ԱՐԳԻՇՏԻ ԱՐՈՅԱՆ

(0 votes)

Այսօր ունենք անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ

Վերջին տարիներին անոթային հիվանդությունների թիվը գնալով ավելացել է, եւ սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգի համար: Մեր բժիշկների ջանքերի շնորհիվ անոթային վիրաբուժությունը, որը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է, Հայաստանում զարգացում է ապրել, մոտեցել միջազգային մակարդակի:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար ԱՐԳԻՇՏԻ ԱՐՈՅԱՆՆ է, ով ունի ոչ միայն մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլեւ արժանի է իսկական բժիշկ կոչվելուն ու բազմաթիվ մարդկային կյանքեր է փրկել: Առողջապահության համակարգում անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար նա միշտ գնահատվել է եւ գնահատվելու է հանրության կողմից, բայց նրա համար պարգեւներից լավագույնը ապաքինված, երջանկացած հիվանդի շնորհակալությունն է:  

-Պարո՛ն Արոյան, 44-օրյա պատերազմի ընթացքում ինչի՞ ականատես եղաք:

-Այդ դաժան իրականության մեջ իրականում բավականին մեծ սեր կար, քանի որ մեզ շրջապատող ամեն ոք իր տեսակով յուրօրինակ էր: Անկեղծ կլինեմ՝ ասելով, որ շրջապատված էինք լավագույն մարդկանցով, ում նկարագրելու համար բառերը չեն բավականացնի: Այդ օրերին վիրավորներին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին անբացատրելի համախմբվածությունն ու ներքին ուժն էր պատել: Ես պատերազմի 9-րդ օրվանից այնտեղ էի, նախապես 5 օր էլ եղել էինք Արցախում՝ այլ մեկուսացված վայրում: Պետք է արձանագրենք, որ մեր ազգը ենթարկվել է ցեղասպանության, ու, նույնիսկ, եթե պարտություն ենք կրել, մեծ դասեր ենք քաղել դրանից ու հասկացել, թե ինչպես պետք է հաղթանակը պահպանել: Մենք պետք է հպարտանանք մեր զինվորների գործած սխրանքներով: Այս պատերազմը ցույց տվեց, որ թերացել ենք  կազմակերպվածության առումով, բայց ես նաեւ վստահ եմ, որ մեր ուժերը շատ արագ վերականգնելու ենք ռեւանշի գնալու, կորցրածը ետ բերելու ակնկալիքով:  

-Բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ եւ ռիսկային քայլ է: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին: 

-Այս հարցում նշանակություն է ունեցել նաեւ ծնողներիս ցանկությունը: Հայրիկս ինձ հորդորում էր ընտրել հեպատոլոգի, մայրիկս` գինեկոլոգի մասնագիտությունը, երկուսին էլ առանձին ասել եմ, որ իրենց ցանկությամբ կլինի, բայց ես հակված եմ ընտրելու թոքային կամ անոթային վիրաբուժությունը: Եվ, ի վերջո, ընտրեցի վերջինը:  

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ մասնագիտացման ճանապարհին ես բավականին ուսուցիչներ եմ ունեցել, որոնց փոխանցածն ինձ ահռելի մեծ է ու նվիրական: Ամեն շրջան ունեցել է իր ուսուցիչը, ով իմ կյանքում շրջադարձային դերակատարում է ունեցել: Առաջին ուսուցիչս եղել է Արա Ֆիլիպի Ավետիսյանը, ում հետ մինչ օրս լավ հարաբերություններ ունեմ, իսկ երկրորդը, ով ինձ մեծ փորձ է փոխանցել, ավստրալահայ բժիշկ Րաֆֆի Կասաբյանն է: Թող տարօրինակ չհնչի, եթե ասեմ, որ պատերազմի ընթացքում թոքային վիրաբույժներ Շահեն Դանիելյանից, Արմեն Խանոյանից,  վնասվածքաբաններ Նորիկ Զախարյանից, Ատոմ Տեր-Գրիգորյանից ահռելի հմտություններ եւ ներուժ, փորձ ձեռք բերեցի, որը, երեւի թե, ինձ բավական կլինի իմ ամբողջ հետագա մասնագիտական գործունեության ընթացքում, եւ, թող մեծամիտ չհնչի, ինձ թույլ կտա տարբերվել մնացած մասնագետներից:

-Կվերհիշե՞ք ձեր առաջին պացինետին եւ առաջին վիրահատությունը:

-Անկեղծորեն նշեմ, որ շատ մտահոգված էի այդ վիրահատության ելքով, քանի որ դա մեծ պատասխանատվություն է, որն առաջին անգամ էի վերցրել ուսերիս: Ավելի շատ մտածում էի, թե հայրիկիս ինչ եմ ասելու, քանի որ նա դեմ էր իմ՝ անոթային վիրաբույժ դառնալուն: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ես հիվանդին բավականին վառ եմ հիշում, ու մինչ օրս մենք շատ լավ հարաբերություններ ունենք:

-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմել մեր առողջապահական համակարգի ապագայի մասին:

-Ուրախությամբ նշեմ, որ այսօր բավականին լավ երիտասարդ կադրեր ունենք, ովքեր հիմնականում  արեւմտյան սկզբունքներ են դավանում, որոնք հիմնված են հետազոտությունների, վիճակագրական տվյալների վրա, եւ շատ կարեւորվում է ճիշտ սպասարկումը:

-Ձեր երեխաներին կուղորդե՞ք Ձեր ուղիով:

-Երբ վիրահատարանում ծանր պահեր են լինում, բուժքույրերը լավ գիտեն, որ ես կատակով ասում եմ. «Հայրիկս ինձ, երեւի թե, շատ չէր սիրում, որ ուղղորդեց դեպի բժշկությունը»: Բայց արդյունքում, երբ արդեն վայելում ես քո հաջողությունների եւ փառքի բաժինը, քեզ այլ զգացում է պատում: Իրականում իմ ընտանիքի անդամներն են շատ տուժում, քանի որ գրաֆիկս բավականին ծանրաբեռնված է, եւ երեխաներիս հետ շատ քիչ եմ շփվում: Բայց, փառք Աստծո, շատ ուրախ եմ, որ կողքիս ունեմ գիտակից կին, լավ ընկեր, ով հոգեբան է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, լավ գիտի իմ աշխատանքի ուժը ու երեխաների հետ միշտ հպարտանում է իմ հաջողություններով: Ընդհանրապես կարեւոր չէ, թե ինչ մասնագիտություն ես ընտրել, կարեւորը մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ լինելը, այն շատ սիրելն է:

-Անոթային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Իմ կարծիքով, ուրբանիզացիայի հետեւանքով վարիկոզ հիվանդությունը ավելի շատ է հանդիպում մեր պրակտիկայում: Բանն այն է, որ այսօր շատ են նստակյաց, քիչ շարժունակություն պարունակող աշխատանքները, որոնք գտնվում են ռիսկի խմբում, դրան գումարվում են ծանր քաշը, կյանքի միջին տեւողության երկարելը, որոնց արդյունքում ի հայտ են գալիս զարկերակային հիվանդություններ: Եթե նախկինում գլխի կաթվածի կամ սրտի ինֆարկտի պատճառով մահացության թիվը բարձր էր, ապա այսօր արդի բժշկությունը թույլ է տալիս կրճատել մահացության թիվը, եւ երկարակեցության արդյունքում պերիֆերիկ զարկերակները սկսում են ախտահարվել:

-Ելնելով Ձեր մասնագիտական փորձից՝ կարո՞ղ եք ասել, որ Հայաստանում ձեւավորվել է բժշկին դիմելու մշակույթ:

-Ես մինչ օրս այդ առումով որեւէ խնդիր չեմ ունեցել. կոնկրետ ինձ դիմելու մշակույթը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Միգուցե դա իմ նվիրվածության հաշվի՞ն է ձեւավորվել: Ես կարող եմ նաեւ համեմատական անցկացնել Եվրոպայից ժամանած եւ հայաստանյան հիվանդների միջեւ ու հպարտությամբ նշել, որ ես իմ հայաստանցիներին շատ եմ սիրում. նրանց մոտեցումը այլ է, նրանք մեծ հարգանք են տածում իրենց բժշկի նկատմամբ, նրանց կորցնելու, այսպես ասած, վախ ունեն:

-Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք ազգաբնակչությանը անոթային հիվանդությունների կանխարգելման, իսկ առկայության դեպքում՝ բուժման ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցում:

- Նախկինում իրավիճակը միանգամայն այլ էր. չկար համակարգված հայեցակարգ, իսկ տիրող պահպանողականությունը զգալի խոչընդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին: Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ: Ցուցաբերվում է որոշակի (հնարավորության սահմաններում) պետական աջակցություն թե՛ սոցիալական որոշ խմբերին պատկանող հիվանդներին, թե՛ վերջիններիս մասնագիտական օգնություն ցուցաբերող բուժհիմնարկներին: Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում: Դրա մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական հիվանդությունների հանդեպ: Իհարկե, առողջապահական համակարգում առաջնահերթությունը հիվանդությունների կանխարգելումն է, սակայն ախտահարման վաղ շրջանում առողջական բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ բուժական ճիշտ քայլերի շնորհիվ:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը առողջ լինելու համար:

-Որպես վերջաբան կոչ եմ անում մեր հայրենակիցներին. «Սիրելինե՛րս, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոնները, պահպանե՛ք ձեզ տրված թանկագին պարգեւը՝ կյանքը»:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր