«Ցանկանում եմ, որ գինեկոլոգիայի վիրաբուժությամբ զբաղվեն միմիայն տղամարդիկ»
Հղիությունը յուրաքանչուր կնոջ կյանքում բովանդակալից ու սպասելիքներով լի շրջան է: Եվ, որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի, նա պետք է ոչ միայն գտնվի բժիշկների հսկողության ներքո, այլեւ տիրապետի առողջ ու գրագետ կենսակերպի եւ, ինչու ոչ, զույգերի գրագետ սեռական կյանքի վարման անհրաժեշտ գիտելիքի: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձեւավորվում եւ զարգանում է նոր կյանք, որը դառնալու է ամենահարազատն ու կարեւոր էակը կնոջ կյանքում: Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ կանխարգելիչ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան անգամ շատ հարազատ մարդիկ:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վադիմ Ֆրոլովը, ում մասնագիտական ճանապարհն արդեն տասնամյակների պատմություն ունի: Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բժշկի պրակտիկայում քիչ չեն նաեւ դեպքերը, որ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ եկել:
- Պարո՛ն Ֆրոլով, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, մինչ օրս ի՞նչ ճանապարհ եք անցել:
-Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ շրջանում, ապա, Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելով, վերադարձել Հայաստան, աշխատել «Բեգլարյան» բուժկենտրոնում, այնուհետեւ՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»: Դրանից հետո տեղափոխվել եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ուր մինչ օրս զբաղեցնում եմ ծննդաբերական բաժանմունքի ղեկավարի պաշտոնը:
-Բժիշկ, ինչո՞ւ ընտրեցիք հենց մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը:
-Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը բժշկության մեջ միակ մասնագիտությունն է, որի դեպքում գործ ունես ոչ միայն հիվանդների, այլեւ մարդկային երկու կյանքի հետ: Պացիենտը գալիս է ոչ թե հիվանդության ցավի, այլ ուրախության զգացումով: Ես մեծ առաքելություն եմ համարում բժիշկներիս կատարած աշխատանքը, որն ի վերուստ է տրվում, եւ մենք պետք է լինենք համբերատար, գործի նվիրյալ ու գիտակ:
- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսուցիչներս բավականին շատ են, կցանկանայի նշել Գագիկ Արտաշեսի Բեգլարյանին, Բագրատ Կարենի Ակունցին, Մոսկվայում նույնպես այդ առումով բախտս բերել է: Կյանքում շփվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնցից ամեն մեկն ունի իր ներդրումն իմ կայացման գործում:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին: Ձեր դեպքում այդպե՞ս է:
-Ավագ երեխաս չցանկացավ դառնալ բժիշկ, իսկ փոքրս դարձավ՝ ընտրելով կնոջս նեղ մանսագիտացումը՝ ակնաբուժությունը:
-Անպտուղությունն ի՞նչ վիճակում է գտնվում այսօր մեր երկրում:
-Ես կասեի՝ սոսկալի վիճակում է գտնվում: Ինձ թույլ կտամ եւ կասեմ, որ մեր երիտասարդությունը, ցավոք սրտի, անգրագետ է, քանի որ այսօր բավականին մեծ թիվ են կազմում սեռավարակները: Իսկ բժշկին դիմում են արդեն այն վիճակում, երբ, կոպիտ ասած, արդեն ուշ է լինում: Պետք է աշխատանքներ տարվեն կանխարգելելու ուղղությամբ, դասընթացներ կազմակերպվեն: Ոչ մեկին չես կարող արգելել զբաղվել սեռական կյանքով, բայց մարդիկ պետք է ապահով եւ պաշտպանված լինելու համար լինեն տեղեկացված, պատասխանատու: Եվ հենց մեծամասամբ սեռավարակը կարող է անպտղության պատճառ դառնալ, քանի որ այն առաջացնում է բորբոքային պրոցեսներ, խնդիր՝ արգանդի փողերի հետ: Իսկ տղամարդու մոտ կարող է սերմի հետ կապված խնդիր առաջանալ: Օրինակ, երբ փողերը ենթարկվում են պաթոլոգիկ փոփոխությունների, արդեն ստիպված ենք լինում դիմել կա՛մ վիրահատական միջամտության, կա՛մ արհեստական բեղմնավորման:
- Ո՞ր տարիքային շեմը կարող ենք համարել արդեն անպտղություն:
-Եթե զույգի՝ կանոնավոր սեռական կյանք վարելուց հետո հղիություն չի նկատվում, դա արդեն կարող ենք համարել անպտղություն: Մեզ մոտ 53 տարեկան կինը արհեստական բեղմնավորմամբ երեխա լույս աշխարհ բերեց: Իսկ ֆիզիոլոգիայի նկատմամբ ամենաօպտիմալ տարիքը մինչեւ 35 տարեկանն է:
-Այսօր ինտերնետ պորտալի տեղեկատվությունը հասանելի է բոլորին, եւ մեկ կոճակի օգնությամբ հնարավոր է շատ բան իմանալ ցանկացած բանի մասին: Մարդիկ արդեն սկսել են իրենք իրենց ախտորոշել: Ի՞նչ կասեք այդ առումով:
-Իհարկե պարզից էլ պարզ է, որ դա սխալ է, եւ միայն բժիշկը կարող է մի քանի հետազոտությունների արդյունքում գտնել ճիշտ ճանապարհը անպտղության դեմ՝ պարզելով չբերության պատճառը: Ճիշտ ախտորոշման համար կարող են պահանջվել ամիսներ: Իսկ ինքնաբուժությունը կարող է ավելի բարդացնել վիճակը:
-Ի՞նչ կասեք Ձեր բնագավառի երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:
-Այդ հարցին միանշանակ պատասխան չեմ կարող տալ, միայն կասեմ, որ, ցավոք, 90 տոկոսի դեպքում կանայք են դառնում մանկաբարձ-գինեկոլոգ: Բավականին դժվար մասնագիտություն եմ համարում մեր մասնագիտությունը եւ ցանկանում եմ, որ գինեկոլոգիայի վիրաբուժությամբ զբաղվեն միմիայն տղամարդիկ:
-Կհիշե՞ք Ձեր առաջին պացիենտին կամ վիրահատությունը:
-Պացիենտին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ կատարածս առաջին վիրահատությունը: Երջանիկ եւ գոհ էի, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ թե՛ ծննդկանի, թե՛ պտղի համար:
-Ի՞նչ անոմալիաներ են հիմնականում հանդիպում նորածինների մոտ:
-Անոմալիաները կարող են հիմնականում առաջանալ կրկին սեռավարակներից: Անոմալիաները պտղի մոտ հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, որը պարտադիր կատարվում է մեր հետազոտությունների շրջանակներում: Եթե հայտնաբերվում է կյանքի համար անհամատեղելի իրավիճակ, ապա իրականցվում է պտղի ընդհատում: Իսկ նման դեպքերը, կարող եմ ասել, մեր պրակտիկայում գրեթե ամեն շաբաթը մեկ հանդիպում են: Եթե դաշտանը կա, դա վկայում է, որ օվուլացիան (ձվազատումը) պահպանվում է:
-Խնդրում եմ խոսեք կեսարյան հատման մասին:
-Կցանկանայի մեր հայ կանանց ասել, որ կեսարյան հատումը կնոջ ցանկությամբ պետք չէ անել, քանի որ այն նույնպես համարվում է վիրահատական միջամտություն: Մինչդեռ, կարծես թե, այսօր մեր հայ կանանց մոտ մի տեսակ մոդայիկ է դարձել կեսարյան հատումը, սակայն չպետք է մոռանալ, որ այն անպայման պետք է իրականացվի բժշկի խիստ ցուցումներով:
-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում:
-Դա հիմնականում արգանդափողերի պաթոլոգիայից է լինում, առաջանում է ինֆեկցիոն պրոցեսների արդյունքում: Կան ինֆեկցիաներ, որոնք առաջացնում են կպումային պրոցեսներ: Ի գիտություն մեր հայ տղամարդկանց ասեմ, որ երեխայի սեռը միմիայն տղամարդուց է որոշվում, ուստի տղա կամ աղջիկ լինելը թող երբեք, այսպես ասած, չգցեն կանանց վրա:
-Որպես վերջաբան ի՞նչ կասեք հայ կանանց:
-Թող ամեն ինչ ձեր կյանքում լինի կանոնավոր. թե՛ երջանկությունը, թե՛ դաշտանային ցիկլը: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան, գնահատված լինեն իրենց շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից: Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլեւ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար: