Հասմիկ Դավթյան

(0 votes)
There is no translation available.

Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ

Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկը՝ քաղցկեղ հիվանդությունն է: Բավականին եւ էականորեն աճել է քաղցկեղ ունեցողների թիվը` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջեւ: Նման իրավիճակի պատճառը, թերեւս, ուշ ախտորոշումն է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը եւ ռիսկի գործոնները ցույց են տալիս, որ նախ` ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու եւ վերահսկելու առումով, երկրորդ` առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում մահվան ամենամեծ պատճառներից մեկի եւ դրա ռիսկի գործոնների վերաբերյալ:

Հայաստանում քաղցկեղից մահացության եւ հիվանդացության ցուցանիշը շարունակում է վերելք ապրել. առավել շատ են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Ոլորտի մասնագետները դա կապում են  հիվանդության վաղ շրջանում հայտնաբերման ցածր ցուցանիշների հետ: Քաղցկեղն այլեւս դատավճիռ չէ. այս կարգախոսով առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում ժամանակ գտնել՝ տարեկան գոնե մեկ անգամ հետազոտում անցնելու համար:

Քաղցկեղի հստակ պատճառները դեռեւս անհայտ են, սակայն կան գործոններ եւ վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդանալու հավանականությունն ապագայում: Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է: 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն: 
Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին, որտեղ կանանց մեծ մասն ախտորոշվում է հիվանդության ուշ փուլերում` կանանց վատ իրազեկվածության պատճառով: Հայաստանում դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշի աճ:  Քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին գիտությունը որեւէ ստույգ երաշխիք չունի,  սակայն հստակ է, որ կանոնավոր ստուգումները կարող են  դրական արդյունք արձանագրել, գոյացությունը հայտնաբերել վաղ փուլում եւ բուժել: Պարբերաբար այցելությունները բժշկին հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի ցանկացած նորագոյացություն` բուժման մեջ հաճախ հասնելով դրական արդյունքի` վերջնական ապաքինման: Այս թեմայի շուրջ http://bestgroup.am/ կայքի  զրույցը ծավալվեց ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-մամոգրաֆիստ, մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, բժշկուհի, ով ունի բավականին պատկառելի ավանդ եւ ներդրում մեր բժշկագիտության զարգացման մեջ:

<<Ասեմ, որ բավականին փոքր տարիքում որոշեցի բժիշկ դառնալ, իսկ ինստիտուտում ուսանելու վերջին տարիներին վերջնական որոշում կայացրի` դառնալ ռենտգենոլոգ, իսկ երբ արդեն սկսեց զարգանալ մամոգրաֆիան, դա 22 տարի առաջ էր, որոշեցի նեղ մասնագիտացումս ուղղորդել դեպի մամոգրաֆիան` դառնալով բժիշկ-մամոգրաֆիստ: Մամոգրաֆիան առաջատար դեր ունի կրծքի հիվանդությունների ախտորոշման գործում: 2011թվականից սկսած՝ բեկումնային էր մամոգրաֆիկ հետազոտությունների առումով, քանի որ մամոգրաֆիան կատարվում էր տոմոսինթեզով /շերտերով/, այն մեծ հնարավորություններ տվեց, որ ավելի ճշգրիտ պատկերներ ստանանք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն՝ նոր՝ թվային մամոգրաֆիայով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունն այն է, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։ Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիայի հետազոտության առանձնահատկություններն են փոքր ուռուցքների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում բոլոր ուռուցքների հայտնաբերումը: Թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Այս մեթոդի եւս մեկ կարեւոր առավելությունն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը վիրահատության ժամանակ գտնում է ուռուցքը։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է մամոգրաֆիստին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո նյութն ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտության։ Ասեմ, որ մամոգրաֆիան չի կարող տալ վերջնական 100 տոկոսանոց արդյունք, որի միջոցով կարողանանք պատկերացում կազմել չափի, տեղակայման, կառուցվածքի, բնույթի  մասին: Ոչ բոլոր դեպքերում է, որ կարողանում ենք տեսնել ուռուցքը  չարորակ է, թե բարորակ: 95 տոկոսի դեպքում տեսնում ենք, որ գոյացությունը չարորակի տպավորություն է թողնում, իսկ 5 տոկոսի դեպքում` բարորակի, որն էլ հետագայում ճշտվում է բիոպսիայի միջոցով: Արդյունքի ճշգրտության համար պետք է թիմային աշխատանք իրականացվի: Հասարակության մեջ շատ թյուր կարծիք կա, որ մամոգրաֆիան տալիս է 100 տոկոսանոց պատկերը, իրականում  կարող են լինել դեպքեր, երբ  կարող է լինել 100 տոկոսանոց արդյունք, բայց ոչ բոլոր դեպքերում. այն իրականում կախված չէ մասնագետից, ուղղակի կարող են լինել տարատեսակ եւ կասկածելի բնույթի օջախներ, այդ դեպքում պետք է կատարվի բիոպսիա, որից հետո նոր ստույգ պատկերը կստանանք: Մեր բժշկական կենտրոնում առկա տեխնիկան մեզ թույլ է տալիս գնահատել կրծքագեղձի իրական վիճակը: Ասեմ, որ բավականին շատացել են եւ երիտասարդացել կրծագեղձի հիվանդությունները: Ի գիտություն բոլորին` ասեմ, որ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է, 25 տարեկանից սկսած հանդիպում են կրծքագեղձի քաղցկեղով տառապողներ, ինչը կարող է կապված լինել սթրեսների, վատ ապրելակերպի, ինչպես նաեւ բջջային հեռախոսների ճառագայթման հետ: Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ: 40 տարեկանից բարձր տարիքում կատարվում է մամոգրաֆա, իսկ մինչեւ 40-ը` սոնոգրաֆիա: Ռենտգեն մամոգրաֆիան առաջնային հետազոտման միջոց է, որին զուգակցում ենք սոնոգրաֆիան, որովհետեւ գոյացություններ կան, երբ կրծքագեղձերի մամոգրաֆիան չի տալիս հստակ պատկերը, գոյացությունների եզրերը, կառուցվածքը, չափերը. սոնոգրաֆիան այդ դեպքերում ցուցված է: Կրծքագեղձի ախտորոշման համար մեծ նշանակություն ունի նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան: Լինում են դեպքեր, երբ կինը գալիս է համակարգչային շերտագրում հետազոտություն անցած. համակարգչային շերտագրում հետազոտությունը կրծքագեղձի համար չի արվում, կրծքագեղձի համար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա է արվում, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա:  Ինձ համար շատ ցավալի փաստ է, որ թերեւս կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի լուրջ մասնագետ դեռեւս չկա: Մեր երկրում կա 4 կլինիկա, որտեղ իրականացնում են կրծքի  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, բայց դրանց արդյունքներն ինձ չեն գոհացնում: Իրականում մեր հասարակությունը պետք       է գիտակցի, որ առաջնային օղակներում էլ կան լավ մասնագետներ, ժամանակին իրենց էլ դիմեն: Ասեմ, որ բավականին մեծացել է սոցիալական փաթեթով դիմողների թիվը, ուրախալի փաստ է, որ գոյություն ունի մեխանիզմ, երբ սոցփաթեթի շահառուները շատ պարտաճանաչ այցելում են տարին մեկ կամ 6 ամիսը մեկ և դիմում հերթական հետազոտության, որից հետո բժիշկները ուղղորդում են ավելի մանրակրկիտ հետազոտությունների: Ցավոք սրտի, դիմելիության կուլտուրան միջին մակարդակի վրա է մեր երկրում, ինձ թվում է հիմնական խնդիրը միայն հասարակության վատ ֆինանսական պայմաններն են: Իսկ որպես վերջաբան՝ կհորդորեմ մեր հասարակությանը, որ ավելի զգոն լինեն կրծքագեղձի առողջության նկատմամբ: Հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս, և այդ ահազանգը չպետք է անտեսել: Եղեք առողջ, սիրեցեք ինքներդ ձեզ>>:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր