Print this page
ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

(0 votes)

Միայն սերը կփրկի այս անողոք իրականությունից

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղեկատվության 80 տոկոսը ստանում ենք տեսողական զգայարանի միջոցով եւ առանց աչքի լույսի չենք կարող պատկերացում կազմել մեզ շրջապատող միջավայրի մասին: Պարզվել է, որ առանց տեսողության մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է, լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը:

Ակնաբուժությունն առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետեւապես, այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն:Չնայած տարեցտարի կա­տա­րե­լա­գործ­վում են բուժման մեթոդները, տեխնիկական հագեցվածությունը, նորարարական մոտեցումները, սակայն, ցավոք,  տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Բոլոր բաժանմունքները համալրված են վերջին սերնդի սարքավորումներով, օրինակ, լազերային բաժանմունքը վերջին սերնդի այնպիսի սարքավորումով է հագեցած, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում առաջիններից մեկն է: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի կոնտակտային կորեկցիայի կաբինետի ակնաբույժ ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Հաճելի երիտասարդ բժշկուհի, իր գործի գիտակ, ով բազմաթիվ մանուկների աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Նա փորձում է իր աշխատանքին մշտապես թարմ շունչ հաղորդել՝ պահպանելով իր ավագ սերնդի գործընկերների ավանդույթները, բարձր պահելով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը: Մարդու, առավել եւս,  բժշկի համար  մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնողականությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Ընդհանրապես հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիր­ները: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է նաեւ հոգեբան լինի, տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին:

-Խնդրում եմ մի փոքր ներկայացնել ձեր աշխատանքը:

-Մեզ դիմող պացիենտներին զուտ դեղատոմս չենք գրում, այլ անպայման փորձարկում ենք կատարում, քանի որ պետք է հիվանդին սովորեցնել ոսպնյակ կրելու ձեւը, հիգիենա պահպանելը եւ հորդորել, որ 3-4 ամիսը մեկ անպայման անցնի հերթական բուժզննությունը: Ունենք բանկ թորիկ եւ սովորական ոսպնյակների համար: Թյուր կարծիք կա մեր հասարակության մեջ, որ կոնտակտային ոսպնյակները վտանգավոր են, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իսկ ընդհանրապես անվտանգությունը մեծ մասամբ  կախված է պացիենտից, թե նա ինչ հիգիենա կպահպանի: Իհարկե, մենք չենք կարող հետեւել հիվանդների առօրյային, բայց նրանք պետք է գիտակցեն, որ  հանուն իրենց աչքի լույսի պետք է ճիշտ կատարեն մեր ցուցումները, եւ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կստանանք բավականին լավ արդյունքներ:

-Ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:

-Ավարտել եմ Տաշքենդի բժշկական համալսարանը, այնուհետեւ`ակնաբուժության օրդինատուրան, որից հետո տեղափոխվել եմ հայրենիք: Պրակտիկա եմ անցել լազերային ակնաբուժության բաժանմունքում` բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանի մոտ, ում հարուստ գիտելիքների բազայի եւ մարդկային տեսակի շնորհիվ կարողացել եմ  տարբեր իրավիճակներում ճշգրիտ եւ արագ որոշում կայացնել:

-Լինելով երիտասարդ՝ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Մեր երիտասարդները բավականին ձգտող, պրպտող են, ավելի տեղեկացված են, ավելի ճկուն ուղեղ ունեն, տարբեր իրավիճակներում ավելի արագ են կողմնորոշվում, քչով չեն սահմանափակվում եւ չեն դոփում տեղում: Այս ամենը հաշվի առնելով՝ ես հավատում, վստահում եմ նրանց գիտելիքներին եւ կարող եմ ասել, որ մեր ակնաբուժությունն ապագայում բավականին հուսալի ձեռքերում կլինի:  

-Տարիքային շեմ կա՞ ձեզ դիմողների մեջ:

-Ես ավելի շատ աշխատանք տանում եմ մանկահասակների եւ երիտասարդների հետ, տարիքով մարդիկ ավելի քիչ են ինձ դիմում: Ես զբաղվում եմ կոնտակտային կորեկցիայով եւ գրեթե 90 տոկոսով՝ կերատոկոնուս հիվանդությամբ տառապողների հետ:  Բանն այն է, որ մեր երկրում այս հիվանդությունը մեծ տարածում ունի, ինչը, կարծում եմ, կապված է մեր գենոֆոնդի, մեր երկրի էնդեմիկ գոտու հետ: Այն ալերգիկ բնույթի հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է երիտասարդ տարիքում, բայց վերջերս իմ պրակտիկայում հանդիպեց 6 տարեկան երեխա, որ արդեն տառապում է կերատոկոնուսով: Մենք ամեն ինչ անում ենք հիվանդության ընթացքը, այսպես ասած, բարելավելու նպատակով, քանի որ այն լիարժեք բուժում չունի: Մենք իրականացնում ենք քրոսլինքինգ, ինչպես նաեւ կերարինգ լազերային վիրահատություն, նայած, թե ինչպես է հիվանդութունը ընթանում, ինչ աստիճանի է այն: Իսկ վիրահատությունից մոտավորապես 3 ամիս հետո խորհուրդ ենք տալիս կատարել կոնտակտային կորեկցիա, քանի որ մեծամասամբ այն ուղեկցվում է աստիգմատիզմով, որի դեպքում հիվանդները կա՛մ ընդհանրապես չեն ցանկանում ակնոց կրել, կա՛մ այն իրենց անհարմարավետություն է տալիս, կա՛մ էլ բարդույթավորվում են դրանից: Նման դեպքերում ամենալավ տարբերակը կոնտակային կորեկցիան է, որի դեպքում սահմանափակումներ չկան, եւ մաքսիմալ կորեկցիայի դեպքում էլ ստանում ենք բավականին լավ արդյունք:

երապատրաստումների մասնակցո՞ւմ եք:

-2020 թվականը հասկանալի պատճառներով բավականին սահմանափակումներ մտցրեց վերապատրաստումների առումով, բայց մեր կենտրոնը բավականին մեծ աշխատանք էր տանում անցած տարիներին, որպեսզի որեւէ մեկը չդոփի տեղում, զարգանա:  

-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ինձ թվում է՝ ամեն ոք կյանքում իր նախասիրությունն ունի, ես, օրինակ սիրում եմ սպորտով զբաղվել: Եթե ամեն ինչ կազմակերպված, սիրով ես կատարում, ո՛չ աշխատանքը, ո՛չ էլ որեւէ այլ բան չեն տուժում:

րբեւէ չե՞ք զղջացել, որ ընտրել եք հենց ակնաբույժի մասնագիտությունը:

-Ոչ, երբեք այդ զգացումը չեմ ունեցել. ես միշտ սիրել եմ իմ աշխատանքը եւ համոզված եմ, որ ապագայում ոչ մի բան չի խանգարի իմ մասնագիտությանը: Արտահայտություն կա. «Աչքերը հոգու հայելին են»: Եվ եթե հոգիդ տխուր է, աչքերդ չեն կարող ուրախ լինել: Գուցե մարդ կարող է արհեստականորեն ժպտալ, ինչ-որ էմոցիաներ արտահայտել, բայց աչքերը երբեք չեն խաբի: Եվ աչքը հետազոտելով կարող ենք որոշակի պատկեր ստանալ այլ հիվանդությունների առկայության մասին, օրինակ, աչքի միջոցով կարող ենք հասկանալ խոլեստերինի առկայության մասին, որի դեպքում տուժում են ե՛ւ ակնահատակը, ե՛ւ կոպերը: Կարելի է նկատել շաքարային դիաբետի առկայությունը եւ մի շարք այլ հիվանդություններ: Ինչպես արդեն նշեցի, կերատոկոնոսը բավականին տարածված հիվանդություն է Հայաստանում, եւ որոշ մարդիկ ձգտում են արտերկրում բուժում ստանալ: Ես նրանց խորհուրդ կտամ դիմել մեր կենտրոն, որն արդեն քսան տարվա փորձ ունի, եւ որտեղ իրականացվում է անհրաժեշտ բուժօգնություն: Կրկնեմ, որ մեր երկրում բավականին շատ են այդ հիվանդությամբ  տառապողները, հիվանդությունը «երիտասարդ» է, այն հանդիպում է հիմնականում 12-25 տարեկանների մոտ, երբեմն՝ նաեւ ավելի բարձր տարիքում: Այն գրեթե միշտ զուգակցվում է աստիգմատիզմի հետ, եւ ծնողներին խորհուրդ կտամ երեխայի տեսողության վատթարացման, գանգատների դեպքում անհապաղ դիմել ակնաբույժի: Այս հիվանդության դեպքում կանխարգելիչ բուժումը բավականին մեծ դեր ունի. ինչքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի արդյունավետ կլինի հետագա բուժման ընթացքը:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Իհարկե, 2020 թվականը մեր երկրի համար բավականին դժվար տարի էր. կորոնավիրուսից, ապա պատերազմից տուժեցին ամբողջ ազգը, պետությունը: Եվ ես ցանկանում եմ, որ 2021 թվականը մեր երկրին բերի կայունություն, ամեն մեկս մեր մեջ փնտրենք մեղքը, ազգը դառնա ավելի խելամիտ ու հավասարակշված, վերանան  չարությունն ու նախանձը:                                                                                                           Սիրե՛ք եւ եղե՛ք սիրված. միայն սերը կփրկի այս անողոք իրականությունի

Image Gallery