ տեսնում էի կյանք, ուրախություն, երջանկություն, ապրելու եւ արարելու ձգտում: Ասեմ, որ դասվար լինելուն զուգահեռ 10-րդ դասարանցիներին ինֆորմատիկա առարկան եմ դասավանդել, միանգամից փոքրերից անցումը մեծերին: Ինձ համար շատ հետաքրքիր առօրյա էր, որը պահանջում էր տարբեր ուղղվածություններ: Ես չափից շատ եմ սիրում մանկավարժությունը, ապրում եմ նրանով, առանց որի էլ չեմ պատկերացում իմ կյանքը:

 - Կարո՞ղ եք տարանջատել խորհրդային տարիների եւ 21-րդ դարի սաներին:

- Ես ինքս ավարտել եմ դպրոցը խորհրդային տարիներին: Այն մեզ տալիս էր շատ լավ գիտելիքների բազա, այժմյան սաների համար տարբերությունը միայն տեղեկատվական միջոցների համալրումն է, մեր դեպքում մենք պրպտում էինք գրքերի միջոցով ինֆորմացիա  ստանալ, իսկ այսօր ընդամենը մեկ կոճակի հպումով կարող ես ընկնել գիտելիքների դաշտ: Ձգտող երեխայի համար գրեթե նույնն է, այսօրվա սերնդի համար ավելի հեշտ է համացանցով շատ ավելին  իմանալ, իրենց գիտելիքների բազան մեծացնել ինֆորմացիոն աղբյուրների շնորհիվ: 21-րդ դարի սերունդն  ավելի անկախացած է, սեփական կարծիքը կիսելու միտումով`   ավելի պահանջատեր:   

- Ի՞նչ նորանոր ծրագրեր կան առաջիկայում` դպրոցն ավելի բարեկարգ տեսքի հասցնելու առումով:

- Մեր դպրոցում շենքային պայմանները գրեթե արդեն ավարտին են հասցված, միայն մնում են ներքին հարդարման աշխատանքներն իրականացնել: Հուսամ, որ դա էլ ապագայում կիրականացնենք` հետագայում ընդգրկվելով նոր ծրագրերի մեջ: Եթե մենք ամբողջ աշխատակազմով որոշում ենք իրականացնում, ապա նպատակադրված ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք մեր ուզածին: Եթե կա նպատակ եւ ձգտում, ապա թափված ջանքերը արդյունք են տալիս:

- Մեր նորանշանակ կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Ասեմ, որ ես միշտ շատ լավատես եմ, մեր երիտասարդ սերնդի մեջ եմ տեսնում ե՛ւ ներկան, ե՛ւ մեր ապագան: Վստահ եմ, որ առանց մեր երիտասարդների աջակցության մենք ոչնչի չենք հասնի: Հուսամ, որ պետք է ապրենք երջանիկ եւ ուրախ մեր երկրում, որ բոլոր պանդուխտները հետ պիտի վերադառնան` մեր հայրենիքը զորացնելու միտումով: Ես այն մանկավարժներից եւ մարդ տեսակից եմ, որ  միշտ սիրել եւ գնահատել եմ մեր երիտասարդներին, եթե նրանց չսիրես եւ չվստահես, ապա հաստատ քո ապագան վառ գույների մեջ չես տեսնի: Ես ինքս եւս եղել եմ երիտասարդ, ես լավ գիտակցում եմ, որ ինձ ժամանակին վստահել են մարդիկ: Կյանքում մշտապես մեծ բարձունքների հասնում են երիտասարդ տարիքում, որովհետեւ դա այն տարիքն է, երբ դու լցված ես ուժով եւ եռանդով, եթե դրան հավելած` քեզ վստահում են, ապա պարտավոր ես իրականացնել նրանց սպասելիքները:

- Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

- Աղջիկս ընտրել է իմ ճանապարհը, ինքն էլ մանկավարժ-հոգեբան է եւ մաթեմատիկոս: Ավարտել է երկու համալսարան, իսկ տղաս ծրագրավորող է: Չնայած, չընտրելով մանկավարժի մասնագիտությունը, այնուամենայնիվ, եթե հարկ է լինում ինչ-որ թեմայի շուրջ տեղեկանալ, նա սիրով երեխաներին բացատրում է: Զգացվում է, որ նրա երակներում մանկավարժի արյունը իրենն ասում է: Ես էլ դա ժառանգել եմ իմ ծնողներից, երկկողմանի մանկավարժների ընտանիքից եմ: Զգում եմ, որ երեխաներիս մեջ էլ կա իմ այդ բնավորության գծերից` համբերատարությամբ դիմացինին սիրով ինչ-որ բան սովորեցնելը:

- Ձեր կարծիքով` որո՞նք են Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ գծերը:

- Ասեմ, որ բնավորությամբ ուժեղ  մարդ եմ, բայց իմ թույլ կողմը կարող եմ համարել,  որ ես բավականին շատ մարդկային եմ, շատ բարեհամբույր, չնայած` այն ինձ կյանքում երբեք չի խանգարել, բայց երբեմն հասկանում եմ, որ դա իմ թույլ կողմն է, դիմացինին շատ եմ հավատում եւ նվիրվում, որը ես ժառանգել եմ իմ ծնողներից, որը կարող է հավաստել ինձ հետ շփվող ցանկացած մարդ: Իմ առօրյա աշխատանքային օրվանից հետո անդորրս գտնում եմ` թոռնիկիս գրկելով, ով ինձ տալիս է ե՛ւ ուժ, ե՛ւ երջանկություն, հոգեկան հանգստություն: Իրականում ես ինձ համարում եմ երջանիկ կին, քանի որ ես ունեմ իմ սիրած աշխատանքը, ունեմ լավ ընտանիք, լավ կոլեկտիվ: Շուրջ 15 տարի է, ինչ ղեկավարում եմ դպրոցը, մինչ օրս մեր կոլեկտիվում ոչ մի միջադեպ, իրար չհասկանալու դեպքեր չեն արձանագրվել, քանի որ դպրոցն իմ երկրորդ ընտանիքն եմ համարում:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք ձեր սաներին, մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ բոլորի երազանքներն իրականանան, ամենակարեւորը` մեր ազգն ապրի իր երկրում: Աշխարհին խաղաղություն, որ մեր զինվորները  առողջ վերադառնան տուն եւ գրկեն իրենց մայրիկներին, իսկ սաները ինչ նպատակներ ունեն, թող իրականանան իրենց նվիրական երազանքները: Իրենց ընտրած մասնագիտությունների մեջ լավ մասնագետ եւ պիտանի մարդ դառնան մեր հասարակության համար:

Մարդկանց օգնություն ցուցաբերելը բավականին պատվավոր առաքելություն է

Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները` կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը (ԼՕՌ) բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է: Այս ոլորտը մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Մեր զրուցակիցն է օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), թիվ 2 բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ   ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ,  ով ունի  տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ, ով, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Հետեւողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող մի մարդ, ով ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլեւ իսկապես արժանի է իսկական բժիշկ կոչվելուն:

- Պարոն  Մաթեւոսյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ եւ ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

- Ասեմ, որ իմ արմատներում չկային բժիշկներ: Բժիշկ դառնալու որոշումս իմն էր: 2005թ.-ին ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որն ավարտելով 2011 թվականին, ընդունվեցի արդինատուրա քիթ-կոկորդ-ականջաբանություն բաժին,  <<Էրեբունի>>  բժշկական  կենտրոնում, այնուհետեւ նույն  կենտրոնում աշխատել եմ մոտ մեկուկես տարի: Աշխատել եմ նաեւ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որպես ԼՕՌ բժիշկ եւ փոխտնօրեն, որից հետո մինչ օրս աշխատում եմ թիվ 2 բուժմիավորումում` որպես փոխտնօրեն եւ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ: 

- Ձեր բաժանմունքը հիմնականում ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

-Մեր բաժանմունքում իրականացվում է քիթ-կոկորդի հետ կապված ցանկացած վիրահատական միջամտություն, չենք իրականացնում միայն ականջի հետ կապված նեղ մասնագիտական վիրահատություններ, մնացյալ բոլոր սպեկտորներով աշխատում ենք` կապված կոկորդի եւ քթի  հարակից խոռոչների հիվանդությունների հետ: Մեր բաժանմունքում ունենք շատ բանիմաց բժիշկներ, լավ պատրաստված թիմ: Աշխատում ենք տարբեր տարիքային սպեկտորի հետ թե ՛ տարեցների, թե ՛  մանուկների հետ:

- Բժիշկ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում  քիթ-կոկորդ-ականջաբանությունը Հայաստանում:

- Ասեմ, որ իմ կարծիքով մեր երկրում բավականին բարձր  մակարդակի վրա է գտնվում քիթ-կոկորդ-ականջաբանությունը: Ինչքանով, որ ես ուսումնասիրել եմ, արտերկրում տարբեր երկրներում եղել, այնպիսի պաթոլոգիաներ եւ վիրահատական  միջամտություններ չկան, որ իրականացվեն արտերկրում եւ մեզ մոտ առկա չլինի: Բոլոր սպեկտորներով մենք աշխատում ենք, վիրահատություններ իրականացնում նորագույն մեթոդներով: Մեր երկրում 9-10 բալանի համակարգով կարելի է գնահատել քիթ-կոկորդ-ականջաբանությունը:

-  Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Ես կցանկանամ, որ իմ երեխաներն ընտրեն իմ մասնագիտական ուղին, ունեմ երկու տղա, կցանկանամ, որ նրանք ընտրեն բժշկի մասնագիտությունը, քանի որ այն ինձ համար լավագույններից լավագույն մասնագիտությունն է, իմ կարծիքով, մարդկանց օգնություն ցուցաբերելը բավականին պատվավոր առաքելություն է:

- Բժիշկ, պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան-համակարգերի հետ:

- Ասեմ, որ եզրակացություն կարող ենք ստանալ միայն հետազոտությունների, հիվանդի գանգատների հիման վրա հավաքած անամնեզի տվյալներով:

- Պարոն  Մաթեւոսյան, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Միանշանակ Արթուր Կիմիչ Շուքուրյանին, իրենից եմ ստացել իմ  գիտելիքների բազան եւ մինչ օրս էլ իրենից սովորում եմ, ցանկացած հարցով նա միշտ իմ կողքին է` թե ՛  որպես բժիշկ, թե ՛ որպես լավ մարդ:

-  Բժիշկ, հանդիսանո՞ւմ եք արդյոք քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցացիայի անդամ:

- Այո, հանդիսանում եմ քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցացիայի անդամ եւ, որպես խորհուրդ, կհորդորեմ մեր ոլորտի բոլոր  մասնագետներին, ընդգրկվել մեր թիմ: Ասեմ, որ ասոցացիան շատ բան է մեզ տալիս, որտեղ ընթանում են քննարկումներ, փորձի փոխանակություն, որտեղ շփվում են նույն մասնագիտության տեր մարդիկ: Փորձում եմ նաեւ աշխատանքի  հետ համատեղել վերապատրաստումները, որը, կարծում եմ, որ պարտադիր է արտերկրի փորձ ձեռք բերելը: Ասեմ, որ մեր ապագա բժշկությունը տեսնում եմ շատ բարձր  մակարդակի վրա, ե՛ւ մեր սերունդը, եւ մեզ հաջորդող սերունդները ունենալու են շատ բանիմաց եւ իրենց գործի գիտակ բժիշկներ:

-Ունենալով աշխատանքային բավականին մեծ փորձ, արդյո՞ք նկատվում է քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունների աճի միտում, թե` ոչ:

-Կասեի, որ ոչ, ինձ թվում է նման տենդենց չի  նկատվում,  քթի հետ կապված պաթոլոգիաները միշտ առկա են եղել մեր հայ հասարակության 80-85 տոկոսի մոտ, մշտապես եղել է շնչառության կամ ծռված միջնապատի խնդիր, նույնիսկ արտաքին քթի դեֆորմացիա:

-Բժիշկ, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Մեր երկրում այն շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, այսպես ասած, մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, չեն դիմում բժշկի: Տենդենց կա, երիտասարդների մոտ իրենց առողջությանը հետեւելու միտում, եւ 50-55 տարիքային շեմը հատած անձինք, ովքեր ուղղակի արդեն ցանկանում են հետեւել իրենց առողջությանը:

- Պարոն Մաթեւոսյան, իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ  այցելի բժշկի` պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել եւ ստանալ համապատասխան բուժօգնություն:

Արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորման ավելի քան 15 տարվա փորձը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաները, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանքը

Ի՞նչ են արգանդի միոմաները:

Արգանդի ֆիբրոմաները (միոմաները) հանդիսանում են արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ, գոյացություններ: Ֆիբրոմաները կարող են տատանվել իրենց քանակով և չափով` եզակի հանգույցներից մինչև բազմաթիվ, շատ փոքր չափերից մինչև հսկա հանգույցներ: Միոմաներ հանդիպում են կանանց 70-80%-ի մոտ, մինչև 50 տարեկան հասակը: Ֆիբրոմաների բժշկական տերմինն է լեյոմիոմա կամ միոմա:

Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:

1. Ճնշում

Ֆիբրոմաները կարող են լինել անախտանիշ, կամ առաջացնել շատ լուրջ գանգատներ: Կանայք, ում մոտ առկա են ախտանիշներ, ունենում են`

  • Միզապարկի և ուղիղ աղու ճնշում
  • Հաճախակի միզարձակումներ
  • Փորկապություններ և/կամ ռեկտալ  ցավ
  • Գոտկատեղի և/կամ որովայնի ցավ

Երբ միոմաները շատ են մեծանում, նրանք կարող են փքել որովայնը, և կինը ունենում է հղիի տեսք:

Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:

1. Դաշտանային ցիկլի խանգարում

Միոմաները նաև կարող են պատճառ դառնալ դաշտանային ցիկլի խանգարման, այդ թվում և`

  • Սպաստիկ ցավեր՝ թեթևից մինչև ուժեղ
  • Առատ արյունահոսություն, երբեմն մակարդուկներով
  • Երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ
  • Միջդաշտանային ջրաարյունային արտադրություն կամ արյունահոսություններ

Միոմաներ թե՞ էնդոմետրիոզ: Ո՞րն է տարբերությունը:

Դաշտանային ցավի պատճառներից միայն մեկն է միոման, ցավի պատճառ կարող է հանդիսանալ նաև էնդոմետրիոզը: Էնդոմետրիոզ առաջանում է, երբ արգանդի ներքին թաղանթի հյուսվածքը աճում է մարմնի այլ հատվածում, առաջացնելով այդ հատվածներում ներառուկներ`արգանդի և միզապարկի սահմանից դուրս: Այս ներառուկները դաշտանային ցիկլի ժամանակ քայքայվում են և արյունահոսում են, պատճառ դառնալով ցավոտ սպիական հյուսվածքի առաջացման: Եվ միոմաների և էնդոմետրիոզի ցավը կարող է պահպանվել նաև միջդաշտանային շրջանում:

Ո՞րն է միոմաների առաջացման պատճառը:

Միոմաների առաջացման իրական պատճառը անհայտ է: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էստրոգենի ու պրոգեստերոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք ում մոտ դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում, ավելի հաճախ է հանդիպում միոմաներ: Չնայած այն հանգամանքին, որ կանացի հորմոնները կապում են միոմաների առաջացման հետ, հակաբեղմնավորիչ հաբերը այդ առումով ոչ մի դեր չունեն:

Միոմաները  լինում են տարբեր տեսակների 

Միոմաների տեսակներն են`

  • Ինտրամուրալ միոմաներ, ամենահաճախակի հանդիպողներն են, աճում են արգանդի պատի մեջ:
  • Սուբսերոզ միոմաներ` աճում են արգանդից դուրս:  Քանի որ սրանք կարող են հասնել մեծ չափերի, կարող են առաջացնել ցավ` իրենց չափերի պատճառով կամ հարակից օրգաններին սեղմելով:
  • Սուբմուկոզ միոմաներ` աճում է անմիջապես արգանդի լորձաթաղանթի տակ և կարող է զբաղեցնել արգանդի խոռոչը: Դառնալով առատ դաշտանների և այլ լուրջ բարդությունների պատճառ:
  • Պեդունկուլյար միոմաներ` աճում են փոքրիկ ոտիկի վրա` արգանդի խոռոչում կամ արգանդից դուրս:

Հնարավոր է ունենալ նաև միաժամանակ մի քանի տեսակի միոմաներ:

Ու՞մ մոտ են ավելի հաճախ առաջանում միոմաներ:

Չնայած առայժմ անհայտ է, թե ինչու՞ է կնոջ մոտ առաջանում միոմա, սակայն կան որոշակի օրինաչափություններ`

  • Միոմաներ սովորաբար առաջանում են 30-40 տարիքային խմբում:
  • Ավելի հաճախակի հանդիպում են սևամորթ կանանց մոտ:
  • Սևամորթ կանանց մոտ ավելի արագ են աճում և ի հայտ են գալիս ավելի երիտասարդ տարիքում:
  • Ընտանիքի որևէ անդամի մոտ միոմայի առկայությունը խոսում է ռիսկի խմբի մասին:
  • Հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչպես նաև բարձր արյան ճնշումը ևս կարող են բարձրացնել միոմայի ռիսկը:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել միոմաները:

  • Միոմաները, որպես սակավարյունության  պատճառ`

Միոմա ունեցող այն կանայք, ովքեր սովորաբար ունեն առատ արյունահոսություն դաշտանների ժամանակ կարող են ունենալ սակավարյունություն: Սակավարյունության հիմնական դեպքերը չափավոր արտահայտված երկաթդիֆիցիտային են և կարող են դա շտկել սննդակարգի միջոցով և երկաթ պարունակող հաբերի օգտագործումով: Չբուժված սակավարյունությունը կարող է պատճառ դառնալ թուլության և հոգնածության, ինչպես նաև որոշակի դեպքերում սրտային խնդիրների:

  • Բարդություններ կապված հղիանալու հետ`

Միոմաները սովորաբար չեն առաջացնում անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ: Ինչևէ, միոմայով միայն որոշակի կանայք են ունենում հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր ծննդաբերության ժամանակ: Միոմայի պատճառով պտուղը կարող է ունենալ ոչ նորմալ դիրք, որը կբերի վաղաժամ ծննդաբերության: Սովորաբար նրանք լինում են կոնքային ցավերի պատճառ և կարող են առաջացնել հետծննդյան առատ արյունահոսություններ, ինչը վիրահատության անհրաժեշտություն կառաջացնի: Որոշակի դեպքերում միոմաները կարող են փակել արգանդափողի ելանցքը: Ներքին միոմաները կարող են առաջացնել պտղաձվի ինպլանտացիայի` ներդրման, դժվարություններ:

Ե՞րբ է պետք դիմել բժշկի:

Բժշկին պետք է այցելել, եթե առկա է միոմայի հետևյալ ախտանիշները `

  • Առատ դաշտանային արյունահոսություն
  • Ցավերի առաջացում դաշտանի ժամանակ
  • Հաճախակի միզարձակումներ կամ մեզի շիթի կառավարման դժվարություններ
  • 3-ից մինչև 6 ցիկլ` դաշտանային ցիկլի տևողության փոփոխություն
  • Նոր առաջացած անդադար ցավ կամ ծանրության զգացողություն որովայնի ստորին հարկում կամ կոնքում

Ի՞նչպես ախտորոշել: Անհրաժե՞շտ է գինեկոլոգիական զննում և սոնոգրաֆիկ հետազոտություն:

Գինեկոլոգիական զննության ժամանակ բժիշկը կարող է շոշափել արգանդի միջին և մեծ չափերի միոմաները:

Գործիքային հետազոտություններից ԳՁՀ-ն ցույց կտա միոմաների չափերի և տեղակայման մասին լրացուցիչ ինֆորմացիա:

Միոմա ունեցող այն կանայք, ովքեր փորձում են հղիանալ, հիստերոսալպինգոգրաֆիա կոչվող հետազոտությամբ վիզուալիզացնում են արգանդի և արգանդափողերի եզրագծերը և ախտորոշում են անոմալիաները:

Արգանդի և որովայնի խոռոչը վիզուալիզացնող այլ քննություններ ևս կարող են անհրաժեշտ լինել:

Բուժումը:

  • Ցավի մենեջմենտ

Ոչ ստերոիդ հակաբորբոքային ցավազրկողներից, օրինակ իբուպրոֆեն, կարող են օգնել պակասեցնել մենստրուալ սպազմը:

  • Հղիության պլանավորում

Հակաբեղմնավորիչ հաբերը կառավարում են էստրոգենի և պրոգեստինի մակարդակները: Եվ սովորաբար նպաստում են, որ դաշտանը ավելի հեշտ անցնի, ինչպես նաև կարող է մեղմել ցավը, պայմանավորված միոմայով, առատ դաշտանային արյունահոսությունը և սպազմերը: Այլ հակաբեղմնավորիչները (պրոգեստինի ներարկումներ կամ պրոգեստին արտադրող ներարգանդային պարույր) ևս կարող են մեղմել միոմայի ախտանիշները:

Այլ հորմոնալ բուժումներ

Գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի ագոնիստ (GnRH) կոչվող դեղերը պակասացնում են միոմայի ախտանիշները` դաշտանային ցիկլի դադարեցման և միոմաների կրճատման` փոքրացման հաշվին: GnRH ագոնիստները արգելակում են էստրոգենների արտադրությունը, որի հետևանքով նրանք նաև ոսկրերի նոսրացում են առաջանում, ջերմահորդանքներ, և հեշտոցի չորություն: Միոմաները վերադառնում են իրենց նախկին չափերին, երբ բուժումը դադարեցվում է: Այս մեթոդը կարող է օգտագործվել նախավիրահատական շրջանում` միոմաները փոքրացնելու նպատակով:

Բուժում: Վիրահատական բուժում

Միոմէկտոմիա`  սովորաբար ամենամեծ միոմատոզ հանգույցների հեռացումն է: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, ովքեր ուզում են դեռևս երեխա ունենալ: 

Հիմնական բարդությունը միոմէկտոմիայի ժամանակ, բաց կամ լապարոսկոպիկ եղանակով իրականացվող, դա ներվիրահատական արյունահոսության ռիսկն է:

Տիրապետելով հատուկ վիրահատական տեխնիկայի մենք ավելի քան 15 տարի ընձեռնում ենք երիտասարդ կանանց պահապնել արգանդը`ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում, կիրառելով արգանդային զարկերակների կլիպավորումը:

Ներվիրահատական արյան կորուստը պակասացնելու և մեծ արյունահոսությունը կանխարգելելու մեթոդը դա արգանդային երկու զարկերակների ժամանակավոր կամ մշտական կլիպավորումն է` արգանդի արյան մատակարարման դադարեցմամբ վիրահատության ընթացքում:  Ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաները, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանքը:

Հիստերէկտոմիա` այսպես կոչվում է արգանդի ամբողջական հեռացումն: 

Կա չնչին հավանականություն, որ գոյացությունը որը ախտորոշվել է որպես միոմա, կարող է լինել չարորակ ուռուցք, որը անվանվում է արգանդի սարկոմա:  Այդ իսկ պատճառով FDA խորհուրդ է տալիս չկտրատել միոման ավելի մանր կտորների մինչև հեռացումը, այդ գործընթացը կոչվում է մորցելացիա:

Էնդոմետրիումի աբլացիա`սա դեպի արգանդի խոռոչում աճող փոքր միոմաների համար է լավ տարբերակ, սակայն այս մեթոդից հետո հնարավոր չի հղիանալ:

Միոմայի կանխարգելում: Ֆիզիկական վարժություններ

Ռեգուլյար ֆիզիկական վարժությունները կարող են կանխել միոմայի զարգացումը: Մի հոդվածում առկա են տվյալներ, որ այն կանայք ովքեր զբաղվում են ֆիզիկական վարժություններով շաբաթական 7 և ավելի ժամ ավելի հազվադեպ են ունենում միոմա, համամատած այն կանանց, ովքեր շաբաթական զբաղվում են 2 ժամից պակաս: ճարպակալումը համարվում է ռիսկի ֆակտոր միոմայի առաջացման համար: Ուստի և ռեգուլյար ֆիզիկական լարվածությունը կարող է օգնել կանանց ունենալ և առողջ քաշ և պակասեցնել միոմայի ռիսկը:

Պայքար սակավարյունության դեմ

Միոմա ունեցող կանայք, ովքեր չեն ստանում երկաթի բավարար քանակություն սննդի միջոցով, կարող են ունենալ սակավարյունություն, քանի որ նրանց մոտ էրիթրոցիտները նորմայից քիչ են: Բնորոշ ախտանիշներն են հոգնածություն, ցավ կրծքավանդակում և հևոց: Անհրաժեշտ է ուտել երկաթի բարձր պարունակությամբ սնունդ, օրինակ միս, թռչնամիս, ձկնեղեն, կանաչեղեն, ոլոռեղեն ու երկաթով հարստացրած հաց և վարսակեղեն: Ինչպես նաև բուժող բժիշկը կարող է նշանակել երկաթի պրեպարատներ:

 

 

Դուպլեքս հետազոտությունը լայն հորիզոններ է բացել ախտորոշման բնագավառում

Դուպլեքս  հետազոտությունը անոթների ուլտրաձայնային հետազոտություն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ անոթների, զարկերակների և երակների  կառուցվածքը, ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը, լուսանցքը, գնահատվում է արյան հոսքի ցուցանիշները ռեալ ռեժիմում: Այն համարվում է  անոթային համակարգի հետազոտության ժամանակակից մեթոդ: Մեթոդի  հաջողությունը կախված է կիրառվող սարքավորմներից և բժշկի մասնագիտական հմտություններից:

Այսօր անոթային վիրաբուժության մեջ դուպլեքս հետազոտությունն ունի իր անփոխարինելի և ուրույն տեղը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան, ինչպես նաև «Ավանտա« և «Սլավմեդ« բժշկական կենտրոնների դուպլեքս հետազոտության բժիշկ-մասնագետ  ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ: Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում լավ կազմակերպված թիմային աշխատանքի շնորհիվ կատարվում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում և հետագա բուժում:

 Իսկական բժիշկը նա է, ով ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Հենց այդպիսին է ժպտադեմ, բարեհամբույր բժշկուհին, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին բանիմաց է և փորձառու:

 -Տիկի´ն Ավետիքյան, ինչպե՞ս ընտրեցինք ձեր մասնագիտացումը:

-Անկեղծ ասած, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում ուսանելու տարիներին որոշակի գանգատներով դիմեցի անվանի անոթային  վիրաբույժ Տիգրան Սուլթանյանին: Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում պարոն Սուլթանյանը, որի հետ ես հիմա աշխատելու պատիվ ունեմ, լսելով իմ գանգատները, ինձ ուղղորդեց դուպլեքս հետազոտության, որն այդ տարիներին համեմատաբար նոր էր զարգանում Հայաստանում: Ինձ հետաքրքրեց հետազոտության այդ տեսակը, և ես որոշեցի մասնագիտանալ այդ ուղղությամբ: Իրականում դուպլեքս հետազոտությունը ռադիոլոգիայի ամենապատասխանատու ճյուղերից է, քանի որ կան հիվանդություններ և իրավիճակներ, երբ հետազոտության արդյունքներից է կախված տվյալ հիվանդի կյանքը:

-Բժշկուհի´, ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-Մենք աշխատում ենք դուպլեքս հետազոտության կաբինետում, որը կցված է անմիջականորեն անոթային վիրաբուժության բաժանմունքին: Անոթային  վիրաբույժների աշխատանքն այսօր կլիներ շատ ավելի դժվար, եթե չլիներ այս հետազոտությունը, որն օգնում է ընտրել բուժման ավելի ճշգրիտ տակտիկա, և թիմային աշխատանքի շնորհիվ միշտ կարելի է ունենալ ավելի լավ արդյունքներ: Ի դեպ, դուպլեքս հետազոտության ժամանակ, բացի անոթային համակարգից, մեզ տեսանելի են նաև հարակից բոլոր փափուկ հյուսվածքները, մկանները, հոդերը, և, եթե տեսնում ենք այլ պաթոլոգիական պրոցեսներ, որոնք կապված չեն անոթների հետ, պացիենտին  ուղղորդում ենք համապատասխան մասնագետների մոտ:

Դուպլեքս հետազոտությունը լայն հորիզոններ բացեց ախտորոշման բնագավառում՝ կարճ ժամանակահատվածում դասվելով ժամանակակից բժշկության կարևորագույն գործիքային հետազոտությունների շարքին և հնարավորություն տվեց հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, որոնց ախտորոշումը նախկինում առավել դժվար էր: Կենտրոնում կիրառվող դուպլեքս սկանավորման նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում և հարակից հյուսվածքներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները: Դուպլեքս սկանավորումը ներառում է ինչպես անոթների անմիջական վիզուալիզացիան B- ռեժիմում և գունային ռեժիմում, այնպես էլ` հոսքի սպեկտրալ արտահայտումը դոպլեր ռեժիմում,  այդ իսկ պատճառով հաճախ այն անվանում են տրիպլեքս հետազոտություն: Ոլտրաձայնային ախտորոշման այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում դրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, մատչելիությունն  ու ճառագայթման բացակայությունը, որն էլ հնարավորություն է տալիս հետազոտել հղի կանանց և երեխաներին առանց բացառության: Մեթոդն անփոխարինելի է անոթային խնդիրների վաղաժամ հայտնաբերման համար, հնարավորություն է տալիս գնահատել արյան հոսքի ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբերի, աթերոսկլերոտիկ վահանակների առկայությունը և այլն:

Մենք կատարում ենք գրեթե բոլոր անոթների հետազոտություն. վերին և ստորին վերջույթների, պարանոցի, գլխուղեղը սնուցող անոթների, ինչպես նաև որովայնի անոթների, առավելապես` աորտայի և երիկամային զարկերակների հետազոտություն:

-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:

-Ինչպես ցանկացած բժիշկ, այնպես էլ ես պետք է  հասցնեմ  զբաղվել ինքնակրթությամբ գրեթե ամեն օր, վերապատրաստվեմ ժամանակ առ ժամանակ, քանզի արդի բժշկությունը բավականին մեծ քայլերով առաջընթաց է ապրում, տարեցտարի ավելի նորագույն մեթոդներ են կիրառվում, որոնց հետ պետք է համընթաց քայլել: Տեսականորեն կարող ես ամեն ինչ իմանալ, հետևել նորարարություններին, բայց, ամեն դեպքում, պրակտիկ աշխատանքն է օգնում բժշկին ավելի մեծ փորձ ձեռք բերել, կարողանալ ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում ու դառնալ լավ մասնագետ:

-Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:

-Ես անոթային վիրաբուժության և ռադիոլոգիայի հայաստանյան ասոցիացիաների անդամ եմ: Ասոցիացիաներն ապահովում են հանդիպումներ արտերկրից ժամանած լավագույն մասնագետների հետ, կազմակերպում են հետաքրքիր կոնֆերանսներ, պայմաններ ստեղծում փորձի փոխանակման համար:

 -Բժշկուհի´, հիշո՞ւմ եք Ձեր իրականացրած առաջին և տպավորիչ հետազոտությունը:

 -Իհարկե հիշում եմ: 2008թ.-ին Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում իմ առաջին պացիենտը կին էր, հետազոտությունը բավականին ժամանակատար էր, որովհետև առաջին անգամ էի հետազոտում ինքնուրույն, և, բնականաբար, կար հուզմունք, բայց ամեն կերպ փորձում էի լարվածությունս, հուզմունքս չարտահայտել, հավասարակշռությունս պահպանել: Հետազոտությունն անցավ բավականին լավ, պացիենտը գոհ հեռացավ, և այդ պահը շատ հուզիչ էր ու ոգևորիչ: Բախտս բերել է այն առումով, որ սկսել եմ անմիջապես աշխատել մի կոլեկտիվում, որտեղ փոխհարաբերությունները շատ ջերմ էին ու անշահախնդիր, աշխատանքը մշտապես անցնում էր գիտելիքների և փորձի փոխանակման պայմաններում: Իմ մասնագիտական առաջընթացին շատ օգնել է այն հանգամանքը, որ ներկա եմ եղել իմ իսկ հետազոտած հիվանդների վիրահատություններին, այն ինձ օգնել է ավելի ճշգրիտ, ինֆորմատիվ և ընկալելի եզրակացություններ գրել հետագայում: Կուզենայի նշել Տիգրան Սուլթանյանի գլխավորած անոթային վիրաբուժության թիմը` Տիգրան Քամալյան, Արթուր Ավետիսյան, Լևոն Մանուկյան, Գայանե Գրիգորյան:

 Իսկ դուպլեքսի ոլորտում ուսուցիչ կարող եմ համարել ինձ հետ նույն աշխատասենյակում աշխատող իմ գործընկերոջը` Նարինե Ռափյանին:

-Ո՞ր դեպքերում են առհասարակ կատարում դուպլեքս հետազոտությունը:

-Դուպլեքս հետազոտության սպեկտրը բավականին լայն է: Եթե խոսքը գնում է երակային համակարգի մասին, ապա հատկապես տարածված են վարիկոզ հիվանդությունը և երակային թրոմբերը, որոնց դեպքում հետազոտությունն ուղղակի անհրաժեշտ է: Հասարակության մեջ թրոմբի նկատմամբ ուռճացված վախի զգացում կա, քանի որ բոլորը լսել են հանկարծամահության բազմաթիվ  դեպքերի մասին, որոնց պատճառը եղել է, այսպես կոչված, պոկված թրոմբը: Բժշկական լեզվով դա թրոմբոէմբոլիան է, երբ թրոմբոտիկ զանգվածները խցանում են թոքային զարկերակի լուսանցքը, ինչը կարող է հանգեցնել մահվան: Եվ մարդիկ, բնականաբար, իմանալով այս ամենը և ոտքերի վրա հայտնաբերելով անգամ ամենափոքրիկ երակները` շատ հուզված, այլայլված գալիս են հետազոտության` համարելով, որ իրենց մոտ կա թրոմբ: Մեծամասամբ թրոմբոտիկ երևույթներն ուղեկցվում են կլինիկական ախտանիշերով, կարմրությամբ երակի ուղղությամբ, պնդացած և հարթված մակերեսների ի հայտ գալով, որոնք ունենում են վերև բարձրանալու միտում, շատ կարևոր է այտուցային համախտանիշը, հատկապես միակողմանի այտուցները ինչպես ստորին, այնպես էլ վերին վերջույթների համար, և այս դեպքերում հիվանդը պետք է դիմի դուպլեքս հետազոտության առանց հապաղելու: Բնականաբար, նախքան հետազոտություն անելը մենք զրուցում ենք հիվանդների հետ ու, եթե տեսնում ենք, որ գանգատները այլ են և չեն համապատասխանում որևէ անոթային պաթոլոգիայի, խորհուրդ ենք տալիս չանել դուպլեքս, այլ  անցնել այլ հետազոտություն: Թրոմբերի բոլոր տեսակները չեն, որ ծայրահեղ վտանգավոր են, վերջիններս են «ֆլոտացվող» թրոմբերը, որոնք «լողում» են անոթի լուսանցքի մեջ ու կարող են մասնատվել` խցանելով թոքային զարկերակը, երբեմն ավելի մանր ճյուղերի խցանման դեպքում առաջանում է կեղծ թոքաբորբի պատկեր:

Ինչ վերաբերում է զարկերակային համակարգին, ապա մեկ այլ տարածված խնդիր են զարկերակային խցանումները և հեմոդինամիկ նշանակալի նեղացումները` պայմանավորված աթերոսկլերոտիկ պրոցեսներով կամ այլ հարպատային-ինտիմալ հաստացումներով: Այս հիվանդությունների մեծ թիրախային խումբ են համարվում դիաբետով հիվանդները, խոլեստերինային ֆրակցիաների բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, ու այս դեպքում հիվանդների մոտ լինում է ընդմիջվող կաղություն հասկացությունը, երբ մարդը մի քանի մետր քայլելուց հետո ստիպված է լինում կանգնել ոտքերի մկանների ցավի պատճառով: Կցանկանայի նշել ևս մեկ թիրախային խումբ՝  ծխող մարդկանց, որոնց համար պրոֆիլակտիկ դուպլեքս հետազոտությունը ցանկալի է:

Դուպլեքս հետազոտությունը ցուցված է բոլոր այն հիվանդներին, որոնք ունեն օնկոլոգիական խնդիրներ և ստանում են քիմիաթերապիա, նաև հորմոնալ բուժում ստացող մարդկանց, քանի որ այս  դեպքերում լինում է արյան մակարդելիության բարձրացում: Տրավմաների դեպքում ևս խիստ ցանկալի է կատարել տվյալ հետազոտությունը, աուտոիմուն տարբեր վասկուլիտների,  սկլերոդերմիայի հիվանդությունների ժամանակ, օրինակ` համակարգային տարբեր տիպի և այլ դեպքերում: Տվյալ հետազոտությունը խիստ ցուցված է հատկապես այն հղի կանանց, որոնք ունեն գանգատներ` ոտքերի ցավ, այտուցներ, արտահայտված երակներ, սեռական օրգանների վրա ի հայտ եկած երակներ:

Կա կարմիր քամի կոչվող ինֆեկցիոն հիվանդություն, որն ունի թրոմբոզի նման կլինիկական նշաններ, ու դա նույնպես կարելի է դիֆերենցել դուպլեքսի օգնությամբ:

Պարանոցի անոթների դուպլեքսը ցուցված է գլխապտույտների, գլխացավերի, ականջներում աղմուկի ժամանակ, շատ տարածված պրոբլեմ է ողնաշարի պարանոցային շրջանի օստեոխոնդրոզը, որի դեպքում կարող է լինել ողնաշարային զարկերակների սեղմվածություն տարբեր մակարդակներում: Այս հետազոտության համար թիրախային խումբ են նաև ինսուլտով հիվանդները, ու, որպեսզի բացառվեն ուղեղի հետագա շրջանառության սուր խանգարումները, անհրաժեշտ է մանրամասն հետազոտել քնային զարկերակների համակարգը և բացառել աթերոսկլերոտիկ կամ թրոմբային զանգվածների առկայությունը, ինչպես նաև հայտնաբերել տարբեր աստիճանի ոլորվածություններ, որոնք ևս կարող են լինել ուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառ:

Երիտասարդների մոտ հիպերտոնիայի պատճառ հաճախ կարող են լինել երիկամային զարկերակների նեղացումները կամ այլ պաթոլոգիաները, որտեղ ևս կարող է օգնության գալ դուպլեքս հետազոտությունը:

-Կա՞ն նորարարություններ դոպլեր-դուպլեքս հետազոտության մեջ:

-Այսօր որպես նորարարություն կարող եմ նշել ներվիրահատական դուպլեքս հետազոտութունը, որն ավելի շատ օգտագործվում է երակների վարիկոզ լայնացումների  և հազվադեպ է կիրառվում զարկերակային վիրահատությունների ընթացքում, վերջիններս ավելի հաճախ կատարվում են անգիոգրաֆիայի ներքո:  Երակային վիրաբուժության մեջ  վերջին նորարարություններից, որը կատարվում է իմ գործընկերների կողմից, կարող եմ նշել ցիանոակրիլատային բիոսոսնձով լայնացած երակների ոչ ջերմային օբլիտերացիայի մեթոդը, որը թույլ է տալիս վերացնել ցողունային վարիկոզը միայն մաշկի փոքր հատվածի անզգայացման պայմաններում (այն հատվածը, որտեղից ներմուծվում է կաթետերը) և առանց տումեսցենտային անզգայացման: Նախապես դուպլեքսի միջոցով վիզուալիզացվում է մակերեսային և խորանիստ երակների բերանակցումը, և տվյալ հատվածի լիարժեք կոմպրեսիայի սեղմման պայմաններում, որը կատարվում է դուպլեոսի սարքի  օգնությամբ, ներարկվում է սոսինձը` փակելով երակը ներսից: Հետվիրահատական հսկողությունը ևս կատարվում է դուպլեքսի օգնությամբ:

-Բժշկուհի´, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ:

-Իրականում մենք ողջ ընտանիքով բժիշկներ ենք: Հայրս օտորինոլարինգոլոգ է` ԼՕՌ վիրաբույժ, մայրս` մանկական նեյրոօֆթալմոլոգ: Եղբայրս ատամնաբույժ է, տատիկս, որը, ցավոք, այսօր մեզ հետ չէ, գինեկոլոգ է եղել: Եվ այսպես կարող եմ շարունակել թվարկել` հորեղբայրներ, քույրեր, այլ բարեկամներ:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, հասարակությանը:

-Կցանկանայի խնդրել մեր հայրենակիցներին, որ ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, խնդրի դեպքում չհուսահատվեն և ժամանակին դիմեն գրագետ մասնագետներին: Հիշեք, որ դրական տրամադրվածությունը բարեհաջող բուժման ևս մեկ շատ կարևոր գրավականն է, այդ իսկ պատճառով հավատացեք ձեր օրգանիզմի հնարավորություններին և եղեք առողջ: 

Ալեքսանդր Մալայանը Հայաստանի ակնաբուժության կնքահայրն է

 Աչքի հիվանդությունների առաջնային ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմելիս տեսողական օրգանը չվնասելու հավանականությունը ինչ-որ չափով մեծանում է: Բայց… Ուր եւ ում դիմես, երբ չես գիտակցում, թե ինչ խնդիր է առաջացել: Նման իրավիճակում հայտնված հիվանդներին օգնության է հասնում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան: Հայաստանն այն եզակի երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած ձեռքբերումներով, որոնց հետ հաշվի է նստում նաեւ միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների հանրությունը: Իսկ նման մակարդակի հասնելու համար երկարատեւ տարիների աշխատանք է իրականացվել:

 Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978 թվականին եւ ունի հարուստ  ավանդույթներ։ ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ստացած բարձրակարգ ակնաբույժներ, այստեղ կատարվում են ակնային հիվանդությունների տարատեսակ եւ բազմաբնույթ վիրաբուժական միջամտություններ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա աշխատում է մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի ցավի, գանգատի նկատմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն:  

-Տիկի´ն Հարութունյան, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:

- Ճիշտն ասած, որոշում կայացրել եմ դեռ մանկահասակ տարիքում: Ես մեր տան միակ աղջիկն էի, ու, երբ մայրս հիվանդանում էր, ասում էր, որ ես պետք է բժիշկ դառնամ: Նշեմ, որ մեր արմատներում չկան բժիշկներ, եւ ես խախտեցի այդ ավանդույթը: Շատ փխրուն եւ փոքրամարմին աղջնակ էի, եւ հայրս միշտ ասում էր, որ ընտրեմ ավելի թեթեւ մասնագիտություն: Շատ եմ սիրում մասնագիտությունս եւ դրա ընտրության հարցում երբեք չեմ զղջացել եւ չեմ զղջա ու հույս ունեմ, որ  դեռ շատ անելիքներ ունեմ այս բնագավառում:

-Բժշկուհի´, ի՞նչ ծառայություններ են մատուցվում Ձեր բաժանմունքում:

-Մանկական բաժանմունքը լայնածավալ գործունեություն իրականացնող բազմապրոֆիլային հաստատություն է, որտեղ բուժվում են ռեֆրակցիայի խանգարումները, շլությունը, տրավմաները, բնածին շեղումները, կատարակտան, գլաուկոման, ձեռքբերովի, իմունային համակարգի հիվանդությունները` ակնային դրսեւորումներով, ընդհանուր եւ տեղային բորբոքային պրոցեսների հետեւանքով առաջացած հիվանդությունները եւ այլն: Վերականգնվում է տեսողության առավելագույն պոտենցիալը` հնարավորինս խուսափելով «ծույլ աչքի» ֆենոմենից, տեսողության ամենատարբեր շեղումներից: Այդ ամենին ավելացել է նաեւ անհասության ռետինոպատիայի ծրագրի իրականացումը: Մեր բաժանմունքը կարողանում է համագործակցել բոլոր պրոֆիլային բաժանմունքների հետ, որոնք օգտվում են վերջին ձեռքբերումներից, ու որեւէ երեխա դուրս չի մնում ծառայության շրջանակներից: Միակ բացառությունը ներակնային չարորակ նորագոյացությունն է, որը, բարեբախտաբար, շատ հազվադեպ է հանդիպում:

Բաժանմունքում գործող մի շարք ծառայություններ նպաստում են հիվանդությունների արագ բացահայտմանը եւ կանխմանը:  

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ իմ ուսուցիչ համարում եմ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց անմիջապես հետո մեր բժշկական կենտրոնում անցել եմ օրդինատուրա, որի կլինիկական ղեկավարն  էր մեր կլինիկայի ներկայիս տնօրեն, անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը: Նա ինձ սովորեցրել է յուրաքանչյուր մանրուք, տարր, եւ ամեն վայրկյան, երբ ձեռքս եմ վերցնում բժշկական գործիքը, անմիջապես հիշում եմ նրա` չափազանց արժեքավոր խորհուրդները, որոնք երբեք վաղեմությունը չեն կորցնում, չեն հնանում: Նրա ցանկացած խորհուրդ մեզ համար մեծ արժեք է, որը կարող է լինել հայացքով, մեկ կամ մի քանի նախադասությամբ, խորհուրդ, որը թանկ էր յուրաքանչյուր բժշկի համար: Եվ վստահորեն կարող եմ ասել, որ այսօր էլ նա մնում է Հայաստանի ակնաբուժության կնքահայր:

-Կխնդրենք վերհիշել Ձեր կատարած առաջին եւ տպավորիչ վիրահատությունը:    

-Առաջին վիրահատությունը, իհարկե, Ալեքսանդր Մալայանի խորհրդատվությամբ, կատարել եմ կլինիկական օրդինատուրայում, իսկ պացիենտը կատարակտա հիվանդությամբ տառապող բավականին պատկառելի տարիք ունեցող տատիկ էր: Վիրահատության  բարեհաջող ավարտից հետո տատիկն ասաց. «Աղջի´կ ջան, ես շատ լավ հասկացա, թե ում շնորհիվ էր վիրահատության հաջող ավարտը, բայց շնորհակալ եմ քեզանից համարձակ քայլերիդ, աշխատանքիդ համար»: Ամեն մեկը չի կարող Ալեքսանդր Մալայանի նման նաեւ օգնական լինել, քանի որ դա արվեստ է, տաղանդ, պետք է մտքի եւ գիտելիքների խորություն ունենաս: Եվ ես ուրախ ու հպարտ եմ, որ այսօր ինքս կարող եմ իմ երիտասարդ գործընկերներին օգնել:

-Ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի ակնաբուժությունը Հայաստանում:

-Բավականին լավ: Առաջինը, որ ինձ ուրախացնում է, երիտասարդների կողմից նորարարությունների եւ գիտելիքների արագ ընկալումն է: Ուրախալի է նաեւ, որ նրանք սիրում են ընթերցել: Մեր բնագավառում կարող են անընդհատ փոփոխություններ լինել, բայց դրանցից ոչ ոք չի տուժի, քանի որ կյանքի յուրաքանչյուր ոլորտում ունենք մեզ արժանի փոխարինողներ:

-Բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում:

-Շատ ցավոտ հարց եք տալիս: Ուրախալին այն է, որ, եթե նախկինում ծնողը երեխայի առողջության հետ կապված որեւէ խնդրի դեպքում մեզ դիմում էր արդեն բարդացած վիճակում, ապա այսօր դիմում է նույնիսկ փոքր գանգատի ժամանակ: Բայց ծնողը, այսպես ասած, շատ ակտիվ է եւ չափից դուրս պահանջատեր, ավելին` ես մի փոքր ագրեսիվության միտում եմ տեսնում նրանց գործողություններում: Այնպես որ` դիմելու կուլտուրան բավականին ցածր մակարդակ ունի մեզանում: Կան տասնյակ կլինիկաներ, իսկ դա նշանակում է, որ ծնողը կարող է փոխել երեխայի բժշկին, եւ մի փոքրիկ խավ է ձեւավորվել, որն աչքի է ընկնում սպառողական հոգեբանությամբ: Մինչդեռ ես վստահ եմ, որ մեր կլինիկայի ոչ մի բժշկի մտքով անգամ երբեք չի անցնի որեւէ հիվանդի հոգեկան ցավ պատճառել: Մենք փորձում ենք նրանց զգաստացնել, հիշեցնել, որ ոչ ոք իրավունք չունի ոտնահարել մյուսի իրավունքները, վիրավորել նրան, սակայն դա հաճախ որեւէ ազդեցություն չի թողնում: Բայց չէ՞ որ հայ հասարակության մեջ այնքան մեծ մտավոր ներուժ կա, որը ներառում է նաեւ ճիշտ ձեւավորված բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, եւ ես չեմ ցանկանում, որ նրանց պահանջը փոքրանա, դառնա զուտ նյութական, եւ նրանք առաջնորդվեն «Ես եմ, իմն է, պետք է հաղթեմ» կարգախոսով: Դա մեր ազգին հարիր պահվածք չէ: Դաստիարակությունը պետք է սերմանվի ընտանիքում, դա սոցիալական խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի: Մտավախություն ունեմ, որ մի օր մեր ազգի պատկերը կարող է աղավաղվել: Կարծում եմ, ընդհանուր առմամբ, մեր հասարակության հետ աշխատելու շատ լուրջ խնդիր ունենք:

-Բժշկուհի, ո՞րն եք համարում Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

-Ուժեղ կողմ համարում եմ իմ` շատ լավատես լինելը, սիրում եմ լույսը, պայծառությունը, ազնիվը, մարդկայինը: Իսկ թույլ կողմ կարելի է համարել մարդկանց շուտ  ներելը: Իսկ ներում եմ, որովհետեւ կարծում եմ, որ ցանկացած քայլի մեջ երկու կողմ կա, եւ պետք է գտնես այդ քայլի լուսավոր կողմն ու աշխատես վիրավորանքը մոռացության տալ: Չնայած, անկեղծ ասած, բնավորությանս այդ գիծն ինձ չի խանգարել, հակառակը, օգնել է, որպեսզի պահպանվեն իմ լավատեսությունը, մարդկանց նկատմամբ սերն ու հարգանքը մնան:

-Որտե՞ղ եք գտնում Ձեր հոգեկան անդորրը:

-Միանշանակ`իմ ընտանիքում: Սիրում իմ ընտանիքս, շատ մեծ պատասխանատվություն ունեմ նրա յուրաքանչյուր անդամի նկատմամբ, որեւէ մեկի հետ չեմ փորձում շահարկել իմ հոգնածությունը, փորձում են տանը ինձ պահել այնպես, ինչպես միշտ:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր որդու դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս իրեն տեսնում է համակարգչային աշխարհում, ծրագրավորող է: Նա ընտրեց այդ ոլորտը, ես էլ բոլորովին չհակառակվեցի, որովհետեւ, եթե այսօրվա երիտասարդը մի ծրագիր է կառուցել իր մտքում, մի բան է որոշել, դու չես կարող (եւ իմաստ էլ չունի) նրա ընտրությանը հակառակվել:

-Բժշկուհի´, այսօր մի տեսակ վստահություն չկա պոլիկլինիկաների անվճար բուժսպասարկման նկատմամբ: Համամի՞տ եք այդ կարծիքին:

-Ես շատ մեծ ցավ եմ ապրում այդ առումով,  կցանկանամ` չանտեսվի բժշկության առաջնային օղակը` պոլիկլինիկան: Այսօր ծնողը աչքի մի փոքր կարմրածության դեպքում երեխային չի տանում պոլիկլինիկա, այլ միանգամից բերում է խոշոր մասնագիտացված  բուժհաստատություն, որի պատճառով մեր ծանրաբեռվածությունը բավականին շատ է: Ամեն դեպքում ճիշտ է սկսել առաջնային օղակից, որտեղ աշխատում են վերապատրաստումներ անցած բժիշկներ, բայց մեր հասարակության մեջ ամրացած է այն մտածելակերպը, որ պետք է միանգամից որակավորված  բուժհաստատություններին դիմել: Առողջապահության նախարարությունը նույնպես մշակել է ծրագիր, որ պլանային բուժօգնությունը սկսվի պոլիկլինիկաներից, որտեղ այսօր բուժզննման ամեն մի հնարավորությունն առկա է, իսկ, եթե կարիք լինի, բժիշկը կուղեգրի մեզ մոտ: Ես` որպես Մալայանի անվան մանկական ակնաբուժության ծառայության ղեկավար, կցանկանայի ծնողներին կոչ անել, որ ցանկացած անհանգստության դեպքում դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկաների ակնաբույժներին: Այնտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար կան ամբուլատոր քարտեր, որոնցում երեխայի առողջական վիճակի մասին կա մեծ տեղեկատվություն: Առողջապահության նախարարության կողմից լայնածավալ աշխատանք է տարվում, որպեսզի հասարակության մեջ ձեւավորվի առաջնային օղակին դիմելու կուլտուրան:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Եվ որպես ակնաբույժ խորհուրդ կտամ ծնողներին երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից ուշադիր լինել նրա տեսողության նկատմամբ, որովհետեւ տեսողական համակարգի միջոցով ստացած տեղեկատվությունն անփոխարինելի է: Եվ մեծ իմաստ ունի «Աչքի լույսի պես պահպանել» արտահայտությունը; Կցանկանամ, որ ծնողներն ավելի զգոն լինեն, ավելի աչալուրջ, բաց չթողնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք իրականում պարտադիր են: Կցանկանամ, որ հետեւեն ոչ միայն երեխաների սննդակարգին, հանգստին, այլ նաեւ պահպանեն տեսողական հիգիենայի կանոնները եւ, ամենակարեւորը, ժամանակին դիմեն բժշկի: Մենք էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ունենանք առողջ հասարակություն: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման եւ ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք շարունակական են:

Կյանքը բնության ամենաթանկ պարգեւն է, իսկ առողջությունը`ամենամեծ արժեքը: Հարգենք կյանքը եւ պահպանենք առողջությունը:

Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին

Այսօր անգնահատելի են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում տարածված հիվանդությունների եւ   տարատեսակ վիրուսների տեսակները միշտ էլ եղել են, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արված հետազոտությունները եւ ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը դրանց մասին տեղեկանալու հնարավորություն են տվել: Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթեւացնել տուժածի վիճակը եւ կանխել հետագա բարդությունները։  Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միեւնույն ժամանակ, սինուսիտները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքից ու սեռից: Եթե շատ ուժեղ չէ բորբոքային պրոցեսը, ժամանակին են բուժական միջոցներ ձեռնարկվել, ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հիվանդությունը հետեւանք չի թողնում: 

Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները' կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին, ինքնաբուժումից խուսափումը:Թիվ 2 բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի բոլոր մասնագետներն էլ ունեն տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն  է բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան ՏԱԹԵՎԻԿ ԽԱԼԱԹՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհին անչափ ուշադիր, հոգատար է իր հիվանդների նկատմամբ, հանգիստ է ընդունում նվաճած հաջողությունները, ինչը հատուկ է երիտասարդ մասնագետներին:

իկի´ն Խալաթյան, ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։

- Վերին շնչառական ուղիների հիվանդություններից ամենահաճախ հանդիպողներից են սուր ռեսպիրատոր վարակի բարդացման հետեւանքով առաջացած հայմորիտները, ֆրոնտիտները, ականջաբորբերը: Վերջիններս հաճախ ուղեկցվում են լսողական ներվի ախտահարումով, սուր նեւրիտներով: Այդ իսկ պատճառով, եթե հարբուխը տեւում է յոթ օրից ավելի եւ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դիմային շրջանում՝ ցավերով, ականջներում՝ փակվածությամբ, խշշոցով, լսողության իջեցմամբ, անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի հնարավոր լինի խուսափել ներգանգային բարդություններից, անգամ լսողական ներվի վնասման դեպքում` վերականգնել այն:   

-Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ առաջանալ:     

-Իմ նեղ  մասնագիտացումը հենց ականջի հետ կապված հիվանդություններն են: Ասեմ, որ ականջաբորբերը  հաճախ լինում են եվստախյան (լսողական) փողերի դիսֆունկցիայի հետեւանքով, քթային դժվարաշնչության արդյունքում, երբ միջին ականջի  դրենաժը լավ չի ապահովվում: Իսկ արտաքին ականջի ականջաբորբը զարգանում է արտաքին լսողական անցուղու մաշկի վնասման հետեւանքով (չոփիկներով), ինֆեկցիոն տարաբնույթ հիվանդությունների դեպքում, տրավմաների արդյունքում: Արտաքին ականջի ականջաբորբերի դեպքում լինում է արտահայտված ցավ, երբեմն` փակվածության, երբեմն նաեւ թացության զգացում ականջներում: Այդ դեպքերում բուժման մեթոդն ուրիշ է: Միջին ականջի ականջաբորբերը շատ հաճախ ուղեկցվում են բարդություններով` մաստոիդիտներով, ներքին ականջի ախտահարումով` ներվի վնասումով, վեստիբուլյար խանգարումներով  (հավասարակշռության խանգարում, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում), որոնք վերջին ժամանակներում հաճախացել են` պայմանավորված վիրուսների տոքսիկ ազդեցությամբ: Նման դեպքերում իրականացվում են համալիր (կոմպլեքսային) հետազոտություններ, քանի որ միայն օտոսկոպիան բավարար չէ բուժում նշանակելու համար: Կատարվում են հետազոտություններ՝ հասկանալու համար՝ ունե՞նք ներվի վնասվածք, թե ոչ, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն` թաղանթի կտրվածք, որը համակցվում է կաթիլային եւ այլ տարատեսակ բուժումների հետ: Ամեն կերպ փորձում ենք վերականգնել վնասված ներվը, եթե, իհարկե ժամանակին են դիմել բժշկին: Բայց երբ պացիենտի ականջի փակվածությունը մեկ ամսից ավելի է լինում, արդեն տեղի է ունենում ներվի ախտահարում, եւ բուժման արդյունավետությունը հասնում է գրեթե 10-15 տոկոսի: Իսկ եթե ունենում ենք քրոնիկական, այսինքն՝ երեք ամսից ավելի կորուստ, եւ աուդիոմետրիայով ախտորոշվում է ներվի վնասում,  այն արդեն գործնականում վերականգնել հնարավոր չէ: Եվ նման դեպքերում արդեն դիմում ենք պահպանողական բուժմանը. տարին երկու անգամ հիվանդը գալիս է հետազոտման, որպեսզի գնահատենք՝ դինամիկ վատթարացոմ ունե՞նք, թե ոչ:

-Ինչպե՞ս  կգնահատեք մեր բժշկության ձեռքբերումներն այս ոլորտում:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է, մեզ մոտ կան լավագույն սարքավորումներ, եւ մասնագետների գրագիտության, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հասնում ենք բուժման բավականին բարձր եւ արդյունավետ արդյունքների:

 - Ի՞նչ առանձնահատկություններ ունեն նշված հիվանդությունները մանկական տարիքում։

-Անատոմիական առանձնահատկությունները պայմանավորված են մանկական տարիքով. երեխաների մոտ եվստախյան (լսողական) փողերը հորիզոնական են տեղակայված, եւ սուր շնչառական հիվանդությունների ժամանակ ինֆեկցիան շատ հեշտ է թափանցում միջին ականջ` զարգացնելով միջին օտիտ: Կլինիկական  նշաներից են երեխաների` կուրծք ուտելուց հրաժարվելը, քանի որ նրանց մոտ ծծելու գործողությունները ցավոտ են լինում: Երեխաները կարող են ունենալ բարձր ջերմություն, անհանգիստ վիճակ: Վտանգավորն այն է, որ նրանց մոտ միջին ականջի ոսկրային պատերն ունեն ճեղքեր, որոնց միջոցով ինֆեկցիան  շատ արագ կարող է անցնել գանգի խոռոչ` բերելով ներգանգային բարդությունների զարգացման:  

-Ո՞ր դեպքերում կարելի է ինքնաբուժմամբ զբաղվել: Ի՞նչ բարդություններով է հղի ինքնաբուժումը: Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Շատ արագ արձագանքում են երիտասարդները: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ ականջը շատ բարդ օրգան է, այն անմիջական կապ ունի եւ արագ հաղորդակցվում է գանգի հետ: Ու եթե ունենում են վիրուսային հարբուխային վիճակ, ականջաբորբերից խուսափելու համար առաջին հերթին պետք է քիթը բաց պահել, այսինքն` անոթասեղմիչ միջոցներ օգտագործել՝ խուսափելու համար հայմորիտներից եւ օտիտներից:

Ինչ վերաբերում է մեզ մոտ դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ շատ արագ ենք արձագանքում երիտասարդության խնդիրներին, քանի որ նրանք վաղ շրջանում են մեզ դիմում: Իսկ մեծահասակները սովորաբար միայն բարդացած վիճակներում են դիմում բժշկի:

- Ինչպիսի՞ կանխարգելիչ  միջոցներ կառաջարկեք այս հիվանդությունների դեպքում։

Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց եւ բժշկի դիմեն նույնիսկ փոքր բողոքի, այլ ոչ թե հիվանդության՝ արդեն բավականին բարդացած վիճակում: Վերջին դեպքում ոչ միայն բուժումն ավելի ծախսատար է, այլ նաեւ դրա  արդյունավետությունն է շատ ցածր: Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետեւանքներ, որոնք կազդեն նաեւ նրանց հոգեկան ներաշխարհի վրա:

Մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ

 Մեր մարմնի յուրաքանչյուր մաս ունի իր ֆունկցիաները, բայց, ընդհանուր առմամբ, նրանք ունակ են նախանշել, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում։ Բժիշկները հաճախ նայում են հիվանդի աչքերին, եթե ցանկանում են բացահայտել որոշ քրոնիկական հիվանդություններ: Այսօր՝ 21-րդ դարում, աչքի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները հնարավոր է շտկել:
Նորամուծություններն ու տեխնիկական հագեցվածությունն ապացուցում են, որ այսօր տեսողության 100 տոկոս վերականգնումն արդեն իրականություն է: Վերականգնելով տեսողությունը` փոխվում է նաեւ մարդու կյանքի որակը, ապրելաձեւը, հաղթահարվում են բոլոր այն բարդույթները, որոնք առկա էին ակնոց կրելիս:

Վերջին տարիներին կարճատեսության եւ կերատոկոնուսի դեպքերն ավելանում են։ Դրանց առաջացմանը նպաստում են նաեւ համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցը, որոնցից երեխաներին դժվար է կտրելը, եւ որոնցից օգտվելու պարագայում հայացքը հառվում է մի առարկայի վրա՝ լարված պահելով ոսպնյակը:

Իհարկե´, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չտուժի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության եւ անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`   հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր եւ բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարեւոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլեւ հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը: Որպես մասնագիտություն` բժշկությունը կամային հատկանիշների բացառիկ դրսեւորումներ է պահանջում: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:  

-Տիկի´ն Առաքելյան, մասնագիտության ներքին շարժն ունի գագաթ: Կետ, որտեղ անհատն ու մասնագիտւթյունը նույնանում են: Ի՞նչ ռիթմ ունի Ձեզ համար ակնաբուժությունը, եւ արդյոք այն որոշ չափով նույնանո՞ւմ է Ձեր էության հետ:

-Դա իմ անձնական որոշումն է եղել, քանի որ իմ արմատներում բժիշկներ չկան. հայրս գիտնական-մաթեմատիկոս է, մայրս` երաժիշտ: Այնպես որ` բժշկության բնագավառը մեզ անծանոթ էր, բայց ես դեռ փոքր հասակից երազել եմ բժիշկ դառնալ, նույնիսկ խաղերի ընտրության ժամանակ մանկական բժշկի դեր եմ խաղացել: Եվ հենց այդպես էլ սկսեցի իմ ուղին` լինելով մանկական ակնաբույժ, 10 տարի աշխատեցի այդ ոլորտում, որին գումարվեցին միկրովիրաբուժությունը, լազերային վիրահատությունը, կերատոկոնուսի բուժումը:

-Բժշկուհի´, խոսենք կարճատեսության, նրա դրսեւորումների եւ առաջացման դրդապատճառների մասին:

-Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում եւ կապված է գլխավորապես տեսողական երկարատեւ աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք) հատկապես անբավարար լուսավորվածության եւ հիգիենիկ վատ պայմաններում։ Արտաքին ազդակների մասին մարդը տեղեկատվությունը 90 տոկոսով ստանում է տեսողական օրգանի`ակնագնդի միջոցով: Երկրագնդի վրա ամեն երրորդ մարդը տառապում է կարճատեսությամբ, եւ այդ թիվը բավականին աճում է ամբողջ աշխարհում, մանավանդ` ասիական, կովկասյան երկրներում: Կարճատեսությունը տեսողության խանգարումն է, աչքի բեկունակության թերություն, որի հետեւանքով դրանով տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջեւում, որի հետեւանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Հեռու գտնվող իրերը տեսնում է մշուշոտ, աղավաղված, իսկ մոտիկ գտնվողները` պարզ եւ հստակ: Ակնագնդի առաջնահետնային առանցքը մեծանում, եւ դա լինում է ակնագնդի աճման շրջանում, որի արդյունքում զարգանում է կարճատեսություն: Կարճատեսության երկրորդ տեսակը այն է, երբ ակնագնդի չափսերը նորմայում են, իսկ բեկանող ուժը լինում է ավելի ուժեղ, քան թե ակնագնդի չափսերն են: Դա ռեֆրակցիոն կարճատեսություն է: Կարճատեսությունը տարբերակվում է ըստ աստիճանների. ցածր` մինչեւ -3, միջին` -3-6, բարձր` -6-ից բարձր: Բացի դրանից, լինում են բնածին եւ ձեռքբերովի: Բնածինը հիմնականում լինում է բարձր աստիճանի, բարդացված, զուգորդված աչքի տարբեր ախտահարումներով, եւ դրա առաջացման դրդապատճառները կարող են լինել մոր կողմից տարբեր ախտաբանական խանգարումները: Իսկ ձեռքբերովի կարճատեսությունը հիմնականում լինում է դպրոցական տարիքում, եւ այն մինչ օրս վերջնական ուսումնասիրված չէ, հստակ պարզ պատկեր չունի, թե կոնկրետ ինչը կարող է հանդիսանալ առաջացման դրդապատճառ: Տարատեսակ հետազոտություններ են կատարվել ամբողջ աշխարհում, եւ կնշեմ հիմնական տարբերակները: Եթե երկու ծնողն էլ կարճատես են, մեծանում է հիվանդության առաջացման  հավանականությունը, այսինքն` երեխան ոչ թե ժառանգում է հիվանդությունը, այլ դրա ձեռք բերելու հավանականությունը: Հավանականություն կա, որ հասունացման շրջանում այս երեխաների մոտ կլինի կարճատեսություն, բայց սխալ է այն տեսակետը, որ, եթե ծնողն ունի, երեխան պարտադիր պետք է ունենա կարճատեսություն: Պարզապես հասունացման շրջանում ինչ-որ շեղումներ են ի հայտ գալիս, որոնք առաջացնում են կարճատեսություն: Մյուս ամենակարեւոր դրդապատճառը լարված աշխատանքն է մոտիկ տարածության վրա: Եթե տարիներ առաջ կարդալիս 30 սմ տարածությունը պահպանում էինք, ապա այսօր այդ տարածությունը հատկապես բջջային հեռախոսների պատճառով շատ փոքրացել է, եւ երկարատեւ գործածությունը կարող է կարճատեսության առաջացման դրդապատճառ դառնալ: Եվ երրորդ հիմնական դրդապատճառը երեխաների կտրուկ աճն է հասունացման շրջանում, երբ  ակնագունդը չի հասցնում «ենթարկվել» իրեն բեկանող ուժին: Այսօր նաեւ շատ տարատեսակ հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզեն, թե սնունդը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այդ հարցում: Կատարվել են հետազոտություններ տարբեր երկրներում, եւ ապացուցվել է, որ այն երեխաները, որոնք գրեթե ամբողջ օրն անցկացնում են սենյակային պայմաններում, այլ ոչ թե դրսում, ավելի շատ են հակված կարճատես դառնալու: Մի կարծատիպ էլ կա. գիտնականների մի մասը դա կապում է փողոցում ֆիզիկական ակտիվության հետ, իսկ մի մեծ խումբ էլ հստակ ապացուցում է, որ դա արեւային լույսի պակասից է:

Բացի վերը նշվածներից, հանդիպում է նաեւ կեղծ կարճատեսություն, երբ իրականում ոչ թե ակնագնդի փոփոխություն է տեղի ունեցել, այլ պարզապես մկանի լարված լինելու պատճառով հեռու գտնվող իրերը վատ են երեւում: Նման դեպքերում նրանք պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ եւ այդ իրավիճակը հաղթահարելու համար ստանան դեղորայքային բուժում, այլ ոչ թե ակնոց կրեն: Վիճակ, որը կոչվում է ակոմոդացիոն սպազմ: Եվ պարտադիր պետք է գտնվել բժշկի հսկողության տակ, եթե նկատվում է տեսողության վատթարացում: Հիմնականում դա հանդիպում է դեռահաս տարիքում, բայց վերջին տարիներին հիվանդությունը նկատվում է նույնիսկ 7-8 տարեկան հասակում: Թյուր կարծիք կա, որ ակնոց կրելուց ավելի է վատթարանում տեսողությունը, բայց ես հավաստիացնում եմ, որ ե´ւ փորձերով, ե´ւ տարբեր երկրներում հատուկ ստուգումներով ապացուցվել է, որ դա այդպես չէ, այլ հակառակը. երկար ժամանակ երեխան ստիպված է աչքերը կկոցելով շտկել տեսողությունը, որը կարող է բերել տեսողության վատթարացման: Ցավոք, ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ կարճատեսությունը կաթիլով կամ ինչ-որ բուժումով կնահանջի: Կան կեղծիք պարունակող գովազդներ, որ ինչ-որ հաբերի միջոցով հնարավոր է վերականգնել -6 կարճատեսութունը, բայց, ցավոք, այդպես չէ: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հաբն ընդունելուց հետո ավելի է վատթարացել աչքի վիճակը կամ, լավագույն դեպքում, այն մնացել նույն վիճակում: Եթե կարճատեսությունն արդեն առկա է, ապա ակնոց կրելը պարտադիր պայման է: Սովորաբար օրգանիզմը ձեւավորվում է մինչեւ 18-20 տարեկանը, եւ մինչ այդ տարիքը  կարող է զարգանալ կարճատեսություն: Արդյունքում կարող է լինել ոչ թե տեսողության թեթեւ խանգարում, այլ կառաջանան ակնագնդի հետ կապված այլ խնդիրներ, օրինակ, ցանցաթաղանթի բարակում, որը հետագայում կարող է զարգանալ որպես հիվանդություն: Եվ եթե կանանց մոտ բարձր կարճատեսության առկայություն լինի, ապա ծննդաբերությունը պարտադիր պետք է կատարվի կեսարյան հատումով: Տղաների դեպքում ծանրություն բարձրացնելը, ակտիվ սպորտով զբաղվելը կարող են հանգեցնել ակնահատակի բարդությունների: Բուժման ընթացքում սովորաբար, բացի ակնոցից, ըստ իրավիճակի, նշանակվում են նաեւ պրոֆիլակտիկ սնուցող կաթիլներ կամ մկանը հանգստացնող կաթիլներ, վարժություններ, քանի որ շատ կարեւոր է մկանի աշխատելը: Մշակում ենք նրանց օրվա ռեժիմը, թե որքան ժամանակ տրամադրեն դասընթացներին, զբոսանքին, բջջայինից օգտվելուն` հնարավորինս այն կրճատելով: Տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով բժշկին դիմելը պարտադիր է, իսկ եթե հիվանդության պրոգրեսիվող տեսակն է, ապա պետք է պարտադիր 6 ամիսը մեկ այցելեն բժշկի, որպեսզի հնարավորության սահմաններում կանգնեցվի հիվանդության աճը: Իսկ հասուն տարիքում, երբ արդեն կա աճի կանգ, նրանք կարող են ընտրել իրենց բուժման համար անհրաժեշտ տարբերակը. ակնո՞ց, կոնտակտային ոսպնյա՞կ, թե՞ լազերային վիրահատություն: Ի դեպ, ոսպնյակի կիրառմամբ տեսողությունը շտկվում է, սակայն վտանգավոր է ժամերով այն կրելը, քանի որ  կարող է առաջացնել չորության ախտանիշ, թեթեւ ինֆեկցիա: Այսօր մեր բժշկական կենտրոնում իրականացվող լազերային վիրահատությունները բավականին արդիականացված են, առկա է եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ժամանակակից տեխնիկա:

-Բժշկուհի´, վիրահատական  ո՞ր տեսակներն են ներդրված ձեր բաժանմունքում:

-Մեր բժշկական կենտրոնում 2000 թվականից սկիզբ դրվեց լազերային վիրահատական միջամտությանը, եւ մենք ժամանակակից մեթոդով կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն, որը նախկինում չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը տեսողությունը կորցնում է աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար, համատեղելիության առումով, թաղանթ հայթայթելու խնդիրներ էին ծագում:  Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժիշկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան թե լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ, եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի, բայց լավագույն տեսողության չի բերի: Ինչպես նշեցի, կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի եւ հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականին առաջինը մեր կլինիկան էր, որ սկսել է բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Ինչքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան ավելի արագ, հեշտ եւ արդյունավետ է բուժվում այն, ավելին` նույնիսկ ունենում ենք տեսողության լավացում:  Կերատոկոնուսի քրոսլինքինգի ախտանիշները շատ նման են կարճատեսության ախտանիշներին, եւ, երբ սկսում է վատթարանալ տեսողությունը, մարդիկ կարծում են, թե դա կարճատեսություն է, ձգձգում են այցը բժշկին եւ գալիս են արդեն այն ժամանակ, երբ վիճակը բարդացած է: Ի դեպ, նախկինում այդ հիվանդությամբ տառապողները բուժման այլ տարբերակ չունեին եւ ստիպված կրում էին կոշտ լինզաներ, կաթիլներ էին կաթեցնում եւ սպասում, որ դա այնքան բարակի, որպեսզի եղջերաթաղանթի փոխպատվաստում կատարվեր, որը բավականին  ծանր վիրահատություն է: Իսկ այսօր այդ վիրահատության շնորհիվ բավականին լավացել է բուժման ընթացքի արդյունավետությունը, ու, եթե ժամանակին ամրանում է պատը, նույնիսկ լինում են դեպքեր, երբ ակնոց կրելու կարիք էլ չի լինում:

-Կվերհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը:

-Առաջին վիրահատական միջամտությունը իրականացրել եմ, երբ աշխատում էի մանկական բաժանմունքում, եւ շլություն էինք վիրահատում: 1999 թվականից աշխատում եմ, հիշում եմ որոշ բարդ դեպքեր, երեխաների տրավմաներ, միշտ պատասխանատվությունը շատ մեծ է եղել, բայց իրավունք չեմ ունեցել կորցնել վստահությունս, որպեսզի կարողանամ անհրաժեշտ գործողություններ իրականցնել: Իհարկե մենք անցել ենք լուրջ վերապատրաստումներ Ֆյոդորովի ինստիտուտում, հետագայում նաեւ` այլ երկրներում: Երբ լազերային միկրովիրաբուժությունը զարգացում ապրեց, ամեն մի նոր վիրահատությունը  լուրջ մոտեցում էր պահանջում: Բավականին մեծ ծավալով գրականություն էինք կարդում եւ կարդում ենք, բայց պետք է նաեւ տեխնիկապես պատրաստված լինես, գիտելիքների հարուստ բազա, փորձ ունենաս:

-Բժշկուհի´, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Այո´, գոհ եմ Աստծուց իմ ունեցած ամեն ինչի համար. ընտանիքի, ծնողների, տղայի, գործընկերների, բոլոր հիվանդների: Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ մեզ մոտ չստեղծվի հիվանդ-բժիշկ կապը: Ես երբեք չեմ ցանկացել համեմատվել որեւէ մեկի հետ, միշտ աշխատում եմ, որ ամեն մի պացիենտ գոհ հեռանա մեր աշխատասենյակից: Մենք անում ենք ամեն ինչ, որ պացիենտի խնդիրը լուծվի վերջնականապես ու, եթե լինում են հիվանդություններ, որոնցով ուրիշ բժիշկ կարող է ավելի լավ զբաղվել, պացիենտին ուղղորդում ենք այդ ուղղությամբ նեղ մասնագիտացում ստացած մասնագետի մոտ, որովհետեւ ակնաբուժության մեջ չենք կարող ամբողջ ոլորտը լիարժեք ապահովել:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր տղայի դեպքում ինչպե՞ս է:

-Տղաս ծրագրավորման ոլորտն է ընտրել: Ավարտելով Ամերիկյան համալսարանի բակալավրիատը` մագիստրատուրան անցնում է Անգլիայում`ընդունվելով բավականին բարձր միավորներով: Ես ուրախ եմ նրա հաջողությունների եւ վերելքների համար, քանզի նա այդ ոլորտում իրեն շատ վստահ ու լավ է զգում:

Ես էլ, ինչպես վերեւում նշեցի, ծնողներիս մասնագիտությունից բավականին հեռու մասնագիտություն ընտրեցի եւ մինչ օրս մեկ վայրկյան անգամ չի եղել, որ փոշմանեմ դրա համար: Չնայած բավականին ուժեղ էի մաթեմատիկայից, բայց չընտրեցի հայրիկիս ուղին, բարձր գնահատականներով ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, սակայն մայրիկիս ուղին էլ չընտրեցի: Ի դեպ, տղաս էլ ժամանակին  շատ լավ ֆլեյտա էր նվագում:

-Օրվա գերծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո Ձեր անդորրը որտե՞ղ եք փնտրում:

-Բնականաբար` ընտանիքում: Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է. եթե առավոտյան չենք հասցնում միասին նախաճաշել, ապա երեկոյան անպայման, հնարավորության սահմաններում, միասին ընթրում ենք` կիսվելով օրվա անցուդարձից: Ասեմ նաեւ, որ շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, աշխատում եմ գոնե օրվա մեկ ժամը տրամադրել դրան, որն ինձ տալիս է ամենամեծ հոգեկան հանգստությունը:

-Բժշկուհի´, ակնաբուժության ապագան ի՞նչ սանդղակի վրա եք տեսնում:

-Մեր բնագավառի համար  բավականին հանգիստ եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս ակնաբույժ եմ, այլ որ այնտեղ 99 տոկոսով ամեն ինչ արվում է, որպեսզի կիրառվեն բուժօգնության ամենաժամանակակից մեթոդները: Եվ ոլորտը շատ արագ տեմպերով զարգացում է ապրում: Բավականին երիտասարդ կադրեր էլ կան, որոնք կատարյալին հասնելու ձգտում ունեն, եւ արտերկրում վերապատրաստվելու նրանց հնարավորությունն էլ շատ մեծ է: Բացի այդ, նաեւ ինտերնետ պորտալն է ակտիվ լինելու, զարգանալու, նորարարությունների զարկերակին համընթաց գնալու լայն հնարավորություններ տալիս: Ես նույնպես շատ ակտիվ հետեւում եմ նորարարություններին, մասնակցում միջազգային կոնֆերանսների: Նաեւ կան կայքեր, որտեղ կարող ես քննարկել քո խնդիրը, տեղեկանալ արտերկրում մեր ոլորտի խնդիրների մասին` դրանով իսկ իրականացնելով փորձի փոխանակում:

-Բժշկուհի´, ինչո՞ւ հասարակության վստահությունը մեծ չէ առաջնային օղակի` պոլիկլինիկաների հանդեպ:

-Եթե նախկինում տեղամասային ակնաբույժները, գնալով մի քանի վերապատրաստումների, դոփում էին տեղում, ապա այսօր պատկերը այլ է. կադրերը մեծ ձգտում ունեն կատարելագործվելու իրենց ոլորտում, բավականին լավ պատրաստված են: Առաջնային օղակի աշխատողները 3 տարի լավագույն կլինիկաներում կլինիկական օրդիանտուրա են անցնում, մասնակցում բազմաթիվ կոնֆերանսների, անցնում վերապատրատումներ: Մենք էլ մշտապես պատրաստ ենք օգնել առաջնային օղակին, որ կասկածելի դեպքերի ժամանակ պացիենտին ուղեգրեն մեզ մոտ, այսինքն` միշտ զգոն լինեն, որպեսզի խուսափենք հետագա բարձիթողի վիճակներից: Շատ անգամ էլ պացիենտներն իրենց տեղամասային պոլիկլինիկաներում են ստանում համապատասխան բուժօգնությունը: Եվ մարզերի նորավարտ կադրերն էլ, երբ  կասկածելի իրավիճակի հետ են բախվում, պացիենտին ուղեգրում են մեզ մոտ, որպեսզի համոզված լինեն իրենց հետագա քայլերի մեջ:

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ բոլորն անհրաժեշտության դեպքում բուժօգնության դիմելու հնարավորություն ունենային եւ չդիմելը չպայմանավորեին ֆինանսական գործոնով: Համենայնդեպս, ես չեմ հիշում մի դեպք իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում, երբ պացիենտը դիմի մեզ, եւ նրա` ֆինանսական խնդիր ունենալու դեպքում մենք նրան այդ պահին չաջակցենք: Իհարկե, եթե արդեն հարցը հասնում է վիրահատական միջամտությանը, ապա ֆինանսական խնդիրը գլուխ է բարձրացնում: Մեզ մոտ որոշ վիրահատություններ փոխհատուցվում են ՊՆ եւ ոստիկանության աշխատակիցների առողջապահական ապահովագրության շրջանակներում: Բոլորին հորդորում եմ աչքի հետ կապված խնդիր ունենալու դեպքում անպայման դիմել ակնաբույժների, չթողնել այն հասնի բարդացած վիճակի: Ամենագլխավորը. կցանկանամ, որ հասարակությունը լինի երջանիկ, վստահ եւ համոզված իր հետագա քայլերի ու ապագայի հարցերում: Երբ ամեն ոք իր համոզմունքների մեջ վստահություն ունենա, ապա իր երեխաների ապագան էլ կտեսնի մեր երկրում: Կցանկանամ, որ մեր երիտասարդները, որոնք ձգտումներ եւ գիտելիքների մեծ բազա ունեն, ներդրում ունենան հենց իրենց երկրում: Ասեմ, որ ՀՀ ԱՆ նորանշանակ նախարարը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, համենայնդեպս, փոփոխությունների ցանկություն եւ առաջխաղացում տեսնում եմ: Իսկ որպես ակնաբույժ կցանկանամ, որ բոլորի աչքերում լույս եւ պարզություն լինի. մարդու աչքի լույսը ինչքան պարզ է, այնքան հոգին էլ է ավելի պարզ: Առողջ եղեք, սիրեք ձեզ:

Ժամանակակից  սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում

Ճառագայթաբանության հիմնական խնդիրը հիվանդության առավելագույն հստակ ախտորոշումն է, իսկ դա արդյունավետ բուժման անառարկելի հիմքն է: Ապացուցված է, որ ռադիոլոգիայի զարգացումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացության տոկոսը, քանի որ հիվանդությունը հնարավոր է լինում ախտորոշել վաղ շրջանում: Բժշկագիտության ոլորտում ռադիոլոգիան համարվում է երիտասարդ ուղղություն, բայց ուրախացնում է այն հանգամանքը, որ նորավարտ բժիշկները բավականին արագ են յուրացնում այս մասնագիտությունը: Դա, անշուշտ, պայմանավորված է նաեւ նորագույն համակարգչային տեխնոլոգիաներով: Այսօր շատերը վախենում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհու համար մասնագիտությունն առաջին հերթին մարդուն առողջություն ու ժպիտ պարգեւելու առաքելություն է, իսկ դա իր ոլորտում լավագույնը դառնալու նախապայմաններից է: Ընդհանրապես ամեն ոք մասնագիտական ոլորտ պետք է մտնի հավատով, որ հենց ինքն է փոխելու այն աշխատանքային աշխարհը, որում ապրում է։ 

-Տիկի´ն Ամոյան, բժշկի մասնագիտությունն ամենավեհ ու, միեւնույն ժամանակ, երբեմն անշնորհակալ մասնագիտություն է։ Ե՞րբ որոշեցինք գնալ բժիշկ դառնալու պատասխանատու քայլին:

-Մանկության տարիներին երբեւէ մտքովս չի անցել բժիշկ դառնալ: Հայրիկս սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում, եւ ես էլ էի որոշել նրա նման լեզվաբան դառնալ, բայց ընտանիքիս անդամներն ուղղորդեցին դեպի բժշկության հետաքրքիր ու հեքիաթային աշխարհը: Որոշումս կայացնելուց հետո ընդունվեցի Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, ավարտեցի բակալավրիատը, մագիստրատուրան, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում` կլինիկական օրդինատուրան ռադիոլոգ մասնագիտությամբ: Անկեղծորեն ասեմ, որ սկզբում չէի ցանկանում որպես նեղ մասնագիտացում ընտրել ուլտրաձայնային ախտորոշման ուղղությունը, որովհետեւ, այսպես ասած, բուժող բժիշկ դառնալու մեծ ցանկություն ունեի: Բայց երբ 4-րդ կուրսում հանդիպեցի Գայանե Արմենակի Գալստյանին, նա  ինձ օգնեց իմ նեղ մասնագիտացման ընտրության հարցում`ինձ համար դառնալով ե´ւ ուսուցիչ է, ե´ւ մեծ ընկեր, ե´ւ խորհրդատու: Եվ ռադիոլոգիայի ասպարեզում կայանալու համար ես առաջին հերթին շնորհակալ եմ հենց նրան: Նշեմ, որ իմ արմատներում չկան  բժիշկներ, ու ես եւ եղբայրս խախտեցինք այդ ավանդույթը: Եղբայրս` Սայադ Չոլոյանը, ատամնաբույժ է: Հպարտությամբ ուզում եմ ասել, որ մինչ օրս չեմ փոշմանել իմ ընտրության համար:

- Բժշկուհի´, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Մեր բաժանմունքում ախտորոշիչ հետազոտման օգնությամբ իրականացվում են տարատեսակ եւ տարաբնույթ հետազոտություններ` որովայնի եւ փոքր կոնքի օրգանների, փափուկ հյուսվածքների, վահանաձեւ գեղձի, պարանոցի օրգանների, կրծքագեղձերի, ոսկրահոդային համակարգի: Եվ միայն խոռոչային օրգանների պատկերը մեզ հստակ տեսանելի չի լինում:

-Սոնոգրաֆիան ունի՞ հակացուցումներ:

-Իրականում սոնոգրաֆիայում հակացուցումներ` որպես այդպիսին, չկան: Մինչ օրս չի արձանագրվել սոնոգրաֆիայի վնասակար ազդեցությունը, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքների ազդեցության տակ: Պացիենտները  հետազոտութուն անցնելուց 6-8 ժամ առաջ  չպետք է ընդունեն սնունդ կամ գազավորված ըմպելիքներ: Իսկ եթե լինում են անկանխատեսելի իրավիճակներ` վթար, տրավմաներ, երբ նախապես հնարավոր չէ պատրաստվել, այդ դեպքերում մեզ տեսանելի է լինում միայն այն, ինչը մեզ հնարավորություն է տալիս տեխնիկան: Պետք է նշեմ, որ իրականում կան բավականին մեծ արգելքներ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, դրանք խոռոչային օրգաններ (ստամոքս-աղիքային  տրակտի գազերը` մեթեորիզմ), գնացող արտեֆակտներ են (օրինակ`  որովայնում կուտակված գազեր), որոնք այդ պահին կարող են խանգարել օրգանի պատկերը լիարժեք ցույց տալուն: Այսօր ռենտգեն հետազոտության ժամանակակից սարքավորումների շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, որը չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Ռենտգեն հետազոտությունը բժշկության մեջ անփոխարինելի դեր ունի, եւ շատ հիվանդություններ անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի: Եվ սխալ է ռենտգենից վախենալն ու խուսափելը. որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է:  Հարկավ, չարժե առանց պատճառի ռենտգեն անել, սակայն, եթե այդ հետազոտության ցուցումներ կան, պետք չէ դրանից վախենալ, հատկապես, եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորումով:

-Տեղյակ ենք, որ ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ եք: Ըստ Ձեզ,  ասոցիացիաները ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Մեր ասոցիացիան բավականին գիտելիքներ է տալիս,  եւ ամեն անգամ կոնֆերանսների մասնակցելիս հաստատ ինչ-որ բան քաղում ենք, որովհետեւ բժշկությունը հարաբերական գիտություն է, եւ ամեն  պացիենտ  յուրովի մոտեցում է պահանջում, ամեն օրգանիզմ ունի իր յուրահատկությունները: Ռադիոլոգիան օրեցօր առաջընթաց է ապրում, եւ մեր ռադիոլոգները մշտապես մասնակցում են վերապատրաստումների տարբեր երկրներում ու իրենց գիտելիքները, փորձը բերում մեր երկիր: Եվ մեր ասոցիացիան է, որ մեզ հնարավորություն է տալիս այդ փորձի փոխանակությունից օգտվելու ու ծանոթանալու ախտորոշման մեթոդների ավելի ինֆորմատիվ եւ արդիական մոտեցումներին: Եվ ես ասոցիացիայի կողմից կազմակերպված բոլոր կոնֆերանսներին հնարավորինս մասնակցում եմ:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, եւ այսօր մեր երիտասարդ ռադիոլոգներն արտասահմանում ուսում եւ վերապատրաստում ստանալու մեծ հնարավորություններ ունեն:

-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել ընտանիքի հետ: Տեղյակ ենք, որ ունեք երեք փոքրիկ:

-Իհարկե անում ենք ամեն ինչ, որ հասցնենք, բայց, անկեղծ  ասած, որոշ չափով թերացումներ լինում են ժամանակի առումով. չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել իմ փոքրիկներին, որովհետեւ պարտավոր եմ նաեւ իմ բնագավառից ետ չմնալ: Բայց, փառք Աստծո, ամուսնուս հետ հասցնում ենք ամեն ինչ:

-Ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնել են բժշկուհի դառնալու կայացման գործում: Ես օրդինատուրան անցել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ ախտորոշիչ ծառայության բոլոր բժիշկները եղել են իմ դասախոսները: Կցանկանամ անպայման առանձացնել Գայանե Արմենակի Գալստյանին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից` Արմինե Հայկարամի Պողոսյանին եւ մեր ոլորտի առաջատարներից  մեկը համարվող «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային ծառայության ղեկավար Ռուզաննա Հարությունի Խոնդկարյանին, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Արայի Ավետիսյանին, ով իր ցուցումներով եւ բոլոր հարցերում ինձ աջակցելով` օգնեց ճառագայթային ախտորոշման բնագավառում որպես մասնագետ իմ հաստատման եւ կայացման գործում, որի համար նրան անչափ շնորհակալ եմ: Մարդիկ, ովքեր, լինելով իրենց ոլորտում լավագույններից լավագույնը, ինձ տվել են լավ գիտելիքների բազա եւ ծանոթացրել ռադիոլոգիայի նեղ մասնագիտացման նրբությունների հետ:

 -Բժշկուհի´, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է ռադիոլոգիան  Հայաստանում:

-Ուրախությամբ նշեմ, որ բժշկությունը բավականին արագ տեմպերով զարգացում է ապրում Հայաստանում, եւ նույնիսկ մի տեսակ վախի զգացում էլ կա, որ մի օր ամեն ինչ կարվի  համակարգչի միջոցով: Թեպետ ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, մեր երկրում տեխնիկապես չի զիջում որեւէ եվրոպական երկրի, այնուամենայնիվ, ռադիոիզոտոպային դիագնոստիկայում մենք կատարում ենք առաջին քայլերը։ Կցանկանայի, որ մեր բաժանմունքը համալրվեր ժամանակակից եւ լավագույն սարքավորումներով, չնայած, ամեն դեպքում, շատ մեծ է բժշկի գործոնը: Ճիշտ է ասված, որ լավագույն բժիշկը ամենավատ սարքավորումով էլ կտեսնի խնդիրը, սակայն լավագույն սարքավորումը բժշկին հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ կատարել հետազոտությունը, արգելքները ավելի քիչ են լինում, իսկ հետազոտության արդյունքն իր ինֆորմատիվությամբ` ավելի ծավալուն:

-Տիկի´ն Ամոյան, Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Ես ինձ համարում եմ անչափ երջանիկ կին, քանի որ ունեմ երեք հրաշք երեխաներ եւ հրաշալի ընտանիք, լավ, հոգատար ամուսին, ինչը կնոջ համար ամենամեծ ձեռքբերումն է կյանքում: Նշեմ, որ ամուսինս ՀՀ վաստակավոր մարզիկ, սպորտի միջազգային վարպետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն է: Նա ինձ միշտ ուժ է տալիս, չի թողնում որեւէ հարցում խնդիր ունենալ եւ ամեն ինչ անում է, որ ինձ լիովին երջանիկ մայր եւ կին զգամ:

-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ եւ գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան ու, բնականաբար, հիվանդի ապաքինման եւ վերականգնման մակարդակի բարձրացումը, ու հենց այդ պատճառով տասնապատիկ մեծանում է ռադիոլոգի պատասխանատվությունը: Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք  է  փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա  համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Կցանկանամ բոլորին առողջություն, եւ թող ուլտրաձայնային հետազոտության էլ գան միայն կանխարգելիչ ախտորոշման նպատակով եւ ցանկալի հղիության դեպքում` մայրական բերկրանքը զգալու համար: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, եւ, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր