ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է

Որքան գայթակղիչ է ճերմակ խալաթը, նույնքան էլ պարտավորեցնող եւ դժվարին է բժշկի աշխատանքը, որը բազմակի անգամ ավելի շատ մարդասիրություն, համբերություն ու բարություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն: http://bestgroup.am/ կաjքի զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ,  «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածության, քաղցկեղի տեսակների, բուժման արդյունավետ մեթոդների շուրջ:

-Պարո՛ն Վարժապետյան, որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:
-Մեր երկրի բնակչության շուրջ կեսը տառապում է վահանաձեւ գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե, բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն, այնուամենայնիվ, վահանաձեւ գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ է, հետեւաբար, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

Բավականին տարածված են նաեւ հարվահանաձեւ գեղձի հիվանդությունները: Հիպոպարաթիրեոզի (հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի) հիմնական պատճառը նրանց վնասումը կամ հեռացումն է վահանաձեւ գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով, երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ ու ցնցումներ:

Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների եւ խանգարումների բուժումը: Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման, որը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ եւ  չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների (ադրենալինի եւ նորադրենալինի) քանակի կտրուկ ու անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, «բուժման չենթարկվող» բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղեստամոքսային ուղու տարբեր խանգարումներ եւ այլն:

-Չարորակ ուռուցքներով ախտահարումը «երիտասարդացե՞լ» է:

-Ցավով պետք է նշեմ, որ վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է: Եթե այն նախկինում արձանագրվում էր ավելի շատ մեծահասակների մոտ, ապա վերջին 4-5 տարվա ընթացքում վահանաձեւ գեղձի հիվանդություններ հայտնաբերվում է նույնիսկ 14 տարեկանների մոտ: Իսկ դրանց նպաստող գործոններ են ժառանգականությունը, ինչպես նաեւ այս ինտերնետային դարում ճառագայթային ֆոնի բարձրացումը, որը մենք հստակ նկատում ենք հեռախոսների հետ ինտեսիվ շփման դեպքում: Միջազգային վիճակագրության համաձայն, վահանաձեւ գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Դրանք ունենում են  մասնագիտացված, դիֆերենցված ձեւեր, երբ ուռուցքային բջիջները «հիշում են», թե որ բջիջներից են սկիզբ առել:  Դիֆերենցված՝ պապիլյար եւ ֆուլիկուլյար ձեւերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար,  քիչ են չդիֆերենցված ձեւերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի  ամենասարսափելի  տեսակն են. արագ աճ են արձանագրում եւ անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքում արձանագրվում է մահ:

-Իսկ ի՞նչ կասեք մեդուլյար քաղցկեղի մասին:

-Մեդուլյար քաղցկեղն  առաջանում է  C բջիջներից, որոնք համարվում են «ոչ տեղացի» բջիջներ վահանաձեւ գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե վահանագեղձի հորմոններ,  այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, եւ նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք  հեռացնում ենք ե՛ւ վահանաձեւ գեղձը,  ե՛ւ լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք  հիվանդության  կրկնվելու հավանականությունը: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ  75-85 %  է:

-Ինվազիվ վիրահատական միջամտությունը մեդուլյար քաղցկեղի դեպքում կիրառելի՞ է:

-Մեդուլյար քաղցկեղի դեպքում դա բացառվում է. մենք պետք է արմատապես հեռացնենք այդ ուռուցքը, քանի որ նժարի վրա դրված է պացինետի ապրել-չապրելու հարցը:

-Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող «Աստղիկ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:

-Մեր ծառայությունը հիմնականում իրականացնում է վահանաձեւ, հարվահանաձեւ գեղձերի եւ մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում նորագույն եղանակների ու սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը, կրճատվել՝  ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները: Ախտորոշման ժամանակակից  մեթոդները զգալիորեն բարելավվել են, եւ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձեւ գեղձի այլ հիվանդությունները։  Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական  ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի (որի անդամն եմ նաեւ ես), ռուսական էնդոկրին վիրաբույժների  ասոցիացիայի  ուղեցույցերով: Իրականացնում ենք  բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձեւ կտրվածքի միջոցով, կիրառում ենք նաեւ նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ: Բուժօգնության մեջ  օգտագործում ենք նաեւ բուժման նվազ ինվազիվ, ոչ վիրահատական մեթոդներ, մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ…

–Պարո՛ն Վարժապետյան,  ինչպիսի՞ ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի:
– Ախտանիշները տարբեր են: Ինչպես նշեցի, վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդն անհրաժեշտություն է, եւ  դրա պակասը կամ ավելցուկը կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ։ Եթե, օրինակ, յոդի պակասի  պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, գեղձն իր ծավալով մեծանում եւ առաջացնում  է սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնանալիս, լարված իրավիճակներում: Վահանաձեւ գեղձի ծավալը մեծանում է, այն սեղմում է շնչափողը եւ հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ,  սուր, նոպայաձեւ կամ  խեղդող հազ: Եթե, ծավալային փոփոխությունից բացի, փոխվում է նաեւ գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է  սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաեւ ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:
Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, ու հիվանդը որեւէ գանգատ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:

-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ի՞նչ կասեք բժշկության ոլորտը որպես մասնագիտություն ընտրած սերնդի մասին:

-Ես շատ հպարտ եմ մեր երիտասարդ սերնդով. նրանք խոստումնակից են: Եվ ես վստահ եմ, որ մեր բժշկության ապագան ապահով ձեռքերում է լինելու:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Ցանկանում եմ մեր հասարակությանը հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգեւին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: Կյանքը մեծագույն պարգեւ է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձեւն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարեւոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր