Print this page
ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

 Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան

Այսօր մեր երկրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր մասնագետներին իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները:

Մեր զրուցակիցն է  վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ հիվանդների առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց բժիշկների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները` շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

-Պարոն Մոմջյան, ո՞ր դեպքերում են ցուցվում ողնաշարի ռեկոնստրուկտիվ և ֆիքսացիոն վիրահատությունները:

-Իրականում տարատեսակ դեպքերում ենք դիմում այդ վիրահատական միջամտություններին. օրինակ` նեղացումների, տեղաշարժների, սկոլիոզների, կոտրվածքների, ողեր փոխելու կամ ողը հեռացնելու դեպքերում։ Մեր տարածաշրջանում համեմատական կարգով քիչ դեպքերում են դիմում այդպիսի վիրահատությունների, քանի որ դրանք բավականին բարդ  միջամտություններ են:  

Ռեկոնստրուկտիվ և ֆիքսակցիոն վիրահատությունները ցուցված են ողնաշարի այն ուռուցքների դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ գործառույթի զգալի խանգարումներ: Նշյալները ցուցված են նաև պրոգրեսիվող սպոնդիլոլիստեզի դեպքում, երբ ողի մարմինը տեղաշարժված է լինում իր առանցքից առաջ կամ հետ: Կարևոր է իմանալ, որ հիվանդության ի հայտ գալուց հետո բուժառուն որքան շուտ է դիմում մասնագիտացված բուժօգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:

 Կան նաև բուժման այլընտրանքային միջոցներ:

-Բեխտերևի հիվանդությունը կարո՞ղ ենք համարել դատավճիռ։

- Այո, ցավոք սրտի, այդ հիվանդությունը կարող ենք համարել դատավճիռ, քանզի արդի տեխնիկական հագեցվածության և նոր ուղեցույցների առկայության դեպքում, անգամ բուժումից հետո այդ հիվանդությունը կարող է կրկնվել: Ողնաշարի ամբողջական ֆիքսացիայի, այսինքն` սերտացման դեպքում մենք ուղղում ենք ծռվածությունը: Այն ողնաշարի բորբոքային հիվանդությունների շարքին է դասվում։ Բուժման տարբերությունը լինում է այն, որ մեղմանում են ցավերը։ Սինդրոմը մշտական բնույթի ցավերն են մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում` ողնաշարում։

-Սկոլոկիֆոզ. կմանրամասնե՞ք:

- Այն սկոլիոզի և կիֆոզի համակցված համախտանիշ է, բայց կիֆոզը միշտ ավելի քիչ է հանդիպում, քան` սկոլիոզը։ Անգամ սկոլիոզի ժամանակ կիֆոզը կարող է հարթվել, բայց երբ կիֆոզն է ավելի արտահայտված լինում, այն կարող է խանգարել սկոլիոզի ուղղմանը։ Եվ վիրահատական բուժում է պահանջվում այն դեպքում, եթե հիվանդության աստիճանը անցել է 40-45 տոկոսից։

-Հասարակության մեջ տարածված է թյուր կարծիք, որ ճողվածքը վիրահատելուց հետո, միևնույնն է, կրկնվելու հակում ունի։ Ի՞նչ կասեք այդ առումով։

-Այո, իրականում թյուր կարծիք է,  այն 10-15 տոկոս դեպքերում կարող է հանդիպել, այն էլ` վիրահատությունից  հետո մեկ տարվա ընթացքում։

- Ի՞նչ է հեմանգիոման։

-Հեմանգիոման հաճախ հանդիպող երևույթ է, դժվար է բնորոշել, թե որտեղից է այն ի հայտ գալիս։ Դրանք մեծ մասամբ բնածին են լինում, իրենցից ներկայացնում են բարորակ ուռուցքներ, որոնք ունեն շատ դանդաղ աճի տեմպ: Եթե ցանկանում ենք հետևել դրա աճին, ապա հետազոտությունները պետք է իրականացնել 2-3 տարին մեկ և ոչ թե` հաճախակի։ Դրանք գտնվում են ոսկորի մեջ, բայց երբեմն արագ աճի հետևանքով, օրինակ, կարող են դուրս գալ ողի մարմնի սահմաններից դեպի ողնուղեղային ուղի։ Այդ ժամանակ սկսում են ի հայտ գալ նյարդաբանական ախտանիշներ, որոնք կարող են առաջացնել բավականին մեծածավալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ Մեծ hեմանգիոմաների դեպքում, երբ այն գրավում է  ողի մարմնում մեծ տարածություն  և դրա կոտրվելու վտանգ է  ներկայացնում, ցուցված է կատարել այդ հատվածի ամրացում ոսկրային ցեմենտով (վերտեբրոպլաստիկա):  

 Այն  արյունով լցված գոյացություն է, որը կարող է  վտանգ ներկայացնել մեծանալու և ոսկորների եզրագծերից դուրս գալու դեպքում, քանի որ մեծ տարածք է գրավում` ճնշելով նյարդային ստրեկտուրաները, որը նաև կոտրվելու հավանականություն ունի, որի դեպքում վիրահատությունը ավելի դժվարին է դառնում իր ընթացքով: Եթե ուղղակի տեղակայված է և իրենից վտանգ չի ներկայացնում, մենք հատուկ ասեղներով մտնում և ցեմենտավորում ենք։

 -Կրծքային ցավեր ողնաշարի հատվածում: Ինչի՞ պատճառահետևանք է:

-Մեծ մասամբ դա չշարժվելու, հիպոդինամիայի ցավեր են` կախված մշտական մի դիրքից, երկարատև նստակյաց աշխատանք ունեցողների մոտ: Պետք է աշխատեն ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրել, զբաղվեն սպորտային շեյպինգով, կարատեով, բոքսով, և ակտիվ շարժումներից հետո ցավերն անցնում են։ Կամ դիմեն մանուրալ թերապիայի, մասաժների, որոնք նույնպես կանցկացնեն  ցավերը։

-Ողնաշարի ուռուցքային հիվանդություններ։ Հաճա՞խ են հադիպում Ձեր աշխատանքային պրակտիկայում:

-Դրանք բուն ուռուցքային հիվանդություններ չեն, այլ առաջանում են տարբեր հիվանդություններից: Երբեմն կարիք է լինում միջամտելու, ողնուղեղը դրանցից ազատելու, ցավերի պատճառը ֆիքսելու համար, բայց դրանք համեմատաբար քիչ ենք կիրառում` կապված թե՛ ֆինանսների , թե հիվանդության ընդհանուր ծանրության հետ։

-Պարանոցային հատվածի ստենոզը ինչի՞ արդյունք է։

-Ստենոզները հիմնականում դեգեներատիվ փոփոխությունների արդյունքում են զարգանում։ Դիսկերը փոփոխվում են, հաստանում են կապանները, հոդերը մեծանում են, որի արդյունքում անցքը նեղանում է, և ողնուղեղը սկսում է տուժել, ձեռքերի և ոտքերի թուլություն է լինում։ Պարանոցային հատվածի ստենոզը ավելի ծանր ընթացք ունի, իրենից վտանգ է ներկայացնում, քանզի այն բերում է պարեզի, պարալիչի։

-Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում սպոնդիլոլիսթեզը:

պոնդիլոլիսթեզը ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխություններն են, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավային համախտանիշով: Ավելին, հաճախ նկատվում է գոտկային 5-րդ ողի տեղաշարժ սրբոսկրի նկատմամբ: Թեև հիվանդությունը զարգանում է դանդաղ՝ մի քանի տարվա ընթացքում, այնուհանդերձ, կարող է առաջանալ նաև հանկարծակի՝ վնասվածքի դեպքում։ Արտահայտվում է ցավով, ողնաշարի համապատասխան հատվածի շարժումների զգալի սահմանափակմամբ: Այն ողնաշարի պաթոլոգիա է, որի ժամանակ տեղի են ունենում ողերի տեղաշարժ դեպի առաջ կամ միջողնային սկավառակի կազմափոխական փոփոխություններ։ Այն հանդիպում է մանկական  հասակում,  երբ բնածին թերություն է լինում ողնաշարում։ Դրա առաջացմանը նպաստում են ողնաշարի այլ հիվանդությունները, ինչպես նաև ֆիզիկական ծանր աշխատանքը, գիրանալը: Այն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում, այն միշտ ուղեկցվում է դեգեներատիվ փոփոխություններով: Հոդերի դեֆորմացիան ընդգրկում է պարանոցային և գոտկային հատվածը: Պարանոցի շրջանում ախտահարումների ժամանակ հիվանդները նշում են մշտական լարվածություն և ցավի զգացում: Նման դեպքերում վիրահատարանում՝ ռենտգեն հսկողության տակ, դեպի ախտահարված հոդագլխիկները տեղադրվում են հատուկ էլեկտրական սարքեր, որոնց ճիշտ դիրքը որոշվում է ստիմուլյացիայի փորձով, ապա կատարվում է դեներվացիա, ինչի հետևանքով վերանում է ցավի զգացումը: Որպես կանոն, միաժամանակ կատարվում է չորս հոդերի դեներվացիա: Հիմնական արդյունքը զգացվում առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո այն ամրապնդելու համար ցուցված են  բուժական ֆիզկուլտուրա և որոշ ֆիզիոթերապևտիկ գործողություններ (պրոցեդուրաներ):

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:

-Իրականում այսօր կան լավագույն երիտասարդ կադրեր, որոնք ձգտող են, պրպտող, մենք՝ ավագ սերունդս, իրենց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են,  քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Մեր ստեղծած հիմքերը  երիտասարդ կադրերին հնարավորություն են տալիս ավելի շատ վերելք ապրել ոլորտում։ Իմ ասիստենտները բավականին վիրահություններ են անում. 15-20 տարի առաջ միայն ես էի Երևանում այս վիրահությունները կատարում։ Հիմա Հայաստանում բավականին մեծ քանակով մարդիկ աշխատում են իմ բուժմոտեցումներին համապատասխան:

-Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել բուժառուին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել  ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը 

Last modified on Tuesday, 04 March 2025 11:46
Lusine