ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ

(1 Vote)

ԼՅԱՐԴԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

Լյարդն օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը կատարում է բազմաթիվ կենսական գործառույթներ: Այն համարվում է օրգանիզմի սանիտար, որը հավաքում և չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակար նյութերն ու տարրերը: 

Ձեզ ենք ներկայացնում մեր զրույցը ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ։ Նրա ղեկավարած մասնագիտական կառույցը բավականին ծավալուն աշխատանքներ է տանում Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների բուժմանն առնչվող խնդիրների լուծման և դրանց հաղթահարման գործին միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռելու ուղղություններով։ Մեր զրուցակցի երկարատև ու անմնացորդ աշխատանքը, ավանդը ինչպես լյարդաբանության ճյուղում, այնպես էլ բժշկագիտության զարգացման գործում ընդհանրապես մեծ է և անգնահատելի:

-  Տիկի՛ն Ղազինյան, ինչո՞ւ ընտրեցիք բժշկի՝ անչափ բարդ ու պատասխանատու  մասնագիտությունը, մասնավորապես՝ հենց լյարդաբանության ճյուղը:

-  Ինձ համար գոյություն ունեն մի քանի արժանի մասնագիտություններ, որոնց գագաթում գտնվում է բժշկությունը։ Ես դեռևս 3-4-րդ դասարանից եմ որոշել ընտրել այդ մասնագիտությունը։ Իմ մանկական մաքուր գիտակցության մեջ, կարծես թե, դրոշմվեց և գնալով ավելի ընդարձակվեց, գերիշխող դարձավ այդ միտքը։ Իսկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո արդեն 100 տոկոսով համոզված էի, որ պետք է դառնամ բժիշկ: Իսկ թե ինչու հենց լյարդաբան, ապա ընդհանրապես մարդիկ ընդունվում են բժշկական համալսարան, ավարտում, որից 6 տարի հետո ընտրում նեղ մասնագիտություններ: Սկզբնական շրջանում մասնագիտացվեցի որպես ինֆեկցիոնիստ, քանի որ ինֆեկցիոն պաթոլոգիայում իրենց զգալի տեղն ունեն, այսպես կոչված, վիրուսային հեպատիտները (դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ լյարդի հիվանդություններ, ախտահարումներ), և միայն դրանից հետո ավելի նեղ ընտրությունս կանգ առավ լյարդաբանությաւն վրա, քանի որ այն աշխարհում իր ուրույն տեղն ունի, համարվում է ակտուալ, գլոբալ խնդրներից մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության համար աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով ավելի սեղմվեց իմ մասնագիտական ուղղվածությունը, և ես դարձա լյարդաբան։ Ու եթե կյանքը կրկին ինձ ընտրության հնարավորություն տա, ապա ես միանշանակ կընտրեմ լյարդաբանի մասնագիտությունը: Բոլորն այս աշխարհում պետք է ունենան իրենց առաքելությունը, որպեսզի պիտանի է լինեն հասարակությանը, երկրին, ժողովրդին: Եվ դա էլ իմ առաքելությունն է։

-  Տեղյակ ենք, որ գոյություն ունի «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա», ո՞րն է դրա գերխնդիրը:

- Բոլոր երկրներում գոյություն ունեն լյարդաբանության ազգային ասոցիացիաներ` միջազգային, եվրոպական, ասիական: Մենք էլ ունենք լյարդաբանների ազգային ասոցիացիա: Նման կառույցների շատ լինելը, բազմազանությունը հենց վկայում են խնդրի հրատապ լինելու մասին, և այդ խնդիրների առկայությունն ունի լոկալ և միջազգային նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան վաղուց արդեն մտել է եվրոպական ասոցիացիաների ընտանիք, ունենք մեր ուրույն տեղը, բարձր հեղինակությունը, վարկանիշը, և ես դա համարում եմ ոչ միայն Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի, այլ նաև երկրի և ժողովրդի հեղինակությունը: Եվ շատ ուրախ եմ, որ հաճախ հաշվի են նստում մեր կողմից առաջ քաշված խնդիրների և առաջարկությունների հետ: Մենք շատ արդյունավետ համագործացում ենք ասիական ասոցիացիայի հետ, Հայաստանի լյարդաբանության ասոցիացիայի որոշ անդամներ ինձ հետ միասին միջազգային ուղեցույցների հիմնադիրներից են:

- Կխնդրեինք մեր ընթերցողների համար տարբերակեիք լյարդի վիրուսային հեպատիտների տեսակները:

-  Տարածված հեպատիտ բառը նշանակում է լյարդի բորբոքում, այն, ժողովրդի լեզվով ասած, դեղնախտ հիվանդությունն է: Հեպատիտը կարող է ունենալ 10-ից ավելի պատճառներ։ Ինֆեկցիոն հեպատիտներից ամենաշատ հանդիպողը վիրուսային հեպատիտ Ա-ն է, որը նախկինում կոչվում էր դեղնախտ և, բարեբախտաբար, Հայաստանում նվազման միտում ունի։ Եթե 20 տարի առաջ ՀՀ-ն համարվում էր հեպատիտային բարձր տարածում ունեցող, ապա հիմա՝ ցածր տարածվածությամբ երկիր է: Հեպատիտ Բ-ն և Ց-ն ակտուալ խնդիր են աշխարհում և Հայաստանում նույնպես, դրանք բավականին լուրջ տեղ են գրավում աշխարհի առողջապահության կազմակերպության խնդիրների մեջ, որովհետև արձանագրված են 600 միլիոնից ավելի ինֆեկցիաներ ամբողջ աշխարհում։ Եվ եթե հաշվի առնենք, որ աշխարհի բնակչությունը կազմում է  6 միլարդ, ապա նշանակում է, որ ամեն 10-րդը վարակված է կամ հեպատիտ Բ-ով կամ հեպատիտ Ց-ով։ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան միացել է «Ոչ հեպատիտին» գլոբալ լուրջ շարժմանը, որի նպատակն է 2030թ. աշխարհը տեսնել առանց հեպատիտի: Վիրուսային հեպատիտներն արդեն լուրջ տեղ են գրավում ոչ միայն իրենց տարածվածությամբ, այլ նաև իրենց առաջացրած ախտահարումներով: Բ և Ց վիրուսային հեպատիտները բերում են լյարդի ցեռոզի զարգացման, ինչու ոչ, նաև լյարդի առաջնային ուռուցքի զարգացման: Հետևաբար, հենց իրենք են հուշում իրենց կարևորությունը և թելադրում ճիշտ ժամանակին հակավիրուսային բուժում սկսելու անհրաժեշտությունը: Բացի վիրուսային հեպատիտները, գոյություն ունեն նաև լյարդի ալկոհոլային հիվանդություններ` հեպատիտ, ալկոհոլային ցեռոզ, ալկոհոլային լյարդի առաջնային ուռուցք: Ես չէ ասի, որ մեր երկիրը ալկոհոլային հեպատիտների տարածվածության առումով առաջնային երկրներից մեկն է, այնուամենայնիվ, մեզ մոտ այս պրոբլեմը գոյություն ունի, և մեր գերնպատակն է իրազեկման միջոցով զերծ պահել մարդկանց ալկոհոլային մշտական չարաշահումներից: Ալկոհոլի օրական 30 գրամի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի ցեռոզի: Մեզ մոտ ընդունված է ախորժակի բարձրացման համար խմել թթի կամ հոնի օղի, բայց նշանակություն չունի, որ այն մրգի օղի է. ալկոհոլը մնում է ալկոհոլ, և չեմ կարծում, որ այս ավանդույթը ճիշտ է։ Ասեմ նաև, որ գոյություն ունեն դեղորայքային հեպատիտներ, որոնք առաջանում են որոշ դեղերի օգտագործման դեպքում։ Հազարից ավելի դեղեր կան, որոնց օգտագործումը կարող է հանգեցնել դեղորայքային հեպատիտի, բայց դրանցից առավել վտանգավորը անեստեզիայի ժամանակ օգտագործվող դեղերն են, հակատուբերկուլյոզային դեղերը և որոշ հակաբիոտիկներ։ Դրանց թվին կարելի է դասել «Պարացետամոլի» չարաշահումը։ Մյուս հեպատիտը աուտոիմոնն է, որն առավել շատ լինում է կանանց մոտ: Օրգանիզմում առաջանում է իմունային խաթարում, սեփական հակամարմինները չեն ճանաչում սեփական լյարդին և սկսում են ախտահարել դրա բջիջները: «Աուտո»  նշանակում է ինքն իրեն,  «իմոն»` իմունային ախտահարում: Այն մեծ տարածում չունի, բայց պետք է տեղեկացված լինենք, որ հանդիպում է նաև այս հիվանդությունը: Գոյություն ունեն նաև լյարդի գենետիկ, ինչպես նաև նորածնային ախտահարումներ, կան նաև ախտահարումներ, որոնք ասոցացվում են  լյարդի հիվանդությանը հղիության հետ միասին, այսինքն` լյարդը մեկ փոքրիկ օրգան է, բայց ինքը՝ լյարդաբանությունը, շատ լուրջ ճյուղեր ունի: Օրինակ, լյարդի ճարպակալումը, շատ տարածված է ամբողջ աշխարհում, հատկապես՝ Հայաստանում, և դրանում համոզվելու համար բավական է ուշադիր նայել մեր ժողովրդի, հատկապես տղամարդկանց կառուցվածքին. միայն փորի մեծացումն արդեն իսկ դրա առկայության մասին խոսում: Մեր խոհանոցը շատ համեղ է, բայց ինչ-որ մի տեղ էլ՝ վտանգավոր. ճաշերը յուղալի են, մենք էլ բուսական յուղ օգտագործելու ճիշտ կուլտուրա չունենք։ Դրան էլ գումարվում են ֆիզիկական ոչ ակտիվ լինելը, մեկանգամյա, այն էլ՝ օրվա երկրորդ կեսին սնվելը, որոնք նույնպես բերում են լյարդի ճարպակալման, որը հետագայում կարող է խորանալ ընդհուպ մինչև լյարդի ցեռոզի, լյարդի առաջնային ուռուցքի:

- Հիվանդությունների կանխարգելման համար ի՞նչ խորհուրդ կտաք:

- Վիրուսային հեպատիտների մի մասի դեպքում վարակը փոխանցվում է ինֆեկցված ջրի և սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով, և դրանց կանխարգելումը միայն հիգիենայի ճիշտ կանոնների պահպանումն է։ Հեպատիտ Ց-ն և Բ-ն համարվում են արյունային վիրուսներ են և կարող են անցնել ցանկացած վիրաբուժական, գինեկոլոգիական, ստոմատոլոգիական և, ինչու ոչ, կոսմետոլոգիական մանիպուլյացիների միջոցով: Եթե մենք մտածենք, որ այն կարող է անցել սեռական ճանապարհով, ապա միակ կանխարգելումը պաշտպանված լինելն է անծանոթ մարդկանց հետ սեռական հարաբերությունների ժամանակ: Պետք է լինի գործիքների ճիշտ ախտահարում, ավելի ապահով կլինի դրանց միանգամյա օգտագործումը։ Եվ վերջապես՝ ամենամեծ կանխարգելումը ժամանակին ինֆեկցված աղբյուրը հայտնաբերելը և բուժելն է:

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ բոլորս միանանք «Ոչ հեպատիտին» գլոբալ շարժմանը և ամեն ինչ անենք մեր հանրապետությունը 2030թ. ոչ հեպատիտային երկիր դարձնելու համար: Ես համոզված եմ դրանում, քանի որ մենք առաջատարներից մեկն ենք, համագործակցում ենք տեղի և միջազգային կառույցների հետ, այդ աշխատանքներում ներգրավել ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս տարվա նոյեմբեր ամսին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կազմակերպվելու է գագաթաժողով, որին նույնպես հրավիրված ենք, իսկ դա արդեն իսկ խոսում է մեր երկրի բարձր հեղինակության, վարկանիշի  մասին։ Մեր զինվորականները շատ գեղեցիկ են ասում. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան և անձամբ ես ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր