Մելինե Գևորգի Նավասարդյան

(0 votes)

Ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ Մելինե Նավասարդյանն արդեն 12 տարի է աշխատում որպես սոնոգրաֆիստ։ Մեզ հետ զրույցում նա խոսեց իր ձեռքբերումների, անցկացվող հետազոտությունների եւ կենտրոնի Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի շրջանակներում անցկացվող հետազոտությունների մասին։

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց սոնոգրաֆիստի մասնագիտությունը։

Իրականում, դեռ մանկուց, ինձ ավելի հոգեհարազատ էր արվեստը. սիրում էի երաժշտությունը, սակայն ծնողներս պնդեցին, որ պետք է անպատճառ բժիշկի ուղին ընտրեմ, որի համար շատ շնորհակալ եմ իրենց։

- Բժշկուհի՛, մի փոքր կպատմե՞ք ուլտրաձայնային հետազոտության մասին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

Ուլտրաձայնային հետազոտությունը առավել ճշգրիտ, ինֆորմատիվ եւ մատչելի ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկություն օրգան-համակարգերի օրգանական փոփոխությունների մասին։ Ցանկացած հիվանդության բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտություն կարող է անցնել յուրաքանչյուր ոք։ Հետազոտվում են որովայնի խոռոչի օրգանները՝ լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, փոքր կոնքի խոռոչի օրգանները՝ արգանդը, ձվարանները, միզապարկը, շագանակագեղձը, ինչպես նաև վահանաձեւ գեղձը։

- Բժշկուհի՛, տեղյակ եմ, որ Դուք բացի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, դուք աշխատում եք նաեւ Շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։ Կպատմե՞ք՝ ինչ ծառայություններ է այն մատուցում։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրատվություն է ստացել Շարժական կլինիկա, որի շրջանակներում կատարվել են ու կատարվում են հետազոտություններ՝ Հայաստանի 100 եւ ավելի համայնքներում։ Կլինիկան իր մեջ ներառում է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ, որի մեջ մտնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն եւ խորհրդատվություն, կատարվում են լաբորատոր հետազոտություններ ինչպես ՄԻԱՎ-ի վերաբերյալ, այնպես էլ հեպատիտ B-ի, C-ի, սիֆիլիսի։ Կլինիկայում կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտություն։ 2014 թվականից սկսած կլինիկայում կատարվել է 6500 ուլտրաձայնային հետազոտություն։ Շարժական կլինիկայում կատարվել է որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի օրգանների, վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Որեւէ խնդրի հայտնաբերման պարագայում՝ պացիենտն ուղղորդվում է համապատասխան մասնագետի մոտ հետագա բուժման նպատակով։ Պետք է շեշտեմ, որ Շարժական բուժախտորոշիչ կլինիկայի շրջանակներում արված հետազոտությունները կատարվում են միգրանտների, նրանց կանանց, հարազատների եւ համայնքաբնակների շրջանում։ Կլինիկայում կատարված բոլոր ծառայությունները տրամադրվում են անվճար։ Կարող եմ վստահորեն ասել, որ Շարժական կլինիկայում կատարված աշխատանքների շնորհիվ վերոնշյալ հիվանդությունների հայտնաբերման դեպքերն ավելացել են։

- Մարդիկ խուսափում են այցելել Ձեր կենտրոն, քանի որ մտավախություն ունեն, որ կվարակվեն ՄԻԱՎ-ով։ Կխոսե՞ք փոխանցման ուղիների մասին, որպեսզի մարդիկ չվախենան Ձեր կենտրոն հաճախել։

Վախենալ պետք չէ, որովհետև ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները 3-ն են՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով, մորից երեխային փոխանցման ուղով։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփման միջոցով։ Հետևաբար պետք չէ, խուսափել այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ անցնելու ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ մարդու իմունային անբավարարության վիրուսը, ինչպես նշեցինք, ուղղակի շփումով չի փոխանցվում։

- Վերապատրաստումների կամ կոնֆերանսների մասնակցո՞ւմ եք։

Այո պարբերաբար վերապատրաստվում եմ, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցություն եմ ցուցաբերում ուլտրաձայնային հետազոտություններին նվիրված կոնֆերանսներին, ունեմ բազմաթիվ պատվոգրեր։ Ինձ համար շատ կարևոր է հատկապես ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից տրված պատվոգիրը՝ կենտրոնի աշխատանքներում ներդրման և ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայի աշխատանքներում ունեցած ներդրման համար պատվոգիրը։ Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել նաև միջազգային կոնֆերանսների ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։

- Վերջում ի՞նչ խուրհուրդ կտաք մեր ազգաբնակչությանը։

Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ։ Մարդը տարվա ընթացքւմ գոնե մեկ անգամ պետք է անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների շատ բարդություններից, քանի որ ճշգրիտ և ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։

Առողջ եղե՛ք ․․․

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր