‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:
Այսօր ուսումնարանի տնօրենն է Լուսինե Բարսեղյանը, ում ղեկավարությամբ աշխատում է մանկավարժական կուռ, ամուր կոլեկտիվ: Ուսումնարանի մանկավարժական կազմն իր ղեկավարության եռանդուն ջանքերի շնորհիվ ծավալում է արդյունավետ և արգասաբեր գործունեություն արվեստի և արհեստի միջին մասնագիտական օղակում:
Տարեցտարի ավելանում է ուսումնարանում սովորել ցանկացող ուսանողների թիվը: Ուսումնարանը հարազատ է դառնում այստեղ իր ուսումնառությունը սկսող յուրաքանչյուր սովորողի համար: Ավարտելով ուսումնարանը՝ սաները չեն մոռանում իրենց հարազատ կրթօջախը և պարբերաբար այցելում են իրենց մանկավարժներին:
Ներկայումս ուսումնարանում սովորում է մոտ 340 սովորող:
Յուրաքանչյուր կիսամյակ և ուսումնական տարվա ավարտին սովորողները կազմակերպում են ցուցադրություններ, որտեղ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները, ստեղծագործությունները, որոնք հետագայում համալրում են ուսումնարանի ցուցասրահները:
Հարուստ և հագեցած է ուսումնարանի առօրյան. կազմակերպվում են գրական-գեղարվեստական, սպորտային, ռազմահայրենասիրական միջոցառումներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ, գրադարաններ և պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր:
Ուսումնարանում գործում են գրադարանի և ուսանողական խորհուրդները, որոնք սերտորեն համագործակցում են և կազմակերպում են տարբեր բնույթի միջոցառումներ, զրույցներ և բանավեճեր:
Ուսումնարանը սերտորեն համագործակցում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի և Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ:
Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը:
Ուսումնարան են ընդունվում հիմնական կրթություն ստացած աշակերտները, ովքեր ուսումնարանում ստանում են միջին մասնագիտական կրթություն: Ուսումն անվճար է, երեք տարվա տևողությամբ, սովորողները ստանում են կրթաթոշակ, շրջանավարտներին տրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն (պետական դիպլոմ):
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները.
Facebook-Երևանի զարդարվեստի պետական ուսումնարան