ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

<<Մենք ունենք փայլուն երիտասարդներ…>>

Բոլորիս հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիրներից մեկը  ամբողջ աշխարհում, և  Հայաստանը ևս հետ չի մնում միջազգային ստանդարտներից: Մեր բժշկությունը առողջապահության ոլորտի ամենայն նորն արագ յուրացնելու, այն պրակտիկորեն կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մեր բժիշկները լիարժեք տիրապետում են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին: Եվ ահա թե ինչու քաղցկեղին պետք է վերաբերվել որպես հանդիպող բազմաթիվ հիվանդություններից մեկը, որի դեմ պետք է պայքարել, ինչպես ցանկացած հիվանդության դեմ: Բժշկությունը մեր ժամանակներում այդ հարցին շատ ընդգրկուն,  շատ գրագետ պատասխանը է տվել: Քաղցկեղն իր բնույթով բազմապատճառային հիվանդություն է՝ մի քանի տասնյակ կամ միգուցե հարյուրավոր պատճառներ օրգանիզմում բերում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման:

Քաղցկեղը ճակատագիր է: Եվ մշտապես առկա է, և կանխատեսվում է այս հիվանդության շարունակական աճ, և դա արդիականացնում է քաղցկեղի խնդիրը: Գլխավոր ուղերձը, որը միշտ բժիշկները հնչեցնում են, այն է, որ քաղցկեղը բուժելի է: Եթե ախտորոշվել է քաղցկեղ,  դա չի նշանակում, որ այն լուծում չունի: Եվ մասնագետները, առաջնորդվելով <<քաղցկեղն այլևս դատավճիռ չէ կարգախոսով>>, բնակչությանն հորդորում են տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վիրաբույժ-ուռուցքաբան,  բժշկական գիտությունների դոկտոր, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Արհեստավարժ մասնագետը կարևորում է բժշկության տարբեր ճյուղերի  իր գործընկերների հետ թիմային աշխատանքը՝ մշտապես առաջնորդվելով նորագույն ուղեցույցներով: Յուրաքանչյուր բուժառուի ախտորոշման և բուժման մարտավարությունն ընտրելիս ցուցաբերում է անհատական մոտեցում՝ քննարկելով այն նաև մասնագիտական խմբում: Մարդկային ու մասնագիտական բարձր արժեքներով օժտված առաքինի ու բարեկիրթ անձնավորություն է: Մարդկային կյանքերի համար պայքարելը, իր գիտելիքները մարդու առողջությանը առավելագույնս ծառայեցնելը նրա համար բարձր նպատակ է:

-Պարոն Համբարձումյան, Հայաստանը քաղցկեղի տարածվածությամբ բավականին բարձր ցուցանիշներ ունի: Քաղցկեղի բուժումը Հայաստանում բարելավելու  համար ի՞նչ նախադրյալներ կան:

-Այսօր ամբողջ աշխարհում դիտվում են քաղցկեղի ախտորոշման դեպքերի ավելացման միտումներ, որոնց պատճառները տարբեր են: Դա կարող է կապված լինել տնտեսության զարգացման, նաև ախտորոշիչ նորագույն մեթոդների հետ: Եթե նախկինում կարող էր ինչ-որ ախտորոշում բաց թողնվել, ներկայումս դա կատարվում է նորագույն մեթոդներով: Արտաքին միջավայրի աղտոտվածությունը, վնասակար սովորույթները՝ ծխելը, խմելը, նստակյաց կյանքը, սթրեսածին գործոնները, ինչպես նաև տարբեր հավելումներով սնունդը բացասաբար են անդրադառնում օրգանիզմի առողջական վիճակի վրա։ Մասնավորապես, վերը նշված գործոնները աղեստամոքսային համակարգում կարող են առաջացնել ախտաբանական փոփոխություններ, որոնք տարբեր խրոնիկ հիվանդությունների զարգացման և ժառանգական նախատրամադրվածության դեպքում ուռուցքային գործընթացների ակտիվացման խթան են հանդիսանում։

Երիտասարդացում են ապրել ուռուցքային շատ հիվանդություններ՝ արյան հեմոբլաստոզները, ստամոքսաղիքային տրակտի և կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները: Փառք Աստծո, փոքր տարիքային խմբերում  ուռուցքային հիվանդացությունները քիչ են հանդիպում: Ուռուցքային ախտահարումը  հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է բուժառուի և նրա հարազատների հետ մանրամասն քննարկել  հիվանդության ու նրա դեմ պայքարի միջոցների մասին։ Մեր խորին համոզմամբ, հիվանդը պետք է տեղյակ լինի, թե ինչ խնդրի առաջ է կանգնած, և որո՞նք են լուծման տարբերակները։ Բուժառուն պետք է վստահի և հավատա իր բժշկին, նա պետք է քաջ  գիտակցի, որ իր բժշկի հետ միասին պետք է անցնի այդ ճանապարհը:

-Ինչպե՞ս կգնահատեք  աշխատանքային միջավայրի, թիմային աշխատանքի կարևորությունը բուժման արդյունավետության գործընթացում: 

-Ցանկացած աշխատանքի մեջ որակը պայմանավորված է այն  միջավայրով, որում կատարվում է տվյալ աշխատանքը: Աշխատանքային կոլեկտիվը պետք է հիմնված լինի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա։ Բուժօգնության ցուցաբերման գործընթացում թիմային աշխատանքը շատ կարևոր է։  Կարևոր է բոլոր օղակների՝ ախտորոշման, վիրահատարանի, վերակենդանացման բաժանմունքների  դերը, ինչպես նաև բուն վիրահատության ընթացքում վիրաբուժական թիմի  կազմում յուրաքանչյուրի՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի, վիրաբույժ-օգնականի, բուժքույրերի անձնուրաց աշխատանքը։  

-Բժիշկ, հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե ուռուցքին դիպչելիս այն արագորեն  տարածվում է: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ է պայմանավորված նման ընկալումը:

-Այս  կարծիքը կազմվում է բժշկին դիմելու պահին ուռուցքի տարածվածության աստիճանից։ Այն թյուր կարծիքը, որ բիոպսիան նպաստում է գործընթացների արագացմանը, միանգամայն սխալ է: Այդ դեպքերում,  մինչ բիոպսիան, մետաստազներն արդեն առկա են լինում, և  արմատական բուժման հնարավորությունները փոքր են լինում։ Նման կացություն հանդիպում է   հիվանդության չորրորդ աստիճանի ժամանակ:

-Որքանո՞վ է հիվանդի տրամադրվածությունը ազդում բուժման արդյունքի վրա, 

կա՞ հոգեբանական գործոն:

-Կարծում եմ, հիվանդի լավատեսությունը և իր բժշկին վստահելը շատ կարևոր հանգամանք է և նպաստում է բուժման գործընթացին։  Դա գործնականում էլ ենք տեսնում. բարդությունները հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով հավատքով կանգնած է իր բժշկի /և ոչ հիվանդության/ կողքին,  բուժվում է:

-Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասին տեղեկացնելը, 

ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը: 

-Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, և որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պետք է լինի, այլ ոչ  հարազատներինը: Մարդն ունի մեկ կյանք, և ինքը պետք է տնօրինի այն։ Կոնկրետ Հայաստանում այդ հարցը  դեռևս վերջնականորեն հստակեցված չէ: Բոլոր զարգացած  երկրներում, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկն այդ մասին հայտնում է հիվանդին՝ քննարկելով ամեն ինչ՝ հիվանդության ընթացքը, բուժման ուղղություններն ու միջոցները, հնարավոր բարդությունները։ Հիվանդը պետք է  իմանա  իր առողջական վիճակի մասին ողջ տեղեկությունը՝ առանց մեղմելու իրավիճակը, որպեսզի նա ինքը ինքնուրույն որոշում կայացնի: Հաճախ  են հանդիպում դեպքեր, երբ հասուն մարդու փոխարեն որոշում են կայացնում ընտանիքի անդամները:  Նման դեպքերում  բուժում իրականացնելիս մեզ խանգարում է հիվանդի անտեղյակությունը, քանի որ  հնարավոր չի լինում նրա հետ խոսել դեղորայքային և ճառագայթային բուժման անհրաժեշտության մասին, իսկ լիարժեք բուժման համար այդ դժվարին ճանապարհն անցնել պետք է լինում  ոչ հազվադեպ։

-Ի՞նչ կասեք առողջապահության առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակը մեծ դեր ունի հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման գործում, և ներկայումս  մեծ աշխատանք է տարվում այդ օղակի դերի է՛լ ավելի բարձրացման  ուղղությամբ: Իրականում վաղ հայտնաբերված հիվանդության բուժումն ավելի լիարժեք և արդյունավետ է։

-Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը:

-Ավելի շատ այդ կարծրատիպը կա ոչ զարգացած երկրներում, քանի որ զարգացած երկրներում մարդիկ չեն խուսափում ախտորոշումից: Քաղցկեղը ոչ մի կերպ դատավճիռ չէ, շատ-շատ տեսակներ, որոնք ժամանակին հայտնաբերվում են, լիարժեք բուժվող են: Այստեղ խնդիրը բժշկի դիմելու վախն է: Լինում են դեպքեր, երբ դիմում են մարդիկ, որոնք գոյացությունը զգացել են բավականին երկար ժամանակ, բայց միայն անհանգստություն պատճառելուց հետո են դիմել բժշկի: Հաճախ շատ ուշացած փուլերում դիմելիս առաջանում է այն միտքը, որ հիվանդությունը դատավճիռ է: Կա նաև մեկ այլ իրողություն. հաճախ մենք ընկալում ենք վատ ինֆորմացիան, այսինքն տեղեկանում ենք, որ այս կամ այն մարդը մահացել է ուռուցքից, իսկ բուժված մարդկանց մասին շատերը չեն բարձրաձայնում միայն այն պատճառով, որ մարդիկ իրենց հիվանդության մասին խոսելու բարդույթներ են ունենում, և հազարավոր բուժված մարդկանց մասին տեղեկություն չի տարածվում: Ահա այսպես, մարդկանց մոտ առաջանում է կարծրատիպ, որ քաղցկեղն անբուժելի է:

-Ի՞նչ կասեք առողջապահության ոլորտի երիտասարդ կադրերի մասին, Ձեր դիտարկմամբ, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:

-Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք գերազանց տիրապետում են օտար լեզուների, համացանցից ստանում են իրենց հետաքրքրող տեղեկությունը, որը ժամանակի հրամայականն է։ Ցանկացած մասնագետ պետք է մշտապես լինի որոնողի կարգավիճակում, որպեսզի չմնա նույն  տեղում և չլճանա:  Հուրախություն մեզ՝ ունենք փայլուն երիտասարդներ, որոնք նվիրված են իրենց մասնագիտությանը։

 Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ մեր խելացի ու տաղանդավոր երիտասարդներին: Համոզված եմ, որ նրանք համապատասխան կրթություն ստանալով՝ հաստատ մեզ կգերազանցեն:

-Զրույցի ավարտին ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

-Որպես ասելիքի ամփոփում, կցանկանայի դիմել մեր   հասարակությանը խնդրանքով՝ գնահատեք Ձեր  առողջությունը, պահպանեք այն, վարեք առողջ ապրելակերպ, վստահեք  բժիշկներին և ժամանակին դիմեք նրանց: Ավելին կշահեք, քան կարծում եք:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր