Կարեն Համբարձումյան

(0 votes)
There is no translation available.

«Հնարավորն ու անհնարն է արվում բարձրակարգ բուժօգնություն մատուցելու համար»

Հայաստանը վերջին տարիներին սրտաբանության ոլորտում արձանագրել է լուրջ հաջողություններ: Մեր երկրում իրականացվում են սրտաբանության վերջին միտումներին համապատասխան բարդագույն վիրահատություններ:

Սրտաբանությունը Հայաստանում զարգացող ճյուղ է, այն պահանջում է արհեստավարժություն, բարձր պատրաստվածություն և բացառիկ հմտություններ:

Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր մեր հանրապետությունում ունենք սիրտ-անոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն ապաքինելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն, ինչը, իրավամբ, նաև հեղափոխական համարձակ մտքի արգասիքն է:

Այսօր մեր նվիրյալ բժիշկներն իրենց փորձառության ու ներուժի շնորհիվ իրականացնում են անհնարն ու հնարավորը՝ առաջ գնալու բժշկության անկանխատեսելի  ճանապարհներով, որտեղ փորձում են արժևորել իրենց ծանրակշիռ  ու նվիրական վաստակը:

Ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը սրտաբանության մեջ մեծ ավանդի և նվիրման համար բազմիցս արժանացել է մեծագույն պարգևների: Բժշկի բացառիկ մարդասեր տեսակը,  անուրանալի ավանդն ու անձնվեր աշխատանքը մարդկային կյանքերի փրկության անօրինակ սխրանք է: Նրա  վաստակը պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունը` օրինակ շատերի համար:

Մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ Համբարձումյանի գլխավորությամբ կենտրոնում ցուցաբերվում է լայնածավալ բուժօգնություն` սրտաբանության հիմնական ուղղություններով։ Նրա գլխավորությամբ աշխատակազմը շատ մեծ պատասխանատվությամբ ու բժշկին վայել պատվախնդրությամբ  լուծում է  սրտաբանության  մեջ ծառացած վիրաբուժական և ոչ վիրաբուժական ցանկացած բնույթի խնդիր։

-Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս է դրսևորվում առիթմիան, որոնք են առիթմիայի առավել հաճախ հանդիպող նշանները:                                             

- Սրտաբանական հիվանդությունների շարքում մեծ տարածում ունեն սրտի ռիթմի տարատեսակ խանգարումները`  հասարակության մեջ ճանաչում գտած առիթմիա անվանումով։ Գանգատները դրսևորվում են շնչարգելությամբ, սրտի անկանոն աշխատանքով, երբեմն` գլխապտույտով, բուժառուները հաճախ նշում են, որ նկատում են սրտի աշխատանքի ավելի ուժգին լսելիությունը, կամ հակառակը՝ չեն լսում սրտի զարկերը։ Կան առիթմիայի տարբեր տեսակներ` տարբեր վտանգավորության աստիճանի, այսինքն` անվտանգ առիթմիայից մինչև շտապ  հոսպիտալացման կարիք ունեցող առիթմիա։ Շատ է հաճախացել մեր ազգաբնակչության մեջ նախասրտերի շողացող առիթմիան, որի դեպքում նախասրտերն անկանոն կծկումներ են ունենում: Կարևոր է հիշել, որ ցանկացած խնդրի դեպքում պետք է վաղ դիմել բժշկի, որպեսզի ախտորոշվի առիթմիայի տեսակը, և մշակվի բուժմոտեցման համապատասխան ձևը։

-Ո՞ր խնդրի հետևանքով է անձն ունենում սրտխփոց հանգստի ժամանակ:   

-Սիրտը, հանդիսանալով շատ զգայուն օրգան, սրտխփոցի տեսքով արձագանքում է օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության, լինի դա օրգանական, օրինակ` ստամոքս-աղիքային տրակտի կամ  վահանաձև գեղձի խնդիրներ, թե` սթրեսային իրավիճակներ:

-Կարծես թե, ազգաբնակչության շրջանում հաճախացել են քնային զարկերակերի հետ կապված խնդիրները: Խնդրում եմ նշեք, որոնք են տվյալ հիվանդության ախտանիշները:  

-Քնային զարկերակի նեղացումը կարող է զարգանալ առանց ախտանշանների և հայտնաբերվի պատահական հետազոտությունների արդյունքում: Եթե բուժառուն ունի որևէ համակարգի անոթային ախտահարում, այսինքն, եթե ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների ախտահարում, ապա անպայման պետք է հետազոտվեն քնային  զարկերակները, կամ հակառակը, եթե ունեցել է ոտքի անոթների խնդիրներ, խցանումներ, պետք է անպայման հետազոտվեն սրտի անոթները կամ քնային զարկերակները:

Ամբողջ անոթային համակարգը փոխկապակցված է, ախտահարման առաջնային պատճառներից է  աթերոսկլերոզ հիվանդությունը կամ լիպիդային փոխանակության խանգարումը, որն արտահայտվում է բուժառուների շրջանում առավել հայտնի խոլեստերինի մակարդակի տատանումներում:

 Մեր բժշկական կենտրոնում սահմանել եմ լիակատար հետազոտման ընթացակարգ, և մեր բոլոր  բուժառուները, որոնք անցնում են սրտային վիրահատություններ, սրտի անոթների ստենտավորում, արդեն իսկ մինչհոսպիտալացման փուլում անցնում են այն բոլոր հետազոտությունները, որոնք ուղղված են հայտնաբերելու ցանկացած անոթային խնդիր: Այդ կապակցությամբ կատարվում են պարանոցի անոթների  (քնային զարկերակների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով) և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն: Այս հետազոտություններն անցավ են, տևողությունը 15-20 րոպե է, բայց մեզ  համար` բավականին ինֆորմատիվ։

Հարկավոր է նշել, որ 80 տոկոս դեպքերում հայտաբերվում են այս կամ այն աստիճանի բարդության խնդիրներ։ Ճիշտ է, ոչ բոլոր դեպքերն են թելադրում վիրահատական միջամտություն, բայց մեծ մասամբ տեսնում ենք ախտահարված քնային զարկերակներ` 40-80 տոկոս նեղացումներով, և այդ 80 տոկոսից մոտավորապես 50-60 տոկոսը կարիք են ունենում ինչ-որ միջամտության, դեղորայքային բուժման կամ քնային զարկերակների ստենտավորման, որը մեր կենտրոնում կատարվում է ամեն օր, փակ կամ բաց եղանակով։

-Ովքե՞ր կարող են դառնալ «Բեսթ Լայֆ» պոլիկլինիկաների շահառուներ։

-Ոչ մի սահմանափակում չկա` մեր կողմից սահմանված, տարածքային և մարզային ցանկացած բուժառու, ով կցանկանա դառնալ «Բեսթ Լայֆ» պոլիկլինիկայի շահառու, կարող է դիմել մեզ, շատ արագ ընթացակարգով կկատարվի գրանցման աշխատանքը օնլայն կարգով, օրեր և ամիսներ սպասելու կարիք չկա։

-Արդյո՞ք ունեն արտոնություններ  պետպատվերի շահառու հանդիսացող քաղաքացիները, եթե բուժօգնություն են ստանում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։

-Այո ունեն, շուրջ 5 տարի է, ինչ մեր բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակներում ծրագրի շահառուները տարատեսակ խնդիրների դեպքում սպասարկվում են անվճար հիմունքներով: «Փարոսի» շահառուները, ովքեր ունեն   28 և ավելի բալ, իրենց համար բոլոր սրտային վիրահատական միջամտությունները կատարվում են անվճար՝ կորոնարոգրաֆիա, ստենտավորում, բաց վիրահատություն, ռիթմավար սարքերի տեղադրում: Զինվորականները և իրենց ընտանիքի անդամները վերը նշված միջամտությունները նույնպես ստանում են անվճար, հաշմանդամության 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգի հաշմանդամերը նույնպես հնարավորություն ունեն օգտվել վերը նշված ծառայություններից, ինչը սահմանված է պետական կարգով։

Ուղղակի, մեր հասարակության մեջ մի թյուր կարծիք կա, որ անվճար ասվածի տակ ամեն ինչն է անվճար, բայց այդպես չէ։ Ենթադրենք, ցանկանում են առանձին հիվանդասենյակ, իհարկե, դա վճարովի է, կամ վիրահատության ժամանակ կամ հետո արյան փոխարինիչների ներարկման կարիք կա, պլազման, արյունը կրկին անվճար չէ։

Պետության կողմից երաշխավորված և սահմանված կարգ կա. օրինակ` դեղորայքային բուժման դեպքում 15.000 դրամ և ավել գնային արժողությամբ թանկ անտիբիոտիկ ստանալու դեպքում, կամ եթե ալբումին պետք է  ներարկել, պետք է վճարել: Այսինքն 90 տոկոս դեպքերում անվճար է, իսկ 10 տոկոս հավելյալ բուժմոտեցումների անհրաժեշտության դեպքում անվճար չէ։

-Տեղյակ ենք, որ համագործակցում ենք սիրտ-անոթային և ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում տասնամյակների փորձ ունեցող պրոֆեսոր Մասահիսա Յամանեի հետ, ով Ճապոնիայի Saitama Sekishinkai հիվանդանոցի սիրտ-անոթային բժշկության ավագ խորհրդատուն է։ Կմանրամասնե՞ք այդ համագործակցության արդյունքների մասին։                                                    

-Նախկինում այն բուժառուն, ով ունենում էր սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, օրինակ` անոթները փակ էին կամ երկար ժամանակ ունեցել է  քրոնիկ փակ անոթ, այդ դեպքում կատարվում էին բաց վիրահատություններ։ Պրոֆեսոր Յամանեն աշխարհում այն 5-6 նեղ մասնագետներից մեկն է, ով բերեց այս ոլորտի մի նոր ճյուղ, որը կոչվում է քրոնիկ փակ անոթների բացում, ինչպես անտեգրատ, այնպես էլ ռետրոգրատ ճանապարհով։ Հատուկ գործիքների, միկրոկատետրների, ուղելարերի օգնությամբ հակադարձ կամ անտեգրատ եղանակով մտնում և բացվում է այդ փակ անոթը։

Այդ մեթոդը  ներդրվել և կիրառվում է մեր կենտրոնում շուրջ 5 տարի, տարեկան վիրահատում ենք մոտ 70-80 բուժառուների: Մեր իրականությունում սա բավականին լուրջ թիվ է: Եթե նախկինում պետք է կատարվեր բաց եղանակով վիրահատական միջամտություն, այսինքն` կրծքավանդակը հատվեր, բարձր լինեին ռիսկի գործոնները, իրականացվեր  հետվիրահատական ապաքինման բարդ շրջան, ապա հիմա նման հիվանդությունների մեծ մասի բուժումը փակ եղանակով է կատարվում։

Այո, այդ մեթոդի ներդրման մեջ մեծ լումա ունի պրոֆեսոր Յամանեն, ինչպես նաև պրոֆեսոր Ալֆրեդո Գալասին, որոնց հետ մենք տարին 1-2 անգամ պարբերաբար կատարում ենք փորձի փոխանակում. կամ իրենք են գալիս, կամ մեր մասնագետներն են գնում, և այդ մեթոդը, վստահորեն կարելի է ասել, հաջողությամբ կիրառվում է մեր կենտրոնում: 

-Պարոն Համբարձումյան, ձեր բժշկական կենտրոնն արդյո՞ք ունի նոր ասելիք սրտաբանության ոլորտում։                

- Երբ ստեղծեցինք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, որդեգրեցինք այն քաղաքականությունը, որ չպետք է լինենք  հերթական բժշկական բիզնես կենտրոնը, որոշեցինք լինել մի կենտրոն, որն առաջատարը կլինի ոչ  միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Եվ դրա վառ ապացույցն ու գնահատանքն է ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացումը։ Բժշկությունն այսօր մեզ մշտապես պահում է նորարարությունների զարկերակի վրա, անվերջ պահանջում է վերապատրաստում և փորձի փոխանակում:

Շատ դեպքերում մենք ինքնուրույն չենք կարող այդ առաջընթացը գրանցել, քանզի այն կախված է մեծ ֆինանսերի և այլ գործոնների հետ, իսկ ճապոնացի պրոֆեսոր Յամանեն աշխարհահռչակ ճապոնական առաջատար «Ասսա» ընկերության (ամբողջ աշխարհում առաջատարն է քրոնիկ անոթների համար նախատեսված գործիքների արտադրությամբ) առաջատար մասնագետն է  և էքսպերտը այս  ոլորտում: Եվ պարբերաբար նրա այցերը, թրեյնինգները, մաստեր կլասները բերում են մեզ նոր մակարդակի այդ մասնագիտության մեջ: Եվ փառք Աստծո, ինչը, որ կատարվում է աշխարհում քրոնիկ փակ անոթների բացման ուղղությամբ, նույն մակարդակով կատարվում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։

Անցած տարի դեկտեմբերին, պրոֆեսոր Յամանեի հետ մեր կենտրոնում կատարեցինք մի շարք բարդագույն վիրահատություններ, և այդ համագործակցության արդյունքում մենք ստեղծեցինք նաև բորտ. երբ խորհրդատվության կարիք է լինում,  կամ երբ լինում են բարդագույն դեպքեր, դիմում ենք պրոֆեսորներ Ալֆրեդո Գալասիին և Յամանեին, կապ ենք հաստատում իրենց հետ և քննարկման արդյունքում` կոնսուլիումի միջոցով, գալով ընդհանուր հայտարարի, տվյալ բուժառուի համար ընտրում ենք բուժման լավագույն տակտիկան: Նշեմ, որ մեր մասնագետներն էլ հմտանում են այդ ուղղվածությամբ, և անցյալ տարի մեր մի քանի մասնագետներ մեկնեցին Ճապոնիա` տվյալ ուղղվածությամբ վերապատրաստման:

-Նշեցիք, որ  «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը պաշտոնապես ստացավ ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացում։ Շնորհավորում ենք այդ առիթով և մաղթում նորանոր ձեռքբերումներ։ Կմանրամասնե՞ք:                   

-Մենք որդեգրել ենք հետևյալ գաղափարը, որ պետք է նվազագույն ծախսով ստանանք առավելագույն արդյունք, և եթե մենք գնային քաղաքականությունը փոփոխում ենք՝ գնիջեցման հաշվին, իհարկե չի տուժում որակը:

Մեր բժշկական կենտրոնը հանդիսանում է մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը, որոնք լավագույնն են աշխարհում։ «Բիոտրոնիկ» ընկերությունը, որը լավագույնն է թե՛ առիթմոլոգիայի ոլորտին վերաբերող արտադրանքով, թե՛ իր ստենտերով, նրանց «Օստերոմիշեն» ստենտն այսօր լավագույնն է ամբողջ աշխարհում, որը  Հայաստանում տեղադրվում է միայն մեր կենտրոնում, և  իրենց դեղապատ «պանտերալյուքս» բալոնները, որոնք կրկին աշխարհում լավագույնն են համարվում, նույնպես կիրառվում են մեզ մոտ:

«ԱՍՍԱ» աշխարհահռչակ ճապոնական ընկերությունն առաջատարն է աշխարհում ինտրերվեցիոն սրտաբանության մեջ իր բժշկական գործիքներով՝ միկրոկատետրների, կատետրների ուղելարերի և այլն բժշկական պարագաների  առումով։ Ինչպես նաև ամերիկյան «Մեդլայն» բժշկական ընկերությունը, որը կրկին լավագույնն է իր արտադրության ոլորտում  ամբողջ աշխարհում բժշկական պարագաների` թանզիֆից, անձեռոցիկից սկսած, տարբեր բժշկական պարագաներով վերջացրած, որոնց ներկողը կրկին մենք ենք։ Եվ արդյունքում այս լավագույն ընկերությունների արտադրատեսակներով, նվազագույն գնով բուժառուներին տալիս ենք առավելագույն արդյունք: Ե՛վ մեր մասնագետները, և՛  բժշկական կենտրոնի կառուցվածքը, լոգիստիկան, պոլիկլինիկան և շտապօգնությունը,  որտեղ  տեղակայված  են  վերակենդանացման բաժանմունքները (դրանք երրորդ մակարդակի են իրենց հագեցվածությամբ) ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացման շնորհմամբ  ստացան ճիշտ և գրագետ աշխատանքի գնահատականը:

Ուսումնասիրում ենք թե՛ տեղային, թե՛ միջազգային առողջապահական շուկան:

Այն բժշկական միջամտությունները, որոնք տալիս են նվազագույն ռիսկ և առավելագույն  արդյունք, միանգամից տեղայնացում ենք մեր կենտրոնում։

Մեր կենտրոնը Հայաստանում միակն է, որը զբաղվում է լուծվող ստենտերի տեղադրմամբ, միակն ենք տարածաշրջանում, որ կիրառում ենք «Շոկվեյ» սարքը, այսինքն, երբ անոթը կարծրացած ու քարացած է, կատարվում է միջամտություն, որը կոչվում է ներանոթային լիտոտրիպսիա, և այդ հատուկ մեթոդով կոտրվում են «կարծրացումները», արդյունքում բացվում է անոթը։

Միակն ենք Հայաստանում, որ կատարում ենք աորտալ փականի պրոթեզավորում հիվանդի սեփական պերիկարդից, որն ունի շատ բարձր ռիսկեր, բայց  նաև`մի շարք առավելություններ։

Նշեմ, որ մեր բժշկական կենտրոնում զարգացնում ենք նաև անոթաբանությունը: Տարբեր տեսակի անոթային խնդիրների դեպքում՝ կրծքային, որովայնի աորտայի խնդիրներ, կատարում ենք էնդոպրոթեզավորում` բաց և փակ եղանակով։  Այսինքն` մենք անում ենք ամեն հնարավորը ու անհնարը, որ մեր հասարակությունը ստանա ամերիկյան և եվրոպական բժշկությանը համընթաց մատչելի արժեքով  բարձրակարգ բուժօգնություն։

 Ունենք շտապօգնության ծառայություն, քանի որ շատ կարևոր է ժամանակին հիվանդին բժշկական կենտրոն հասցնելը, ախտորոշել և տալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Շտապօգնություն ծառայությունն անվճար է, և Երևան քաղաքի տարածքում սիրտ-անոթային համակարգի ցանկացած խնդրի դեպքում՝ կրծքավանդակում ցավի զգացում, հևոցի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում կարող են արագ զանգել մեր Շտապօգնության ծառայություն, և  մասնագետների բրիգադը, տալով արագ և ճշգրիտ առաջին բուժօգնությունը, անհրաժեշտության դեպքում բուժառուին  միանգամից կտեղափոխի մեր բժշկական կենտրոն` ստանալու անհրաժեշտ անվճար բժշկական օգնություն։

Հասարակությունը պետք է ընտրի այն բժշկական կենտրոնները, որտեղ  սիրտ-անոթային համակարգի խնդիրների դեպքում մատուցվում է ամբողջական բուժօգնություն։

-Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հանրությանը, մեր ընթերցողներին։

-Մեր հասարակությանը միայն կմաղթեմ համբերատարություն, այն, ինչ մեր ժողովուրդը վերապրեց այս վերջին 4-5 տարիներին, անբուժելի ցավ է. պատերազմ, մեր արցախյան հայրենակիցների տնազրկում, գաղթականներ: Կցանկանամ, որ հավատով լցվենք առ Աստված, լինենք միասնական, միաբան, իրար սիրող, ներող. միաբանության մեջ է մեր հաջողությունը։ Եվ մեր հասարակությունը թող հետևություններ անի այս իրավիճակներից. արժևորենք այն, ինչ ունենք` մի կողմ թողնելով հպարտություն ասվածը,  միմյանց քննադատելն ու փնովելը: Ես լիահույս եմ, որ Աստված դեռ իր վերջին խոսքը չի ասել Արցախ աշխարհի հարցում։ Միգուցե, շատերի համար անտրամաբանական թվա ասածս, բայց ես հավատում եմ, որ Արցախ աշխարհը կրկին մերն է լինելու։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր