ՎԻՐԱԲՈՒՅԺՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ
- Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով՝ բովանդակության մասին դատելու ընդունակությամբ:
-
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Այն համարվում է բժշկության մեծագույն ձեռքբերումներից մեկը: Մարդիկ վիրահատական միջամտության դիմում են տարատեսակ թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Ըստ Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններից մեկի` <Աստղիկ> բժշկական կենտրոնի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, վիճակագրությունը փաստում է, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում իրենց կլինիկա ամենաշատը դիմում են քթի վիրահատության համար: Մեզ հետ զրույցում նա նաև ներկայացրեց, թե որոնք են ոլորտի արդի միտումները, ամենապահանջված վիրահատությունները, և ինչ խնդիրներ, նորարարություններ կան:
-Պարո՛ն Հարությունյան, կխնդրեինք մի փոքր պատմեք Ձեր մասնագիտական ուղու մասին:
- Սովորել և 2006թ.-ին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում, որից հետո աշխատանքի եմ անցել Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում`որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար: 2006-2009թթ. դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան անցել եմ երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել եմ նույն հիվանդանոցում: 2011թ.-ին իմ գործընկեր Արմեն Հարությունյանի հետ տեղափոխվել եմ ներկայիս <Աստղիկ> բժշկական կենտրոն (նախկինում «Մալաթիա» ԲԿ), հիմնադրել դիմածնոտային ծառայությունը, որտեղ էլ աշխատում ենք մինչև այսօր, ձգտելով զարգացնել և կատարելագործել տվյալ ոլորտը:
-Որո՞նք են դիմածնոտային հիվանդությունները, և ինչպիսի՞ տարածվածություն ունեն դրանք:
-Դիմածնոտային վիրաբուժությունը բավականին լայն սպեկտոր ունեցող մասնագիտական ուղղվածությամբ բժշկական ճյուղ է, որի մեջ ներառված են դիմածնոտային վնասվածքները, դիմածնոտային օնկոլոգիական հիվանդությունները, բերանի խոռոչի վիրաբուժությունը, ինչպես նաև դիմածնոտային շրջանի էսթետիկ պլաստիկ վիրահատությունները: Ներկայումս մեր կլինիկայում լայն տարածվածություն ունի քթի պլաստիկ վիրահատությունը, և մեր կենտրոնն ավելի շատ կենտրոնացել է այդ ուղղությամբ: Նշեմ, որ, բացի դիմածնոտային վիրաբույժ լինելը, ունեմ նաև պլաստիկ վիրաբույժի որակավորում, որն էլ ինձ թույլ է տալիս զբաղվել տարատեսակ պլաստիկ վիրահատություններով: Լինում են նաև հիմնականում զանազան վնասվածքներով պայմանավորված (ավտովթաներ և այլն) բարդ, վերակառուցողական վիրահատություններ, որոնք նույնպես մեր վիրահատական ծառայության կողմից բավականին բարեհաջող իրականացվում են:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում բժշկությունը հագեցա՞ծ է արդի սարքավորումներով:
- Եթե խոսենք մեր կլինիկայի մասին, ապա նրա բոլոր բաժանմունքներն ամբողջովին հագեցած են հիմնականում գերմանական հայտնի ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, ժամանակակից տեխնիկայով, և այդ տեսանկյունից մեզ համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ: Ու վստահ կարող եմ ասել, որ ցանկացած բժիշկ հպարտ և ուրախ կլինի աշխատել նման կլինկայում: Մեր կլինիկայում կա այնպիսի տեխնիկա, որ այժմ մի կլինիկա չունի, կան սարքավորումներ, որոնցից մեր տարածաշրջանում ընդամենը մեկ կամ երկու հատ կգտնեք: Մեր ախտորոշիչ (դիագնոստիկ) բաժանմունքը նույնպես բավականին հագեցած է տեխնիկայով, սարքավորումներով: Մենք էլ մեր ներուժի չափով ներդրում ենք ունենում այս ոլորտում` իրականացնելով սրտացավ և ծանրաբեռնված աշխատանք:
– Ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը:
- Բժշկությունն այնպիսի ոլորտ է, որ պետք է մշտապես բարելավենք մեր գիտելիքները, անընդհատ քայլենք նորարարությունների հոսքին համընթաց: Ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ մշտապես զարգանալ, անընդհատ տեղեկանալ նորարարությունների մասին, դրանք ներդնել Հայաստանում: Եվ այդ նպատակով փորձում եմ տարին գոնե 1-2 անգամ մասնակցել եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում անցկացվող տարբեր դասընթացների, կոնֆերանսների:
-Համագործակցո՞ւմ եք Հայաստանում գործող դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ:
- Ես թե՛ հայկական, թե՛ եվրոպական դիմածնոտային վիրաբուժության ասոցիացիաների անդամ եմ և, բնական է, համագործակցում եմ նրանց հետ:
-Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը, և ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդին վիրահատությունից հետո:
- Եթե խոսենք, օրինակ, մեզ մոտ ամենաշատ տարածված քթի վիրահատության՝ ռինոպլաստիկայի մասին, ապա պետք է նշեմ, որ այն բազմափուլ բարդ վիրահատություն է, և շատ կարևոր է ոչ միայն վիրահատական ընթացքը, այլ նաև հետվիրահատական հսկողությունը: Հիմա շատացել է հիվանդների, դրան համապատասխան` նաև պլաստիկ վիրաբույժների թիվը, ինչը ողջունելի փաստ եմ համարում: Դա նշանակում է, որ այս ոլորտում ունենք որոշակի որակ, ինչն էլ ավելացնում է պահանջարկը: Համաձայնեք, որ եթե չլիներ որակ, միանշանակ ոչ մեկը չէր դիմի այդպիսի վիրահատության:
Իսկ հետվիրահատական հսկողությունը կախված է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի զգոնությունից: Մենք տալիս ենք ընդհանուր ցուցումներ, այսինքն`պետք է շատ ուշադիր լինել, խուսափել հպումներից, հարվածներից, քանզի հետվիրահատական «կարկասն» ամբողջությամբ փխրուն է լինում մինչև առաջնային ոսկրային կպումները: Երբ վիրահատությունից հետո տեղադրում ենք հետվիրատական ֆիքսատորը՝ գիպսը, զգուշացնում ենք, որ այն հանելուց հետո ակնոց չկրեն, որովհետև դա կարող է ազդել քթի կառուցվածքի վրա:
-Իսկ ո՞ր դեպքերում է հակացուցված պլաստիկ վիրահատության իրականացումը:
- Իհարկե լինում են նաև դեպքեր, երբ մենք հրաժարվում ենք վիրահատություն կատարել` ելնելով վիրահատության հակացուցումներից: Ասենք, եթե տվյալ հիվանդը ցանկանում է ենթարկվել վիրահատության, բայց ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են առաջացնել կյանքի համար վտանգավոր հետագա բարդություններ, ապա, միանշանակ, պետք է նախ այդ բոլոր հիվանդությունները բուժվեն, որից հետո նոր միայն մենք կդիմենք վիրահատական միջամտության:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:
- Վիրաբույժն առաջին հերթին պետք է հոգեբան լինի, հիվանդի վախը հոգեբանորեն պետք է հաղթահարվի, մինչ վիրահատական միջամտություն կատարելը պետք է յուրատեսակ կապ ստեղծվի բժշկի և հիվանդի միջև: Եվ վերջիններս պետք է հետևողական լինեն բժիշկների տված խորհուրդները, ցուցումները կատարելու հարցում, որն էլ միանշանակ կօգնի վիրահատության հետագա բարեհաջող ընթացքին:
Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժությունը գերազանց վիճակում է, այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագետների թվի, թե՛ նրանց պատրաստվածության տեսանկյուններից: Բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու, կատարելագործվելու, այսինքն՝ չի կարելի կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների, ինքդ պետք է անընդհատ աշխատես նորանոր բարձրունքների հասնելու համար: Եվ մենք երբեք չպետք է մոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք է տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:
Եվ խորհուրդ կտամ բոլորին` ձգտեք կատարելության, եղեք միշտ առողջ: