ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ

(0 votes)

<Մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ասոցիացիաների նման և նրանց ուղեցույցներով>

Ինչպես ամբողջ բնությունը, այնպես էլ մարդկային օրգանիզմը գարնան գալստյան հետ արթնանում է, բնականաբար, ակտիվանում են արյան շրջանառությունը, բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ գործունեությունը: Եվ այդ ամենն առաջին հերթին անդրադառնում է այն մարդկանց վրա, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ։ Հատկապես հիպերտոնիկ հիվանդությամբ, սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ նկատվում են որոշակի սրացումներ։ Սրտային հիվանդությունները, ինչպես նաև շատ այլ <<նենգ>> հիվանդություններ  զարգանում են շատ «աննկատ», և մենք դրանց մասին իմանում ենք միայն այն ժամանակ, երբ հիվանդությունների հետևանքներն ու զարգացումները բավականին լուրջ բնույթ են կրում: Էկոլոգիայի անբարենպաստ պայմանները, նյարդային լարվածությունը, սթրեսային վիճակները ոչ ոքի համար էլ, բնականաբար, առողջարար չեն և վատ են անդրադառնում սրտի վրա: Մեր կենսակերպը ևս մեծ դեր ունի. հաճախ ոչ ճիշտ սնվելը, բարեկեցիկ կյանքին ձգտելու մեր ցանկությունները դարձնում են մեզ ավելի քիչ շարժունակ: Սրտային հիվանդությունները մահացության պատճառների առաջատարների թվում են, ու նկատվում է նաև դրանց «երիտասարդացում»:

Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար զրուցեցինք «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու ՆԱՐԻՆԵ ԳՈՋԱԲԱՇՅԱՆԻ  հետ: Նա աչքի է ընկնում իր մասնագիտական հմտություններով, անհատական վերաբերմունք է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, իր գործի պրոֆեսիոնալ, բարձր արժանիքները կրող բժշկուհի է, բազմաթիվ կյանքեր է փրկել ու դեռ շարունակելու է փրկել:

-Տիկի՛ն Գոջաբաշյանհիմնականում սիրտ-անոթային ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում, և այդ հիվանդությունների զարգացման համար ո՞ր գործոնները կարող են հիմնական դրդապատճառ դառնալ:

-Եթե խոսենք սրտի իշեմիկ հիվանդության մասին և համեմատենք այսօրվա վիճակը 20 տարի առաջվա հետ, ապա պետք է ազնվորեն ասենք, որ բժշկական համակարգում բավականաչափ փոխոխություններ կան. բժիշկները, ոլորտի տեխնիկական հագեցվածությունը շատ-շատ առաջընթաց են ապրում: Կարող եմ վստահորեն հավաստիացնել, որ ամեն մի սրտաբանական թիմ ամեն ինչ անում է լավագույն արդյունքների հասնելու համար և ոչ միայն բուժում, այլ նաև կրթում է հիվանդներին` տեղեկացնելով նրանց իրենց վիճակի մասին`համարելով յուրաքանչյուր պացիենտին իրեն հարազատ կամ լավ ընկեր: Միանշանակ մարդկային կյանքը շատ կարևոր է, և մենք մեր ամենօրյա աշխատանքում միշտ պայքարի մեջ ենք: Ես միշտ կարևորում եմ կանխարգելիչ բժշկությունը, որովհետև, չնայած այս օղակում որոշակի ծախս է կատարվում, սակայն դրա արդյունքում դու <<շահում>> ես առողջության հարցում, քանի որ  հետագայում խուսափում ես բարդացումներից, որոնք արդեն պահանջում են տեխնոլոգիաների կիրառում, տարբեր միջամտություններ: Ու շատ ավելի դժվար է դառնում կյանքի որակի և մահացության տոկոսների իջեցման համար պայքարելը: Ինձ համար հիմնահարցը, ամենացավալի խնդիրը բժշկական տեսանկյունից որևէ խնդրի դեպքում ժամանակին դիմելիության հարցն է: Ժամանակին, այլ ոչ թե  հիվանդության մի մեծ <<փնջով>>, երբ արդեն անչափ դժվար է լինում ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալ: Բարեբախտաբար, այսօր գործում են բժշկական ապահովագրություններ, կան հիմնարկություններ, որոնք պարտադրում են մարդկանց հետևել իրենց առողջությանը, հետազոտվել:  

-Սթրեսային վիճակները, էմոցիոնալ սթրեսները, եղանակային փոփոխությունները կարո՞ղ են սիրտ-անոթային հիվանդությունները խթանել:  

-Դրանք դասական ռիսկային գործոնններ են, դրդապատճառներ, բայց իրականում ոչ մի անհատի չես կարող արգելել սթրես ապրել: Գարունն էլ, ուզենք  թե չուզենք, պիտի գա… Սակայն դրանք հիվանդություն չեն առաջացնում, այլ հիվանդությունը, այսպես ասած, սադրող գործոններ են` եղած խնդիրը ի ցույց դնելու համար:

-Բժշկուհի՛, սիրտ-անոթային ո՞ր  հիվանդություններն  են <<երիտասարդացել>>, և ո՞ր տարիքն է համարվում ռիսկային:

-Քանի որ մենք շատ <<հին>> երկիր ենք, մեզ մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի շատ են հանդիպում և ավելի են <<երիտասարդացել>>: Միացյալ Նահանգներում, օրինակ, հայ լինելը ռիսկային գործոնների շարքին է դասվում. գեր, ծխող և այլն և այլն: Սիրտ-անոթային հիվանդությունները երբեք էլ քիչ չեն եղել, պարզապես դրանք մեր ժամանակներում բավականին զարգացած դիագնոստիկայի շնորհիվ արագ են հայտնաբերվում: Բացի այդ, եկեք չանտեսենք 20 տարիների սթրեսները, որ մենք ապրել ենք ու շարունակում ենք ապրել: Մինչ օրս էլ մեր երկիրը բավականաչափ սթրեսների գոտի է համարվում, օրինակ,  տղամարդկանց մեծամասնությունը չի աշխատում, բայց ծխում է, և դա էլ է սթրես: Մենք սնվում ենք ոչ ճիշտ, մեր հայկական խոհանոցն էլ բավականին հարուստ է, այսինքն` ոչ ճիշտ կենցաղով ենք ապրում: Քանի որ արդեն 20 տարի ինվազիվ սրտաբան եմ, կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ վերջին տարիներին լուրջ և դաժան կլաֆիկացված անոթներ եմ շատ տեսնում: Ինձ թվում է, որ սննդակարգի մեջ կա մի բան, որը ստիպում է մեզ առնչվել այդ խնդրին: Եթե ասենք`ծխելն է, ապա ոչ բոլորն են ծխում, եթե դա համարենք շաքարային դիաբետը, ապա ոչ բոլորն են այդ ռիսկային խմբում հայտնվում: Բայց իրականում անոթների նեղացումների որակը, հիվանդության ի հայտ գալու ձևերը տարբեր կերպ են արտահայտվում, և դա այն հարցերից մեկն է, որն ինձ միշտ հետաքրքրել է, մտահոգել:

-Կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում սրտաբանության ճյուղը բարձր դիրքերում է գտնվում:

-Այո՛, վստահորեն կարող եմ դա հավաստել: Իհարկե, ես չեմ անտեսնում այն բժշկությունը, մասնավորապես`սրտաբանության ճյուղը, որ եղել է մինչև այսօր, ու մենք լավ գիտենք բժիշկ Հովակիմյանի բավականին լուրջ ներդրումը սրաբանության մեջ, ում շնորհիվ էլ Նորք Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոնը հիմնվեց, և սրտաբանությունը, սրտային վիրաբուժությունը բավականին բարձր մակարդակի վրա էին այդ տարիներին: Եվ, բարեբախտաբար, այն մոնոպոլիկ չմնաց, չմնաց օազիս, այդ տարիներին գուցե մասնագետների <<սերմացրում>> տեղի ունեցավ: Մի խոսքով` պետք չէ ասել, որ մինչ այդ բժշկությունն այլ էր, բայց միջամտական սրտաբանական, միջամտական առիթմոլոգիայի, սրտի վիրաբուժության զարգացման առումներով առաջընթացն ակնհայտ է: Դրան նպաստեցին նաև արտերկրի հետ կապերը, դրսից մասնագետների հրավերքները, փորձի փոխանակումը, և մենք այսօր նորարարությունների առումով գրեթե համաչափ քայլում ենք աշխարհի զարգացած երկրների հետ, այսինքն`վիճակագրությունը նրանց նման ենք կատարում, օգտագործում ենք այն նույն սարքերը, պրոթեզները, դեղորայքը, ինչ որ նրանք: Մենք աշխատում ենք եվրոպական ու ամերիկյան ասոցիացիաների նման և նրանց ուղեցույցներով: Երբ մեր երկիրը որոշակի սարքեր ձեռք բերի, կսկսեն ֆինանսավորել բժշկական հիմնարկությունները`տրամադրելով լավ տեխնիկական նորարարություններ: Պետք է նշեմ, որ մենք բավականաչափ լուրջ մակարդակ ունենք թե՛ սրտի վիրաբուժության, թե՛ ինվազիվ առիթմոլոգիայի, թե՛ ինտերվենցիոն կարդիոլոգիայի բնագավառներում: Չկա մի բան, որ դրսում կատարվում է, իսկ Հայաստանում` ոչ:

-Բժշկուհի՛, կա՞ն  սրտաբանության մեջ նորարարություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

-Նորարարությունները հիմնականում անոթների մեջ աշխատելու, նեղացումների աստիճանը չափելու սարքերն են, դրանցից մեկը ստենդներին ոչ ամբողջապես փոխարինող դեղապատ բալոնների կիրառումն է անոթների նեղացման ժամանակ, և միտումն այն է, որ կարելի է անոթները լայնացնել, լավ արդյունք ապահովել ու ստենդ չթողնել: Նորարարություն է նաև առիթմոլոգիական սարքավորումներից սրտի հաղորդչական սիստեմի քարտեզավորման սարքը, որի օգնությամբ կարող ես հաղորդչական սիստեմը կարդալ և խնդիրը արագ գտնել: Բավականաչափ կիրառելի լավ սարքավորումներ կան, ու ակնկալվում է, որ դրանք կհամալրվեն: Համենայնդեպս, մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի անունից ասեմ, որ, ինչ մեզ մոտ քննարկվում, հիմնավորվում է ձեռք բերման համար, այն ընդունվում է, և ամեն ինչ արվում, որպեսզի, այսպես ասած, դատարկ տեղեր չմնան:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր հասարակությանը:

-Կցանկանայի, որ մեր երկիրը զարգանա, բոլորը վերադառնան Հայաստան ու աշխատեն միայն մեր երկրի բարգավաճման համար: Իմ երազանքի Հայաստանը մնացել է անցյալում`1988-ական թվականներին, երբ շատ մարդիկ ուրախ էին և երջանիկ: Կցանկանամ, որ բոլորը առողջ ապրելակերպ վարեն. ճիշտ սնվեն, չծխեն, զբաղվեն սպորտով, սիրեն իրենք իրենց: Փառք Աստծո, այդ հարցում դրական տեղաշարժեր տեսնում եմ: Ցանկանում եմ`ամեն ինչ փոխվի այնպես, որ մարդիկ ավելի երջանիկ ու լավատես լինեն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր