Կատարինա Դրամբյան

(0 votes)

Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է

Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Իսկ եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով  մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի տարածված հիվանդությունների եւ  բուժական մեթոդների, ընդհանրապես մասնագիտական գործունեության վերաբերյալ  մանրամասներ է ներկայացնում  Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան, Եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի (ԵՔԿԱԱ) անդամ ԿԱՏԱՐԻՆԱ ԴՐԱՄԲՅԱՆԸ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր մոտեցումներ:

- Տիկի՛ն Դրամբյան, բոլոր բժշկական կենտրոնների որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Ձեր անմիջական մասնակցությամբ ի՞նչ լազերային վիրահատություններ են իրականացվում Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:

- Մեր բժշկական կենտրոնում շուրջ 12 տարի է, ինչ գործում է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը, որտեղ կատարվում են բոլոր տեսակի ԼՕՌ վիրահատություններ՝ քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա), քթի ադենոիդների հեռացում (ադենոտոմիա), քթի պոլիպների հեռացում (պոլիպոտոմիա), հայմորյան խոռոչների վիրահատություն (հայմորոտոմիա), քթի միջնապատի ուղղում (սեպտոտոմիա): Վիրահատությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ, որոնք ցուցված են հիվանդներին` 3 տարեկանից սկսած: Իրականացվում է նաեւ բոլոր տեսակի ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում: Բաժանմունքում ներդրվել է (առաջինը մեր հանրապետությունում եւ մինչ այժմ միակը) քիթ-կոկորդ-ականջաբանության լազերային վիրաբուժության մեթոդը: Լազերային եղանակով կատարվում են վիրահատություններ հիպերտրոֆիկ եւ ալերգիկ ռինիտների, քթի պոլիպների, խռռոցի դեպքում, քթային արյունահոսությունը դադարեցնելու  նպատակով: Պետք է նշել, որ լազերային վիրահատությունները ոչ մի հակացուցում չունեն, դրանք ցուցված են նույնիսկ հղիներին եւ կերակրող մայրերին: Չկան հետվիրահատական բարդություններ, վիրահատությունը ավելի թեթեւ ընթացք է ունենում, քանի որ տամպոն չի տեղադրվում, և հիվանդը վիրահատությունից 1-2 ժամ հետո կարող է տուն գնալ ու շատ արագ վերադառնալ իր բնականոն կյանքին:  

- Բժշկի մասնագիտությունը ռիսկային եւ պատասխանատու գործ է, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

- Դեռ չորրորդ դասարանից որոշել էի, որ պետք է ընտրեմ հենց բժշկի մասնագիտությունը, իսկ ուսանելու տարիներին արդեն հստակ որոշում կայացրեցի ՝ընտրել քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը: Իմ մասնագիտության ընտրության հարցում ճակատագրական նշանակություն ունեցավ պապիկիս եւ մայրիկիս բժիշկ լինելու հանգամանքը: Պապիկս հայտնի վիրաբույժ, ակադեմիկոս Իվան Քրիստափորովիչ Գևորգյանն էր: Մայրս՝ Մարինա Գեւորգյանը, բժշկական գիտությունների թեկնածու էր, դասախոսել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնում: Իսկ հայրս՝ Հարություն Թերզյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, ով երկար տարիներ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):  Հպարտ եմ, որ ունեմ նման նախնիներ, որոնց ներդրումը մեծ է եղել մեր պետության ամրապնդման գործում: Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո օրդինատուրան շարունակել եմ Մոսկվայում եւ հայտնի ԼՕՌ բժիշկ, պրոֆեսոր Վ.Ս. Պողոսովի ղեկավարությամբ այնտեղի թիվ 67 հիվանդանոցում պաշտպանել «Փափուկ քիմքի ուռուցքներ» թեմայով գիտական թեզս: Ապա վերադարձել եմ Հայաստան եւ 1997 թվականից աշխատանքի անցել 2-րդ բուժմիավորման հիվանդանոցում, որտեղ էլ 2002-2004թթ. ղեկավարել եմ քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը: 2006 թվականից սկսած մինչ օրս աշխատում եմ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ որպես քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ:

- Բժշկուհի՛, ո՞ր  ալերգիկ  հիվանդություններն ավելի մեծ տարածվածություն ունեն: 

- Քթի եւ հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Ընդ որում, հիվանդների քանակը գնալով մեծանում է, որը պայմանավորված է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությամբ, մեծ քանակությամբ ալերգիեններ շնչելով, տեղային եւ ընդհանուր իմունիտետի իջեցմամբ:

 - Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության, հատկապես՝ քթային շնչառության խանգարումները:

- Քիթը շնչառական առաջնային օրգան է համարվում։ Քթարցունքային խողովակի բացվածքը արտաքին անցուղում է, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերեւույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։  Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ եւ այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Քիթը համարվում է զգայուն շնչառական օրգան, այն կատարում է նաեւ կարեւորագույն ֆունկցիա ամբողջ օրգանիզմի համար՝ հանդիսանալով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իմունային պաշտպան շրջապատող վնասակար ազդեցություններից: Ի վերջո, քիթը մասնակից է խոսքի զարգացմանը, ինչպես նաեւ կատարում է էսթետիկ ֆունկցիա: Այն շատ զգայուն եւ անփոխարինելի օրգան է անհատի համար: Օրինակ, քիթը մասնակիորեն մասնակցում է քաղցրի, աղիի, կծվի համերի ընկալմանը, իսկ մնացած համային ընկալումները կարող են տարբերակվել հոտառությամբ: Իր հերթին համային զգացումը մեզ <<զգուշացնում>> է սննդի պիտանելիության, նրա մեջ առկա տոկսիկ նյութերի մասին: Սուր հոտառությունն անհրաժեշտ է խոհարարության, հրուշակագործության, օծանելիքի արտադրության և այլ բնագավառներում: Անհատի մոտ ֆիզիոլոգիական շնչառությունը կատարվում է միայն քթի միջոցով: Շնչառությունը բերանի միջոցով ոչ նորմալ է եւ համարվում է լրացուցիչ օժանդակ միջոց քթային շնչառության համար: Շնչառությունը քթի և արտաշնչումը բերանի միջոցով դառնում է քթի լորձաթաղանթի չորացման պատճառ: Քթային շնչառության բացակայությունը աստիճանաբար  հանգեցնում է կոկորդում տեղակայված լորձային հանգույցների վերջնական չորացմանը: Քթի կառուցվածքում մեխանիկական փոփոխությունները, օրինակ, քթի միջնապատի կամ խեցիների գերփոփոխված վիճակը կարող է  բերանով շնչելու պատճառ դառնալ, որը հղի է անցանկալի հետեւանքներով և կարող է հանգեցնել քթային խոռոչի լորձաթաղանթի հարակից սինուսների (խոռոչներ) ախտահարմանը: Նորմալ քթային շնչառության դեպքում շնչած օդը, անցնելով քթի միջով, տաքանում է, <<մշակվում>> եւ մաքրվում: Բացի վերը նշված գործառույթներից, քիթը կատարում է նաեւ պաշտպանական գործառույթ՝ զերծ պահելով օրգանիզմը արտաքին բացասական ազդեցություններից: Պետք է նշել, որ կարեւորագույն կապ կա քթի և թոքերի, բրոնխների, սրտի, մկանային հյուսվածքների միջեւ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում նյութափոխանակության եւ սեռական օրգանների գործառույթներին: Քիթը ազդում է նաեւ խոսքի արտաբերման վրա՝ ձայնը խռպոտացնելու իմաստով: Քիթը խոնավեցնում ու մաքրում է շնչած օդը՝ մեր թոքերի համար այն դարձնելով ավելի անվնաս, կարգավորում է օդի ջերմաստիճանը, որպեսզի այն քիչ թե շատ համապատասխանի մեր մարմնի ջերմաստիճանին:  

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ  եք  աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Իհարկե: Մի քանի անգամ վերապատրաստվել եմ  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, մշտապես հետեւում ու մասնակցում եմ միջազգային գիտաժողովներին և, իհարկե, Հայաստանում կազմակերպվող սեմինարներին: Բժիշկը պետք է միշտ ձգտի կատարելագործվել, պետք է քայլի ժամանակի զարգացումների հոսքին համընթաց: Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է լինել տեղեկացված, պետք է մշտապես հետևի ինտերնետ պորտալին, կարդա տպագրված բժշկական գրականություն, պետք է մասնակցի գիտաժողովների, կոնգրեսների, շարժվի նորություններին համընթաց:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ մարդիկ առավելագույնս ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, հեշտ կլինի եւ դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն, ամենայն բարիք, բարձր տրամադրություն եւ ժպիտ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր