ԵՐԵՎԱՆԻ ԷԴՈՒԱՐԴ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ №121 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

(0 votes)

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը  կարող ես օգտագործել աշխարհը յուրովի փոխելու համար 

«Բոլորիս հայտնի անժխտելի փաստ է, որ լավագույն կրթության միջոցով կարելի է պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային արժեքները: Հիմնական կրթությամբ դպրոցականը ստանում է այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք բավարար են կյանքում որպես մարդ դրսևորվելու համար»,- ընդգծեց մեզ հետ զրույցում Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի տնօրեն ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Նրա հետ կայացած մեր զրույցում շոշափվեցին ներկայիս կրթական համակարգի որակին և դպրոցին վերաբերող մի շարք այլ հիմնահարցեր:

-Տիկի՛ն Զաքարյան, ե՞րբ է ստեղծվել դպրոցը և ի՞նչ  ճանապարհ է անցել:

- Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին, նրա հիմնադիր տնօրեններից է եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայրը՝ Գրիգոր Սահակյանը:  Դպրոցը պատվով կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որը նաև հովանավորել մեր դպրոցը շատ-շատ հարցերում: Օրինակ, ամեն ուսումնական տարվա ավարտին մեր դպրոցի լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտները դրամական պարգևներով խրախուսվում են Էդուարդ Բոյաջյանի անվան հիմնադրամի կողմից: Շատ կցանկանայի, որ մի շարք հարցերում աջակցություն ստանայինք նաև պետության կողմից: Մեր կրթօջախը Մալաթիա-Սեբաստիա համայնքի լավագույն դպրոցներից մեկն է թե՛ կրթական, թե՛ աշակերտների առումով, իսկ մանկավարժական կոլեկտիվը շատ հոգատար է յուրաքանչյուր սանի նկատմամբ, յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, բարեխղճորեն լուծում իր առջև ծառացած ամեն մի խնդիր:  

-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր  կատարած առաջին փոփոխությունները:

- Տնօրեն դառնալուց հետո ես ձգտել եմ շարունակել նախորդ տնօրենների ավանդույթները, որոնք իրենց գործը, իմ կարծիքով, բավականին լավ են կատարել: Ես միշտ աշխատում եմ այնպես անել, որ մեր դպրոցի կրթական մակարդակը երբեք  չտուժի: Դեռ շատ քիչ ժամանակ է, ինչ տնօրեն եմ աշխատում, և իմ ծրագրերի մաս է կազմում, առաջին հերթին, որոշ դասասենյակների վերանորոգումը: Հովանավորության ակնկալիք ունենք Էդուարդ Բոյաջյանի հիմնադրամի կողմից: Եթե մեզ աջակցեն, շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա պետք է աշխատենք մեր ուժերով իրականացնել վերանորոգման աշխատանքները: Դպրոցն այն կրթօջախն է, որը պետության կողմից պետք է ֆինանսավորվի, իսկ դա իրականացվում է ըստ դպրոցի սաների թվի. որքան շատ աշակերտ, այնքան շատ տրամադրվող գումար: Մեր դպրոցը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար, իսկ այս պահին ունենք 481 աշակերտ, որը ես բավարար եմ համարում: Ուզում եմ հատուկ նշել, որ դպրոցը գտնվում է  գողտրիկ անկյունում, լավագույններից մեկն է մայրաքաղաքում, և մեզ մոտ այնքան էլ շատ չէ սովորողների շարժը:

- Փաստորեն, կնոջ ուսերին այսօր ծանրացած է մի ամբողջ դպրոց տնօրինելու պարտականությունը, ինչպե՞ս եք հաղթահարում ստեղծված խոչընդոտները:

- Նաև որպես կին, իհարկե, դժվարություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել, աշխատում ենք մեր ուսերի վրա դրած ծանր բեռը պատվով կրել, քանի որ մեր գործը, պարտականությունն է կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին: Աշխատում ենք ուժերի ներածի չափով, մշտապես փնտրտուքների մեջ ենք, կրթական ավելի բարձր մակարդակ, նոր որակ ապահովելու նպատակով անընդհատ փորձում ենք ինչ-որ նորարարություն մտցնել մեր դպրոցի կրթական ոլորտում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր սաների համար դպրոց հաճախելը նաև հաճելի ու հետաքրքիր լինի:

– Ի՞նչ հաջողություններ է արձանագրել դպրոցը մինչ օրս:

- Դպրոցի հաջողություններից կարող եմ առանձնացնել առարկայական օլիմպիադաները, <Կենգուրու>, <Մեղու> և <Ռուսական արջուկ> խաղ-մրցույթները: Մենք լավագույնս մասնակցել ենք այդ մրցույթներին, արժանացել հատուկ մրցանակների, և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ թե ամեն անգամ նույն աշակերտն է ներկայանում, այլ անընդհատ նոր սաներ են մասնակցում և հաղթում այդ օլիմպիադաներին: Այնպես որ, մեր մանկավարժների կատարած լավագույն աշխատանքի արդյունքը մշտապես երևում է թե՛ մրցույթների ժամանակ, թե՛ ուսումնական տարվա ավարտին:

- Կարո՞ղ ենք  ասել, որ մեր երկրում մանկավարժը գնահատված է:

- Իմ կարծիքով` ոչ այնքան: Կցանկանայի, որ մեր մանկավարժն իր ծանր ու պատասխանատու աշխատանքի դիմաց ըստ արժանվույն գնահատվեր պետության կողմից, այլ ոչ թե այդ չնչին աշխատավարձով: Ամեն դեպքում մեր մանկավարժները աշխատավարձին այդքան շատ ուշադրություն չեն դարձնում`շատ լավ գիտակցելով, որ իրենց առջև դրված է, իրենց վերապահված է երեխային ըստ արժանվույն կրթելու անչափ պատասխանատու ու բարդ գործը: Բայց մյուս կողմից էլ բոլորս լավ ենք հասկանում, որ հնարավոր չէ այդ աշխատավարձով ընտանիքի նույնիսկ կենցաղային առօրյա հոգսերը հոգալ: Պետության կողմից աջակցություն չկա, և ուսուցիչն իրեն գնահատված չի համարում, ինչը բարդույթներ է ստեղծում: Հոգեբանորեն գնահատվում են, երբ իրենց աշակերտները հասնում են հաջողությունների կրթական ոլորտում, բայց ֆինանսապես՝ ոչ:

-Որպես տնօրեն, որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:

- Ինքս էլ մանկավարժ եմ, ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ մի շարք դպրոցներում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, մինչ օրս էլ դասավանդում եմ մեր դպրոցում: Ի դեպ, մակավարժության բնագավառում իմ արմատները շատ խորն են, և ես արդեն երրորդ սերնդի մանկավարժ եմ: Մենք արմատներով Լեռնային Ղարաբաղից ենք, ծնողներս եղել են մանկավարժներ և մինչ օրս էլ մանկավարժներ են, եղել են դպրոցի տնօրեններ, և այդպես ժառանգաբար ինձ է փոխանցվել այդ մասնագիտությունը: Բայց ես չեմ ցանկանա, որպեսզի իմ տղան ընտրի իմ ուղին, որովհետև այն շատ բարդ է. պետք է աշխատես յուրաքանչյուր երեխայի հետ նախ որպես հոգեբան, ապա նոր միայն որպես մանկավարժ:  

Ես միշտ ցանկացել եմ, որ մեր սաները ձևավորվեն առաջին հերթին իրենց մարդ տեսակով, մեծատառով մարդ դառնան: Ինչքան էլ կրթված լինեն, բայց չլինեն բարեկիրթ, լավ մարդ, կամաց-կամաց կհայտնվեն ու կմնան ստվերում: Կցանկանամ, որ կրթություն ստանալուց հետո ճիշտ ուղի ընտրեն, գնահատվեն թե՛ հիմա, թե՛ ապագայում: Կցանկանամ, որ շատ գիրք կարդան, քանի որ երկրորդ պլան է մղվել գիրն ու գրականությունը, որովհետև ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում համացանցն ու համակարգիչը: Նոր սերունդը, նրա տեխնիկական  տրամաբանությունը շատ ավելի զարգացած է, բայց կոչ կանեմ ամեն դեպքում երկրորդ պլան չմղել գիրք կարդալը, որովհետև այն նոր, հետաքրքիր հորիզոններ է բացում:

Ես կցանկանամ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի դպրոցների կրթական  ծրագրերի վրա, քանի որ, օրինակ, քիմիա և ֆիզիկա առարկաներին տրամադրվող դասաժամերը շատ քիչ են, որի պատճառով տարեցտարի կորցնում ենք շատ գիտական աշխատողներ այդ ոլորտներում, ինչն ինձ համար շատ ցավալի փաստ է:  

Եվ վերջում կցանկանայի ասել, որ ինձ համար մեծագույն պատիվ է և մեծ պատասխանատվություն լավագույն անցյալ ունեցող դպրոցում որպես տնօրեն աշխատելը, որն ինձ համար ուղղակի պաշտոն չէ, այլ` առաքելություն. չէ՞, որ հայ դպրոցը հային հայ պահելու միակ դարբնոցն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր