ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Եթե կինը պլանավորել է մայրանալ, առաջին հերթին պետք է առողջ լինի, առողջ՝ ֆիզիկապես և հոգեպես

Հղիությունը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Հղիության շրջանը կնոջ կյանքում բավական լուրջ մարտահրավերներ պարունակող շրջան է՝ թե՛ ֆիզիոլոգիական փոփոխությունների իմաստով, թե՛ հոգեբանական փոփոխությունների իմաստով, թե՛ պատասխանատվության տեսանկյունից: Առաջին հերթին այս շրջանում շատերին խանգարում է ծայրաստիճան զգուշավորությունը: Սա այն պարագան է, երբ հղի կանայք սկսում են խուսափել իրենց բնականոն կյանքի ռիթմից: Սակայն այս ընթացքում նախընտրելի է չփոխել կյանքի բնականոն ընթացքը: Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք  զգայական հոգեվիճակներ:  

Մեր զրուցակիցն է  մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ․ բժշկուհի, որը կարողանում է իր աշխատանքը կատարել բարձր մասնագիտական հմտությամբ, իսկ իրեն դիմող կանանց տալիս է հոգեբանական ուժ և հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Աշերմանի համախտանիշ՝ ներարգանդային կպումները։

- Պաթոլոգիան, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Այս համախտանիշը ի հայտ է գալիս մոտավորապես 20 տոկոս այն կանանց մոտ, երբ որևէ գինեկոլոգիական միջամտության են ենթարկվում, օրինակ, երբ կատարվում է արգանդի խոռոչի քերուկ՝ հղիության ընդհատման ժամանակ, ծննդաբերությունից հետո, ինչպես նաև պոլիպէկտոմեիայի կամ միոմէկտոմեիայի հիստերոսկոպիայի ժամանակ: Այն հանդիպում է ռեպրոդուկտիվ տարիքում, արտահայտվում է դաշտանի խանգարմամբ, ցավային ախտանիշներով, կարող է բերել անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Համախտանիշը վատ ազդեցություն է թողնում կնոջ կենսակերպի վրա, կինը չի ունենում դաշտան, առաջանում են հոգեբանական խնդիրներ: Այս խնդրի լուծման դեպքում այսօր արդիական է հիստրոսկոպիան: Բժիշկը հիստրոսկոպիայի ժամանակ պետք է բավականին հմուտ և ուշադիր լինի, որպեսզի կարողանա արգանդում կառուցել նոր խոռոչ։ Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով: Հեռացումից հետո նոր կառուցված խոռոչի մեջ ներարակվում է անտիադգեզիզ հակակպումային գել, որպեսզի նորից կպումներ չառաջանան: Այդ կանանց նշանակվում է հորմոնալ էստրոգեն-գեստոգեն թերապիա և հետագայում ընթացքը անընդմեջ պահում են հսկողության տակ, որպեսզի նրանք կարողանալ հղիանան և կրեն առողջ հղիություն։

-«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշ: Կմանրամասնե՞ք այն:

-«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշը հանդիպում է արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ 1-7% դեպքերում: Այդպես են անվանում ֆոլիկուլներում ձվաբջիջների բացակայությունը:  Հանդիպում է համախտանիշի երկու տեսակ. իսկական (հանդիպում է հազվադեպ), երբ անհնար է օվուլյացիայի ինդուկցիայից հետո հասուն ձվաբջիջներով ֆոլիկուլներից ձվաբջիջներ անջատել, անգամ ասպիրացիայի օրը՝ խորիոնային հոնադոտրոպինի  (ԽՀՏ) նորմալ մակարդակի դեպքում:

Հնարավոր պատճառը հորմոնալ դիսբալանսն է կամ ձվարանների աշխատանքի խանգարումը. հորմոնների ցածր մակարդակը կամ ռեցեպտորների ոչ համարժեք պատասխանը. ֆոլիկուլը չի հասունանում կամ պունկցիայի ժամանակ լինում է դատարկ: Կա առնվազն երեք գործոն, որոնք նպաստում են այս համախտանիշի առաջացմանը.

«Դատարկ» ֆոլիկուլների համախտանիշն ընթացիկ ցիկլում բուժել չի կարելի, բայց հնարավոր է այն կանխել հաջորդ դրդման ժամանակ: Արդյունավետ մոտեցումը դեղորայքի փոփոխությունն է, երկու դեղի զուգակցումը կամ դրդման միջոցի ընտրությունը բոլորովին այլ խմբի դեղորայքից: Դեղորայքի հաջորդ ներարկումը կատարվում է առաջինից 36 ժամ անց:

Լինում են դեպքեր, երբ որ մենք ամեն ինչ իրականացնում ենք, կնոջը պատրաստում ենք հղիության, իսկ դատարկ ֆոլիկուլ ասվածի դեպքում այդ տոկոսները լինում են ցածր։ Մեկից ցածր լինում են մի քանի ֆոլիկուլ, բայց դրանք իրականում դատարկ են լինում։ Մինչ օրս դրա պատճառագիտությունը պարզ չէ։

-Իմունոլոգիական անհամատեղելիություն։ Կմանրամասնե՞ք:

-Իմունոլոգիական անհամատեղելիության հիմքում գենետիկ հյուսվածքային անհամատեղելիությունն է, երբ դիտվում է էմբրիոնի կամ նոր ձևավորվող պտղի իմունային արտամղում: Պտղաձուն ընկալվում է որպես օրգանիզմին օտար, որը պետք է դուրս մղվի: Նպաստող գործոններն են՝ արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումը, էնդոկրին խանգարումները, աուտոիմունային ախտաբանությունը: Էնդոմետրիումի վիճակը գնահատելու համար իրականացվում է պայպել-բիոպսիա, որի ժամանակ վերցված կենսաբանական նյութը ենթարկվում է իմունահիստոքիմիական և մորֆոլոգիական հետազոտության: Էմբրիոնի պաշտպանությունն ապահովելուն հաճախ օգնում է իմունային պատրաստուկների կամ հորմոնների նշանակումը: Զույգերի անհամատեղելիության դեպքում խնդիրը կարող է լուծվել նաև արտամարմնային բեղմնավորմամբ:

- Հղիության ընթացքում ո՞ր դեպքում է նշանակվում ֆոլաթթու:

-Ֆոլաթթու նշանակվում է հղիության պլանավորումից երեք ամիս առաջ, և հղիության ընթացքում այն օգնում է, որ պտուղն գենետիկորեն զարգանա առողջ, առանց խնդիրների։ Ֆոլաթթուն համարվում է կարևոր բաղադրիչ պտղի զարգացման համար: Յուրաքանչյուր կին պետք է օրական  ընդունի ֆոլաթթվի բավարար քանակություն, նույնիսկ եթե նա չի նախատեսում հղիանալ: Քանի որ մեր օրգանիզմը նոր բջիջներ է ստեղծում յուրաքանչյուր օր, ֆոլաթթուն անհրաժեշտ է հյուսվածքների նորմալ աճի և զարգացման համար: Խորհուրդ է տրվում բոլոր կանանց, հատկապես նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, օրական ընդունել 5 մգ, իսկ հղիության ժամանակ՝ 400 մկգ ֆոլաթթու:

Կցանկանայի նշել, որ հղիություն պլանավորող կանանց մոտ տարածված է նաև հեմոգլոբինի ցածր մակարդակը, որի տոկոսի իջեցումը բերում է նրան, որ հղիությունը ավարտվում է վիժումներով։

- Վիտամին D-ի անբավարարությունը ի՞նչի կարող է հանգեցնել:

- Մենք բավականին մեծ ուշադրություն ենք դարձնում նաև վիտամին D-ի ընդունմանը: Հղիության ընթացքում օրգանիզմի վիտամինային պահանջը մեծանում է: Վիտամին D-ի անբավարարությունը հանգեցնում է պտղի աճի հապաղման, կմախքի դեֆորմացիայի, ծնունդից հետո մեծանում է ռախիտի զարգացման, ոսկրերի աճի և ֆիզիկական զարգացման խանգարումների վտանգը: Հղի կանանց խորհուրդ է տրվում ընդունել օրական 600 ՄՄ (15 մկգ) վիտամին D, կերակրող մայրերին՝ 1200 ՄՄ (30 մկգ):  Վիտամին D-ի անբավարարության հանգեցնող վտանգի գործոններն են քաշի ավելցուկը, քանի որ ճարպաշերտը թույլ չի տալիս լավ յուրացնել այս վիտամինն արևից, որոշակի պրեպարատներ (ստերոիդներ, որոշ միզամուղներ), որոնք դժվարացնում են վիտամինի յուրացումը: Վիտամին D-ի անբավարարության ախտանշաններից են մկանային և ընդհանուր թուլությունը, ոսկրերի ցավը, փխրունությունը: Հնարավոր է նաև, որ այն ոչ մի կերպ չարտահայտվի: Ուստի, մայրիկի և երեխայի մոտ վիտամին D-ի անբավարարությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինային հավելումներ:

 -Իսկ որպես վերջաբան, հետաքրքիր է՝ որը՞ կլինի Ձեր մաղթանքն ու հորդորը մեր կանանց: 

-Եթե կինը պլանավորել է մայրանալ, առաջին հերթին պետք է առողջ լինի, առողջ՝ ֆիզիկապես և հոգեպես, որպեսզի կարողանա կրել հղիությունը։ Կանանց ռեպրոդուկտիվ շրջանը կարճ է, պետք է 18-35 տարեկանում պլանավորել հղիությունը, քանի որ մինչ այդ տարիքը կինը կարող է նաև ինքնակրթությամբ զբաղվել, մինչդեռ հետո, այդ տարիքից ոչ շատ անց, պաշարը սկսում է նվազել։ Մենք այժմ ապրում ենք սթրեսային պայմաններում, անկախ մեզանից ստանում ենք սթրեսներ, որոնք ազդում են առողջ սերունդ ունենալու վրա։ Փորձենք կառավարել սթրեսային իրավիճակները: Զբոսնեք, լավ երաժշտություն լսեք և զբաղվեք այն ամենով, ինչը Ձեզ դրական հույզեր է պարգևում։ Հղիության ընթացքում շատ կարևոր է նաև, որ Ձեզ շրջապատեք հոգատար մարդկանցով, որոնց հետ վստահորեն կարող եք կիսել Ձեր անհանգստությունները, վախերն ու տագնապները և ստանալ հոգեկան աջակցություն։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր