«ԱՔՍԻՈՄԵԴ» ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

(2 votes)

Ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու

Կինեզոթերապիա բառը հին հունարենից թարգմանաբար նշանակում է բուժում շարժմամբ, «kinesis»՝ շարժում, «therapia»՝ բուժում: Մեր մկաններն աշխատում են գիտակցության շնորհիվ և իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Բայց որպեսզի դրանք աշխատեն, բավարար չէ միայն մկանաթելերի, ջլերի, կապանների կծկումը: Այդ գործընթացում իրենց մասնակցությունն ունեն նաև նյարդային, սիրտ-անոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերը: Մկանային կծկման ժամանակ արտադրվում են մորֆիանման միացություններ՝ էնդորֆիններ, որոնք օժտված են ցավազրկող հատկությամբ: Դա է պատճառը, որ կինեզոթերապիայից հետո ցավային զգացումները հիվանդների մոտ լիովին կամ մասնակի անհետանում են: Ազդելով  մկանային համակարգի վրա՝ խթանվում է օրգանիզմի ինքնակարգավորման գործընթացը, քանի որ մարդկային օրգանիզմը միասնական ինքնակարգավորվող համակարգ է:

Կինեզոթերապիայի կենտրոններում որպես օրգանիզմի վրա ազդող գործոն օգտագործում են ուժային մարզման ձևերն ու մեթոդները:

Կինեզոթերապիայի և մի շարք այլ հարցերի մասին զրուցեցինք «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:

-Դեռ կոմունիստական ժամանակաշրջանում կինեզոթերապիան մեզ առավել ծանոթ էր բուժական մարմնամարզություն անվանումով, բայց իրականում կինեզոթերապիան շատ ավելի լայն ընդգրկում ունի և իր մեջ ներառում է ոչ միայն կոնկրետ բուժական մարմնամարզություն,  այլև մեխանոթերապիա, տրակցիոն բուժում և շատ այլ մեթոդներ: Կինեզոթերապիա կիրառվում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրների ժամանակ: Խոսքը ոչ միայն ողնաշարային կամ խոշոր հոդային, այլև ցանկացած նևրոլոգիական խնդիրների մասին է: Իսկ հակացուցումները խիստ սահմանափակ են. ասենք, հենաշարժիչ համակարգի ուռուցքային ախտահարումները, ծանր սիրտ-անոթային և սիրտ-թոքային անբավարարությունները։ Ընդհանրապես բացարձակ հակացուցումներ կինեզոթերապիան չունի:

-Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ Ձեր աշխատակիցներին ընտրելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել և առաջնորդվում:

-Առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել պրոֆեսիոնալիզմի սկզբունքով ու մարդկային հատկանիշներով: Կադրերի հավաքագրումը բավականին երկար տևեց մեզ մոտ, քանի որ ես միշտ խուսափել եմ վերցնել առաջին պատահած մասնագետին: Նշեմ, որ մենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոն ենք համարվում, և մեզ մոտ այսօր աշխատում են ամբիոնի աշխատակիցներ, դասախոսներ, որոնք բոլորն էլ ունեն գիտական կոչումներ, այսինքն՝ բոլորը կրթված մասնագետներ են, պատահական աշխատակիցներ չեն ընտրված: Պետք է նշեմ նաև, որ մեզ մոտ վերապատրաստում և ուսուցում են անցնում համալսարանի ուսանողներ:

-Հասցնո՞ւմ են արդյոք  Ձեր աշխատակիցներն իրենց աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Իհարկե համատեղում ենք։ Ընդ որում, վերջին 3-4 տարիներին մենք ենք կազմակերպում վերապատրաստման դասընթացներ արտերկրից ժամանած մասնագետների օգնությամբ, որոնք մեզ մոտ թրեյնինգներ են անցկացնում ոչ միայն մեր աշխատակիցների, այլև մեր քաղաքի մասնագետների հետ:

-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում նիհարելու ինչ ծրագիր է իրականացվում:

-Արդեն մի քանի տարի է, ինչ մեր կլինիկայում կիրառվում է նյութափոխանակության կարգավորման մեթոդ, որն անվանում են մարմնի բաղադրիչների ախտորոշում: Մեզ դիմած պացիենտն անցնում է հատուկ հետազոտություն, որի ժամանակ ախտորոշվում են մարմնի բաղադրիչները, ճարպերը, մկանային, ակտիվ բջջային զանգվածը, հեղուկներն ըստ ֆրակցիաների, պացիենտի մետաբոլիկ տարիքը, հանգիստ վիճակում կալորիաների ծախսը, որից հետո ստուգվում է պացիենտի էնդոկրին վիճակը: Այդ ամենի արդյունքում պացիենտին նշանակվում է անհատական հինգանգամյա սննդակարգ: Արդյունքները բավականին լավ են, և պետք է հավելեմ նաև, որ այս ծրագիրը համարվում է ոչ թե նիհարելու, այլ նյութափոխանակության կարգավորման ծրագիր, որի ընթացքում քաշի կարգավորումը կատարվում է երկրորդային ճանապարհով: Առաջնայինը նյութափոխանակության կարգավորումն է, և այս ծրագիրը նաև անորեքսիայով տառապողների համար է:

-Պարո՛ն Հովհաննիսյան, մասնագիտական ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև կլինիկան հիմնադրելը:

-Դեռ ուսանողական տարիներից սկսել եմ աշխատել այժմյան Միքայելյանի անվան ինստիտուտի ընդունարանում՝ որպես ֆելդշեր, ինչն էլ ինձ վիրաբուժության մեջ բավականին մեծ փորձ է տվել: Այդ տարիներին լայն կիրառություն ուներ Միքայելյանի ինստիտուտի միկրովիրաբուժության ճյուղը: Պատերազմական ժամանակաշրջան էր, հիվանդերի հսկայական հոսք կար, և բավականին շատ վիրահատություններ էին կատարվում: Այնուհետև տեղափոխվել եմ ներկայիս «Իզմիրլյան» կենտրոն, որն այդ ժամանակ կոչվում էր Նազարովի անվան պրակտոլոգիայի ինստիտուտ, որտեղ էլ իմ մասնակցությունն եմ ունեցել օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի հիմադրման գործում։ Այնուհետև տեղափոխվել եմ 8-րդ հիվանդանոց, սկզբնական շրջանում աշխատել որպես բժիշկ, հետո՝ բաժնի վարիչ: Կլինիկայի բացվելուց հետո հրաժարվեցի այդ պաշտոնից, բայց հիմա էլ շարունակում եմ կատարել վիրահատական միջամտություններ:

-Ուսանողության հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին:

-Կան լավ, ձգտում ունեցող, բավականին նպատակալսաց, խելացի, աշխատասեր ուսանողներ, որոնք ամեն ինչ անում են լավ մասնագետ դառնալու համար, և դա չի կարելի չտեսնել, հաշվի չառնել։ Սակայն նրանց կողքին կան նաև գործնականում ոչնչով չհետաքրքրվող, ոչնչով չզբաղվող ուսանողներ: Այնպես որ՝ պետք չէ ընդհանրացնել. ամեն մարդ իր ճանապարհն է գնում, ամեն մարդ իր վերջնական կանգառին է հասնելու:

-Շփվելով բազմաթիվ պացիենետների հետ՝ ի՞նչ կարծիք եք կազմել մեր հասարակության՝ բժշկի դիմելու կուլտուրայի մասին:

-Այդ առումով այս օրերին դրական տեղաշարժ կա. կան պացիենտներ, որոնք ոչ թե վերջին պահին, այլ զուտ պրոֆիլատիկ նպատակներով են դիմում մեզ, որպեսզի հետագայում իրենց մոտ չառաջանան առողջական խնդիրներ: Ասեմ ավելին. կան երիտասարդ կին պացիենտներ, որոնք նախապես են դիմում՝ առաջիկայում պլանավորելով հղիանալ, մայր դառնալ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդները դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն անհնար է լավ արդյունքների հասնել ապաքինման հարցում, երբ արդեն պահանջվում է շատ երկարատև ու դժվարին աշխատանք: Ես միշտ շեշտել եմ այն միտքը, որ մեր հենաշարժիչ համակարգը մեր ամենաշնորհակալ օրգան համակարգն է, և ցանկացած այլ օրգան համակարգերի բուժման դեպքում (սիրտ-անոթային, միզասեռական և այլն) շատ հնարավոր է, որ կրկին առաջանան անլուծելի խնդիրներ, իսկ հենաշարժիչ համակարգը միշտ համարժեք պատասխան է տալիս ձեր տարած աշխատանքի դիմաց։  

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մարդիկ ավելի առողջ լինեն, որ քիչ ծուլանան, քանի որ շատ շարժվելը մեր հենաշարժական համակարգին, ընդհանրապես մեր օրգանիզմին խիստ անհրաժեշտ է։ 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր