ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Բժշկությունը աստվածահաճո, աստվածատուր մասնագիտություն է

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը։

Մեր երկրում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունն է` հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ եւ գիտահետազոտական գործունեություն: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում: Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում հրաշքները. մարդկանց է վերադարձվում ամենաթանկը` աչքի լույսը: Կենտրոնի բժիշկները հետեւում են ակնաբուժության վերջին նվաճումներին` անընդհատ գործի դնելով բուժման նոր ու արդի մեթոդներ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժական ամբիոնի պրոֆեսոր, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է: Բժշկուհին հնարավորություն է ունեցել վերապատրաստվել ԱՄՆ-ում (Fellowship UCSF-ում եւ Cincinati Eye Institute-ում), բազմիցս հանդես է եկել ելույթներով եւ տպագիր աշխատանքներով: Բժշկուհի, ում շնորհիվ արդեն վերականգնվել է բազմաթիվ մարդկանց աչքի լույսը, կատարվել են նորագույն մեթոդներով վիրահատություններ, ակնաբուժության մեջ ամենաբարդերից համարվող եղջերաթաղանթի փոխպատվաստումներ: Բժշկուհին իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:

-Տիկի´ն Հովակիմյան, ինչպե՞ս, ե՞րբ որոշեցիք ընտրել այդ պատասխանատու մասնագիտությունը:

-Բժշկի մասնագիտություն ընտրելու ցանկությունը, անկեղծ ասած, դեռ մանկապարտեզ հաճախելու ժամանակ է առաջացել: Չնայած ծնողներս բժիշկ չեն, բայց դպրոցական տասը տարիների ընթացքում իմ այդ ցանկությունը դարձավ վերջնական որոշում: Երեւի թե դա ի վերուստ տրված զգացողություն է: Մայրս որոշ չափով մոտ էր բժշկությանը. նա ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում պաշտպանել է իր դիսերտացիան բժշկական աշխարհագրություն մասնագիտությամբ, իսկ այդ տարիներին Հայաստանում չկար նման ճյուղ: Նա ոսումնասիրել է Սեւանի ավազանում առկա հիվանդացությունները: Ես որոշել էի ընտրել սրտաբանության, արյունաբանության կամ նյարդաբանության ոլորտներից մեկը, սակայն մայրս միշտ ինձ ուղղորդում էր դեպի ակնաբուժությունը, քանի որ, ըստ նրա, այն բժշկության մեջ ամենաազնվական ոլորտն է: Բացի այդ, ամենից կարեւորը աչքի լույսն է: Եվ ես անչափ շնորհակալ եմ մորս այդ ուղղորդման համար, որովհետեւ, երբ մարդուն վերադարձնում ես աչքի լույսը, նրա աչքերում տեսնում անսահման ուրախությունն ու երախտագիտությունը, այդ ամենը փոխանցվում է քեզ: Եվ ստացած դրական էներգիան քեզ հնարավորություն է տալիս օգնել մեկ այլ հիվանդի, վերադարձնել նրան աչքի լույսը: Ընդհանրապես մենք շատ մեծ էներգիա ենք ծախսում, հատկապես վիրահատության ժամանակ աննշան վրիպումը կարող է ճակատագրական լինել, եւ դու պարտավոր ես միշտ զգոն լինել, չլիցքաթափվել մինչեւ վիրահատության ավարտը: Բժշկությունը աստվածահաճո, աստվածատուր մասնագիտություն է. չէ որ բժշկելը նաեւ Քրիստոսի գործն էր:

-Տիկի´ն Հովակիմյան, խոսեք Ձեր ղեկավարած բաժանմունքի գործառույթների մասին:

-Մեր բաժանմունքը կոչվում է աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, սակայն նմանատիպ հաստատություններն արտերկրում կոչվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի բաժանմունք, ինչն ավելի ամբողջական է ներկայացնում հաստատության գործառույթները: Այստեղ կատարվում են ամենատարբեր վիրահատություններ, եղջերաթաղանթի փոխպատվաստումներ: Մեզ մոտ կիրառվում են նաեւ եղջերաթաղանթի փոխպատվաստման նորագույն շերտավոր մեթոդները` առաջային լամելար եւ հետին էնդոտերիալ կերատոպլաստիկան: Եղջերաթաղանթի հայթայթման նպատակով մենք համագործակցում ենք Վաշինգտոնի <<Sight Life International Eye Bank>>-ի` Աչքի հյուսվածքների բանկի հետ, որին տալիս ենք մեր պատվերները: Մեզ տարեկան 200-250 մարդկային հյուսվածք են մատակարարում: 2005թ. առաջին անգամ Հայաստանում` մեր բաժանմունքում, ներդրվեց ամիոտիկ թաղանթի փոխպատվաստումը:: Այդ թաղանթը ստանում ենք կեսարյան հատումներից, եւ հատուկ մշակում անցնելուց հետո այն տեղադրվում է աչքի մակերեսին` այն բոլոր դեպքերում, երբ կան չլավացող խոցեր, վերքեր, էռոզիաներ, քիմիական այրվածքներ, տարբեր տեսակի բորոբոքային հիվանություններ: Թաղանթը պատվում է աչքին, այն ունի մի շարք բուժիչ հատկություններ` հակաբորբոքային, հակասպիական եւ այլն, որոնք արագացնում են վերքերի ապաքինումը: Մեր բաժանմունքում իրականացվում են մի շարք նորագույն եւ գերժամանակակից մեթոդներ, օրինակ, ֆակոէմուսիֆիկացիայի միջոցով իրականացվում է կատարակտայի բուժումը, այսինքն` հեռացվում է պղտորված ոսպնյակը, եւ դրա փոխարեն` տեղադրվում արհեստական ոսպնյակ: Կատարակտան ոսպնյակի պղտորումն է, որի դեպքում հաճախ մարդիկ ասում են` աչքիս փառ եկավ: Մասնավորապես, առանց կարի մեթոդով շատ փոքր կտրվածքով մուտք ենք գործում աչքի խոռոչ, ոսպնյակը հեռացվում է ուլտրաձայնով, եւ տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Վիրահատական միջամտությունը տեւում է 6-10 րոպե` տեղային կաթիլների տակ, նույնիսկ չենք սրսկում, եւ հիվանդը կես ժամից տուն է վերադառնում: Տեսողությունը վերականգնվում է 1-2 օրվա ընթացքում: Տեղադրվում են տարբեր տեսակի ոսպնյակներ` մոնոֆոկալ, մուլտիֆոկալ, տորիկ։ Մուլտիֆոկալ ոսպնյակների միջոցով հիվանդը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ միջին եւ մոտիկ տարածությունների վրա: Տորիկ լինզաները համարվում են աստիգմատիկ ոսպնյակներ եւ տեղադրվում աչքի խոռոչում: Մուլտիֆոկալ եւ տորիկ ոսպնյակները հաճախ պատվիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեզ մոտ նաեւ իրականացվում է մսամոլի հեռացում հիմնականում աուտոտրանսպլանտացիայով, որը հետագայում ապահովում է գեղեցիկ կոսմետիկ տեսք, ինչպես նաեւ կանխում է հետագա կրկնման հավանականությունը: Կատարում ենք նաեւ կոպի փոքրիկ գոյացությունների` ճարպագեղձի խցանումների հեռացում, որը կոչվում է խալազիոն:

Մեր բաժանմունքում կատարվում է նաեւ տատուաժ կույր աչքերին (տրավմայի, գլաուկոմայի եւ այլ պատճառներով չտեսնող աչքեր): Երբ եղջերաթաղանթը գույնը փոխել է. մեկ աչքը կարծես երկնագույն է, իսկ մյուսը` սեւ կամ շագանականագույն, ապա իմիտացիա է արվում` կարծես սեւ բիբ ենք ներկում շագանակագույնի կողքը` կոսմետիկ տեսքը վերականգնելու նպատակով: Դա էլ մոտ 30 րոպե տեւողությամբ միջամտություն է: Մեր բաժանմունքում նաեւ առաջին անգամ ներդրվեց լիմբալ ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիան, երբ մեկ աչքից ցողունային բջիջները փոխպատվաստվում են մյուս աչքին: Դա նույնպես կատարվում է հիմնականում աչքերի քիմիական այրվածքների ժամանակ։ Ուզում եմ առանձնացնել առաջին անգամ մեր տարածաշրջանում ներդրված եւ միայն մեր կենտրոնում իրականացվող բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոտեզավորումը` արհեստական եղջերաթաղանթի տեղադրումը:: Այն ԱՊՀ տարածաշրջանում միայն Մոսկվայում եւ մեզ մոտ է իրականացվում, եւ այս 10 տարիների ընթացքում մեզ մոտ 26 մարդու մոտ է տեղադրվել, իսկ Մոսկվայում` ավելի քիչ: Երբ քիմիական այրվածքից մարդու աչքի մակերեսը խիստ անոթավորված է, ապա նման դեպքերում սովորական մեթոդով կերատոպլաստիկան արդյունավետ չի լինի, որովհետեւ, ինչպիսի թաղանթ էլ տեղադրես, անոթները «կգրոհեն» եւ կպղտորեն այն: Իսկ երբ տեղադրում ենք արհեստական եղջերաթաղանթ, մարդկային անոթը չի կարողանում քիմիական նյութի վրա աճել, բբի դիմացը մնում է բաց, եւ մարդը տեսնում է: Մենք ունենք դեպք, երբ 16 տարվա կուրություն ունեցող հիվանդը նման միջամտությունից հետո սկսել է տեսնել: Սա տարածաշրջանում իսկապես բացառիկ նվաճում է վիրահատության բնագավառում: Մեր արդյունքները տպագիր ներկայացրել ենք 2012թ.-ին`ԱՄՆ-ում: Հայաստանն իր փորձով աշխարհում երրորդն է համարվում: Եթե ԱՄՆ-ը առանձնացնենք, ապա Սաուդյան Արաբիայից հետո մենք Հնդկաստանի հետ հավասար ենք քայլում: Իսկ ինչ վերաբերում է անոթաղանթի բորբոքումներին, ապա մեր բաժանմունքն ունի գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ` ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 եւ այլն): 2001 թվականից առաջին անգամ Հայաստանում` մեր բաժանմունքում, ներդրվել են նաեւ եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը եւ դրա մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ:

Մեր բաժանմունքում միշտ լինում են երիտասարդ կադրեր, մեզ մոտ անդադար ընթանում է ուսուցողական շարունակական գործընթաց: Ամեն օր ունենում ենք 60-80 հիվանդ, եղել են օրեր, որ նույնիսկ 100 մարդ ենք ընդունել: Վիրահատության օրերին, կախված դրանց բարդության աստիճանից, լինում է մոտավորապես 10-20 վիրահատություն:

-Բժշկուհի´, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Մենք` բժիշկներս, ամեն տարի մասնակցում ենք վերապատրաստման, կոնֆերանսների, մեր գիտելիքների բազան անընդմեջ թարմացվում է, որովհետեւ, եթե տեղում դոփենք, պարզապես պացիենտ չենք ունենա. ամենուր ակնաբուժական կենտրոններ են բացվում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Մալայան բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքների ղեկավարները վերապատրաստված են, ստացել են լուրջ կրթություն: Մեր կլինիկայի կայացման, զարգացման գործում անչափ մեծ է տնօրեն Ալեքսանդր Մալայանի դերը, ով ճիշտ կադրային քաղաքականություն է վարել եւ վարում է, բոլոր կադրերը վերադարձել են սովորելուց հետո եւ արդեն սովորեցնում են երիտասարդ կադրերին: Մեր կենտրոնը միջազգային չափանիշներին համընթաց քայլում է, եւ դրանում մեծ ներդրում ունեն ինչպես Ալեքսանդր Մալայանը, այնպես էլ` «Հայկական ակնաբուժության նախագծի» հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանը:

-Բժշկուհի´, որո՞նք եք համարվում Ձեր բնավորության թույլ եւ ուժեղ կողմերը:

-Երեւի թույլ եմ խղճից. եթե ինձ մոտ են բերում աչքերի բորոբոքային պրոցեսով կամ ծանր վնասվածքով երեխայի, բուժօգնություն ցուցաբերելու առաջին իսկ պահից աչքերս թրջվում են, եւ ինձ հազիվ տիրապետում եմ, որ ոչ մեկը դա չնկատի: Երեւի համառությունն ու սկզբունքայնությունը, մասնագիտությանս մեջ անընդհատ առաջ գնալու տենչը, մեր ոլորտի նորարարություններից ետ չմնալը, պատասխանատվության մեծ զգացումն են իմ ուժեղ կողմերը: Եվ ինձ մոտ ամեն օր 30 րոպե ընթերցանությանը տրամադրելու, իմ բնագավառի նորություններին ծանոթանալու սովորություն է ձեւավորվել: Ես ձգտում եմ հասնել ամենակատարյալին: Կասեմ, որ համբերատար եմ եւ գթասիրտ, ունեմ մեծ կամքի ուժ, դիմացկունություն եւ, որքան էլ հոգնած լինեմ, աշխատում եմ սպասարկել մինչեւ վերջին պացիենտը:

-Առօրյա լարվածությունից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր հանգիստը:

-Ունեմ վեցամյա դուստր, ով իմ կյանքի էությունն է, պատախանատվության մեծ զգացում ունեմ նրա հանդեպ եւ անդորրս գտնում եմ տանը` նրա հետ: Իսկ տղաներս մեծ են, այս պահին ուսանում են ԱՄՆ-ում: Ի դեպ, ես երբեք երեխաներիս չեմ պարտադրել իմ կարծիքը մասնագիտության ընտրության հարցում. ինչ ի վերուստ տրված է, այն էլ կլինի: Ամուսինս էլ բժիշկ է` վիրաբույժ-օրթոպեդ, սակայն տղաներս չցանկացան ընտրել բժշկության ոլորտը:

- Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել, խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում խնայում են` մինչդեռ առողջությունը ամենաթանկ բանն է այս կյանքում: Ու հատկապես աչքն անչափ զգայուն, նուրբ օրգան է, եւ երբեմն լինում են դեպքեր, երբ բժշկությունը ոչինչ չի կարող անել արդեն անդառնալի փոփոխությունների դեմ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն, երբ աչքի լույսը կորցնում են, միեւնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ուստի խորհուրդ կտայի տեսողության հետ կապված առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:

Բոլորին մաղթում եմ առողջություն: Թող 2019 թվականը մեր ազգի համար լինի պայծառ, հույսերի արդարացման տարի, թող ամեն մեկը կարողանա գտնել իր խաղաղությունը, անդորրը թե´ աշխատավայրում, թե´, առավելապես, ընտանիքում: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես. երբ մարդը լավատես է, ամեն ինչի մեջ լավն է տեսնում, կարծես թե Աստված էլ բարին է տալիս: Իսկ եթե ամեն ինչի մեջ վատն է տեսնում, կյանքն էլ կդառնա գորշ, ինքն էլ շրջապատի եւ ընտանիքի համար կլինի տհաճ կերպար: Թող լինի խաղաղություն, Աստված բարի աչքով նայի բոլորիս:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր