ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ
Մեր հյուրասրահը հյուրընկալել է 2014 թվականին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ով 2003 թվականից մինչ օրս աշխատում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում, զբաղվում էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:
-Պարոն Կարապետյան, կխնդրենք մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
-1998 թվականին ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կլինիկական օրդինատուրան անցել եմ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում», որտեղ աշխատում եմ էնդոսկոպիկ վիրաբուժության ներդրման օրվանից: Այնուհետև էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտում մոտ մեկ տարի վերապատրաստվել եմ Մոսկվայում: Այս տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել տարբեր երկրներում` Ճապոնիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում:
- Ձեր կարծիքով՝ գերզարգացա՞ծ է տեխնիկան ձեր բաժանմունքում:
- Վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում բավականին զարգացած է էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Գրեթե չկա էնդոսկոպիկ եղանակով կատարվող այնպիսի վիրահատական միջամտություն, որը չիրականացվի մեր կլինիկայում։ Մեզ մոտ կատարվող վիրահատություների մոտավորապես 90-95 տոկոսը այնպիսի վիրահատություններ են, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, իսկ հիմա կատարվում են առանց այդ կտրվածքի: Վիրահատական միջամտության հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում` 1 օր, դրան հետևում է ապաքինումը, և հիվանդը դուրս է գրվում: Ասեմ, որ կարող են լինել նաև հետվիրահատական բարդություններ, բայց մենք աշխատում ենք, որ նման բան չլինի:
- Պարոն Կարապետյան, Ձեր կլինիկա ավելի շատ ի՞նչ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում են դիմում:
- Պատկերացրեք, որ դիմում են գործնականում գինեկոլոգիական ճյուղի բոլոր հարցերով` սկսած անպտղությունից, բնածին արատներից և այլն և այլն: Կցանկանամ հատկապես շեշտադրումը դնել այն վիրահատություների վրա, որոնք նախկինում պահանջում էին որովայնահատում, օրինակ, բնածին արատներից՝ երկխոռոչանի արգանդ, ներարգանդային խիտրոցի հեռացումը հիմա կատարվում են էնդոսկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 15-20 րոպե: Նախկինում, երբ կատարվում էր որովայնային կտրվածքով, տևում էր մոտավորապես 2 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը՝ մի քանի ժամ: Ասեմ, որ այսօրվա էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունները բավականին արդյունավետ են, դրանից հետո էլ ապագայում կանայք կարող են ծննդաբերել:
-Համագործակցո՞ւմ եք արտերկրի բժիշկների հետ:
-Այո, համագործակցում ենք Ֆրանսիայի կլինիկաների հետ, տարին 1-2 անգամ ունենում ենք հյուրեր այնտեղից: Կատարվում է փորձի փոխանակություն միմյանց հետ, մենք ենք գնում նրանց մոտ: Համագործակցում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ: Ասեմ նաև, որ գրեթե ամեն տարի Վրաստանում տարբեր երկների բժիշկների հետ մասնակցում ենք կոնֆերանսների, ցուցադրական վիրահատությունների, որոնք էլ իրենց հերթին մեզ թույլ են տալիս հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվում և կատարվել վիրաբուժության մեջ:
- Եվ ի՞նչ կմաղթեք վերջում մեր կանանց:
- Առաջին հերթին կցանկանայի, որ մեր հանրության մեջ ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա, որ ժամանակին մարդիկ հետազոտվեն, ինչը թույլ կտա խուսափել շատ հիվանդությունների բարդացումներից: Առնվազն տարին մեկ անգամ կինը պետք է դիմի բժշկին զուտ պրոֆիլակտիկ հետազոտման համար: Հավատացեք, որ այդ դեպքում զգալիորեն կպակասի հետագա բարդացումների հավանակությունը, ու հիվանդությունների բուժումն ավելի հեշտ և ժամանակին կլինի:
Կցանկանամ, որ կանայք երջանիկ, սիրված լինեն, իսկ կանացի երջանկության համար, կարծում եմ, շատ բան պետք չէ:
Սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: