ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ Featured

(0 votes)
There is no translation available.

 

Մենք համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ

 

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները համարվում են 21-րդ դարի մեծ չարիք եւ հատկապես սպառնում են զարգացած երկրների բնակչությանը: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվին են պատկանում, եւ նկատվում է նաեւ այդ հիվանդության «երիտասարդացում»:  Դրա հիմնական պատճառը մարդկանց մոտ առողջ  ապրելակերպի մշակույթի բացակայությունն է:
Վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի բժշկությունը որակի նոր փուլ է թեւակոխել: Եթե նախկինում շեշտը դրվում էր  մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու վրա, ապա այսօր մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ժամանակակից սարքավորումների եւ բժշկական տեխնոլոգիաների ձեռքբերմանը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է՝ իր գործում պրոֆեսիոնալ, բարձր եւ վեհ արժեքներ կրող բժիշկ, ով բազմաթիվ կյանքեր է փրկել ու շարունակում է փրկել: Բժշկի առաքելությունը շատ մեծ է, անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին սիրտն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:

-Պարո՛ն Ադամյան, կարո՞ղ  ենք  այսօր  վստահորեն  ասել,  որ  Հայաստանում  սրտաբանության  ճյուղը  բարձր դիրքեր է զբաղեցնում:

- Հայաստանում բժշկությունը, եթե համեմատենք եվրոպական կլինիկաների հետ, բավականին բարձր մակարդակ ունի: Եվ սրտաբանությունն այդ առումով ավելի բարձր դիրքերում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, 1993 թվականից սկսած, սրտաբանական ծառայությունների չափանիշները բավականին փոխվել են, տարեցտարի առաջընթաց է արձանագրվել:

ժիշկ, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սրտաբանի մասնագիտությունը:

-Իմ կարծիքով ոչ մի բժշկի համար իր ճանապարհը հարթ ու ուղիղ չի կարող լինել: Համենայնդեպս, լավ բժիշկ դառնալու համար առնվազն պետք է օրվա 24 ժամը նվիրված լինես քո մասնագիտությանը, այլապես կարող ես բժշկությունը թողնել ու այլ աշխատանքով զբաղվել: Շատ կարեւոր է նաեւ մշտապես սովորելը, վերապատրաստումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ բոլոր գործոնների համախմբման արդյունքում կարծում եմ իմ մասնագիտական ոլորտում հասել եմ զգալի հաջողությունների:

-Պարո՛ն Ադամյան, սիրտ-անոթային  ո՞ր   հիվանդություններն   են <<երիտասարդացել>>,  և  ո՞ր  տարիքն է  համարվում ռիսկային: Հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Միայն սրտաբանական հիվանդություններ չեն, որ <<երիտասարդացում>> են ապրել. բոլոր հիվանդություններն էլ ունեն «երիտասարդացման» միտում: Ինչ վերաբերում է սրտաբանությանը, ապա հիմնականում դրանք զարկերակային հիպերտենզիան եւ սրտի իշեմիկ հիվանդություններն են: Այս հիվանդությունների դեպքում նախկինում տղամարդկանց մոտ տարիքային շեմ համարվում էր 40 տարեկանը, կամ ավելի բարձր տարիքը, իսկ կանանց մոտ՝ 50 տարեկանից բարձրը, բայց այսօր տարիքի վրա մենք շեշտադրում չենք անում, հիմնվում ենք ավելի շատ հետազոտման արդյունքում ստացված պատկերի վրա: Եվ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ 28-30 տարեկան հասակում տանում են սրտամկանի սուր ինֆարկտ, մինչդեռ նման բան տարիներ առաջ հազվադեպ էր տեղի ունենում:

-Պարո՛ն Ադամյան, ե՞րբ եք վերջին անգամ դիմել բժշկի:

- Տարին մեկ անգամ պարտադիր անցնում եմ հետազոտություն, քանի որ մեր բժշկական կենտրոնում գործում է բժշկական ապահովագրությունը, որի պահանջներից է մեր առողջական վիճակին հետեւելու համար տարին մեկ անգամ որոշակի հետազոտություններ անցնելը:

- Բժի՛շկ, Ձեր կարծիքով Հայաստանը համընթաց քայլո՞ւմ է եվրոպական կլինիկաների հետ:

- Հայաստանի սրտաբանության ճյուղի մասնագետներս մշտապես մասնակցում ենք տարբեր տեսակի հետազոտությունների անցկացմանը, որի արդյունքում ստացված տվյալները ներկայացնում ենք, այսպես ասեմ, Եվրոպայի դատին: Եվ տրված գնահատականից պետք է եզրակացնել, որ արդյունքները բավականին լավն են: Չէի ասի, որ եվրոպական երկրներից ավելի առաջադեմ ենք, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք մահացելիության թվի նվազում, ինչպես Եվրոպայում է, նույնիսկ ավելին: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ համընթաց քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Իհարկե, շատ կարեւորում եմ սուր ինֆարկտների հետ կապված <<Ստենդ կյանքի համար>> ծրագիրը, որը մեզ թույլ տվեց այդ ճյուղում բավականին լավ արդյունքների հասնել: Եվ հենց այդ պատճառով ունենք սուր ինֆարկտների հետ կապված մահացության թվի իջեցում: Մի խոսքով՝ Հայաստանի սրտաբանությունն իր արդյունքներով եվրոպականին չի զիջում: Մանավանդ այս օրերին, հաշվի առնելով մեր հաճախակի այցելությունները եվրոպական կոնգրեսների, ինչպես նաեւ ինտերնետային պորտալի հնարավորությունները, առկա են դեպի ստանդարտիզացիա քայլեր, իսկ բուժման արդյունավետությունը բարձրացել է:  

- Բժիշկ, իսկ ի՞նչ նորարարություններ կան սրտաբանության ասպարեզում, որի մասին կցանկանայիք խոսել:

- Նորարարություններ Հայաստանում կան, դրանք հիմնականում ինվազիվ սրտաբանության հետ կապված միջամտություններն են: Ինվազիվ ճանապարհով հնարավոր է տարբեր հիվանդությունների խնդիրների լուծում գտնել ու բուժել, եւ դա արվում է ոչ միայն սրտաբանության մեջ, այլ նաեւ գինեկոլոգիայում, օրինակ, արգանդի միոմաների դեպքում, որը էմբոլիզացիայի միջոցով հնարավոր է բուժել, միջամտությամբ միոմայի չափսերը փոքրացնել: Եվ այդ դեպքում պացիենտը կարիք չի ունենում վիրահատական միջամտության: Ես կառանձնացնեի նաեւ քնային զարկերակների ստենդավորումը, որը Հայաստանում հազվադեպ է իրականացվում, եւ այն նույնպես նորարարություն է հայաստանյան բժշկության մեջ: Մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնում իրականացվում են նաեւ լյարդի էմբոլիզացիան` քիմիաթերապիան, որը Հայաստանում համարվում է նորարարություն, սակայն այն ամբողջ աշխարհում կիրառվում է վաղուց:

- Ձեր հիմնական խորհուրդը մեր ընթերցողներին:

- Ինչպես սիրում եմ ասել, թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների եւ հիմնականում առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան: Թող բոլորն ավելի երկար եւ առողջ կյանք վայելեն: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր