Lusine

Lusine

There is no translation available.

Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին 

Մինչ քաղաքական դաշտում կրքեր են եռում, մեր բժիշկները շարունակում են հավատարիմ մնալ իրենց մասնագիտական պարտքին, եւ պատահական չէ, որ անկեղծ հարգանքի են արժանանում: Մարզային բժշկության խնդիրները բազմազան են, բայց լավ մասնագետների շնորհիվ դրանք լուծվում են: Ընդ որում, հաճախ այդ մասնագետներն առաջին օգնություն են ցույց տալիս նաեւ ոչ իրենց ոլորտում: Մարզային հիվանդանոցներում ավելի մատչելի, քան Երեւանում, իրականացվում են բոլոր բուժական մոտեցումները, տեխնիկական հագեցվածության առումով էլ դրանք գրեթե չեն զիջում մայրաքաղաքին:

Աբովյան քաղաքի Ռուբիկ Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքն ապահովված է բարձրակարգ բժիշկ-մասնագետներով, մատուցում է բազմատեսակ բժշկական ծառայություններ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, բժիշկ, ով ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:  

-Ի՞նչ գործառույթներ է իրականացնում ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

-Մենք զբաղվում ենք գրեթե բոլոր վնասվածքաբանական եւ օրթոպեդիկ պաթոլոգիաներով, մեզ դիմում են տարբեր խնդիրներով՝ նորածնային տարիքից մինչեւ ծերեր: Բայց մեր հիվանդանոցը մանկական պրոֆիլի չէ, եւ մենք վիրահատում ենք այն պացիենտներին, որոնց 18 տարին լրացել է, իսկ ամբուլատոր ծառայություն մատուցում ենք անկախ տարիքից: Մեր հիվանդանոցը գրեթե ամբողջությամբ սպասարկում է Կոտայքի մարզը, մեզ  դիմում են նաեւ այլ մարզերից, եւ օրեցօր ավելանում է դիմողների, վիրահատվողների թիվը: Տասը տարի վնասվածքաբան-օրթոպեդ եմ աշխատել մեր պոլիկլինիկայում, զինկոմիսարիատում, ընդհանուր վիրաբույժ եմ եղել հիվանդանոցում, կատարել վիրահատություններ, այսինքն՝ բավականին ծանրաբեռնվածությամբ ենք աշխատել եւ հասել այսօրյա դրական արդյունքներին: Մեզ մոտ կատարվում են կոնքազդրային հոդի, ծնկահոդի էնդոպրոթեզավորումներ, ծնկահոդի արթրոսկոպիաներ, տարբեր տեսակի կոտրվածքների բուժում: Լինում են հազվադեպ հիվանդներ, ովքեր ուղեգրվում են նաեւ այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներ: Աշխատում ենք չդոփել տեղում՝ մշտապես անցնելով վերապատրաստումներ, նորագույն մեթոդներ եւ մոտեցումներ ներառելով մեր աշխատանքում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստիոպարոզ հիվանդությունը: 

-Այն ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ոսկրերի թուլացմամբ եւ մեծացնում է կոտրվածքների ռիսկը, ծերերի մոտ կոտրվածքների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Սովորաբար կոտրվում են ողնաշարի ողերը, նախաբազկի եւ կոնքի ոսկրերը, ազդոսկրի պրոքսիմալ հատվածը։ Ոսկրերը կարող են դառնալ այնքան փխրուն, որ կոտրվածք առաջանա նույնիսկ չնչին ազդեցությունից։ Կոտրվածքից հետո կարող են մնալ քրոնիկ ցավ եւ շարժումները նորմալ կատարելու սահմանափակում։ Ոսկրային զանգվածի կորուստը ավելանում է դաշտանադադարից հետո՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով: Օստեպորոզը կարող է առաջանալ նաեւ տարբեր հիվանդությունների (օրինակ, հարբեցողություն, անորեքսիա, հիպերթիրեոզ, երիկամային հիվանդություններ կամ ձվարանների հեռացում) եւ դրանց բուժումների հետեւանքով։ Կարող է առաջանալ նաեւ հարվահանաձեւ գեղձի հորմոնների խնդրի ժամանակ, որը պետք է էնդոկրինոլոգները հայտնաբերեն, եւ մենք համակցված աշխատանքով կգտնենք հիվանդության պատճառը:

-Ի՞նչ է արթրոզը:

-Արթրոզը (հոդախտ) հոդերի քրոնիկական հիվանդություն է, որի առաջացմանը նպաստում են տարիքը, բորբոքային պրոցեսները, ավելցուկային քաշը, պրոֆեսիոնալ սպորտաձեւերը, վնասվածքները, ինֆեկցիաները, համակարգային հիվանդությունները, տարած վիրահատությունները, ժառանգական նախատրամադրվածությունը: Առաջացման պատճառ կարող է լինել նաեւ հոդաճառի քրոնիկական վնասումը: Իսկ, օրինակ, ոտնաթաթի հոդերի արթրոզի պատճառը կարող լինել նեղ կոշիկ կրելը:
Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես խոշոր, այնպես էլ մանր, այդ թվում՝ ողնաշարի` (սպոնդիլոարթրոզ) հոդերը: Ոսկրերը միացնող, հոդամակերեսները ծածկող աճառն աստիճանաբար քայքայվում է ու բարակում, ինչպես նաեւ ոսկրային հյուսվածքն է փոփոխությունների ենթարկվում, կարծրանում է (օստեոսկլերոզ): Երբեմն հոդի մակերեւույթին գոյանում են փշաձեւ ոսկրային գերաճումներ: Հիվանդությունն սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո` հոդերի ոչ սուր եւ ոչ մշտական ցավերով, որոնք անհետանում են հանգստի ժամանակ: Այնուհետեւ ցավերն առաջանում են նույնիսկ չնչին բեռնվածության դեպքում ու աստիճանաբար դառնում մշտական:

Հոդերը կարող են ուռչել, շոշափելիս ցավոտ են, ծալումը եւ տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաեւ հոդի ձեւախախտում: Ողնաշարի արթրոզի ժամանակ առաջանում են նյարդարմատիկային ցավեր, որոնց պատճառը ոսկրային գերաճումներով նյարդարմատների սեղմումն է: Նման ցավեր կարող են առաջանալ ողնաշարի ցանկացած բաժնի ախտահարման ժամանակ եւ տեղայնացվել ինչպես տվյալ, այնպես էլ մարմնի այլ հատվածներում՝ ծոծրակում, կրծքավանդակում, վերջույթներում: Կարող են ցավոտ կետեր ի հայտ գալ նաեւ սրտի շրջանում, որովայնում: Արթրոզի բուժման նպատակն է օրգանիզմում բնականոնացնել նյութափոխանակությունը, վերացնել ծանրաբեռնվածությունը ախտահարված հոդի շրջանում: Մի շարք դեպքերում անհրաժեշտ է դիմել վիրաբուժական միջամտության, ազատվել ավելորդ քաշից:

Կոնքազդրային հոդի արթրոզը բավականին տարածված է, քանի որ այսօր մարդիկ սկսել են ավելի քիչ շարժվել, քիչ մարզվել, ավելի շատ օգտագործել ռաֆինացված սննդամթերքներ, վնասակար սնունդ: Ծանր քաշ ունեցողների մոտ այն ավելի հաճախ է հանդիպում: Այդ դեպքում վիրահատական միջամտությունը դժվար է լինում, դիմում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման: Տարեցտարի այդ հիվանդությունն ավելի շատանում է, բայց հնարավոր է այն կանխարգելել, եթե հիվանդները վաղ դիմեն բժշկի, ժամանակին իրականացվեն բոլոր համակցված բուժումները: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ուշացած դեպքերում ավելի են տուժում թե՛ ֆինանսապես, թե՛ առողջական ու ժամանակային առումներով:

-Իսկ հալուքս վալգուս հիվանդությունն ի՞նչ է իրենից ներկայացնում։

-Հալուքս վալգուսի (hallux valgus) ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում եւ շեղվում է դեպի մյուս մատները: Շատ կարեւոր է դրանց բուժելը, քանի որ, բացի էսթետիկ տհաճ տեսքը, դրանք փոխում են ծանրաբեռնվածության աստիճանը ոտնաթաթի վրա՝ առաջացնելով շարունակական խնդիր կմախքի համար։ Վիրահատությունից հետո պացիենտը կրում է մասնագիտացված օրթոպեդիկ կոշիկներ, ազատվում թե՛ կոսմետիկ, թե՛ օրթոպեդիկ խնդիրներից։ Այդ հիվանդությունն առաջանում է լայնակի հարթաթաթության հետեւանքով, լինում են ոտնաթաթերի դրսային թեքվածություն, կապանմկանային ապարատի թուլություն, որը կարող է լինել բազմապատճառային: Պատճառներից են ժառանգական նախատրամադրվածությունը եւ, իհարկե, սխալ կոշիկների կրումը, որը շատ հաճախ հանդիպում է երիտասարդ աղջիկների եւ կանանց մոտ: Մեկ այլ չարիք է դարձել գրեթե բոլոր երեխաների՝ ողնաշարի խնդիր ունենալը, որի պատճառը ամբողջ օրը համակարգիչների եւ հեռախոսների վրա կռացած լինելն է: Պետք է ծնողները հետեւողական լինեն՝ առաջնային համարելով իրենց երեխաների առողջությունը, այլ ոչ թե նրանց քմահաճույքները:

-Ի՞նչ է ջլերի բորբոքումը:

-Դա ջլերի բորբոքային բնույթի ախտահարումն է, որը կարող է զարգանալ օրգանիզմի ցանկացած տեղում, կարող է հանդիպել տարբեր տարիքի մարդկանց մոտ անկախ սեռից եւ տարիքից: Ջլերի բորբոքումը (տենդինիտ) կարող է պայմանավորված լինել քրոնիկական հիվանդություններով, կմախքային առանձնահատկություններով, աշխատանքի բնույթով: Սպորտսմենների եւ ֆիզիկական աշխատանք կատարողների մոտ ավելի հաճախ է հանդիպում: Տենդինիտների ոչ լիարժեք բուժման դեպքում այն դառնում է քրոնիկական, որն ուղեկցվում է բժշկական ցավային համախտանիշով, շարժումների սահմանափակումով: Այդ պատճառով անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի: Տենդինիտի առաջացման պատճառներն են մեծ ֆիզիկական ակտիվությունը ջլերի չափազանց ծանրաբեռնվածությամբ, ջլերի տարիքային դեգեներատիվ փոփոխությունները, որոնք առաջանում են հիմնականում 40 տարեկանից հետո, վնասվածքները, հորմոնալ փոփոխությունները, ինֆեկցիաները, իմունոդեֆիցիտը, նյութափոխանակության խանգարումները: Տենդինիտի կլինիկական պատկերը կախված է տեղակայումից եւ զարգացման փուլից, որը կարող է լինել սուր եւ քրոնիկական: Սկզբնական փուլում ցավերն արտահայտվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ավելի ուշ շրջանում ցավերն արդեն առաջանում են նաեւ հանգստի ժամանակ: Երբեմն նկատվում է կրեպիտացիա՝ ճարճատյուն, կարմրածություն եւ այտուց, բուժումը հիմնականում կոնսերվատիվ է, դեղորայքային, երբեմն նաեւ՝ վիրահատական:  

-Ի՞նչ է կոտրվածքը:

-Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության լրիվ կամ մասնակի խախտումն է, որն ուղեկցվում է շրջակա փափուկ հյուսվածքների վնասմամբ եւ վնասված սեգմենտի ֆունկցիայի խանգարմամբ: Կոտրվածքները հաճախ առաջանում են վնասվածքների եւ չափազանց ծանրաբեռնվածության հետեւանքով: Կոտրվածքները կարող են լինել փակ, երբ չեն վնասվում մաշկը եւ շրջակա հյուսվածքները, եւ բաց, երբ վնասվում է մաշկը, ու ոսկրը շփվում է արտաքին միջավայրի հետ: Կոտրվածքները ըստ պատճառի լինում են տրավմատիկ, այսինքն՝ հարվածի, վայր ընկնելու եւ այլ վնասվածքների հետեւանքով, սթրեսային կամ հոգնածության կոտրվածքներ, որոնք փոքր մասնակի կոտրվածքներ են եւ առաջանում են շարունակական չափավոր ծանրաբեռնվածության հետեւանքով: Պաթոլոգիկ կոտրվածքներ կամ սպոնտան կոտրվածքներ, որոնք կարող են առաջանալ ոսկրի չնչին ծանրաբեռնվածության հետեւանքով, որը ախտահարված է որեւէ հիվանդությամբ, օրինակ, օստեոպորոզով, ուռուցքով, համակարգային եւ գենետիկ հիվանդություններով: Ծննդաբերական կոտրվածքներ, որոնք առաջանում են ծննդաբերության ժամանակ: Ըստ կոտրվածքի գծի ուղղության, կոտրվածքները լինում են լայնակի, երկայնակի, թեք, պտուտակաձեւ, բեկորային, կոմպրեսիոն եւ ավուլսիոն (կամ պոկումային): Կլինիկորեն կոտրվածքներն արտահայտվում են ցավով, այտուցով, կոտրված մասի դեֆորմացիայով, ֆունկցիայի խանգարումով, ոսկրային կրեպիտացիայով՝ ճարճատյունով, պաթոլոգիկ շարժունությամբ: Փակ կոտրվածքի դեպքում առաջին բուժօգնությունն է հանդիսանում անշարժացումը, ցավազրկումը, իսկ բաց կոտրվածքի դեպքում՝ վիրակապի տեղադրումը եւ շտապ հիվանդանոց տեղափոխումը: Բուժումը պայմանավորված է կոտրվածքի բնույթից, տեղակայումից, շրջակա փափուկ հյուսվածքների վիճակից, հիվանդի ընդհանուր սոմատիկ վիճակից, ուղեկցող հիվանդություններից: Եթե համեմատականներ անցկացնենք 40 տարի առաջվա եւ ներկայիս կոտրվածքների բուժման տակտիկայի միջեւ, ապա կտեսնենք, որ այն ժամանակ հիվանդներն ավելի շատ բուժվում էին կոնսերվատիվ (գիպսային անշարժություն, կմախքային ձգումներ եւ այլն), ոչ վիրահատական եղանակով: Ներկա բժշկության արագ զարգացման հետեւանքով իմպլանտալոգիան ներդրվել է բժշկության մեջ ոսկրերը ամուր, որակյալ ֆիքսելու համար, դրա զարգացման հետ մեկտեղ նաեւ ավելի շատ վիրահատություններն են կատարվում: Եթե նույն ժամանակահատվածի հետ համեմատություն անենք, այն ժամանակ վիրահատվում էր դեպքերի 30 տոկոսը, հիմա չի վիրահատվում դեպքերի փոքր մասը, որի պատճառն էլ, տարբեր հանգամանքներից ելնելով, հիվանդի՝  վիրահատությունից հրաժարվելն է լինում: Ներկա պահին մենք հիվանդին վիրահատության ցուցում ենք դնում ոչ միայն ոսկրը ստատիկ ֆիքսելու, այլ նաեւ հիվանդին վաղ ակտիվացնելու, վաղ ռեաբիլիտացիա  կատարելու ու նաեւ իր առօրյա կյանքին վերադարձնելու համար: Նմանատիպ հիվանդները, որոնք վիրահատվում են, շատ ավելի արագ են վերականգնվում, վերադառնում իրենց նորմալ կյանքին, եւ հոդերի կողմից խնդիրներ հիմնականում չենք ունենում: Մինչդեռ կոնսերվատիվ բուժման դեպքում նրանք երկար ժամանակ մնում են անշարժ վիճակում, վերականգնողական շրջանում էլ ունենում ենք խնդիրներ հոդերի շարժումների ծավալը վերականգնելու համար:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Վստահորեն կասեմ, որ լավագույն ուսուցիչներ կարող եմ համարել Արմեն Չարչյանին եւ Գագիկ Բդոյանին, ովքեր անմնացորդ  նվիրումով իրենց գիտելիքները փոխանցել են ինձ եւ  վստահել են մեզ ինքնուրույն կատարել վիրահատություններ: Շնորհակալ եմ ճակատագրին, որ նրանց հանդիպեցրեց իմ մասնագիտական կայացման ճանապարհին:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհությում եւ հաղթանակներ, որոնք  մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունը իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ եւ, հարկ եղած դեպքում,  ժամանակին դիմել համապատախսան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:  

There is no translation available.

Ի սկզբանե որոշակի խելքի, մտածողության տեր մարդիկ են կարողանում ինտեգրվել բժշկության մեջ

Մանկական վիրաբուժությունն առողջապահության բնագավառի չափազանց կարեւոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Ընդհանրապես բժիշկ դառնալու ամենակարեւոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, ինչպես նաեւ՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները եւ փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան, եւ անընդհատ պետք է սովորել, ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք տանել: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ գրանցվեն լավ արդյունքներ:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է, մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ հենց վերոնշյալ հատկանիշների կրող է։ Բժշկի խոսքերով՝ իրենց մոտ լապարասկոպիկ, ցիստոսկոպիկ, նեֆրոսկոպիկ, Էնդոսկոպիկ վիրահատություններ կատարվում են նորագույն մեթոդներով ու աշխարհի լավագույն կլինիկաներում ընդունված կանոններով, եւ դրանց արդյունքները բավականին տեսանելի են ու խոսուն: Բաժանմունքում վիրահատությունն արագ, պրոֆեսիոնալ իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, իսկ դա անչափ կարեւոր է, երբ խոսքը երեխայի կյանքի մասին է։ Բուժանձնակազմը օրվա ընթացքում շատ լարված է աշխատում, քանի որ իրենց հաճախ են դիմում անհետաձգելի՝ ուրգենտ վիրահատությունների խնդրով՝ տարբեր վնասվածքներով եւ  բարդացման դեպքերով: Ըստ նրա՝ բժշկի աշխատանքում շատ կարեւոր են աշխատասիրությունն ու նվիրվածությունը, ու, երբ երեխայի ու ծնողի հետ անցնում ես բազմափուլային բուժում, հետաքրքիր կապ է ստեղծվում բժշկի եւ պացիենտի միջեւ, որը պահպանվում է նաեւ հետագայում։

-Որո՞նք են մանկական շրջանում ամենաշատը հանդիպող վիրաբուժական հիվանդությունները։

-Զարգացման արատներից ամենահաճախ հանդիպողը բնածին աճուկային ճողվածքներն են, որոնք պլանային վիրահատություն են պահանջում: Շտապ վիրահատություն պահանջողներից ամենահաճախ հանդիպողը սուր ապենդիցիտն է: 

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։

-Ինձնից առաջ միայն երջանկահիշատակ պապիկս է բժիշկ եղել: Վաստակավոր բժիշկ էր՝  ավելի քան 60 տարվա աշխատանքային փորձով, թոշակի անցավ 85 տարեկանում: Սկզբում եղել էր տեղամասային բժիշկ, հետո ռենտգենոլոգի մասնագիտացում էր ստացել, շատ ճանաչված եւ հարգված բժիշկ ու անձնավորություն էր: Իմ՝ բժիշկ դառնալուց հետո արդեն եղբայրս, քույրս են բժշկի մասնագիտությունն ընտրել:

-Իսկ ձեր երեխաները մասնագիտական ուղղվածություն ունե՞ն արդեն:

-Իմ երեխաները 13 եւ 10 տարեկան են եւ երբ հայտնեցին բժիշկ դառնալու իրենց  ցանկության մասին, ես փորձեցի իրենց բացատրել բժշկի մասնագիտության դժվարությունները։ Բժիշկը սովորում է շատ ավելի երկար, քան մնացած բոլոր, նույնիսկ ամենաբարդ ինժեներական մասնագետները, սովորում է նվազագույնը 7-8 տարի, չունի ազատ եւ հանգստյան օրեր, ընտանիքի, հարազատների եւ շրջապատի, ընկերների համար՝ ժամանակ: Բժիշկը պարտավոր է լինել հիվանդանոցում հաճախ շաբաթ, իսկ, եթե ծանր հիվանդ կա, նույնիսկ կիրակի օրը: Բժիշկը տոն, հանգիստ չունի, անընդհատ լարված է, 24 ժամ լսում է դժգոհություն, բողոք, գանգատ, դժբախտության է ականատես լինում: Եվ այդ ամենը խլում են նրա էներգիան, ուժերը… Սկզբնական շրջանում փորձում ես ապրել սովորական մարդկանց նման, շրջապատ, ընկերներ ունենալ եւ այլն, բայց տարիների ընթացքում այնպես է ստացվում, որ բոլորն արդեն սկսում են քեզ հիշել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը կամ լավ չի, մահանում է կամ արդեն մահացել է… Ու ոչ բոլորն են կարողանում երկար դիմանալ, եւ պաշտոնական վիճակագրությամբ բժիշկների կյանքի միջին տեւողությունը շատ ավելի կարճ է, քան մնացած բոլոր մասնագետներինը: Բացի այդ, բժշկի վարձատրությունը ոչ մի ձեւով չի տարբերվում մնացած բոլոր մասնագետների վարձատրությունից: Այսինքն՝ նա ավելի շատ է ուսմանը ժամանակ տրամադրում, ավելի բարդ ճանապարհ է անցնում մինչեւ մասնագետ դառնալը, ամբողջ կյանքում շարունակում է սովորել, բայց այդ հոգեբանական ու ֆիզիկական լարվածությունը ըստ արժանվույն չի փոխհատուցվում պետության, գործատուի, ապահովագրական ընկերության կողմից: Ես նրանց խորհուրդ եմ տալիս ընտրել ցանկացած այլ մասնագիտություն, լինել լավագույնների մեջ… Ու, եթե չլիներ սերը բժշկության հանդեպ, հավանաբար մեկ օր էլ չէի  դիմանա այս գերլարվածությանը: Բայց, եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենամ, էլի կընտրեմ մանկական վիրաբույժի աշխատանքը:

-Ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը։

-Իմ ուսուցիչները շատ են՝ սկսած դպրոցական, ուսանողական տարիներից, ու ես կարողացել եմ տարբեր ժամանակների նրանց տվածը ընկալել եւ դասավորել, այսպես ասած, համապատասխան դարակների մեջ: Բժիշկը չպետք է դոփի տեղում, պետք է ձգտող, պրպտող լինի, եթե դադարեց զբաղվել իրենով, ուրեմն նա արդեն բժիշկ չէ: Մարդը ծնողներից, շրջապատից, բոլորից էլ սովորելու բան ունի: Նեղ մասնագիտացման մեջ ուսուցիչ եմ համարում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանին, մանկական վիրաբույժ Սպարտակ Ղազարյանին, Սահակ Առաքելյանին, Կառլեն Ղուշչյանին, Կարապետ Շաքարյանին, ով եղել իմ ամբիոնի վարիչը, երբ կլինիկական օրդինատուրա էի անցնում: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր բարձր որակի մասնագետներ են եւ ջանք ու եռանդ չեն խնայել ինձ սովորեցնելու համար: Ընդհանրապես բժշկությունը չի դոփում տեղում, ու պետք է միշտ հետեւես նորարարությունների զարկերակին, ամենօրյա աշխատանքային պրակտիկայով նոր բան սովորես: Հնարավոր է՝ ուսանողն էլ մի նորություն ասի, որը քեզ համար կլինի ուսանելի:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր ապագա բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Ունենք լավ  ուսանողներ, ովքեր ուզում են սովորել, ձգտող են, պրպտող: Ընդհանրապես միջակություններն իրենց բժշկության մեջ չեն փնտրում, փորձում են ընտրել այլ ոլորտ: Ի սկզբանե որոշակի խելքի, մտածողության տեր մարդիկ են կարողանում ինտեգրվել բժշկության մեջ: Իսկ սովորելու հնարավորություններն այսօր բավականին մեծ են, ավելի հեշտ է սովորելը, քան մեր տարիներին էր: Միայն ցանկություւն է պետք։

-Վերապարաստումների հասցնո՞ւմ եք մասնակցել։

-Բժշկության մեջ վերապատրաստումներ անցնելը պարտադիր է, որովհետեւ լիցենզիայից կզրկվես, եթե առնվազն հինգ տարին մեկ չվերապատրաստվես: Մասնակցել եմ վերապատրաստումների Մոսկվայում, Մինսկում: Պարբերաբար արտերկրից գալիս են տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկներ, ովքեր համատեղ ցուցաբերում են բուժօգնություն, տեղի է ունենում փորձի փոխանակում, եւ նրանց հետ մեր կապը հետագայում պահպանվում է: Որոշ վերապատրաստման ծրագրերի մասնակցելու համար վճարում է կենտրոնը, որոշ դեպքերում (իհարկե, շատ հազվադեպ)` հովանավորը կամ ինքներս ենք հոգում ծախսերը… Տարբեր տեսակի ինֆորմացիաների, դրանց իրարամերժության, ժամանակի ընթացքում ծավալների անմարսելիության հետեւանքով այսօր բոլորս ինֆորմացիոն սթրեսի մեջ ենք: Այլ կերպ ասած, ունես ինֆորմացիա, բայց այն տիրապետելու, յուրացնելու, ընկալելու ժամանակ չունես: Պահանջներն են շատացել, եւ ես ամեն օր աշխատանքից հետո հետեւում եմ նորարություններին, ու, հարկ եղած դեպքում, գործընկերներով դրանք քննարկում ենք։

-Ասոցիացիաների դերը Ձեր նեղ մասնագիտացման մեջ։

-Ասոցիացիաները շատ կարեւոր գործառույթ են իրականցնում, այն շարժիչ ուժն են, որ առաջ են տանում ամենաարագ զարգացող բժշկությունը, ուղեցույցներ են մշակում:

-Հիշո՞ւմ եք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատությունն ու ապրումները։

-Առաջին վիրահատությունը ամբիոնի վարիչ Կարապետ Շաքարյանի ղեկավարությամբ իրականացրել եմ կլինիկական օրդինատորայում սովորելու առաջին տարին: Իհարկե, շատ էի ոգեւորվել, բայց դրանով երկար տարվելու ժամանակ չկար. մեր կենտրոնում աշխատանքը բավականին շատ է։

-Ըստ Ձեզ, պետությունն այսօր ըստ արժանվույն գնահատո՞ւմ է բժշկին: 

-Կցանկանայի, որ մեր պետությունը բժշկին ավելի ճիշտ գնահատի, եւ ամեն առիթով բժիշկը չհայտնվի քննադատությունների թիրախում: Բժիշկներն ու մանկավարժներն են հիմնականում մեր ազգի ապագան ստեղծում, բայց պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Նախկինում բժշկին շատ ավելի էին հարգում, քան հիմա, եւ ինտերնետ պորտալն այդ առումով բավականին վատ ազդեցություն է ունենում, ընդ որում, տղամարդկանց մոտ դա շատ ավելի ցայտուն է արտահայտվում: Ոչ ոք պատասխանատվություն չի կրում իր արածի եւ ասածի համար, բայց չպետք է մոռանալ, որ քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ դիմացինիդ արդեն վիրավորանք ես հասցնում: Մարդու ազատությունն իրականում անսահմանափակ չէ: 

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը, գործընկերներին։

-Առաջինը. կցանկանամ, որ չհիվանդանան, հիվանդանալու դեպքում էլ ինքնաբուժությամբ չզբաղվեն, դեղատնային բուժում չանցնեն, դիմեն բժշկի: Իսկ բժիշկներին հորդորում եմ աշխատել խղճով, չանել անիմաստ հետազոտություններ, բուժումներ, վիրահատություներ, անիմաստ կոնսուլտացիաների չուղարկել, առաջնորդվել այս երեք ոսկե կանոնով. «Անել այն, ինչ պարտադիր է, փորձել անել այն, ինչ կարելի է, բայց ոչ պարտադիր, չանել այն, ինչ պետք չէ կամ չի կարելի»: Եվ միայն այդ դեպքում կարող եք քնելուց առաջ հանգիստ խղճով գլուխներդ դնել բարձին: Աշխատեք խելքով՝ գումարած ուղեցույցներով, ձգտեք ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ շրջապատողներին, ընտանիքին, պետությանը, որպեսզի կյանքը  անիմաստ չլինի: Առողջ եղեք, սիրեք ինքներդ ձեզ։

There is no translation available.

Քիթ-կոկորդ-ականջաբան

Օտովիրաբուժություն

 

Կրթություն

 

2018 Ապրիլ 4-27                  Վիեննայի Կենտրանական Հիվանդանոց

                                              Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք

2017 հոկտեմբեր 16-20       Հրավիրված դիտորդ բժիշկ

2017 Հոկտեմբեր 13-15      Հրավիրված դիտորդ բժիշկ,

                                            Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

2013 Նոյեմբեր 17-23         Քունքոսկրի վիրաբուժության կուրս

                                           Հարվարդի համալսարան, Բոստոն, ԱՄՆ

 

2011 Փետրվար 28-Մարտ 25    Քունքոսկրի վիրաբուժության կուրս

                                                   Զալցբուրգ, Ավստրիա

 

2008 Ապրիլ 13-19           Վերպատրաստման մեկամսյա կուրս Զալցբուրգի Համալսարանական կլինիկայի ԼՕՌ բաժնում

                                         Զալցբուրգ, Ավստրիա 

                                        Քիթ-կոկորդ-ականջաբանության սեմինար

                                        Զալցբուրգ, Ավստրիա

 

2007 02 Փետրվար-24Ապրիլ                Հրավիրված դիտորդ բժիշկ,

                                                              Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

 

2007 Մարտ 25-28                                Քունքոսկրի վիրաբուժության կուրս

                                                            

                                                             

2000 Մարտ-10 –Մայիս 5     Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

                                                   

 

2000 Ապրիլ 15-19 Հրավիրված դիտորդ բժիշկ
Հաուզի ականջի ինստիտուտ, Լոս Անջելես, Կալիֆորբիա, ԱՄՆ

1991 դեկտեմբեր -1994 դեկտեմբեր Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Կլինիկական օրդինատուրան
Քիթ-կոկորդ ականջաբանի որակավորման վկայական

1987 օգոստոս -1988 օգոստոս
Հանրապետական հիվանդանոց
ԼՕՌ բաժանմունք
Ինտերնատուրայի դասընթաց
Քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորման վկայական

1981սեպտեմբեր-1987 Օգոստոս    Երևանի պետական բժշկական համալսարան
                                                          Բուժական գործ 1971սեպտեմբեր-1981հունիս        Երևանի #19միջնակարգ դպրոց,
                                                        Հանրակրթական ատեստատ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1988 օգոստոս-1991դեկտեմբեր             Մեղրու շրջբուժմիավորում
                                                                  օտոլարինգոլոգ
1994դեկտեմբեր-2001 հունվար

 

2001փետրվար-2005մարտ Երևանի պետական բժշկական համալսարան

ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Ավագ լաբորանտ
Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
ասիստենտ 2005-առ այսօր

 

2015 հունիս առ այսօր

 

 

Գիտական գործունեություն
26.02.2001

Գիտական կոչում-01.02.2006թ. Երևանի պետական բժշկական համալսարան
ԼՕՌ հիվանդությունների ամբիոն
Դոցենտ

Աստղիկ ԲԿ, Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
Բժիշկ-օտոլարինգոլոգ

 

Բժշկական գիտությունների թեկնածու
Դիպլոմ Ա N 01179

Դոցենտ
Դիպլոմ Դ N 01051

 

 

There is no translation available.

Ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է

Գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ համարվող էսթետիկ գինեկոլոգիան այսօր շատ պահանջված է ամբողջ աշխարհում: Կանանց մոտ հաճախ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, եւ լազերային էսթետիկ գինեկոլոգիան հնարավորություն է ընձեռում ձերբազատվել այդ խնդիրներից ավելի հեշտ ու անցավ ճանապարհով: Էսթետիկ գինեկոլոգիայի միջոցով շատ կանանց կյանքի որակն էապես բարելավվել է. ազատվել են անհաղթահարելի թվացող բարդույթներից, դարձել առավել ինքնավստահ եւ համարձակ, նույնիսկ կարգավորվել են ընտանեկան խնդիրները: Սակայն Հայաստանում ծառայության այս տեսակը դեռեւս լիովին բացահայտված չէ շատերի համար:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆՆԱ ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք գինեկոլոգիական մի շարք խնդիրների եւ էսթետիկ գինեկոլոգիայի մասին: Պարզվեց, որ հաճելի կին եւ զրուցակից է, ով առաջնորդվում է իր ու այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Բժշկուհուն օգնում են սերը մասնագիտության, մարդու նկատմամբ: Սեփական անձի մասին խոսել չի սիրում եւ կարծում է, որ իր կերպարը իրեն ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Եվ նրան ճանաչող պացիենտները, գործընկերները սիրում ու վստահում են բժշկուհուն:  

-Ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան, եւ ինչպիսի՞ գործառույթուններ են իրականացվում ձեր բաժանմոնքում:

-էսթետիկ գինեկոլոգիան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ է, որն իր մեջ ներառում է բազմապրոֆիլ մի քանի ուղղություններ, եւ նրա միջոցով կինը կարող է ձերբազատել բարդույթներից, սիրել սեփական մարմինը: Բազմաթիվ երկրներում խնդիրների լուծման այս ուղղությունը որոշակի դրական փորձ արդեն կուտակել է, եւ մասնագետի կողմից իրականացված միջամտությունների արդյունքը ոչ միայն բավարարում է կնոջ էսթետիկական պահանջները, այլեւ որեւէ վնաս չի հասցնում առողջությանը։ Էսթետիկ գինեկոլոգիան կոչված է շտկելու այն թերությունները, որոնք կնոջ սեռական օրգանները ձեռք են բերում ծննդաբերությունների, տարիքի կամ այլ պատճառներով, ընդ որում, էսթետիկական թերություններից զատ, բուժվում են նաեւ որոշ հիվանդություններ։ Լազերային միջամտությունների միջոցով կարողանում ենք մի շարք խնդիրներ լուծել ամբուլատոր պայմաններում`արագ, հաճախ առանց ցավազրկման անհրաժեշտության։ Օրինակ, ծննդաբերությունից հետո կնոջ հեշտոցը լայնանում է, նվազում՝ զգայունությունը, երբեմն  առաջանում են անմիզապահության երեւույթներ: Այս խնդիրները արտահայտվածության որոշ աստիճաններում լուծվում են հենց էսթետիկ գինեկոլոգիական միջոցներով։ Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետեւանքով ապահովվում են անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը, կարգավորում է անմիզապահությունը:

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ են լուծվում:

-Կանանց մոտ շատ տարածված խնդիր է օդի առկայությունը սեռական հարաբերության ժամանակ, երբ հեշտոցում օդի զգացողություն է առաջանում, այսինքն՝ անատոմիական անհամապատասխանության հետեւանքով հեշտոցն ավելի լայն է լինում: Օդը ներհրվում է հեշտոցի մեջ, իսկ օդի դուրս գալիս ձայն է առաջանում, ինչը սեռական ակտից խուսափելու պատճառ է դառնում:

Կատարվում է նաեւ լաբիոպլաստիկա՝ սեռական շուրթերի չափերի փոքրացմանն ուղղված պլաստիկ միջամտություն, որն իրականացվում է ե՛ւ էսթետիկ, ե՛ւ առողջական նկատառումներով: Նախկինում սեռական շուրթերի հիպերտրոֆիա (սեռական շուրթերի մեծացում) ունեցող կանայք ու աղջիկներն ամաչում էին բժշկի դիմել, սեռական հարաբերություններում ունենում էին բազմաթիվ բարդույթներ, ինչի արդյունքում տուժում էր սեռական կյանքը: Սակայն էսթետիկ գինեկոլոգիան շատ հեշտ եւ արագ գտել է այդ խնդրի  լուծման ելքը, եւ միջամտություններից հետո գրեթե բոլոր պացինտները դուրս են գրվում հենց նույն օրը: Իրականացվում է նաեւ հեշտոցի նեղացում, որը նախկինում շատ լուրջ խնդիր էր: Երեխա ունենալիս կեսարյան հատումը հաճախ ընտրվում էր միայն այն պատճառով, որ այս մեթոդը չի առաջացնում հեշտոցի լայնացում, դրա արդյունքում՝ սեռական խնդիրներ: Այժմ մենք կարողանում ենք նեղացնել հեշտոցը ոչ մեծ վիրահատական միջամտությամբ, որը կատարվում է տեղային անզգայացմամբ:

Իրականացվում է սեռական հատվածների գունաբացում CO2 ֆրակցիոնային լազերով:

Պլազմոլիֆթինգի միջոցով  կանանց մոտ վերանում են մենոպաուզայի ժամանակ չորության հետեւանքով առաջացած ատրոֆիկ կոլպիտները, քորը, մրմռոցը եւ բոլոր տհաճ զգացողությունները:

Կատարվում է նաեւ սեռական շուրթերի ուրվագծային պլաստիկա: Անօրգազմիայի դեպքում G կետում իրականացվում են ֆիլլերային ներարկումներ:

-Դրանք առաջացնո՞ւմ են հետվիրահատական բարդություններ։

-Նախկինում լաբիոպլաստիկաներն իրականացվում էին լանցետային վիրաբուժական մեթոդով, մնում էին կարեր, որոնք ազդում էին էսթետիկ տեսքի վրա, երբեմն առաջանում էր կարի բորբոքում: Իսկ այսօր լազերային միջամտությամբ կարեր չեն առաջանում, որն էլ իր հերթին ապահովում է քիչ հետվիրահատական բարդություններ եւ գեղեցիկ էսթետիկ տեսք։ Հակացուցումներն են՝ հղիությունը, շաքարային դիաբետը եւ բորբոքային պրոցեսները: Ընդհանրապես, եթե առկա են բորբոքային պրոցեսներ, ցանկացած միջամտությունից առաջ պետք է իրականացնել հակաբորբոքային բուժում, ապա անցնել կրկնակի հետազոտություն: Ու, եթե արդյունքում արդեն ամեն ինչ նորմալ է, միայն այդ դեպքում դիմել պլանային գեղեցիկ էսթետիկ տեսքի ապահովմանը։

-Ինչպիսի՞ բորբոքային պրոցեսներ են լինում:

-Բորբոքային պրոցեսները լինում են սպեցիֆիկ եւ ոչ սպեցիֆիկ, սպեցիֆիկներն այն խնդիրներն են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ ոչ սպեցիֆիկը կարող է հանդիպել նույնիսկ սեռական կյանքով չապրող աղջիկների մոտ՝ պայմանավորված բակտերիաների առկայությամբ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խնդրի առկայության դեպքում զուգընկերը նույնպես պետք է բուժում ստանա, բայց, ցավոք, այսօր հայ տղամարդիկ հիմնականում կարծում են, որ իրենք խնդիր չունեն: Եվ կանանց՝ տարիներով բուժվելը լինում է ապարդյուն: Պետք է պարտադիր զույգերը միաժամանակ բուժվեն, իսկ միզասեռական քսուկով բուժում ստանալը մաքսիմալ անգրագետ մոտեցում է, անպայման պետք է անցնել բակտերիոլոգիական զննություն հասկանալու համար, թե ինչ պետք է անել խնդիրը վերջնականապես ու արմատապես լուծելու համար։ Ցանկանում եմ մասնագետներին հորդորել միզասեռական քսուկի վրա բուժում չնշանակել, իսկ պացինտներին էլ զգուշացնել, որ, եթե միայն հանձնել են միզասեռական քսուկ, դրանով բուժում չստանան, անցնեն վերը թվարկված ստուգումները, որպեսզի խնդիրը արմատապես լուծվի:

-Անպտղությունը կարո՞ղ ենք դատավճիռ համարել։

-Արդի բժշկությունը ոչ մի խնդիր, այդ թվում՝ անպտղությունը, արդեն դատավճիռ չի համարում: Եթե կնոջը մայրության բերկրանք պարգեւելու թեկուզ մեկ տոկոս շանս կա, մենք ամեն կերպ աշխատում ենք հասնել ցանկալի արդյունքի։ Գրանցվել են շատ հաջողված դեպքեր, երբ զույգերը երջանկացել են,  եւ նրանց բալիկները նաեւ իմ բալիկներն են դարձել։ Փառք Աստծո, այսօր մեզ մոտ դիմելիության կուլտուրան բարձր մակարդակ ունի, ու հատկապես նոր սերնդի կանայք եւ աղջիկները գիտակցորեն են մոտենում իրենց խնդիրներին ու ժամանակին անցնում կանխարգելիչ հետազոտություններ առողջ հղիություն վարելու համար: Բոլորը պետք է տեղյակ լինեն, որ երեսուն տարեկանից հետո պարտադիր պետք է անցեն որոշ հետազոտություններ:

-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։

-Ես ունեցել եմ շատ ուսուցիչներ, որոնցով միշտ հպարտացել եմ, երախտապարտ եմ եւ բարձր եմ գնահատում նրանց դերն իմ մասնագիտական կայացման մեջ: Առաձնահատուկ կցանկանայի նշել Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյանին, ով, իմ ուսանողական տարիներից սկսած, ջանք ու եռանդ չի խնայել իմ կայացման մեջ, հաճախ շատ խիստ նկատողություններ է արել, պարտադրել, որ մնամ հերթապահությունների մի քանի օր շարունակ: Շնորհակալ եմ իմ պապիկից, ով ինձ փոքրուց սովորեցրել է տարբեր ուղղություններով զարգանալ, ունենալ սեփական յուրովի մոտեցումերն ամեն մի բնագավառում։

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին պացիենտներին, առաջին վիրահատությունը, զգացողությունները:

-Ես տարբեր իրավիճակներում եմ առաջին պացիենտներ ունեցել: Հիշում եմ իմ առաջին պացիենտին, որին բուժելուց հետո թեստի պատասխանը դրական եղավ: Հիշում եմ առաջին կեսարյան հատումը, երբ երեխան իմ ձեռքերում էր արդեն, իսկ թե ինչ զգացողություններ էին այդ պահին ինձ մոտ, դժվար է խոսքերով արտահայտել: Անբացատրելի զգացողություններ ունեցա նաեւ առաջին վիրահատական միջամտությունից հետո: Եվ, իհարկե, չեմ կարող մոռանալ իմ ուսուցիչների օգնությամբ արտերկրում արած իմ առաջին էսթետիկ միջամտությունը (Հայաստանում այդ նոր ուղղությունը դեռ չկար): Ես շատ նպատակասլաց եմ, ու, եթե իմ առջեւ որեւէ խնդիր եմ դնում, պարտադիր իրականացնում եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներ ունեցող, սակայն բժշկի դիմելու համարձակություն չունեցող կանանց: Ձեր մաղթանքը եւ հորդորը հասարակությանը։

-Սիրե՛ք ինքներդ ձեզ, ձեր մարմինը: Ժամ առաջ ազատվե՛ք ձեզ տանջող բարդույթներից: Արե՛ք ամեն ինչ, որպեսզի ձեր կյանքը դառնա առավել հարմարավետ: Պետք է ազատվել վախերից հաղթանակների հասնելու համար: Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի հիվանդությունները վաղ ախտորոշվեն եւ հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում, քանզի չափից շատ սիրում եմ կանանց: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն ինքնավստահ, պատասխանատու սեփական ես-ի, սեփական մարմնի  եւ սեփական առողջության նկատմամբ, քանի որ մեզ շրջապատողներին մենք պետք ենք առողջ եւ ինքնավստահ։ Ինձ համար ամենաերջանիկ կինը ինքնավստահ կինն է, եւ էական չեն արտաքին տեսքը ու խնդիրները, որոնք լուծելի են: Բարդույթ առաջացնող ցանկացած խնդիր պետք է վերացնել, քանի որ ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է։

There is no translation available.

Այս սեզոնին առավել  բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները

Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափումը: Քիթ-կոկորդ-ականջաբանությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, մշտապես կատարելագործվում է, ստեղծվում եւ բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: ԼՕՌ բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է Գորիսի բժշկական կենտրոնի  օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով զբաղվում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների համալիր բուժմամբ: Ծառայության տեխնիկական հագեցվածությունը եւ երիտասարդ բժշկուհու փորձառությունը թույլ են տալիս ժամանակակից մոտեցումների կիրառմամբ իրականացնել քիչ տրավմատիկ ու արդյունավետ  բուժումներ: Բժշկուհին իր բնագավառում եւ ընդհանրապես կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով, անչափ ուշադիր ու հոգատար է հիվանդների նկատմամբ, շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, եւ նրա հոգատարությունն ու սերը գնահատվում են բոլորի կողմից:

-Պացիենտն ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է գտնվում խնդրահարույց օջախը, քանի որ գործ ունենք երեք փոխկապակցված օրգան համակարգերի հետ:

-Ճիշտ եք. քիթը, կոկորդն ու ականջը խիստ փոխկապակցված են  միմյանց հետ, ու սովորաբար մի հատվածի պաթոլոգիան պրոցեսի մեջ է ընդգրկում նաեւ հարակից օրգանները: Եվ պատահական չէ, որ մեծ մասամբ այդ երեք օրգան-համակարգերն իրար հետ կապված են նաեւ բորբոքման պրոցեսների ժամանակ, նրանք, փաստորեն, ինչ-որ ձեւով ախտահարվում են միասին: Երբ միաժամանակ ի հայտ է գալիս այդ երեք օրգանների ախտահարումը, մեկ օրգանը կարող է ավելի շատ ախտահարված լինել, մյուսը`ավելի քիչ: Ու, երբ հիվանդը դիմում է մեզ որեւէ գանգատով, մենք հետազոտում ենք բոլոր երեք օրգանները միասին: Այսինքն` իրականացվում է համակցված հետազոտություն, որի արդյունքում էլ կատարվում է նաեւ համակցված բուժում: Սակայն յուրաքանչյուր հատվածի ախտաբանական վիճակն ունի իրեն բնորոշ կլինիկական դրսեւորումներ, հետեւաբար, դժվար չէ նախնական պատկերացում կազմել, թե որտեղ է գտնվում խնդիրը:

-Ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։

-Այս սեզոնին առավել  բնորոշ են ալերգիկ հիվանդությունները, ֆարինգիտի սրացումը, օտիտները՝ հիմնականում լողավազաններ այցելելուց հետո:

-Ինչո՞վ է պայմանավորված երկար քթարտադրությունն ապաքինումից հետո, եւ ինչպե՞ս կանխել այն:

-Քթարտադրությունն ունի մի շարք պատճառներ՝ ալերգիկ ու ոչ ալերգիկ ռինիտներ, մեխանիկական եւ քիմիական գրգռիչներ, օտար մարմին, հետվիրահատական շրջան եւ այլն: Ապաքինումից հետո շարունակվող քթահոսությունը կարող է խոսել ոչ լիարժեք ապաքինման մասին: Նման դեպքերում պետք է շտկել բուժման պլանը:

-Ո՞ր ալերգիկ հիվանդություններն ավելի մեծ տարածում ունեն:

-Առհասարակ ալերգիկ հիվանդությունները ներկայումս մեծ տարածում ունեն: Ալերգիկ հիվանդությունների մեջ գերակշիռ մասն են կազմում ալերգիկ ռինիտները, հատկապես՝  սեզոնայնություն ունեցողները, որոնք սրվում են բույսերի ծաղկման շրջանում:

-Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության խանգարումները:

-Քթային շնչառությունը շատ կարեւոր է մարդու համար, քանի որ, բացի շնչառական դերակատարումից, ունի նաեւ այլ կարեւոր ֆունկցիաներ, դրանք են՝ հոտառական,  պաշտպանական, օդը տաքացնող, ռեզոնատոր: Շնչառության խանգարումը կարող է հանգեցնել վերը նշված ֆունկցիաների խանգարման, ինչպես նաեւ կարող է առաջացնել ֆարինգիտ, քնի խանգարում, գլխացավեր, սրտի շրջանում՝ ծակոցներ եւ այլն: Քնի խանգարման հետեւանքով կարող է առաջանալ մշտական հոգնածության զգացողություն:

-Խոսենք ադենոիդների, ֆարինգիտի, սինուսիտի, պապիլոմաների եւ հեմանգիոմաների, հաճախակի քթային արյունահոսությունների մասին:

-Ադենոիդները կազմում եմ ըմպանի լիմֆոէպիթելային օղի մի մասը: Իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածք: Աճը նկատվում է 2-2,5 տարեկանից մինչեւ 10 տարեկան հասակը: Երեխաների մոտ նկատվում է դժվարաշնչություն, հազ՝ գիշերները, խռմփոց, ռնգախոսություն, ուտելիս դժվարություն, կծվածքի խանգարում եւ այլն: Բուժումը սկսում են դեղորայքից, ֆիզիոթերապիայից, անարդյունավետության դեպքում կատարվում է վիրահատություն:

Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է: Որպես կանոն, այլ պաթոլոգիայի հետեւանք է: Գանգատների մեջ գերակշռում են ցավը, կոկորդում չորության զգացումը, չոր հազը, օտար մարմնի զգացումը եւ այլն: Բուժումն  ուղղված է սուր վիճակի վերացմանը:

Սինուսիտը հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունն է: Տարբերում ենք 4 հարքթային խոռոչ՝  վերին ծնոտային՝ (հայմորյան), ճակատային՝ (ֆրոնտալ), էթմոիդալ  (էթմոիդալ), հիմային (սֆենոիդալ): Սինուսիտներն ունեն սուր եւ քրոնիկ ընթացք: Դեմքի եւ գլխի տարբեր հատվածներում առաջացնում են  ցավեր, քթահոսություն, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն: Չբուժելու դեպքում կարող են զարգացնել ներգանգային բարդություններ: Հետեւաբար, ժամանակին ճիշտ ախտորոշումն ու բուժումը շատ կարեւոր են: Բուժումն իրականացնում ենք դեղորայքային եղանակով, անարդյունավետության դեպքում կատարում ենք վիրահատություն:

Պապիլոմաներն իրենցից ներկայացնում են բարորակ նորագոյացություններ՝ պայմանավորված օրգանիզմում  պապիլոմավիրուսի առկայությամբ:

Հեմանգիոմաները անոթների հիպերպլազիայով պայմանավորած բարորակ նորագոյացություններ են:  Կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Առաջանում են կրած վիրուսային հիվանդությունից հետո, վատ էկոլոգիական պայմաններում բնակվելուց, հղի կանանց մոտ՝ որոշ խմբի դեղորայք ընդունելուց հետո: Այս հիվանդության հետ մեկտեղ ուզում եմ խոսել քթըմպանի յուվենիլ անգիոֆիբրոմայի մասին: Հանդիպում է բացառապես տղաների մոտ՝ սեռահասունացման շրջանում: Նորագոյացությունը հյուսվածքաբանորեն բարորակ է, սակայն ըստ աճի նման է չարորակ նորագոյացության: Առաջին եւ հիմնական կլինիկական դրսեւորումը լինում է քթային արյունահոսությունը: Հետեւաբար, հաճախակի կրկնվող քթային արյունահոսության ժամանակ պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանին:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետեւի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, այցելի բժշկի: Խորհուրդ եմ տալիս բոլորին վարել առողջ ապրելակերպ, օրեցօր մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը եւ նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել ու ստանալ համապատասխան բուժօգնություն

There is no translation available.

Կրթություն

1986-1996թթ. Երևանի թիվ 168 միջնակարգ դպրոց

1996-2002թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանորակավորում ՝ բժշկականխարգելման գործ

2002-2003թթ. Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի

Մանրէաբանության ամբիոնի <<Մանէաբանություն >> մասնագիտությամբ մասնագիտացում:

Կլինիկական օրդինատուրան ՝   բժիշկ-մանրէաբանի որակավորում :

2019-2020 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համար

Բիզնես  վարչարարության մագիստրոսի աստիճան բիզնես վաչարարություն՝  բուժհաստատությունների  կառավարում:

Աշխատանքային  Գործունեություն
 

2003-2004թթ  Էրեբունի  ԲԿ  բժիշկ- մանրէաբան

Դասընթացներ 

2005թ  Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտի 

 << Կլինիկական մանրէաբանություն >> թեմայով

2004-2020թթ  Նաիրի ԲԿ բժիշկ- մանրէաբան

2013թ  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական   բժշկական համալսարան   կատարելագործում 

 << Կլինիկական մանրէաբանություն>> թեմայով:

2019թ   Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան    առողջապահության ազգային ինստիտում կատարելագործման  դասընթաց ՝

 <<Մադու նորմալ միկրոֆլորան: Հաստ աղիքի դիսբիոզի լաբորատոր ախտորոշում >> ծրագրով:

2020թ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգայինինստիտուտում կատարելագործման 

դասընթաց ՝ Վերին շնչուղիների  ախտահարում թեմայով

2021թ  Ս.Խ.Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտ՝ հետբուհական կրթական դասընթաց (կատարելագործում)

<<Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) և մոլեկուլյար-գենետիկայի մեթոդներով լաբորատոր հետազոտությունները  կլինիկական պրակտիկայում >> թեմայով։

2021թ Ս.Խ.Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտ՝ հետբուհական կրթական դասընթաց (կատարելագործում) <<Նոր կորոնավիրուսային վարակի հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով >> թեմայով։

 Լեզուների իմացություն ՝   Հայերեն  Ռուսերեն  Անգլերեն 

 Համակարգչային ծրագրերի տիրապետում ՝    Ms-office , Ms-Windows , internet

Ընտանեկան  կարգավիճակը                                                 

 Ամուսնացած է

There is no translation available.

Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) 

Կրթություն

2015-2018թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ
2013-2015թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008-2013թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ

 

Վերապատրաստումներ
Գործնական դասընթացներ

2021թ․Հաուզ ականջի ինստիտուտի քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց

Վալենսիա, ԱՄՆ

2021թ․ Քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց
Մոսկվա, Ռուսաստան 2019թ․ 4-րդ էսթետիկ և ֆունկցիոնալ սեպտորինոպլաստիկայի վիրաբուժական հատման գործնական դասընթաց
Բորդո, Ֆրանսիա

2019թ․ Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոցի քունքոսկրի վիրաբուժական հատման գործնական դասընթաց,
Բոստոն, ԱՄՆ

2018թ․ Ականջաբանության և քունքոսկրի վիրաբուժության 14-րդ գործնական դասընթաց, Ցյուրիխ, Շվեյցարիա

2017թ․ Քթի հարակից ծոցերի ֆունկցիոնալ և ռադիկալ էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթաց,
Բորդո, Ֆրանսիա

2017թ․ Salzburg WEILL CORNELL seminar, Կրծքավանդակի օրգանների, գլխի և պարանոցի ուռուցքաբանություն,
Զալցբուրգ, Ավստրիա

 

Պրակտիկա
2019թ․ Հարվարդի բժշկական դպրոց, Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոց,
Բոստոն, ԱՄՆ
2018թ․ Հարվարդի բժշկական դպրոց, Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոց,
Բոստոն, ԱՄՆ

Մասնագիտական գործունեություն
2018թ-ից «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ

Միջազգային Կոնֆերանսներ

2016թ․ SIO 103-րդ ազգային կոնգրես,
Հռոմ, Իտալիա

2017թ․ IFOS ՔԿԱ Համաշխարհային կոնգրես,
Փարիզ, Ֆրանսիա

Կոնֆերանսներ, որոնք կազմակերպվել են իմ մասնակցությամբ
2016թ․Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան

2017թ․ Թոքերի քաղցկեղի վիրաբուժական բուժում, OMI սատելիտային սիմպոզիում, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան

2018թ․ Գլխի և պարանոցի քաղցկեղի վիրահատական բուժում, OMI սատելիտային սիմպոզիում, կազմակերպիչ,
Երևան, Հայաստան

Անդամակցություններ
«Վիրաբուժական Ուռուցքաբանության Հայկական Միության» խորհրդի անդամ
«Հայաստանի Երիտասարդ Ուռուցքաբանների Խմբակի» անդամ

There is no translation available.

Կրթություն

1980-1986 թթ․ - ԵՊԲԻ բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ

1986 – 1987թթ․ - Ն․Կ․ Կրուպսկայայի անվ․ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ,   ինտերնատուրա

1989-1992 - Մոր և մանկան առողջության Համամիութենական ԳՀԻ , ՌԴ, Մոսկվա, առկա ասպիրանտ մանկաբարձություն և գինեկոլոգիա, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն

1984-1986 թթ․  - Վ․Ի․ Լենինի անվ․Հանրապետական կլինիկական  հիվանդանոց, բուժակ

1987-1989 թթ․   - Հոկտեմբերյանի Կենտրոնական Շրջանային Հիվանդանոցի Ծննդատուն, մանկաբարձ – գինեկոլոգ

1989-1992 թթ․  - Մոր և մանկան առողջության Համամիութենական ԳՀԻ , ՌԴ, Մոսկվա, առկա ասպիրանտ մանկաբարձություն և գինեկոլոգիա

1993 – 1999 թթ․ - ք․ Երևանի 2- րդ Ծննդատուն, մանկաբարձ – գինեկոլոգ

1999-2003 թթ․  - ք․ Երևանի 2- րդ Ծննդատուն, տնօրենի գիտական գծով տեղակալ

2003 – 2008 թթ․  - <<Նաիրի>> ԲԿ գինեկոլոգիայի ծառայությունների ժամկետային   պայմանագիր, գինեկոլոգ

2008-2009 թթ․  - Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ մանկաբարձ- գինեկոլոգ

2009-2010թթ․ - Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մասնագիտական շարունակական կրթության բաժնի պետի տեղակալ

2010-2019 թթ․  - ԸՊ և ՍԱ պահպանության Կենտրոն, մանկաբարձ – գինեկոլոգ, գիտական գծով փոխտնօրեն

2011-2014թթ․- Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մանկաբարձության և գինեկոլոգիաի թիվ 1 ամբիոն, ասիստենտ

2014 – առ այսօր - Մ․ Հերացու անվան Պետ․ Բժշկական Համալսարան մանկաբարձության և գինեկոլոգիաի թիվ 1 ամբիոն, դասախոս

2019 – առ այսօր - <<Աստղիկ>> ԲԿ, ծննարանային բլոկի ղեկավար

Գիտական գործունեություն

1963թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,  շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Ունի տպագրված 37 հոդված։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին կատարյալ, անգլերեն՝ լավ։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է , ունի 2 որդի։

 

There is no translation available.

Կրթություն

2001-2007թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ

2007-2008թթ. - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր թերապիա ինտերնատուրա

2008-2009թթ. – ՌԴ Մոսկվայի Սեչենովի անվան  պետական բժշկական համալսարան, ընդհանուր վիրաբուժության ամբիոն ինտերնատուրա

2010-2013թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, նեյրովիրաբուժության ամբիոն կլինիկական օրդինատուրա

 Համակարգչային գիտելիքներ

MC. office, Internet (word, excel , Access)

 Լեզուների իմացություն

հայերեն, ռուսերեն ՝ գերազանց, անգլերեն՝ լավ, գերմաներեն՝ բավարար։

  Աշխատանքային փորձ

2013թ.-ից մինչ օրս  - <<Էրեբունի>> ԲԿ  Նեյրովիրաբուժական բաժանմունք– բժիշկ-նեյրովիրաբույժ

Վերապատրաստումներ

2019թ. ՌԴ  Ակադեմիկ  Վ.Բ.Պետրովսկու անվան վիրաբուժական գիտահետազոտական կենտրոն- Վերտեբրոլոգիա (ողնաշարաբանություն) թեմայով:

2022թ. ՌԴ Գլխի և պարանոցի  անոթների միկրովիրաբուժական տեխնիկա թեմայով:

There is no translation available.

Կրթություն

1984- 1995 թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը

1995-2001թթ․-Երևանին Մխիթար Հերացու անվ․ Պետական Բժշկական համալսարանի Մանկաբուժական ֆակուլտետ

2001-2004թթ․-Ս․ Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության ազգային ինստիտուտում կլինիկական օրդինատուրա «Մանկական վիրաբուժություն» մասնագիտությամբ

 

Վերապատրաստումներ

2015թ․(ԵՊԲՀ), 2021թ․(ԱԱԻ)

2013թ-ին մասնակցություն մանկական անմիզապահության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին (Մոսկվա, ՌԴ, 5 օր)

2019թ-ին վերապատրաստում օրգանների փոխպատվաստմանը նվիրված հարցերով (Մինսկ, Բելառուս, 2 շաբաթ)

 

Աշխատանքային գործոնեություն

2002թ-ից մինչ օրս – «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ, մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար

2007թ-ին 3 ամիս Երևանի թիվ 1 պոլիկլինիկա

2007-2010թթ․ – ԵՊԲՀ Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ

2017թ․մինչ օրս – ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ

Ընտանեկան կարգավիճակ   

ամուսնացած է, ունի 2 երեխա 

 

Լեզուների իմացություն

Հայերեն՝ մայրենի, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ լավ։

Страница 10 из 66

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր