Print this page
Հրաչյա Հարությունյան Featured

Հրաչյա Հարությունյան Featured

(0 votes)
There is no translation available.

«Բժշկության մեջ փոխվում են մոտեցումները և բուժման մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ սկզբունք՝ մասնագիտական պատասխանատվությունը մարդու առողջության հանդեպ»

Ժամանակակից բժշկությունն այսօր շարունակական կրթության, տեխնոլոգիական զարգացման, թիմային աշխատանքի և կյանքի որակի բարելավման ուղղությամբ մեծ զարգացում է ապրում։
Հայաստանում օրթոպեդիայի և էնդոպրոթեզավորման ոլորտում վերջին տասնամյակում նկատելի առաջընթաց է արձանագրվել, և այդ ճանապարհին իր կարևոր տեղն ունի «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկան, որն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը։
Տարիների ընթացքում կենտրոնը ձևավորել է ժամանակակից օրթոպեդիկ ծառայությունների նոր մշակույթ՝ համադրելով միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու բազմապրոֆիլ մասնագիտական մոտեցումը։
Մեր զրուցակիցն է օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու օրթոպեդ-վնասվածքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Փորձառու բժշկի հետ զրույցից բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ: Բժշկի մասնագիտությունը սրընթաց զարգացող մասնագիտություն է, յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հետևել միջազգային փորձին, կիրառել և յուրացնել վերջինիս ձեռքբերումները։ Յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` այն կենսական անհրաժեշտություն է:

-Պարոն Հարությունյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեր կենտրոնի 10-ամյակը՝ մաղթելով շարունակական զարգացում, նոր ձեռքբերումներ և երկար մասնագիտական ճանապարհ։ Կպատմ՞եք, թե ինչպես սկսվեց «Կոկսա» կլինիկայի պատմությունը, և որո՞նք էին դրա զարգացման առանցքային փուլերը։
-Շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների և շնորհավորանքի համար։
Եթե վերադառնանք տասը տարի առաջ մեր անցած հետագծին, ամեն ինչ սկսվեց մեկ գաղափարից՝ ստեղծել օրթոպեդիկ կենտրոն, որը կգործի միջազգային չափանիշներին համապատասխան և կմասնագիտանա էնդոպրոթեզավորման ու բարդ հոդային վիրաբուժության ոլորտում։
Այդ գաղափարը ձևավորվեց մեր բժշկական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ։ Մենք համագործակցեցինք ֆիննական մասնագիտացված կլինիկայի հետ, մեկնեցինք  այնտեղ, մասնակցեցինք վերապատրաստումների, ուսումնասիրեցինք եվրոպական փորձը և փորձեցինք այն ներդնել Հայաստանում։
Իհարկե, սկզբնական շրջանում մեզ համար կարևոր էր հասկանալ, որ հաջող վիրահատությունը միայն վիրաբույժի աշխատանքի արդյունքը չէ։ Ոչ պակաս կարևոր են բուժքույրական ծառայությունը, հետվիրահատական խնամքը, վերականգնողական բուժումն ու կինեզոթերապիան։ Այդ պատճառով վերապատրաստում անցան ոչ միայն բժիշկները, այլ մեր ամբողջ թիմը։
Տարիների ընթացքում կենտրոնը զարգացավ թե՛ տեխնիկական հնարավորությունների, թե՛ մասնագիտական ներուժի տեսանկյունից։
Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ «Կոկսա» կլինիկան  Հայաստանի ճանաչված և վստահելի օրթոպեդիկ կենտրոններից մեկն է։
Մեր գործունեության տիրույթում մենք կիրառում ենք օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ առկա բոլոր նորագույն և ժամանակակից մեթոդները։ Իրականացնելով մի շարք բացառիկ վիրահատություններ՝ մենք փորձում ենք առավելագույնս ներդնել էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումները Հայաստանում։ Խոշոր հոդերի՝ ծնկահոդ, կոնքազդրային հոդ, էնդոպրոթեզավորում, ռեվիզիոն էնդոպրոթեզավորում՝ հնացած, ախտահարված պրոթեզների փոխարինում, արթրոսկոպիա, ուղղիչ օսթեոտոմիաներ՝ դեֆորմացված ոսկրերի և վերջույթների շտկում։
Մենք մշտապես զարկը պահում ենք ոլորտի նորարարություններին, իսկ անդրադառնալով կիրառվող մեթոդներին՝ հարկ է նշել, որ բազմաթիվ են և հիմնականում կապված են վիրահատական մուտքերի, մկանաջիլային պլաստիկաների, էնդոպրոթեզների տեսակների ճիշտ տեղադրման հետ։
Մեր կլինիկայում միայն էնդոպրտեզավորմամբ չենք զբաղվում․ մենք բավականին առաջատարներից մեկն ենք այս ոլորտում, էնդոսկոպիկ, աթրոսկոպիկ վիրաբուժության մեջ կատարվում է սկսած թեթև վիրատական միջամտություններից, այլ նաև մեծ ջլային պլաստիկաներով, ոսկրային դեֆորմացիներով և բավականին մեծ փորձ և առաջընթաց ունենք օստրոսկոպիկ բժշկության մեջ նույնպես։ Ծառայությունն իրականացնում է օրգանապահպան վիրահատություներ: Ունենք մեր բաժանմունքում գրանցված բավականին լուրջ հաջողություններ և բնականաբար տարբեր տեսակի կոտրվածքների բուժում աշխարհի առաջատար կլինիկաների ստանդարտներին համապատասխան չափորշիչներին համահունչ մակարդակի, բնականաբար, մեր հպարտություն է ունենալ էնդոպորտեզավորման մասնագիտացված կենտրոն և տարիներ շարունակ աշխատելով ապացուցել, որ իրավունքը ունենք կրելու նման կենտրոնի համբավը և կոչումը, որի նպատակն է էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումը Հայաստանում:

-Այս տարիների ընթացքում ո՞ր մեթոդներն ու մոտեցումներն են դարձել Ձեր կենտրոնի այցեքարտը։
-Վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կոնքազդրային հոդի դիմային մոտեցմամբ վիրահատություններին, ինչպես նաև ծնկի և կոնքազդրային հոդերի միաժամանակյա երկկողմանի էնդոպրոթեզավորմանը։
Սրանք տեխնիկապես բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և մեծ փորձ։ Այս ուղղությամբ երկար տարիներ աշխատելու արդյունքում այսօր արդեն ունենք զգալի փորձառություն և կայացած արդյունքներ։
Այնուամենայնիվ, վստահ կարող եմ ասել, որ ժամանակակից նվազ ինվազիվ մեթոդները մեր կենտրոնում կիրառվում են լայն ծավալով և բարձր կլինիկական արդյունավետությամբ։
Բացի այդ, զբաղվում ենք նաև բարդագույն դեպքերով՝ ռևիզիոն էնդոպրոթեզավորումներով, ծանր հոդախախտերով և բազմակի վիրահատությունների ենթարկված հոդերի վերականգնմամբ։ Դա դարձել էր մեր բաժանմունքի այցեքարտը, քավ լիցի, չեմ ցանկանում ամպագոռգոռ բառեր ասել, թե մենք մեր տարածաշրջանում միակն ենք ու անկրկնելի։ Բժշկությունը մրցակցային ցուցադրություն չէ։ Այն ամենը, ինչ այսօր անում ենք, ստեղծվել է աշխարհի առաջատար մասնագետների կողմից, իսկ մեր խնդիրը լավագույն փորձը ճիշտ յուրացնելն ու կիրառելն է։
Բայց վստահ եմ, որ մենք բավականին լավ արդյունքներ ենք ապահովում մեր ոլորտում։ Եթե համեմատական վերլուծություն արվի 2 տարի առաջ և այսօր բավական մեծ, եթե ոչ կեսից ավելին գնում ենք օր օրի ավելի նորարարությունների մեթոդների։

-Ինչպե՞ս է հաջողվել ձևավորել վստահելի հեղինակություն և պահպանել բժշկական ծառայությունների բարձր որակը։
-Կարծում եմ՝ հաջողության հիմքում առաջին հերթին համակարգված աշխատանքն ու մասնագիտական կարգապահությունն են։ Բարձր արդյունքի հնարավոր չէ հասնել, եթե ամբողջ թիմը չի աշխատում նույն սկզբունքներով։
Եթե չունես համապատասխան միջավայր, տեխնիկական հագեցվածություն և լավ վիրաբուժական պատրաստված թիմ, նույնիսկ ամենափորձառու վիրաբույժը չի կարող ապահովել ցանկալի արդյունք։
Կարծում եմ՝ լավ վերազինված և կայացած կլինիկայում կարող ես տալ բարդ վիրահատություններին դրական և արդյունավետ արդյունքներ այս մոտեցումն է ձևավորել մեր կենտրոնի հեղինակությունը։

-Այսօր պացիենտներն ավելի տեղեկացված և պահանջկոտ են։ Ի՞նչ ռազմավարական նպատակներ ունեք առաջիկա տարիների համար։
-Այո, այսօր բուժառուներին լրատվական մեդիա դաշտի շնորհիվ դառնում են ավելի տեղեկացված, ուսումնասիրում, համեմատում և ընտրություն կատարել։ Եվ դա, իմ կարծիքով, շատ դրական փոփոխություն է, որովհետև բժիշկներին ևս ստիպում է մշտապես զարգանալ։
Մեր գլխավոր նպատակը նույնն է՝ շարունակել առաջ շարժվել։ Դա նշանակում է անընդհատ սովորել, վերապատրաստվել, հետևել նոր տեխնոլոգիաներին և երբեք չբավարարվել արդեն ունեցած արդյունքներով։ Կարգապահությունը չթուլացնելով ավելի ավելացնել։
Այսօր աշխարհում մեծ զարգացում է ապրում ռոբոտիկ վիրաբուժությունը։ Համոզված եմ և լիահույս, որ մենք ետ չենք մնա նորարարությունների մրցակցային զարկերակիից և ապագան հենց այդ ուղղությամբ է շարժվում, և մենք ևս անում ենք ամեն ինչ ժամանակակից զարգացումներին համընթաց շարժվելու համար։

-Ձեր կարծիքով՝ այս 10 տարիների ընթացքում ի՞նչ ազդեցություն է ունեցել կենտրոնը Հայաստանի օրթոպեդիկ ոլորտի զարգացման վրա։
-Հույս ունեմ, որ կարողացել ենք որոշ չափով նպաստել մասնագիտական մշակույթի և բժշկական եվրոպական ստանդարտների զարգացմանը մեր պարագայում, որը մեր կլինիկայի դեպքում ֆիննական կլինիկայից էր այդ ամեն ինչը ընդունվել և կիրառվել մեր կլինիկայում, և հույսով եմ, որ մեր երկրում էնդոպրոթեզավորման վիրահատական բուժումը մեկ քայլ առաջ է, և խելացի վիրաբույժը բնականաբար տեսնելով լավ արդյունքներ այս ոլորտում ինքն էլ կկիրառի իր պրակտիկայում։
Մենք փորձել ենք Հայաստանում ներդնել եվրոպական բժշկական մոտեցումները՝ հատկապես այն փորձը, որը ստացել ենք ֆիննական գործընկերներից։ Եվ կարծում եմ՝ լավ օրինակը միշտ ունենում է իր ազդեցությունը։
Եթե օրթոպեդիկ ծառայությունների ընդհանուր մակարդակը Հայաստանում թեկուզ փոքր քայլով բարձրացել է, ուրեմն մեր աշխատանքն արդեն արժեք ունի։ Ինչ արդյունավետ բուժմոտեցումներ մենք ավագ սերնդից էլ  ժառանգել, և հպարտ եմ, որ կիրառում ենք մեր պրակտիկայում: «Կոկսա» կլինիկայի անցած ճանապարհը ցույց է տալիս, թե ինչպես կարող են շարունակական կրթությունը, միջազգային փորձի ներդրումը և թիմային աշխատանքը ձևավորել ժամանակակից բժշկական մշակույթ։

-Բժիշկ, արդյո՞ք սոցիալական որոշ խմբեր պետության կողմից ստանում են բժշկական աջակցություն։
-Իհարկե ինչպես մյուս բժշկական կենտրոնները, այնպես էլ մեր կլինիկայում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերն առկա են, և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

-Մի փոքր խոսենք հիվանդությունների մասին։ Ի՞նչ է պոդագրան և արդյո՞ք այն տարիքային շեմ ունի։

-Պոդագրան նյութափոխանակային հիվանդություն է, որի հիմքում միզաթթվի բարձր մակարդակն է։ Սկզբնական փուլերում հիմնականում ախտահարում է մանր հոդերը՝ սկսվելով ոտնաթաթից, որն հետագայում կարող են ընդգրկվել նաև խոշոր հոդերը։ Երկարատև ընթացքի դեպքում զարգանում են հոդերի մաշվածություններ և դեֆորմացիաներ, և այդ փուլում արդեն անհրաժեշտ է օրթոպեդիկ միջամտություն։ Ցավոք սրտի, այսօր նկատելի է, որ նման խնդիրներն էլ են երիտասարդացում  ապրում։

-Ի՞նչ է պլազմոթերապիան, և ինչպե՞ս է այն կիրառվում օրթոպեդիայում։
-Պլազմոթերապիան բավականին բնական և արդյունավետ  կենսաբանական բուժման մեթոդ է, որի հիմքում բուժառուի սեփական արյան մշակումից հետո կիրառվում էր այդ բուժմոտեցման մեջ։ Բուժառուի սեփական արյունը անցնում է տարբեր արագության և ժամկետների մշակում, որից հետո դրանից ստացվում էր տարբեր նյութեր։
Ամենատարածվածը արյունը հատուկ մշակման միջոցով բաժանվում է բաղադրիչների, և  ստացվում է թրոմբոցիտներով հարուստ պլազմա, որը կիրառվում է բուժական նպատակներով։ Այս մեթոդը ևս կիրառվում է կոսմետոլոգիայի, գինեկոլոգիայի և  վիրաբուժության մեջ։ Մեր պրակտիկայում՝ օրթոպեդիայում այն օգտագործվում է ջլակապանայի համակարգի բորբոքային խնդիրների և ներհոդային ներարկումներ վաղ փուլերի մաշվածությունների դեպքում, երբ դեռ հնարավոր է կանխել վիրահատական միջամտությունը։

-Իսկ ի՞նչ է պատելոֆեմորալ ցավային համախտանիշ։ Կմանրամասնե՞ք։ 

-Պատելոֆեմորալ ցավային սինդրոմը թարգմանաբար ծնկոսկր-ազդրային համակցության ցավային համախտանիշն է, ամենատարածված հիվանդություններից մեկը: Առաջին նախադրյալը ծնկոսկրի դրսային տեղակայումն է, երբ  ծնկոսկորը չի աշխատում  ազդրի փոսիկությունից, կոպիտ է, մի քիչ թեքված դեպի դուրս: Այն առաջացնում է ազդրի ծնկոսկրի ցավ, արթրոզ՝ մաշվածություն: Մյուսը ծալքի հաստացումն է. հոդաշապիկի ծալքն այնքան է հաստանում և կոպտանում, որ ընկնում է ծնկոսկրի և ազդրի արանքը` առաջացնելով ցավային սինդրոմ և ձայներ։ Պատելոֆեմորալ ցավային համախտանիշի պատճառներն են ծնկների հոդի չափից ավելի ծանրաբեռնումը (վազել, ցատկել, կծկել և աստիճաններով բարձրանալ), սխալ սպորտային տեխնիկա կամ սարքավորում ընտրելը, կոշիկի փոփոխությունը, կոշտ խաղային մակերեսները, ծնկան հոդի հարթեցման անատոմիական խնդիրները, ազդրի թույլ մկանները,  հաճախակի  կամ երկար ժամանակ մարզվելու հանկարծակի փոփոխությունը։

-Օրթոբիոլոգիա. ի՞նչ բուժական մեթոդ է այն համարվում։

-Օրթոբիոլոգիայի հիմնական գաղափարը վերը նշված բնական բուժմոտեցումներն են, որի դեպքում մարդու օրգանիզմի սեփական վերականգնողական հնարավորությունների օգտագործումն է։ Այսինքն՝ բուժման հիմքում դրվում են հենց օրգանիզմի ներքին ռեսուրսները՝ պլազմոթերապիա, ճարպային բջիջների կիրառություն և այլ կենսաբանական մեթոդներ։ Այս ուղղությունն այսօր աշխարհում շատ արագ է զարգանում։

-Ո՞ր հիվանդություններն են վերջին տարիներին «երիտասարդացել»։

-Ցավոք, այսօր ավելի երիտասարդ տարիքում ենք հանդիպում արտրոզների և ասեպտիկ նեկրոզների։ Հատկապես հետկովիդային շրջանում լուր բարդությունների դեպքում նկատվեց ոսկրային նեկրոզների աճ և արտրոզների երիտասարդացում է ցավոք սրտի նկատվում։ Կարծում եմ՝ այստեղ դեր ունեն թե՛ էկոլոգիական գործոնները, թե՛ կյանքի ռիթմը, թե՛ ընդհանուր առողջական վիճակի փոփոխությունները։

-Որո՞նք են վնասված մենիսկի հիմնական ախտանիշները։
-Ամենատարածված ախտանիշներն են ցավը, շարժումների սահմանափակումը, ծնկի «կտտոց» ծալման կամ բացման ժամանակ մեծ պատրվածքների։
Որոշ դեպքերում ծնկահոդը կարող է ամբողջությամբ բլոկավորվել, և մարդը չի կարողանում լիարժեք ուղղել ոտքը։ Այդ դեպքում անհրաժեշտ է մասնագիտական հետազոտություն և ճշգրիտ ախտորոշում։
-Էնդոպրոթեզավորումից հետո որքանո՞վ է կարևոր վերականգնողական շրջանը։
-Այն նույնքան կարևոր է, որքան հենց վիրահատությունը։  Միայն պրոթեզ տեղադրելով խնդիրը վերջնականապես չի լուծվում։ Անհրաժեշտ է վերականգնել շարժումների ծավալը, մկանային ուժը, քայլքը և առօրյա ակտիվությունը։ Անցնել կինեզոթերապիա: Այդ պատճառով ռեաբիլիտացիան մեր աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եթե վերականգնողական բուժումը ճիշտ կազմակերպված չէ, նույնիսկ ամենահաջող վիրահատությունը չի կարող ապահովել ամբողջական արդյունք։

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:
-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն:
Տասնամյակների ընթացքում բժշկության մեջ փոխվում են տեխնոլոգիաները, մոտեցումները և բուժման մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ կարևոր սկզբունք՝ մասնագիտական պատասխանատվությունը մարդու առողջության հանդեպ։
Սիրեք ձեզ և ձեր մարմինը: Առողջ եղեք:

Image Gallery