ՆԵԼԼԻ ԳՐԻՇԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(0 votes)

Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք. չեմ սիրում ոչ ոքի սթրեսի ենթարկել

Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության եւ բուժման արդյունքների գնահատման նպատակով:

Ուլտրաձայնային հետազոտությունը հատկապես կարեւոր է հղիության հսկողության ժամանակ։ Այն մեծ քանակությամբ ինֆորմացիա է տալիս դեռ չծնված պտղի զարգացման մասին։ Ուստի Մոր եւ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական կենտրոնում հատուկ տեղ են հատակացնում ուլտրաձայնային հետազատությանը։ Այս կենտրոնում արդեն 27 տարի է ուլտրաձայնային հետազոտության պատասխանատուներից է բժիշկ-սոնոգրաֆիստ Նելլի Հովհաննիսյանը։ Նա իր այցելուներին դիմավորում է անկեղծ ժպիտով ու հոգատար հայացքով։ Ամեն հղիին առանձնահատուկ ուշադրությամբ է հետազոտում եւ որպես իր հարազատի վերաբերվում։ Բժշկուհու աշխատասենյակի պատին գրված է նրա աշխատելու կարգախոսն անգլերենով՝ «Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք»։ Կենտրոնի բժիշկներն էլ տիկին Հովհաննիսյանի հետ հաճույքով են աշխատում, քանի որ նա կարողանում է բոլոր հիվանդների հետ լեզու գտնել։

Bestgroup.am-ը նրա աշխատանքի, այցելուների եւ բազմաթիվ այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցել է Նելլի Հովհաննիսյանի հետ։ Նշենք, որ նա 2011 թվականի դեկտեմբերին ավարտել է Յան Դոնալդի դպրոցի դասընթացը, իսկ 2012-ին՝ մասնակցել է ուլտրաձայնային ախտորոշման սեմինարին` Երեւանում:

- Բժշկուհի, ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը, ինչո՞վ էր այն գրավիչ Ձեզ համար։

Դեռ ուսանող տարիներից ինձ հետաքրքրել է դիագնոստիկան, ախտորոշումը, այն շատ ավելի հետաքրքիր էր թվում ինձ համար։ Դրա համար էլ ես որոշեցի ուսումս շարունակել դիագնոստիկայի ուղղությամբ։ Ուսումս ավարտելուց հետո, հենց սկզբից եկա այս կենտրոնում աշխատելու։ Արդեն 27 տարի է Մոր եւ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտությունն իրականոցնող բժիշկներից եմ։

- Մի փոքր կպատմե՞ք Ձեր պրակտիկայում գրանցված ամենից ուրախալի, դրական դեպքի մասին։

Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ցավոք, եղել են նաեւ տխուր դեպքեր։ Կոնկրետ չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը, քանի որ մեր մասնագիտությունն այնպիսին է, որ եւ ուրախ լուրեր ենք հայտնում, եւ տխուր։ Գերակշռողն, իհարկե, ուրախ լուրերն են։ Սակայն, ցավով, պետք է նշեմ, որ վերջին տարիներին բավականին ավելացել են արատավոր պտուղներով հղիությունները։ Արատները տարբեր են լինում։ Դրանց ավելացման պատճառը միգուցե քիմիական նյութեր պարունակող սնունդն է կամ օդի աղտոտվածությունը, կամ մարդկանց սթրեսային վիճակներն են նպաստում, որպեսզի պտղի մոտ զարգացման արատներ առաջանան։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի շատ դիագնոստիկան, ախտորոշումն է բարելավվել, չէ որ օգտագործում ենք ժամանակակից լավագույն տեխնիկան։

- Հղիության սելեկտիվ ընդհատումների մասին կխոսե՞ք։ Որքան տեղյակ եմ՝ մինչեւ 12 շաբաթական հղիությունը ծննդկանին չեք հայտնում պտղի սեռը։

Մինչեւ 13 շաբաթականը չենք հայտնում։ Սակայն, ցանկանում եմ կարեւորել, որ համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե հղիությունների ընդհատումները կապված են պտղի սեռի հետ։ Համենայնդեպս Երեւանում այդպես չէ։ Ճիշտը, որ ասեմ, իմ պրակտիկայում հազվադեպ են լինում մարդիկ, որ ցանկանում են իրենց հղիությունն ընդհատել պտղի սեռով պայմանավորված։ Ես ունեմ պացիենտներ, որոնք ունենում են 4-րդ, անգամ 5-րդ աղջիկ երեխան։ Այս պահին ունեմ հղի, ով սպասում է իր 5-րդ աղջիկ երեխային։ Անկեղծորեն եմ ասում՝ մեզ մոտ գրանցված հղիների շրջանում շատ-շատ են այնպիսի զույգերը, որոնք ունենում են իրենց 3-րդ աղջիկը։ Միգուցե իրենց հոգու խորքում կուզեին, որ տղա ունենային, չգիտեմ, հաշվի առնելով հայկական ընտանիքներում ընդունված մտածելակերպի։

- Ձեր գործունեության մեջ ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպում, ասենք՝ տեխնիկայի կամ Ձեր հիվանդների դժգոհությունների հետ կապված։

Բարեբախտաբար մեր տեխնիկան, որով անցկացնում ենք ուլտրաձայնային հետազոտություն, համարվում է լավագույններից մեկը։ Ես աշխատում եմ «Ջեներալ Էլեկտրիկի» սարքով, բնականաբար, դա չի կարող խնդիրներ առաջացնել։ Ժամանակին մենք նման տեխնիկա չունեինք, ուստի եւ պտղի զարգացման շատ արատներ մեզ համար տեսանելի չէին, իսկ այսօր մեր կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում են պտղի զարգացման անգամ չնչին շեղումներ։ Իսկ իմ գործունեության հետ կապված մեր հիվանդների դժգոհության դեռ չեմ հանդիպել։ Ես երբեք ոչ մեկի ազդեցությամբ խորհուրդներ չեմ տվել եւ չեմ տալիս։ Ես գտնում եմ, որ բժիշկի կոչումն այն է, որ միշտ օբյեկտիվ լինի եւ ճիշտ խորհուրդ տա այցելուին։ Ընդհանրապես հղիության ընդհատում խորհուրդ տալիս ենք այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ կյանքի հետ անհամատեղելի արատ կա պտղի մոտ։

- Ձեր կարգախոսն է՝ «Ինչ սիրում եք, դա արեք եւ ինչ անում եք, դա սիրեք»։ Բոլոր ոլորտներում եք այդ կարգախոսով շարժվում։

Այո։ Իմ այցելուների մի մասը հաճախ ինձ մոտ են գալիս զուտ նրա համար, որ ես իրենց օգտակար խորհուրդ տամ, որպեսզի նյարդային վիճակից դուրս գան։ Ընդհանրապես չեմ սիրում ոչ ոքի սթրեսի ենթարկել, անգամ վատ լուր հայտնելիս հիվանդներս հոգեպես հանգիստ են ընդունում։ Չեմ սիրում մարդկանց ցավ պատճառել։

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

Միշտ առողջ լինել, բժիշկի գալ միայն հղիության հետազոտման ու հսկողության եւ լավ լուրերի համար։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր