ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

(1 Vote)
There is no translation available.

Կարծում եմ, հույսեր կան, որ մոտ ապագայում դեռ ամեն ինչ լավ է լինելու

Ներկայում, ըստ հիվանդացության և մահացության, աշխարհում առաջին հորիզոնականում են սիրտ-անոթային հիվանդությունները: Սրտաբանությունը զբաղվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը յուրաքանչյուր պետության բուժծառայության գլխավոր խնդիրն է:

Մեր զրուցակիցն է կլինիկական և մանկական կլինիկական սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի և սրտաբանության բաժանմունքի առիթմոլոգ-սրտաբան ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, որը, լինելով չափազանց փխրուն արտաքինով կին, իր ուսերին է ստանձնել բժշկի պատասխանատու և ռիսկային մասնագիտությունը:

- Տիկին Հովակիմյան, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք դառնալ բժիշկ և ինչպե՞ս ընտրեցիք հենց սրտաբանի մասնագիտությունը:

- Եթե խոսենք բժիշկ դառնալու որոշման մասին, ապա դա շատ պարզ է եղել: Մեր ընտանիքի մեծ գերդաստանում բազմաթիվ բժիշկներ ենք ունեցել. բժշկի մասնագիտությունը միշտ գրավել է ինձ և փոքր տարիքից էլ ինձ համար պարզ է եղել, որ այդ մասնագիտությամբ պետք է զբաղվեմ: Իսկ ինչ վերաբերում է նեղ մասնագիտացմանը, ապա այս որոշում կայացնելն ավելի գիտակից տարիքում է եղել: Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտելուց հետո փորձեցի հասկանալ, թե որ ասպարեզում է, որ կկարողանամ համաշխարհային մակարդակին մոտ կրթություն ստանալ և ընտրեցի սրտաբանությունը: Այդ տարիներին՝ 2004թ.-ին, սրտաբանությունը բուռն ծաղկում էր ապրում Հայաստանում շնորհիվ մի մարդու, ով հիմնադրել էր այն դրանից մոտավորապես 15 տարի առաջ, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէր: Խոսքս հայտնի սրտի վիրաբույժ Հրայր Հովակիմյանի մասին է: Եվ ես, ոգեշնչվելով իր կատարած և ավանդած գործից, որոշեցի դառնալ սրտաբան:

- Բժշկուհի՛, Ձեր կարծիքով, արդյոք Ձեր կլինիկան տեխնիկապես գերզարգացած է:

- Կարծում եմ, Հայաստանում, ինչ վերաբերում է տեխնիկային և սարքավորումներն, ապա անհրաժեշտ ամեն ինչ առկա է հիվանդին արդի բուժօգնություն մատուցելու համար: Ուղղակի կցանկանայի նշել այն փաստը, որ տեխնիկական հագեցվածությունը հարցի միայն մի կողմն է, այսինքն` եթե մենք ուզում ենք ստանալ լավագույն արդյունք՝ առողջ, բուժված մարդ, ապա միայն սարքավորումների առկայությունը բավարար չէ: Դա մի քանի մասերից բաղկացած գործընթաց է, որի  հիմքում ընկած են լավ մասնագետը և անհրաժեշտ սարքավորումները: Շատ կարևոր է նաև, թե տվյալ պահին ինչպես են ընթանում բուժօգնության մատուցման զանազան գործընթացները: Շատ կարևոր է դրանց որակը, որը պետք է ժամանակ առ ժամանակ լինի վերահսկելի, դինամիկայում բարելավվող, այսինքն` ասելիքս այն է, որ միայն մասնագետ և լավ սարքավորումների առկայությունը դեռևս  բավարար չէ լավագույն արդյունք ստանալու համար: Բուժօգնության գործընթացը նույնպես ոչ պակաս կարևոր է, քան նրա կազմակերպումը:

- Կխնդրեի մի փոքր խոսեինք սրտի բնածին արատների մասին:

- Խոսելով սրտի բնածին արատների տարածվածության մասին՝ նշեմ, որ բնակչության մոտավորապես 1000-ից մեկը ախտահարվում է բնածին արատներով, և դա ձևավորում է պտղի ներարգանդային կյանքի ընթացքում: Մարդու սիրտը ձևավորում է հղիության 3-12 շաբաթների ընթացքում և այդ ձևավորման անոմալիաների արդյունքում առաջանում է բնածին սրտի արատներ: Դրանք կարող են շատ տարբեր լինել, սկսած թեթև արատներից, ինչպիսին է՝ միջնախասրտային միջնապատի դեֆեկտը, որի մասին մարդը կարող է նույնիսկ չիմանալ և ապրել մինչև մեծահասակ տարիք, վերջացրած ծանր կոմպլեքս կյանքի հետ անհամատեղելի արատներով, որոնց դեպքում ծնված առաջին իսկ օրվանից պահանջվում է շտապ բուժօգնություն: Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մեծ աճ է ստանում բնածին արատների թե' վիրաբուժական, թե' սրտաբանական միջամտության ներանոթային եղանակներով բուժումը: Ի ուրախություն մեզ՝ կարող ենք ասել, որ հիմա ունենք մի նոր բնակչության զանգված, որոնց մոտ ժամանակին եղել է բնածին արատ, հետագայում շտկվել է, և որոնք այժմ այլևս չունեն մեր խնամքի կարիքը իբրև առաձին մի խումբ, որոնք յուրահատուկ մոտեցումներ էին պահանջվում: Եվ ընդհանրապես ամբողջ աշխարհում այս ուղղությունն արդեն մի փոքր առաձնանում է: Բնածին արատով մեծահասակները, որոնց մոտ մանկահասակ տարիքում շտկվել է իրենց արատը, և հիմա կարիք ունեն մշտական հսկողության, ժամանակ առ ժամանակ որոշ բժշկական միջամտություններ են ստանում, որոնք վերահսկվում են հատուկ բժիշկների կողմից, այդ բժիշկներն էլ իրենց հերթին մասնագիտացված սրտաբաններ են և ունեն տարիների փորձ թե' մանկահասակների, թե' մեծահասակների բուժման շրջանում:

- Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք կարող են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման աղբյուր դառնալ:

- Եթե նորից փորձենք խոսել բնածին արատների մասին, ապա ոչ ոք չի կարող միանշանակ ասել, թե որոնք են դրանց առաջացման պատճառները: Մենք միայն գիտենք, որ գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք կարող են նպաստել դրանց առաջացմանը: Օրինակ՝ հղիության ժամանակ մոր կրած հիվադությունները, կամ որոշ դեղորայքների օգտագործումը: Սակայն կոնկրետ պատճաններն այս դեպքերում նշել հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է մեծահասակների հիվանդություններին, կոնկրետ այս դեպքերում սրտի իշեմիկ հիվանդություններին, ապա դրանց պատճառները հայտնի են և շատ պարզ: Դա մի մեծ խումբ է, որոնց վրա սրտաբանները աշխատում են միշտ, ամեն օր և պայքարում փոփոխությունների ենթարկել դրանց նպաստող գործոնները, որոնց շարքում են հիմնական հետևյալ 4 գործոնները՝ ծխելը, զարկերակային հիպերտենզիան, գերքաշը և ադինամիան:

- Եղանակային փոփոխությունների դեպքում սիրտ-անոթային ո՞ր հիվանդություններն են սրացում ստանում:

- Ընդհանրապես սրտաբանները շատ սիրում են ամռան ամիսները, երբ զարկերային ճնշումը ցածր է և սրացումների շատ հազվադեպ ենք հանդիպում: Տվյալ հիվանդություններն իրենց գագաթնակետին են հասնում տարվա ցուրտ եղանակին, քանի որ ցրտաշունչ եղանակին մարդկանց մոտ զարկերային ճնշումը սկսում է բարձրանալ անոթների սպազմի արդյունքում, և ինչ-ինչ սուր կլինիկական խնդիրներ կրում են իրենց կլինիկական արտահայտությունները, որոնց արդյունքում մեծանում են սրտի կաթվածի հավանականությունը, ինչպես նաև զարկերակային հիպերտենզիայի, սրտային անբավարարության դեկոմպենսացիան և տարբեր ռիթմային խանգարումներ, օրինակ՝ շողացող առիթմիայի առաջացման հավանականությունը:

- Բժշկուհի՛, արդյոք հնարավոր է սրտամկանի կաթվածը բուժել դեղորայքային բուժման օգնությամբ:

- Խնդիրն այն է, թե արդյոք դա կայացած իրավիճակում է, թե՝ ոչ: Եթե մարդ գտնվում է սրտի կաթվածի կամ սրտամկանի ինֆարկտային իրավիճակում, ապա դեղորայքային բուժումը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Միանշանակ, տվյայ վիճակում գտնվող անձին անհրաժեշտ է ներանոթային միջամտություն, որովհետև սրտի կաթվածը ոչ այլ ինչ է, քան սրտամկանը սնուցող զարկերակի փակվելը, որն էլ ներանոթային ճանապարհով կարելի է բացել, կանխարգելել, կամ գոնե արդյունքը բարելավել: Եթե մենք խոսում ենք կանխարգելելու մասին, ապա ժամանակին ընդունած դեղորայքային բուժումը, ճիշտ կենսակերպը, քաշին հետևեը, չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, իհարկե, կարող են որոշակի տոկոսով կանխարգելել սրտամկանի կաթվածի հավանականությունը:

- Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ մակարդակի վրա է մեր երկրում բժշկին դիմելության կուլտուրան:

- Ցավոք սրտի պետք է նշեմ, որ մենք շատ փայլուն իրավիճակում չենք գտնվում, քանի որ սիրտ-անոթային հիվանդությունները, ինչպես ցանկացած  այլ հիվանդություն, ավելի հեշտ և մատչելի է կանխարգելելը, քան բուժելը: Եթե մենք ունենայինք զարգացած առաջնային օղակ` ընտանեկան բժշիկներ, որոնց դիմելով մարդիկ կկարողանային կանխարգելել դեռ չառաջացած սիրտ-անոթային հիվանդությունների առաջացած խնդիրները, այդ դեպքում սրտաբանների, որպես նեղ մասնագետների գործը երրորդային օղակում շատ ավելի թեթև կլիներ և ընդհանրապես առողջապահական համակարգի ծախսը կնվազեր: Քանզի շատ ավելի հեշտ է մարդուն համոզել, որ չծխի և դրանով իսկ կանխարգելի հետագա ծառացող վտանգը, քան թե սրտի կաթվածի մեջ  գտնվող հիվանդին բուժել թանկարժեք դեղորայքների և սարքավորումների միջոցով: Ցավոք, մեր ազգը շատ ուշ է դիմում բժշկի. կոպիտ ասած, երբ դանակը հասնում է ոսկորին: Բայց եկեք փորձենք համեմատվել ինքներս մեզ հետ, ոչ թե այլ զարգացած երկրների: Կարծում եմ, եթե համեմատենք վերջին 10 տարիների արդյունքները, կտեսնենք, որ մենք այդ իմաստով ունենք որոշ չափով դրական տեղաշարժ. մարդիկ դարձել են ավել զգոն իրենց առողջության նկատմամբ, ավելի շատ են սկսել հետևել իրենց առողջությանը և կենսակերպին: Կարծում եմ, հույսեր կան, որ մոտ ապագայում դեռ ամեն ինչ լավ  է լինելու:

- Որո՞նք են Ձեզ համար կյանքի մնայուն արժեքները:

- Յուրաքանչյուրս պետք է ձգտենք հայտնվել այն տեղում, որտեղ ցանկանում ենք հայտնվել և որտեղ իսկապես կարող ենք ինքնահաստատվել ու զբաղվել այն աշխատանքով, ինչով ուզում ենք զբաղվել: Ինչքան էլ որ բանալ լինի, ես կարծում եմ, որ առողջությունը կարևորագույն արժեք է, որն անպայման պետք է արժևորել, պահպանել և ծաղկեցնել: Խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր առողջությանը. խուսափենք բոլոր վնասակար գործոններից, որոնք կարող  են նպաստել և վատթարացնել վիճակը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր