Աննա Վիկտորի Հովակիմյան

(0 votes)

Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց  առողջության ամեն ինչ ոչինչ է

Ասում են, որ շուրթերն արտահայտում են մարդու, իսկ աչքերը` բնության միտքը: Աչքերը նաև անվանում են մարդու հոգու հայելի, քանզի դրանք հետաքրքիր բացահայտումներ կարող են անել մարդկային բնավորության մասին:

Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են աչքի, տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Հայաստանում այդ բնագավառի առաջատարներից մեկը, անկասկած, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որի բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Եվ բոլորն էլ վստահորեն հավաստում են, որ ներկայումս այն բազմապրոֆիլային ակնաբուժական ամենամեծ բուժհաստատությունն է, որտեղ կատարվում են աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները: Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:

Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակնաբույժ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՆ է, ով նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժական ամբիոնի պրոֆեսոր է: Բժշկուհին հնարավորություն է ունեցել վերապատրաստվել ԱՄՆ-ում (Fellowship UCSF-ում և Cincinati Eye Institute-ում), հանդես է եկել բազմատեսակ ելույթներով և տպագիր աշխատանքներով: 2011թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսական թեզը ուվեիտներով: Նա հաճելի կին և հետաքրքիր զրուցակից է, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու, կյանքը վայելելու շնորհակալ գործն է անում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ Կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք բարդագույն վիրահատություններ:  

-Մեր բաժանմունքը կոչվում է աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, սակայն նմանատիպ հաստատություններն արտերկրում կոչվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի բորբոքումների բաժանմունք, ինչն ավելի ամբողջական է ներկայացնում բաժանմունքի գործառույթները: Մեզ մոտ բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ են իրականացվում. այն եղջերաթաղանթի պատվաստումների միակ բաժանմունքն է Հայաստանում: Ճիշտ է, կան նաև այլ բժիշկներ, որոնք կատարում են եղջերաթաղանթի փոխպատվաստումներ, սակայն, ամեն դեպքում, դրանց 90 տոկոս ծանրաբեռնվածությունն ընկած է մեր բաժանմունքի վրա: Պարզապես, եթե մեր բաժանմունքի անվանումը լիներ եղջերաթաղանթի բաժանմունք, հիվանդները չէին հասկանա դրա իմաստը, ուստի որոշեցինք գործածել հանրության համար մատչելի տարբերակ:

-Տիկին Հովակիմյան, եղջերաթաղանթի բորբոքումը ի՞նչ համախտանիշներով է արտահայտվում, արդյոք աչքի կարմելը կապվա՞ծ  է  եղջերաթաղանթի բորբոքման հետ:

-Ասեմ, որ անչափ շատ են հանդիպում արտաքին աչքի, եղջերաթաղանթի բորբոքային հիվանդություններ, ու, եթե աչքը կարմրում է, մարդիկ լավ պատկերացնում են, թե ում պետք է դիմեն: Աչքի կարմրելը կապված չէ միայն եղջերաթաղանթի բորբոքման հետ, այն կարող է կարմրել նաև այլ պատճառներով, օրինակ, աչքի ճնշման բարձրացման ժամանակ և այլն:

- Բժշկուհի, իսկ արդյոք Ձեր բաժանմունքում կիրառվո՞ւմ են նորագույն և գերժամանակակից մեթոդներ:

-Այո, մեր բաժանմունքում իրականացվում են մի շարք նորագույն և գերժամանակակից մեթոդներ: Կատարակտի վիրահատական միջամտությունն իրականացվում է ժամանակակից  մեթոդով` ֆակոէմուսիֆիկացիայի միջոցով: Դա առանց կարի մեթոդ է, որի դեպքում շատ փոքր կտրվածքով մուտք ենք գործում աչքի խոռոչ, ոսպնյակը հեռացվում է ուլտրաձայնով, և տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Վիրահատական միջամտությունը տևում է 6-10, երբեմն նաև` 12-15 րոպե: Տեղադրվում են նաև տարբեր տեսակի ոսպնյակներ` մոնոֆոկալ, մուլտիֆոկալ, տորիկ։ Մուլտիֆոկալ ոսպնյակների միջոցով հիվանդը կարողանում է  տեսնել ինչպես հեռու, այնպես էլ միջին և մոտիկ տարածությունները: Տորիկ լինզաներ համարվում են աստիգմատիկ ոսպնյակներ և տեղադրվում են աչքի խոռոչում: Մուլտիֆոկալ և տորիկ ոսպնյակները հաճախ պատվիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մեզ մոտ հաճախակի  իրականացվում է մսամոլի հեռացում հիմնականում աուտոտրանսպլանտացիայով, որը հետագայում ապահովում է գեղեցիկ կոսմետիկ տեսք, ինչպես նաև կանխում է հետագա կրկնման հավանականությունը։ Կատարում ենք կոպի փոքրիկ գոյացությունների` ճարպագեղձի խցանումների հեռացում, որը կոչվում է խալազիոն: Մեր կենտրոնում կատարվում է տատուաժ կույր աչքերին (տրավմայի, գլաուկոմայի և այլ պատճառներով չտեսնող աչքեր) կոսմետիկ տեսքը վերականգնելու նպատակով, երբ փոխված է արտաքնապես աչքի գույնը։

2005թ. առաջին անգամ Հայաստանում` հենց մեր բաժանմունքում, ներդրվեց ամիոտիկ թաղանթի փոխպատվաստումը: Այդ թաղանթը ստանում ենք կեսարյան հատումներից, և այն հատուկ մշակում անցնելուց հետո տեղադրվում է աչքի մակերեսին այն բոլոր դեպքերում, երբ կան չլավացող խոցեր, վերքեր, էռոզիաներ և այլն: Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ` հակաբորբոքային, հակասպիական և այլն, որոնք արագացնում են վերքերի լավացումը: Մեր բաժանմունքում նաև առաջին անգամ ներդրվեց լիմբալ ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիան, երբ մեկ աչքից ցողունային բջիջները փոխպատվաստվում են մյուս աչքին, օրինակ` քիմիական այրվածքների դեպքում։ Մեզ մոտ կիրառվում է նաև եղջերաթաղանթի փոխպատվաստման նորագույն շերտավոր մեթոդները` առաջային լամելար և հետին էնդոտերիալ կերատոպլաստիկան:

Ուզում եմ առանձնացնել առաջին անգամ մեր տարածաշրջանում ներդրված և միայն մեր կենտրոնում իրականացվող բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոտեզավորումը` արհեստական եղջերաթաղանթի տեղադրումը: Երբ քիմիական այրվածքից մարդու աչքի մակերեսը խիստ անոթավորված է, ապա նման դեպքերում սովորական մեթոդով կերատոպլաստիկան արդյունավետ չի լինի, որովհետև, ինչպիսի թաղանթ էլ տեղադրես, անոթները «կգրոհեն» և կպղտորեն այն, իսկ երբ տեղադրում ենք արհեստական եղջերաթաղանթ, մարդկային անոթը չի կարողանում քիմիական նյութի վրա աճել: Մենք ունենք դեպք, երբ 16 տարվա կուրություն ունեցող հիվանդը նման միջամտությունից հետո, սկսել է տեսնել: Սա տարածաշրջանում իսկապես բացառիկ նվաճում է վիրահատության բնագավառում: Մեր արդյունքները տպագիր ներկայացրել ենք 2012թ.-ին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստանն իր փորձով աշխարհում երրորդն է համարվում: Եթե ԱՄՆ-ը առանձնացնեք, ապա Սաուդյան Արաբիայից հետո մենք Հնդկաստանի հետ հավասար ենք քայլում: Առաջին անգամ Հայաստանում մեր բաժանմունքում ներդրվել է նաև եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը և դրա մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Ներդրել ենք նաև չոր աչքի տեստերը և իմպլանտները:

- Տիկին Հովակիմյան, տեղյակ ենք, որ ուսանել եք նաև ԱՄՆ-ում:

-Այո, 2001թ. ես  վերադարձա Սան-Ֆրանցիսկոյից` Կալիֆորնիայի  համալսարանում ստացած կրթությունից հետո, ապա ինձ երկրորդ անգամ բախտ վիճակվեց 2004-2005թթ. կրկին վերապատրաստվել եղջերաթաղանթի վիրաբուժության գծով։

-Բժշկուհի,  ձեր կենտրոնը համագործակցո՞ւմ  է որևէ հաստատության, կազմակերպության հետ, որպեսզի էլ ավելի արդյունավետ իրականացվեն ձեր գործառույթները:

-Եղջերաթաղանթի փոխպատվաստումների հարցում մենք համագործացում ենք Վաշինգտոնի «Sightlife» Աչքի միջազգային բանկի հետ, որը մեզ տարեկան 100-150 մարդկային հյուսվածք է տրամադրում: Իսկ ինչ վերաբերում է անոթաղանթի բորբոքումներին, կցանկանայի նշել, որ ներկայումս բաժանմունքն ունի գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ` ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 և այլն):

- Տիկին Հովակիմյան, իսկ Ձեր փորձը փոխանցո՞ւմ  եք մեր երիտասարդ կադրերին` ապագա բժիշկներին:

-Մեր բաժանմունքում  8 երիտասարդ բժիշկներ սովորում են և ախտորոշել, և վիրահատել, իսկ գիտաժողովների ժամանակ մեր մասնագետները միշտ հանդես ես գալիս ելույթներով, ինչն էլ ավելի է ամրապնդում նրանց գիտելիքները: Ինքս վերջերս հանդես եմ եկել Չիկագոյում (­ԱՄՆ) սեպտեմբերի 22-ին կայացած «Ophthal­mic Anesthesia Societ­y»-ի 31-րդ տարեկան գի­տաժողովում։ Մեր բաժանմունքն իր գործունեության մասին տեղյակ է պահում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, այսինքն` մենք էլ ասելիք ունենք աշխարհին:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Թող մարդիկ առավելագույն ուշադիր լինեն իրենց առողջության, հատկապես աչքի լույսի նկատմամբ, քանի որ արտաքին աշխարհի հետ կապը 90 տոկոս դեպքերում աչքի միջոցով է իրականացվում: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշես, հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն երբ աչքի լույսը կորցնում են, միևնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ուստի խորհուրդ կտայի առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի: Վերջում կցանկանայի մեջբերել հին փիլիսոփաներից մեկի խոսքը. «Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր