Նաիրի Մարգարյան

(0 votes)
There is no translation available.

Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքն իրականացնում է նյարդավիրաբուժական խնդիրների վիրահատական բուժում և խորհրդատվություններ։ Թիմը համալրված է  առաջնակարգ մասնագետներով, որոնք մասնագիտական երկարաժամկետ վերապատրաստումներ են անցել արտերկրի առաջատար կլինիկաներում։
Վերջին տարիներին էապես ընդլայելով մատուցվող վիրահատական ծառայությունների ցանկը` բաժանմունքը մի շարք վիրահատությունների առումով այսօր տարածաշրջանում առաջատարների շարքում է:

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ-նյարդավիրաբույժ Նաիրի Մարգարյանը: Բժիշկ, ում համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է:  Մարդ, ով դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում է նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր:

Ի դեպ, «Որակի նշան» ընկերությունը, ամփոփելով տարին, ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Նաիրի Մարգարյանին ճանաչեց «Որակի նշան-Տարվա նվիրյալ բժիշկ-2025»-ի մրցանակակիր։

-Պարոն Մարգարյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում Ձեր բաժանմունքում, և ի՞նչ խնդիրների դեպքում մարդիկ կարող են դիմել Ձեզ: 

-Մեզ հիմնականում դիմում են գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների դեպքում (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների` միջողնաշարային խողովակի ճողվածքների, սպոնդիլոլիստեզի, ողնաշարային խողովակի ստենոզի վիրահատություններ:

-Ըստ Ձեզ` որ հիվանդություններն են երիտասարդացում 

ապրել։

-Ողնաշարի հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, օրինակ՝ ողնաշարի ճողվածքները, ստենոզները, տրավմաները։ Լինում են տրավմաներ, որի դեպքում չեն վերականգնվում նյարդերը` օրինակ, երբ անդառնալի վնասվում է ողնուղեղը: Իսկ մնացած  խնդիրների դեպքում նյարդերը վերականգնման մեծ հավանականություն ունեն։

-Ինսուլտների դեպքում ի՞նչ վիրահական միջամտություն է կատարվում։

-Կա վիրահատական միջամտության երկու տարբերակ՝ էնդովասկուլյար, որը անոթային խնդիր է, մեր բաժնում այդ պաթոլոգիայով զբաղվում են այլ բժիշկներ, իսկ մյուսը` բաց եղանակով, որի ժամանակ ուղեղը ճնշված է լինում, և մենք միջամտում ենք, որպեսզի վերացնենք  սեղմման զգացումը։

- Ճողվածքները վիրահատելուց հետո կա՞ կրկնվելու հավանականություն։

-Գրեթե բոլոր հիվանդություններն էլ կրկնվելու հավանականություն ունեն, որոշ դեպքերում բժշկի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից  է հնարավոր, որ այն կրկնվի, բայց նաև լինում են դեպքեր, որ ինչքան էլ վիրահատության բարեհաջող արդյունք արձանագրվի, հիվանդությունը կրկնվում է: Յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ է արձագանքում միջամտություններին։ Ճողվածքների դեպքում էլ կա կրկնվելու հավանականություն, քանի որ ճողվածքը  հեռացնելուց հետո առողջ մասում կարող է խնդիր առաջանալ։

- Ի՞նչ պաթոլոգիա է հիդրոցեֆալիան:

-Պատճառը ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունների մեծացումն է։ Վարակային հիվանդությունների շարքում, որոնք բնածին հիդրոցեֆալիայի առաջացման ամենահաճախակի պատճառներն են, կարելի է թվարկել սիֆիլիսը, տոքսոպլազմոզը, ցիտոմեգալիան։ Հետծննդաբերական շրջանում հիդրոցեֆալիա կարող է զարգանալ մենինգիտի հետևանքով։  Հիդրոցեֆալիան կարող է զարգանալ երեք պրոցեսների հետևանքով՝ հեղուկի ավելցուկային արտադրումից (գերարտազատական կամ հիպերսեկրետոր հիդրոցեֆալիա), հեղուկի ներծծման արատից (առեզորբտիվ հիդրոցեֆալիա), հեղուկի հոսքային ուղիների խցանումից (օկլյուզիոն հիդրոցեֆալիա)։ Վերջինս հիդրոցեֆալիայի զարգացման մեխանիզմում ամենից հաճախ է հանդիպում:
Օկլյուզիոն հիդրոցեֆալիայի դեպքում կարող են առաջ գալ հիպերտենզիվ կրիզներ, որոնք արտահայտվում են գլխացավով, փսխումով, շնչառության խանգարումով։
Բնածին դեկոմպենսացված ձևի հիդրոցեֆալիայի դեպքում, որը պայմանավորված է հեղուկի շարժման ուղիների մեխանիկական արգելքով, ցուցված է վիրահատական բուժում։ Տարածում է գտել հատուկ փականային կառուցվածքի ստեղծման վիրահատությունը, որով գլխուղեղի փորոքների հեղուկն ուղղվում է արյան հունը կամ որովայնի խոռոչը։ Վիրահատությունը կատարվում է նյարդաբանական ախտանիշների անընդմեջ սաստկանալու դեպքում։ Ուշացած դեպքերում վիրահատությունը ցուցված չէ։

Առաջացման պատճառները բազմազան են, հնարավոր է տարբերակել տեսակները, երբ որ գոյացություն է լինում, անցքեր կան, որոնք որ ճնշվում են, փակվում, արյան շրջանառությունը խանգարվում է, սկսում է գլուխը ուռչել, առաջանում է համապատասխան կլինիկան, այդ դեպքում անհրաժեշտ է միջամտել։ Մյուս դեպքում, երբ որ ոչ մի ախտանիշ չկա, օրվա մեջ այն արտադրվում է շատ, կամ`  ներծծվում քիչ:

-Ըստ Ձեզ` Հայաստանում զարգացա՞ծ է  նյարդավիրաբուժությունը:

-Հայաստանում նյարդավիրաբուժությունը  բարձր մակարդակի վրա է, գրեթե բոլոր վիրահատությունները մեր երկրում իրականացվում են: Բայց կան հիվանդություններ, որոնք մեր պրակտիկայում քիչ են հանդիպում, և պետք է ունենանք ստատիստիկա և ըստ դրա զարգացնենք կոնկրետ հիվանդությունների  վիրահատությունները, որպեսզի զարգացում ապրի նաև այդ ուղղությունը։ Մեկ-երկու վիրահատություն կատարելով`  չենք կարող համարել, որ այդ ուղղությունը զարգացում է ապրում։

- Բժի´շկ, ինչպե՞ս կգնահատեք բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները:

- Ինձ համար շատ ցավալի փաստ է, որ այսօր, կարծես թե, բժիշկների վարկանիշի վրա ազդում են բացասականորեն, որի պատճառներից մեկը մեր հասարակության ծանր սոցիալ-հոգեբանական վիճակն է: Երբ հերթը հասնում է իրենց առողջական վիճակին, գլուխ է բարձրացնում ֆինանսի բացակայությունը, որից մարդիկ լարվում են, դառնում են ագրեսիվ և պահանջատեր: Դա ցավալի երևույթ է, որը հաղթահարելու համար առկա են բավականին գերակա խնդիրներ: Ամեն դեպքում պետք է հուսանք, որ մի օր ավելի բարձր վստահություն կլինի դեպի բժշկությունը: Շատ դեպքերում պացիենտը տեղեկացված չէ, թե որ խնդրի դեպքում որ նեղ մասնագետին դիմի։ Տեղեկատվական դաշտը ողողված է տարատեսակ ինֆորմացիայով, պետք է մարդիկ լավ ուսումնասիրեն դաշտը` հասկանալու համար` ում դիմեն, իրականում կան լուրջ մասնագետներ, որոնք չկան ոչ մի սոցիալական հարթակներում, ուղղակի լուռումունջ նվիրված են իրենց աշխատանքին։

Իսկ ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային՝ բժիշկ-պացիենտ փոխհարաբերակցությանը, ցավոք սրտի, ըստ իս, դրական տեղաշարժ չկա։ Իրականում մարդիկ շատ պահանջատեր են, բայց  պետք է գիտակցեն, որ ցանկացած բժիշկ ուզում է իրեն դիմած հիվանդին առողջացնել։ Պետք է պետության կողմից լիարժեք աջակցություն, որպեսզի հիվանդը  երբեք չմտածի, թե որտեղից պետք է վճարում կատարի։ Պետք է լինի աջակցության այնպիսի մակարդակ, որ ոչ պացիենտը տուժի, ոչ էլ` բժիշկը։

-Իսկ հասցնո՞ւմ եք աշխատանքային գերլարված գրաֆիկը համատեղել վերապատրաստումների հետ:

-Այո, հասցնում ենք, քանի որ պետք է բժիշկը միշտ ձգտի լինել նորարարությունների զարկերակի վրա, չդոփի տեղում։ Եթե բժիշկը կարծի, որ ինքն արդեն կայանալու կարիք չունի, ուրեմն ինքն վերջացած մասնագետ է։ Վերջերս Մոսկվայում մասնակցել եմ  միկրովիրաբուժության մասնագիտացման  վերապատրաստումներին։

Կցանկանամ դիմել մեր բոլոր նյարդավիրաբույժներին` լինեն ազնիվ իրենք իրենց իսկ խղճի առջև, մեկը մյուսի և պացիենտի հանդեպ, լինեն աշխատասեր, նեղ մասնագիտացման մեջ ձգտեն աջակցել  մեկը մյուսին։ Պետք է ավագ սերունդը մշտապես իր գիտելիքները փոխանցի երիտասարդ սերնդին: Ես ստացել եմ 10 սերունդ ապրած բժիշկների ջիղն ու աշխատասիրությունը: Շատ բան է փոխանցվել մեզ,  մենք դրանք ընկալել ենք,  փոխանցված փորձը գնահատել ու պրպտել:

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

 -Եղեք առողջ, ձեր առողջությունը թանկ գնահատեք, ժամանակին դիմեք բժշկի: Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր