Print this page
Ելենա Մալայան Featured

Ելենա Մալայան Featured

(0 votes)
There is no translation available.

Ելենա Մալայան, ում շնորհիվ այսօր  Հայաստանում էքսիմեր լազերային վիրաբուժության ոլորտը կայացել ու զարգանում է

Այսօր Հայաստանն այն երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած մեծ և խոստումնալից ձեռքբերումներով:

Բոլորիս հայտնի Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է դեռևս 1978 թ.-ին՝  կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի և նրա որդի Ալեքսանդր Սերգեյի Մալայանի անմիջական նախաձեռնությամբ: Ներկայումս այն բազմապրոֆիլ ակնաբուժական ամենամեծ կենտրոնն է` հագեցած գերժամանակակից սարքավորումներով, որտեղ իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան  վիրահատական միջամտություններ:

 Կենտրոնը միջազգային գիտական կոնֆերասներում բազմիցս ներկայացրել է կլինիկայի ձեռքբերումները և փորձը՝ բարձր պահելով հայ ակնաբույժների համբավը:

Կենտրոնի նվիրյալ մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է աշխարհի առաջատար երկրներում, իրականացրել բարդագույն միջամտություններ` մարդկանց վերադարձնելով ամենաթանկը` աչքի լույսը:

Այդ նվիրյալներից է նաև մեր զրուցակից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը, ով առաջինն է Հայաստանում  իրականացրել էքսիմեր լազերային վիրահատություններ և մինչ օրս մեծ նվիրումով շարունակում է իր  գործը, բժշկուհի, ում ավանդը և նվիրումը ահռելի է Հայաստանում այդ ոլորտի կայացման և զարգացման գործում:

Նրա երկար  տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես արժանի է մեծ գնահատանքի: Նրա բազմամյա վաստակը ու ջանասիրությունը  ակնաբուժության մեջ  օրինակ է շատ-շատերի համար:

Ելենա Մալայանը այն ակնաբույժներից է, որի գործունեության շնորհիվ Հայաստանի ակնաբուժության անունն իր ուրույն ներկայությունն ունի աշխարհի տարբեր անկյուններում։ Կին, որի կենսագրության յուրաքանչյուր էջում նվաճում է արձանագրված: Երբ կոչումն ու նվիրումը միաձուլված են, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ  տեղայնացվեց միջազգային փորձը, և  այսօր հարյուրավոր անհատներ գտնում են առողջացման ճանապարհը:​                                                                                                                                         

 -Բժշկուհի, Մալայան գերդաստանի անունը վաղուց արդեն Հայաստանում ակնաբուժության մեջ գրանցված հաղթանակների, կյանքի որակն ապահովող նորարարությունների հետ է կապված։ Կխոսե՞ք մինչ օրս Ձեր անցած ուղու մասին։   Տեղյակ ենք, որ առաջինն էիք  Հայաստանում  էքսիմեր լազերային վիրաբուժության ոլորտում։ Կմանրամասնե՞ք, թե ինչ ճանապարհ պահանջվեց այդ մեթոդի ներդրման համար։

-Անհամեստություն թող չթվա, այո՛, Մալայան գերդաստանի ավանդը և նվիրումը հայկական ակնաբուժության մեջ անուրանալի է:

Նշեմ, որ Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է  պապիկիս՝ Սերգեյ Վարդանի Մալայանի և հայրիկիս՝ Ալեքսանդր Սերգեյի Մալայանի անմիջական նախաձեռնությամբ: 

Ս. Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ստեղծման հիմքում Սերգեյ Մալայանի գաղափարն էր, որ Հայաստանում պետք է լինի մեծ մասնագիտացված ակնաբուժական կենտրոն, և այդ գաղափարի իրագործման մեջ մեծ ներդրում է ունեցել այդ տարիների ՀՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանը, որն այդ գաղափարը մեծ խանդավառությամբ է ընդունել,  և իրենց միահամուռ ուժերով ստեղծվել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը։

Ավաղ, պապիկս կարճ ժամանակահատված` մոտավորապես 5-6 ամիս աշխատեց կլինիկայում, ով մահացավ բավականին երիտասարդ տարիքում, և հայրս շարունակեց նրա գործը։ Հավելեմ, որ արդի ակնաբուժության, հատկապես` միկրովիրաբուժության,  հիմնադիրը  եղել է Ալեքսանդր Մալայանը, և այդ տարիներին ահռելի թվով վիրահատություններ են կատարվել կենտրոնում, որոնք մինչ այդ չէին կատարվում մեր երկրում, և մարդիկ ստիպված արտերկրում էին  վիրահատվում։ Իսկ ինչ վերաբերում է մինչ օրս  իմ անցած ուղուն, միանշանակ դժվար և պատասխանատու էր այդ գործը շարունակելը` պահպանելով ու զարգացնելով արդեն ստեղծվածը: Բայց իմ ճանապարհը մի փոքր այլ կերպ ընթացավ. 2001 թվականին, երբ ավարտեցի ակնաբուժության օրդինատուրան, այդ տարիներին Ավագյան բժշկական կենտրոնում ներդրվեց էքսիմեր լազերային սարքը, երևի թե, միակն էր ակնաբուժության մեջ, որ Հայաստանում չէր իրականացվում,  և հայրս շատ պնդեց, որ ես գնամ այդ ուղղությամբ: Ես ընտրեցի այդ ուղին` գիտակցելով, որ դժվարին ճանապարհ պիտի անցնեմ:  Ամեն դեպքում ընտրեցի այդ նեղ մասնագիտացումը, և փառք Աստծո, մինչ օրս  չեմ երկմտել իմ ընտրության մեջ և շնորհակալ եմ հորս այդ ուղղորդման համար:  Առաջին անգամ Հայաստանում ես կատարեցի այդ վիրահատությունը, որը լայն տարածում ստացավ:  Իհարկե  դժվար էր այդ վիրահատության նոր մեթոդը կիրառելի ու ընդունելի դարձնելը, քանզի հիմնականում երիտասարդ մասնագետներ էին վիրահատական միջամտության մեջ ներգրավվում, և շատ ժամանակ, այո, իմ երիտասարդ լինելու փաստը  այդ վիրահատության  հանդեպ  անվստահություն էր ստեղծում, և ձգտում էին արտերկրում իրականացնել այն։  Դժվար էր ինձ համար այդ ճանապարհն անցնելը, և շատ կարևոր է կլինիկայի բուժանձնակազմի աջակցությունն ինձ, և այսօր այդ մեթոդի ճանաչելիության համար մեծ ավանդ ունի Ս. Մալյանի անվան ակնաբուժական կենտրոնը։ 2006 թվականին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեռք բերեց առաջին լազերային սարքը, և ես իմ աշխատանքային գործունեությունը շարունակեցի միայն այս կենտրոնում։ Լազերային վիրաբուժությունը, չեմ կարող ասել, բարդագույն վիրաբուժության տեսակ է, քանի որ  դրա մեջ շատ մեծ տեղ ունի տեխնիկական նորարական սարքավորումների հագեցվածությունը, ինչպես նաև նոր մեթոդների ներդրումը: 4-5 տարին մեկ թարմացվում են սարքավորումները: Կան նոր մոտեցումներ  լազերային վիրահատության մեջ. այսինքն, եթե տարիներ առաջ, երբ չէինք կարող վիրահատել բարձր կարճատեսություն և հեռատեսություն ունեցող բուժառուների բարդացած տեսակները, այսօր, ի ուրախություն մեզ,  արդի տեխնիկական հագեցվածության շնորհիվ դա հնարավոր է իրագործել։ Բնականաբար պետք է բժիշկը տիրապետի նորարական բուժմոտեցումներին և մեթոդներին` մշտապես լինելով նորարարությունների զարկերակին` մասնակցելով  կոնֆերանսներին և վերապատրաստման դասընթացներին։ Այսօր կիրառության մեջ են լազերային վիրահատության միջոցով շտկման 3 տեսակ, և  շատ հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ  մերժում ենք և հակացուցում  բուժառուներին վիրահատել: Դա լինում է այն դեպքերում, երբ  ուղեկցվող այլ խնդիր է առկա աչքում։ Մեր հնարավորություններն այսօր բավականին ծավալուն են: Տարիների ընթացքում հասկացա, որ ես ինձ ավելի լիրաժեք եմ զգում  էքստրիմ էքսիմեր լազերային վիրաբուժության մեջ` կատարելով կերակոտունուսի բոլոր տեսակների վիրահատական բուժում, ինչն առկա է արդի ակնաբուժության մեջ: Նաև  իրականացնում եմ  բարդագույն փոխպատվաստումներ:

-Բժշկուհի, կխնդրենք խոսեք լազերային կորեկցիայի ցուցումների և հակացուցումների մասին։

- Որպես առաջին ցուցում, դա իհարկե բուժառուի ցանկությունն է ազատվել ակնոց կրելուց, այսինքն` չկա մոտեցում, որ ցածր կարճատեսության դեպքում պետք չէ վիրահատվել, բարձրի դեպքում պետք է։ Նույնիսկ փոքր կարճատեսության դեպքում, եթե մարդը չի ուզում նույնիսկ -1 ակնոց կրել, մենք կարող ենք վիրահատել, եթե իհարկե չկա հակացուցում, այսինքն` այդ նպատակով առաջին քայլը, որը պետք է բուժառուն անի, անցնի հետազոտություններ, և եթե արդյունքում չկա հակացուցում, ապա կարելի է վիրահատել ցանկացած աստիճանի կարճատեսության և հեռատեսության դեպքում։

-Ո՞րն է լազերային կորեկցիայի ամենաօպտիմալ տարիքը։

- Վիրահատության ամենաօպտիմալ տարիքային շեմը հիմնականում 18-50 տարեկանն է, իհարկե կարող են լինել բացառություններ։ Տարիքային շեմը պայմանավորված է նրանով, որ 18-19 տարիքում արդեն գրեթե հիմնականում աճող չի լինում խնդիրը, եթե ավելի երիտասարդ տարիքում հատկապես կարճատեսությունը աճելու միտում ունի, իհարկե ցանկալի է սպասել մի քիչ դադարի, նոր դիմել վիրահատական միջամտության, իսկ վերին շեմը պայմանավորված է նրանով, որ ակնաբուժության զարգացման հետ մեկտեղ այսօր կա նաև բավականին արդյունավետ մեթոդ ոսպնյակը փոխելու համար, այսինքն ռեֆրակցիոն կատարակտի  վիրահատություն, որն արվում է հենց այն նպատակով, որպեսզի բուժառուն չկրի ակնոց` ոչ մոտիկ և ոչ հեռու հեռավորության համար։

-Ի՞նչ է  Lastik միջամտությունը, և ո՞ր դեպքում է այն ցուցված։

-Lastik միջամտությունը վերը նշված այդ 3 մեթոդներից մեկն է, և երևի թե` ամենակիրառելին, քանզի այն ունի բարձր ակտիվություն և հետվիրահատական արագ ապաքինում. բուժառուն կարող է վիրահատությունից  մի քանի ժամ հետո կամ մեկ  օր անց  վերադառնալ իր առօրյա կյանքին, առանց ինչ-որ սահմանափակումների։ Ցուցումներից մեկը 4-5 աստիճանից բարձր կարճատեսության դեպքն է, բայց հաճախ  բուժառուի ցանկության հետ է կապված, երբ ցանկանում են արագ ապաքինում կամ պատրաստվում են երկրից մեկնել։ Ունենք շատ բուժառուներ նաև արտերկրից , ովքեր ցանկանում են մեզ մոտ վիրահատվել։

-Տեղյակ ենք, որ մի շարք գիտական հոդվածների հեղինակ եք: Ի՞նչ թեմաներ են դրանք ընդգրկում։

-Գիտական հոդվածները ուղղված են լազերային վիրահատություններին, կերատոկոնուսի բուժմանը, հիմնականում մշակում ենք մեր իրականացրած գործունեությունը և մեզ համար էլ շատ բաներ ենք տեսնում` ամենօրյա աշխատանքը վերլուծելով վերանայում ենք, թե ինչ արդյունքներ ենք ունեցել` դրական և, ցավոք, հնարավոր է ոչ դրական դեպքերով: Եվ այդ ամբողջն ամփոփելով` դրանք ներկայացվում են հոդվածների և զեկուցումների տեսքով:

-Ի՞նչ է քրոսսլինքինգ միջամտությունը, և ինչ տեսակներ կան։

 -Այն այսօր համարվում է ոսկե ստանդարտ կերակոտունուսը բուժելու և հետագա բարդացումները կանխարգելելու  համար։ Այն վիրահատության տեսակ չէ, այլ ֆիզոթերապիայի նման միջոց է, և կրկին բավականին մեծ քայլ է ակնաբուժության մեջ, քանի որ կերատոկոնուսը բավականին լայն տարածում ունի Հայաստանում և հաճախ  երիտասարդ տարիքային շեմում է ի հայտ գալիս։ Նպատակը կերատոկոնուսի զարգացումը կանխելն է, հակառակ դեպքում հիվանդությունը  շատ հաճախ ունենում է բավականին ագրեսիվ ընթացք, և ի վերջո, արդեն ծայրահեղ փուլերում ստիպված ենք լինում կատարել բավականին լուրջ վիրահատություն` փոխպատվաստում, իհարկե ցանկալի չէ, որ հասնի դրան, և դրա դեմ առաջին քայլը քրոսլինքինգն է։ Այն իրենից ներկայացնում է բավականին պարզ միջամտություն` կաթիլի կիրառում և եղջերաթաղանթի ուլտրամանուշակագույն ճառագայթով մշակում,  որպեսզի եղջերաթաղանթը կարծրանա, քանի որ կերակոտոնուսի ժամանակ եղջերաթաղանթը, կոպիտ ասած, մաշվում է, բարակում և թուլանում` փոխելով իր անատոմիական կառուցվածքը, դառնալով կոնաձև: Եվ այդ բուժառուները արդյունքում շատ դժվարությամբ են հարմարվում ակնոցի և լինզայի կրմանը, որոնք բուժում չեն կարող համարվել, քանի որ եղջերաթաղանթը շարունակվում է ենթարկվել փոփոխությունների։ Բավականին արդյունավետ բուժմոտեցում է, և կարող եմ հավելել, որ 2010-2011թթ. սկսած այն կիրառության մեջ է մտնել Հայաստանում, և գրեթե չի եղել դեպք, որ դրա արդյունավետությունը չտեսնենք: Այսինքն, շատ դեպքերում  արձանագրվում են դրական փոփոխություններ` թե՛ հիվանդության աստիճանի և թե՛ տեսողության տեսանկյունից: Երևի թե, 1-2 դեպք է եղել, որ ստիպված դիմել ենք փոխպատվաստման օգնությանը, այն էլ` ծայրահեղ դեպքերում` չիմանալով արդյունավետ կլինի, թե՝ ոչ։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողներին:

 -Մեր երկրին առաջնահերթ խաղաղություն եմ մաղթում  և ապահովություն, որից կախված շատ հարցեր արդեն իրենց ուրվագիծը կունենան։ Առողջ լինելու առումով, բոլորին կհորդորեի տարին գոնե մեկ անգամ հետազոտություն անցնել` նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, քանզի հիվանդության՝ վաղ փուլերում հայտնաբերումը, բնականաբար, ավելի կհեշտացնի խնդրի կանխարգելումը: Պետք է վստահել և հավատով լցվել  բժիշկների հանդեպ, քանզի դա  բուժման հաջողության գրավականն է։ Հարգալից լինել մեկը մյուսի հանդեպ, բժիշկ-բուժառու հարաբերակցության մեջ պահպանվեն էթիկայի կանոնները։ Իրականում, երբ  շփումը չի ստացվում, մոտեցման սահմանները չեն գտնվում,  ինչքան էլ բուժառուն գիտակցի, որ բուժող բժիշկը իր ոլորտում բավականին փորձառու է, մեծ համբավ ունի և հարգանքի արժանի բժիշկ է, վստահ եղեք,  բուժման դրական ընթացք չի կարող ստացվել։ Ցանկությունս մեկն է, որ  հայ ազգը ապրի և արարի իր երկրում, իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, քանզի երբ հոգին հանգիստ է,  դրականով լեցուն , ցանկացած խնդիր հաղթահարելի է: Առողջ եղե՛ք։

          

Image Gallery