Պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք
Հայաստանում այսօր ինվազիվ սրտաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, նկատելիորեն արագ է զարգանում` թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց ինչպես բժշկության ցանկացած ճյուղ, այնպես էլ սրտաբանությունը, անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի, ոչինչ չանելով, սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես նոր ուղիներ փնտրել` նորանոր բարձունքների հասնելու համար: Մեր զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, ահռելի ծավալուն աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստում է Հայաստանի ինվազիվ սրտաբանության զարգացմանը։ Անցնելով մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և բժշկագիտության մեջ մեծ փորձ կուտակելով՝ ինվազիվ սրտաբանության մեջ ներկայանում է իր ուրույն ձեռագրով ու մարդասիրական ազնիվ մղումներով: Ու թեև լուռ է իր աշխատանքում, բայց հասարակությունը լավ գիտի նրա մարդ տեսակի ու անմնացորդ նվիրման մասին:
-Բժիշկ, արդյո՞ք կորոնարոգրաֆիան (զոնդավորումը) բուժական միջամտություն է։
-Ոչ, այն ախտորոշիչ հետազոտություն է, որի միջոցով հնարավորություն ենք ունենում տեսնել սրտի պսակաձև զարկերակների անցանելիությունը, գնահատել դրա աստիճանը։ Հետևաբար, այն միայն ախտորոշիչ հետազոտություն է համարվում։
-Արդյո՞ք հնարավոր է կանխել ինֆարկտը, եթե ուշադրություն դարձնենք առկա գանգատներին։
-Հիմնականում հնարավոր է կանխել. ես հաճախ եմ ասում, որ 21-րդ դարում, գիտության ձեռքբերումների այսպիսի պայմաններում աբսուրդի ժանրից է, եթե ինֆարկտ է գրանցվում, քանզի այսօր լայն են հնարավորությունները` հետազոտություններ անցնելու, որի համար շատ բան պետք չէ. ուղղակի պետք է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով, մարմնամարզությամբ, հետևել սննդակարգին` հրաժարվելով կենդանական ճարպից, յուղոտ սննդից և ավելի շատ օգտագործել բանջարեղենային սնունդ: Իսկ եթե կան ուղեկցող առողջական խնդիրներ, օրինակ` զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, հիպերխոլեստերինեմիա` խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ, որոնք գոնե դեղորայքային միջոցներով կարգավորելի են, ապա ռիսկի գործոնները նվազեցնելով` կարող ենք բարելավել կյանքի որակն ու ապրելության մակարդակը։
-Ո՞ր դեպքերում է ցուցվում ստենտավորումը։ Ստեստավորման ի՞նչ տեսակներ կան։ -Ստենտավորումը հիմնվում է միմիայն կորոնարոգրաֆիայի տվյալների հիման վրա։ 75 տոկոս և ավել խցանումները ստենտավորման համար համարվում են պլանային ցուցում, իսկ 85-90 տոկոս և ավել դեպքերում հրատապ ցուցում։ Բայց գոյություն ունի մոխրագույն զոնա, երբ հաճախ 50-70 տոկոս դեպքերում կողմնորոշվել չի լինում` ստենտավորում կատարել, թե՝ ոչ։ Եվ այդ ժամանակ օգնության են գալիս հավելյալ հետազոտությունները:
-Տեղյակ ենք որ ձեր բժշկական կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նոր սերնդի անգիոգրաֆ սարքը։ Ի՞նչ նոր հնարավորություն է ընձեռում սարքը`ինվազիվ մեթոդներն առավել արդյունավետ դարձնելու։
-Այո, այս սարքի միջոցով ունենք հնարավորություն գնահատել անոթի ոչ միայն անատոմիական նեղացումը, այլ նաև ֆիզիոլոգիան։ Այսինքն` այդ 65 տոկոս նեղացումը պոտենցիալ ինֆարկտածին է, թե՝ ոչ։ Ամեն սարք չունի այդպիսի հնարավորություն. Այսինքն` ճնշում չափող ուղելարի միջոցով գնահատում ենք նեղացումից առաջ և հետո ճնշումների մակարդակը և հարաբերության միջակայքը, ապա որոշվում է` միջանկյալ մոխրագույն զոնայում անհրաժեշտ է ստենտատորել, թե` ոչ։ Հիմնական առավելություններից մեկը դա է։ Մեզ համար առավելություն կարող է համարվել ճառագայթման քիչ դոզան. ինչպես հիվանդն է քիչ ճառագայթվում, այնպես էլ մենք` բժիշկներս, քանզի մենք օրական 5-6 նման վիրահատություններ ենք իրականացնում, որի դեպքում ճառագայթային ինտենսիվությունը բավականին բարձր է։
Պատկերների տեսանելիության որակը շատ կարևոր է մեզ համար, քանզի պետք է տեսնենք հստակ պատկեր և ճշգրիտ գնահատենք անոթի նեղացման աստիճանը: Այս գերժամանակակից սարքի օգնությամբ շատ մեծ հնարավորություններ են ընձեռվում։
-Ստենտը տեղաշարժվելու հատկություն ո՞ւնի։ Մի՞ֆ, թե՞ իրականություն։
-Իրականում ստենտը չի կարող տեղաշարժվել, մի դեպքում կարող է տեղաշարժվել, ընդ որում` վերջին սերնդի ստենտներին դա չի առնչվում, երբ նոր ստենտավորված բուժառուն անցնում է ՄՌՏ հետազոտություն` 1,5 տեսլա և ավել բարձր հզորության ՄՌՏ սարքերով, և այդ մագնիսական դաշտը նոր տեղադրված ստենտը կարողանում է փափկեցնել ու թուլացնել, և արդյունքում հնարավոր է ինչ-որ տեղաշարժ լինել։ Իսկ մնացյալ դեպքերում` հազալուց, կտրուկ շարժումներից բացառվում է, որ ստենտը տեղաշարժվի։
-Եղանակի փոփոխությունն իր ազդեցությունն ունենո՞ւմ է նախկինում սրտամկանի ինֆարկտ տարած կամ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց գանգատների սրացման վրա։
-Այո, եղանակային սրացումներ նկատվում են աշնան և գարնան ամիսների մեկնարկների ժամանակ, կարելի է ասել` գարնան սկզբին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իհարկե, ոչ միայն իրենց մոտ, այլ նաև բոլորի մոտ եղանակային փոփոխությունները կարող են ազդել, բայց հատկապես սրտային անբավարարությամբ տառապող մարդկանց մոտ հևոցներն են սկսում հաճախանալ, ոտքերի այտուցվածությունը, և հաճախակի հոսպիտալացվում են ստացիոնար բուժում ստանալու համար` ելնելով եղանակային փոփոխությունների բացասական ազդեցությունից, քանզի օրգանիզմի ռեզերվները սկսում են աստիճանաբար սպառվել և հյուծվել, իսկ ամռան ամիսներին հիմնականում նկատելի չեն լինում նման փոփոխությունները: Թեև ամռան ամիսներին էլ այլ հակումներ կան` նկատվում է հիպոտոնիա, ճնշման մակարդակի հաճախակի անկում: Եվ այն բուժառուները, որոնք դեղամիջոցները ընդունում էին նախկինում գարնան ամիսներին, նույն դոզայով խմելով ամռանը, գրանցվում է ցածր ճնշում, որը բերում է թուլություն, հոգնածության զգացում: Այդ դեպքում բարձր ճնշում ունեցողների համար պետք է դեղորայքը վերանայել ամռան ամիսների համար, որպեսզի շատ անկումներ չգրանցվեն, որը կարող է հասցնել ընդհուպ ուշագնացության։
-Ինչպե՞ս վերահսկել և կանխարգելել սրտային խնդիրները հղիության շրջանում՝ ապահովելով ինչպես մայրիկի, այնպես էլ փոքրիկի առողջությունը:
-Դա բավականին լայն թեմա է, ուղղակի այս պահին մի քանի հիմնական նկատառումներ կասեմ. հղիների մոտ սրտի արագ աշխատանքը պաթոլոգիա չէ։ Դա նորմալ երեւույթ է: Երկրորդը զարկերակային ճնշման երբեմն բարձրացումները, իհարկե ենթադրելի սահմաններում, նույնպես պաթոլոգիա չէ, քանզի հղիության ընթացքում շրջանառվող արյան ծավալն է զգալի մեծանում, և դա հավելյալ բեռ կարող է լինել սրտի համար` ծանրաբեռնվածության առումով։ Իհարկե առիթմիաներն են երբեմն գլուխ բարձրացնում, և կա խիստ, քիչ սահմանափակ թվով դեղորայք, որ հնարավոր է հղիների համար դուրս գրել, որպեսզի պտղի վրա չունենան արատածին ազդեցություն: Ուղղակի իմ խորհուրդն է` չդիմել ինքնաբուժության, կամ հարևան-բարեկամի ուղղորդմամբ ոչ մասնագիտական խորհուրդներով դեղորայք ընդունել: Հատկապես` հղիները, քանզի այս դեպքում գործ ունենք մարդկային երկու կյանքերի հետ։ Ցանկացած խնդրի և գանգատի դեպքում` սրտխփոց, հևոցի շատացում, զարկերակային ճնշման մակարդակի հաճախի բարձրացում, միանշանակ պետք է դիմել սրտաբանին։
-Ի՞նչ վտանգների մասին է խոսում ստորին վերջույթների այտուցը։
-Բազմաթիվ են պատճառահետևանքները, բայց որպես սրտաբան կասեմ, որ դա հաճախ նկատվում սրտային անբավարարության փուլում, երբ որ ինչ-ինչ պատճառներով` դա կլինի ինֆարկտ, թե ինչ-որ բնածին սրտի արատ, կամ սրտի փականների հիվանդություններ, որոնք բերում են սրտի պոմպային ֆունկցիայի վատթարացում: Այսինքն` սիրտը սկսում է արյունը թույլ մղել ամբողջ օրգանիզմով, և տեղի է ունենում արյան կուտակում ստորին վերջույթներում, սրտի աջ բաժիններում ճնշման բարձրացում և այլն: Դա կարող է վկայել լուրջ սրտային պաթոլոգիայի, հետինֆարկտային կամ փականային լուրջ անբավարարության մասին: Պատճառը կարող են լինել նաև ոտքերի անոթային համակարգում տեղի ունեցող պաթոլոգիաները, երակային ֆլեբիտները, լայնացումները, վարիկոզ հիվանդությունը, որոշ դեպքերում` նաև լյարդի աշխատանքի ծանր անբավարարությունը: Պատճառաբանությունները բազմազան են, բայց հիմնականում երակային ավազանում վարիկոզ հիվանդությունն է և սրտային անբավարարությունը։
-Պարոն Համբարձումյան, Ձեր մասնագիտական վերապատրաստումները բազմաթիվ են։ Անցած տարի հոկտեմբերի 27-30-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ TCT 2024-ը՝ ամերիկյան ասոցիացիայի ամենահեղինակավոր կոնգրեսներից մեկը, որին մասնակցեցիք նաև Դուք։ Ո՞րն էր ամենամյա այս հանդիպման նպատակը։
-Գիտեք, այդպիսի շփումները նորարական բուժմոտեցումների և նորարարությունների զարկերակի վրա միշտ լինելու մասին չէ, քանզի այսօր արդի համացանցային լայն տարածման պարագայում այդ ամենին կարող ենք հետևել մեր իսկ տեղանքից, կամ առկա բժշկական նորարարությունների էջեր ներբեռնելով ծանոթանալ: Ուղղակի, երբ տեղյակ ես հայաստանյան բժշկությունից, գիտես աշխատանքային կլինիկայի հնարավորությունները, ակամա համեմատական ես անցկացնում համաշխարհային բժշկության մեջ լավագույն աշխատանքների հետ, և շատ հաճախ, ես իմ և մեր կենտրոնի օրինակով կասեմ, խրախուսվում և քաջալերվում ենք, երբ տեսնում ենք, որ տարբերություններն արտերկրի բուժմոտեցումների հետ այդքան էլ մեծ չեն: Իհարկե, նյութատեխնիկական ապահովվածության մասին չէ խոսքը, այլ` մասնագիտական հմտությունների և բուժմոտեցումների։ Երկրորդը, որ բխում է առաջինից, մեր սրտաբանության ակունքներում կանգնած նվիրյալների հետ շփվելով` ստեղծվում են ամուր կապեր` լայն և շարունակական համագործակցության համար: Եվ դրա վառ օրինակն է, որ այս ամսվա ավարտին դարձյալ մեր կենտրոնը ունենալու է 3 հրաշալի օր՝ հուլիսի 21-24-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը կհյուրընկալի իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիին, ով արդեն մեզ ընկեր և բարեկամ է դարձել: Սա նրա 5-րդ այցն է, և ամեն անգամ մենք մի նորարական բուժմոտեցմամբ ենք հանդիպում, որն անընդհատ ռիթմի մեջ է մեզ պահում` զերծ պահելով լճացումից։
-Մայիսի 20-23-ին կայացավ EuroPCR 2025-ը՝ սրտաբանության աշխարհի առաջատար համաժողովը՝ Փարիզի Palais des Congrès-ում, որտեղ միավորվել էին ավելի քան 12,000 մասնակիցներ ամբողջ աշխարհից։ «Բեսթ Լայֆ» ԲԿ-ն ևս մասնակցում էր համաժողովին՝ ի դեմս Կարեն Համբարձումյանի և Ձեզ: Դուք այնտեղ հանդես եկաք մասնագիտական զեկույցով։ Ըստ Ձեզ` նման համաժողովները ի՞նչ են տալիս բժիշկներին։
- Դա փայլուն հարթակ էր` մեր հայկական միտքը ներկայացնելու ևս մեկ անգամ, քանզի իմ զեկույցը իրենից ներկայացնում էր գյուտի նմանվող մի հայտնագործություն, որը բավականին հեշտացնում է, հատկապես խաչմերուկային ստենտավորման ժամանակ, միաժամանակյա ստենտների բացման հարցը, որ ստենտների պլատֆորմները մեկը մյուսին չճնշեն, և չձևափոխվի ստենտը անոթի ներսում: Կցանկանայի ասել, որ այդ զեկույցը ներառելու համար մոտ 1-2 ամիս առաջ ես ուղարկել եմ իրենց, և հանձնաժողովը դրել է քննարկման, իսկ փորձագետների խումբը հաստատել է որպես իրենց ծրագրի մի մաս։ Կարելի է ասել` մրցույթ, էքսպերտների խոշորացույցի տակով անցած տպավորիչ զեկույց էր։
-Կխնդրեինք խոսել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մինչ օրս անցած ուղու մասին:
-Ի սկզբանե բժշկական կենտրոնը սիրտ-անոթային համակարգի հետ առնչվող պաթոլոգիաների խնդրի լուծման համար նախատեսված բուժկենտրոն էր, որտեղ նախկինում իրականցվում էին միայն սրտի հետ առնչվող տարբեր վիրահատական միջամտություններ` սկսած սնենտավորումից մինչև բաց, փակ և առիթմոլոգիական վիրահատություններ: Բայց ժամանակի ընթացքում, քանի որ բուժառուների հոսքը օրի օրի սկսեց ավելի շատանալ, և մենք հայտնաբերում էինք նորանոր խնդիրներ, որոնց լուծումը չէինք կարող այդ պայմաններում տալ (օրինակ` անոթային վիրաբուժությունը լուրջ թիմ էր պահանջում, կամ ուղեկցող խնդիրներից երիկամային անբավարարությունը, որը դիալիզի անհրաժեշտություն էր թելադրում և այլ խնդիրներ), մեզ տեղիք տվեցին մտածելու և ընդլայնելու մեր գործունեությունը: Իսկ այսօր ունենք անոթային վիրաբույժների հաջողված թիմ, որը կատարում են ինչպես բաց, այնպես էլ փակ վիրահատական միջամտություններ քնային, ոտքերի, երիկամների զարկերակների վրա նույն ստենտավորման մեթոդով։ Ունենք նյարդավիրաբուժության ծառայություն, որն այսօր կայացման ընթացք է անցնում և շուրջ 1, 5 տարի է, ինչ բավականին հաջողված վիրահատություններ և բուժման բարեհաջող ելքեր է գրանցում: Ունենք նաև պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայություն, որտեղ նույնպես կատարվում են շատ բարդ վիրահատություններ: Գործում է նաև պոլիկլինիկան, որտեղ հիվանդների հոսքն այնպիսին է, որ շենքային պայմանները թույլ չտվեցին, և բուժկենտրոնի մասնաշենքի չափով շենք կառուցվեց մեր բուժառուների հարմարավետության համար` ստեղծելով հետազոտությունների ավելի լայն սպեկտր։ Հիվանդները, որոնք մեզ մոտ վիրահատվում են, օրինակ` ողնաշարի ճողվածքների դեպքում ունեն սիրտ-անոթային համակարգի ծանր ռիսկ, այսինքն` տարել են ինֆարկտներ, սրտի վատ կծկողականություն և այլն, նրանց պետք պրոֆեսիոնալ թիմ համատեղ աշխատանքի համար: Դա կոչվում է մուլտիդիցիպլինար մոտեցում, երբ տարբեր ոլորտների նեղ մասնագետները կարծիքներով փոխանակվում են և հորդորում` ինչ կետերի վրա ուշադրությունը սևեռեն։ Այսինքն` մեր կենտրոնում բոլոր նեղ մասնագետները մեկ տեղում են համախմբված, որի արդյունքում բուժառուն է շահում` թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական առումով։
-Եվ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։
-Հետևեք ձեր առողջությանը, բայց թող փիլիսոփայական չհնչի` թող մարդիկ իրենց հոգևոր առողջությանն էլ հետամուտ լինեն, քանի որ այն նույնպես առողջ լինելու երաշխիք է: Ստելը, հայհոյելը, նախանձն ու չարախոսությունը իրոք կարող են վնասել ոչ միայն մեր հոգևոր, այլև ֆիզիկական առողջությունը։ Հետևաբար, որպես վերջաբան, կասեմ, որ պետք է ապավինել Աստծուն, պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք: Չէ որ Աստծո խոսքի մեջ էլ նշվում է` մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ։ Առողջ եղեք։