ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

(1 Vote)

Գեղեցկությունն ինքնավստահություն է ծնում

Պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են իրենց նկատմամբ դառնալ ավելի հետևողական և ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին: Եթե նախկինում մարդիկ հաճախ թաքցնում էին պլաստիկ վիրահատության դիմելու պատճառը, ապա այսօր դա, կարծես, նորաձև է դարձել: Գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է, և պլաստիկ միջամտությունը հաճախ իրականացվում է ինքնագնահատականի բարձրացման նպատակով:

Մեր զրուցակիցն է  բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր պլաստիկ և միկրովիրաբույժ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դասախոս, «Նաիրի» բժշկական կենտրոնի  պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

 -  Պարո՛ն Պետրոսյան, կխնդրեինք  մի փոքր  պատմել Ձեր մասնագիտական  ուղու մասին:

-  1995-2001թթ. սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո մեկնել եմ Մոսկվա, ընդունվել և ավարտել (2001-2003թթ.) կլինիկական օրդինատուրա ակադեմիկոս Բ. Վ. Պետրովսկու անվան Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:
Այնուհետև գեղեցկության ու կատարելության հանդեպ ձգտումս ինձ ուղղորդել է դեպի պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն, ու այդ նպատակով 2003-2006թթ. ուսանել եմ վերը նշված կենտրոնի ստացիոնար ասպիրանտուրայում: 2006թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Իսկ այժմ  Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի հայցվոր-դոկտորանտ եմ:

- Տեղեկացված ենք, որ Հայաստանում արդեն գործում է քթի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, որի հիմնադրման աշխատանքներում մեծ է Ձեր մասնակցությունը: - Նախորդ ամսվանից իր գործունեությունն է սկսել Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որում ներգրավված են  այն բոլոր մասնագետները, ովքեր զբաղվում են քթի վիրաբուժությամբ` պլաստիկ,  ՔԿԱ  և դիմածնոտային վիրաբույժներ: Ասոցիացիայի առջև դրված է մի քանի խնդիր:  Ասոցիացիայի հիմնական նպատակներն ու խնդիրներն են պրոֆեսիոնալ միջավայրի ստեղծումը, տեղի մասնագետների համախմբումը և ուսուցումը` հանրաճանաչ օտարերկրյա մասնագետներին  ուսումնական և պրակտիկ աշխատանքներում ներգրավելով: Ասոցիացիան  ավելի դինամիկ է, բաց, և բոլոր ցանկացողները, ոչ միայն  Հայաստանից, այլև արտերկրից, կարող են լինել ասոցիացիայի կազմում։ 

Ասեմ, որ Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը համարվում է քթի վիրահատությունը. ըստ վիճակագրության, օրական կատարվում է մոտավորապես 20-30 քթի պլաստիկ վիրահատություն: Ցանկանում ենք բոլոր մասնագետներին ներգրավել այդ ասոցիացիայի կազմում, որտեղ կքննարկվեն առկա խնդիրները, կմշակվեն որոշակի չափանիշներ։ Այդպիսով, բնականաբար, կլինենք ավելի պաշտպանված  և, ինչու ոչ, կկարողանանք ներգրավել պացիենտների, կզարգացնենք բժշկական տուրիզմը, քանի որ չենք կարող սահմանափակվել միայն Հայաստանով: Մեր ծրագիրն իրատեսական է, որովհետև մենք առաջարկում ենք որակյալ պլաստիկ վիրահատություններ, ընդ որում, բավականին մատչելի: Որպես օրինակ նշեմ, որ ինքս իմ թիմով հաճախ մեկնում եմ Հայաստանի մարզեր և իրականացնում տարբեր պլաստիկ վիրաբուժական միջամտություններ: Մարզերում վիրահատություններն ու բուժական միջամտությունները կատարվում են մայրաքաղաքի համեմատ բավական մատչելի՝ մոտ 30 տոկոս էժան: Գնային այսպիսի քաղաքականությունը նպաստում է պլաստիկ վիրաբուժական միջամտությունները տարբեր սոցիալական խմբերի համար  հասանելի դարձնելուն: Եվ ընդհանրապես, Հայաստանում պլաստիկ վիրահատությունների գները  Ռուսաստանի Դաշնության հետ  համեմատած, 3-5 անգամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համեմատած, մոտավորապես 7-8  անգամ մատչելի են:

-  Համագործակցո՞ւմ եք արտերկրի ասոցիացիաների հետ:

- Այո։ 2006թ. Ռուսաստանի (ОПРЕХ) և Եվրոպական (IPRAS) ասոցիացիաների, ինչպես նաև Հայաստանի (AAPRAS) պլաստիկ վիրաբույժների, իսկ 2014թ.-ից նաև Եվրոպայի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի (RSE) լիարժեք անդամ եմ: Մենք բավական ակտիվ մասնակցություն ենք ունենում տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսերի, միշտ մեկնում ենք Եվրոպա, Ամերիկա՝ ներկա գտնվելու կազմակերպվող կոնգրեսներին, սեմինարներին: Նշեմ, որ մեր մասնագիտությունում պրոֆեսիոնալ մակարդակի պահպանումն առանց ամենամյա վերապատրաստումների և կոնգրեսների հնարավոր չէ, քանի որ անընդհատ անհրաժեշտ է լինում նորարարություների կիզակետում լինել, միշտ գնալ դրանց հոսանքին համընթաց: Հենց  այս նպատակով է, որ տարին առնվազն 2-3 անգամ մասնակցում ենք միջազգային կոնֆերանսների, վերապատրաստման դասընթացների:

-  Արդյոք գոյություն ունի՞ դպրոց ասվածը պլաստիկ վիրաբուժության մեջ:

-  Կարելի է ասել, որ Հայաստանում այս հարցի շուրջ բացթողումներն ահռելի են, և, բնական է, որ պահանջվում է մեծ ցանկություն ու եռանդ այն լրացնելու համար: Հենց դա է հանդիսանում մեր կողմից հիմնած Հայաստանի քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկը, որի նախագահը Ձեր խոնարհ ծառան է: Ինքս, աշխատելով  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնում, կարող եմ նշել, որ մենք չունենք արտասահմանում ընդունված  պլաստիկ վիրաբուժության դասական դպրոց: Պատճառները բազմաթիվ են, և կդժվարանամ կոնկրետ նշել դրանք: Գուցե կա մտավախություն սպասվելիք մրցակցության նկատմամբ, կամ մարդկանց մեջ չկա սովորեցնելու այդ ջիղը, որպեսզի իր իմացածը ուսանի, փոխանցի եկող սերնդին, և այլն:

-  Պլաստիկ վիրաբուժության մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ:

-  Ինչպես ցանկացած  վիրահատական միջամտություն, այնպես էլ պլաստիկ և էսթետիկ  վիրահատությունները զերծ չեն  հակացուցումներից: Առաջին հերթին  պոտենցիալ պացիենտի առաջնային զննման ժամանակ տեղեկացվում ենք նրա ցանկությունների  և վիրահատության ենթարկվող օրգանի կամ մարմնի հատվածի  չափի և ձևի փոփոխության վերաբերյալ: Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է ընկալել պացիենտի իրական սպասելիքները, տալ նրան պրոֆեսիոնալ ինֆորմացիա, և փոխհամաձայնության դեպքում միայն պացիենտը անցնում է հետազոտությունների փուլ: Այդ փուլում խնդիրների հայտնաբերման  դեպքում, բնականաբար, պացիենտը  ենթարկվում է բուժման,  այնուհետև միայն պլանավորվում է սպասվող վիրահատության ժամկետները, բացատրվում  ընթացքի  և հետվիրահատական ժամանակահատվածի առանձնահատկությունները:

Կցանկանայի տեղեկացնել նաև, որ այս տարվա  մայիսի 12-13-ը կայանալու է մասնագիտական կոնգրես, որում քննարկվելու են գլխի և պարանոցի հիվանդություններին վերաբերող բազում հարցեր, ներկայացվելու են առանձնահատուկ ուշադրության արժանի կլինիկական դեպքեր: Իրենց մասնակցությունն են ունենալու ոչ միայն տեղի, այլ նաև   արտերկրից հրավիրված հանրաճանաչ մասնագետներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից: Ցանկացողներին հրավիրում ենք, մուտքն ազատ է:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց:

- Մեր կանայք ամենագեղեցիկ կանայք են ամբողջ աշխարհում։ Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց առողջությանը, լինեն երջանիկ, իսկ արտաքին որոշ փոքր թերությունները կշտկվեն մեր կողմից: Թող ճիշտ ընտրություն կատարեն իրենց պլաստիկ վիրաբույժի հարցում:
Անհրաժեշտ է առաջնահերթ  ուշադրություն դարձնել  բժշկի բազային կրթությանը:
Այն բժիշկը, որն անհիմն գովազդվում է և չունի համապատասխան որակավորում, բավական հեռու է լավագույնը կոչվելուց:  Քիչ չեն օրինակները, երբ մարդն ավարտել է մասնավոր որևէ բժշկական հաստատություն, իսկ հիմա դարձել է <<գործի վարպետ>>: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն երջանիկ, լինեն սիրված ու գնահատված իրենց շրջապատող  տղամարդկանց կողմից: Եղեք միշտ գեղեցիկ և ինքնատիպ, մեր սիրելի կանայք: 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր