«Մեղուներ» մանկապարտեզ

(0 votes)

ՄԵՂՈՒՆԵՐԸ  ՄԱՔՈՒՐ  ՕԴ  ԵՆ ՍԻՐՈՒՄ

Բոլոր ծնողներն էլ վաղ թե ուշ երեխային մանկապարտեզ տանելու հարցում կանգնում են ընտրության առջև: Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա, քանի որ, ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքի անդամի կամ դայակի հսկողության տակ մնալուն, մանկապարտեզ գնալիս երեխայի մոտ զարգանում են անհատների հետ հաղորդակցվելու խոսքային հմտությունները, հուզական աշխարհը, նրանք ավելի լավ են հասկանում իրենց և դիմացինի զգացմունքներն ու հույզերը, ինչպես նաև սովորում են հարգել դիմացինին, ձեռք են բերում նոր ընկերներ, լայնացնում աշխարհայացքը: Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիրներից մեկն է, որովհետև մանկապարտեզի և ընտանիքի փոխգործակցությունն է ապահովում երեխայի դաստիարակության, կրթության միասնականությունն ու անընդհատությունը:

Մեր հյուրը բավականին հրապուրիչ կին և հաճելի զրուցակից, <<Մեղուներ>> լիցենզավորված (դա շատ կարևոր փաստ է) մանկապարտեզի տնօրեն ՖԼՈՐԱ ՈՒԴՈՒՄՅԱՆՆ է, ով առաջնորդվում է մասնագիտական մոտեցմամբ, բազմավաստակ աշխատանքային փորձով և մեծ սիրով դեպի երեխաները։

-Տիկին Ուդումյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել մանկապարտեզի պատմությունը, ինչո՞ւ նրան տվեցիք <<Մեղուներ>> անվանումը:

- Մեր մանկապարտեզը գործում է 2015 թվականի հոկտեմբերի 15-ից, երբ կատարեցինք հանդիսավոր բացումը, որը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից: <<Մեղուներ>> անվանումը որոշվեց սոցիալական ցանցերում անցկացված հարցումների արդյունքում։ Մեր հարցը հետևյալն էր. «Մարաշում բացվող մանկապարտեզին ի՞նչ անուն կարելի է տալ»: Շատ առաջարկներ եղան, և  վերջում ընտրեցինք <<Մեղուներ>> անվանումը, քանի որ մեղուներին անհրաժեշտ է մաքուր օդ, նրանք երեխաների նման չարաճճի են, աշխատասեր և բզզան: Մենք ունենք լավ աշխատանքային թիմ, առաջնորդվում ենք կրթական ծրագրերով, որոնք առաջարկել է կրթության ազգային ինստիտուտը և հաստատվել են կրթության և գիտության նախարարության կողմից: Մեզ մոտ խմբերն ըստ տարիքի են: Առաջին անգամ իմ աշխատանքային կենսագրության մեջ բացեցի մեկ տարեկանների համար մսուրային խումբ, իսկ դա նույնիսկ պետական մակարդակով համարվում է համարձակ քայլ, և մենք շատ ուրախ ենք, որ մեր առջև դրված այդ դժվար խնդիրը հաջողությամբ կարողանում ենք իրականացնել: Ծնողները գոհ են, վստահում են մեզ, իսկ դա ամենակարևոր հանգամանքն է:

Անչափ կարևորում եմ, որ ունենք շենքային և բակային շատ լավ պայմաններ` ընդարձակ դահլիճներ, խաղասենյակներ, ննջարաններ, մեծ և փոքր խոհանոցներ, մեծ ավազե հրապարակ, երեք  լողավազան` տարբեր տարիքների համար: Ունենք նաև բնական կանաչով մեծ խաղահրապարակ, քարե հրապարակներ, որտեղ անցկացվում է սպորտային միջոցառումների մի մասը, իսկ մյուս մասում՝ բնական կանաչի վրա կազմակերպվում են զանազան խաղեր։ Երեխաներն օրվա մեծ մասը լինում են դրսում՝ մաքուր օդում, անգամ ձմռանը նրանց՝ որոշ ժամանակով մաքուր օդում լինելը պարտադիր է: Անչափ կարևորում ենք ռեժիմի պահպանումը` օրը սկսելով առավոտյան ընդունելությամբ և մաքուր օդում մարմնամարզությամբ:

 - Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում աշխատակազմ ընտրելիս, չէ՞ որ գործ ունեք երեխայի զարգացման և դաստիարակության բարդ գործընթացի հետ:

- Ընտրության սկզբունքներից մեկը մասնագիտական կրթություն ունենալն է: Այժմ ևս մեկ խումբ ենք նախատեսում ավելացնել <<Մեղուններում>> և այս շրջանում փնտրում ենք այդ խմբի համար դաստիարակ, որը կհամապատասխանի <<Մեղունների>> ընտանիքին` շատ երեխասեր, համբերատար, հոգատար և բարի:

- Տիկի՛ն Ուդումյան, սովորաբար  երեխաները խուսափում են հաճախել մանկապարտեզ, ինչպե՞ս է հաղթահարվում այդ երևույթը ձեզ մոտ:

- Մենք դա կատարում ենք «թավշա» ինտեգրմամբ: <<Մեղուների>> աշխատակիցներն էլ շատ լավ գիտեն, որ երեխան պետք է ինտեգրվի մեր միջավայրին շատ փափուկ, պակաս կաշկանդվածությամբ: Այդ օրերին նոր հաճախող երեխաներին պարտադիր ռեժիմային կարգուկանոն չենք պարտադրում, միանգամից չենք տանում նոր սովորույթների, այլ մշակված ծրագրով թողնում ենք ազատ, <ինքն իր հետ խաղաղ>, հետո նոր արդեն նրան բերում ենք մեր կանոնակարգ` պարապմունքներ, զբոսանք, խաղեր….. Կախված երեխայի անհատականությունից, ինտեգրումը մեզ մոտ կարող է երկար տևողություն ունենալ: Ես չեմ ողջունում այն տեսությունը, որ, եթե երեխան չի ցանկանում պարապունքի մասնակցել, թող չմասնակցի, եթե երեխան չի ցանկանում քնել, թող չքնի: Երեխան պետք է իր տարիքին համապատասխան գիտելիքներ ստանա, նրա մոտ մշակում ենք կուլտուր-հիգիենիկ ունակություններ և այլն: Ու եթե ամեն տարիքում երեխան ստանա իր տարիքին համապատասխան գիտելիքներ, այդ դեպքում ծնողն և երեխան դպրոցի շեմին չեն կանգնի կոտրած տաշտակի առջև:

- Յուրաքանչուր երեխայի նկատմամբ ցուցաբերում եք անհատակա՞ն մոտեցում:

-Այո, մասնավոր մանկապարտեզի մեծ առավելություններից մեկն էլ հենց յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելն է։ Երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգի մանկապարտեզներում, որտեղ կան հրաշալի մասնագետներ, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհատական մոտեցման հարցը կաղում է:  

«Մեղուներում» բոլոր երեխաները հավասար են՝ որևէ մեկից ո՛չ ավել, ո՛չ պակաս: Հենց այդպես են առաջնորդվում Սկանդինավյան երկրներում, և այդ իսկ պատճառով այնտեղ բոլորը երջանիկ են։

- Սնկի պես աճում են մասնավոր մանկապարտեզները, Դուք ինչո՞վ եք առաջնորդվում, որ ծնողը դիմի հենց  ձեր մանկապարտեզ:

- <<Մեղուների>> մեծ առավելությունից մեկն էլ սննդի անվտանգության տեսչության նորմերին համապատասխան գրագետ սննդակարգի կազմակերպումն է, որն իր մեջ ներառում է ամբողջ տարին թարմ բանջարեղեն, մրգեր, մսային և ձկնային տեսականիներ: Խիստ պահպանվում է ածխաջերի, սպիտակուցների և ճարպերի համակցությունը: Երեխաները սնվում են օրը 5 անգամ` նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք և աղանդերի ժամ: Եթե մասնավոր մանկապարտեզի տնօրենի իսկական կոչումը հենց այդ մասնագիտությունն է, եթե ինքն ու հիմնադիրը նայում են նույն ուղղությամբ, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել: Մանկապարտեզում կանոնավոր կերպով անց են կացվում ավազի, կանաչ բնական խոտի, նկարչության, մատների մանր մկանների զարգացման, ծեփագործության և էլի շատ-շատ թերապիաներ: Դրանց մեծագույն մասն անցկացվում է մաքուր օդում, որը մեր ամենամեծ առավելություններից մեկն է։  

-Որպես վերջաբան ի՞նչ կցանանայիք ավելացնել:

-Կցանկանայի, որ խաղաղ լինի մեր Երկիր մոլորակը, որ ոչ մի երեխա առանց ծնող չմեծանա, սնվելու և առողջական խնդիր չունենա։ Կցանկանայի, որ երեխաները մեծանան երջանիկ ու առանց սթրեսների, որ վերանան պատերազմները, չքավորությունը, անբուժելի հիվանդությունները:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր