ԱՐՄԻՆԵ ԽՌՈՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը

Հայաստանում էնդոկրին համակարգի խնդիրները շատ տարածված են: Դրանք արդիական են ժամանակակից բժշկության մեջ հաճախադեպության եւ ախտորոշման ու բուժման միասնական մոտեցման բացակայության պատճառով: Փաստացի մեր երկրի բնակչության կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե, նրանցից բոլորը չեն, որ կարիք ունեն վիրաբուժական միջամտության, այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետեւաբար, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո: Չպետք է մոռանալ նաեւ, որ վահանաձեւ գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար եւ կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները, արտադրում է թիրօքսին հորմոններ, որոնց ե՛ւ սակավության, ե՛ւ առատության դեպքում առաջացած խնդիրներն ունենում են արտահայտվածության տարբեր դրսեւորումներ:

Էնդոկրին համակարգի խնդիրների շուրջ զրուցեցինք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, հայ-ամերիկյան առողջության կենտրոնի, ինչպես նաեւ «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ, «Մուրացան» պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Արմինե Խռոյանի հետ:

-Բժշկուհի՛, ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը:

 -Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի՝ ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ արյան մեջ առաջացնում է գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Այն քրոնիկական հիպեր­գլի­կեմիայի եւ գլյուկոզուրիայի կլինիկական համախտանիշ է, որը հան­գեց­նում է նյութափոխանակության խանգարման, անոթների ախտա­հար­ման (տարատեսակ անգիոպաթիաներ), նեյրոպաթիաների, տարբեր օր­գան­ների եւ հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների։ Սակայն արդեն իսկ ապացուցված է, որ վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխարգելել այս հիվանդության բարդությունների առաջացումը:

 -Վերջին տարվա աշխատանքային փորձը ի՞նչ ցույց տվեց, շաքարային դիաբետ ունեցող անձինք ինչո՞ւ են կորոնավիրուսային հիվանդության դեպքում խոցելի խումբ համարվում։

-Քանի որ շաքարային դիաբետի ժամանակ դիտվող հիպերգլիկեմիան բերում է իմունային  համակարգի ընկճման (ինչպես բջջային, այնպես էլ` հումորալ), բացի այդ, դիտվում է հակաօքսիդանտային պաշտպանության իջեցում, մի շարք հարուցիչների վիրուսայնությունը  բարձրանում է, եւ դրանք ավելի խոցելի են դարձնում դիաբետով պացիենտներին: Էլ չասած, որ նրանց մեծ մասը մինչ կորոնավիրուսով հիվանդանալն արդեն ունի տարատեսակ բարդություններ` նեյրոպաթիա, միկրո եւ մակրո անգիոպաթիաներ:

-Վահանաձեւ գեղձի հիվանդության ի՞նչ տեսակներ կան: 

-Խպիպ (գեղձի մեծացում), հիպոթիրեոզ (թերֆունկցիա)` սուբկլինիկական մանիֆեստ, հիպերթիրեոզ (գերֆունկցիա), թիրեոիդիտներ (բորբոքային հիվանդություններ), նորագոյացություններ:

-Հիվանդությունը, շատերի կարծիքով, ավելի շատ հիմա տարածված է կանանց շրջանում: Իրո՞ք այդպես է:  

-Ցավով պիտի նշեմ, որ կանայք 7-10, իսկ աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում՝ մինչեւ 15 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն ուղեկցվում են որոշակի գանգատներով եւ դրսեւորումներով, ինչը ստիպում է քաղաքացիներին դիմել բժշկի, ապա վահանաձեւ գեղձի հանգույցների զարգացման պարագայում գանգատներ գրեթե չեն լինում, եւ  հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ, երբ հիվանդն անցնում է պրոֆիլակտիկ բուժզննում:

Վերջին շրջանում, կապված կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ, հաճախացել են վիրուսային ծագման ախտահարումները` ենթասուր թիրեոիդիտի տեսքով, երբ դիտվում է ուժեղ ցավ պարանոցի շրջանում, որը ճառագայթում է դեպի ստորին ծնոտ, ականջներ, ծոծրակի շրջան: Դիտվում են նաեւ ընդհանուր ինտոքսիկացիոն երեւույթներ, ջերմության բարձրացում: Եվ շատ հաճախ այդ հիվանդները դիմում են քիթ-կոկորդ-ականջաբանին, իսկ էնդոկրինոլոգներին, ցավոք, ավելի ուշ են դիմում:

-Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումը կարո՞ղ է հանգեցնել գիրացման:

-Այո, գոյություն ունի ուղիղ համեմատական կապ հիպոթիրեոզի եւ գիրացման միջեւ: Իսկ հիպերթիրեոզի դեպքում դիտվում է քաշի անկում` պայմանավորված թիրեոիդ հորմոնների կատաբոլիկ ազդեցությամբ:

-Առիթից օգտվելով ՝ ի՞նչ խնդիր կուզենայիք բարձրացնել։

-Ցավոք, պիտի նշեմ, որ հայերիս մոտ ընդունված չէ հետեւել մեր առողջությանը մինչ հիվանդության զարգացումը, չնայած դիաբետի դեպքում պոլիկլինիկաներում գործում է սքրինինգային ծրագիրը, որն ուղղված է դիաբետի վաղ ախտորոշմանն ու բարդությունների կանխարգելմանը, հատկապես, եթե պացիենտը պատկանում է ռիսկի բարձր խմբին:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես կանանց, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ, որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը: Եղեք առողջ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր