ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ Featured

(0 votes)

Բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված  հիվանդի օրհնանքն է

Այսօր, ամենուր ալերգիկ հիվանդությունների մեծ աճ է գրանցվում։ Ալերգիան մեր օրգանիզմի արձագանքն է արտաքին միջավայրի տարատեսակ իմուն նյութերին (ալերգեններին), որոնց մեր օրգանիզմն ընդունում է որպես վնասակար նյութեր: Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով` դանդաղ զարգացող մաշկի ցանավորմամբ` ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ:

Մեր զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ  ՄԱՐԳԱՐԻՏԱ  ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ում հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք ալերգիայի, դրա դրսևորումների և  առաջարկվող լուծումներին շուրջ:

Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում, և, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, նա անչափ սիրում է հայրենի երկիրը:

Իսկական բժիշկը նա է, որը ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Եվ հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ունի նաև խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:

 -Բժշկուհի, ի՞նչ է ալերգիան իրենից ներկայացնում, և որոն՞ք են ալերգիայի տեսակները:

-Ալերգիան օրգանիզմի գերզգայուն վիճակի ներգործությունն է արտաքին և ներքին ազդակների վրա։ Արտաքին ազդակներից են համարվում սննդամթերքը, քիմիական նյութերը, տարբեր միջատներից խայթոցները և այլ արտաքին գործոններ։ Ներքին ազդակներն են համարվում այն ազդակները, որոնք կախված են օրգանիզմի տարբեր վիճակներից, որոնք կարող են առաջանալ  ստամոքսաղիքային համակարգի և մի շարք ուղեկցող հիվանդությունների հետևանքով։ Քանի որ  ալերգիան իմունային համակարգից կախյալ է, առաջին հերթին, բնականաբար, հետազոտման է ենթարկվում օրգանիզմն ամբողջությամբ, ինչը կապված է իմունիտետի հետ։

Ալերգիան կարելի է տարբերակել ըստ առաջացող ախտանիշների՝ շնչառական, որի մեջ ընդգրկվում են ալերգիկ ռինիտը՝ քթաբորբը և բրոնխալ ասթման:

Քթաբորբը՝ ալերգիկ ռինիտն հիմնականում ուղեկցվում է քթահոսքով, փռշտոցներով, քթըմպանի, ականջների, աչքերի քորով, շատ ժամանակ անց միանում է ալերգիկ կոնյուկտիվիտը։ Լինում է ինչպես մշտական, այնպես էլ տարվա որոշակի եղանակի, այսինքն՝ մշտական և սեզոնային է:

Հետևողական չլինելով՝ նման դեպքերում,  ցավոք, բանն ընդհուպ կարող է հասնել բրոնխիալ ասթմայի:

Ալերգիաների մեջ ամենատարածված տեսակներից է մաշկային ալերգիան, որն հիմնականում արտահայտվում է մաշկի ցանավորմամբ,  մաշկաբորբով:

Ալերգիայի պատճառներից մեկն էլ ստրեսի հետևանքով առաջ եկող ալերգիկ բնույթի ռեակցիաներն են: Վերջին տարիներին շատ հաճախ են դրանք նշվում, դրսևորման ձևերից են մեծ մասամբ շնչահեղձությունը, ինչպես նաև ի հայտ եկող և տարբեր պատճառագիտության մի շարք հետազոտություններ անցնելուց հետո (վահանաձև գեղձի հետազոտություններ և մի շարք լաբորատոր  հետազոտություններ), որոնց արդյունքում առանձնապես ոչ մի պատկեր չի լինում, և  պարզվում է, որ ալերգիան զարգացել է նյարդային ֆոնի վրա և ուղեկցվում է սկզբնական շրջանում տհաճ քորի ձևով, և հնարավոր է ուղեկցվել սպաստիկ հազով։  

Դեղորայքային ալերգիան. բավականին արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է, արտահայտվում է եղնջացանով, մաշկի քորով, ցանավորմամբ, դեմքի այտուցվածությամբ, կարող է ընդհուպ առաջանալ անաֆիլաքսիա։ Պետք է բուժառուին պարտադիր հորդորել, որ այդ դեղորայքը ամբողջ կյանքի ընթացքում երբևէ չընդունի:

Միջատների խայթոցից առաջացած ալերգիան կարող է զարգանալ մեկ- երկու րոպեի ընթացքում, և շատ դեպքերում, հնարավոր է, առաջին խայթոցից ալերգիան չզարգանա, երկրորդից նոր միայն առաջացնի ուժեղ ալերգիկ ռեակցիա։
 Այս դեպքում ալերգիկ ռեակցիան նույնպես արագ է զարգանում՝ մաշկի խայթած հատվածում առաջացնելով ցավ, կարմրածություն, այտուցվածություն, ծանր դեպքերում հնարավոր է անաֆիլակտիկ շոկի առաջացում՝ ընդուպ մինչև մահ:

Փոշուց առաջացած ալերգիան արտահայտվում է փռշտոցներով, քթահոսքով, արցունքակալմամբ, քթում և կոկորդում քորի զգացումով:
Ընտանի կենդանիներից առաջացած ալերգիան կարող է նպաստել մշտական ալերգիայի առաջացմանը, որն հիմնականում դրսևորվում է փռշտոցի և արցունքակալման միջոցով:

Ալերգիան կարող է ի հայտ գալ նախ մաշկային, ապա և վերին շնչուղիների ալերգիկ հիվանդությունների արտահայտմամբ։ Մաշկային են համարվում ալերգիկ մաշկաբորբը, ալերգիկ եղնջացանը։ Դրանց դրսևորման ձևն արտահայտվում է ցանավորմամբ, շատ ժամանակ ուղեկցվում է քորով, և ալերգիկ տենդը կարող է այնպիսի ընթացք ունենալ, որ տարածվի ամբողջ մարմնի մակերեսով։

Ցանավորմամբ տարածված ալերգիայի տեսակները  կարող են առաջանալ շփումից, օրինակ՝ շփում քիմիական նյութերի, մետաղների, նույնիսկ այնպիսի միջոցների հետ, ինչպիսիք են լվացող և հիգենիայի օգտագործման միջոցները, որոնք կարող են իրենց մեջ պարունակել այնպիսի հավելումներ, որը կարող է բերել ընդհուպ էկզեմային մոտ պատկեր՝ արտահայտված ճաքերով, վերքերով, և ավելի բարդացած դեպքեր, եթե դրան գումարվում է ինֆեկցիան։ Ալերգիայի  պատճառ կարող է լինել նաև կոսմետիկան։ Ալերգիան ունի իր բարդ տեսակները։ Դրանց շարքը համալրում է բրոնխիալ ասթման, որի նախանշանները կարող են լինել ալերգիկ ռինիտը, ալերգիկ մաշկային արտահայտման ձևերը:

Ալերգիկ հիվանդություններն ինքնին կրում են քրոնիկ բնույթ, և անհրաժեշտ հետազոտություններ անցնելով՝ պացիենտի մոտ հայտնաբերվում են ուղեկցող կողմնակի խնդիրներ, այլ  հիվանդություններ: Այսպիսի դեպքերում ևս պահանջվում է համալիր բուժում, որի դեպքում, և ժամանակին չբուժվելու դեպքում կարող ենք բախվել բարդացած վիճակների:

Իրականում ալերգիայի առաջացման պատճառները բազմազան են: Բնականաբար, բոլոր ալերգիկ հիվանդությունների դեպքում  կարելի է ասել, որ ժառանգականության գործոնը ոչ միշտ է, որ մեծ դեր է կատարում: Մեզ դիմող տարիքով  բուժառուները նշում են, որ ամբողջ կյանքում չեն կրել ալերգիկ բնույթի ռեակցիաներ, ժառանգական ֆակտորը չի գործել, բայց, ահա, բավականին հասուն  տարիքում առաջին անգամ իրենց մոտ ալերգիկ երևույթներ են դրսևորվում։

-Ի՞նչ է սննդային ալերգիան, ո՞րն է սննդային ալերգիայի և թերընկալության տարբերությունը:

-Սննդի հանդեպ ռեակցիաները կարող են զարգանալ և՛ սննդային ալերգիայի, և՛ թերընկալության պատճառով, որոնք թեև հաճախ ընդհանրացվում են, սակայն իրականում էականորեն տարբեր իրավիճակներ են:
Սննդային ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի խեղաթյուրված պատասխանի հետևանքով առաջացած գերզգայունությունն է սննդամթերքի, իսկ ավելի հստակ` նրա մեջ պարունակվող որոշակի ալերգենի հանդեպ: Արդյունքում տվյալ սննդամթերքի օգտագործումը, օրգանիզմում կենսաբանորեն ակտիվ մի շարք նյութերի, այդ թվում հիստամինի արտազատման միջոցով, բերում է տարբեր ծանրության, մինչև անգամ կյանքին սպառնացող ալերգիկ նշանների առաջացմանը:
Ի տարբերություն սննդային ալերգիայի, սննդային թերընկալության դեպքում իմունային համակարգը չի ներգրավվում, և դիտվում են համեմատաբար մեղմ, կյանքին չսպառնացող ախտանշաններ: Օրինակ կարող է հանդիսանալ կաթնաշաքարի/լակտոզայի թերընկալությունը, որն ուղեկցվում է որովայնի ցավերով, վքնածությամբ և լուծով: Սննդային ալերգիան մեզ համար, բնականաբար, ավելի հեշտ է բացահայտել, քանի որ բուժառուները  շատ ժամանակ մեծ մասամբ նշում են, որ այս կամ այն սննդամթերքը ընդունելուց հետո 5-30 րոպեների ընթացքում ալերգիան արտահայտվում է ցանավորման տեսքով:

Վաղ տարիքում սննդային ալերգիան անգամ կարող է ազդել վերին շնչուղիների վրա, պատկերում բերել սպաստիկ հազ։

Հավելենք, որ կան նաև ալերգիայի տեսակներ, որ նույնիսկ հարցման և անամնեզ հավաքելու դեպքում պատճառագիտությունը չի հայտնաբերվում։ Իհարկե, կան ալերգենների որոշման տարբեր ձևեր, որոնք մեզ կարող են հուշել՝ լակտոզ անհամատեղելիություն մասին, ալերգոլոգի հետ խորհրդակցման և ստուգումներ անցնելուց հետո միայն պարզվում է ալերգիայի պատճառագիտությունը։ Իհարկե, այսօր գիտությունն անհամեմատ կատարելագործվել է, որը թույլ է տալիս բացահայտել ալերգենների պատճառագիտությունը լաբորատոր հետազոտությունների արդյունքում։

-Ի՞նչ է բրոնխիալ ասթման, բարդության ինչպիսի՞ աստիճանի հիվանդություն է այն:

- Բրոնխիալ ասթման լայնորեն տարածված հիվանդություն է: Հայաստանում տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը: Ըստ վիճակագրական տվյալների՝այն ունի բավականին մեծ տարածում Ամերիկայի  Միացյալ Նահանգներում, Եվրոպայում։  Վերջին քսան տարիների ընթացքում ալերգիկ բնույթի հիվանդությունները մեծ տարածում ունեն նաև Հայաստանում, հատկապես ալերգիայի այնպիսի ձևերը, ինչպիսիք են ալերգիկ քթաբորբը՝ ռինիտը, ինչը կապված է և՛ մեր էկոլոգիայի հետ և մեզանում առատ փոշու, ինչպես նաև բույսերի ծաղկափոշու հետ:  

Բրոնխիալ ասթման  շատ անկանխատեսելի երևույթ է, որի առաջացման պատճառը կարող է և ի հայտ չգալ: Այն երկարատև բուժում պահանջող հիվանդություն է։ Այսօր մենք ունենք այդ հիվանդության բուժման համար կիրառելի դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են շնչահեղձության նոպաների հաճախականությունը՝ հիվանդին   ազատելով անասանելի ցավերից և թույլ չտալով, որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի:

 -Ի՞նչ է իրենից ներկայացնում կվինկեի այտուցը:   

-Կվինկեի այտուցը  սուր, որոշ դեպքերում կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիա է, մաշկի ալերգիկ ռեակցիան տարբեր գործոնների նկատմամբ, որն արտահայտվում է  մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների այտուցմամբ: Այտուցի այս տեսակը  Կվինկեի են անվանվել, ի պատիվ   այն նկարագրած գիտնականի ազգանունով: Այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում:  Այն հաճախ ուղեկցվում է եղնջատենդով: Այտուցի այս տեսակը վտանգավոր է, երբ այն առաջանում է  կոկորդի շրջանում: Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում: Ռեակցիայի հիմքում ընկած է իմունային համակարգի ակտիվացումը, երբ արտադրվում են բորբոքային մեդիատորներ:

 Այդ նյութերի ազդեցությամբ լայնանում են անոթները, բարձրանում է նրանց թափանցելիությունը և ակտիվանում են նեյտրոֆիլները: Հենց դա էլ նպաստում է մազանոթներից մեծ քանակի արյան հեղուկ մասի դուրս գալուն և այտուցների առաջացմանը:

-Բժշկուհի, ինչպե՞ս կանխել ալերգիան. խոսենք ալերգիայի կանխարգելման շուրջ։

-Կախված ալերգիայի բնույթից՝ կանխարգելիչ միջոցառումները տարբեր են` հիմնականում հակահիստամինային շարքի դեղահաբերով, իսկ ծանր դեպքերում՝ գլուկոկորտիկոստերոիդներով: Ալերգիկ ռինիտների դեպքում հաճախակի կիրառվում են հակաալերգիկ կաթիլներ և ցողաշիթեր: Անաֆիլակտիկ շոկի և կվինկեի այտուցի զարգացման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

-Բժշկուհի, իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:  

- Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Կոչ եմ անում ապրել առողջ ապրելակերպով, ունենալ առողջ հայկական ընտանիք և հնարավորինս աջակցել, զորավիգ լինել միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:  Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարևորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը, ու, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա: Պետք է ամեն պահը գնահատել երջանիկ լինելու համար, այդ պահը դարձնել տոն: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պահպանենք այն, սիրենք և լինենք սիրված: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված  հիվանդի օրհնանքն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր