Մուշեղ Միրիջանյան

(0 votes)

Ինձ համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի առողջանալն է

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ (ընդհանուր), Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մուշեղ Միրիջանյանի հետ զրույցը ծավալվեց մասնագիտական  բնագավառի խնդիրների, հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների, բժշկի՝ գնահատված-չգնահատված լինելու շուրջ:

-Վերջին տարիներին ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ինֆարկտն է երիտասարդացել, ինսուլտը, չարորակ գոյացությունները, իսկ վիրաբուժության առումով վիճակագրություն չկա, թե որ հիվանդությունն է երիտասարդացել, որը՝ ոչ:

-Իսկ ճողվածքների դեպքում դեղամիջոցներով բուժում չկա՞:

-Եթե մեկը կասի, որ ճողվածքը բուժում են դեղորայքով, ուրեմն նրան դիպլոմից պետք է զրկել. նման բան ասողները ավանտյուրիստներ են, որոնք իրենց ունեցած դեղերը ուզում են վաճառել, սաղացնել հիվանդի վրա:

-Իսկ ֆիզիկական վարժություննե՞րը:

-Ոչ մի վարժություն էլ ճողվածքի դեպքում չի օգնի: Եթե առաջացել է ճողվածք, այն չի բուժվում այլ կերպ, քան վիրահատությունն է:

-Որովայնի ճողվածքն իրենից ի՞նչ է ներկայացնում:

-Ներքին օրգանները որովայնի խոռոչից բնական կամ ոչ բնական անցքերով դուրս են գալիս ենթամաշկ:

-Ի՞նչ կասեք դիմելիության մասին:

-Մեզ դիմողների թիվը վերջին շրջանում շատ նվազել էր, որի պատճառը, անկեղծորեն ասած, մեր ղեկավարության վարած սխալ քաղաքականությունն էր: Փառք Աստծո, դիմողների թիվը հիմա սկսել է նորից աճել: Կորոնավիրուսով պայմանավորված՝ մեր ղեկավարությունն ասում էր՝ պլանային հիվանդներին մի՛ ընդունեք, մի՛ պառկեցրեք, նախարարության հրամանն է: Բայց ես տղաներին ասում էի՝ եթե մարդն իրեն վատ է զգում, դիմել է, չի կարելի նրան չընդունել, որովհետեւ նա կգնա տուն, մի կերպ կդիմանա, իսկ որոշ ժամանակ անց արդեն շտապ բուժօգնության կարիք կզգա ու կդիմի մեկ այլ բուժհաստատություն: Դրանով իսկ մենք ոչ միայն պացիենտ կկորցնենք. մեզ մոտ հոսքը կպակասի, այլ նաեւ հիվանդի վիճակը կծանրանա: Ու պատահական չէր, որ կորոնավիրուսի պիկի ժամանակ շատացան ծանր հիվանդները: Էլի սխալներ եղան, որոնց մասին չեմ ուզում խոսել:

-Հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների մասին ի՞նչ կասեք:

-Չեմ կարող ասել, թե ով է մեղավոր, սակայն հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները գնալով ավելի են վատացել, միգուցե դրա պատճառը բժշկի մասնագիտության նկատմամբ տարվող պետական քաղաքականությո՞ւնն է: Ցավոք, մեզ մոտ շուկայական հարաբերությունը դարձել են «բազարային» հարաբերություններ որոշ բժիշկների ու հիվանդների միջեւ: Ես, օրինակ, ինձ շատ վատ եմ զգում, երբ հիվանդը գալիս է եւ հարցնում՝ բա էս ամենը ի՞նչ կնստի ինձ վրա: Դա նմանվում է նրան, որ գնաս շուկա, ավտոմեքենայի մաս առնես, վերջում էլ հարցնես՝ ախպերս, ի՞նչ պիտի մուծեմ կամ՝ ի՞նչ կնստի ինձ վրա:

-Բայց բոլո՞րն են այդպես:

-Համարյա բոլորը, համենայնդեպս, մեծամասնությունը: Գալիս է ինտելիգենտի տեսքով մեկը եւ սկսում բժշկի հետ առեւտուր անել: Իհարկե, ես թույլ չեմ տալիս, որովհետեւ դա հարիր չէ բժշկի մասնագիտությանը, հիվանդի հետ փոխհարաբերություններին: Ընդ որում, դարերից է գալիս, որ բժիշկը միշտ էլ անշահախնդիր օգնություն է ցուցաբերել առանց որեւէ մեծ ակնկալիքի: Դրա մասին են վկայում նաեւ իմ կարդացած հեղինակների, օրինակ, Չեխովի հերոսները: Բժիշկը վազելով գնում, ցուցաբերում է անհրաժեշտ օգնությունը, փրկում մարդու կյանքը, իսկ թե հիվանդը կամ նրա հարազատներն ինչպես երախտապարտ կլինեն, դա արդեն մնում է վերջիններիս հայեցողությանը: Կոնկրետ ինձ համար ամենամեծ շնորհակալությունն այն է, երբ հիվանդն առողջանում է եւ օրհնում՝ բժիշկ, կյանքիդ մեռնեմ, Աստված պահապան Ձեզ:

-Որպես բժիշկ Ձեզ իշխանության կողմից գնահատված համարո՞ւմ եք:

-Ոչ: Հիմա արժեքները շատ-շատ են փոխվել: Ես ինձ ավելի գնահատված համարում էի ԽՍՀՄ-ի օրոք բուհի նոր շրջանավարտ եղած ժամանակ, երբ աշխատանքի էի մեկնել Քաջարան: Հիմա կարծես մեկը ինչ-որ ուղեցույց է գրել, որով սկսում են մեթոդաբար վարկաբեկել բժիշկներին, ուսուցիչներին, մտավորականությանն ընդհանրապես:  

-Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդ կադրերի մասին: 

-Կան լավ երիտասարդներ, բայց կան նաեւ վատերը: Երբեմն տեսնում ես նպատակասլաց երիտասարդի, ուրախանում ես, մտածում՝ ինչ լավ հետեւորդ է գալու: Օրինակ, եղբորս տղան՝ Արամ Միրիջանյանը, խոստումնալից երիտասարդներից է, գնաց Գերմանիա, հետո վերադարձավ ինձ մոտ, շատ լավ վիրաբույժ է: Բայց կա նաեւ երիտասարդ, որը վիրաբույժ չի դառնա, եւ ուզում ես նրան  ասել՝ գնա, տղա ջան, այլ գործով զբաղվիր:

-Ձեր կադրերը վերապատրաստման գնո՞ւմ են:

-Եթե համեմատենք նախկին ժամանակների հետ, ապա վերապատրաստումները չափազանց քչացել են, անձամբ ինքս, օրինակ, չեմ հիշում, թե երբ եմ վերապատրաստվել վերջին անգամ: Դրա պատճառը նաեւ այն է, որ, բացի ամեն ինչից, ինքնաթիռով չեմ կարող ճամփորդել, ֆոբիա ունեմ. փակ տարածությունից մոտս կարող է հիստերիա առաջանալ: Դե, իսկ ավտոմեքենայով շատ հեռու չես գնա: Եղբորս տղան շատ էր գնում վերապատրաստումների, բայց, կարծես թե, նրա մոտ էլ հետաքրքրությունը կորել է: Վիրաբուժությունը զարգանում է, նորանոր մեթոդներ են ի հայտ գալիս, իսկ դրանք ուսումնասիրելու, սեփական աչքերով տեսնելու համար անհրաժեշտ է գնալ արտերկիր, բնակվել այնտեղ որոշ ժամանակ, բայց դա նաեւ գումարներ, ծախսեր է պահանջում: Այնպես որ՝ տղաները հիմնականում ինձ նայելով են սովորում: Իհարկե, դուրս, արտերկիր գնալուն խանգարեց նաեւ համավարակը, որը լճացման բերեց, իսկ դրա հետեւանքները հետո ենք մեր մաշկի վրա զգալու: 

-Բժշկի մասնագիտության մեջ, բացի պրոֆեսիոնալիզմը, ի՞նչն եք գնահատում մարդկային հատկանիշներից:

-Բարությունը, նվիրվածությունը:

-Որո՞նք են Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերը:

-Թող հակասական չթվա, բայց բնավորությանս ուժեղ կողմը անչափ համբերատար լինելն է, թույլ կողմը՝ շուտ բռնկվելը: Կարող եմ շատ, շատ համբերել, բայց կարող եմ նաեւ այնպես բռնկվել, այնպես, որ չիմանամ՝ ինչ եմ անում... Նվիրված եմ աշխատանքիս, կոլեկտիվիս, որի սխալ արած անդամին կարող եմ կոպտել, շատ ծանր վիրավորել, բայց 10-15 րոպե հետո կարող է զայրույթս անցնել, ու եթե պետք լինի իրեն օգնել, փրկել որեւէ հարցով, օգնում եմ:

-Ձեր ընտանիքում բժիշկներ եղե՞լ են:

-Տղաներս բժշկական կրթություն ունեն, սակայն այս պահին այդ մասնագիտությամբ չեն զբաղվում:

-Իսկ Ձեր կի՞նը:

-Կինս մանկավարժ է, քիմիայի մասնագետ: Ընդհանրապես, իմ կարծիքով, բժիշկը բժշկի հետ չի ամուսնանա:

-Բայց հիմա երիտասարդները նման ամուսնությունը մոդայիկ են համարում:

-Ամուսնանում, հետո փոշմանում են, զգում, որ սխալ են գործել (ծիծաղում է-խմբ.):

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք հասարակությանը:

-Ազգին հաջողություն, առողջություն եմ մաղթում ու մեկ էլ՝ համբերություն, որ դիմանան պատերազմով ու համավարակով պայմանավորված այս դժվարություններին:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր