Ներսես Քարամյան

(0 votes)
There is no translation available.

Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա

Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթները կիրառվում են ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում: Մի շարք դեպքերում, օրինակ` մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացումը: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակ:

 Մեր զրուցակիցն է ռադիացիոն ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը: Լինելով ճանաչված և հարգված բժիշկ, որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը:  Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:

-Պարոն Քարամյան, խոսենք Ձեր գործունեության մասին. ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

-Ասեմ, որ տեղափոխվել եմ  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն` իմ սիրելի ու հարազատ օջախ, որտեղ որ ես իմ առաջին քայլերն եմ արել, և ցանկությունս է, որ ես իմ լուման ու ներդրումն ունենամ մեր ոլորտի էլ ավելի զարգացման մեջ: Աշխատում եմ որպես ճառագայթային ուռուցքաբան և իրականացնում նույն գործունեությանը, ինչով մինչ այդ զբաղվում էի, և ընդ որում ցանկացած արհեստավարժ մասնագետի համար էական չէ, թե որտեղ է իրականացնում իր գործունեությունը։ Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրինության և Առողջապահության նախարարության  համատեղ ջանքերով լուրջ աշխատանքներ են տարվում, և շատ շուտով կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումներով: Եվ  հուսով ենք, որ բուժումը  համամատաբար մատչելի պետք է լինի բնակչության սոցիալական բոլոր շերտերի համար: Իհարկե, ես իրավասու չեն գնային քաղաքականությունը երաշխավորել, բայց ամեն դեպքում հույս ունենք, որ բուժօգնությունը կլինի պետպատվերի սահմաններում կամ նվազագույն գներով։

-Բժիշկ, արդյո՞ք հնարավոր է միայն ճառագայթային թերապիայի միջոցով բուժել որոշ ուռուցքային հիվանդություններ։

-Այո, իհարկե կան որոշ պաթոլոգիաներ, որոնց դեպքում թիվ մեկ բուժօգնությունը ճառագայթային թերապիան է, թեև կան նաև մի շարք պաթոլոգիաներ, որոնց դեպքում ընտրությունը թողնվում է պացիենտին։ Այսինքն` կան այլընտրանքային տարբերակներ` օրինակ` վիրահատական միջամտություն: Հիվանդը պետք է իրազեկված լինի բոլոր հնարավոր բուժմոտեցման տարբերակների և հիվանդության մասին, պետք է բժշկի կողմից մատչելի բացատրվի, որ հիվանդը ինքը որոշի, թե որ տարբերակն է ընտրում։ Եթե վիրահատվի, միգուցե կհանդիպի հետվիրահատական բարդությունների, իսկ  եթե ընտրի ճառագայթային թերապիան, ստանալով երկարատև բուժում, բնականաբար բարդությունների հավանականությունը ցածր կլինի։  Երկու բուժմոտեցումների արդյունավետությունը գրեթե հավասարաչափ է։

-Կան արդո՞ք հակացուցումներ ճառագայթային թերապիայի համար։ Ճառագայթային թերապիան հիվանդից ի՞նչ է պահանջում։

-Ճառագայթային թերապիայի ժամանակ բնականաբար կարող են լինել հակացուցումներ, բայց դրանք շատ քիչ են և հիմնականում պայմանավորված են  հիվանդության  ծանրության աստիճանով։ Նախևառաջ հիվանդը պետք է պարզ պատկերացնի, իրազեկված լինի ամբողջ բուժման ընթացքի մասին. ի՞նչ կողմնակի ազդեցություններ են հնարավոր  բուժման ընթացքում, ե՞րբ են դրանք վերանալու, սպասվում են արդյո՞ք այլ բարդություններ, պետք է բացատրվի բուժման օգտակարության մասին, թե ինչ արդյունքի կհասնենք այդ բուժումից հետո։  Պետք է հստակ հասկանան, թե ինչու է իրենց ցուցված ճառագայթային թերապիան, ուղղակի պետք է ճիշտ և մատչելի բացատրել իրենց ամեն մի քայլը։

-Տեղյակ ենք, որ մասնակցել եք ԱՄԷ-ում կայացած կոնֆերանսին, ի՞նչ տվեց  այդ կոնֆերանսը Ձեզ:

 -Ինձ համար մեծ պատիվ և հաճելի իրողություն էր, որ ես և իմ գործընկերը փորձեցինք ամփոփել մեր 4 տարիների կատարած աշխատանքը: Հետազոտությունը կատարվել էր բոլոր գիտաբժշկական սահմանված օրենքների համաձայն, իհարկե`  փոքր թվերով, քանի որ մենք ունենք քիչ թվով հիվանդներ, սակայն` լավ արդյունքներ։ Մեր մասին տպագրվել էր ամսագրում, որը հասանելի էր դարձել ԱՄԷ-ում  կազմակերպվելիք  կոնֆերանսի կազմակերպիչներին, որոնք էլ ինձ հրավեր ուղարկեցին` մասնակցելու այդ կոնֆերանսին։ 2023թ. դեկտեմբերի 1-ին կայացավ այդ միջազգային կոնֆերանսը, տևեց 2 օր, մասնակցում էին մոտ 30 երկրների ներկայացուցիչներ։ Հաճելի փաստ էր, որ մարդիկ տեսան և գնահատեցին մեր աշխատանքը։  Թեման կրկնակի ճառագայթման թեման էր: Եթե նախկինում ընդունված էր, որ եթե հիվանդը  մեկ անգամ ճառագայթային թերապիա է ստացել, ապա նույն հատվածում այն կրկնել չէր կարելի։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ, հատուկ պաթոլոգիաների դեպքերում կրկնակի ճառագայթումը պացիենտի համար կարելի է անցկացնել անվտանգ՝ հասնելով բավականին դրական արդյունքների։

Ամբողջ աշխարհում կատարում են նման հետազոտությունները, բայց դրանք առայժմ փոքր թիվ են կազմում։

-Ձեր կարծիքով` ռադիոթերապիան զարգացած է արդյո՞ք մեր երկրում։

-Հուրախություն մեզ` գնալով էլ ավելի է զարգացում ապրում։ Հավատացեք, ես միայն ուրախ կլինեմ այդ առումով: Ինչքան նոր կենտրոններ բացվեն, գերժամանակակից սարքավորումներով համալրվեն կենտրոնները, այնքան այն ավելի կնպաստի առողջ հասարակություն զարգացմանը։ Վստահորեն կարող եմ ասել, որ   մեր և այլ բուժկենտրոններ  աշխատում են այդ ուղղությամբ։

-Ի՞նչ կասեք նեղ մասնագիտացված ասոցիացիաների մասին:

-Ասոցացիաները բժիշկներին հնարավորություն են տալիս լինել միշտ նորարարությունների զարկերակի վրա, ստեղծվում են տարբեր տեսակի ուղեցույցներ, հրահանգներ, պահանջներ։ Ես բավականին ուսումնասիրել եմ ասոցիացիաների գործունեությունը։ Կան երկրներ, որտեղ մասնագիտական ասոցիացիաները նույնիսկ կարող են իրենց կամքը թելադրել Առողջապահության նախարարությանը։ Օրինակ` Պարսկաստանում ականատես եմ եղել, թե ինչ լուրջ դեր ունի իրենց երկրում ուռուցքաբանության ասոցիացիան: 5 տարբեր ասոցիացիաներ կային, որոշեցին միացնել դրանք և ստեղծել հզոր և ամուր ուժ առողջապահության ոլորտում, և ամեն հարցում ուռուցքաբանության մեջ թելադրում են իրենց քայլերը։

-Ռադիոթերապիա նշանակելուց հետո հիվանդը հրաժարվում է այդ բուժումից, ո՞րն է լինելու ձեր հետագա քայլը: Որքանո՞վ  է  հիվանդի տրամադրվածությունը ազդում  բուժման  արդյունքի վրա, կա՞ հոգեբանական գործոն:

-Իրականում իրենց ամեն մի որոշում պետք է հիմնավորված լինի։ Եթե պացիենտն ունի կոնկրետ և հիմնավորված պատճառներ, ինչի համար, որն ինքը հրաժարվում է այդ բուժօգնությունից, ապա մենք որևէ իրավունք չունենք միջամտման, և մենք մեր քայլերը կատարում ենք` համաձայն պացիենտի որոշման։ Եթե պացիենտը ոչ հիմնավորված է հրաժարվում, ուղղակի լինում են հոգեբանորեն ընկճված վիճակներ, մեր հետագա քայլը պետք է լինի ճիշտ բացատրել իրավիճակը, շատ անգամ հարազատների օգնությունն է անհրաժեշտ լինում, քանի որ հաճախ հիվանդը հոգնում է անցնել այդ երկարատև ճանապարհը հիվանդության հետ կռիվ տալու համար։ Անհատական մոտեցում պետք է ցուցաբերել հիվանդներին` յուրաքանչյուրին մոտենալով առաջին հերթին որպես հոգեբան։ Մեզ հետ ՈՒԱԿ-ում աշխատում են նաև հատուկ հոգեբաններ, որոնք վարում են նման խնդիրներ ունեցող բուժառուներին բուժման ամբողջ ընթացքում։

-Ըստ Ձեզ` հիվանդին պե՞տք է տեղեկացնել իր հիվանդության մասին։

 -Այո, միանշանակ, իրազեկումը պետք է և պարտադիր է` ուղղակի մի քիչ շրջանցելով, ոչ թե ուղիղ հայտնել եղելությունը։ Շատ ժամանակ հարազատները չեն թողնում մեզ ճշմարտությունն  ասել պացիենտին, բայց իմ անձնական կարծիքն է, որ  հիվանդը պետք է տեղյակ լինի իր հիվանդության մասին։ Պետք է կայանա պացիենտ-բժիշկ համագործակցությունը։ Կարծում եմ՝ եթե հիվանդը տրամադրվում է հաղթանակի, դա ավելի հեշտ է տրվում, քան դեպրեսիվ ու ոչնչի չհավատացող հիվանդների դեպքում: Դա գործնականում էլ ենք զգում. բարդություններ հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով ուզում է բուժվել, բուժվում է:

-Ի՞նչ կասեք մեզանում դիմելիության մշակույթի մասին, ի՞նչ մակարդակի վրա է այն այսօր:

-Գնալով զարգացում է ապրում, մեծ դեր ունեն լրատվական և տեղեկատվական դաշտերի դերը, ինչու չէ նաև սոցիալական հարթակները, բժիշկների մասնագիտական էջերը, որը մեծ դեր ունի մարդկանց իրազեկված լինելու համար, զգոնությունը մարդկանց մեջ մեծացել է, այն գնալով բարձրանում է։ Պրակտիկորեն բոլոր ուռուցքային հիվանդություններն են երիտասարդացում ապրել, հիվանդությունների ընթացքը երիտասարդ տարիքում ավելի ագրեսիվ ընթացքով է լինում, քանի մեծ տարիքում։  70-80 անց հիվանդների մոտ հիվանդությունների ագրեսիվությունը բարձր չէ։ Իրենց ավելի հեշտ է բուժել։ Երիտասարդների դեպքում  պատրաստ ենք ամբողջ մեր զինանոցը   կիրառել։ Մեր տեղեկագրում, որը տարեկան լույս է տեսնում,  մանրամասն  ներկայացվում է հիվանդությունների վիճակագրությունը։ /Առողջություն և առողջապահություն վիճակագրական տարեգիրք/

-Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասինտեղեկացնելը, 

ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը: 

-Գլոբալ առումով համարում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պիտի լինի, այլ ոչ թե միայն հարազատներինը: Կոնկրետ Հայաստանում երկարատև մոտեցում է պահանջվում: Քաղաքակիրթ բոլոր երկրներում, հիմնականում առաջին օրը, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկները, հոգեբանները, սոցիալական աշխատողները բացատրում են ամեն ինչ՝ հիվանդության բուժման ուղղությունը, սպասվող բարդությունները և այդ ամենը համաձայնեցնում են հիվանդի հետ: Ցավոք, այստեղ այդպես չէ: Հաճախ որոշումը կայացնում են հարազատները և ուղղորդում են բժշկին, թե ոնց շփվի հիվանդի հետ: Չնայած հաճախ ստացվում է համոզել, հասկացնել, որ գոնե ինչ-որ չափով հիվանդը տեղյակ լինի` ինչի մասին է խոսքը, և ինչ բուժում է սպասվում իրեն:  

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

- Ինձ համար իրականում ողջունելի է առողջապահության ոլորտի յուրաքանչյուր զարգացում, նոր կենտրոնների բացումը, ախտորոշիչ ծառայությունների զարգացումը, որը  շատ բարձր մակարդակի վրա է այսօր: Բուժական մեթոդների զարգացումը քիմիա- ճառագայթային և վիրաբուժական մեթոդները այսօր բարձր մակարդակի վրա են։ Մենք մեր բժշկությամբ ոչ մի երկրի չենք զիջում։

Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհություն և հաղթանակներ, որոնք  մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունը իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ և հարկ եղած դեպքում  ժամանակին դիմել համապատախսան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, և մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:  

Եվ հարցազրույցի  վերջում կցանկանամ սրտիցս բխած մի բան ասել՝ «Ես իմ հայ ազգի ցավը տանեմ: Մենք պետք է ապրենք ու արարենք խաղաղ ու ապահով երկնքի ներքո, ստեղծագործենք, աշխատենք, սովորենք, պայքարենք միմյայն անվտանգ պայմաններում։ Մաղթում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ազգակիցներս լինեն ապահով, անվտանգ կենսագործունեության մեջ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր