Մարգարիտա Կառլենի Հովնանյան

(0 votes)

 

Սննդային հավելումները դարձել են ալերգիկ հիվանդությունների թվի մեծացման պատճառ

Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներից տառապող մարդկանց թիվը, եւ այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից եւ խոչընդոտում օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում: Մեկ անգամ սխալվելով` իմունային համակարգը հետագայում եւս գործի կդնի իր պաշտպանական մեխանիզմը: Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանական վիճակի վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակելի տարածքներում: Ալերգիկ ռեակցիաների քանակի ավելացման եւս մեկ պատճառ է համարվում օգտակար սննդային նյութերի ոչ բավարար քանակն օրգանիզմում: Մեր օրգանիզմը հսկայական կենսաքիմիական լաբորատորիա է, որին ամեն րոպե տարբեր սննդանյութեր են հարկավոր, եւ դրանցից թեկուզ մեկի դեֆիցիտը կարող է ալերգիկ ռեակցիաներ զարգացնել:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ  ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՅԱՆԻ կարծիքով ալերգիայի հետ կապված խնդիրներն այսօր լուծելի են: Իսկ դրան հասնելու համար պարզապես ժամանակին պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որովհետեւ առաջին հայացքից թեթեւ թվացող երեւույթը կարող է հետագայում լուրջ խնդրի առաջ կանգնեցնել մարդուն:

 -Տիկի՛ն Հովնանյան, ի՞նչ  երեւույթներով են դրսեւորվում ալերգիաները, որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

-Ալերգիան իմունային համակարգի փոփոխություն է, որը համարվում է օրգանիզմի գերզգայուն վիճակ արտաքին եւ ներքին ազդակների նկատմամբ: Ալերգիայի տեսակները բաժանվում են մաշկային, ինչպես նաեւ շնչառական համակարգի, որի մեջ ներառվում են բրոնխիալ ասթման, ալերգիկ ռինիտը եւ ալերգիկ մաշկային արտահայտումների (ալերգիկ եղնջատենդ, ալերգիկ մաշկաբորբ) ու դրանց մնացյալ դրսեւորման ձեւերը: Ալերգիայի առաջացման պատճառներ կարող են լինել առաջնահերթ արտաքին գործոնները, որոնց մեջ մտնում են սննդամթերքը, քիմիական նյութերը, փոշին, կոսմետիկ բոլոր միջոցները, ինչպես նաեւ շփումը կենդանիների հետ, միջատների խայթոցը:

-Ինչպե՞ս տարբերել սեզոնային ալերգիկ ռինիտն այլ ալերգիաների դրսեւորումներից։

-Ալերգիկ ռինիտը մեծ մասամբ լինում է սեզոնային բնույթի, այն կարող է գրանցվել ապրիլ ամսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, այն ամեն մեկի մոտ տարբեր ժամկետով է ի հայտ գալիս եւ արտահայտվում է փռշտոցով, քթից թափանցիկ, ոչ թարախային արտադրությամբ, աչքերի եւ քթըմպանի շրջանում քորով… Բայց միայն հատուկ լաբորատոր, համալիր հետազոտություններից հետո է տրվում վերջնական ախտորոշումը:  

-Ո՞րն է Հայաստանում ամենատարածված ալերգենը:

-Ալերգիայի առաջացման պատճառ կարող է լինել սեզոնային ալերգենը: Եվ Հայաստանում ամենատարածված ալերգենը բարդու ծառն է, որի ազդեցությունը նկատվում է ապրիլ ամսվա վերջից մինչեւ հունիս, եւ հենց դրանով էլ կարող ենք տարբերակել ալերգիայի առաջացման պատճառը: Քանի որ մեր մայրաքաղաքը շատ փոշոտ է, ալերգեն կարող են համարվել քիմիական նյութերը, որոնք մեծ քանակով լինում են նաեւ օդում: Էկոլոգիայի փոփոխությունը հատկապես Երեւանում, ինչպես նաեւ Հայաստանի այլ մեծ քաղաքներում նույնպես հանգեցրել է ալերգիկ երեւույթների կտրուկ աճի: Իսկ դեղորայքային ալերգիայի արտահայտման ամենացայտուն ձեւերը դրսեւորվում են մանր ցանի կամ մեծ եղնջատենդի տեսքով, բանը նույնիսկ հասնում է քվինքի այտուցի, ինչը շատ վտանգավոր է: Հիշեցնեմ, որ բժշկության մեջ կա արտահայտություն, ըստ որի՝ կվինկեի այտուցից մեկ քայլ այն կողմ կարող է եւ մահ լինել: Ընդ որում, դեղորայքային ալերգիան կարող է ի հայտ գալ դեղն ընդունելուց անմիջապես հետո՝ 1-2 րոպեների ընթացքում:  

-Բժշկուհի՛, խոսենք նաեւ սննդային ալերգենների մասին:

-Կա ալերգիկ ռեակցիա առաջացնող սննդամթերք, իսկ սննդային ալերգիան ամենատարածվածներից է եւ արտահայտվում է մաշկային ցանավորմամբ, նույնիսկ կվինկեի այտուցով, կարող են լինել փռշտոցներ, նույնիսկ բրոնխիալ ասթմա: Եվ բժշկի առաջնահերթ խնդիրն է սննդի միջից հեռացնել ալերգենները, ինչի արդյունքում կարող ենք համարել, որ բուժման 50-60 տոկոս ընթացքն արդեն անցել ենք: Իսկ երեխաների դեպքում կարող ենք բավարարվել սննդի հեռացմամբ՝ չհասնելով դեղորայքային միջամտության: Պետք է ցավով նշեմ, որ սննդային ալերգենները վերջին շրջանում բավականին ակտիվացել են, քանի որ սննդի մեջ շատացել են սննդային հավելումները, որոնք այս դարում դարձել են ալերգիկ հիվանդությունների թվի մեծացման պատճառ:

- Բժշկուհի՛, ալերգիան կարո՞ղ է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն:

-Իհարկե: Եվ մենք առաջնահերթ պացիենտին հարցնում ենք ժառանգական նախատրամադրվածության մասին, քանի որ 50-60 տոկոսի դեպքում այն անպայման հայտնաբերվում է: Նախկինում մշտապես ժառանգական գործոնն է կարեւոր դերակատարում ունեցել. ամեն երկրորդ սերնդի մոտ անպայման հայտնաբերվում էին ալերգիկ երեւույթներ: Այնպես որ՝ արդի բժշկության մեջ  նաեւ այդ գործոնն ենք հաշվի առնում:

-Հնարավո՞ր է ալերգիան վերացնել ինքնաբուժմամբ:

-Ինքաբուժությամբ զբաղվելը, կարծես թե, բժշկությանը ամենավատ հարվածն է հասցնում, եւ կապ չունի, թե ինչ հիվանդութուն է: Պարզապես նախկինում ալերգիկ երեւույթներին վերաբերվում էին շատ թեթեւ ու միայն վատ վիճակում հայտնվելուց  հետո էին դիմում բժշկի, եւ բուժումը բարդանում էր: Մինչդեռ ժամանակին ճիշտ բուժում ստանալուց հետո կարող էր բացառվել խնդրի լրջության աստիճանը: Հանրությանը հորդորում եմ, որպեսզի ինքնաբուժությամբ չզբաղվեն, ժամանակին դիմեն համապատասխան բժշկի օգնությանը, եւ այդ դեպքում հիվանդությունն արագ կբուժվի, չի դառնա քրոնիկական: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ ներքին օրգանների խնդիրները կարող են հանգեցնել երկրորդային ալերգիայի:

- Ալերգիայի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան, կարո՞ղ ենք ասել, որ այն արմատապես բուժվում է, թե ամեն դեպքում իր հետքը թողնում է:

-Երբ ալերգիայի քրոնիկ դեպքում են դիմում բժշկի, ամեն ինչ շատ բարդ ընթացք է ստանում: Իսկ ժամանակին դիմելու եւ շուտափույթ համապատասխան բուժում ստանալու դեպքում կարող են հետագայում չբախվել այդ խնդրին: Կարեւոր նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, թե ինչ տեսակի ալերգիա է: Իհարկե, ինչպես բոլոր, այնպես էլ  ալերգիկ հիվանդություների պարագայում դրանք երբեմն լինում են քրոնիկական բնույթի, երբ արդեն պահանջվում է երկարատեւ բուժում, կանխարգելիչ աշխատանքներ, առաջին հերթին՝ ալերգենների վերացում (եթե, իհարկե, դա հնարավոր է): Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին վերջնական բուժման հասնելու հավանականությունը բավականին մեծ է. 70-80 տոկոս դեպքերում ստանում ենք բուժման ու լիարժեք վերականգնման բավականին հուսադրող եւ դրական արդյունքներ:

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք մեր ընթերցողներին:

-Երբ արդեն իր խնդրի հետ հաշտված պացիենտը տեղյակ է նաեւ, թե ինչից է այն ի հայտ գալիս, ու մեզ է դիմում, առաջնային հեռացվում են ալերգենները՝ լինեն դրանք սննդի մեջ թե օդում: Եթե օդային է, առաջարկում ենք մշտապես տունը մաքրել խոնավ շորով, օդափոխություն կատարել, եւ այդ ամենը մոտ 50 տոկոսով նվազեցնում է ալերգենների շփումը պացիենտների հետ, ինչի արդյունքում, կարելի է ասել, նվազում է հիվանդութան գլուխ բարձրացման տոկոսը: Բացի դեղորայքային բուժումը, իրականացվում են կանխարգելիչ աշխատանքներ դիմադրողականությունը՝ իմունիտետը բարձրացնելու ուղղությամբ, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է սննդակարգի ճիշտ ռեժիմի պահպանում: Բոլոր այն պացիենտները, որոնք կյանքում գոնե մեկ անգամ ունեցել են ալերգիկ բնույթի հիվանդություն, արդեն գիտեն՝ ինչից հրաժարվեն, բայց լավ կլինի, որ ինչ-որ ալերգիկ երեւույթի ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեն բժշկի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր