Print this page
Հակոբ Հովհաննիսյան Featured

Հակոբ Հովհաննիսյան Featured

(0 votes)
There is no translation available.

Կան վարժություններ, որոնք կտրականապես չի կարելի անել

Այսօրվա խելահեղ կյանքի օր օրի արագացող տեմպին զուգահեռ նվազում է մարդկանց ֆիզիկական ակտիվությունը: Գրասենյակային նստակյաց աշխատանքը, ամենուր մեքենայով տեղաշարժվելը և շատ այլ գործոններ սահմանափակում են մարդկանց շարժողունակությունը, ինչի հետևանքով առաջանում են հենաշարժական համակարգի հետ կապված բազում խնդիրներ: Հաճախ, դրանք վերացնելու կամ պարզապես գեղեցիկ կազմվածք ունենալու համար, շատերը, մեծ գումարներ վատնելով, հաճախում են մարզասրահ: Մասնագետները փաստում են, որ ցավոք, այդ կերպ ոչ միայն դժվար է ցանկալի արդյունքի հասնել, այլև հնարավոր է լրջորեն վնասել և նույնիսկ ավելի խորացնել ունեցած խնդիրները:

Գուցե քչերին է հայտնի, որ գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ հնարավոր է կանխարգելել նոր սկսվող խնդիրները և շտկել արդեն ի հայտ եկածները: Ոլորտի առաջատարներից է «Աքսիոմեդ» վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկան, որն իր բարձրակարգ մասնագետների և ժամանակակից սարքավորումների շնորհիվ վերականգնում է մարդկանց շարժողականությունը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, վերտեբրոլոգ, օստեոպատ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, «Աքսիոմեդ» վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկայի տնօրեն Հակոբ Հովհաննիսյանի հետ:

­- Պարոն Հովհաննիսյան, ինչպիսի՞ բուժական մեթոդներ են կիրառվում կլինիկայում և ինչպիսի՞ խնդիրների դեպքում կարող են դիմել ձեր օգնությանը:

- Մենք կիրառում ենք կինեզիոլոգիա, բուժական մերսում, բուժական ֆիզկուլտուրա, տարբեր ուղղություններով ռեֆլեքսոթերապիա, օրինակ` ակուպունկտուրա (ասեղնաբուժություն), վակուում թերապիա: Ունենք ֆիզիոթերապիայի բոլոր տեսակները: Վերջերս ձեռք բերեցինք BTL աշխարհահռչակ ֆիրմայի հարվածալիքային թերապիայի նոր գերհզոր մեքենա, որն իր շարքի ամենաբարձր հզորություն ունեցողն է և բավական արդյունավետ է:

Կլինիկա կարող են դիմել հենաշարժիչ համակարգի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Կատարվում է նախնական ախտորոշում, մշակվում է բուժման պլան և սկսվում աշխատանքը պացիենտի հետ: Եթե վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է լինում, հիվանդին ուղղորդում ենք համապատասխան վիրաբուժական կլինիկա:

 - Ողնաշարը հենաշարժիչ համակարգի առանցքն է, որի ոչ ճիշտ «շահագործումը» կարող է բազում այլ խնդիրների պատճառ դառնալ: Ինչի՞ հետևանքով այն կարող է վնասվել:

- Մկանային սխալ աշխատանքի արդյունքում: Ողնաշարի դիրքն ապահովում է մեր հարողնաշարային մկանային ապարատը: Սխալ զարգացած մկանային ապարատի պայմաններում խախտվում է ողնաշարի դիրքը, տեղի է ունենում ողնաշարի բնականոն կորությունների խորացում կամ հարթեցում:

Ողնաշարը պետք է ունենա ճիշտ ստատիկա և ճիշտ բիոմեխանիկա, որպեսզի երկար ծառայի և խնդիրներ չառաջացնի: Բիոմեխանիկան մարմնի շարժողականությունն է: Ողնաշարի սխալ ստատիկայի հետևանքով խախտվում է բիոմեխանիկական աշխատանքը, որի ժամանակ ծանրաբեռնվածությունները հոդամակերեսների, միջողային դիսկերի վրա նշանակալիորեն փոխվում են:   

- Օստեոխոնդրոզն ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչից է առաջանում:

 - Օստեոխոնդրոզ ախտորոշումը այսօր արդեն չի կիրառվում: Դրանք մարդու հենաշարժիչ համակարգի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններն են, որոնք պրակտիկապես անխուսափելի են: Առավել ևս մեր այսօրվա վարած պասիվ կյանքի պայմաններում, երբ ամենահեռու տարածությունը, որը քայլում ենք` գրասենյակի աթոռից մեքենայի աթոռին հասնելու ճանապարհն է: Իսկ շարժումը կյանքի, կենսակերպի համար խիստ պարտադիր պայման է, քանի, որ հենց շարժումն է ապահովում օրգանիզմի բազմաթիվ գործառույթները, որոնց բացակայությունը տարբեր հիվանդությունների պատճառ է հանդիսանում:

Ինչ վերաբերվում է օստեոխոնդրոզ ասվածին, կան մարդու օրգանիզմում գործընթացներ, որոնք տարիքի հետ կապված ավելանում են, դա բնականոն ընթացք է համարվում, որը ոչ միայն հետ տանել, այլև կանգնեցնել հնարավոր չէ: Այլ հարց է, թե ինչպես այդ գործընթացը դանդաղեցնել, վերացնել ցավային սինդրոմը, այնպես անել, որ առկա փոփոխությունները մարդու կյանքի որակի վրա չազդեն, և վերջինս կարողանա լիարժեք կյանքով ապրել:

 - Ժամանակի թելադրանքով մարդիկ իսկապես այսօր նստակյաց կյանք են վարում, բայց չէ՞ որ շատերը փորձում են դա կոմպենսացնել մարզասրահներ հաճախելով կամ տանը մարզվելով:

- Այստեղ շատ կարևոր են ճիշտ վարժությունների կոմպլեքսները, որովհետև, ցավոք մեզ մոտ գալիս են մարդիկ, ովքեր տուժել կամ վնասվել են ոչ ճիշտ վարժություններ կատարելուց թե' տանը, թե' մարզասրահներում` նույնիսկ մարզչի հետ աշխատելով:

Գոյություն ունեն շատ տարածված և անմեղ թվացող վարժություններ, որոնք կտրականապես չի կարելի անել: Օրինակները բազմաթիվ են: Օրինակ`շատ տարածված ռոտացիոն (պտտվող) դիսկը, որը դրվում է հատակին, մարզվողը կանգնում է վրան և կատարում պտտողական շարժումներ աջ և ձախ: Դա սարսափելի վատ մարզասարք է, որի հեղինակի համար կարելի է պատիժ սահմանել:

- Իսկ որո՞նք են ձեր կլինիկայում և մարզասրահներում կատարվող վարժությունների տարբերությունները:

- Մարզասրահում հիմնականում աշխատում են մարդու արտաքին տեսքի և արտաքին մկանների վրա, փորձում են մարդուն դարձնել գեղեցիկ (իրենց չափանիշներով, իհարկե): Մենք աշխատում ենք խորանիստ, հարողնաշարային մկանային համակարգի հետ:

- Ողնաշարի սխալ դիրքից կարո՞ղ են առաջանալ գլխապտույտներ:

- Այո: Հատկապես պարանոցային լորդոզի հարթեցման հետևանքով կարող են լինել գլխացավեր, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, ճնշման տատանումներ: Սակայն այդպիսի խնդիրներով շատ հաճախ զբաղվում են նյարդաբանները, քիթ-կոկորդ-ականջաբանները, և արդյունքները միշտ չէ, որ լավն են լինում:

- Ի՞նչ կասեք լողի մասին: Լողն օգտակա՞ր է օրգանիզմի համար:

- Մեր ողնաշարը վնասողը երկրի գրավիտացիան (ձգողականություն) է: Իսկ ջրում մարմինը գտնվում է անկշռելիության վիճակում, մկանային ապարատն աշխատում է, հոդերի վրա ծանրաբեռնվածություն չկա:

- Խոսենք երիտասարդ մայրիկներից: Ինչպե՞ս է հղիությունն ազդում կնոջ ողնաշարի վրա:

- Սկսենք նրանից, որ հղիությունն ինքնին բավականին լուրջ սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այն ծանրաբեռնվածություն է ամբողջ օրգանիզմի համար, որովհետև ծնվում է նոր կյանք, որը սնվում, ձևավորվում, կառուցվում է ի հաշիվ մոր օրգանիզմի: Իհարկե, դա ազդում է նաև ողնաշարի վրա, քանի որ հղիության ժամանակ ծանրության կենտրոնը շեղվում է և ողնաշարի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելանում է: Այս դեպքում ևս, շատ կարևոր է մկանային կարկասի հետ խելամիտ աշխատանքը, որը կատարվում է բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Շատ կարևոր է նշել, որ ծանրաբեռնվածությունը ծննդաբերությունից հետո ոչ միայն չի վերանում, այլև շարունակում է ավելանալ, քանի որ առաջ են գալիս երեխայի խնամքի հետ կապված խնդիրները` գրկել, կերակրել, լողացնել, որոնք կրկին ծանրաբեռնում են ողնաշարը: Այս դեպքում ևս պետք է լուրջ աշխատանք տարվի մայրիկի հետ: Ի դեպ, վերջին տարիներին շատ գովելի տենդենց եմ նկատում: Գալիս են երիտասարդ կանայք, որոնք որևէ առողջական խնդիր չունեն և ցանկություն են հայտնում իրենց կմախքը բերել պատշաճ վիճակի, քանի որ պատրաստվում են հղիանալ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

- Խորհուրդ կտամ, որ մարդիկ ավելի ակտիվ կյանք վարեն, չծուլանան, շատ շարժվեն, հետևեն սննդակարգին և չչարաշահեն օրգանիզմի ռեսուրսները: Կարևոր է պահել ֆիզիկական ճիշտ պատրաստվածությունը: