Ելենա Ազիզյան

(0 votes)
There is no translation available.

Աժմյան սերունդն ավելի հետաքրքրված է համաշխարհային բժշկությամբ

Ամբողջ աշխարհում հիվանդացության եւ մահացության ցուցանիշներով սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են: Գաղտնիք չէ, որ կանխարգելման աշխատանքների շնորհիվ հնարավոր է նվազեցնել հիվանդացության եւ մահացության ցուցանիշները։ Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են աշխարհում, եւ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների դիմելիությունը լավագույն բուժհաստատություններ բավականին բարձր է։ Մեր հանրապետությունում մահացության մեծ մասը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով է։ Սա շատ լուրջ սոցիալական, առողջապահական խնդիր է։ Նախկինում ուշ էին դիմում բժշկի, հասարակությունը հետեւողական չէր իր առողջության հարցում։ Ըստ մասնագետների, այն անձանց մոտ, որոնք ծխում են, ապրում սթրեսային կյանքով, ֆիզիկապես ակտիվ չեն, ունեն ավելորդ քաշ, մեծանում է ռիսկը, որ կարող են ձեռք բերել հիպորտենիա, սիրտ-անոթային հիվանդություններ։ Լավագույն բուժհաստություններից մեկում՝ <<Նաիրի>> բժշկական կենտրոնում իրականացվում են բոլոր ժամանակակից մեթոդները սիրտ-անոթային համակարգի գնահատման համար:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան, էխոսրտագրության մասնագետ ԵԼԵՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ, որը մասնագիտության մեջ ցուցաբերում է զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, հաճելի զրուցակից է: Նրա հետ խոսեցինք ոլորտում առկա հարցերի մասին:

-Տիկին Ազիզյան, խոսենք բաժանմունքի գործառույթների մասին, ի՞նչ գործունեություն է ծավալվում ձեր բաժանմունքում, եւ ովքե՞ր կարող են դիմել Ձեզ:

-Մեր դիագնոստիկ բաժանմունքը զինված է վերջին սերնդի նորագույն տեխնիկայով: Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման համար կիրառվում են հետազոտության հետեւյալ ուլտրաձայնային մեթոդները՝ էխոսրտագրություն (էխոՍԳ), անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) եւ դուպլեքս (Duplex) սքանավորում եւ հետեւյալ մեթոդները` էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), hոլտեր-ԷՍԳ հետազոտություն, զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն, ծանրաբեռնվածության թեստ` թրեդմիլ (Treadmill Test): Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը հագեցած է Schiller, Siemens եւ այլ հայտնի ընկերությունների ժամանակակից բժշկական սարքերով, որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում: Մեր կլինիկայում կան շատ բարձրակարգ որակավորում ստացած մասնագետներ բոլոր նեղ մասնագիտացումների մեջ: Նորարարական ՈՒՁ տեխնոլոգիան սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշման համար ՈՒՁ հետազոտությունների սկզբունքորեն նոր մոտեցման հնարավորություն է ընձեռում: Արդյունքում բժիշկը ստանում է սրտի անատոմիական կառուցվածքի եւ դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում: Մեթոդն առանձնանում է առավելագույն արագությամբ տեղեկատվության ստացմամբ, սրտային ցիկլի կադրերի «հետեւողականության» արտեֆակտերի բացակայությամբ, ամենաբարձր որակի պատկերներ ստանալուն միտված` սրտային ցուցիչների առկայությամբ: Մեր բաժանմունք կարող են դիմել սիրտ-անոթային խնդրով ցանկացած հիվանդությամբ տառապող հիվանդներ, հաստատված կամ կասկածելի ախտորոշում ունեցող հիվանդները, անորոշ բողոքներ ունեցողները, որոնք կարող են համարվել առողջ: Կարող են լինել հիվանդներ՝ ուղղորդված ուրիշ սրտաբանների կողմից, որպեսզի ավելի հստակ պատկեր ստանան բուժման հետագա ընթացքը արդյունավետ կազմակերպելու համար: Առաջին փուլից՝ ոչ ինվազիվ հետազոտություններից սկսած՝ ավելի հստակ պատկեր ստանալու համար կատարվում է հերթական հետազոտությունը: Մեթոդները, որոնք ինվազիվ չեն, բավականին հեշտ միջոցներ են հետազոտման համար, անցկացվում են բավականին արագ եւ ոչ դժվարին, մատչելի են թե ֆինանսապես, թե ֆիզիկապես: Իհարկե, համակցված նաեւ սրտաբանի, թերապեւտ բժշկի կոնսուլտացիայի հետ, որի արդյունքում դրվում է վերջնական եզրակացություն:

-Բժշկուհի, ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:

-Ասոցիացիաները բավականին լավ տեղեկատվական կապող օղակ են բժիշկների տեղեկացվածության համար: Դրանք հարթակ են երիտասարդ կադրերի համար, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց, իրենց գիտելիքների բազան՝ միաժամանակ օգտվելով համաշխարհային փորձից, իրականացնելով փորձի փոխանակություն բժիշկների հետ: Այնտեղ կարծիքներ են ձեւավորվում եւ փոխանակվում:

-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրան բավականին տարբերվող է մեզ մոտ, քանի որ բոլորը չեն կարող լինել միանման:, բայց բժիշկներս ըմբռնումով ենք մոտենում բոլորին, քանի որ գործ ունենք ամենաթանկ բանի՝ առողջության հետ: Իհարկե, մեծ հույսեր եւ սպասելիքներ ունենք մեր նոր նախարարությունից, եւ հուսանք, որ մի օր մեր բժշկությունը ոչնչով չի զիջի արտերկրի կլինիկաներին տարբեր ճյուղերում:

-Ընդունված ավանդույթ է, երբ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

- Ընդհանրապես մեր ամբողջ պատմության մեջ բժշկությունը սերնդեսերունդ փոխանցվող մասնագիտություն է: Ասեմ, որ իմ արմատներում էլ եղել է բժիշկների դինաստիա, եւ, իհարկե, շատերն ընտրում են իրենց ծնողների ուղին: Մեծ տղաս բժիշկ է` ատամնաբույժ: Մանկուց լինելով բժշկական մթնոլորտում՝ նրա մեջ սերմանվել եւ ձեւավորվել է սեր դեպի բժշկությունը:

-Խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին: Ի՞նչ ճանապարհ եք անցել:

- Մենք շատ վատ ժամանակաշրջան ապրեցինք, երբ ավարտեցինք. դեռ Խորհրդային Միությունն էր, անընդհատ ռեֆորմներ էին: 1989 թվականին ավարտել եմ ինտերնատուրա: Նախ ասեմ, որ ուսանելու տարիներից սկսած՝ սկսել եմ աշխատել, նախ, որպես մայրապետ, այնուհետեւ բուժքույր, հետո՝ ավագ բուժքույր, ինստիտուտն ավարտելուց հետո էլ աշխատեցի պոլիկլինիկայում որպես բժիշկ-սրտաբան եւ բժիշկ ռեւմատոլոգ: Այնուհետեւ որոշեցի ավելի կատարելագործվել բժշկության մեջ եւ մասնագիտացումս գտա ախտորոշիչ հետազոտության մեթոդների մեջ: Քանի որ ես սովորել եմ նաեւ գեղարվեստի դպրոցում, գեղարվեստական պատկերներն ավելի շատ գտա ուլտրաձայնագրության մեջ ու ընտրեցի ֆունկցիոնալ մեթոդները սրտաբանության մեջ մասնագիտությունը, ոլորտ, որն ինձ համար բավականին հետաքրքիր, կլանող էր: Իհարկե բժշկությունն օրեցօր զարգացում է ապրում, եւ տարիների ընթացքում՝ նաեւ ուլտրաձայնային հետազոտման մեթոդները: Ընդ որում, այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը չի կորչում, եւ մեզ դիմողների թիվը բավականին մեծ է: Բնականաբար, երկար տարիների փորձը շատ է օգնում: Տարիների ընթացքում ցանկացա ավելի կատարելագործվել, եւ ինձ ավելի հետաքրքրում էին բարդ դեպքերը, պաթոլոգիաները, որոնք հանդիպում են վերակենդանացման բաժանմունքում, որտեղ տարիներ շարունակ աշխատելով՝ականատես եղա շատ բարդ դեպքերի եւ ձեռք բերեցի անգնահատելի մասնագիտական փորձ:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Այժմյան սերունդն ավելի հետաքրքրված է համաշխարհային բժշկությամբ, օգտվում է անգլալեզու գրականությունից եւ ինտերնետ պորտալից՝ ընդօրինակելով նրանց հետազոտման եւ բուժման մեթոդները: Այդպես աշխատելը, իհարկե, դրական է նրանով, որ հասնում են բավականին բարձր արդյունքների, բայց արդյունքում, ավաղ, կորչում են նրանց անհատականությունը, անհատական մոտեցումները, մտածելակերպը: Ամեն դեպքում մեր երիտասարդները շատ զարգացած են, նպատակասլաց, պրպտող, ձգտող, միաժամանակ մեծ հետաքրքրություն ունեն համաշխարհային բժշկության նորարար մոտեցումների նկատմամբ ու նաեւ մասնակցում են տարատեսակ կոնֆերանսների: Լուրջ եւ նպատակալաց մեր ապագա բժիշկները միշտ որոնումների մեջ են, քաղելու են լավը, որակյալը, անհրաժեշտը, պահպանելու են միջին եւ բարձր մակարդակը, բայց, ավաղ, անցյալում է մնալու այն որակը, որն ապահովում էին մեծագույն եւ բացառիկ ակադեմիկոսները, պրոֆեսորները, որոնց անունները լսելիս անգամ մեծ բավականություն էինք ստանում: Շատ ուրախալի է, որ այժմյան նախարարությունը բարձրաձայնում է տարբեր հարցեր, բայց պետք է աշխատանքներ տարվեն թե բուժաշխատողների, թե հասարակության պաշտպանվածության համար:

- Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

- Շատ եմ ցանկանում, որ մեր երիտասարդները, որոնք բավականին գիտակ են, իրենց գիտելիքներն օգտագործեն հասարակության կյանքի բարելավման համար, ճիշտ կուլտուրա ձեւավորվի ամեն ոլորտում, էթիկայի մեջ, եւ մարդկանց մեջ չարությունը մի քիչ պակասի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր