Բժշկի աշխատանքի ամենաբարձր գնահատականը՝ սեփական արդյունքներով ուրախացնելն ու ուրախանալն է
Մարդիկ տարբեր միջոցներ են կիրառում՝ իրենց արտաքինն օր օրի ավելի գեղեցիկ տեսնելու համար։ Վերջերս գեղեցիկին ձգտելու մղումն էլ ավելի մեծ թափ է առել՝ մարդիկ չեն վախենում վիրահատական միջամտությունների ենթարկվել, միայն թե իրենց երազած արտաքինն ունենան։ Ուրախալի է, որ այդ ամենին զուգահեռ զարգանում է նաեւ ժամանակակից բժշկությունը՝ առաջարկելով առողջական խնդիրների նորանոր լուծումները։
«Արմենիա» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են ոչ միայն մարդկանց արտաքին գեղեցկությունն ապահովող վիրահատական ու բուժական միջամտություններ, այլեւ բազմաթիվ վերականգնողական եւ բնածին, ինչպես նաեւ ձեռքբերովի արատների վիրահատական ուղղումներ։
Բաժանմունքը գործում է 1995 թվականից։ Այստեղ իր համեստությամբ ու խոսուն գործերով աչքի է ընկնում դիմածնոտային վիրաբույժ Արթուր Խաչատրյանը։ Նա իր ձեռքբերումները կապում է բաժանմունքի վարիչ Արթուր Պապիկյանից ուսանած ու նրա օրինակով հմտացած լինելու հետ։ Առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում իր հիվանդներին, առանց նեղսրտելու բացատրում նրանց առողջության ու գեղեցկության վերականգնման հետ կապված բոլոր ցուցումների մասին։ Վիրաբույժն անդամակցում է «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիային», «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիային», «Հայ ստոմատոլոգների միությանը» եւ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիային»,հանդիսանում է «Երիտասարդ հետազոտողների միության» հիմնադիր անդամ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ հեղինակ է արդեն 2 գիտական աշխատության։
Ներկայացնում ենք Bestgroup.am-ի հետ բժիշկի հետաքրքիր ու բազմաբնույթ զրույցը։
- Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեզ համար Ձեր մասնագիտությունը՝ դիմածնոտային վիրաբուժությունը։
- Դեռ 10-րդ դասարանում հենց այս բաժանմունքում վիրահատվել եմ, խնդիր ունեի ծնոտի հետ կապված՝ նորագոյացություն կար, հեռացրեցին։ Այդ օրվանից սկսած այս բաժանմուքն ինձ համար հոգեհարազատ միջավայր դարձավ։ Հետագայում նաեւ ինքնաբերաբեր ընտրեցի դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունը։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ 2009 թվականից այս բաժանմունքում եմ։
-Շա՞տ են Ձեզ դիմում։
Բավականին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում դիմածնոտային վիրաբույժները շատ են, ուստի նրանցից ամեն մեկին պետք է որ քիչ քանակությամբ հիվանդ բաժին ընկնի, ապա ես դժգոհ չեմ։ Ինձ մոտ բավականին շատ է հաճախելիությունը։
- Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում Ձեզ։
Դիմածնոտային, ինչպես նաեւ պարանոցի տարատեսակ խնդիրներով՝ սկսած բորբոքային հիվանդություններից, նորագոյացություններից, պլաստիկաներից, մինչեւ ատամների, բերանի խոռոչի լորձաթաղանթի և ծնոտոսկրերի տարատեսակ խնդիրների հետ կապված վիրահատական միջամտությունների, ինչպես նաև ատամնային իմպլանտացիայի համար։
- Կա՞ն այնպիսի վիրահատություններ, որոնք բացառապես Ձեր բաժանմունքում են իրականացվում։
Մենք ունեն մեթոդ եւ սարք, որի օգնությամբ կատարում ենք ծնոտների տարբեր արատների վերականգնում՝ ատամից ստացված ոսկրանյութի միջոցով։ Օրինակ՝ հիվանդը դիմում է մեզ, ունի ծնոտոսկրերի հետ կապված խնդիր, որի վերացման համար անհրաժեշտ է իրականացնել ոսկրային տրանսպլանտացիա, եւ բացի այդ, զուգահեռ առկա է հեռացման ենթակա ատամ։ Այս դեպքում մենք խնդրի վերացման համար օգտագործում ենք ոսկրային պատվաստանյութը, որը ստանում ենք հեռացված ատամից։ Ունենք սարք, որը ատամից ստանում է այդ պատվաստանյութը, այն միակն է Հայաստանում։ Մինչեւ հիմա հայտնի ոչ մի ոսկրային պատվաստանյութով իդեալական արդյունք չի ստացվել՝ ծնոտների դեֆեկտը վերացնելու գործառույթով, բոլորն էլ ունեն թերություններ։ Այդ պատվաստանյութերի մի մասը չափազանց թանկ են հիվանդների համար, մյուսները ունեն զգալի որակական խնդիրներ։ Մենք օգտագործում ենք սեփականը, քանի որ այն մեծ առավելություն ունի այն առումով, որ կողմնակի ազդեցություններ չի ունենում։ Այս սարքն, իհարկե, լայն կիրառում ունի, օգտագործում ենք կիստաների հեռացման, տարբեր ոսկրային արատների վերացման, հայմորյան ծոցերի հատակի բարձրացման, տարատեսակ ոսկրային աուգմենտացիաների և այլ միջամտությունների ժամանակ։
Տեղեկացնեմ նաեւ, որ մեր բաժանմունքում կատարում ենք ծնոտի ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ նորագոյացությունների հեռացումից հետո։ Նորագոյացության հեռացումն ու ռեկոնստրուկցիան կատարվում է միաժամանակ։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ է ծնոտի կեսի, կամ մի մասը, անգամ ամբողջ ծնոտի հեռացում կատարել, միաժամակ կատարում ենք փոխպատվաստում ոտքի, կողոսկրի կամ այլ ոսկորից վերցված հյուսվածքի միջոցով։ Մենք փորձում ենք այնպիսի հյուսվածք վերցնել, որպեսզի փոխպատվաստման դեպքում այն լիարժեք գործի, այդ իսկ պատճառով ոսկրային հյուսվածքը վերցնում ենք անոթի հետ միասին՝զարկերակի ու երակի։ Այն փոխպատվաստելիս միացնում ենք պարանոցի տարբեր անոթների հետ, որպեսզի այդ նոր տրանսպլանտատը լինի լիարժեք արյունամատակարարված հյուսվածք։ Դա ամբողջ աշխարհում համարվում է գերժամանակակից մոտեցում։ Այս բացառիկ վիրահատությունների նախաձեռնողը բաժանմունքի վարիչն է ու իրականացվում է թիմային աշխատանքի շնորհիվ։ Հնարավոր է, որ մեկ վիրահատության ժամանակ բժիշկների 3 խումբ աշխատի։ Մի խումբը հեռացնի ուռուցքը, մյուսը վերցնի փոխպատվաստման ենթակա հյուսվածքը, մյուս խումբն էլ արդեն տեղադրի այն՝ խոշորացման տակ կատարելով անոթների բերանակցում։
- Խոսեցիք առավելությունների մասին, կխոսե՞ք նաեւ խնդիրների մասին, որոնց դուք հանդիպում եք Ձեր գործունեության ժամանակ։
Ամենից առաջին խնդիրն այն է, որ ունենք բժիշկների վերապատրաստման ու կատարելագործման խնդիր։ Բժիշկները ցանկություն ունեն, սակայն հնարավորություն չունեն կատարելագործվելու՝ լրացնելու իրենց մասնագիտական բացերը։ Այս հարցում շատ կարեւոր են արտասահմանյան համագործակցությունները։ Հայաստանում որեւէ բժիշկ չի կարող այստեղի գիտելիքներով միշտ աշխատել, եթե նա չփորձի արտասահմանյան փորձը ներդնել, ուղղակի ճահճացած վիճակում կհայտնվի։
Ես փորձում եմ հնարավորինս շատ արտասահմանյան գործընկերներ ձեռք բերել, սակայն խիտ գրաֆիկիս պատճառով չեմ հասցնում հաճախակի մեկնել վերապատրաստման։ Առաջիկա տարվա ընթացքում պատրաստվում եմ այցելել մի քանի երկիր՝ իրականացնել փորձի փոխանակում, ձեռք բերել գործընկերներ, եւ տարբեր հիվանդանոցներում հաղորդակցվել մեր ոլորտի մասնագետների հետ։
Ունենք նաեւ տեխնոլոգիաների հագեցվածության խնդիր։ Բուժկենտրոնները թերի են սարքավորումների առումով, մասնավոր կլինիկաները ինչքան էլ հագեցած լինել, չունեն համապատասխան մասնագետները։
-Դուք կատարում եք նաեւ պլաստիկ վիրահատություններ։ Բացի ավանդական հայկական քիթը հոլիվուդյան փոքրիկ քիթիկների փոխելուց, էլ ինչպիսի՞ պլաստիկ վիրահատություններ եք անում։
Պլաստիկ վիրահատությունների մասին խոսելիս՝ առաջինը հենց քթի վիրահատությունն է աչքիդ առաջ գալիս։ Հայաստանում քթի պլաստիկ վիրահատություն կատարում են ոչ միայն դիմածնոտային վիրաբույժները, այլեւ պլաստիկ եւ ԼՕՌ վիրաբույժները։ Համադրելով այս բոլոր մասնագետների տվյալները՝ տեսնում ենք, որ քթի պլաստիկան ամենից շատն է իրականացվում Հայաստանում։ Պետք է հաշվի առնենք նաեւ մեր քթերի ազգային առանձնահատկությունները, ուղղակի այս վիրահատությունները չեն պակասում։
Քթից հետո դիմում են ականջների փոքրացման կամ լոշտակության վերացման համար։ Կատարում ենք նաեւ արատների վերացում։ Լինում է ականջի բացակայություն, հազվադեպ հանդիպող է, բայց այդ թերությունն էլ ենք վերացնում։
Կատարում ենք դեմքի մաշկի ձգում, դեմքի տարբեր հատվածների լիֆտինգներ՝ սեփական հյուսվածքներով եւ արհեստական նյութերով։ Իրականացնում ենք նաեւ շրթունքների մեծացում։ Այս միջամտությունների համար վերջին 2 ու կես տարում դիմելիությունն ավելացել է։ Շեշտեմ, որ պլաստիկ վիրահատություն իրականացնելու համար ինձ համար կարեւոր է այն, որ ես օգնեմ այն պացիենտներին, ովքեր ունենք դրա իրական կարիքը։
Ցանկացած տեսակի իմպլանտների տեղադրում ենք կատարում։ Բարդ իմպլանտացիայի ժամանակ կատարում են ոսկրային աուգմենտացիայի տարատեսակ վիրահատություններ։ Շատ են հարցնում՝ բա՞ որ իմպլատը չկպնի։ Պատասխանեմ, որ այսօր նման խնդիր չկա, քանի որ ժամանակակից բոլոր իմպլանտները բիոիներտ են և հաջողության բարձր տոկոսները պայմանավորված են իրավիճակի ճիշտ գնահատականից, իմպլանտացիայի մեթոդի ընտրությունից և իհարկե մասնագետի փորձից։
-Եղե՞լ է Ձեր պրակտիկայում, որ հիվանդը դժգոհ լինի Ձեզանից զուտ այն պատճառով, որ դուք պարզապես չեք ցանկանում վիրահատել նրան։
Մինչեւ հիվանդի հետ աշխատելը, ես բավական երկար ժամանակ նրա հետ խոսում եմ եւ բացատրում, թե մենք ինչ կարող ենք իրեն տալ։ Այդ խոսակցության ժամանակ փորձում եմ հասկանալ, թե ինչ է հիվանդն ինքն ուզում, սպասում ինձնից։ Այսօր շատ հիվանդներ, որոնք ունենք բավականին դժվար էսթետիկ քթեր, ուզում են վիրահատությունից հետո նրանց քիթը, ինչպես իրենք են ասում, դառնա «պուճուրիկ հոլիվուդյան քիթիկ»։ Իսկ շատ հաճախ վիրահատությունից առաջ էլ պարզ է, որ իրենց ուզածը չի կարող լինել։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հիվանդը մինչ վիրահատությունն ինձ հետ համագործակցի եւ ենթարկվի իմ առաջարկած պայմաններին, ինչի արդյունքում մենք կունենանք նախավիրահատական համաձայնություն։ Մենք մոդելավորում ենք, իհարկե, պացիենտի քիթը՝ համակարգչի օգնությամբ, ցույց ենք տալիս, թե մոտավորապես ինչ ձեւի քիթ պետք է լինի, բայց փորձը ցույց է տալիս, որ ցույց տվածը եւ վիրահատությունից հետո ստացվածը երբեմն չի գոհացնում այցելուին, որովհետեւ մինչ մոդելավորման ժամանակ հաշվի չի առնվում մաշկի հաստությունը, դիմագծերի, դիմախաղի մկանների տարբեր փոփոխություները եւ այլն, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի։ Այն հիվանդը, որն ինձնից պահանջում է բավականին մեծ ու ֆանտաստիկ արդյունքներ, իսկ ես վստահ եմ, որ այդ արդյունքները չեմ բավարարելու, ուղղակի չեմ վիրահատում։ 15 այցելուից 1-2-ին մերժում եմ հենց այդ պատճառով։ Մերժում եմ վիրահատել նաեւ այն պատճառով, որ, օրինակ, աղջիկներ կան, որ գալիս են քթի վիրահատության համար եւ հաշվի չեն առնում, որ իրենց դեմքի ոչ համահունչ տեսքը քթով չէ պայմանավորված, իրենք առհասարակ տգեղ դիմագծերով կարող են լինել, իսկ քթի վիրահատությունը հնարավոր է ոչինչ չփոխի նրանց դեմքի վրա։ Այս ոլորտում մի փոքր էլ հոգեբանական պահ կա՝ հաճախ աղջիկներ են գալիս, որ գեղեցիկ են ու գեղեցիկ քթի վրա ցանկանում են մինիմալ փոփոխություններ անել, իսկ այդ աշխատանքն ավելի բարդ է, քան տգեղ քիթ վիրահատելը։ Լինում են նաեւ պացիենտներ, որ ես գիտեմ՝ ինչ էլ անեմ, նրանք դժգոհ են լինելու ինձնից, իրենց հետ չեմ աշխատում պարզապես։
- Ի՞նչ տրամադրությամբ եք մտնում վիրահատարան, ի՞նչ եք անում մինչ վիրահատարան մտնելը։
Շատ բարձր տրամադրությամբ եմ մտնում վիրահատարան։ Սկզբից ստանդարտ գործողություններ եմ կատարում՝ բոլոր վիրաբույժների նման ախտահանում եմ ձեռքերս, հագնում եմ համապատասխան համազգեստս ու մտնում եմ վիրահատության։ Ընթացքում նախընտրում եմ հանգիստ երաժշություն լսել։ Տրամադրությունս էլ ավելի է բարձրանում վիրահատության ավարտին, երբ տեսնում եմ, որ հասել եմ նախապես պլանավորած արդյունքին։
- Ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը։
Կուզեմ, որ առհասարակ Հայաստանում ավելի բարձր գնահատեն բժիշկի աշխատանքը, որովհետեւ այն այսօր մի տեսակ հետին պլան է մղվել։ Մարդիկ գալիս են մեզ մոտ այն տրամադրությամբ, կարծես եկել են մեքենա վերանորոգողի մոտ։ Կուզեի՝ այս հոգեբանությունը մարդկանց միջից դուրս գար։ Մեծ ցանկություն ունեմ, որ մարդիկ հասկանան, որ բժիշկը սթրես է ապրում ամեն հիվանդի հետ միասին, մի քանի անգամ ավելի մեծ սթրես է ապրում արդեն վիրահատության ժամանակ։ Խելացի մարդն ու բժիշկը միշտ նժարի վրա է դնում իր կողմից մարդուն տված վնասն ու օգուտը։ Ինչքան էլ ասում են, որ վիրաբույժները սառնասիրտ են, դա այնքան էլ այդպես չէ, իրենք սառնասիրտ են գործի մեջ, սակայն կյանքում առհասարակ բարի մարդիկ են։