ԱՇԽԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆ

(0 votes)

 

ԲԺՇԿԻ  ՀԱՄԱՐ,  ԹԵՐԵՎՍ, ԱՄԵՆԱՄԵԾ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ` ԴԱ ԻՐ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴՆ Է 

Մեր հանրապետությունում բժշկության որոշ ճյուղեր, մասնավորապես` քիթ-կոկորդ-ականջաբանությունը, այսօր ամենապահանջված  ուղղություններից  մեկն է, որի նպատակն է մշտապես կատարելագործվել, տիրապետել բուժական նոր մեթոդներին, իրազեկվել ժամանակակից բժշկությանն ու նորարարություններին: Ոլորտ, որն այսօր դինամիկ զարգանում է, և բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: 
«Էրեբունի» բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքն  իր պատմության ընթացքում նշանակալի հաջողությունների է հասել, որտեղ կանխարգելման և բուժման ժամանակակից միջոցները հնարավորություն են տալիս բուժել նախկինում թերևս անբուժելի համարվող շատ հիվանդություններ։ Բաժանմունքի տեխնիկապես ժամանակակից հագեցվածությունը, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները և կլինիկայի բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն է տալիս բուժման մեջ ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտրը: 
Այսօր ինֆորմացիոն դաշտը մեր հասարակության համար բավական մեծ է: Դիմողների մի որոշակի հատված հստակ պատկերացում է ունենում իր հիվանդության մասին, և բավական գրագետ են դարձել այս հարցում, ինչն էապես հեշտացնում է բժշկի գործը, որոնք հիմնականում դիմում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ նախապես բժշկի մասին իրազեկված լինելով: 
Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել համարձակ ու ինքնավստահ: Բազմաթիվ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս կատարել եզրակացություններ, թե ինչպիսի՞ն կլինի ապաքինման ընթացքը, ի՞նչ բարդություններով և, ինչո՞ւ չէ, կիրառել նաև նոր մոտեցումներ: 
Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ ԱՇԽԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ, բժշկուհի, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն: Բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ 

- Տիկին Բալբաբյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի ԼՕՌ բժշկի մասնագիտացումը: 

Քանի որ ես ընտրել եմ քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությունը, ապա, բնականաբար, այս մասնագիտությունն ինձ համար ամենակատարյալն եմ համարում. մենք կարողանում ենք սուր ցավային սինդրոմներով դիմած հիվանդներին ազատել այդ տհաճ իրավիճակից, վերադարձնելով նրանց լսողության, հոտառության կարևորագույն զգացողությունը` լսելու, ընկալելու, հասկանալու, գնահատելու ունակությունը, որպեսզի մարդը կարողանա իրեն հասարակության լիարժեք անդամ զգալ:  Մենք զբաղվում ենք 6 զգայականներից 3-ի՝ լսողության, հոտառության և համի զգացողության խնդիրներով։ Իհարկե, մենք չենք կարող համեմատել մեր աշխատանքը մարդու կյանքին անմիջական վտանգ հանդիսացող, բարդ, անհետաձգելի խնդիրների լուծման հետ, քանի որ դրանք ավելի քիչ են հանդիպում մեր ոլորտում: 

- Բժշկուհի, ինչո՞ւ և ե՞րբ ընտրեցիք ԼՕՌ մասնագիտությունը: 

Ուսանողության տարիներից սկսած ցանկացել եմ դառնալ ակնաբույժ կամ քիթ-կոկորդ-ականջաբան, սակայն, որոշ հանգամանքներից ելնելով, սկզբում դարձա թերապևտ: Հետագայում որոշեցի վերադառնալ իմ վաղեմի երազանքին և ինձ փորձել քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում, իհարկե, ունենալով այնպիսի ուսուցիչներ, ինչպիսիք են Կիմ Հայկվիչ և Արթուր Շուքուրյանները: Նրանց նվիրումն իրենց գործին և մարդկային տեսակը բավականին օգնեցին ինձ իմ մասնագիտության ընտրության մեջ։ Այդ որոշումն իմ կյանքի ամենաճիշտ քայլերից մեկն եմ համարում և երբևէ չեմ զղջացել դրա համար։

- Ըստ ձեր պրակտիկայի՝ որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները: 

Նշեմ, որ ինձ ավելի շատ դիմում են լսողության և ականջի հետ կապված խնդիրներով, ինչպես նաև քթի, ըմպանի և կոկորդի հետ կապված բոլոր ախտաբանական պաթոլոգիաներով։  

- Ո՞րն է լսողության նորման և իջեցման ի՞նչ աստիճաններ գոյություն ունեն: 

Գոյություն ունեն լսողության տարբեր դասակարգումներ. ըստ վերջին դասակարգման` ունենք  5 աստիճանի ծանրալսությամբ հիվանդներ, բնականաբար, աստիճանաբար էլ վատանում է լսողության վիճակը: Հետևաբար 5-ը, համաձայն տվյալ դասակարգման, խլությունն է: Մեզ դիմում են մանկական հասակից սկսած ծանրալսությամբ դիմող հիվանդների մեծ հաճախելիություն: Այն հանդիպում է բոլոր տարիքային խմբերում, հատկապես մեծահասակների մոտ, որը կոչվում է տարիքային ծանրալսություն: Վերջիններիս մոտ հիմնականում հարցը լուծվում է լսողական սարքերի միջոցով: Մանկական տարիքում ավելի հաճախ դիմում են օտիտներով՝ /ականջաբորբ/ դիմողները, որը բերում է  ծանրալսության: Հարկ է նշել, որ մեզ հաճախ դիմում են բարձիթողի վիճակներում, հատկապես մարզերից եկողները:

- Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության, հատկապես՝ քթային շնչառության խանգարումները: 

Քթային շնչառության խանգարումները, կախված նրանից, թե դրանք սուր են, թե` խրոնիկ, կարող են հանգեցնել տարբեր բարդությունների: Սուր լինելու դեպքում նման բարդություններից են՝ հայմորիտները, լսողության խանգարումները, իսկ խրոնիկի դեպքում հիմնականում ունենում են գլխացավեր: Գոյություն ունի հատուկ սինդրոմ, որը կոչվում է <<слипапное>>  /սլիպապնոէ/ , այսինքն՝ քնի խանգարման տեսակ է, երբ մարդու մոտ խռմփոցի հետևանքով առաջանում են բավականին լուրջ խնդիրներ` կապված ուղեղի թթվածնային թերսնուցմամբ:  Պետք է նշել, որ քիթը շատ կարևորագույն օրգան է, որի թերի ֆունկցիայի արդյունքում առաջանում են բավականին լուրջ խնդիրներ` օտիտներ, ստորին և վերին շնչուղիների հիվանդություններ, այսինքն՝ այն պետք է միշտ <<ազատ>> լինի, քանի որ այն մաքրում է օդը, ազատում  վնասակար նյութերից, տաքացնում, խոնավեցնում: Պետք է նշել, որ հաճախացել են ալերգիկ հիվանդություններով դիմողները` ռինիտները, որոնք մեծ տարածվածություն ունեն ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:

- Բժշկուհի՛, ի՞նչ մակարդակի վրա է քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը Հայաստանում:

Պետք է նշեմ, որ բավականին բարձր մակարդակի վրա է, որովհետև մենք, լինելով տարբեր երկրներում, տեխնիկապես գրեթե հավասար քայլերով համընթաց  քայլում ենք եվրոպական կլինիկաների հետ: Անկասկած, մեր մասնագետներն էլ լավագույնն են իրենց գործում ու նվիրյալ: Կարող ենք զիջել միայն տեխնիկապես, բայց կարծում եմ, որ այդ բացն  էլ ժամանակի ընթացքում կլրացվի:

  - Ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, բայց կարծում եմ, որ մեր բժշկությունը կախված է նաև մեր հասարակության սոցիալական վիճակից: Երբեմն մեզ դիմում են արդեն բարդացած վիճակներում, ելնելով զուտ ֆինանսական վիճակներից, կամ էլ ուշ-ուշ են դիմում, ինչի արդյունքում, բնականաբար, տուժում է նաև մեր աշխատանքի արդյունքը: Իհարկե, դրական եմ գնահատում այն փաստը, որ բժշկական ապահովագրության հարցը լուծվել է, ինչի հետևանքով հաճախելիության հոսքն ավելանում է: Հիմնականում դա էր, այլ խնդիր մեր ոլորտում գրեթե չեմ տեսնում: Մեր` բժիշկներիս կոչումն է հիվանդին ծառայել: Որքան շուտ հիվանդն առողջանա և գոհունակությամբ հեռանա մեզանից, այդքան բարձր կլինի մեր` բժիշկների ինքնալիարժեքության զգացումը: Հանրապետությունում այսօր ունենք շատ լավ մասնագետներ, բոլորս էլ այսօր ինտերակտիվ շփման մեջ ենք թե՛ միմյանց, թե՛ միջազգային բժշկական հանրության հետ: Բժշկության ոլորտն այսօր Հայաստանում այն մակարդակն ունի, որ մեր բոլոր հիվանդներին կարող ենք սպասարկել հենց այստեղ: Եվ շատ-շատ հպարտ եմ մեր երիտասարդ գործընկերներով, որոնց ձգտումները մեծ են և, ընտրելով իրենց ճյուղը, մասնագիտանում են դրա մեջ:

- Բժշկուհի՛, արդյոք խլությունը լիարժեք բուժում ունի, թե՝ ոչ:

Հայաստանում խլության խնդիրները իրենց լուծումը լավագույնս գտնում են ի շնորհիվ Արթուր Շուքուրյանի կողմից  իրականացվող շարունակական ծրագրի:  Մենք այսօր ունենք սկրինինգ, որը թույլ է տալիս նորածինների մոտ ախտորոշել խլություն կամ ծանրալսություն ծննդյան  երրորդ օրվանից սկսած: Երբ երեխայի մոտ հայտնաբերվում է խնդիր, այդ իսկ պահին ընդգրկվում է ռիսկային խմբի մեջ և շարունակական անցնում հետազոտման փուլերը: Եթե նորածնի մոտ հաստատվում է խլություն, հիվանդը, ըստ ցուցումների, ենթարկվում է կոխլեար իմպլանտացիայի, անցնելով ռեաբիլիտացիոն շրջան, որից հետո մենք ունենում ենք հասարակության լիարժեք անդամ: Կան դեպքեր, երբ խլությունը ձեռք է բերվում նաև խոսքի զարգացումից հետո հասուն տարիքում, որի ցուցումների դեպքում նման հիվանդները ևս ենթարկվում են վիրահատական միջամտության՝ կոխլեար իմպլանտացիա, եթե, իհարկե, չունեն օրգանական պատճառներ՝ խխունջի և ուղեղի հետ կապված օրգանական ախտահարումներ: Մնացած բոլոր դեպքերում ծանրալսողությունը շտկվում է լսողական սարքի միջոցով: Պետք է նշեմ, որ Հայաստանում գործում է ծրագիր, որի միջոցով տրամադրվում են լսողական սարքեր: Այդ ծրագիրը ընդգրկում է նորածնային շրջանի երեխայից մինչև 18 տարեկան, և թոշակառուներին տրամադրվում է անվճար լսողական սարքեր:  Ցավոք սրտի, այդ ծրագրի շրջանակներից դուրս են մնում 18 տարեկանից մինչ թոշակառուի տարիքի հիվանդները, որոնք իրականում  չունեն ֆինանսական միջոցներ: Այս հարցը բավականին աբսուրդային և մեծ հիմնահարց է, ինչը մեզ համար արատավոր օղակ է համարվում:

- Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը:

Կմաղթեմ առողջություն: Բժիշկներին դիմեն միայն անհրաժեշտության դեպքում և ժամանակին: Վերջին տարիներին հասարակության մեջ առաջացել է ագրեսիա, անհանդուրժողականություն ամեն ինչի հանդեպ: Կցանկանամ, որ բժշկին առաջնահերթ վերաբերվեն որպես իրենց սրտակից բարեկամի: Մենք մեր աշխատանքը շատ ենք սիրում և հաճույքով ենք կատարում մեր գործը: Կցանկանամ, որ մարդասիրությունը և բարությունը շատ լինի մեր հասարակության մեջ: Եղեք առողջ, սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր