ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

«Եթե  սիրում ես աշխատանքդ, այն դադարում է լինել աշխատանք»

Սրտաբանության ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է լուրջ հաջողություններ: Մեր երկրում իրականացվում են սրտի` բժշկության ամենավերջին միտումներին համապատասխանող լրջագույն բուժօգնություններ:

Սիրտանոթային հիվանդությունները ժամանակակից բժշկագիտության հիմնախնդիրներից  են, և չնայած նոր մեթոդների և ախտորոշման ձևերի ներդրմանը` սիրտանոթային հիվանդությունները մահացություն առաջացնող առաջատար հիվանդություններից են, և դրանց բաժին է ընկնում տարեկան մահերի մեկ երրորդը:

Սա  ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիր է, և բուժկենտրոններում վերջին տարիներին ավելացել է նաև հիվանդների դիմելիությունը:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին 8-րդ  հիվանդանոցի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ:  Արդեն պատկառելի աշխատանքային փորձ ունեցող բժիշկը դեռ վաղուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի:

- Պարոն Չիլինգարյան,  սրտաբանության մեջ ի՞նչ են կարդիոմիոպաթիաները:

- Կարդիոմիոպաթիաները հաճախ անհայտ պատճառի կամ գենետիկորեն պայմանավորված սրտի հիվանդությունների մի խումբ է, որը բնորոշվում է սրտամկանի առաջնային ախտահարմամբ, կծկողական ապարատի վնասմամբ, սրտի խոռոչների լայնացմամբ կամ պատերի հաստացմամբ, որոնք բերում են սրտային անբավարարության:  Կարդիոմիոպաթիաների ընթացքը տարբեր է, սակայն հաճախ նրանք ունենում են ծանր, խրոնիկ ընթացք և ի վերջո բերում են սրտամկանի թուլության:

Կարդիոմիոպաթիաներ անվանում են  նաև սրտի լայնացումը, ըստ սրտի տարբեր հիվանդությունների պատճառահետևանքների։ Օրինակ` ինֆարկտից հետո, եթե սիրտը լայնանում է, կոչվում է իշեմիկ կարդիոմիոպաթիա, երկարատև ճնշումից հետո` հիպերտոնիկ կարդիոմիոպաթիա, մի խոսքով` ամեն տեղ, որտեղ սրտամկանը հիվանդ է, մենք կարող ենք ասել դրան որոշ չափով կարդիոմիոպաթիա։

Տարբերում են իդիոպաթիկ (երբ պատճառը հայտնի չէ), և երկրորդային, պատճառ ունեցող  կարդիոմիոպաթիաներ:
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան սրտամկանի ախտահարում է, բնութագրվում է հիմնականում սրտամկանի ձախ փորոքի (հնարավոր է նաև աջ) օջախային կամ ընդհանուր գերաճով, որն ընդգրկում է նաև միջփորոքային միջնապատը, հետևաբար փոքրանում է ձախ փորոքի ծավալը, մեծանում է միոկարդի կծկողական ֆունկցիան, նշանակալից ձևով ընկճվում է նրա թուլացման ֆունկցիան: Այն կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների, ուշագնածության, փականային անբավարարության:
Դիլատացիոն կարդիոմիապաթիան միոկարդի ախտահարում է, որը բնորոշվում է սրտի խոռոչների նկատելի լայնացմամբ, սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների մեծացմամբ, միոկարդի կծկողական ֆունկցիայի իջեցմամբ, սրտային անբավարարության զարգացմամբ, երբեմն բուժմանը անպատասխան  ընթացքով և հիվանդության վատ ելքով: Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով (տոքսիկ նյութեր, վիրուսներ, աուտոհակամարմիններ) կարող է առաջանալ է սրտի բջիջների վնասում, իսկ հետագայում` շարակցական հյուսվածքի առաջացում, որը խանգարվում է միոկարդի սիստոլիկ ու դիաստոլիկ ֆունկցիան, և բերում սրտի խոռոչների լայնացման:
Ռեստրիկիտիվ կարդիոմիոպաթիան հազվադեպ ընթացող հիվանդություն է, բնութագրվում է սրտի թուլացման ֆունկցիայի խանգարմամբ, սիստոլիկ ֆունկցիան երկար ժամանակ քիչ է տուժում: Արյան շրջանառության խանգարումները նման հիվանդների մոտ չեն ուղեկցվում ձախ փորոքի ծավալի մեծացմամբ: Այստեղ ընդգրկվում են այնպիսի նոզոլոգիաներ, ինչպիսիք են էնդոմիոկարդիալ ֆիբրոզը, ամիլոիդոզը, էոզինոֆիլային էնդոկարդիտը և այլն: Համաձայն դասակարգման` տարբերում են 2 ձևեր` միոկարդիալ, որն ընթանում է միոկարդի իզոլացված ախտահարմամբ, էնդոմիոկարդիալ, որը բնութագրվում է էնդոկարդի հաստացմամբ և սրտամկանի ինֆիլտրատիվ, նեկրոտիկ, ֆիբրոզ փոփոխություններով:
Օբլիտերատիվ  կարդիոմիոպաթիան մեծ մասամբ համարվում է ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայի ձևերից մեկը, և որոշ բժշկական գրականության մեջ  այն գրվում է որպես ռեստրիկտիվ-օբլիտերացնող  կարդիոմիոպաթիա: Այն առավելապես տարածված է տրոպիկական կլիմա ունեցող երկրներում:

-Ո՞ր դեպքում են կատարում սթրես էխոգրաֆիան:

-Սթրես էխոգրաֆիան  սովորաբար կատարում ենք այն դեպքերում, երբ  ցանկանում ենք ստանալ  պատասխան` սրտի անոթները նեղացած են, թե` ոչ։ Այն հետազոտման  մեթոդ է, որը ցույց է տալիս սրտի սնող երակները, անոթները նեղացած են, թե` ոչ։ Ամբողջ աշխարհում այս հետազոտության մեթոդը լայն տարածում ունի, բավականին մատչելի հետազոտություն է, և հետազոտության ընթացքում ոչ մի ճառագայթային ներգործություն չկա ի տարբերություն կորոնալ անգիոգրաֆիայի (զոնդավորման): Հետազոտության տևողությունը շատ երկար չէ, և կիրառելի է, եթե ծրագիրը տեղադրված է էխոգրաֆիայի սարքի վրա, իսկ առկա ծրագրերը գերակա դերակատարություն ունեն սթրեոէխոգրաֆիայով սրտի անոթների նեղացումը պարզաբանելու համար։

Կան նաև 2-3 ոչ միջամտական հետազոտություններ անոթների նեղացումը պարզաբանելու համար, որը մեր երկրում քիչ տարածված է։ Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն այս հետազոտությունները, որոնք իրականացվում են մինչև միջամտական գործողություններ կատարելը։ Այկ երկրներում կորոնոգրաֆիա չեն կարող կատարել, մինչև այս տեստերը չանցնեն։ Կորոնոգրաֆիան որպես անոթների նեղացման առաջին ախտորոշման մեթոդ ճնշող մեծամասնության հիվանդերի մոտ աշխարհում չի կատարվում, քանի որ միջամտական մեթոդ է և կոնտրաստ նյութով է կիրառվում, որը բացասական ազդեցություն կարող է թողել երիկամների վրա: Դրա համար սկզբից կատարվում են այդ ոչ միջամտական մեթոդները, և եթե տեսնում են առկա է անոթների նեղացում, նոր կատարվում է կորոնոգրաֆիա, որպեսզի ստենտավորում կատարվի։

-Չնայացած այսօրվա  տեխնիկական զարգացվածությանը, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կադրերին դասական բժշկության կիրառելիության առումով:

-Դասական բժշկությունը բժշկության հիմքն է, եթե չտիրապետես դասական բժշկության հիմունքներին, և միանգամից անցնես նորարական տեխնոլոգիաների հետազոտական մեթոդների օգնությանը, կարող ես այնպիսի եզրակացություններ կատարել, որոնք հետագայում, հնարավոր է, բացարձակ անհիմն լինեն: Ախտորոշման հիմքը  բուժառուների հետ խորհրդատվությունն է լսելով իրենց գանգատները հիմնական առաջնահերթ պարզ հետազոտությունների հետ միասին, որից հետո կարող ես հասկանալ քո հետագա քայլերը հետազոտությունների համար։ Դասական բժշկությունը ընդունված է ամբողջ աշխարհում, և բուժառուներն առանց բժշկի ցուցումի չեն կարող  ուղղակի հետազոտություններ անցնել։ Այնտեղ ընտանեկան բժիշկը, որը տիրապետում է դասական բժշկության հիմունքներին քեզ հետազոտելուց հետո միայն կարող է ուղղորդել հետազոտությունների։ Բժշկության հիմունքները պարզագույնից գնում են դեպի բարդագույնը, և շատ հետազոտությունների օգնությանը դիմող բժիշկները արտերկրում պետք է հաշվետու լինեն, թե ինչու են այդքան շատ դիմել հետազոտությունների օգնությանը, քանի որ արտերկրում բժշկությունը ապահովագրությունով, կամ պետպատվերով է ամբողջությամբ և ապահովագրական ընկերությունների միջոցները դու ուղղակի անհիմն չես կարող վատնել` պետական բյուջեի հաշվին ուղարկելով թանկարժեք հետազոտությունների, կորոնոգրաֆիայի, էխոսրտագրության, որոնք արտերկրում բավականին թանկարժեք են: Մեզ մոտ է մատչելի բժշկությունը, ուղղակի պետք է լավ տիրապետել դասական բժշկությանը. փոխաբերական իմաստով ասեմ` եթե դու սարերում չես կարող առաջին բուժօգնություն ցուցաբերել, այդ դեպքում դու կլինիկաներում անելիք չունես։

- Սրտաբանության մեջ ի՞նչ է նշանակում  «սփեքլ թրաքինգլը»:

- «Սփեքլ թրաքինգլը» էխոսրտագրության մեթոդ է, հատուկ ծրագրով իրականացվող, որը նորագույն մեթոդներից է և մեզ տալիս է բավականին մեծ ինֆորմացիա, շատ օգնում սրտի ֆիզիոլոգիական վիճակը գնահատելու համար։ Այն բավականին արագ իրականացվող, արդյունավետ մեթոդ է, որի օգնությամբ սկսնակ կադրերն էլ կարող են այս հետազոտությունից հետո բավականին ինֆորմացիա ստանալ սրտի վիճակից։ Իրականում ամեն սարք չունի այդ հնարավորությունը, այն ցույց է տալիս սրտի կծկողականությունը, սրտի աշխատանքի համաչափության աստիճանը, թե որ ուղղությամբ է սիրտը լավ կծկվում` ցույց տալով սրտի բոլոր խոռոչների կծկողականությունը: Այն բավականին  կանխատեսիչ ինֆորմացիա է տալիս սրտի մասին: Նախկինում այդ ծրագիրը բարձրակարգ սարքերի վրա էր տեղադրված, բայց այսօր անգամ չինական տեխնոլոգիաների վրա այդ ծրագրերը հավելավճարով տեղադրվում են։

-Սրտաբանության մեջ միջազգային ուղեցույցներով արդո՞ք կա նոր ասելիք։

-Սովորաբար սրտաբանության մեջ ուղեցույցները 5 տարին մեկ փոխոխվում են, և ամեն տարի կուտակվում են նոր ապացուցողականություն, նոր գիտություն, և որոշ ասելիք փոխվում է նոր մոտեցումների մեջ։ Ոչ թե արմատապես, սակայն հնարավոր է հանկարծակի որակական նորարական անգամ հեղափոխական բուժմոտեցումներ լինեն։ Իրականում, այո, լինում է նոր ասելիք ապացուցողական բժշկության մեջ, և այդ մոտեցումները իհարկե խորհուրդ է տրվում կիրառել։ Իրականում չպետք է ուղեցույցներով միայն առաջնորդվել, ամեն մի բուժառու յուօրինակ է, յուրաքանչյուրին պետք է յուրովի մոտենալ։ Արհեստական և միանման բուժմոտեցում պետք չէ, բժշկի կարեկցանքը բուժառուի համար կարևորագույնն է։

-Սրտային հիվանդությունները կրո՞ւմ են քրոնիկ բնույթ։

-Այո, ցավոք սրտի, սրտային հիվանդությունները կրում են քրոնիկ բնույթ, եթե հիվանդությունը օրեցօր քո մեջ զարգանում է, լիարժեք բուժում չկա, ուղղակի բուժմոտեցման տեսակներն ընտրում ենք  հետագա բարդություններից խուսափելու համար: Պետք է այդ դեղորայքը ամբողջ կյանքում կիրառեն. իրականում  ճիշտը չհիվանդանալն է:

-Արդյո՞ք հասցնում եք գերլարված աշխատանքին  զուգահեռ մասնակցել վերապատրաստումների։

-Այո, իհարկե, պարբերաբար մասնակցում ենք կազմակերպվելիք կոնֆերանսների, սովորաբար ընտրությունը մերն է, թե որ հեղինակավոր կոնֆերանսին մասնակցենք, և սովորաբար եվրոպական տարբեր երկրներում իրականցվում են կոնֆերանսներ սրտաբանությանը առնչվող հարցերի շուրջ, որտեղ տալիս են  ահռելի  ինֆորմացիա, և այնտեղ փորձի փոխանակությունը հետագայում մեզ համար դառնում է անգնահատելի փորձ։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագա բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

- Ըստ իս, մեր բժշկության ապագան հուսալի ձեռքերում է, քանզի կան բավականին ձգտող, պրպտող երիտասարդներ, որոնք ավելի համարձակ են, ավելի առաջադեմ մտածելակերպ ունեն, պատրաստ են միշտ առաջ ընթանալ՝ չնայելով խոչընդոտներին: Չեմ ցանկանա, որ մեկնեն արտերկիր վերապատրաստվելու ու հայրենիք չվերադառնան: Դա շատ մտահոգիչ է, քանի որ ցավոք, կորցնում ենք այն լավագույն կորիզը, այն հեռանկարային երիտասարդներին, ովքեր պետք է կառուցեն մեր ապագան: Այդ պատճառով մենք պետք է մեր երկրում նրանց համար կանաչ ճանապարհ ստեղծենք:

- Իսկ ի՞նչ կասեք բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների մասին։

-Բժիշկը պետք է սիրի իր աշխատանքը և իրեն դիմաց յուրաքանչյուր բուժառուին վերաբերվի յուրովի։ Առաջնահերթ իրենք անհատ են, եկել են իրենց խնդրով, որին դու պետք է բնականաբար լուծում տաս: Եթե  սիրում ես աշխատանքդ, այն դադարում է լինել աշխատանք, եթե սիրում ես  աշխատանքդ, բժիշկ-բուժառու փոխհարաբերությունները դառնում են հաճելի։ Քանզի դու բուժում ես հիվանդին, ոչ թե հիվանդությունը, առաջին հերթին պետք է որպես հոգեբան ներգրավվես բուժմոտեցման մեջ, որպեսզի հետագա ցանկացած բուժմոտեցում ցանկալի լինի և արդյունավետ։

-Եվ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հայ հասարակությանը, մեր ընթերցողներին:

-Նախ կցանկանամ, որ նրանք ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանն ու ժամանակին դիմեն բժշկի, քանի որ ավելի հեշտ ու նպատակահարմար է հիվանդությունը բուժել վաղ փուլում և կանխարգելել հետագա բարդությունների առաջացումը, քան դիմել վիրահատության կամ բարդ ու ծախսատար միջամտությունների, որոնց արդյունավետությունը շատ ավելի քիչ է քան ավելի պարզ միջամտությունները հիվանդության ավելի վաղ շրջանում: Մինչդեռ, ցավոք, մեզ մոտ բժշկին ժամանակին դիմելու սովորույթը դեռ զարգացած չէ:

Բոլորին մաղթում եմ քաջառողջություն, հետևողական լինեն իրենց առողջությանը, քանի որ ցավոք, հասարակության գերակշռող մասը չի հետևում իր առողջությունը` մտածելով Աստծո տված առողջությունն անվերջ է: Չեն գնահատում ու պահպանում այն, ինչ ունեն: Սիրեք ձեր մարմինը, այն միակն է, որ ունեք, երկրորդը էլ չի լինելու, այն փոփոխման ենթակա չէ։ Նրա առողջ լինելը ապահովում է նաև հոգեկան բարեկեցությունը։ Պետք չէ առողջությունը հիշել միայն կենաց  բարձրացնելիս, առողջ լինելը ապրելակերպ է, դուք այն ձեռք չեք բերի բժիշկներին այցելելով, բժիշկները կարող են բուժել ձեզ, թեթևացնել ձեր վիճակը, հաճախ նաև փրկել ձեր կյանքը, այլ ոչ թե՝ առողջացնել։ Առողջ լինելը ձե՛ր պատասխանատվությունն է։ Բոլորին մաղթում եմ խաղաղ երկինք, ամուր առողջություն և երկարակեցություն: Բարին ընդ ձեզ:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը      

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր