Print this page
ՆԵԼԼԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ

ՆԵԼԼԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ

(0 votes)

 Ժամանակակից ստոմատոլոգիան ավելի մարդասիրական է

Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա հայելու մեջ տեսնել իր գեղեցիկ ժպիտի, սպիտակ, առողջ ատամների արտացոլումը: Ատամների սպիտակեցումը ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է, բուժգործողություն, որը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Միայն բժիշկը կարող է որոշել գույնի փոփոխման պատճառը, եւ միայն նա կարող է ընտրել խնդիրը հարթելու առավել ճիշտ մեթոդը: Շարունակ կատարելագործվող արդիական նյութատեխնիկական բազան, բուժման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները ստոմատոլոգի աշխատանքը դարձնում են ավելի արդյունավետ ու, գեղագիտական առումով, կատարյալ, բայց ոչ հեշտ:http://bestgroup.am/  զրուցակիցն է բժիշկ-ստոմատոլոգ, օրթոպեդ, Վանաձոր քաղաքի «Ժպիտ» ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավար ՆԵԼԼԻ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ:

-Ի՞նչ առաջընթաց ունի ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը:

-Ստոմատոլոգիայի էսթետիկ բաժինը շատ արագ տեմպերով է զարգանում, եւ շատ պացիենտներ ձգտում են ունենալ լայն տարածում գտած «հոլիվուդյան ժպիտը»:

Կարելի է ասել, որ տափակաձեւ պլոմբաները, վիզուալ առումով անհաջող աշխատանքներն արդեն վաղուց անցյալում են: Հիմա ցանկացած գործընթաց, որ կատարում է ստոմատոլոգը, ենթադրում է էսթետիկ դրսեւորում: Նույնիսկ չերեւացող ատամը պետք է այնպես բուժել, շտկել, որ ե՛ւ գեղեցիկ լինի, ե՛ւ ֆունկցիոնալ:

-Շատե՞րն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաեւ ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար:

-Նոր տեխնոլոգիաները եւ ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ունենալ գեղեցիկ եւ առողջ ատամնաշար: Ու, եթե ժամանակին պացիենտները դիմում էին ստոմատոլոգի միայն սուր ցավի դեպքում, ապա այժմ շատ բան փոխվել է, այսինքն՝ պացիենտներից շատերը դիմում են միայն ատամնաշարի էսթետիկ թերությունները շտկելու համար, որի արդյունքում շատացել է օրթոդոնտիկ եւ օրթոպեդիկ բուժման պահանջարկը, գալիս են զուտ վիզուալ շտկումների համար: Մարդկանց մոտ շատ ճերմակ եւ կատարյալ ուղիղ ատամներ ունենալու մեծ միտում կա, եւ նրանք պատրաստ են շտկել նույնիսկ աննշան թեքությունը:

-Խոսենք նորաձեւ դարձած ատամների սպիտակեցման մասին:
-Սպիտակեցումը բուժգործողություն է, որը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Միայն բժիշկը կարող է որոշել գույնի փոփոխման պատճառը, միայն նա կարող է ընտրել խնդիրը հարթելու առավել ճիշտ մեթոդը: Սպիտակեցումից առաջ պետք է բարելավել բերանի խոռոչի առողջական վիճակը, մաքրել ատամնափառը, բուժել լնդերի բորբոքումը: Ատամների սպիտակեցումը ժամանակակից ստոմատոլոգիայում ամենատարածված պրոցեդուրաներից է: Փայլուն ժպիտը որպես հաջողակ լինելու եւ առողջության խորհրդանշան դարձել է շատերի երազանքը՝ անկախ տարիքից եւ սոցիալական գործոններից: Մեր ստոմատոլոգների աշխատանքի հիմնական սկզբունքն անվնաս պրոցեդուրաների եւ հենց պացիենտին համապատասխանող մեթոդի բծախնդիր ընտրությունն է: Սպիտակեցումից առաջ անցկացվում է ատամների մասնագիտական մաքրում եւ, կարիք լինելու դեպքում, վերամիներալիզացնող թերապիա: Արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է տարին մեկ անգամ իրականացնել սպիտակեցում:

-Որո՞նք են ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները։

-Այժմ շատ մեծ տարածում ունի ատամների լուսային սպիտակեցումը, որն ապահովում է ձյունաճերմակ ժպիտ: Ամենաերիտասարդ, բայց, միեւնույն ժամանակ,  ամենահայտնին մեր օրերում հենց այդ մեթոդն է:

-Ասում են՝ ատամների սպիտակեցումը վնասում է ատամնաշարի էմալը: Որքանո՞վ է այս տեսակետը համապատասխանում իրականությանը։

-Եթե ատամների լուսային սպիտակեցումը կատարվում է բարձրորակ նյութերով եւ  ցուցումներին խիստ համապատասխան, ապա էմալը վնասելու խնդիր չի կարող առաջանալ:
-Կա՞ առանձնահատուկ սննդակարգ, որին պետք է հետեւել` սպիտակեցման արդյունքը հնարավորինս երկար պահպանելու համար:

-Ատամների լուսային սպիտակեցումից հետո խորհուրդ է տրվում պահել «սպիտակ դիետա», որի արդյունքում ատամների սպիտակեցումը պահպանվում է ավելի երկար:
Բավականին խիստ գրաֆիկ է սահմանվում առաջին մեկ-երկու շաբաթվա համար: Նոր սպիտակեցված ատամներն արագ գունավորվելու հատկություն ունեն, եւ ստացված արդյունքը հնարավորինս երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում մի քանի օր չօգտագործել ցիտրուսային մրգեր, գունավոր սնունդ եւ ըմպելիքներ։ Պարտադիր պայման է նաեւ ծխելը դադարեցնելը:  

-Ժամանակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաեւ ստոմատոլոգիան: Խոսենք վերջին ձեռքբերումներից:

-Կարծում եմ՝ ստոմատոլոգիան, հատկապես նրա էսթետիկ բաժինը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այժմ ստոմատոլոգիան ավելի է թվայնացվում, ինչը ստոմատոլոգներին մեծ հնարավորություններ է տալիս առավելագույն արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը: Ստոմատոլոգիան այն բնագավառն է, որտեղ, շատ հնարավոր է, հենց այս պահին էլ մի նոր բան է ստեղծվում: Այնպես չէ, որ ստոմատոլոգիան ամբողջությամբ փոխվում է, փոխվում են նյութի տեսակները, գործիքները, մոտեցումները, բայց երեւույթը, ընդհանուր հաշվով, մնում է նույնը՝ շարունակ կատարելագործվելով:

-Իսկ ի՞նչ ասել է թվային ստոմատոլոգիա:

-Վերջին տարիներին շատ մեծ դերակատարում ունեն թվային սարքավորումները: Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մեծ տեմպով զարգանում է ստոմատոլոգիայի թվային ենթաբաժինը: Վաղուց ամեն ինչ գնում է դեպի թվայնացում, ու ստոմատոլոգիան եւս բացառություն չէ: Այն իրենից ենթադրում է ե՛ւ հարմարավետություն, ե՛ւ ժամանակի խնայում, ե՛ւ որակի բարձրացում: Թվային ստոմատոլոգիան բժշկության ինովացիոն ուղղություն է, որտեղ լայն ընդգրկում ունեն համակարգչային տեխնոլոգիաները: Այն ատամնածնոտային հիվանդությունների բուժման ժամանակ հնարավորություն է տալիս ստանալ բավականին մեծ էֆեկտիվ արդյունք, առավելագույն էսթետիկա:
-Կա տարածված կարծիք, ըստ որի` իմպլանտացիան շատ դժվարին, ռիսկային վիրահատություն է, ուստի արժե հնարավորինս խուսափել դրանից․ այս պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությությանը, թե՞ պարզապես միֆ է:

-Կարիք չկա խուսափել իմպլանտացիայից, քանի որ այն կատարվում է անզգայացման տակ, եւ պացինետը բացարձակ ոչ մի ցավ չի զգում: Իսկ ռիսկայնությունը որոշելու համար նախապես պացիենտը անցնում է մի շարք հետազոտություններ, որից հետո միայն պարզվում է՝ սկսե՞լ գործընթացը, թե ոչ:

-Եթե երեխան 14 տարեկան է, տրավմայից հետո բացակայում են երկու կենտրոնական կտրրիչները, կարելի՞ է պատրաստել կամրջաձեւ պրոթեզ:

-Այդ տարիքում չի կարելի պատրաստել կամրջաձեւ պրոթեզ, քանի որ ծնոտը դեռեւս լիարժեք ձեւավորված չէ:

-Արդյոք կարելի՞ է հղիների մոտ բուժել գինգիվիտը` լնդաբորբը:

-Դա հիպերտրոֆիկ գինգիվիտ է որպես այդպիսին, դեղորայքային բուժում հղիներին չի թույլատրվում, բայց, ամեն դեպքում, պետք է լինել հետեւողական եւ ծննդաբերությունից հետո իրականացնել համալիր բուժում:

-Ընդհանրապես ստոմատոլոգիան առողջապահության զարգացո՞ղ ուղղություն է:
-Ստոմատոլոգիան բժշկության ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկն է: Մրցակցության անընդհատ զարգացումն էլ իր հերթին բժիշկներին մղում է ինքնակատարելագործման եւ բուժման նոր, ավելի պրոգրեսիվ մոտեցումների որոնման: Դա էլ նպաստում է ոլորտի արագ թափով զարգացմանը: Այսօր ստոմատոլոգին այցը չի նույնացվում վախի, ցավի ու տհաճության զգացումների հետ: Ժամանակակից ստոմատոլոգիան, պրոթեզավորումը եւ ատամերի բուժումը դարձել են ավելի անվտանգ ու անցավ: Ժամանակակից ստոմատոլոգիական տեխնիկան, սարքավորումներն ու բժիշկների բանիմացությունը թույլ են տալիս այնպիսի խնդիրներ լուծել, որոնք ոչ վաղ անցյալում անհնար էին թվում: Այժմ ստոմատոլոգիան ոչ միայն զբաղվում է ատամների վերականգնմամբ, այլ նաեւ ատամների առավելագույն քանակության պահպանմամբ: Կարելի է ասել՝ ժամանակակից ստոմատոլոգիան ավելի մարդասիրական է:
-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

 -Ասեմ, որ կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները հարթվում են անհամեմատ ավելի դյուրին։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն: Թող մարդկանց հոգիներում լինեն խաղաղություն, հանգստություն եւներդաշնակություն:

Image Gallery