Print this page
ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆ

ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է

 Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում։ Դրանք ոչ միայն վաղ շրջանում հայտնաբերում են առկա խնդիրները, այլեւ ճշգրիտ կանխորոշում բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Ցանկացած հիվանդության ճիշտ բուժումը սկսելուց առաջ, բնականաբար, անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ իսկ պատճառով ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ եւ մեթոդներ, իսկ ուլտրաձայնային ախտորոշումը համարվում է բավականին պարզ եւ հիվանդի մոտ տհաճ զգացողություններ չի առաջացնում: Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) բացարձակ անվտանգ է, լիովին անցավ, անհամեմատ արագ եւ շատ ինֆորմատիվ։

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է  ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի ասիստենտ, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, «Հերացի» թիվ 1 ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ՆՈՆԱ ԱՄՈՅԱՆԸ: Հիանալի կին, հաճելի զրուցակից, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար: Թերեւս ամենակարեւոր խոչընդոտը` հասարակական կարծիքը, արդեն իսկ հաղթահարված է: Հասարակությունն արդեն ընդունում է կնոջն այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Բժշկուհին իր գործունեությամբ եւ նվիրումով կարծրատիպեր է կոտրել` համոզված լինելով, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն:

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան:

-Գերձայնային հետազոտությունը օրգան համակարգերի կառուցվածքի հետազոտումն է գերձայնային ալիքների միջոցով: Սոնոգրաֆիան անվտանգ հետազոտություն է, քանի որ դրա հիմքում ընկած գերձայնային ալիքներն իոնիզացնող հատկություններ չունեն, որի շնորհիվ հետազոտվողը չի ճառագայթվում հետազոտության ընթացքում:

-Ի՞նչ հաճախականությամբ պետք է հետազոտվել:

-Բոլորս էլ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ախտաբանական վիճակի, հիվանդության վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է, որը չի կարող չանդրադառնալ հիվանդի կյանքի որակի վրա: Սոնոգրաֆիան ֆինանսապես մատչելի է, ինչպես նաեւ բավականին ինֆորմատիվ, եւ վերոհիշյալ հատկանիշների շնորհիվ է, որ գերձայնային հետազոտությունը գտել է լայն կիրառոււմ: Մեթոդի շնորհիվ հնարավոր է հետազոտել վահանաձեւ գեղձը, թքագեղձերը, փափուկ հյուսվածքները, հոդերը, կրծքագեղձերը, որովայնի եւ փոքր կոնքի օրգանները, անոթները:

-Հնարավո՞ր է արդյոք գերձայնային հետազոտության միջոցով տարբերակել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները:

-Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ռադիոլոգիական հետազոտություն տալիս է հիվանդության նախնական ախտորոշում, որի հիմքում, տվյալ դեպքում, ընկած է սոնոգրաֆիկ պատկերների վերլուծությունը: Մասնագետը կարող է նախնական ախտորոշել հիվանդության բարորակ, չարորակ եւ/կամ սահմանային բնույթը, սակայն վերջնական ախտորոշման հիմքում ընկած է հյուսվածքաբանական հետազոտությունը: Ուզում են նշել, որ մեր կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել տարաբնույթ ախտաբանական վիճակներ եւ հիվանդություններ իրենց արտահայտման վաղ շրջաններում: Ուլտրաձայնային հետազոտությունը անցավ, ինֆորմատիվ եւ անվտանգ մեթոդ է: ՈւՁՀ կարելի է կատարել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ` անհատական ցանկությամբ: Ժամանակին արված սոնոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունները դրանց զարգացման վաղ փուլում եւ նշանակել լրացուցիչ հետազոտություններ, այնուհետեւ համապատասխան բուժում:

-Որքա՞ն հաճախ կարելի է անցնել ուլտրաձայնային հետազոտություն:

- Դրանք ուլտրաձայնային ալիքներ են, որոնք վնասակար չեն, ուստի ՈՒՁՀ կարելի է անցնել այնքան, որքան ցուցված է կամ` որքան պացիենտը ցանկանում է: Հակացուցումներ չկան:

-Ինչպե՞ս է պետք պատրաստվել ՈՒՁՀ -ին:

-ՈՒՁՀ-ին պետք է ներկայանալ քաղցած, չօգտագործել հեղուկ, ցանկալի է, որպեսզի միզապարկը լինի լցված (փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ): Ցանկալի է նաեւ ՈՒՁՀ-ի նախորդ օրը երեկոյան ոչինչ չուտել կամ գոնե թեթեւ որեւէ բան ուտել, ինչպես նաեւ խուսափել գազեր առաջացնող մթերքից, պետք է աղիքները գործած լինեն: Քանի որ մենք ունենում ենք արգելքներ, արտեֆակտորներ, այդ իսկ պատճառով հիվանդին պլանային հետազոտում անցնելուց առաջ նախապատրաստում ենք:

- Ուլտրաձայնային հետազոտությունը կարո՞ղ է սխալվել:

 -ՈՒՁՀ-ի ժամանակ ճիշտ ախտորոշումը կախված է թե՛ մասնագետից, թե՛ սարքից: Սակայն լինում են դեպքեր, երբ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ հասկանալ խնդիրը, որովհետեւ շատ հաճախ ՈՒՁՀ-ն հանդիսանում է «օգնող» միջոց:

 -Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Առհասարակ բավականին բարդ է յուրաքանչյուր անձի ըստ պատշաճի մոտենալը, բուժօգնություն ցուցաբերելը, առավել եւս, երբ խոսքը առողջության մասին է: Այդ ամենը հեշտ է դառնում այն ժամանակ, երբ ունես հստակ ձեռագիր, մոտեցում քո գործին, որը սիրում ես: Անչափ կարեւոր գործոն է նաեւ պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ, հավատը: Գնահատում եմ այն, ինչ ունեմ, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ, գնահատում եմ իմ յուրաքանչյուր այցելուին, իմ աշխատանքը: Երբեք չեմ զլանում խոստովանել՝ այն, ինչին հասել եմ, աշխատանքս գնահատող մարդկանց շնորհիվ է, որոնք էլ հենց նպաստել են իմ կայացմանը:

Իսկ մեր հասարակությանը կմաղթեմ առողջություն եւ բարեկեցություն: Բարեկեցիկ եւ առողջ հասարակությունը ապահով երկրի երաշխիքն է: