Պլաստիկ վիրաբույժ դառնալու գերագույն պահանջը` ընտրած մասնագիտությունը սիրել ու դրան նվիրվելն է
Վերջին տասնամյակների ընթացքում, պլաստիկ վիրաբուժությունը, արձանագրելով որակապես նոր մակարդակ, իր հաստատուն տեղն է զբաղեցրել մարդկանց կյանքում՝ ոչ միայն որպես արտաքինի հետ կապված խնդիրները շտկելու, այլեւ վերոնշյալ խնդիրների հետ կապված էսթետիկ եւ հոգեբանական բարդույթները հաղթահարելու միջոց: Հարթել տարիքային փոփոխությունները, վերացնել արտաքինի կամ վնասվածքների հետեւանքով առաջացած թերությունները, հասնել առավելագույն կոսմետիկ արդյունքի՝ նորագույն քիչ միջամտական մեթոդների կիրառմամբ՝ այս ամենը դարձել է իրականություն՝ պլաստիկ վիրաբուժության՝ որպես բժշկության հեռանկարային ուղղության կատարելագործման շնորհիվ:
Պլաստիկ վիրաբուժությունը արվեստ է: Եվ այս մասնագիտության ամեն մի կրող պարտավոր է իր մարմնի յուրաքանչյուր բջիջով ապրել, զգալ ու նվիրվել այդ գործին: Բժիշկ, ով կերտում է գեղեցկություն՝ միաժամանակ ապահովելով առողջություն: Ու ինչպես նկարիչն է ամեն կտավից կերտում մեկական օրինակ, այնպես էլ պլաստիկ վիրաբույժը պետք է իր յուրաքանչյուր հիվանդին նվիրի յուրովի գեղեցկություն:
Պլաստիկ վիրաբույժ դառնալու թիվ մեկ պայմանն ու գերագույն պահանջը` ընտրած մասնագիտությունը սիրել ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք ժամանակին համընթաց: Եթե պատրաստ են անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա են:
Մեր զրուցակիցն է <<Հերացի>> թիվ 1 կլինիկական հիվանդանոցի եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ: Մարդկանց օգնելու եւ առավել անկաշկանդ դարձնելու մղումը բժշկին տարան դեպի պլաստիկ վիրաբուժություն, ոլորտ, որ օգնում է մարդկանց շտկել արտաքինի հետ կապված բոլոր այն թերությունները, որոնք զանազան տհաճությունների ու բարդույթների պատճառ կարող են հանդիսանալ: Տարիներ շարունակ, մասնագիտանալով պլաստիկ վիրաբուժության ոլորտում, նա ձեռք է բերել բարի համբավ եւ հազարավոր երախտապարտ այցելուներ:
Բժիշկն իր սեփական փորձով է համոզված, որ կերպարանափոխումը չափազանց դրական է անդրադառնում այցելուի կյանքի որակի վրա՝ բոլոր առումներով: Մարդիկ դառնում են ավելի կենսախինդ, ձերբազատվում նախկին հոգեբանական ճնշվածությունից:
- Պարոն Ամիրբեկյան, բժշկի մասնագիտությունը թերեւս ամենապատասխանատու մասնագիտություններից է, ին՞չու եք ընտրել հենց պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:
-Այո, բժշկի մասնագիտությունը թերեւս ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն է: Մասնագիտությունս ընտրեցի դեռ 4-րդ դասարանում, թերեւս այդ ժամանակ դեռեւս չէի որոշել հստակ բժշկության որ ճյուղով պետք է մասնագիտանալ, բայց այդ պահին հստակ գիտակցում էի, որ պետք է ընտրեմ վիրաբուժության ոլորտը: Երբ արդեն ինստիուտի ուսանելու տարիներն էին, երբ ուսումնասիրում էինք վիրաբուժության տարբեր ճյուղեր, այդ իսկ տարիներից հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է հենց պլաստիկ վիրաբուժությունը, որի մեջ ներառվում է նաեւ միկրովիրաբուժությունը, որն էլ իմ բնավորությունից ելնելով, քանի որ շատ եմ սիրում մանրակրկիտ աշխատանք կատարել եւ երկար ժամանակ կարող եմ ինչ-որ նյութի վրա մանրամասն աշխատել, եւ թերեւս հենց դա ստիպեց բնավորության խառնվածքից ելնելով՝ նախընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:
- Ժամանակի ընթացքում Ձեր աշխատանքի քանակն ավելանո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ սկսում են մտածել, որ բնական գեղեցկությունը թե՛ ավելի լավ եւ թե՛ անվտանգ է։
- Իմ աշխատանքային պրակտիկայից ելնելով՝ կարող եմ ասել, որ էսթետիկ վիրահատության դիմողների քանակը ավելացել է, որն ինձ թվում է պայմանավորված է հասարակության մեջ բարդույթների վերացման հետ: Ընդհանրապես մեր ազգը բարդույթավորված ազգ է եւ շատ դժվար է դիմում էսթետիկ վիրահատության: Եվ ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիներին վերացել է այդ խնդիրը, ինչը միգուցե պայմանավորված է նաեւ հասարակության սոցիալական վիճակի բարեալավմամբ:
– Բժիշկ, իսկ կա՞ն մեզ մոտ մոլուցքով մարդիկ, որ անընդհատ իրենց վրա ուզում են ինչ–որ բան փոխել, բայց, ըստ էության դրա կարիքը չկա։
- Նմանատիպ մոլուցքով տառապողները ոչ միայն մեզ մոտ են, այլ ամբողջ աշխարհում կան: Տարբեր երկրների ուսումնասիրությունները մեզ թույլ են տվել հասկանալ, որ կան մարդիկ, որոնց մոտ կա խնդիր` մարմնի կառուցվածքի թերարժեքության, այսինքն` տվյալ մարդը միշտ իր մոտ գտնում է թերություններ եւ փորձում է դրանք շտկել: Այս կարծրատիպի մարդկանց հետ շատ դժվար է աշխատել, որոնք իրականում ունեն արդեն հոգեբանական խնդիր, նույնիսկ վիրահատության գերազանց եւ անթերի արդյունքի դեպքում նրանք կարող են բողոքել, իրենց համար արդյունքի անբավարար լինելուց: Լինում են նաեւ լավագույն դեպքեր, երբ պացիենտը գոհունակ է արդյունքով, բայց դիմում է բժշկին, ցանկություն հայտնելով կրկին կատարել իր մոտ փոփոխություններ, որն իրեն այդ պահին չի բավարարում:
– Կարելի՞ է ասել, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը համեմատաբար հասանելի է ու մատչելի։
- Այո, միանշանակ. Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավականին մատչելի է, դրա մասին են խոսում այն դեպքերը, երբ մեզ դիմում են նաեւ արտերկրից, մեծամասամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից, չնայած բավականին զարգացած են պլաստիկ վիրաբուժության մեջ, բայց, այնումենայնիվ, զուտ մատչելիության առումով գալիս են Հայաստան վիրահատվելու: Ունենք նաև պացիենտներ եվրոպական երկրներից, Անգլիայից վերջերս ունեցանք պացիենտ, ով եկել էր քիթը վիրահատելու, ունենք հերթագրված պացիենտ Կոստա Ռիկայից, այսինքն` վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում բավականին մատչելի է բժշկությունը, և քանի որ վերջին տարիներին ինտերնետ պորտալով հնարավոր է լինում տեղեկատվությունը տարածել աշխարհով մեկ, այսպես ասած, գլոբալիզացիայի արդյունքում կան ավելի շատ դիմողներ, ովքեր ցանկություն ունեն մեր երկրում ստանալ որակյալ եւ մատչելի բուժօգնություն:
- Դուք որպես ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը: Խոսքը վերաբերում է առողջապահական ոլորտում կիրառվող նորարարական մոտեցումներին համընթաց քայլելուն:
- Բժշկի մասնագիտությունը այն մասնագիտություններից է, որը մեզ պարտադրում է անընդմեջ կատարելագործվել, անընդհատ նոր տեխնոլոգիաներ եւ նոր մոտեցումներ ուսումնասիրել, մանավանդ վերջին տարիների տեխնիկայի հսկա քայլերով առաջընթացի հետ, որն արդեն մեզ <<ստիպում>> է ուսումնասիրել բժշկության նորագույն մեթոդները: Օրինակ, եթե խոսենք լազերային վիրահատությունների մասին, ապա կարելի է հավաստել, որ բավականին կիրառելի է քթի վիրահատությունների ժամանակ հիմնականում խեցիների, երբ կատարվում է լազերային միջամտություն այրման եղանակով, ասեմ, որը շատ էֆեկտիվ է, արդյունքները գերազանց են, վիրահատության եւ հետվիրահատական ընթացքը բավականին թեթեւ, որը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում: Վիրահատությունից հետո շատ հազվադեպ դեպքերում` 5-10 տոկոս դեպքերում է անհրաժեշտություն լինում քթի խոռոչի տամպոնադա կատարել: Թերեւս պետք է հասկանալ, որ այն մարդը, որն իրեն կատարյալ է համարում իր գործում, միանշանակ սկսում է դոփել տեղում եւ լճանալ: Պետք է միշտ քայլել համընթաց նորարարություններին, մշտապես փորձի փոխանակություն կատարել արտերկրի մեր կոլեգաների հետ, որի արդյունքում էլ կլինեն նոր մոտեցումներ, նոր եզրահանգումներ, որն էլ ավելի կկատարելագործի, կավելացնի մեր գիտելիքները եւ ավելի կատարյալ կդարձնի հետագա վիրահատությունների արդյունքները:
- Հայաստանում ցանկացած տեսակի պլաստիկ վիրահատություն հասանելի՞ է: Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատությունը ո՞րն է: Ովքե՞ր եւ ի՞նչ խնդրով են ամենաշատը դիմում պլաստիկ վիրաբույժին:
-Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ճյուղը այն ոլորտներից է, որը բավականին զարգացած է, վստահորեն կարելի է ասել, որը չի զիջում արտերկրի վիրաբուժությանը: Ամենից շատ պահանջարկ ունեցող վիրահատությունը, ինչպես բոլորս գիտենք, դա քթի պլաստիկ վիրահատություն է, որը շատ դեպքերում զուգակցվում է շնչառական խնդրի հետ, այսինքն` միաժամանակ իրականացվում է ինչպես քթի արտաքին, այնպես էլ միջնապատի վիրահատական միջամտություն: Հիմնականում մեզ դիմում են երիտասարդ կանայք եւ աղջիկներ, ովքեր հատում են 20-35 տարիքային շեմը, չնայած լինում են դեպքեր, երբ դիմում են 45-60 տարեկան պացիենտներ, որոնք երկար տարիներ ցանկացել են դիմել քթի վիրահատության, բայց ինչ-ինչ պատճառներով դա իրենց մոտ չի ստացվել: Ինչպես նաեւ մեզ դիմում են ականջների պլաստիկ վիրահատության, շրթունքների մեծացման, կոպերի պլաստիկայի, դեմքի ձգման, աբդոմինոպլաստիկայի եւ վերջերս նաեւ շատ են դիմում բազուկների պլաստիկայի համար: Բնականաբար, լինում են դեպքեր, երբ մարդիկ դիմում են նաեւ չգոհունակացված վիրահատական արդյունքների շտկման համար, որն էլ կարող է պայմանավորված լինել հետվիրահատական վերքերի լավացման, վատ սպիացման հետ կապված տարբեր խանգարումներով, երբ այդ դեպքերում, բնականաբար, կատարվում է համապատասխան ցուցված վիրահատական շտկումները:
– Այժմ շրթունքների ծավալի շտկման ի՞նչ վիրահատություններ են կատարվում։ Որո՞նք են առավել նախընտրելի։
- Գոյություն ունի շրթունքի ծավալի մեծացման տարբեր եղանակներ, ինչպես ժամանակավոր, այնպես էլ ընդմիշտ պահպանվող արդյունքով: Ժամանակավոր եղանակներից է համարվում ֆիլերների ներարկումները, որոնց արդյունքը պահպանվում է 6-12 ամիս, իսկ ընդմիշտ արդյունքը պահպանելու համար իրականացվում է վիրահատական միջամտություն, այսինքն` շրթունքի ծավալը մեծանում է ճարպի հաշվին, որը պահպանվում է ընդմիշտ: Մեկ ամսվա ընթացքում ճարպի 60-70 տոկոսը ներծծվում է, իսկ մնացած մասը մնում է ընդմիշտ: Գոյություն ունեն նաեւ այլ եղանակներ շրթունքի ծավալի մեծացման, որը կատարվում է մաշկի հատմամբ, որոնք ավելի քիչ են կիրառելի, քանի որ հյուսվածքների վնասումը ավելի մեծ է: Այն համարվում է ավելի ծավալուն վիրահատություն, ընթացքը ավելի բարդ է, դժվարին եւ ժամանակատար:
- Գոյություն ունի՞ որովայնի առաջնային պատի ավելցուկի որեւէ չափ, որը ցուցում է աբդոմինոպլաստիկայի: Աբդոմինոպլաստիկայի դեպքում հաշվի առնվո՞ւմ են արդյոք հարակից առողջական խնդիրները: Հնարավո՞ր են արդյոք բարդություններ վիրահատության ընթացքում կամ հետվիրահատական շրջանում:
- Աբդոմինոպլաստիկան բավականին ծավալուն վիրահատություն է, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ նման վիրահատության դիմելուց ավելի մանրակրկիտ են հետազոտվում պացիենտները: Հետվիրահատական շրջանը, ի տարբերություն օրինակ քթի վիրահատության, ավելի երկար է տեւում, մոտավորապես 4-5 օր հիվանդանոցային բուժման օրերն են, որից հետո արդեն պացիենտը դուրս է գրվում՝ բուժումը շարունակելով ամբուլատոր բուժման պայմաններում: Որովայնի առաջնային պատի ավելցուկը կարող է պայմանավորված լինել ինչպես միայն ճարպի, այնպես էլ մաշկի ավելցուկով: Միայն ճարպի ավելցուկի դեպքում է հնարավոր կատարել լիպոսակցիա, բայց պետք է նկատի ունենալ, որ լիպոսակցիան դա ընդամենը մարմնի ուրվագծերը շտկելու համար է նախատեսված: Երբ ունենք նաեւ մաշկի ավելցուկ, ապա լիպոսակցիան հարցին լուծում չի կարող տալ, այս դեպքերում էլ կատարվում է աբդոմինոպլաստիկա, երբեմն նաեւ այն զուգակցելով լիպոսակցիայի հետ: Հետվիրահատական հնարավոր բարդությունները դրանք սեռոմաների, հեմատոմաների, այսինքն` ենթամաշկային շերտի շճային կամ արյունային արտադրության կուտակումներն են, որի կանխարգելման համար, բնականաբար, վիրահատությունից հետո կատարվում է ակտիվ դրենավորում, որպեսզի այդ հավաքված հեղուկը դուրս գա ենթամաշկից: Բարդություններ հիմնականում լինում են 5-10 տոկոս դեպքերում, ճիշտ աշխտորոշման եւ հետագա կանխարգելիչ աշխատանքների դեպքում կարելի է խուսափել ավելի խորացած բարդություններից:
- Բացի Երեւանից իրականացնում եք վիրահատություններ եւ խորհրդատվություն Վանաձորի բժշկական կենտրոնում: Ամսվա մեջ որքա՞ն ժամանակահատվածն եք տրամադրում մարզային գործուղումներին:
- Այո 2013թվականից սկսած ես կատարում են խորհրդատվություններ եւ վիրահատություններ Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում: Քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է Երեւանում, այցելություններս Վանաձոր փորձում եմ կազմակերպել ամեն շաբաթ եւ կիրակի օրերին: Լինում են նաեւ դեպքեր, երբ չի ստացվում, բայց փորձում եմ գոնե ամսվա մեջ 3-4 անգամ այցելել իմ հայրենի քաղաք:
- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին՝ հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:
-Որպես մասնագետ ասեմ, որ շատ դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր հոգեբանորեն դեռ պատրաստ չեն դիմել այդ քայլին: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն դիմել էսթետիկ վիրահատության` նախ հոգեբանորեն պատրաստվեն, հասկանալու համար իրենց ինչ է պետք, ինչ են այդ պահին ցանկանում, որից հետո նոր դիմեն իրենց նախընտրած վիրահատական միջամտության: Եղեք առողջ, սիրեք ձեր մարմինը: