Իռեն Ռաֆաելովա

(0 votes)

Ինձ համար առաջնային է դիմա-ծնոտային բնածին արատների վերացումը. դիմա-ծնոտային վիրաբուժ, բժիշկ-էսթետիստ Իռեն Ռաֆաելովա

Մարդը միշտ ձգտում է կատարելության, գեղեցիկ լինելուն ու երիտասարդ մնալուն։ Էսթետիկ եւ դիմա-ծնոտային վիրաբույժները վերացնում են դեմքի ու ծնոտի հետ կապված արտաքին թերությունները, արատները, շտկումներ ու կորեկցիաներ են կատարում, որպեսզի այցելուն իրեն ավելի գեղեցիկ ու կատարյալ զգա։ Կոնկրետ Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության այն ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ՝ դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ` շտկման ճանապարհով: Դիմա-ծնոտային վիրաբուժությունը վիրաբուժական գիտության բաժիններից է, որն ուսումնասիրում եւ բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների և դեմքի ոսկորերի հիվանդություններն ու վնասվածքները:

Դիմա-ծնոտային արատներն ու թերությունները վերացնելը, մարդկանց դեմքի գեղեցկությունը ապահովելը «Բեգլարյան» կենտրոնի դիմա-ծնոտային վիրաբուժ, բժիշկ էսթետիստ Իռեն Ռաֆաելովայի իսկական առաքելությունն է։ Նա իր աշխատանքին եւ այցելուներին մոտենում է սիրով ու հոգատարությամբ։ Վիրահատական սենյակ մտնում է միայն բարձր տրամադրությամբ, որպեսզի կատարված աշխատանքը հաջողվի։ «Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի» անդամ է, «Դիմա-Ծնոտային և Բերանի Խոռոչի Հայկական Ասոցիացիայի» իրական անդամ։ Նա ամեն օր ու ժամ իր վրա աշխատում է ու կատարելագործվում, համարում է, որ այն մասնագետը, որն իր վրա չի աշխատում, թեկուզ մեկ տող չի ցնականում իր գիտեցածի վրա ավելացնել, առաջ չի կարող գնալ։ Բոլոր այցելուները գոհ ժպիտով են դուրս գալիս բժշկուհու հիվանդասենյակից, իսկ կատարված վիրահատություններից հետո նա միայն ջերմ խոսքեր է լսում։

- Բժշկուհի, ի՞նչ խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում։

Դիմա-ծնոտային վիրաբուժությունը շատ լայն մասնագիտություն է եւ ճյուղավորված։ Ես ինձ համար ընտրել եմ դիմածնոտային շրջանի զարգացման արատները վերացնելու աշխատանքը։ Վիրահատությունները կատարում ենք մենք, մեր բաժանմունքում։ Ես անձամբ զբաղվում եմ կոսմետիկ, էսթետիկ ճյուղով, որը նույնպես շատ ընդգրկուն է։ Կատարում եմ ոչ միայն վիրահատական միջամտություններ, այլեւ ինյեկցիոն միջոցներ եմ կիրառում։ Կատարում ենք քթի, ականջների, կոպերի պլաստիկաներ, իսկ էսթետիկ վիրաբուժության մեջ շեշտը դրել ենք կոնտուրային, բոտուլինոթերապիայի, պլազմոլիֆտինգի ինյեկցիոն եւ ոչ ինյեկցիոն միջամտությունների վրա։ Կատարում ենք նաեւ ատամնային իմպլանտացիա։

Նշեմ, որ ինձ համար առաջնային է դիմա-ծնոտային բնածին արատների վերացումը։ Դրանք առաջանում են պտղի մոտ՝ ներարգանդային կյանքի առաջին եռամսյակում, երբ ձեւավորվում է դիմա-ծնոտային շրջանը։ Կատարում ենք շտկումներ եւ դրանից բխող բոլոր վիրահատությունները՝ դեֆեկտը վերացնելու, ֆունկցիան վերականգնելու եւ անպայման կոսմետիկ վերականգնումն ապահովելու համար։ Զուգակցված բուժում է կատարվում, այսինքն՝ կոնկրետ դեֆեկտ ունեցող օրգանը պետք է ունենա նորմալ անատոմիական ձեւ եւ անպայման իր ֆունկցիան կատարի լիարժեք։ Տեղեկացնեմ, որ բնածին արատների մեջ գերակշռող է վերին շրթունքի, քիմքի ճեղքվածքը։ Եթե վերին շրթունքի ճեղքվածքի հետ լինում է նաեւ քիմքի ճեղքվածք, ապա պետք է կատարվի վիրահատական փուլային կոնկրետ բուժում։ Սկզբում կատարվում է վերին շրթունքի պլաստիկա, հետո քիմքի պլաստիկա, այնուհետեւ արդեն քթի պլաստիկա։ Այն դեպքում, երբ բավական մեծ է լինում շրթունքի եւ քիմի ճեղքվածքը, դեֆորմացվում է նաեւ քիթը։ Մինչեւ երեխայի 6, 6 ու կես տարեկանը լրանալը կատարում ենք քթի ծայրի շտկում, իսկ 18 տարեկանից բարձր արդեն կատարում ենք ոսկրային պլաստիկա։

Նշեմ նաեւ, որ մեզ դիմում են բորբոքային խնդիրներով՝ քթային ծոցերի բորբոքումներով, տրավմաների եւ ուռուցքների դեպքում։ Մենք չարորակ ուռուցքներով չենք զբաղվում, անգամ դիագնոզված չարորակ ուռուցքներով, որովհետեւ դրա իրավունքը չունենք։

- Խոսեցիք նորածինների պլաստիկ վիրահատությունների մասին, ուստի հետաքրքիր է, թե արդեն մեծ տարիքում ի՞նչի համար են հիմնականում դիմում Ձեզ։

Դիմում են քթի, ականջների խնդիների, իսկ ավելի մեծ հասակում դիմում են բլեֆառոպալստիկային (վերեւի եւ ներքեւի կոպերի պլաստիկա) համար, այսինքն՝ կոպերի իջեցման հետ կապված։ Երիտասարդները դիմում են մաշկի խնամքի հետ կապված, կատարում ենք բոտուլինոթերապիա, կորեկցիաներ պլաստիկ վիրաբուժական միջամտությամբ։ Ավելի լուրջ պաթոլոգիաներով էլ են գալիս մեզ մոտ, ինչպիսին են օրինակ՝ ֆեյսլիֆտինգները, որով մոտ ապագայում կսկսեմ զբաղվել։

- Շա՞տ են Ձեզ դիմող կանայք, որոնք ցանկանում են պահպանել իրենց երիտասարդությունը։

Այո, շատ-շատ են։ Ես միայն այստեղ չեմ աշխատում, նաեւ «Ռատինա» էսթետիկ կենտրոնի բժիշկ-էսթետիստն եմ եւ կոնկրետ այդ խնդիրներով եմ զբաղվում։

- Լինում է, որ դիմում են Ձեզ, իսկ դուք հրաժարվում եք վիրահատել, ասում եք՝ ամեն ինչ նորմալ է, պետք չէ ոչ մի միջամտություն կատարել։

Այո, իհարկե։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր են լինում, որովհետեւ հիվանդի սպասելիքն ու այն, ինչ դու կարող ես տալ, պետք է իրար համապատասխանեն։ Եթե հիվանդը պահանջում է գեր արդյունք, իսկ դու գիտես, որ դա անհնար է, ավանտյուրայով զբաղվել չի կարելի։ Բժշկությունն այդ միջավայրը չէ, որտեղ դու կարող ես այցելուի վստահությունը չարաշահել։ Ամեն մասնագետ գիտի՝ որ տարիքում, ինչ տվյալների դեպքում, կլինի լավ արդյունք։ Լինում են, իհարկե, դեպքեր, որ անկանխատեսելի արդյունք է գրանցվում, որովհետեւ բժշկության մեջ ոչ մի բացարձակ բան չկա։

- Ինչ խորհուրդ կտաք՝ արժե դիմել դիմա-ծնոտային պլաստիկ միջամտությունների։

Եթե պացիենտի ներաշխարհի հետ կա դիսհարմոնիա, դա պետք է շտկել։ Արտասահմանում հենց այդպիսին է մոտեցումը այս բժշկության նկատմամբ։ Շատ զարգացած երկներում պլաստիկ վիրաբուժներն իրենք են ընտրում իրենց պացիենտներին, այսինքն այն մարդկանց են ընտրում, որոնց արտաքին եւ ներքին աշխարհների կոնֆլիկտը բերում է հոգեհուզական ընկճվածության եւ դա շտկելով միայն կարելի է հասնել ինդիվիդումի ինքնահաստատման։ Եթե դա թերի է, ուրեմն պետք է շտկվի։ Ես ինքս էլ դա համարում եմ ճիշտ։ Եթե մարդն անկայուն է իր որոշումների մեջ՝ այսօր ուզում է, վաղը չի ուզում, միանշանակ խորհուրդ եմ տալիս չդիմել, չանել վիրահատություն։

- Ի՞նչ եք հիմնականում լսում Ձեր այցելուներից վիրահատությունից հետո։

Ինքնագովազդով չեմ ուզում զբաղվել։ Բնականաբար կան նաեւ մարդիկ, ում հետ աշխատելը ոչ միշտ է 100 տոկոս արդյունք տալիս, բայց մաքսիմալ աշխատում ենք ճիշտ պլանավորել աշխատանքը։ Ընտրում ենք այնպիսի մեթոդիկա, որ տվյալ պացիենտի համար լինի մաքսիմալ էֆֆեկտիվ, որպեսզի արդարացնենք նրա սպասելիքները։ Նշեմ, որ վիրահատությունը միայն գործի կեսն է։ Շատ մեծ նշանակություն ունի հետվիրահատական խնամքը, հիվանդի մտածելակերպը, հիվանդի մակարդակը, որովհետեւ երբ դու հիվանդին նախքան վիրահատության գնալը հայտնում ես հետվիրահատական ցուցումների մասին, պատահում է, որ նա դրան մատների արանքով է նայում, շատ բաներ խախտում է, շատ բաներ, որոնք չի կարելի, անում է, բնականաբար արդեն գործը չի կարող լավը համարվել։

- Կոլեգաների հետ համագործակցության մասին կխոսե՞ք։

Մենք բաժանմունքում ունենք շատ լավ կոլեկտիվ, համերաշխ ընտանեկան թիմով աշխատում ենք։ Ամեն մեկս ունենք մեր նեղ ուղղվածությունը, հմուտ ենք կոնկրետ ճյուղում, եւ պետք եղած դեպքում մեկս մյուսին փոխարինում ենք։ Դիմա-ծնոտային եւ քիթ-կոկորդի մասնագետները միշտ իրար հետ համագործակցում են, որովհետեւ եթե մեկս ավելի հմուտ ենք այս գործի մեջ, ապա մյուսը՝ մյուս ճյուղում։ Միշտ դա հարգում ենք։ Եթե ես գիտեմ, որ այսինչ բանը իմ կոլագան ավելի լավ է անում, քան ես, ես դիմում եմ իրեն, որպեսզի շահի պացիենտը։ Թիմը պետք է այդպես աշխատի, իսկ եթե դու աշխատում ես որպես անհատ, դու չես կարող լավ արդյունքի հասնել։

-Երբ մտնում եք վիրահատարան, ի՞նչ տրամադրություն է ձեզ տիրում։

Ամեն ինչ ուղղված է դեպի այդ գործունեությունը։ Երբեք տխուր չեմ մտնում վիրահատարան։ Եթե անգամ ունեմ խնդիրներ, երբեք դա ինձ հետ չեմ տանում վիրահատարան, քանի որ այդ նեգատիվը վատ է անդրադառնում հիվանդի վրա։ Ես շատ վատ եմ վերաբերվում նրան, որ երբ հիվանդին տանում են վիրահատարան, հիվանդի հարազատները լաց են լինում։ Դա անընդունելի եւ ընկճող հանգամանք է։ Ամեն ինչ պետք է լինի պոզիտիվ ֆոնի վրա։ Եթե դու լավ տրամադրված ես, պոզիտիվ ես անում աշխատանքդ, ավելի լավ արդյունք է գրանցվում։

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։

Ես միշտ իմացել եմ, որ վիրաբույժ եմ դառնալու։ Առաջին կուրսից ես գիտեի, որ ես երբեք թերապեւտ չեմ դառնա, որովհետեւ խառնվածքիս հետ մի քիչ ներդաշնակ չէր։ Ես ավելի ակտիվ եմ, նախընտրում եմ անել աշխատանքս եւ արդյունքը հնարավորինս շուտ տեսնել։ Ցանկություն կար նաեւ դատական բժիշկ դառնալու, այն էլ ընտանիքս դեմ կանգնեց։ Իմ աչքի առաջ ունեցած մասնագիտություններից սա ամենականացին էր։

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

Վիրաբուժության դիմելիս առաջին հերթին անհրաժեշտ է կատարել ճիշտ ընտրություն։ Պետք է իմանաք Ձեր խնդիրը եւ խնդիրը լուծելու լավ մասնագետ գտնեք։ Երկիրը շատ փոքր է ու բժշկական ասպարեզում տեղյակ են՝ ով ինչում է առավել հմուտ։ Կոնկրետ բժիշկի գնալուց առաջ, պետք է նրա մասին հետաքրքրվել։ Չգնալ ամեն պատահած բժիշկի մոտ եւ ունենալ սթրես, այսինքն սպասելիքների չարդարացվածության պատճառով ընկնել ապրումների մեջ։ Եթե դուք ունեք խնդիր, որը պետք է լուծվի, ապա դա պետք է լուծվի ճիշտ մասնագետի կողմից։ Անհրաժեշտ է, որ պացիենտը համոզված լինի, որ իր ընտրած բժիշկն արդարացնելու է իր սպասելիքները։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր